Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 20-01-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 20-01-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՏԱԿԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

7 հուլիսի 2026 թվականի N 23-Ն

 

ՀՀՇՆ 20-01-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՏԱԿԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

9. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

64. Ինժեներական հետազննությունների արդյունքները պետք է լինեն հավաստի և բավարար շենքի կամ կառուցվածքի հարաչափերի և այլ նախագծային բնութագրերի նախագծային արժեքները, ինչպես նաև դրա անվտանգության ապահովմանն ուղղված նախագծվող միջոցառումները սահմանելու համար: Ինժեներական հետազննությունների արդյունքների կազմում հաշվարկային տվյալները պետք է հիմնավորված լինեն ինժեներական հետազննություններ կատարող անձի կողմից և պարունակեն շենքի կամ կառուցվածքի կառուցման և շահագործման ընթացքում դրանց արժեքների փոփոխությունների կանխատեսում:

65. Շենքի կամ կառուցվածքի նախագծային փաստաթղթերում նախագծային փաստաթղթերը մշակող անձի կողմից պետք է հաշվի առնվի քաղաքաշինական գործունեության մասին օրենսդրությանը համապատասխան կառուցապատողի (պատվիրատուի) կողմից տրամադրվող ելակետային տվյալները: Ճարտարապետաշինարարական նախագծման իրականացման ելակետային տվյալները պետք է ցույց տան նախագծվող շենքի կամ կառուցվածքի պատասխանատվության մակարդակը, որը սահմանված է սույն նորմերի 13-րդ բաժնի դրույթներին համաձայն:

66. Շենքի կամ կառուցվածքի նախագծային փաստաթղթերը պետք է նախատեսեն ճարտարապետական, ֆունկցիոնալ, տեխնոլոգիական, կոնստրուկտիվ, ինժեներատեխնիկական և այլ լուծումներ ու միջոցառումներ, որոնք ապահովում են շենքի, կառուցվածքի, դրանց կյանքի ցիկլի բոլոր փուլերում իրականացվող գործընթացների անվտանգությունը մարդկանց և շրջակա միջավայրի համար:

67. Նախագծային փաստաթղթերը պետք է մշակվեն անհրաժեշտ ծավալով` շենքի կամ կառուցվածքի անվտանգությունը, շինարարական կոնստրուկցիաների տարրերի, ինժեներատեխնիկական ապահովման ցանցերի և ինժեներատեխնիկական ապահովման համակարգերի հասանելիությունը ապահովելու համար, դրանց հարաչափերի և այլ բնութագրերի փաստացի արժեքները, ինչպես նաև շենքի կամ կառուցվածքի անվտանգության վրա ազդող նյութերի, արտադրանքի և սարքերի հարաչափերը որոշելու համար` դրա շինարարության և շահագործման ընթացքում:

68. Շենքի կամ կառուցվածքի նախագծային փաստաթղթերը պետք է օգտագործվեն որպես հիմնական փաստաթուղթ շենքի կամ կառուցվածքի կյանքի ցիկլի բոլոր հաջորդ փուլերում շենքի կամ կառույցի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

 

10. ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

69. Նյութերի և գրունտների հատկությունները, ինչպես նաև դրանց փոփոխականությունը, հարկ է որոշել համապատասխան նմուշների փորձարկումների արդյունքների կամ դրանց չվնասող ստուգման մեթոդների հիման վրա: Փորձարկումներն անհրաժեշտ է իրականացնել նյութերի դիտարկվող համախումբը (խմբաքանակը) ներկայացնող նմուշների վրա` հաշվի առնելով դրանց արտադրության, ընդունման և մատակարարման պայմանները:

70. Նմուշների փորձարկման ընթացքում ստացված տվյալները պետք է վերածվեն նյութերի հաշվարկային բնութագրերի, որոնք օգտագործվում են շինարարական օբյեկտների հաշվարկման դեպքում: Ընդ որում հարկ է հաշվի առնել հնարավոր նյութի հատկությունների տարբերությունները նմուշներում և իրական կոնստրուկցիաներում (չափսային և ժամանակավոր էֆեկտներ, ջերմաստիճանային և խոնավության պայմանների տարբերություններ և այլն):

71. Նախագծման դեպքում որպես նյութերի հիմնական ամրության բնութագրեր ծառայում են դրանց ամրության բնութագրերի նորմատիվ արժեքները:

72. Ընդունման վերահսկում կամ տեսակավորում անցած նյութերի համար դրանց ամրության բնութագրերի նորմատիվ արժեքների ապահովումը պետք է լինի ոչ պակաս, քան 0,95:

73. Բարձր կամ ցածր ջերմաստիճաններում, բարձր խոնավության, կրկնակի ազդեցությունների և այլ պայմաններում կոնստրուկցիաների հաշվարկման դեպքում հարկ է հաշվի առնել ժամանակի մեջ հնարավոր փոփոխությունները, առաջին հերթին` նյութի ֆիզիկամեխանիկական հատկությունների դեգրադացումը (ամրության, առաձգականության, խոնավության, մածուցիկության, սողանքի, նստվածքի):

74. Այլ հարաչափերից կախված նյութերի ջերմային բնութագրերի նորմատիվ արժեքները կարող են ստացվել հաշվարկի միջոցով` ՀՀՇՆ 24-01-2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն» և ՀՀՇՆ II-7.02-95 «Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների. Նախագծման նորմեր» շինարարական նորմերում ընդունված դրույթների հիման վրա:

75. Որպես գրունտների մեխանիկական հատկությունների հիմնական հարաչափեր հարկ է սահմանել ամրության, դեֆորմացիայի և գրունտների այլ ֆիզիկամեխանիկական բնութագրերի նորմատիվ կամ հաշվարկային արժեքներ, որոնք որոշվում են շինարարական օբյեկտի վայրի ինժեներաերկրաբանական հետազոտությունների տվյալների կամ նախագծման և շինարարության փորձի հիման վրա համաձայն ՀՀՇՆ IV-10.01.01- 2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմերի: Գրունտի բնութագրերի կամ հարաչափերի նորմատիվ արժեքները, որոնք որոշում են հիմքերի փոխազդեցությունը գրունտի հետ, հարկ է ընդունել հավասար դրանց մաթեմատիկորեն սպասվող արժեքին, եթե վերապահված չեն այդ արժեքները որոշող այլ պայմաններ:

76. Նյութերի և գրունտների ամրության և այլ բնութագրերի հնարավոր շեղումները դրանց նորմատիվ արժեքներից անբարենպաստ ուղղությամբ հարկ է հաշվի առնել ըստ նյութի հուսալիության գործակիցներով (Y(m)): Այդ գործակիցների արժեքները կարող են տարբեր լինել տարբեր սահմանային վիճակների համար:

77. Որպես նյութի կամ գրունտի բնութագրի հաշվարկային արժեք ծառայում է այն արժեքը, որը ստացվում է բնութագրի նորմատիվ արժեքը բաժանելով նյութի կամ գրունտի հուսալիության գործակցի (Y(m)) վրա: Գրունտի և նյութի բնութագրերի հաշվարկային արժեքները թույլատրվում է որոշել անմիջապես ըստ փորձարարական տվյալների:

 

11. ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

78. Կոնստրուկցիաների երկրաչափական չափերը մոնտաժման փուլում չպետք է տարբերվեն իրենց նախագծային արժեքներից ավելին, քան ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 58942-2022 «Շինարարությունում երկրաչափական հարաչափերի ճշտության ապահովման համակարգ. Տեխնոլոգիական թույլտվանքներ» ստանդարտում նշված թույլատրելի մեծությունը:

79. Շենքերի և կառուցվածքների կոնստրուկցիաների հաշվարկման դեպքում հարկ է հաշվի առնել դրանց երկրաչափական չափերի որոշման հնարավոր անճշտությունները: Այդպիսի անճշտությունների մեծությունը հարկ է որոշել հաշվի առնելով կոնստրուկցիաների արտադրության և մոնտաժման պայմանները:

80. Կոնստրուկցիաների երկրաչափական հարաչափերը, որոնց փոփոխականությունը աննշան է (թույլատրելի հատույթի երկրաչափության, գլանվածքի չափերի և այլնի նկատմամբ), կարող են ընդունվել ըստ նախագծային արժեքների:

