ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Քաղաքացիական գործ
պալատի որոշում թիվ ԵԴ2/37822/02/23
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/37822/02/23 2026 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Գ. Հակոբյան
զեկուցող` Ա. Մկրտչյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2026 թվականի մարտի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԽԱՉ-ԱՐՄ» և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (այսուհետ` Ընկերություններ) հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2024 թվականի որոշման դեմ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 26.10.2023 թվականի` իրենց գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին թիվ 3502-Ա որոշումը (այսուհետ` Որոշում):
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.12.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.12.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 14.11.2025 թվականի որոշմամբ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ընկերությունների բերած բողոքը բավարարվել է` նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու թիվ ԵԴ2/37822/02/23 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշման դեմ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերությունները (ներկայացուցիչ Արև Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, 10-րդ, 305-րդ, 326-րդ և 352-րդ հոդվածները, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Որոշումը սահմանված ժամկետում իրենց չի տրամադրվել և տեղեկագրում չի հրապարակվել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հրավերով սահմանված պայմանի` ժամկետի խախտումը մասնակցին գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու գործընթացի շրջանակներում ինքնին համարվում է էական, որն էլ իր հերթին բավարար հիմք է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վիճարկվող որոշումը պատճառաբանված չէ: Որոշման մեջ նշվել է, որ իրենք խախտել են պարտավորությունը, սակայն պարտավորության խախտված լինելու փաստը գործի քննության ընթացքում չի ապացուցվել:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն քաղաքացիական գործը փոխկապակցված է թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործի հետ, որը դեռևս գտնվում է քննության փուլում, սույն քաղաքացիական գործի վարույթը չի կասեցրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանի 25.12.2023 թվականի վճռով մերժվել է Ընկերությունների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 178-191).
2) Վերաքննիչ դատարանը 24.06.2024 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի 25.12.2023 թվականի վճռի դեմ Ընկերությունների բերած վերաքննիչ բողոքը և Դատարանի 25.12.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 49-57).
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 36-41).
4) Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով, 26.10.2023 թվականի Որոշմամբ Ընկերություններին ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում` հիմք ընդունելով այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին օրենսդրությամբ, ինչպես նաև պայմանագրի 3.1.4 կետի «դ» ենթակետի պահանջով, միակողմանի լուծել է կնքված պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 42, 43).
5) 09.11.2022 թվականի թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 «Կապալային աշխատանքների կատարման» գնման պայմանագրի 3.1.4 կետի «դ» ենթակետի համաձայն` պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցել իրեն պատճառված վնասները, եթե կապալառուի կողմից խախտվել են պայմանագրի 3.1.3 կետով նախատեսված հիմքերով աշխատանքի թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետները (հատոր 1-ին, գ.թ. 33-39).
6) թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի 18.10.2023 թվականի որոշմամբ պայմանագիրը միակողմանի լուծվել է (հատոր 1-ին գ.թ. 113-115).
7) թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.08.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.12.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումը ճանաչվել է անվավեր: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.12.2024 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից).
8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 14.11.2025 թվականի որոշմամբ դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Ընկերությունների բողոքը բավարարվել է` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայվել է, ու թիվ ԵԴ2/37822/02/23 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշման դեմ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 10-րդ, 305-րդ, 326-րդ ու 352-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` արդյո՞ք պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումն անվավեր ճանաչելը հանգեցնում է անձին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշումն անվավեր ճանաչելուն:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը:
09.11.2022 թվականի թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 «Կապալային աշխատանքների կատարման» գնման պայմանագրի 3.1.4 կետի «դ» ենթակետի համաձայն` պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե կապալառուի կողմից խախտվել են պայմանագրի 3.1.3 կետով նախատեսված հիմքերով աշխատանքի թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետները:
Վերը նշված իրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ եթե կողմը խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանն ու հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը, ապա` վերջինս ներառվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Միևնույն ժամանակ, ի թիվս օրենքով նախատեսված այլ դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Ընդ որում, ի թիվս այլնի, մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված որոշումներն ուղղակիորեն փոխկապակցված են, և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշման վավերության հարցը, ըստ էության, ածանցյալ է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշման վավերության հարցից, եթե առկա չեն այլ հիմքեր:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի 18.10.2023 թվականի որոշմամբ պայմանագիրը միակողմանի լուծվել է:
Երևանի քաղաքապետի 26.10.2023 թվականի Որոշմամբ Ընկերությունները ներառվել են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի և նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, հիմք ընդունելով թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի 18.10.2023 թվականի պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումը:
Թիվ ԵԴ2/36483/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.08.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.12.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումը ճանաչվել է անվավեր:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումն անվավեր ճանաչելու հանգամանքն անմիջականորեն հանգեցնում է Որոշման անվավերությանը, նկատի ունենալով, որ Որոշումն ընդունվել է հիմք ընդունելով միայն պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումը (տե՛ս փաստ 4):
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9.4-րդ կետի բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` բազային տուրքի 50-ապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժե» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով` պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` բողոքներով բազային տուրքի 75-ապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ժդ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով` պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` բողոքներով բազային տուրքի 75-ապատիկի չափով:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշումը բեկանվում և փոփոխվում է` հայցը բավարարվում է` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները, գտնում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև ենթակա են բաշխման հետևյալ կերպ`
- հայցադիմումի համար Ընկերությունների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 50.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է բռնագանձման Երևանի քաղաքապետարանից հօգուտ Ընկերությունների.
- Ընկերությունները ներկայացրել են վերաքննիչ բողոք Դատարանի 25.12.2023 թվականի վճռի դեմ` վճարելով 75.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, հետևաբար վերաքննիչ բողոքի համար Ընկերությունների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 75.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է բռնագանձման Երևանի քաղաքապետարանից հօգուտ Ընկերությունների.
- սույն վճռաբեկ բողոքի համար Ընկերությունների կողմից նախապես վճարվել է 75.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որը նույնպես ենթակա է բռնագանձման Երևանի քաղաքապետարանից հօգուտ Ընկերությունների: Այսպիսով Երևանի քաղաքապետարանից հօգուտ Ընկերությունների ենթակա է բռնագանձման ընդհանուր 200 000 ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2024 թվականի որոշումը և փոփոխել այն` «ԽԱՉ-ԱՐՄ» և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել` Երևանի քաղաքապետի 26.10.2023 թվականի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին» թիվ 3502-Ա որոշումը ճանաչել անվավեր:
2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ «ԽԱՉ-ԱՐՄ» և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար «ԽԱՉ-ԱՐՄ» և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Երևանի քաղաքապետարանից հօգուտ «ԽԱՉ-ԱՐՄ» և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բռնագանձել 75.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար «ԽԱՉ-ԱՐՄ» և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Երևանի քաղաքապետարանից հօգուտ «ԽԱՉ-ԱՐՄ» և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բռնագանձել 75.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար «ԽԱՉ-ԱՐՄ» և «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Այլ դատական ծախսերի հատուցման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
նախագահող` Գ. Հակոբյան
զեկուցող` Ա. Մկրտչյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=49258120924406479