ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2026 թվականի N 1074-Ա
«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 36-րդ հոդվածը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պողոտա թիվ 49/4 շենք, հ2 հասցեում գտնվող 647,194.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 444.00 քառ. մ մակերեսով 8-րդ հարկի տարածքով` ներառյալ այդ տարածքի սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0.1543 հեկտար հողամասի և շենքից ընդհանուր բաժնային սեփականության 281.4 քառ. մ-ի նկատմամբ 4604/78778 բաժնեմասը և 661,599.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 26.6 քառ. մ մակերեսով շվաքարանից ավտոկայանատեղով` ներառյալ շվաքարանից ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով 66.1 քառ. մ տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26062020-01-0265, գաղտնաբառ` QAPE3ZW9TCEA (այսուհետ` գույք), վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) և տաս տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով.
2) սույն որոշման 3-րդ կետով սահմանված աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում ընկերության և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
6. Կոմիտեի նախագահին` սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. հուլիսի
Երևան