ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2026 թվականի N 893-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(Պ-1367-11.06.2026-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի
Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
(Պ-1367-11.06.2026-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել զինապարտ քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաև նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար:
Այս համատեքստում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է իր դիտարկումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` ՄԻԵԴ), անդրադառնալով հարկադիր նմուշներ տալու պարտականությանը, ինչպես նաև քրեական վարույթի համար դրանց առանցքային նշանակությանը, արձանագրել է, որ սեփական անձի դեմ ցուցմունք չտալու իրավունքը չի տարածվում քրեական վարույթում այն նյութերի օգտագործման վրա, որոնք մեղադրյալից կարող են ձեռք բերվել հարկադրանք կիրառելու լիազորություններն օգտագործելու միջոցով, բայց գոյություն ունեն կասկածյալի կամքից անկախ, ինչպիսիք են որոշման համաձայն ձեռք բերված փաստաթղթերը, արտաշնչած օդի, արյան և մեզի նմուշներն ու հյուսվածքները` ԴՆԹ-ի հետազոտություն անցկացնելու համար (Saunders-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 69, O'Halloran-ն և Francis-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], § 47):
ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում ձևավորված վերը նշված դիրքորոշումներին համահունչ ՀՀ ներպետական օրենսդրությամբ մեղադրյալի համար, ի թիվս այլնի, սահմանվել է քննման, փորձաքննության և փորձաքննության համար նմուշ հանձնելու պարտականություն, ինչպես նաև նախատեսվել են այդ պարտականությունները չկատարելու համար վրա հասնող անբարենպաստ հետևանքներ:
Այսպես.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` ՀՀ ՔԴՕ) 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն`
«7. Ֆիզիկական հարկադրանքը, անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն անձի նկատմամբ, որը կամավոր չի կատարում իր անձնական անձեռնմխելիությանը միջամտող` իրավասու անձի իրավաչափ կարգադրությունը:»:
ՀՀ ՔԴՕ 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
«2. Մեղադրյալը պարտավոր է`
1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.
2) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական զննման, մատնադրոշմման, անձնական խուզարկության, քննման և փորձաքննության, լուսանկարվել կամ փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ. (...)»:
Այսպիսով, ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը, կատեգորիկ կերպով սահմանելով խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելքը, միաժամանակ նախատեսել է քրեական վարույթի շրջանակներում անձի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով ֆիզիկական հարկադրանք կիրառելու հնարավորություն` միաժամանակ նախատեսելով նման հարկադրանք կիրառելու իրավաչափության հետևյալ պայմանները.
ա) ֆիզիկական հարկադրանք կարող է կիրառվել միայն այն անձի նկատմամբ, ով կամավոր չի կատարում իր անձնական անձեռնմխելիությանը միջամտող` իրավասու անձի իրավաչափ կարգադրությունը,
բ) ֆիզիկական հարկադրանքը կարող է կիրառվել բացառապես անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով: Սա նշանակում է, որ պետք է կիրառվի ֆիզիկական հարկադրանքի այն նվազագույն մակարդակը, որը բավարար է ակնկալվող արդյունքին հասնելու համար: Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը, որ ակնկալվող արդյունքի և կիրառված միջամտության հավասարակշռության խախտման արդյունքում ֆիզիկական հարկադրանքը կվերաճի անձի նկատմամբ վատ վերաբերմունքի, անգամ` խոշտանգման:
Այլ խոսքով` քրեական վարույթի ընթացքում մեղադրյալը օրենքով նախատեսված կարգով կրում է քննման, փորձաքննության ենթարկվելու, ինչպես նաև փորձաքննության համար նմուշներ հանձնելու պարտականություն: Ընդ որում, տվյալ պարտականության կատարումը երաշխավորված է քրեադատավարական հարկադրանքով: Մասնավորապես, նշված պարտականությունը մեղադրյալի կողմից կամավոր չկատարելու դեպքում` վարույթն իրականացնող մարմինը անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով(1) լիազորված է կիրառել ֆիզիկական հարկադրանք` վերջինիս քննման, փորձաքննության ենթարկելու, ինչպես նաև փորձաքննության համար մեղադրյալի կամքից անկախ գոյություն ունեցող նմուշներ ստանալու համար:
__________________
1) Կիրառվող հարկադրանքը չպետք է հատի 3-րդ հոդվածով պահանջվող դաժանության նվազագույն աստիճանը (տե՛ս R.S. v. Hungary, 2019, § 72; համեմատության համար տե՛ս Schmidt v. Germany (dec.), 2006):
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին: Մասնավորապես, նշված նախագծով առաջարկվել էր ՀՀ քրեական օրենսգրքում ավելացնել նոր` 503.1-ին հոդված, որը քրեական պատասխանատվություն կսահմանի քննման, փորձաքննության ենթարկվելուց, ինչպես նաև նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու համար:
Վենետիկի հանձնաժողովը, ուսումնասիրելով հիշյալ նախագիծը, ի թիվս այլնի, ընդգծել էր, որ ֆիզիկական ուժի կիրառումը և քրեական պատասխանատվության նախատեսումը, որպես կանոն, պետք է լինեն ոչ թե կուտակային (կումուլյատիվ), այլ այլընտրանքային (ալտերնատիվ) միջոցներ(2) և Եզրակացություններ բաժնում, ի թիվս այլնի, կոչ է արել իշխանություններին`
__________________
2) Տե՛ս Armenia - Joint Opinion of the Venice Commission and the Directorate General Human Rights and Rule of Law of the Council of Europe on the draft amendments to the Criminal Code and the Criminal Procedure Code concerning the collection of evidence without consent in criminal investigations, adopted by the Venice Commission at its 140th Plenary Session (Venice, 11-12 October 2024), § 42. Հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.coe.int/web/venice-commission/-/CDL-AD(2024)0
- օրենքում հստակ սահմանել նմուշների տեսակները` հաշվի առնելով մարդու իրավունքներին միջամտության տարբեր աստիճանները,
- հստակեցնել այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում թույլատրելի է ուժի կիրառումը
- հստակ սահմանել այն դեպքերը, երբ կարող է կիրառվել ֆիզիկական ուժ, և այն դեպքերը, երբ կարող են կիրառվել պատժամիջոցներ,
- հաշվի առնելով քրեական վարույթի մասնակցի իրավական կարգավիճակն ու դերը` վերանայել և նախատեսել տարբեր պատժամիջոցները` կանխելով տուժողների երկրորդային զոհականացումը (խիստ պատժամիջոցների, ինչպիսիք են խոշոր չափի տուգանքը, ազատության սահմանափակումը կամ ազատազրկումը, կիրառումը կարող է հանգեցնել երկրորդային զոհականացման):
Հատկանշական է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքում արձանագրվել է, որ իրավասու մարմինները պետք է յուրաքանչյուր դեպքում հաշվի առնեն քննարկվող հանցանքի ծանրությունը և ապացույցների ձեռքբերման այլընտրանքային հնարավորությունների առկայությունը:
Այսպիսով, հարկ է արձանագրել, որ անձի կողմից փորձաքննության ենթարկվելու, ինչպես նաև նմուշներ հանձնելու պարտականությունը չկատարելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելիս պետք է հաշվի առնել, որ քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել միայն այն դեպքերի համար, երբ նմուշները չեն կարող ստացվել, իսկ փորձաքննությունը չի կարող իրականացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ և եթե այլ եղանակով այդ գործողությունների արդյունքում ակնկալվող ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է, իսկ եթե այդ գործողությունները կարող են իրականացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ` անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, ապա այդ դեպքերի համար քրեական պատասխանատվություն սահմանելը համաչափ չէ և չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից:
Ընդ որում` քրեական պատասխանատվություն նախատեսելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև հանցանքի ծանրությունը:
Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հոգեկան առողջության խնդիր ունենալու հիմնավոր ենթադրության առկայության դեպքում մեղադրյալը դատարանի որոշմամբ մինչև մեկ ամիս ժամկետով կարող է տեղավորվել բժշկական հաստատությունում` դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար, եթե նա խուսափում է փորձաքննության ենթարկվելուց կամ վտանգ է ներկայացնում հանրության կամ իր համար:»:
Հետևաբար, հարկ է նկատի ունենալ, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալը դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու պարտականությունը կատարելուց հրաժարվելու համար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության:
Այս համատեքստում, ամփոփելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ փորձաքննության ենթարկվելու և նմուշներ ներկայացնելու արդյունքում քրեական վարույթով (ընդ որում` ոչ միայն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով) ձեռք են բերվում գործի համար առանցքային նշանակություն ունեցող տեղեկություններ, այդ թվում` այնպիսի տվյալներ, որոնք այլ ապացուցողական միջոցներով ստանալ հնարավոր չէ` առաջարկում ենք նախագծով առաջարկվող կարգավորման փոխարեն ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 503.1-ին հոդվածով`
«Հոդված 503.1. Փորձաքննության ենթարկվելուց, ինչպես նաև նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը կամ խուսափելը
1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով վկայի կամ ձերբակալվածի կամ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով սահմանված կարգով նմուշներ ներկայացնելու պարտականության կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, եթե դրանք չեն կարող ստացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ կամ փորձաքննության ենթարկվելու պարտականության կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, եթե այն չի կարող իրականացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ, և եթե այլ եղանակով դրանց արդյունքում ակնկալվող ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է`
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալը ենթակա չէ քրեական պատասխանատվության դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու պարտականությունը կատարելուց հրաժարվելու համար:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր ներկայացրել է նմուշ կամ ենթարկվել է փորձաքննության, և դրա արդյունքում ստացված ապացույցները չեն կորցրել իրենց ապացուցողական նշանակությունը:»:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):