Սեղմել Esc փակելու համար:
«ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

26 մայիսի 2026 թվականի N 42-Ն

 

«ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 50-Ն ՀՐԱՄԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Վնասվածքների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 26-ի ««Սպորտային վնասվածքների հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-001-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 37-Ն հրամանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի ««Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-003-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 65-Ն հրամանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 7-ի ««Մանկական վնասվածքների համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-033-2017 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» N 50-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:

 

    Պարտականությունները կատարող`           Լ. Նանուշյան

 

26.05.2026

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թվականի մայիս 26-ի

N 42-Ն հրամանի

 

«ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Վնասվածքների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (այսուհետ` բժշկական կազմակերպություն)` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, ինչպես նաև համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզություն) մասնակցող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց (պացիենտ) համար:

2. Նորմատիվը սահմանում է վնասվածքների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը, հաշվառմանը և հաղորդմանը, համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզություն) ներկայացվող պահանջները:

 

ԳԼՈՒԽ 2. ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Վնասվածքը մարդու օրգանիզմին արտաքին գործոնների ազդեցության հետևանքով առաջացած անատոմիական ամբողջականության խախտում կամ օրգանների և հյուսվածքների ֆունկցիայի վնասումն է, որն ուղեկցվում է առողջական վիճակի փոփոխությամբ կամ մահվան ելքով:

4. Բնակչության շրջանում վնասվածքի դեպքերը հայտնաբերվում են բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից, ներառյալ` բժշկական կազմակերպությունից դուրս բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելիս (շտապօգնության կանչի վայրում, ներառյալ` մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ` տրանսպորտում)` համաձայն Նորմատիվի Աղյուսակ 1-ում սահմանված վնասվածքների և դրանց ստացման հետևյալ պայմանների.

1) սպորտային վնասվածք` ցանկացած մարմնական վնասվածք, որն առաջացել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված սպորտային գործունեության ընթացքում կամ դրա անմիջական հետևանքով.

2) աշխատանքային վնասվածք` ցանկացած մարմնական վնասվածք, որն առաջացել է աշխատանքի վայրում կամ աշխատանքային գործառույթները կատարելիս այլ վայրում` աշխատանքային ժամերի ընթացքում, արտաքին պատճառների ազդեցության հետևանքով.

3) ճանապարհատրանսպորտային վնասվածք` ցանկացած մարմնական վնասվածք, որն առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով.

4) կենցաղային վնասվածք` ցանկացած մարմնական վնասվածք, որն առաջացել է տանը կամ դրա անմիջական շրջակայքում` ոչ աշխատանքային, ոչ ճանապարհատրանսպորտային և ոչ սպորտային գործունեության ընթացքում.

5) այլ վնասվածք` սույն կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված վնասվածքներից բացի, ցանկացած այլ մարմնական վնասվածք:

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|Հիվանդության կոդ` ըստ ՀՀ       |            Վնասվածքներ              |

|էկոնոմիկայի նախարարի 2013      |                                     |

|թվականի սեպտեմբերի 19-ի        |                                     |

|N 871-Ն հրամանով հաստատված     |                                     |

|հիվանդությունների և            |                                     |

|առողջության հետ կապված         |                                     |

|խնդիրների վիճակագրական         |                                     |

|դասակարգչի                     |                                     |

|_______________________________|_____________________________________|

|1. S00-S09                     |Գլխի վնասվածքներ                     |

|_______________________________|_____________________________________|

|2. S10-S19                     |Պարանոցի վնասվածքներ                 |

|_______________________________|_____________________________________|

|3. S20-S29                     |Կրծքավանդակի վնասվածքներ             |

|_______________________________|_____________________________________|

|4. S30-S39                     |Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի|

|                               |գոտկային հատվածի և  կոնքի վնասվածքներ|

|_______________________________|_____________________________________|

|5. S40-S49                     |Ուսագոտու և  բազկի վնասվածքներ       |

|_______________________________|_____________________________________|

|6. S50-S59                     |Արմունկի և  նախաբազկի վնասվածքներ    |

|_______________________________|_____________________________________|

|7. S60-S69                     |Դաստակի և  նախադաստակի վնասվածքներ   |

|_______________________________|_____________________________________|

|8. S70-S79                     |Կոնքազդրային հոդի և  ազդրի           |

|                               |վնասվածքներ                          |

|_______________________________|_____________________________________|

|9. S80-S89                     |Ծնկի և  սրունքի վնասվածքներ          |

|_______________________________|_____________________________________|

|10. S90-S99                    |Սրունք-թաթային հոդի և  ոտնաթաթի      |

|                               |վնասվածքներ                          |

|_______________________________|_____________________________________|

|11. T00-T07                    |Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների   |

|                               |վնասվածքներ                          |

|_______________________________|_____________________________________|

|12. T08-T14                    |Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ    |

