02.10.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2026 թվականի N 1098-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (այդ թվում` Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ժամանակավոր արգելք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա:
(1-ին կետը փոփ. 01.10.2026 թիվ 1401-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցների ժամանակավոր կիրառման մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոց կիրառելու առաջարկություն:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 3-ից և գործում է 6 ամիս ժամկետով:
(վերնագիրը փոփ. 01.10.2026 թիվ 1401-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հուլիսի 30
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հուլիսի 2026 թվական: