ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
7 հուլիսի 2026 թվականի N 23-Ն
ՀՀՇՆ 20-01-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՏԱԿԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը
Հրամայում եմ`
1. Հաստատել ՀՀՇՆ 20-01-2026 «Շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի հուսալիություն» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
7/7/2026 Ե. Վարդանյան
Հավելված
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2026 թվականի հուլիսի 7-ի
N 23-Ն հրամանի
ՀՀՇՆ 20-01-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՏԱԿԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն շինարարական նորմերը (այսուհետև` նորմեր) սահմանում են շենքերի և կառուցվածքների կոնստրուկցիաների և հիմնատակերի հուսալիությունն ապահովելու ընդհանուր սկզբունքները և կիրառվում են որպես տեխնիկական անվտանգության պահանջներ շինարարական օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման, ինչպես նաև այլ նորմատիվ փաստաթղթերի և ստանդարտների մշակման ընթացքում:
2. Սույն նորմերը սահմանում են շենքերի և կառուցվածքների, դրանց կյանքի ցիկլի բոլոր փուլերում իրականացվող գործընթացների համար անհրաժեշտ նվազագույն պահանջները, այդ թվում.
1) մեխանիկական անվտանգության,
2) հրդեհային անվտանգության,
3) անվտանգության` վտանգավոր բնական գործընթացների, երևույթների և մարդածին ազդեցությունների դեպքում,
4) շենքերում և կառուցվածքներում մարդու առողջության համար անվտանգ բնակության և կեցության պայմանների,
5) շենքերի և կառուցվածքների օգտագործողների անվտանգության,
6) հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար շենքերի և կառույցների մատչելիության,
7) շենքերի և կառույցների էներգաարդյունավետության,
8) շրջակա միջավայրի վրա շենքերի և կառուցվածքների ազդեցության անվտանգ մակարդակի:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
3. Սույն նորմերում հղումներ են կատարված հետևյալ իրավական ակտերին.
._____________________________________________________________________.
|1) |ՀՀՇՆ 20-02-2024 «Բեռնվածքներ և |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |ազդեցություններ» |նախագահի 2024 թվականի փետրվարի|
| | |9-ի N 07-Ն հրաման |
|____|_________________________________|______________________________|
|2) |ՀՀՇՆ 52-01-2021 «Բետոնե և |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |երկաթբետոնե կոնստրուկցիաներ» |նախագահի 2021 թվականի հունվարի|
| | |14-ի N 02-Ն հրաման |
|____|_________________________________|______________________________|
|3) |ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմաց-|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |կուն շինարարություն. Նախագծման |նախագահի 2020 թվականի |
| |նորմեր» |դեկտեմբերի 28-ի N 102-Ն |
| | |հրաման |
|____|_________________________________|______________________________|
|4) |ՀՀՇՆ IV-10.01.01- 2006 «Շենքերի |ՀՀ քաղաքաշինության նախարարի |
| |և կառուցվածքների հիմնատակեր» |2006 թվականի նոյեմբերի 6-ի |
| | |N 245-Ն հրաման |
|____|_________________________________|______________________________|
|5) |ՀՀՇՆ II-7.02-95 «Շինարարական |ՀՀ քաղաքաշինության նախարարի |
| |ջերմաֆիզիկա շենքերի պատող |2016 թվականի հունիսի 16-ի |
| |կոնստրուկցիաների. Նախագծման |N 120-Ն հրաման |
| |նորմեր» | |
|____|_________________________________|______________________________|
|6) |ՀՀՇՆ 24-01-2016 «Շենքերի ջերմային|ՀՀ քաղաքաշինության նախարարի |
| |պաշտպանություն» |2016 թվականի հունիսի 16-ի |
| | |N 120-Ն հրաման |
|____|_________________________________|______________________________|
|7) |ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և |ՀՀ քաղաքաշինության նախարարի |
| |կառուցվածքների հրդեհային |2014 թվականի մարտի 17-ի |
| |անվտանգություն» |N 78-Ն հրաման |
|____|_________________________________|______________________________|
|8) |ՀՀԿՀ 52-101-2022 «Շինարարական |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |բետոնե և գեոտեխնիկական կոնս- |նախագահի 2022 թվականի հուլիսի |
| |տրուկցիաներում ոչ մետաղական |18-ի N 45-Ա հրաման |
| |կոմպոզիտ ամրանների կիրառման | |
| |կանոնների հավաքածու» | |
|____|_________________________________|______________________________|
|9) |ՀՀՇՆ II-5.01-98 «Քաղաքաշինական |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |համակարգերի հուսալիություն. |նախագահի 2022 թվականի հունիսի |
| |Հիմնական դրույթներ» |14-ի N 11-Ն հրաման |
|____|_________________________________|______________________________|
|10) |«Տեխնիկական կանոնակարգման մասին» |ՀՀ օրենք |
|____|_________________________________|______________________________|
|11) |«Շենքերի և շինությունների |ՀՀ կառավարության 2025 թվականի |
| |տեխնիկական վիճակի հետազննության |դեկտեմբերի 4-ի N 1745-Ն |
| |կարգը հաստատելու մասին» |որոշում |
|____|_________________________________|______________________________|
|12) |«Հայաստանի Հանրապետությունում |ՀՀ կառավարության 2015 թվականի |
| |կառուցապատման նպատակով թույլտվու-|մարտի 19-ի N 596-Ն որոշում |
| |թյունների և այլ փաստաթղթերի | |
| |տրամադրման կարգը հաստատելու և | |
| |Հայաստանի Հանրապետության | |
| |կառավարության մի շարք որոշումներ | |
| |ուժը կորցրած ճանաչելու մասին» | |
|____|_________________________________|______________________________|
|13) |ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 58942-2022 |«Շինարարությունում երկրաչափա- |
| | |կան հարաչափերի ճշտության |
| | |ապահովման համակարգ. Տեխնոլո- |
| | |գիական թույլտվանքներ» |
|____|_________________________________|______________________________|
|14) |ԳՕՍՏ 31938-2022 |«Պոլիմերային կոմպոզիտային |
| | |ամրաններ բետոնե կոնստրուկցիա- |
| | |ների ամրանավորման համար: |
| | |Ընդհանուր տեխնիկական |
| | |պայմաններ» |
|____|_________________________________|______________________________|
|15) |ԵԱՏՄ ՏԿ 043/2017 |ԵԱՏՄ «Հրդեհային անվտանգության |
| | |ապահովման և հրդեհաշիջման |
| | |միջոցներին ներկայացվող |
| | |պահանջների մասին» տեխնիկական |
| | |կանոնակարգ |
._____________________________________________________________________.
4. Նորմերից օգտվելիս անհրաժեշտ է ղեկավարվել վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի վերջնական (փոփոխված) տարբերակներով, եթե այդպիսիք առկա են: Եթե հղման նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվել է առանց փոխարինման, ապա այն դրույթը, որում հղում է տրված դրան, կիրառվում է այն մասով, որին չի վերաբերվում հղումը: Եթե նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվելու է դրանով կարգավորվող հարաբերությունների միայն որոշակի մասով, որը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձևով, ապա նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում հստակ նշվում է այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով դադարեցվում է նորմատիվ իրավական ակտի գործողությունը:
3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Սույն նորմերում օգտագործված են հետևյալ հասկացությունները.
1) նյութի հատկությունների դեգրադացիա` երևույթ, որի դեպքում շահագործման հատկությունների մակարդակը ժամանակի ընթացքում աստիճանաբար նվազում կամ վատթարանում է,
2) շենք` շինարարական կառույց, որն իր մեջ ներառում է մարդկանց բնակության, գործունեության, արտադրության տեղակայման, արտադրանքի պահեստավորման կամ կենդանիների պահման համար նախատեսված սենքեր,
3) շինարարական օբյեկտի հուսալիություն` շինարարական օբյեկտի` իր գնահատված շահագործման ժամկետի ընթացքում անհրաժեշտ գործառույթները կատարելու ունակության քանակական անվտանգության բնութագիր է, նորմատիվային ցուցանիշների սահմաններում,
4) նորմատիվ փաստաթուղթ` փաստաթուղթ, որով սահմանվում են պահանջներ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր որոշակի գործունեության տեսակների կամ դրանց արդյունքների վերաբերյալ,
5) բնականոն շահագործում` շինարարական օբյեկտի շահագործում, որն իրականացվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերում նշված պահանջներին համապատասխան, ինչպես նաև նախագծային առաջադրանքներում նախատեսված տեխնոլոգիական և կենցաղային պայմաններին համապատասխան,
6) հիմնատակ` գրունտի զանգվածի մի մասը, որը հիմքի միջոցով ընդունում է փոխանցվող ազդեցությունները,
7) սենք` պատող կոնստրուկցիաներով սահմանափակված շենքի ներքին տարածք, որը ծառայում է տարբեր գործառնական նպատակների համար,
8) ծառայության ժամկետ` շինարարական օբյեկտի բնականոն շահագործման տևողությունն է մինչև այն վիճակի հասնելը, երբ դրա հետագա շահագործումը անթույլատրելի կամ աննպատակահարմար է,
9) ծառայության հաշվարկային ժամկետ` նորմերով կամ նախագծային առաջադրանքով սահմանված շինարարական օբյեկտի իր նշանակությամբ օգտագործման ժամկետ` առանց հիմնանորոգման և վերակառուցման նախատեսված տեխնիկական սպասարկումով: Ծառայության հաշվարկային ժամկետը հաշվարկվում է օբյեկտի շահագործման սկզբից կամ հիմնանորոգումից հետո դրա շահագործման վերսկսումից,
10) շինարարական կոնստրուկցիա` շինարարական կառուցվածքի մաս, որը կատարում է որոշակի կրող, պարփակող կամ գեղագիտական գործառույթներ,
11) շինարարական արտադրանք` արտադրանք, որը նախատեսված է որպես շինարարական կոնստրուկցիայի, շենքերի և կառուցվածքների տարր կիրառելու համար,
12) շինարարական կառուցվածք` որոշակի սպառողական գործառույթներ իրականացնելու համար նախատեսված շինարարական գործունեության արդյունք,
13) շինարարական նյութ (այսուհետև` նյութ)` նյութ, որը նախատեսված է շինարարական կոնստրուկցիաների, շենքերի և կառուցվածքների ստեղծման և շինարարական արտադրանքի պատրաստման համար,
14) շինարարական օբյեկտ` շինարարական կառույց, շենք, սենք, շինարարական կոնստրուկցիա, շինարարական արտադրանք կամ հիմնատակ,
15) տեխնիկական սպասարկում և ընթացիկ նորոգում` շինարարական օբյեկտների հաշվարկային ծառայության ժամկետի ընթացքում իրականացվող գործողությունների համալիր, որն ապահովում է դրանց բնականոն շահագործումը,
16) տեխնիկական պայմաններ` տեխնիկական պահանջներ սահմանող նորմատիվ փաստաթուղթ, որին պետք է բավարարեն արտադրանքը, գործընթացը կամ ծառայությունը,
17) շենքի կամ կառուցվածքի շահագործում` շենքի կամ կառուցվածքի օգտագործումը իր գործառնական նշանակությամբ` կոնստրուկցիաների վիճակը պահպանելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ, որոնց դեպքում դրանք ունակ են կատարելու առաջադրված գործառույթները` տեխնիկական փաստաթղթերի պահանջներով սահմանված հարաչափերով,
18) պոլիմերային կոմպոզիտային ամրան (պարբերական պրոֆիլի)` պոլիմերային կոմպոզիտից պատրաստված ձող` դրա մակերևույթին հավասարաչափ բաշխված խարսխային շերտով:
6. Սույն շինարարական նորմերում օգտագործված են հաշվարկային դրույթների հետևյալ հասկացությունները.
