ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հուլիսի 2026 թվականի N 1023-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, 30-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա 26 հասցեում գտնվող 3,564.99 քառ. մետր մակերեսով պատրաստի դեղամիջոցների արտադրամասը և 425.7 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը (2020 թվականի հունվարի 13-ին տրամադրված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 13012020-01-0179 վկայականից` 01-012-0301-0141-015 և 01-012-0301-0141-014 ծածկագրեր, այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (գրանցման համար` 222.210.00821/2007-10-22, այսուհետ` կազմակերպություն) և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին (գրանցման համար` 222.160.1199866/2021-10-14, այսուհետ` հիմնադրամ):
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող քաղաք Երևան, Կառավարական տուն 3 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 1826,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից` 1-ին հարկից 1290,6 քառ. մետր, 2-րդ հարկից 535,6 քառ. մետր, այսուհետ` տարածք) հետ վերցնել հիմնադրամից:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հունիսի 13-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 58/0017 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ լուծել 2021 թվականի հունիսի 3-ին կնքված թիվ 26/0021 և 2023 թվականի մայիսի 4-ին կնքված թիվ 24/0023 ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերը` սահմանելով, որ տարածքի հանձնումը կիրականացվի պայմանագրի լուծման օրվանից սկսված մեկամյա ժամկետում, իսկ պայմանագրերի լուծման հետ կապված ծախսերը կիրականացվեն հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո կազմակերպության կողմից անշարժ գույքն ազատելու և գույքի տեղափոխման աշխատանքները կիրականացվեն հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հուլիսի
Երևան