ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2026 թվականի N 910-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1368-12.06.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի
Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Պ-1368-12.06.2026-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը հանգում է հետևյալին.
1. Սկզբունքորեն ընդունելի համարելով նախագծերով առաջարկվող լուծումները` հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) ընտրված ժամկետային միջակայքը կարող է դիտարկվել ոչ բավարար` քաղաքացու` պետության հետ ունեցած իրական և կայուն կապի առկայությունը վկայելու համատեքստում: Այս հարցի կապակցությամբ հնարավորինս իրական պատկերացում ձևավորելու համար նպատակահարմար է քննարկման առարկա դարձնել առավել տևական ժամանակահատվածում այդ կապի հաստատուն լինելը հավաստելուն ուղղված լուծումների նախատեսումը: Մասնավորապես, քաղաքացու` պետության հետ ունեցած հարաբերությունների բնույթն ու բովանդակությունը գնահատելու համար կողմնորոշիչ կարող է լինել որոշակիորեն երկարատև ժամանակահատվածում այդ հարաբերությունների շարունակականությունը` որպես առավել արդարացի և ճշգրիտ ցուցիչ: Հակառակ պարագայում` կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ շարունակաբար պետության հետ կայուն կապ ունեցող քաղաքացին, ընդամենը ընտրողների նախնական ցուցակների ձևավորմանը նախորդող կարճ ժամանակահատվածում հանգամանքների բերումով` պարզապես պատահական համընկնման հետևանքով բացակայության հիմքով, հնարավորություն չունենա իրացնելու իր քաղաքական իրավունքը:
Այս տեսանկյունից, օրինագծերի ընդունմամբ հետապնդվող նպատակի համատեքստում հավասարակշռված լուծումների ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված, առաջարկվում է դիտարկել ժամկետային միջակայքի ընդլայնումը` որպես ուղենիշ ունենալով պասիվ ընտրական իրավունքի իրացման համար նախատեսված 4 տարվա կտրվածքի կեսը, այն է` 2 տարին: Իսկ այդ միջակայքում փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու անհրաժեշտ ժամանակահատվածը կարելի է դիտարկել առնվազն 366 օրը:
Զուգահեռաբար, համակարգային միասնակությունն ապահովելու տեսանկյունից առաջարկվում է համանման նստակեցության ցենզ նախատեսել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության համար:
Վերոնշյալ լուծումների գործնական կիրառման արդյունավետության համատեքստում անհրաժեշտ է նախագծերի շրջանակներում նաև որոշարկել ռեզիդենտության համար նախատեսված ժամկետի ստուգման մեխանիզմը, որը պատշաճորեն կապահովի քաղաքացու` վերոնշյալ ռեզիդենտության պայմանին բավարարելու փաստի հավաստումը: Այս տեսանկյունից, որպես հնարավոր լուծումներ, կարող են դիտարկվել, օրինակ, սահմանահատումների իրականացումը միայն ՀՀ կողմից տրված անձը հաստատող փաստաթղթերով կամ փաստացի ռեզիդենտության որոշարկումը սահմանին` անկախ անձը հաստատող փաստաթղթից կամ համանման այլ կարգավորումներ:
Միաժամանակ, հարկ է նշել, որ նախագծի 1-ին հոդվածով գործող օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող բացառությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ բացակայությունը պայմանավորված կլինի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող անձանց ընտանիքի անդամ լինելու հանգամանքից ելնելով` արտերկրում բնակվելու իրողությամբ, որպիսի մոտեցումը համադրելի չէ նախագծերի ընդունմամբ հետապնդվող նպատակի հետ: ՈՒստի, առաջարկում ենք նշված հիմքը նախատեսել համապատասխան բացառությունների շարքում:
Բացի այդ, գործնական հարթությունում կիրառելիության խնդիրները բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված` հարկ է նախատեսել իրավական հնարավորություն առ այն, որ`
. երաշխավորվի ընտրողների ցուցակների ձևավորումը Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի` հատուկ ծրագրային ապահովման միջոցով փոխգործելիության արդյունքում նախագծով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջին բավարարող անձանց տվյալների հիման վրա,
. ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելու հնարավորություն նախատեսող հիմքերը համալրվեն նաև սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջին չբավարարելու հիմքով համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու հանգամանքով:
Միաժամանակ, առաջարկվող վերանայումների ընդունման պարագայում, հարկ կլինի համարժեքորեն վերանայել նախագծի վերնագիրն ու հոդվածների համարակալումը:
Բացի այդ, նախագծի ուժի մեջ մտնելու համար ողջամիտ ժամկետ նախատեսելու նպատակով առաջարկվում է դիտարկել հրապարակմանը հաջորդող մեկամսյա ժամկետի սահմանումը:
2. Սույն առաջարկության 1-ին կետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջի, դիվանագիտական ծառայություն անցնող անձանց ընտանիքի անդամների և նախագծի ուժի մեջ մտնելու մասով նշված համապատասխան առաջարկությունները վերաբերելի են նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին:
Վերոգրյալի հաշվառմամբ` առաջարկվում է նախագծերի հետագա ընթացքավորումն իրականացնել վերոնշյալ փոփոխություններով հանդերձ:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):