81. Այն դեպքերում, երբ երկրաչափական հարաչափերի շեղումները նախագծային արժեքներից էական ազդեցություն ունեն կոնստրուկցիաների աշխատանքի վրա (օրինակ` էական արտակենտրոնություններ, շեղումներ ուղղաձիգից կամ տրված ձևից, հատույթների չափերի փոփոխություններ նյութերի հատկությունների դեգրադացման հետևանքով), ապա դրանք հարկ է հաշվի առնել կոնստրուկցիաների հաշվարկային մոդելներում` համաձայն ՀՀՇՆ 52-01-2021 «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի ցուցումների:

82. Այն դեպքերում, երբ երկրաչափական անճշտությունները կրում են համակարգված բնույթ, ապա նպատակահարմար է դրանք փոխհատուցել ի հաշիվ կոնստրուկտիվ կամ տեխնոլոգիական միջոցառումների օգտագործման:

83. Նախագծային թույլատրելի շեղումների նկատմամբ կոնստրուկցիաների երկրաչափական հարաչափերի մոնտաժման փուլում իրական շեղումների համապատասխանության վերահսկողությունը հարկ է իրականացնել ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 58942-2022 «Շինարարությունում երկրաչափական հարաչափերի ճշտության ապահովման համակարգ. Տեխնոլոգիական թույլտվանքներ» ստանդարտի պահանջներին համապատասխան:

 

12. ՆՅՈՒԹԵՐԻ, ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՏԱԿԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

84. Իրական շահագործման պայմաններից շինարարական օբյեկտի ընդունված նախագծային սխեմայի հնարավոր շեղումները հարկ է հաշվի առնել ի հաշիվ աշխատանքի պայմանների գործակիցների (Y(d)) ներմուծման:

85. Աշխատանքի պայմանների գործակիցները անհրաժեշտ է սահմանել կոնստրուկցիաների և հիմնատակերի հաշվարկը կանոնակարգող նորմերում` փորձարարական և տեսական տվյալների, ինչպես նաև շահագործման և աշխատանքի իրականացման պայմաններում նյութերի, կոնստրուկցիաների և հիմնատակերի իրական աշխատանքի հիման վրա:

 

13. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

86. Շենքի կամ կառուցվածքի ընդունված կոնստրուկտիվ լուծումների անվտանգությունը հիմնավորող հաշվարկները պետք է կատարվեն հաշվի առնելով նախագծվող շենքի կամ կառուցվածքի պատասխանատվության մակարդակը: Այդ նպատակով շինարարական կոնստրուկցիաների տարրերում և շենքի կամ կառուցվածքի հիմնատակում ճիգերի հաշվարկային արժեքները պետք է որոշվեն` հաշվի առնելով հուսալիության գործակիցը ըստ պատասխանատվության, որի ընդունված արժեքը չպետք է ցածր լինի ԳՕՍՏ 27751-2014 «Շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի հուսալիություն. Հիմնական դրույթներ» ստանդարտում բերված արժեքից:

87. Կառուցվածքների օրինակելի դասակարգումը ըստ պատասխանատվության աստիճանի պետք է համապատասխանի ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին:

88. Շենքերի և կառույցների պատասխանատվության աստիճանը, ինչպես նաև պատասխանատվության գործակցի (Y(n)) թվային արժեքները սահմանվում են հնարավոր նյութական վնասի և սոցիալական կորուստների մակարդակով (դասով), որոնք կապված են օբյեկտի շահագործման դադարեցման կամ ամբողջականության կորստի հետ:

89. Հնարավոր սոցիալական կորուստները պետք է գնահատվեն` կախված կորուստների այնպիսի ռիսկի գործոններից, ինչպիսիք են`

1) մարդկանց առողջությանը և կյանքին սպառնացող վտանգը,

2) շենքերի և կառույցներին հարակից տարածքում էկոլոգիական իրավիճակի կտրուկ վատթարացումը (թունավոր հեղուկի կամ գազի պահեստավորման օբյեկտների ոչնչացման, կենտրոնական կոյուղու համակարգերի մաքրման օբյեկտների խափանման ժամանակ),

