Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑ ...

 

 

040.0408.140501

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2001 թվականի N 408

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է) :

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

մայիսի 14-ի N 408 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտևորման նախագծերի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև այդ նախագծերի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:

2. Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագիծը (այսուհետև` գոտևորման նախագիծ) քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որով սահմանվում են բնակավայրերի փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով:

3. Գոտևորման նախագծերը կարող են մշակվել բնակավայրերի, դրանց առանձին հատվածների, ինչպես նաև բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող` քաղաքաշինական նպատակներով նախատեսված տարածքների համար` մանրամասն հատակագծման նախագծերի փոխարեն:

4. Գոտևորման նախագծերում հաշվի են առնվում հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, ինչպես նաև հողօգտագործման սխեմաներում ներառված դրույթները:

5. Եթե բնակավայրը չունի հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, ապա, առկա, իրադրության վերլուծության հիման վրա, գոտևորման նախագծի մշակման առաջադրանքում ամրագրվում են նաև ինժեներատրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման հիմնական խնդիրներին ներկայացվող պահանջները:

6. Բնակավայրի գոտևորման նախագիծը և բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը մշակվում են միաժամանակ: Համայնքի քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը սահմանված է սույն կարգի N 1 հավելվածով:

(6-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 680-Ն որոշում)

7. Գոտևորման նախագծի հիմքում դրվում է «Սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքը:

8. Գոտևորման նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման (կառուցապատման) տեսակները:

Տվյալ գոտում թույլատրելի օգտագործմանը (կառուցապատմանը) համապատասխանող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ և համաձայնեցումներ չեն կարող սահմանվել:

9. Գոտևորման նախագիծը ներառում է`

ա) գործառական գոտևորումը` հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման, որով սահմանվում են թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) տեսակներ` գոտու տարածքի ընդհանուր մակերեսի նկատմամբ դրանց սահմանային չափաբաժինների ամրագրմամբ.

բ) ծավալատարածական գոտևորումը` կառուցապատման բնույթի և օգտագործման աստիճանն արտահայտող ցուցանիշների` կառուցապատման չափորոշիչների (կառուցապատման խտություն, շենքերի ու շինությունների բարձրություն, կառուցապատված, կանաչապատ մակերեսների հարաբերակցություն) ամրագրումն է` ըստ տվյալ հողատարածքի համար թույլատրելի չափաբաժինների:

10. Գոտևորմամբ սահմանված տարածքների օգտագործման ու կառուցապատման պայմանները տարբերվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են մնում նույն գոտու ներսում:

 

II. ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Գոտևորման նախագծի առաջադրանքը:

Գոտևորման նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով:

Գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը (այսուհետև` առաջադրանք) քննարկվում է համայնքի ավագանու նիստում և հավանության արժանանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի համաձայնեցմանը: Ավագանու կողմից առաջադրանքին հավանություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը մերժման հիմքերը վերացնելուց հետո (եթե հնարավոր է դրանք վերացնել) տասն աշխատանքային օրվա ընթացքում առաջադրանքը կրկին ներկայացնում է ավագանու քննարկմանը` սույն կետով սահմանված կարգով:

Մարզպետը գոտևորման նախագծի առաջադրանքն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում այն քննարկվում է մարզի խորհրդի նիստում և, դրական եզրակացություն ստանալու դեպքում, համաձայնեցնում է առաջադրանքն ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե` համաձայնեցման: Բացասական եզրակացության դեպքում մարզպետը գոտևորման նախագծի առաջադրանքը հետ է ուղարկում համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը թերություններն ուղղելու հնարավորության դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղղում է դրանք և առաջադրանքը կրկին ներկայացնում մարզպետին:

Նշված պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի ղեկավարը 5-օրյա ժամկետում հաստատում է համաձայնեցված առաջադրանքը:

Հաստատված առաջադրանքը գոտևորման նախագծի մշակման հիմքն է:

Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(11-րդ կետը փոփ. 09.04.09 թիվ 369-Ն, 04.06.15 թիվ 680-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

12. Գոտևորման նախագծի մշակումը:

Պատվիրատուն`

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) տրամադրում է նախագծային առաջադրանքը և նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը.

կատարողի հետ օրենքով սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը:

Գոտևորման նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները ներկայացված են սույն կարգի հավելվածում:

13. Գոտևորման նախագծի փորձաքննությունը:

Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գոտևորման նախագիծը ներկայացնում է փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

(13-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 680-Ն որոշում)

14. Գոտևորման նախագծի մասին հասարակայնության իրազեկումը, համաձայնեցումը, հաստատումը և փոփոխումը:

Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացություն ստացած գոտևորման նախագծի մասին իրազեկում է հասարակայնությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի: Հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա համայնքի ղեկավարն անհրաժեշտության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է գոտևորման նախագիծը և ներկայացնում մարզպետին` համաձայնեցման: Մարզպետն այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պետական մարմիններին` համաձայնեցման: Փորձաքննության բացասական եզրակացության դեպքում գոտևորման նախագիծը համարվում է մերժված: Մարզպետը և պետական մարմինները յոթ աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում են գոտևորման նախագիծը կամ ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որը մարզպետը ներկայացնում է համայնքի ղեկավարին:

Նշված պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի ղեկավարը 5-օրյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում գոտևորման նախագիծը: Համայնքի ավագանին հաստատում է գոտևորման նախագիծը, եթե դրա վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը, պետական մարմինների կողմից տրված եզրակացությունը դրական է, գոտևորման նախագիծը համաձայնեցված է մարզպետի հետ և պահպանված են սույն կարգով սահմանված պահանջները:

Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

Գոտևորման նախագծերի համաձայնեցման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գոտևորման նախագծով առանձին գոտիների համար սահմանված թույլատրելի օգտագործման (կառուցապատման) անհրաժեշտ պահանջների, գոտիների սահմանների, ինչպես նաև ամբողջ նախագծի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

(14-րդ կետը փոփ. 09.04.09 թիվ 369-Ն, 04.06.15 թիվ 680-Ն որոշումներ)

 

Հավելված

բնակավայրերի տարածքների գոտևորման

նախագծերի մշակման, փորձաքննության,

համաձայնեցման, հաստատման և

փոփոխման կարգի

 

ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Գոտևորման նախագիծը բաղկացած է գրաֆիկական և տեքստային մասերից:

2. Գոտևորման նախագծի գրաֆիկական մասերը մշակվում են 1:2000 մասշտաբի տեղագրական հանույթների վրա (առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշգրտվել պատվիրատուի առաջադրանքով):

3. Բնակավայրի, դրա նախագծային շրջանների, թաղամասերի և առանձին հատվածների գոտևորման նախագծերի գրաֆիկական մասերում տարածքի փաստացի օգտագործման հիմքի վրա ցույց են տրվում`

ա) բնակավայրի զարգացման համար անհրաժեշտ հողատարածքներն ու դրանց կառուցապատման հերթականությունը,

բ) տարածքի գործառական գոտևորումը` ըստ օգտագործման տեսակների, և դրանց տարբերակող նշանները,

գ) տարածքի ծավալատարածական գոտևորումը` ըստ կառուցապատման չափորոշիչների տեսակների, և դրանց տարբերակող նշանները,

դ) բնակավայրի կազմավորված քաղաքաշինական միջավայրի վերակառուցման, արդիականացման, կառուցապատման առկա ռեզերվների օգտագործման հնարավորությունները,

ե) տարածքի կառուցապատումը կարգավորող նախագծային կարմիր, կառուցապատման և այլ գծերը` հանգույցների կոորդինատային նշահարմամբ,

զ) պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գոտիները,

է) ճանապարհային հաղորդակցուղիների ցանցը, դասակարգումը, տրանսպորտային կառույցները, տրանսպորտային միջոցների մշտական և ժամանակավոր կայանման տեղերը, այդ թվում` ստորգետնյա,

ը) մշակութային, կենցաղային և կոմունալ սպասարկման ենթակառուցվածքը` սպասարկման գոտիների սահմաններով,

թ) ինժեներական ենթակառուցվածքի` մայրուղային ցանցերի, շինությունների և ստորգետնյա տարածքների օգտագործման գոտիները, տարածքի ինժեներական նախապատրաստման, վտանգավոր բնական և տեխնածին երևույթներից տեղանքի ինժեներական պաշտպանական գոտիների սահմանները.

ժ) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները` դրա առկայության դեպքում:

4. Գոտևորման նախագծերի տեքստային մասը ներկայացվում է առանձին հոդվածների և աղյուսակների տեսքով, որոնց հիմնական բաժիններն են`

ա) ընդհանուր դրույթներ,

բ) գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները,

գ) կառուցապատման չափորոշիչները,

դ) կառուցապատման կանոնները:

5. «Ընդհանուր դրույթներ» բաժնում սահմանվում են`

ա) նախագծի մշակման հիմքերն ու ելակետային նյութերը,

բ) քաղաքաշինական այլ ծրագրային փաստաթղթերի և հողօգտագործման սխեմաների հետ փոխադարձ կապը,

գ) տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հաշվեկշիռները:

6. «Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները» բաժնում ներկայացվում են`

ա) գոտիների թվարկումն ըստ թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների),

բ) գոտիների օգտագործման պայմանները,

գ) քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական սահմանափակումները (այդ թվում` սերվիտուտները):

7. «Կառուցապատման չափորոշիչներ» բաժնում ամրագրվում են առանձին գոտիների կառուցապատման չափորոշիչները` հարկայնությունը, կառուցապատման տոկոսը և խտությունը, կանաչապատ, ոչ կանաչապատ մակերևույթների համամասնությունները և այլն: Յուրաքանչյուր գոտի ներկայացվում է առանձին տարբերությամբ, որտեղ ներկայացվում է գոտում թույլատրելի օգտագործման (կառուցապատման) մանրամասն ցուցակը` համապատասխան բնութագրերով:

8. «Կառուցապատման կանոններ» բաժնում սահմանվում են կանոններ` տեղական պայմաններից ելնելով, որոնք պարտադիր են բոլոր գոտիների համար: Դրանք ներկայացվում են առանձին հոդվածներով և կարգավորվում են կառուցապատման և շահագործման հետ կապված հետևյալ խնդիրները`

գոտևորման ընդունված սկզբունքներին չհամապատասխանող շենքերի և շինությունների աստիճանական վերափոխման միջոցառումների իրականացման մեխանիզմները,

աղմուկից, շրջակա միջավայրի աղտոտումից, վիբրացիայից, արտացոլումներից պաշտպանության միջոցառումները,

տարածքներին, շենքերին, շինություններին, փողոցների ձևավորմանը, գովազդին, ցուցանակներին և այլ նշաններին ներկայացվող պահանջները,

այլ, այդ թվում` տեղական առանձնահատկություններից բխող պայմաններ,

քաղաքաշինական գործունեության իրականացման կանոնների սահմանումը:

(հավելվածը փոփ. 01.04.10 թիվ 331-Ն որոշում)

 

Հավելված N 1

Բնակավայրերի տարածքների

գոտևորման նախագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման,

հաստատման և փոփոխման կարգի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________ ՄԱՐԶԻ _______________ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

 

Սույն կանոնադրությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության --------- մարզի --------- համայնքի տարածքում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները` ելնելով համայնքի պատմականորեն ձևավորված ավանդույթների և պատմաճարտարապետական միջավայրի պահպանման անհրաժեշտությունից:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, որպես կանոն, մշակվում և հաստատվում է գոտևորման նախագծի կազմում` հավելվածի տեսքով:

1.2. Համայնքի ավագանու որոշմամբ քաղաքաշինական կանոնադրությունը կարող է մշակվել նաև մինչև գլխավոր հատակագծի և (կամ) գոտևորման նախագծի մշակումը` որպես առանձին փաստաթուղթ: Այս դեպքում կանոնադրությունը կցվում է նախագծային առաջադրանքին և պարտադիր հաշվի է առնվում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման ընթացքում:

1.3. Համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո քաղաքաշինական կանոնադրությամբ ամրագրված պայմանները ներառվում են համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքում` համապատասխան դրույթներ ամրագրելով առաջադրանքի ձևի «Լրացուցիչ պայմաններ» բաժնում:

 

II. ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ (Ճարտարապետության առանձնահատկությունները և շինարարության տեխնոլոգիաները)

 

2.1. Համայնքի տարածքում գտնվող կարևոր շենքերի և շինությունների ճարտարապետական ոճի, կրկնվող և հաճախ կիրառվող տարրերի, ճակատների ձևավորման առանձնահատկությունների, օգտագործված շինանյութի և կառուցման եղանակի նկարագրությունը:

2.2. Նկարագրությունը հիմնավորվում է համապատասխան լուսանկարներով, գծագրերով:

 

III. ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

 

3.1. Համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների նկարագրությունը, դրանց ներկայիս վիճակը, վերականգնման ու պահպանման հետ կապված խնդիրները:

3.2. Տվյալները հիմնավորվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներով, համապատասխան լուսանկարներով:

 

IV. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4.1. Նկարագրվում են համայնքի տարածքում գտնվող համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող շենքերը և շինությունները, բերվում են դրանց հետ առնչվող պատմությունները, ներկայացվում են շենքերի և շինությունների ներկա վիճակը, վերականգնման և պահպանման հետ կապված խնդիրները:

4.2. Տվյալները հիմնավորվում են համապատասխան լուսանկարներով, գծագրերով:

 

V. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՎՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՃԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

 

5.1. Թվարկվում են այն ճարտարապետական ոճերը, հնարքները, դեկորատիվ տարրերը, ճակատների ձևավորման առանձնահատկությունները, դռների, պատուհանների համաչափությունները, շինարարական նյութերը և կառուցման եղանակը, որոնք պահպանվելու են համայնքի տարածքում և խրախուսվելու են նոր շենքերի կառուցման ժամանակ:

 

1. Շենքերի և շինությունների ծավալային ու ճարտարապետահատակագծային

լուծումներին, ինչպես նաև դրանց առանձին մասերին ներկայացվող

պահանջները

 

ա. շենքի մասշտաբը, ճակատային լուծումներն ու դրանք շեշտադրող տարրերը (զարդաքանդակները, շքամուտքը (պորտալը), որմնախորշերը, շվաքարանները, քիվերը, կամարները և այլն),

......................................

 

բ. շենքի ճակատային մասի արտաքին բացվածքների (դռներ, պատուհաններ, ցուցափեղկեր) ձևավորումը,

......................................

 

գ. շենքի տանիքներն ու շենքերի հորիզոնական հարթությունները («հինգերորդ ճակատ»), ինչպես նաև ճակտոնները (ֆրոնտոնները), մանսարդները, ձեղնանցքները, եզրապատերը (պարապետները) և այլն,

......................................

 

դ. շվաքարանները (տենտերը, մարկիզաները),

......................................

 

ե. շենքի ճակատների և տանիքի հարդարման նյութերն ու երանգավորումը, արտաքին լուսավորությունը.

......................................

 

2. Փողոցների, անցումների, հետիոտն ճանապարհների ու հեծանվաուղիների

(ճանապարհային ցանց), հրապարակների, ներքին բակերի, շքաբակերի

(կուրդոնյերների) և հարթակների կառուցվածքին ու ձևավորմանը,

ավտոկայանատեղիների կազմակերպմանը ներկայացվող պահանջները

 

ա. ճանապարհային ծածկույթը (նյութը, դեկորատիվ տարրերը և գունային լուծումները),

......................................

 

բ. համայնքն սպասարկող տրանսպորտի համար նախատեսված կանգառների ձևավորումը,

......................................

 

գ. հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի տեղաշարժման համար անհրաժեշտ կահավորանքը (թեքահարթակներն ու հատուկ հարմարանքները` լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով),

......................................

 

դ. ֆունկցիոնալ ձևավորումը, կանաչապատումը և կահավորանքը (փոքր ճարտարապետական ձևեր կամ դեկորատիվ արվեստի նմուշներ, զրուցարաններ, շվաքարաններ, նստարաններ, շատրվաններ, դեկորատիվ ջրավազաններ, կանաչ տնկարկներ, այդ թվում` ուղղահայաց կանաչապատում և այլն),

......................................

 

ե. ճանապարհային ցանցին հարող պարիսպների, ցանկապատերի (այդ թվում` դալար ցանկապատերի) կառուցվածքին, նյութին ու ձևավորմանը ներկայացվող պահանջները.

......................................

 

3. Լանդշաֆտին, այգեպուրակային շինարարությանը և կանաչապատմանը

ներկայացվող պահանջները

 

ա. ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և հետիոտն շարժման ակտիվ գոտիների կանաչապատումն ու բարեկարգումը (փոքր ճարտարապետական ձևեր, ջրային մակերեսներ, շատրվաններ, նստարաններ, տաղավարներ, զրուցարաններ և բարեկարգման այլ տարրեր),

......................................

 

բ. այգեպուրակային շինարարության կազմը (հենապատեր, ծառուղիներ, հարթակներ, աստիճաններ, ինչպես նաև ծառեր, թփեր, սիզամարգեր, ծաղկաթմբեր և գալարվող բույսեր, դեկորատիվ բուսական ծածկույթ, բազմամյա և միամյա բույսերի տեսակներ, կանաչապատման և բարեկարգման այլ միջոցներ),

......................................

 

գ. անհրաժեշտության դեպքում` քամու դեմ պաշտպանական գոտու ստեղծման միջոցառումները (ծառատունկ, կանաչ ծածկույթների իրականացում տեղական ավանդական տնկանյութերի տեսակներից` տարբեր բարձրության բույսերի զուգակցմամբ),

......................................:

(1-ին հավելված լրաց. 04.06.15 թիվ 680-Ն որոշում)

 

----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 04.06.15 թիվ 680-Ն որոշման 2-րդ կետով հաստավել է սույն

օրինակելի կանոնադրությունը, սակայն նշված որոշմամբ չի նախատեսված,

որ այն պետք է լրացվի ՀՀ կառավարության 14.05.01 թիվ 408 որոշման

մեջ, սակայն հիմք ընդունելով կարգի 6-րդ կետի պահանջը

ԻՐՏԵԿ-ը կատարել է համապատասխան լրացում:

----------------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2001
N 408
Որոշում