i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 1996 թ. թիվ 107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր գիտության և առաջատար տեխնոլոգիաների խորհրդի կանոնադրությունն ու կազմը (կցվում են):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
մարտի 5-ի թիվ 107 որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր գիտության և առաջատար տեխնոլոգիաների խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) գիտավերլուծական, խորհրդատվական մարմին է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև հանրապետությունում գիտական գործունեության բարելավման մի շարք միջոցառումների մասին» թիվ 120 որոշմամբ:
2. Խորհրդի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. Խորհրդի խնդիրներն ու իրավունքները
3. Խորհրդի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում պետական քաղաքականության մշակումը.
բ) գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ու մշակումների պետական ծրագրերի քննարկումը, դրանց ֆինանսավորման ծավալների և ձևերի մասին առաջարկությունների մշակումը:
4. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան խորհուրդը`
ա) գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ու մշակումների նախագծերի գիտական փորձաքննության արդյունքների հիման վրա որոշում է պետական բյուջեից սահմանված կարգով դրանց ֆինանսավորման հարցը.
բ) հաստատում է մասնագիտական փորձագիտական խորհուրդների ցանկը, կազմը և աշխատակարգը, վերահսկում դրանց աշխատանքը.
գ) հաստատում է գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ու մշակումների նախագծերի և դրանց իրագործման մասին հաշվետվությունների գնահատման չափանիշները.
դ) առանձին դեպքերում համապատասխան կազմակերպություններից պահանջում է լրացուցիչ նյութեր մասնագիտական փորձագիտական խորհուրդների կողմից քննարկված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ու մշակումների նախագծերի վերաբերյալ, ներգրավում դրանց փորձաքննության համար մասնագիտկական փորձագիտական խորհուրդներում չընդգրկված համապատասխան մասնագետներին.
ե) քննարկում է հանրապետությունում գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում իրականացվող հետազոտությունների վիճակի ու գիտական ներուժի արդյունավետ օգտագործման մասին վերլուծությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ քննարկում է գիտության և առաջատար տեխնոլոգիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված համապատասխան փաստաթղթերը, այդ թվում` առաջարկություններ գիտական հիմնարկների ստեղծման, վերակազմավորման, լուծարման և ենթակայության փոփոխման վերաբերյալ:
III. Խորհրդի կազմն ու աշխատանքի կազմակերպումը
5. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որը հաստատում է խորհրդի կազմը:
Խորհրդի կազմի մեջ է մտնում խորհրդի քարտուղարը:
6. Խորհրդի կազմի մեջ ընդգրկվում են հանրապետության գիտության և տեխնիկայի առաջատար մասնագետներ:
Խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են Հայաստանի Հանրապետության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` «Մատենադարանի» տնօրենը, Երևանի պետական համալսարանի ռեկտորը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը, գիտության և ՌԱՀ-ի գծով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները:
7. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ:
Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են խորհրդի անդամների 2/3-ը:
Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Խորհրդի նիստերի արձանագրություններն ստորագրում է տվյալ նիստի նախագահողը:
8. խորհրդի նիստերին կարող են հրավիրվել պետական կառավարման մարմինների, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական և ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ:
9. Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի ընթացիկ գործունեությունը համակարգում են խորհրդի նախագահի տեղակալը և խորհրդի քարտուղարը:
10. Խորհրդի անդամը պարտավոր է`
ա) մասնակցել խորհրդի նիստերին և քվեարկություններին.
բ) իր մասնագիտության շրջանակներում քննարկվող հարցերի վերաբերյալ տալ բանավոր կամ գրավոր եզրակացություն:
IY. Խորհրդի գործունեության դադարումը
11. Խորհրդի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
մարտի 5-ի թիվ 107 որոշմամբ
Կ Ա Զ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Բագրատյան - ՀՀ վարչապետ (նախագահ)
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ա. Ավետիսյան - քիմիական գիտությունների դոկտոր
Վ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Արևշատյան - Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի`
«Մատենադարանի» տնօրեն
Վ. Բարխուդարյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Վ. Գնունի - ՀՀ կրթության և գիտության նախարար
է. Գևորգյան - կենսաբանական գիտությունների դոկտոր
Հ. Գուլքանյան - ֆիզմաթ. գիտությունների թեկնածու
Գ. Դեմիրճյան - ՀՀ արդյունաբերության նախարարության
գիտատեխնիկական խորհրդի նախագահ
Ն. Դոբրովոլսկի - ֆիզմաթ. գիտությունների թեկնածու
Ա. Խաչունց - բժշկական գիտությունների թեկնածու
Ս. Համբարձումյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Վ. Հարությունյան - ֆիզմաթ. գիտությունների դոկտոր
Ա. Ղազարյան - ֆիզմաթ. գիտությունների թեկնածու
Վ. Ղազարյան - արվեստագիտության դոկտոր
Ռ. Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Ռ. Մկրտչյան - ֆիզմաթ. գիտությունների դոկտոր
Բ. Նահապետյան - ֆիզմաթ. գիտությունների դոկտոր
Ռ. Պապայան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության,
մշակույթի և երիտասարդության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
Գ. Պողոսյան - փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Գ. Ջահուկյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ռ. Ջրբաշյան - երկրաբանական գիտությունների դոկտոր
Յու. Սարգսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական
համալսարանի պրեզիդենտ
Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ
Յու. Սաֆարյան - ճարտարապետական գիտությունների դոկտոր
Դ. Սեդրակյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Գ. Սնապյան - գյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Ռ. Ստամբոլցյան - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Ա. Վարդանյան - տեխնիկական գիտությունների դոկտոր
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության քարտուղարության
սոցիալական քաղաքականության վարչության
պետի տեղակալ (քարտուղար)