1) ազդեցություններ` բեռնվածքներ, ջերմաստիճանի փոփոխություն, շինհրապարակի վրա շրջակա միջավայրի ազդեցություն, քամու ազդեցություն, հիմնատակերի նստեցում, հենարանի տեղաշարժ, ժամանակի ընթացքում նյութերի հատկությունների դեգրադացիա և այլ երևույթներ, որոնք առաջացնում են շինարարական կոնստրուկցիաների լարվածադեֆորմատիվ վիճակի փոփոխություն: Հաշվարկներ կատարելու դեպքում ազդեցությունները թույլատրվում է առաջադրել որպես համարժեք բեռնվածքներ,
2) նյութերի և գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների երաշխավորված բնութագրեր` նյութերի և գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերի արժեքներ, որոնք սահմանվում են նորմատիվ փաստաթղթերում կամ տեխնիկական պայմաններում և վերահսկվում են դրանց արտադրության, շինարարական օբյեկտի շինարարության և շահագործման դեպքում,
3) երկարակեցություն` օբյեկտի հատկությունն է պահպանելու իր ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք հաշվի են առնվում նախագծման ընթացքում և ապահովում են դրա բնականոն շահագործումը ծառայության սահմանված ժամկետի ընթացքում` սահմանված սպասարկման սահմանված համակարգի դեպքում,
4) կոնստրուկտիվ համակարգ` փոխկապակցված շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի ամբողջություն,
5) բեռնվածքներ` արտաքին մեխանիկական ուժեր (կոնստրուկցիաների, սարքավորումների, ձյան նստվածքաշերտի, մարդկանց և այլնի քաշը), որոնք ազդում են շենքերի կոնստրուկցիաների և հիմնատակերի վրա,
6) փոփոխական հարաչափեր` շինարարական օբյեկտների հաշվարկման դեպքում օգտագործվող ֆիզիկական մեծություններ (ազդեցություններ, նյութերի և գրունտների բնութագրեր), որոնց արժեքները փոխվում են ծառայության հաշվարկային ժամկետի ընթացքում կամ ունեն պատահական բնույթ,
7) շինարարական օբյեկտի սահմանային վիճակ` վիճակ, որի դեպքում դրա հետագա շահագործումը անթույլատրելի է, դժվարացած կամ աննպատակահարմար,
8) աստիճանաբար զարգացող փլուզում` կրող շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի հետևողական փլուզումն է, որը հանգեցնում է ամբողջ կառույցի կամ դրա մասերի փլուզման,
9) հաշվարկային սխեմա (մոդել)` կոնստրուկտիվ համակարգի իդեալականացված մոդել հաշվարկների օգտագործման դեպքում,
10) սահմանային վիճակների հաշվարկային չափանիշներ` սահմանային վիճակների իրականացման պայմանները որոշող քանակական բնութագրեր,
11) հաշվարկային իրավիճակներ` հաշվի են առնվում կոնստրուկցիաների նկատմամբ հաշվարկային պահանջներ սահմանող համալիր հաշվարկի դեպքում,
12) հուսալիության գործակից ըստ պատասխանատվության (Y(n))` գործակից, որը հաշվի է առնում օբյեկտի (կառուցվածքի) նշանակությունը և հետևանքների (պատասխանատվության) դասը, ինչպես նաև ձախողման հնարավոր հետևանքները,
13) հուսալիության մասնավոր գործակիցներ` հուսալիության գործակիցներ` ըստ բեռնվածքի (Y(f)), նյութի (Y(m)) և աշխատանքային պայմանների (Y(d)), որոնք հաշվի են առնում շինարարական օբյեկտի հաշվարկային սխեմայի հնարավոր անբարենպաստ շեղումները` առաջացող շահագործման իրական պայմաններում,
14) ազդեցության (ներգործության) էֆեկտ (բեռնվածքային էֆեկտ)` կառույցի (հիմքի) վրա ազդող ուժեր` ներքին ճիգեր, լարումներ, դեֆորմացիաներ, տեղաշարժեր, ճաքերի բացվածքներ կամ այլ մեխանիկական բնութագրեր:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. Հիմնական դրույթներ
7. Շինարարական օբյեկտների հուսալիության հիմնական ցուցանիշը սահմանային վիճակների առաջացման անհնարինությունն է ծառայության հաշվարկային ժամկետի ընթացքում:
8. Շինարարական կոնստրուկցիաների հուսալիությունը հարկ է ապահովել կառույցի ընդհանուր հայեցակարգի մշակման փուլում, դրա նախագծման, կոնստրուկտիվ տարրերի արտադրության, շինարարության և շահագործման գործընթացներում: Ինժեներական կառուցվածքների հուսալիության պահանջները բերվում են ՀՀՇՆ II-5.01-98 «Քաղաքաշինության համակարգերի հուսալիություն: Հիմնական դրույթներ» շինարարական նորմերում:
9. Կոմպոզիտային ամրանավորումը, որն ունի մի շարք առավելություններ, ինչպիսիք են բարձր ձգման ամրությունը, կոռոզիոն դիմադրությունը, թեթև քաշը, ցածր ջերմահաղորդականությունը, էլեկտրամագնիսական չեզոքությունը և այլ հատկությունները, հարկ է նախատեսել ագրեսիվ միջավայրերում շահագործվող ոչ կրող բետոնե կոնստրուկցիաներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 18-ի N 45-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 52-101-2022 «Շինարարական բետոնե և գեոտեխնիկական կոնստրուկցիաներում ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածուի» կիրառման ոլորտներին համապատասխան, այդ թվում` բետոնե հատակների, տարբեր հատակածածկերի նախապատրաստական շերտերի, սալվածքների, հետիոտնային ճանապարհների և մայթերի ամրանավորման և այլնի համար:
10. Կոմպոզիտային ամրանավորումը զգալիորեն նվազեցնում է բետոնի կծկումից առաջացող ճաքերը, բարձրացնում է կառուցվածքային հուսալիությունը` հավասարաչափ բաշխելով բեռնվածքները, ինչպես նաև կանխում ներքին ամրանային կոռոզիան` մեծացնելով կոնստրուկցիայի ծառայության ժամկետը:
11. էլեկտրամագնիսական դաշտերի նկատմամբ հատուկ պահանջներ ունեցող օբյեկտներում (առողջապահական օբյեկտների լաբորատորիաներ և այլն) էլեկտրամագնիսական չեզոքություն ապահովելու նպատակով խորհուրդ է տրվում կիրառել պոլիմերային կոմպոզիտային ամրաններ:
12. Վթարային իրավիճակների դեպքում շինարարական կոնստրուկցիաների հուսալիությունը պետք է ապահովել նաև ի հաշիվ մեկ կամ մի քանի հատուկ միջոցառումների իրականացման, որոնք ներառում են.
1) շինարարական օբյեկտների և, առաջին հերթին, դրանց կրող տարրերի փլուզման (քայքայման) վտանգի նախազգուշացում, բացառում կամ նվազեցում,
2) նյութերի և կոնստրուկտիվ լուծումների ընտրություն (այդ թվում պոլիմերային կոմպոզիտային ամրանների օգտագործումը), որոնք վթարային վիճակով շարքից դուրս գալու կամ առանձին կրող տարրերի տեղային վնասվածքի դեպքում չեն հանգեցնի կառույցի հարաճող ոչնչացման,
3) հատուկ կազմակերպչական միջոցառումների համալիրի օգտագործում, որոնք ապահովում են կառույցի հիմնական կրող կոնստրուկցիաների նկատմամբ մուտք գործելու սահմանափակումը և վերահսկողությունը:
13. Ընդունված նախագծային և կոնստրուկտիվ լուծումները պետք է հիմնավորված լինեն կառույցների, դրանց կոնստրուկտիվ տարրերի և միացումների սահմանային վիճակների հաշվարկների արդյունքներով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փորձարարական հետազոտությունների տվյալներով, որոնց արդյունքում սահմանվում են շինարարական օբյեկտների հիմնական հարաչափերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, դրանց կրողունակությունը և դրանց կողմից ընկալվող ազդեցությունները:
14. Կոնստրուկցիաների հաշվարկման դեպքում պետք է դիտարկվեն հետևյալ հաշվարկային իրավիճակները.