3) պատմամշակութային հուշարձանների կամ այլ հոգևոր արժեքների կորուստը,

4) կապի համակարգերի և ցանցերի, էներգամատակարարման, տրանսպորտի կամ բնակչության կենսաապահովման կամ հասարակության բնականոն կենսագործունեության պայմանների խաթարումը,

5) վթարների և բնական աղետների դեպքում բնակչությանն արագ արձագանքման ուժերի կողմից անհապաղ օգնություն ցուցաբերելու կարողությունը,

6) երկրի պաշտպանունակությանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը:

90. Շենքերի և կառույցների պատասխանատվության մակարդակները հարկ է սահմանել` հաշվի առնելով.

1) շենքերի և կառույցների երկարակեցությանը ներկայացվող պահանջները,

2) նախագծային աշխատանքների, կատարված ինժեներական հետազոտությունների և փորձարարական ուսումնասիրությունների անվանակարգը, ծավալը և որակը,

3) կոնստրուկցիաների նախագծման, արտադրության և մոնտաժման ընթացքում գիտական ուղեկցումը,

4) շինարարական օբյեկտների ընդունման, փորձարկման, շահագործման և տեխնիկական ախտորոշման կանոնները,

5) շենքերի և կառույցների վերգետնյա և ստորգետնյա մասերի կոնստրուկտիվ առանձնահատկությունները:

91. Շենքերի և կառույցների պատասխանատվության աստիճանի հուսալիության գործակցի վրա հարկ է բազմապատկել այն ազդեցությունները, որոնք որոշվում են սահմանային վիճակների առաջին խմբի հաշվարկների դեպքում: Սահմանային վիճակների երկրորդ խմբի հաշվարկների դեպքում պատասխանատվության աստիճանի գործակիցը (Y(n)) թույլատրվում է ընդունել մեկին հավասար: Շենքերի տարբեր տարրերի համար կարող են օգտագործվել (Y(n))-ի տարբեր արժեքներ:

 

14. ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ (ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

92. Ըստ ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) օբյեկտները և դրանց դասակարգումը սահմանված են ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ: Նոր կառուցվող, վերակառուցվող և երկրաշարժերից վնասված ու վերականգնման ենթակա բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային և հիդրոտեխնիկական շենքերի և կառուցվածքների նախագծումն անհրաժեշտ է իրականացնել ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

 

15. ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

93. Շինարարական օբյեկտների հաշվարկային մոդելները (հաշվարկային սխեմաները) պետք է արտացոլեն դրանց աշխատանքի իրական պայմանները և համապատասխանեն դիտարկվող հաշվարկային իրավիճակին: Ընդ որում պետք է հաշվի առնվեն դրանց կոնստրուկտիվ առանձնահատկությունները, ընդհուպ մինչև դիտարկվող սահմանային վիճակին համապատասխան վարքագծի առանձնահատկությունները, ինչպես նաև գործող բեռնվածքներն ու ազդեցությունները, այդ թվում արտաքին միջավայրի ազդեցությունը:

94. Հաշվարկային սխեման իր մեջ ներառում է.

1) բեռնվածքների և ազդեցությունների հաշվարկային մոդելներ,

2) կոնստրուկտիվ տարրերի և հիմնատակերի լարվածա-դեֆորմատիվ վիճակը նկարագրող հաշվարկային մոդելներ,

3) շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի սեյսմիկ բեռնվածքների ազդեցությունների հաշվարկային մոդելներ,

4) դիմադրության հաշվարկային մոդելներ:

95. Բեռնվածքների հաշվարկային մոդելները պետք է նկարագրեն դրանց թվային արժեքները, գործադրման տեղը, գործողության ուղղությունը և տևողությունը: Որոշ դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել բեռնվածքների կախվածությունը կառուցվածքի ռեակցիայից (օրինակ` աերոառաձգական էֆեկտները քամու հոսքի և ճկուն կառուցվածքների փոխգործողության դեպքում): Այն դեպքերում, եթե անհնար է ճշգրիտ նկարագրել բեռնվածքների հարաչափերը, նպատակահարմար է մի քանի հաշվարկների կատարումը տարբեր վարկածներով:

96. Լարվածաձևախախտված վիճակի հաշվարկային մոդելները պետք է իրենց մեջ ներառեն որոշիչ հարաբերակցությունները, որոնք նկարագրում են.

1) կառուցվածքների և դրանց կոնստրուկտիվ տարրերի ռեակցիան դինամիկ և ստատիկ բեռնվածքների ազդեցության դեպքում, հաշվի առնելով սեյսմիկ ազդեցությունների մակարդակը,

2) կոնստրուկտիվ տարրերի փոխազդեցությունը միմյանց և հիմնատակի հետ:

3) ընդ որում պետք է սահմանվեն.

ա. կոնստրուկտիվ տարրերի և հիմնատակի առաձգական կամ ոչ առաձգական բնութագրերը,

բ. կոնստրուկցիաների երկրաչափորեն գծային կամ ոչ գծային աշխատանքը բնութագրող հարաչափերը,

գ. ֆիզիկական և հոսունության (ռեոլոգիական) հատկությունները, ձևափոխությունների էֆեկտները (հետևանքները),

դ. բարձր ագրեսիվ միջավայրերում բետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար պոլիմերային կոմպոզիտային ամրանների կիրառումը համաձայն ԳՕՍՏ 31938-2022 «Պոլիմերային կոմպոզիտային ամրաններ բետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտի:

97. Շինարարական օբյեկտների բեռնվածքների և ազդեցությունների դիմադրության հաշվարկային մոդելները բաժանվում են.

1) տեղային ամրության և կայունության հաշվարկային մոդելներ, տարրի ամրության և կայունության մոդելներ, համակարգի ընդհանուր ամրության և կայունության մոդելներ,

2) ակնթարթային ամրության և կայունության հաշվարկային մոդելներ և կուտակային էֆեկտներ ներառող մոդելներ (օրինակ` փխրուն փլուզում, հոգնածություն, կուտակային ճկվածք և այլն),

3) հիմնատակի ամրության և դեֆորմացիայի հաշվարկային մոդելներ:

98. Նախկինում կառուցված շենքերին և կառույցներին հարող նոր շենքերի և կառուցվածքների կառուցման դեպքում (կամ դրանց անմիջական հարևանությամբ կառուցվող) անհրաժեշտ է հաշվի առնել դրանց հնարավոր փոխադարձ ներգործությունը:

99. Նախագծային առաջադրանքում կամ հատուկ տեխնիկական պայմաններում սահմանված հատուկ դեպքերում հաշվարկի մի մասը անհրաժեշտ է իրականացնել իրական շինարարական օբյեկտների կամ դրանց մոդելների փորձարարական ուսումնասիրությունների տվյալների հիման վրա: Նման փորձարկումների նախապատրաստումն ու կատարումը և ստացված արդյունքների գնահատումը հարկ է իրականացնել այնպես, որ փորձարարական պայմանները նման լինեն նախագծվող կոնստրուկցիայի աշխատանքի պայմաններին (դրա շահագործման կամ կառուցման ընթացքում): Այն պայմանները, որոնք չեն բավարարվում փորձարկման գործընթացում (օրինակ` երկարաժամկետ բնութագրերը), անհրաժեշտ է հաշվի առնվեն նախագծման դեպքում` ստացված արդյունքների վերլուծության հիման վրա և, անհրաժեշտության դեպքում, ի հաշիվ հուսալիության գործակիցների ներդրման:

 

16. ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

100. Նախագծային արտադրանքի, արտադրվող նյութերի, արտադրանքի, կոնստրուկցիաների, ինչպես նաև շենքերի և կառուցվածքների կառուցման ընթացքում կատարված աշխատանքների որակի վերահսկողությունը պետք է ուղղված լինի տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտներով, շինարարական նորմերով և կանոններով կարգավորվող որակի ցուցանիշների ապահովմանը:

101. Վերահսկողության ենթակա են նյութերը, արտադրանքը և կոնստրուկցիաները դրանց ստեղծման և կիրառման բոլոր փուլերում, այդ թվում.

1) նախագծի մշակման դեպքում,

2) հետազոտական աշխատանքների իրականացման դեպքում,

3) նյութերի, արտադրանքի և կոնստրուկցիաների արտադրության դեպքում,

4) շինարարական օբյեկտների կառուցման փուլում,

5) դրանց շահագործման և վերանորոգման ժամանակաշրջանը:

102. Կատարվող վերահսկողական գործողությունների ցանկը անհրաժեշտ է սահմանել նախագծային նորմերում, աշխատանքների կատարման կանոններում, արտադրանքի մատակարարման ստանդարտներում և տեխնիկական պայմաններում: Վերահսկողական գործողությունների այդ ցանկերը և ծավալները թույլատրվում է ճշգրտել նախագծային փաստաթղթերում` շինարարական օբյեկտների ճարտարապետական և առանձնահատկությունների, դրանց կառուցման և հետագա շահագործման պայմանների հիման վրա:

103. Նախագծման փուլում վերահսկողության դեպքում, որպես կանոն, անհրաժեշտ է նախատեսել ստուգում այն բանի, որ.

1) նախագծման ընթացքում ընդունված պահանջներն ու պայմանները համապատասխանում են գործող նորմերին,

2) օգտագործվել են օբյեկտիվ հաշվարկային մոդելներ, իսկ հաշվարկները կատարվել են անհրաժեշտ ճշգրտությամբ, այդ նպատակների համար խորհուրդ է տրվում կատարել զուգահեռ հաշվարկներ` օգտագործելով անկախ մշակված, հավաստագրված ծրագրային միջոցներ, հաշվարկային սխեմաների և ստացված հաշվարկային արդյունքների համեմատական վերլուծություն,

3) գծագրերը և այլ նախագծային փաստաթղթերը համապատասխանում են հաշվարկային արդյունքներին և նորմերի պահանջներին,

4) նորմատիվ փաստաթղթերով չկարգավորված ըստ պահանջների տեխնիկական լուծումներն ընդունվել են պատշաճ հիմնավորումների հիման վրա:

104. Նյութերի, արտադրանքի և կոնստրուկցիաների որակի գնահատումը հարկ է իրականացնել գործող օրենսդրությամբ նախատեսված հավաստագրման համակարգի շրջանակներում:

105. Շենքերի և կառուցվածքների կառուցման և վերակառուցման դեպքում շինմոնտաժային աշխատանքների վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:

106. Շինարարական օբյեկտների շահագործման պայմանների կատարման վերահսկողությունն իրականացվում է գործող նորմատիվ փաստաթղթերի հիման վրա:

 

17. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

107. Շենքի կամ կառուցվածքի անվտանգությունը շահագործման ընթացքում պետք է ապահովվի տեխնիկական սպասարկման, պարբերական դիտարկումների ու վերահսկողական ստուգումների, շինարարական կոնստրուկցիաների և ինժեներատեխնիկական ապահովման համակարգերի վիճակի մոնիթորինգի, ինչպես նաև շենքի կամ կառուցվածքի ընթացիկ նորոգումների միջոցով:

108. Շենքի կամ կառուցվածքի շահագործման ընթացքում շինարարական կոնստրուկցիաների և ինժեներատեխնիկական ապահովման համակարգերի հարաչափերը և այլ բնութագրերը պետք է համապատասխանեն նախագծային փաստաթղթերի պահանջներին: Նշված համապատասխանությունը պետք է պահպանվի տեխնիկական սպասարկման և հաստատվի պարբերական դիտարկումների և վերահսկողական ստուգումների, շինարարական կոնստրուկցիաների և ինժեներատեխնիկական ապահովման համակարգերի վիճակի մոնիթորինգի ընթացքում, որոնք կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

109. Շենքերի և կառուցվածքների շահագործումը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի շենքերի և կառուցվածքների համապատասխանությունը էներգաարդյունավետության պահանջներին և օգտագործվող էներգետիկ ռեսուրսների հաշվառման սարքերով սարքավորվածության պահանջներին` շահագործման ամբողջ ժամկետի ընթացքում:

 

18. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

110. Շինարարական օբյեկտների տեխնիկական վիճակը հարկ է գնահատել հետևյալ դեպքերում.

1) օբյեկտի վերակառուցման դեպքում, որի ընթացքում առկա կրող համակարգին ավելացվում են կոնստրուկցիայի նոր տարրեր,

2) ստուգման ընթացքում` որոշելու համար, թե արդյոք գոյություն ունեցող կոնստրուկցիան կարող է դիմակայել բեռնվածքներին` կապված տվյալ օբյեկտի օգտագործման առնչությամբ սպասվող շահագործման փոփոխությունների հետ,

3) երկարատև շահագործման ընթացքում մաշվածության ենթարկված կոնստրուկցիաների վերանորոգման դեպքում,

4) վթարային ազդեցությունների ենթարկվելու հետևանքով կոնստրուկցիաների շահագործման համար պիտանիության գնահատման ընթացքում (օրինակ` երկրաշարժից, հրդեհից, պայթուցիկ ազդեցություններից և այլնից հետո),

5) օբյեկտի ծառայության հաշվարկային ժամկետի ավարտից հետո:

111. Տեխնիկական վիճակի ստուգումը և գնահատումը կատարվում է տեխնիկական սպասարկման պլանի համաձայն` սեփականատերերի կամ կառավարման համապատասխան մարմինների պահանջով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի «Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգը հաստատելու մասին» N 1745-Ն որոշմամբ սահմանված կարգով:

112. Տեխնիկական վիճակի գնահատման դեպքում գոյություն ունեցող կոնստրուկցիաների վերլուծությունը և հաշվարկը անհրաժեշտ է իրականացնել 4-14-րդ բաժիններում նշված ընդհանուր կանոնների և հետազոտության արդյունքների հիման վրա: Սկզբնական կոնստրուկցիայի նախագծման ժամանակահատվածում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև չնորմավորված կանոնների և մեթոդների կիրառման վրա հիմնված արդյունքները կարող են օգտագործվել միայն որպես օժանդակ նյութեր:

113. Տեխնիկական վիճակի գնահատման փուլում կոնստրուկցիաների վերլուծություն և հաշվարկ կատարելու դեպքում կոնստրուկցիաների տարրերի և դրանց միացումների չափերը թույլատրվում է ընդունել սկզբնական նախագծային փաստաթղթերին համապատասխան, այն դեպքում, եթե հետազոտության ընթացքում էական շեղումներ չեն հայտնաբերվել: Հակառակ դեպքում անհրաժեշտ է օգտագործել ուղղակի չափումների և բնեղեն հետազոտությունների արդյունքները:

114. Շինարարական օբյեկտի տեխնիկական վիճակը գնահատելու համար հաշվարկներ կատարելու դեպքում բեռնվածքները և կլիմայական ազդեցությունները պետք է համապատասխանեն փաստացի իրավիճակին:

115. Նյութերի հատկությունները հարկ է դիտարկել կոնստրուկցիայի փաստացի վիճակին համապատասխան: Այն դեպքում, եթե սկզբնական նախագծի վերաբերյալ կան փաստաթղթեր և տեխնիկական զննման արդյունքում չի արձանագրվել նյութերի հատկությունների փոփոխություն, թույլատրվում է օգտագործել սկզբնական նախագծում ընդունված հաշվարկային արժեքները: Կասկածելի դեպքերում անհրաժեշտ է անցկացնել ստուգում (քայքայիչ կամ ոչ քայքայիչ) և կոնստրուկցիաների կրողունակության գնահատում` զննման ընթացքում ստացված տվյալների հիման վրա:

116. Հետազոտությունների և կատարված հաշվարկների արդյունքների հիման վրա կոնստրուկցիաների գնահատումը պետք է պարունակի եզրակացություններ դրանց հետագա շահագործման հնարավոր պայմանների վերաբերյալ:

 

19. ՀԱՎԱՆԱԿԱՆ-ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

117. Հավանական-վիճակագրական մեթոդները խորհուրդ է տրվում կիրառել շինարարական օբյեկտների քանդման ռիսկի գնահատման, նյութերի և հիմնատակերի նորմատիվ և հաշվարկային բնութագրերի հիմնավորման, բեռնվածքների և համակցման գործակիցների համար` հաշվարկային կախվածության մեջ մտնող հիմնական հարաչափերի փոփոխականության վերաբերյալ բավարար տվյալների առկայության դեպքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
07.07.2026
N 23-Ն
Հրաման