|                               |մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ    |

|_______________________________|_____________________________________|

|13. T15-T19                    |Բնական անցքերով օտար մարմնի          |

|                               |ներթափանցման հետևանքներ              |

|_______________________________|_____________________________________|

|14. T20-T32                    |Ջերմային և  քիմիական այրվածքներ      |

|_______________________________|_____________________________________|

|15. T33-T35                    |Ցրտահարություն                       |

|_______________________________|_____________________________________|

|16. T66-T78                    |Արտաքին պատճառների ազդեցության այլ և |

|                               |չճշտված հետևանքներ                   |

|_______________________________|_____________________________________|

|17. T79-T79                    |Վնասվածքի որոշ վաղ բարդություններ    |

|_______________________________|_____________________________________|

|18. T80-T88                    |Վիրաբուժական և  թերապևտիկ  միջամտու- |

|                               |թյունների բարդություններ` այլ դասե-  |

|                               |րում չդասակարգված                    |

|_______________________________|_____________________________________|

|19. T90-T98 (բացառությամբ`     |Վնասվածքների, թունավորումների        |

|T96, T97)                      |և  արտաքին այլ պատճառների ազդեցության|

|                               |հետևանքներ                           |

|_______________________________|_____________________________________|

|20. V01-V99                    |Տրանսպորտային դժբախտ պատահարներ      |

|_______________________________|_____________________________________|

|21. W00-X59 (բացառությամբ`     |Վնասվածքների այլ արտաքին             |

|X20-X29, X40-X49, X53, X54,    |պատճառներ` դժբախտ պատահարների ժամանակ|

|X57)                           |                                     |

._____________________________________________________________________.

 

5. Բժշկական կազմակերպությունները վնասվածքների դեպքերի հաշվառումն ու հաղորդումն իրականացնում են համաձայն Նորմատիվի:

6. Բժշկական կազմակերպությունները վնասվածքների դեպքերի մասին տեղեկատվությունը մուտքագրում են էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ:

7. Մարզերում գործող բժշկական կազմակերպությունները վնասվածքների դեպքերի մասին 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Պետական կազմակերպություն) համապատասխան մարզային մասնաճյուղի, իսկ Երևան քաղաքի վարչական տարածքում գործող բժշկական կազմակերպությունները` Պետական կազմակերպության Զանգերի կենտրոնի` Նորմատիվի Ձև 2-ում նշված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներին` համաձայն Նորմատիվի Ձև 1-ի տվյալները պարունակող էքսել (Excel) ձևաչափի:

8. Բժշկական կազմակերպությունների կողմից վնասվածքների դեպքերը հաշվառվում են հաշվառման մատյանում, որը պետք է ներառի Նորմատիվի Ձև 1-ով հաստատված` վնասվածքների մասին ընթացիկ հաղորդման քարտում ընդգրկված բոլոր տվյալները:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) կողմից, այդ թվում` Պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է վնասվածքների դեպքերի համաճարակաբանական դիտարկում:

10. Համաճարակաբանական դիտարկման արդյունքում հավաքագրված տվյալների հիման վրա Լիազոր մարմնի կողմից, այդ թվում` Պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է`

1) վնասվածքների դեպքերի վերլուծություն` կիսամյակային և տարեկան կտրվածքով, ինչպես նաև ըստ անհրաժեշտության` ելնելով դեպքերի բարձր ռիսկից, որը կարող է վտանգ ներկայացնել հանրային առողջապահության համար,

2) համաճարակային իրավիճակի գնահատում` վնասվածքների նախորդ նույն ժամանակահատվածի համաճարակաբանական ցուցանիշների համեմատության միջոցով,

3) վնասվածքների դեպքերի կանխատեսում` ելնելով առկա համաճարակային իրավիճակից, պատճառների սեզոնայնությունից և այլ առանձնահատկություններից:

11. Ելնելով առկա իրավիճակից, պատճառների սեզոնայնությունից, ցուցանիշներից և վնասվածքների այլ առանձնահատկություններից` Պետական կազմակերպության համապատասխան մասնագետը բնակչության շրջանում հանրային առողջապահական գիտելիքներ ապահովելու համար իրականացնում է հանրային իրազեկում, հանրային առողջապահական գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նաև հանրային առողջապահական գիտելիքների ուսուցում: Իրազեկման աշխատանքները կարող են իրականացվել թիրախային խմբերի համար, մասնավորապես` աշխատավայրերում կամ ուսումնական հաստատություններում դասընթացների և սեմինարների ձևով, տեղեկատվական նյութերի (բուկլետներ, պաստառներ, ուղեցույցներ), սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվամիջոցների, տեսանյութերի և ինֆոգրաֆիկաների, հանրային քննարկումների կամ համայնքներում հանդիպումների ձևով: Քարոզչությունն ընդգրկում է վնասվածքների առաջացման պատճառների, նպաստող պայմանների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ իրազեկում:

 

ԳԼՈՒԽ 3. ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

12. Մինչև 18 տարեկան անձանց շրջանում Նորմատիվի Աղյուսակ 1-ում ներառված վնասվածքների դեպքերի արձանագրման ժամանակ Լիազոր մարմնի կողմից, այդ թվում` Պետական կազմակերպության միջոցով դեպքի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) իրականացվում է անկախ վնասվածքների ստացման պայմաններից:

13. 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում Նորմատիվի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմաններում արձանագրված վնասվածքների դեպքերի դեպքում Լիազոր մարմնի կողմից, այդ թվում` պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է դեպքի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն):

14. Համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, բժշկական փաստաթղթերը տրամադրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց (պացիենտ) կողմից, որն ուղղված է բացահայտելու վնասվածքի առաջացման գործոնները, պայմանները, շրջակա միջավայրի ազդեցությունները, սոցիալական բնորոշիչները (դետերմինանտները), ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը և ներկայացմանը:

15. Լիազոր մարմինը, այդ թվում` Պետական կազմակերպության միջոցով, Նորմատիվի Ձև 1-ի 13-րդ կետով ընտրված աշխատանքային վնասվածքների դեպքերի վերաբերյալ հաղորդումը ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով (Մալբրի համակարգի միջոցով) տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին` ներկայացնելով հետևյալ տվյալները. տնտեսվարող սուբյեկտի անվանումը, արձանագրված վնասվածքների դեպքերի քանակը, ախտորոշումը, ինչպես նաև հաղորդումն ուղարկած բժշկական կազմակերպության անվանումը:

 

Ձև 1

 

ՔԱՐՏ

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԸՆԹԱՑԻԿ ՀԱՂՈՐԴՄԱՆ

 

1. ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

1. Ընթացիկ հաղորդման ամսաթիվ (օր/ամիս/տարեթիվ). ________________

2. Ընթացիկ հաղորդում ուղարկող բժշկական կազմակերպության անվանում.

_______________________________________________________________________

3. Ընթացիկ հաղորդում ուղարկող բուժաշխատողի տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսի համար).________________________________________

4. Պացիենտի տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսի համար).

______________________________________________________________________

5. Տարիք (լրացած տարիների թիվ)______

6. Սեռ (ընտրել).

[] Արական [] Իգական

7. ՀԾՀ__________________________________________________

8. Հաշվառման և փաստացի բնակության վայր (մարզ, գյուղ/քաղաք, հասցե).

______________________________________________________________________

9. Ախտորոշում. __________________________________________

10. ՀՄԴ-10 կոդ. _________

 

2. ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

11. Դեպքի օր/ամիս/տարեթիվ._______________________

12. Դեպքի վայր (մարզ, գյուղ/քաղաք, հասցե).

______________________________________________________________________

13. Վնասվածքի տիպ (ընտրել).

[] Սպորտային [] Աշխատանքային [] Ճանապարհատրանսպորտային [] Կենցաղային [] Այլ (նշել) _____________________________________

 

3. ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԼՔ

 

14. Այցի (բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման) տեսակ (ընտրել).

[] Առաջնային բժշկական օգնություն և սպասարկման կազմակերպում [] Մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկման կազմակերպում [] Շտապ և անհետաձգելի օգնություն

15. Դեպքի ելք (ընտրել).

[] Լավացում [] Վատթարացում [] Անփոփոխ [] Տեղափոխվել է այլ բժշկական կազմակերպություն [] Մահ [] Այլ______(Նշել)

 

Ձև 2

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|N  |Մասնաճյուղ                      |Էլեկտրոնային հասցե              |

|___|________________________________|________________________________|

|1. |«Արագածոտն»                     |[email protected]              |

|___|________________________________|________________________________|

|2. |«Արարատ»                        |[email protected]                  |

|___|________________________________|________________________________|

|3. |«Արմավիր»                       |[email protected]                 |

|___|________________________________|________________________________|

|4. |«Գեղարքունիք»                   |[email protected]             |

|___|________________________________|________________________________|

|5. |«Լոռի»                          |[email protected]                    |

|___|________________________________|________________________________|

|6. |«Կոտայք»                        |[email protected]                  |

|___|________________________________|________________________________|

|7. |«Շիրակ»                         |[email protected]                  |

|___|________________________________|________________________________|

|8. |«Սյունիք»                       |[email protected]                  |

|___|________________________________|________________________________|

|9. |«Վայոց Ձոր»                     |[email protected]              |

|___|________________________________|________________________________|

|10.|«Տավուշ»                        |[email protected]                  |

|___|________________________________|________________________________|

|11.|«Զանգերի կենտրոն» (Երևան)       |[email protected]            |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.05.2026
N 42-Ն
Հրաման