1) կայացած` իրավիճակ, որի տևողությունը նույն կարգի է, ինչ շինարարական օբյեկտի ծառայության ժամկետը (օրինակ` շահագործում երկու հիմնանորոգումների կամ տեխնոլոգիական գործընթացի փոփոխությունների միջև ընկած շահագործումը),
2) անցողիկ` իրավիճակ, որը շինարարական օբյեկտի ծառայության ժամկետի համեմատ ունի ոչ մեծ տևողություն (օրինակ` կոնստրուկցիաների արտադրություն, դրանց տեղափոխում, շենքի կառուցում, հիմնանորոգում, վերակառուցում),
3) վթարային` իրավիճակ, որը համապատասխանում է կառույցի բացառիկ շահագործման պայմաններին (այդ թվում և վթարային ազդեցությունների դեպքում), որոնք կարող են հանգեցնել զգալի սոցիալական կորուստների, եթե չձեռնարկվեն 12-րդ կետում նախատեսված հատուկ միջոցառումները:
15. Հաշվարկային իրավիճակները բնութագրվում են օբյեկտի հաշվարկային սխեմայով (հաշվարկային մոդելով), որն իր մեջ ներառում է հաշվի առնված բեռնվածքներն ու ազդեցությունները, նյութերի բնութագրերը, հուսալիության գործակիցների արժեքները և սահմանային վիճակների ցանկը, որոնք պետք է դիտարկել տվյալ իրավիճակում:
16. Հաշվի առնված յուրաքանչյուր հաշվարկային իրավիճակի համար շինարարական կառույցների հուսալիությունը պետք է ապահովվի հաշվարկով, ինչպես նաև ի հաշիվ.
1) շինարարական կոնստրուկցիաների արտադրության և մոնտաժման օպտիմալ նախագծային և կոնստրուկտիվ լուծումների, նյութերի, տեխնոլոգիական գործընթացների ընտրության, այդ թվում պոլիմերային կոմպոզիտային ամրանների օգտագործման,
2) շինարարական օբյեկտների բնականոն շահագործումը երաշխավորող պայմանների ստեղծման,
3) կառույցի ամբողջական և դրա առանձին կոնստրուկտիվ տարրերի վարքագծի վերահսկողության,
4) վթարային իրավիճակների և կառույցների հարաճող փլուզման ռիսկի նվազեցմանն ուղղված կազմակերպչական միջոցառումների իրականացման: Նշված միջոցառումները մշակվում են խորհրդատու նախագծողի կողմից` համաձայնեցված պատվիրատուի հետ և պետք է ներառվեն տեխնիկական բնութագրերում կամ նախագծային առաջադրանքում:
4.2. Շենքերի և կառուցվածքների կոնստրուկցիաների և
հիմնատակերի երկարակեցությունը
17. Շինարարական օբյեկտի պահանջվող երկարակեցությունն ապահովելու համար դրա նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել.
1) շահագործման պայմաններն ըստ նշանակության,
2) շրջակա միջավայրի սպասվող ազդեցությունը,
3) օգտագործվող նյութերի հատկությունները, դրանք շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից պաշտպանելու հնարավոր միջոցները, ինչպես նաև դրանց հատկությունների դեգրադացման հնարավորությունը,
4) բարձր ագրեսիվ միջավայրերում շահագործվող կառուցվածքներում պոլիմերային կոմպոզիտային ամրանների օգտագործումը համաձայն ԳՕՍՏ 31938-2022 «Պոլիմերային կոմպոզիտային ամրաններ բետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտի:
18. Դինամիկ բեռնվածքներ կամ ազդեցություններ ընդունող կոնստրուկցիաների նախագծման դեպքում հարկ է բացառել լարվածության հնարավոր կենտրոնացումը և, անհրաժեշտության դեպքում, կիրառել պաշտպանության հատուկ միջոցներ (տատանումների մարիչներ, պաշտպանիչ կոնստրուկցիաների ծակոտկենություն, թրթռամեկուսացում և այլն): Դինամիկ բեռնվածքներն ընդունող կոնստրուկտիվ տարրերի նախագծումը պետք է իրականացվի հաշվի առնելով դրանց դիմացկունության և ամրության հոգնածության ստուգիչ հաշվարկի արդյունքները:
19. Շենքերի և կառուցվածքների կոնստրուկցիաների և հիմնատակերի երկարակեցությունն ապահովելու անհրաժեշտ միջոցառումները, հաշվի առնելով նախագծվող օբյեկտների շահագործման կոնկրետ պայմանները, ինչպես նաև դրանց ծառայության հաշվարկային ժամկետը, պետք է որոշի խորհրդատու նախագծողը` համաձայնեցված պատվիրատուի հետ:
20. Ագրեսիվ միջավայրերում շահագործվող կոնստրուկցիաների դեպքում տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման ծավալների նվազեցման նպատակով նախագծային լուծումներով կարող է նախատեսվել բարձր կոռոզիոն դիմադրություն ունեցող պոլիմերային կոմպոզիտային ամրանների կիրառում:
21. Կառուցվածքների մոտավոր ծառայության ժամկետները բերված են աղյուսակ 1-ում` ըստ ԳՕՍՏ 27751-2014 «Շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի հուսալիություն. Հիմնական դրույթներ» ստանդարտի:
Շենքերի և կառուցվածքների մոտավոր ծառայության ժամկետները
Աղյուսակ 1.
._____________________________________________________________________.
|Հ/Հ | Օբյեկտի անվանումը |Մոտավոր |
| | |ծառայության |
| | |ժամկետները |
|____|_________________________________________________|______________|
|1. |Ժամանակավոր շենքեր և կառուցվածքներ (շինարարների |10 տարի |
| |և հերթափոխի անձնակազմի կենցաղային սենքեր, | |
| |ժամանակավոր պահեստներ, ամառային տաղավարներ և | |
| |այլն) | |
|____|_________________________________________________|______________|
|2. |Բարձր ագրեսիվ միջավայրերում շահագործվող |25 տարուց ոչ |
| |կառուցվածքներ (անոթներ և ամբարներ, նավթավերա- |պակաս |
| |մշակման, գազի և քիմիական արդյունաբերության | |
| |խողովակաշարեր, ծովային միջավայրերում գտնվող | |
| |կառույցներ և այլն) | |
|____|_________________________________________________|______________|
|3. |Զանգվածային շինարարության շենքեր և կառուցվածքներ|50 տարուց ոչ |
| |շահագործման սովորական պայմաններում (բնակարանային-|պակաս |
| |քաղաքացիական և արդյունաբերական շինարարության | |
| |շենքեր) | |
|____|_________________________________________________|______________|
|4. |Եզակի շենքեր և կառույցներ (հիմնական թանգարանների|100 տարի և |
| |շենքեր, ազգային և մշակութային արժեքների |ավելին |
| |պահոցներ, հուշարձանային արվեստի գործեր, | |
| |մարզադաշտեր, թատրոններ, մեծաթռիչք կառույցներ և | |
| |այլն) | |
|____|________________________________________________________________|
|5. |Պատող կոնստրուկցիաների ծառայության ժամկետը, համապատասխան |
| |հիմնավորման դեպքում կարող են ընդունվել ավելի կարճ, քան ամբողջ |
| |կառույցինը: |
._____________________________________________________________________.
5. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐ
5.1. Ընդհանուր դրույթներ
22. Շինարարական օբյեկտի սահմանային վիճակները հարկ է բաժանել հետևյալ կերպ.
1) վթարային սահմանային վիճակ, որը համապատասխանում է շենքերի և կառուցվածքների փլուզմանը արտակարգ ազդեցությունների և աղետալի հետևանքներ ունեցող իրավիճակների դեպքում,
2) սահմանային վիճակների առաջին խումբ` շինարարական օբյեկտների վիճակներ, որոնց իրականացումը հանգեցնում են շինարարական օբյեկտների կրողունակության կորստի,
3) սահմանային վիճակների երկրորդ խումբ` վիճակներ, որոնց իրականացումը խաթարում է շինարարական օբյեկտների բնականոն շահագործումը կամ սպառվում է դրանց երկարակեցության պաշարը,
4) հատուկ կամ նախագծային առաջադրանքներում սահմանված այլ սահմանային վիճակներ, որոնք դժվարացնում են շինարարական օբյեկտների բնականոն շահագործումը:
23. Առաջին խմբի սահմանային վիճակներին վերաբերվում են.
1) ցանկացած բնույթի քայքայում (օրինակ` պլաստիկ, փխրուն, հոգնածություն),
2) ձևի կայունության կորուստ,
3) երևույթներ, որոնց դեպքում առաջանում է շահագործման դադարեցման անհրաժեշտություն (օրինակ` նյութի հատկությունների դեգրադացիայի, պլաստիկության, միացություններում տեղաշարժի հետևանքով չափից դուրս դեֆորմացիաներ, ինչպես նաև ճաքերի չափից դուրս բացում):
24. Երկրորդ խմբի սահմանային վիճակներին վերաբերվում են.
1) կոնստրուկցիաների սահմանային դեֆորմացիաների հասնելը (օրինակ` սահմանային ճկումների, շրջման անկյունների) կամ հիմնատակերի սահմանային դեֆորմացիաների հասնելը, որոնք սահմանվում են ելնելով տեխնոլոգիական, կոնստրուկտիվ կամ նպատակային օգտագործման պահանջներից,
2) կոնստրուկցիաների կամ հիմնատակերի տատանումների սահմանային մակարդակների հասնելը, որոնք առաջացնում են մարդու առողջության համար վնասակար ֆիզիոլոգիական ազդեցություններ,
3) շինարարական օբյեկտի բնականոն շահագործումը չխախտող ճաքերի առաջացումը,
4) ճաքերի բացվածքի սահմանային լայնության հասնելը,
5) այլ երևույթներ, որոնք պահանջում են շենքի կամ կառույցի շահագործման ժամանակավոր սահմանափակման անհրաժեշտություն` դրանց աշխատանքային որակների կամ ծառայության հաշվարկային ժամկետի անընդունելի նվազեցման պատճառով (օրինակ` կոռոզիոն վնասվածքներ):
25. Սահմանային վիճակը, որն անհրաժեշտ է հաշվի առնել շինարարական օբյեկտի նախագծման դեպքում, սահմանվում է ՀՀՇՆ 20-02-2024 «Բեռնվածքներ և ազդեցություններ» շինարարական նորմերում կամ նախագծի տեխնիկական առաջադրանքներում: Սահմանային վիճակներին կարող են վերագրվել ինչպես կոնստրուկցիաներին ամբողջությամբ, այնպես էլ դրանց առանձին տարրերին, դրանց միացումներին կամ լայնական հատույթներին:
26. Յուրաքանչյուր սահմանային վիճակի համար, որը անհրաժեշտ է հաշվի առնել նախագծման դեպքում, պետք է սահմանվեն բեռնվածքների և ազդեցությունների համապատասխան հաշվարկային արժեքները, նյութերի և գրունտների բնութագրերը, ինչպես նաև շենքերի և կառուցվածքների կոնստրուկցիաների երկրաչափական հարաչափերը (հաշվի առնելով դրանց հնարավոր ամենաանբարենպաստ շեղումները), հուսալիության մասնավոր գործակիցները, ճիգերի, լարումների, ճկվածքների, տեղաշարժերի և հիմքերի նստվածքների սահմանային թույլատրելի արժեքները:
27. Հաշվի առնվող յուրաքանչյուր սահմանային վիճակի համար պետք է սահմանվեն կառույցի, դրա կոնստրուկտիվ տարրերի և հիմնատակերի հաշվարկային մոդելներ, որոնք նկարագրում են դրանց վարքագիծը դրանց կառուցման և շահագործման առավել անբարենպաստ դեպքերում: Հաշվարկային մոդելների ընտրության դեպքում ընդունված բացթողումները պետք է հաշվի առնվեն աշխատանքային փաստաթղթերը մշակելու դեպքում:
5.2. Հաշվարկ սահմանային վիճակով
28. Շինարարական օբյեկտների հաշվարկները սահմանային վիճակներով պետք է կատարվեն` հաշվի առնելով.
