ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2026 թվականի N 902-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների` յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հունիսի 25-ի
N 902-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի ոլորտային որակավորումներով` յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) հատկացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Ընդունելության տեղերի ձևավորումը և հատկացումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի մեկը հավաքագրում է հետևյալ տեղեկությունները.
ա. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից` ռազմավարություններով պլանավորված տնտեսության զարգացման առաջիկա 3 տարիների գերակա ոլորտների վերաբերյալ,
բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից` https://e-work.am/ հարթակում առկա թափուր աշխատատեղերի վերլուծության հիման վրա պահանջված մասնագիտությունների ցանկ: Միասնական սոցիալական ծառայության գրասենյակի զբաղվածության գործակալությունից պահանջված որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,
գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից` առողջապահական կազմակերպությունների կադրային ապահովվածության, առկա թափուր հաստիքների, ինչպես նաև առաջիկա 3 տարիների ընթացքում ոլորտում կանխատեսվող մասնագիտական կադրերի պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն,
դ. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից` վերջին 3 տարիներին ամենաշատ աշխատանքի ընդունված որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,
ե. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից` ելնելով տվյալ մարզի առանձնահատկություններից, ինչպես նաև մարզի շուկայի պահանջներից մարզում պահանջարկ ունեցող որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,
զ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից` տնային տնտեսությունների վերաբերյալ անցկացված հետազոտության հիման վրա առաջարկվող որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,
է. կրթության կառավարման տեղեկատվական համակարգից` «edu2work» հարթակում գործատուների կողմից լրացված հայտարարությունների հիման վրա պահանջարկ ունեցող որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,
ը. մասնագիտական կրթության և ուսուցման ազգային խորհրդի կողմից ներկայացված որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,
թ. մասնագիտական ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոններից` գործատուների հետ համատեղ քննարկման և վերլուծության արդյունքում` ըստ որակավորումների (մասնագիտությունների) աշխատանքի տեղավորված ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն,
ժ. գործատուների միավորումներից, ոլորտային կառույցներից և ոլորտային արհեստակցական միություններից` աշխատաշուկայի կարիքների և ոլորտային որակավորումների ցանկը` հիմք ընդունելով համագործակցության հուշագրի առկայությունը:
3. Հայաստանի Հանրապետության պետական կարիքներից և ռազմավարական առաջնահերթություններից ելնելով` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը կարող է սահմանել կրթաթոշակային ընդունելության տեղեր նաև այն մասնագիտությունների և կրթական ծրագրերի համար, որոնց մասով բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից հայտեր չեն ներկայացվել կամ աշխատաշուկայում չի արձանագրվել բավարար պահանջարկ, եթե դրանց գծով մասնագետների պատրաստումն անհրաժեշտ է պետական գործառույթների ապահովման, գիտական ներուժի պահպանման, մշակութային ժառանգության պահպանության, ազգային անվտանգության կամ հանրային այլ կարևոր շահերի պաշտպանության համար:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, վերլուծելով սույն կարգի 2-րդ կետի հիման վրա ստացված տեղեկատվությունը, կազմում է առաջիկա ուսումնական տարվա և դրան հաջորդող երկու ուսումնական տարվա համար արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակների և ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական բյուջեից տրվող կրթաթոշակների տոկոսային համամասնությունը տարեկան կարող է փոփոխվել ոչ ավելի, քան 20 տոկոսով` բացառությամբ ոլորտային պետական ռազմավարական ծրագրերում գերակայությունների էական փոփոխության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկության հիման վրա:
6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված պետական բյուջեից տրվող կրթաթոշակների տարեկան տոկոսային համամասնության շրջանակում` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը մինչև տվյալ տարվա մարտի 1-ը հաստատում և հրապարակում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակում պետության կողմից ըստ կրթական ծրագրի տրամադրվող կրթաթոշակների նախնական քանակը, իսկ վերջնականը` մրցույթի արդյունքների հիման վրա, հաշվի առնելով նաև կրթական ծրագրերով ընդունելության թափուր մնացած տեղերի և միավորներով մրցույթից դուրս մնացած դիմորդների թիվը:
7. Առաջիկա ուսումնական տարվա պետական բյուջեից հատկացվող կրթաթոշակների տեղերի շրջանակում` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը, հիմք ընդունելով հաստատությունների նախնական հիմնավորված հայտերը, ըստ հաստատությունների, կրթական ծրագրի մակարդակի և որակավորումների հատկացնում է փոխհատուցման ենթակա ընդունելության տեղերը, այդ թվում` պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող գերակա ոլորտների վճարովի տեղերը:
8. Հաստատության նախնական հայտը բավարար հիմնավոր կարող է համարվել, եթե առկա են տվյալ որակավորման պահանջարկի վերաբերյալ ոլորտի սոցիալական գործընկերների առաջարկությունը, շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ դրական արդյունքները, վիճակագրությունը, ոլորտային կամ համայնքային զարգացման ծրագրերի շրջանակում մասնագիտական կադրերի և աշխատաշուկայի կարիքների վերաբերյալ հիմքերը, հաստատության ներքին և արտաքին գնահատման ցուցանիշները` տվյալ որակավորման պահանջարկի վերաբերյալ և այլն:
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2026 թվական: