ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2026 թվականի N 975-Լ
ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, 2-րդ մասով, 5-րդ և 23-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. հուլիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հուլիսի 2-ի
N 975-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է ֆինանսական ռեսուրսների հասանելիության միջոցով ապահովել ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությունը:
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Ծրագրի մասնակիցներն են`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն).
2) 1 հա և ավելի մակերեսով ջերմատնային տնտեսություն տնօրինող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ովքեր 2026 թվականի ընթացքում արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք (այսուհետ` շահառու).
3) Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ` ֆինանսական կառույց), որը բավարարում է ծրագրի պահանջները և ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում շահառուներին.
4) նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ (այսուհետ` ՏԶՖԿ):
3. Շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը` ծրագրի պահանջներին համապատասխան վարկեր ներգրավելու համար:
4. Աջակցությունը տրամադրվում է ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով:
5. Վարկային միջոցները պետք է ծախսվեն անկանխիկ` հետևյալ ուղղություններով`
1) սպառված գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով վճարներ.
2) պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ.
3) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ.
4) պարարտանյութերի, սերմերի, սածիլների ձեռքբերման (ձեռքբերումը պետք է իրականացվի ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություններից) վճարումներ:
6. Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոս տոկոսային կետով, բայց ոչ ավելի քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը:
7. Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 18 ամիս:
8. Վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 12 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 12 ամիս հետո):
9. Յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար առավելագույն վարկի սահմանաչափը կազմում է ոչ ավելի քան 100.0 մլն դրամ գումարը:
10. Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից:
11. Վարկի ներգրավման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որն այդ նպատակով դիմում է ֆինանսական կառույցին` դիմումին կցելով 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք, ջերմատնային տնտեսության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև համաձայնագիր` ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին:
12. Յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ:
13. Ծրագրով ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող նպատակային վարկերի պայմաններն են`
1) վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով, անկանխիկ եղանակով, ընդ որում` վարկի հետ կապված ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).
2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ՏԶՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին` տվյալ ֆինանսական կառույցի հայտի հիման վրա: Հայտի բովանդակությանը և ամփոփ հաշվետվությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ՏԶՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով.
3) վարկի մայր գումարը և վարկի տոկոսադրույքը վարկառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և տուգանքներ չեն գանձվում.
4) տույժերը կամ տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.
5) սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ.
6) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի փաստացի մարումների հիման վրա:
14. Ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ներկայացնում է ՏԶՖԿ-ին` ամիսը մեկ անգամ, ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը (բացառությամբ ծրագրի 8-րդ կետով սահմանված դեպքի): ՏԶՖԿ-ն հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և, հայտը ծրագրի պահանջներին բավարարելու դեպքում, դրական եզրակացությամբ ներկայացնում նախարարություն: Յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքների գումարները (բացառությամբ ծրագրի 8-րդ կետով սահմանված դեպքի): Նախարարությունն իր և ՏԶՖԿ-ի միջև կնքվող սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ՏԶՖԿ-ին (տվյալ պահին ֆինանսական միջոցների բացակայության դեպքում ֆինանսավորումը կատարվում է համապատասխան միջոցների ներգրավումից հետո), որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին: Հայտը` ծրագրի պահանջները չբավարարելու դեպքում, ՏԶՖԿ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին` նշելով չբավարարման հիմքերը:
15. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը և հետվերադարձը`
1) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե`
ա. առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, համաձայն տվյալ պահին գործող ֆինանսական ակտիվների դասակարգման կարգի, վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ,
բ. չեն պահպանվել ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չի օգտագործվել կամ 16-րդ և 17-րդ կետերում նշված մոնիթորինգների արդյունքում հայտնաբերվել է սույն ծրագրի պայմանների և պահանջների խախտում,
գ. շահառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն,
դ. շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծվել է.
2) ծրագրի շրջանակներում սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկառուի նախորդ մարման օրվանից սկսած.
3) շահառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու (ներառյալ վարկառուի նախաձեռնությամբ վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքերի) կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման (սուբսիդավորված գումարի վերադարձը ՏԶՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը եռամսյա ժամկետում): Ֆինանսական կառույցը իրավասու է սուբսիդավորման գումարը պահանջել վարկառուից:
3. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
16. Ծրագրի շրջանակում մոնիթորինգն իրականացվում է ֆինանսական կառույցի կողմից` վարկի ծախսման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության և բոլոր վարկառուների փաստաթղթային ուսումնասիրության հիման վրա:
17. Ծրագրի շրջանակում փաստաթղթային մոնիթորինգ կիրականացվի նաև ՏԶՖԿ-ի կողմից` ֆինանսական կառույցի կողմից ներկայացված վարկի ծախսման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:
18. Ծրագրի մոնիթորինգի իրականացման ընթացքում ՏԶՖԿ-ն ֆինանսական կառույցներից և շահառուներից կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն: Ընդ որում` գաղտնիք պարունակող տեղեկությունների դեպքում ֆինանսական կառույցը և շահառուն ապահովում են համապատասխան համաձայնությունների ձեռքբերումը:
19. Այն դեպքում, եթե ՏԶՖԿ-ն մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին կազմվում է համապատասխան եզրակացություն և խախտումը հայտնաբերելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է նախարարությանը և ֆինանսական կառույցին:
20. ՏԶՖԿ-ն յուրաքանչյուր ամիսը մեկ` ամսվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):