1) դրանց ծառայության հաշվարկային ժամկետը,
2) նյութերի և գրունտների ամրության և դեֆորմատիվ բնութագրերը, որոնք սահմանվում են նորմատիվ փաստաթղթերում կամ նախագծային առաջադրանքներում,
3) շենքերի և կառուցվածքների կառուցման և շահագործման դեպքում առաջացող բեռնվածքների, ազդեցությունների և դրանց զուգակցումների բաշխման առավել անբարենպաստ տարբերակները,
4) շինարարական օբյեկտի սահմանային վիճակներին հասնելու դեպքում անբարենպաստ հետևանքները,
5) կոնստրուկցիաների արտադրության, շենքերի և կառուցվածքների կառուցման պայմանները և դրանց շահագործման առանձնահատկությունները:
29. Հուսալիության ապահովման պայմանն այն է, որ ճիգերի, լարումների, դեֆորմացիաների, տեղաշարժերի և բացված ճաքերի հաշվարկային արժեքները չգերազանցեն սահմանային արժեքները:
30. Շենքերի և կառուցվածքների կրող և պատող կոնստրուկցիաների ճկվածքների և տեղաշարժերի առավելագույն թույլատրելի արժեքները հարկ է սահմանել անկախ կիրառվող նյութերից:
31. Կոնստրուկցիաների հաշվարկը, որոնց համար նախագծման նորմերը չեն պարունակում ճիգերը և լարումները սահմանելու ցուցումներ, հաշվի առնելով ոչ առաձգական դեֆորմացիաները, թույլատրելի է իրականացնել դրանց առաձգական աշխատանքի ենթադրությամբ, ընդ որում կոնստրուկտիվ տարրերի հատույթները թույլատրվում են հաշվարկել հաշվի առնելով ոչ առաձգական դեֆորմացիաները:
32. Հաշվարկի փորձարկված տեսական մեթոդների բացակայության կամ նոր նախկինում չփորձարկված կոնստրուկտիվ լուծումների օգտագործման դեպքում, կոնստրուկցիաների և հիմնատակերի հաշվարկը թույլատրվում է իրականացնել մոդելների կամ բնօրինակային կոնստրուկցիաների վրա անցկացված հատուկ տեսական և փորձարարական հետազոտությունների արդյունքների հիման վրա:
33. Հիմնատակերի հաշվարկման դեպքում անհրաժեշտ է օգտագործել փորձարարական ճանապարհով սահմանված գրունտների ամրության և դեֆորմացիայի բնութագրերը, ինչպես նաև կոնստրուկցիաների հիմնատակի հետ փոխազդեցությունը բնութագրող այլ հարաչափեր:
34. Հատուկ բեռնվածքների ազդեցության տակ հարաճող քայքայման հաշվարկը կատարվում է I և II պատասխանատվության դասերի կառույցների համար:
6. ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6.1. Ընդհանուր սահմանումներ
35. Կախված շինարարական օբյեկտի պատասխան արձագանքից, բեռնվածքներն ու ազդեցությունները բաժանվում են որպես.
1) ստատիկ, որոնց գործողությունների ընթացքում թույլատրվում է հաշվի չառնել շինարարական օբյեկտների արագացումը,
2) դինամիկ, որոնք առաջացնում են շինարարական օբյեկտների նկատելի արագացում:
36. Ազդեցության տեսակը (ստատիկ կամ դինամիկ) սահմանվում է համապատասխան նորմատիվ փաստաթղթերում: Բեռնվածքների դասակարգումը բերված է ՀՀՇՆ 20-02-2024 «Բեռնվածքներ և ազդեցություններ» շինարարական նորմերում:
37. Դինամիկ ազդեցությունների դեպքում շինարարական օբյեկտի արձագանքը գնահատելու համար անհրաժեշտ է օգտագործել համապատասխանող դինամիկ մոդելներ: Այս դեպքում լարվածադեֆորմատիվ վիճակի հարաչափերը (ճիգեր, լարումներ, տեղաշարժեր և այլն) որոշվում են դինամիկ հաշվարկի արդյունքում: Դինամիկ հարվածները թույլատրելի է հասցնել համարժեք ստատիկ բեռների` ի հաշիվ համապատասխան դինամիկության գործակիցների ներմուծման, որոնք հաշվի են առնում կառուցվածքներում առաջացող իներցիոն ուժերը:
38. Գործողության տևողությունից կախված բեռնվածքները հարկ է բաժանել.
1) մշտական բեռնվածքներ` բեռնվածքներ, որոնց հաշվարկային արժեքների փոփոխությունը շինարարական օբյեկտի ծառայության հաշվարկային ժամկետի ընթացքում աննշան է դրանց միջին արժեքների համեմատ: Մշտական բեռներին են վերաբերվում, մասնավորապես, կառույցի մասերի և գրունտների քաշը,
2) երկարատև բեռնվածքներ` բեռնվածքներ, որոնք պահպանում են իրենց հաշվարկային արժեքները երկարատև շահագործման ընթացքում (սարքավորումների, հաստոցների, տեխնոլոգիական սարքավորումների, ամբարների քաշը, սարքավորումները լցնող հեղուկների և պինդ նյութերի քաշը, նախալարումը, ձնային բեռնվածքների և բնակելի ու հասարակական շենքերի ծածկերի վրա մարդկանց քաշից բեռնվածքների նվազեցված արժեքները և այլն),
3) կարճատև բեռնվածքներ` բեռնվածքներ, որոնց հաշվարկային արժեքների գործողության տևողությունը էականորեն փոքր է կառույցի ծառայության ժամկետից (քամու, ջերմաստիճանային և մերկասառույցի ազդեցության հաշվարկային արժեքների, վերամբարձ-տրանսպորտային սարքավորումներից բեռնվածքների, մարդկանց քաշից բեռնվածքների ամբողջական արժեքները, բնակելի ու հասարակական շենքերի ծածկերի վրա ձյան բեռնվածքների և այլն),
4) հատուկ բեռնվածքներ` բեռնվածքներ և ազդեցություններ (օրինակ` պայթյուն, տրանսպորտային միջոցների հետ բախում, սարքավորումների վթար, հրդեհ, երկրաշարժ և կրող կոնստրուկցիայի տարրի խափանում), որոնք ստեղծում են վթարային իրավիճակներ (տես 12-րդ կետը)` հնարավոր աղետալի հետևանքներով:
6.2. Հաշվարկային բեռնվածքներ
39. Բեռնվածքների հիմնական բնութագրեր հանդիսանում են դրանց հաշվարկային կամ նորմատիվ արժեքները, որոնք սահմանվում են համապատասխան նախագծային նորմերով, տեխնիկական պայմաններով կամ նախագծային առաջադրանքներով:
40. Բեռնվածքի հաշվարկային արժեքը այն դեպքերում, երբ դրա նորմատիվ արժեքը սահմանվել է, որոշվում է նորմատիվ արժեքը համապատասխան բեռնվածքի հուսալիության գործակցով բազմապատկելով:
41. Բեռնվածքի նկատմամբ հուսալիության գործակիցը (Y(f)) հաշվի է առնում կառույցների բնականոն շահագործման պայմաններում բեռնվածքների հնարավոր շեղումը իրենց նորմատիվ արժեքներից անբարենպաստ (ավելի մեծ կամ փոքր) ուղղությամբ: Կախված բեռնվածքի բնույթից կամ մի քանի բեռնվածքների զուգակցումից պայմանավորված (Y(f)), գործակիցների արժեքները կարող են լինել տարբեր սահմանային տարբեր վիճակների և տարբեր հաշվարկային իրավիճակների համար:
42. Բնակլիմայական պայմաններից (ձյան և սառցածածկույթային բեռնվածքներ, քամու, ջերմաստիճանի և այլնի ազդեցություններ) կախված բեռնվածքների և ազդեցությունների հաշվարկային արժեքները թույլատրվում է որոշել անմիջապես դրանց հաշվարկային ժամանակահատվածի կրկնության հիման վրա, որը կարող է կախված լինել դիտարկվող սահմանային վիճակից:
43. Երկրորդ խմբի սահմանային վիճակների համար կոնստրուկցիաների հաշվարկման դեպքում կարճաժամկետ բեռնվածքների հաշվարկային արժեքները թույլատրելի է սահմանել հաշվի առնելով շինարարական օբյեկտի բնականոն շահագործման պայմանների խախտման թույլատրելի ժամանակը:
44. Հատուկ բեռնվածքների հաշվարկային արժեքները սահմանվում են ՀՀՇՆ 20-02-2024 «Բեռնվածքներ և ազդեցություններ» շինարարական նորմերում և նախագծման տեխնիկական պայմաններում` հաշվի առնելով կառույցների փլուզման դեպքում հնարավոր սոցիալական և նյութական կորուստները և դրանց փլուզումը կանխելու համար անհրաժեշտ միջոցառումները:
6.3. Բեռնվածքների հաշվարկային զուգակցումներ
45. Յուրաքանչյուր հաշվարկային իրավիճակի համար անհրաժեշտ է հաշվի առնել բեռնվածքների բոլոր հնարավոր անբարենպաստ նախագծային զուգակցումները, որոնք հարկ է սահմանել տարբեր բեռնվածքների միաժամանակյա գործողության բոլոր հնարավոր իրական տարբերակների վերլուծության արդյունքների հիման վրա և հաշվի առնելով ժամանակավոր բեռնվածքների կիրառման տարբեր սխեմաների իրագործման հնարավորությունը կամ դրանցից որոշների բացակայությունը: Բեռնվածքների հնարավոր զուգակցումները պահանջվում է որոշել ՀՀՇՆ 20-02-2024 «Բեռնվածքներ և ազդեցություններ» և ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերով:
46. Մի քանի բեռնվածքներով իրենց հաշվարկային արժեքներին միաժամանակյա հասնելու հավանականության նվազումը, համեմատած մեկ բեռնվածքով իր գնահատված արժեքին հասնելու հավանականության հետ, հաշվի է առնվում բեռնվածքների զուգակցումների գործակիցներով (փսի), որոնց արժեքը չպետք է գերազանցի 1,0-ը:
47. Կախված հաշվի առնվող բեռնվածքների կազմից, հարկ է տարբերակել.
1) բեռնվածքների հիմնական զուգակցումները, որոնք բաղկացած են մշտական, երկարատև և կարճաժամկետ բեռնվածքներից,
2) բեռնվածքների հատուկ զուգակցումները, որոնք բաղկացած են մշտական, երկարատև, կարճաժամկետ և, որպես կանոն, հատուկ բեռնվածքներից մեկից:
48. Նվազեցված և ամբողջական նորմատիվ արժեքներ ունեցող բեռնվածքները (ձյան բեռնվածքներ, բնակելի և հասարակական շենքերի ծածկերի վրա մարդկանց քաշից առաջացող բեռնվածքներ) պետք է ներառվեն բեռնվածքների համադրման մեջ որպես կամ երկարաժամկետ կամ կարճաժամկետ:
49. Հատուկ զուգակցումներում կարճաժամկետ բեռնվածքները թույլատրվում է անտեսել:
50. Հաշվարկային բեռնվածքների զուգակցումները և զուգակցված գործակիցների թվային արժեքները սահմանվում են ՀՀՇՆ 20-02-2024 «Բեռնվածքներ և ազդեցություններ» շինարարական նորմերում:
7. ՇԵՆՔԵՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԴՐԱՆՑ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ
51. Շենքերի, կառուցվածքների, դրանց կյանքի ցիկլի բոլոր փուլերում իրականացվող գործընթացների անվտանգությունն ապահովվում է շենքերի, կառուցվածքների հարաչափերի և որակական բնութագրերի նախագծային արժեքների անվտանգության համապատասխան պահանջների սահմանման միջոցով` շենքերի, կառուցվածքների կյանքի ամբողջ ցիկլի ընթացքում, շինարարության, վերակառուցման, հիմնանորոգման (այսուհետ` նաև շինարարություն) գործընթացում նշված արժեքների ու բնութագրերի իրագործման, ինչպես նաև շենքերի, կառուցվածքների շահագործման և քանդման գործընթացում այդպիսի հարաչափերի և բնութագրերի վիճակը պահանջվող մակարդակում պահպանման միջոցով:
52. Շենքերի, կառուցվածքների, դրանց կյանքի ցիկլի բոլոր փուլերում իրականացվող գործընթացների անվտանգությունն ապահովվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի, շինարարական նորմերի, կանոնների հավաքածուների, ազգային ստանդարտների և Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով գործողության մեջ դրված միջազգային, տարածաշրջանային ստանդարտների պահանջների ապահովմամբ:
8. ՇԵՆՔԵՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8.1. Մեխանիկական անվտանգության պահանջները
53. Շենքի կամ կառուցվածքի շինարարական կոնստրուկցիաները և հիմնատակը պետք է բավարարեն այնպիսի ամրության և կայունության, որպեսզի շինարարության և շահագործման ընթացքում չառաջանա մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքին, շրջակա միջավայրին, ինչպես նաև կենդանիներին ու բույսերին վնաս հասցնելու սպառնալիք հետևյալ պատճառներով.
1) առանձին շինարարական կրող կոնստրուկցիաների կամ դրանց մասերի քայքայում,
2) ամբողջ շենքի, կառուցվածքի կամ դրանց մասի քայքայում,
3) շենքի կամ կառուցվածքի շինարարական կոնստրուկցիաների, հիմնատակի և հարակից տարածքի երկրաբանական զանգվածների անընդունելի մեծության դեֆորմացիաներ,
4) շենքի կամ կառուցվածքի մի մասի, ինժեներատեխնիկական ապահովման համակարգերի վնասվածքներ` շինարարական կրող կոնստրուկցիաների դեֆորմացիայի, տեղաշարժի կամ կայունության կորստի հետևանքով, այդ թվում ուղղաձգությունից շեղումներ:
8.2. Հրդեհային անվտանգության պահանջները
54. Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգությունն ապահովվում է «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի, ՏԿ 043/2017 ԵԱՏՄ «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի և ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
8.3. Անվտանգության պահանջները վտանգավոր բնական պրոցեսների,
երևույթների և (կամ) մարդածին ազդեցությունների դեպքում
55. Շենքը կամ կառուցվածքը, որը գտնվում է վտանգավոր բնական պրոցեսների ու երևույթների, մարդածին ազդեցությունների առաջացման տարածքում, պետք է նախագծվի և կառուցվի այնպես, որ շենքի կամ կառուցվածքի շահագործման ընթացքում վտանգավոր բնական պրոցեսներն ու երևույթները և մարդածին ազդեցությունները չառաջացնեն սույն նորմերի 8.1-ին ենթաբաժնում նշված հետևանքները` մարդկանց կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքին, շրջակա միջավայրին, կենդանիներին և բույսերին վնաս հասցնելու սպառնալիք ստեղծող այլ իրադարձություններ:
8.4. Շենքերում և կառուցվածքներում մարդու առողջության համար անվտանգ
բնակության և կեցության պայմանների պահանջները
56. Շենքը կամ կառուցվածքը պետք է նախագծվի և կառուցվի այնպես, որ շենքում կամ կառուցվածքում մարդու բնակության և կեցության դեպքում ֆիզիկական, կենսաբանական, քիմիական, ճառագայթային կամ այլ ազդեցությունների հետևանքով մարդու վրա վնասակար ազդեցություն չլինի:
57. Շենքը կամ կառուցվածքը պետք է նախագծվի և կառուցվի այնպես, որ շենքի կամ կառուցվածքի շահագործման ընթացքում ապահովվեն շենքերում և կառույցներում մարդու բնակության և կեցության անվտանգ պայմաններ` ըստ հետևյալ ցուցանիշների.
1) օդի որակը շենքերի և կառուցվածքների արտադրական, բնակելի և այլ սենքերում և արտադրական շենքերի ու կառուցվածքների աշխատանքային գոտիներում,
2) խմելու, տնտեսական և կենցաղային կարիքների համար օգտագործվող ջրի որակը,
3) բնակելի, հասարակական և արտադրական շենքերի սենքերի արևահարումը (ինսոլյացիան) և արևապաշտպանությունը,
4) սենքերի բնական և արհեստական լուսավորությունը,
5) բնակելի և հասարակական շենքերում և արտադրական շենքերի և կառուցվածքների աշխատանքային գոտիներում պաշտպանությունը աղմուկից,
6) սենքերի միկրոկլիման,
7) խոնավության կարգավորումը շինարարական կոնստրուկցիաների մակերևույթի վրա և ներսում,
8) բնակելի և հասարակական շենքերի սենքերում թրթռման մակարդակը և արտադրական շենքերի և կառուցվածքների աշխատանքային գոտիներում տեխնոլոգիական թրթռման մակարդակը,
9) էլեկտրամագնիսական դաշտի լարվածության մակարդակը բնակելի և հասարակական շենքերում և արտադրական շենքերի ու կառուցվածքների աշխատանքային գոտիներում, ինչպես նաև հարակից տարածքներում,
10) իոնացնող ճառագայթման մակարդակը բնակելի և հասարակական շենքերում և արտադրական շենքերի ու կառուցվածքների աշխատանքային գոտիներում, ինչպես նաև հարակից տարածքներում:
8.5. Շենքերի և կառուցվածքների օգտագործողների համար
անվտանգության պահանջները
58. Շենքը կամ կառուցվածքը պետք է նախագծված և կառուցված լինի, իսկ շենքի կամ կառուցվածքի օգտագործման համար անհրաժեշտ տարածքը պետք է բարեկարգված լինի այնպես, որ շենքի կամ կառուցվածքի շահագործման ընթացքում չառաջանան շենքերը և կառուցվածքները օգտագործող մարդկանց համար դժբախտ դեպքերի և վնասվածքների հասցման սպառնալիք` սայթաքման, ընկնելու, բախման, այրվածքների, էլեկտրահարման, ինչպես նաև պայթյունի հետևանքով:
8.6. Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ
խմբերի համար շենքերի և կառուցվածքների մատչելիության պահանջները
59. Բնակելի շենքերը, ինժեներական, տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները պետք է նախագծվեն և կառուցվեն այնպես, որ ապահովվի դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
60. Տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները պետք է սարքավորված լինեն հատուկ հարմարանքներով, որոնք թույլ են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերին անխոչընդոտ օգտվել տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում մատուցվող ծառայություններից:
8.7. Շենքերի և կառուցվածքների էներգաարդյունավետության պահանջները
61. Շենքերը և կառուցվածքները պետք է նախագծվեն և կառուցվեն այնպես, որ դրանց շահագործման ընթացքում ապահովվի էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և բացառվի այդպիսի ռեսուրսների անհիմն սպառումը:
62. Շենքերի պատող կոնստրուկցիաներում ջերմային կամրջակների առաջացումը բացառելու և էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով բազմաշերտ պատերում որպես ճկուն կապեր կարող են կիրառվել ցածր ջերմահաղորդականություն ունեցող կոմպոզիտային ամրաններ:
8.8. Շրջակա միջավայրի վրա շենքերի և կառուցվածքների ազդեցության
անվտանգ մակարդակի պահանջները
63. Շենքերը և կառուցվածքները պետք է նախագծվեն այնպես, որ դրանց կառուցման և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության սպառնալիք չլինի:
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում