Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1259-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱՏԵՂ ԿԱՄ ԿՐԿՆԱԿԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և 13-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման, ներառյալ ընդունելության ընդհանրական պայմանները և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) գիտական աստիճանի շնորհման կարգը, չափանիշներն ու ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում` համատեղ կամ կրկնակի որակավորման) և հավելվածին ներկայացվող պահանջները` համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի «Ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և բարձրագույն ու հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 238-Ն որոշման 2-րդ կետից հանել «` բացառությամբ որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերի» բառերը:

4. 2031 թվականի դեկտեմբերի 25-ից ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանների շնորհման կարգը և չափանիշները հաստատելու մասին» N 327 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 238-Ն որոշումը:

5. Սույն որոշման հավելվածներով հաստատված կարգավորումները գործում են 2027/2028 ուսումնական տարվանից ընդունված դոկտորանտների համար:

6. Սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 65-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ՄԳՇ հրապարակումների մասով կարգավորումները հայագիտություն և հումանիտար, հասարակական, ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում կիրառվում են հետևյալ ժամանակահատվածներում`

1) 65-րդ կետի 1-ին ենթակետի դեպքում` մինչև 2030 թվականը` գիտական ղեկավարն ունի տվյալ մասնագիտությամբ առնվազն 2 ՄԳՇ հրապարակում, իսկ 2030 թվականից` հայագիտություն և հումանիտար, ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում` առնվազն 5 ՄԳՇ հրապարակում (առնվազն չորսը տվյալ մասնագիտությամբ), իսկ հասարակական գիտությունների մասնագիտությունների դեպքում` առնվազն 10 ՄԳՇ հրապարակում (առնվազն չորսը տվյալ մասնագիտությամբ).

2) 65-րդ կետի 2-րդ ենթակետի դեպքում` մինչև 2030 թվականը` գիտական ղեկավարը վերջին հինգ տարիների ընթացքում ունի առնվազն 2 ՄԳՇ հրապարակում, իսկ 2030 թվականից` հայագիտություն և հումանիտար, ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում` առնվազն 4 ՄԳՇ հրապարակում (որոնցից առնվազն երկուսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ, ինչպես նաև առնվազն երկուսը պետք է հանդիսանան առնվազն երկրորդ քառորդում (Q2) ներառված ամսագրում հրապարակված գիտական հոդվածներ), իսկ հասարակական գիտությունների մասնագիտությունների դեպքում` առնվազն 8 ՄԳՇ հրապարակում (որոնցից առնվազն չորսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ, ինչպես նաև առնվազն չորսը պետք է հանդիսանան առնվազն երկրորդ քառորդում (Q2) ներառված ամսագրում հրապարակված գիտական հոդվածներ):

7. Սույն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետով սահմանված ՄԳՇ հրապարակումների մասով կարգավորումները հայագիտություն և հումանիտար, հասարակական, ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում կիրառվում են հետևյալ ժամանակահատվածներում` մինչև 2030 թվականը` առնվազն 5 ՄԳՇ հրապարակում, որոնցում բուհը նշված է որպես հեղինակի աշխատանքի վայր, իսկ 2030 թվականից` հայագիտություն և հումանիտար, ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում` առնվազն 10 ՄԳՇ հրապարակում, որոնցում բուհը նշված է որպես հեղինակի աշխատանքի վայր, իսկ հասարակական գիտությունների մասնագիտությունների դեպքում` առնվազն 20 ՄԳՇ հրապարակում, որոնցում բուհը նշված է որպես հեղինակի աշխատանքի վայր:

8. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը հաստատել գիտական աստիճանի դիպլոմի, այդ թվում` համատեղ դիպլոմի և դիպլոմի հավելվածի ձևանմուշի, դրանց լրացման, պատվիրման, բաշխման, հաշվառման, գրանցման և պահպանման կարգով սահմանված թվային տեխնոլոգիաների կիրառմամբ դիպլոմների թվայնացման ժամանակացույցը.

2) թվային դիպլոմների տրամադրումն իրականացնել 1994 թվականի մարտի 10-ից սահմանված կարգով գիտության թեկնածուի կամ գիտության դոկտորի գիտական աստիճան ստացած կամ ստացող անձանց համար, ներառյալ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի որոշման կարգավորումների շրջանակներում ընդունված և պաշտպանած ու թղթային տարբերակով դիպլոմ ստացած դոկտորանտների համար.

3) հաստատել թղթային տարբերակներով տրամադրված թեկնածուական և դոկտորական դիպլոմների թվայնացման նախահաշիվը` անհրաժեշտ միջոցները հատկացնելով պետական բյուջեի «1162. Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի «11019. Գիտական աստիճանաշնորհման և գիտամանկավարժական կոչումների շնորհում» միջոցառման ֆինանսական միջոցներից, աշխատանքներն ավարտել մինչև 2027 թվականի նոյեմբերի 20-ը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. օգոստոսի 21

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի օգոստոսի 20-ի

N 1259-Ն որոշման

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պայմանները և պահանջները կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված կամ նախահավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհ) կողմից բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (ներառյալ երկրորդ ու երրորդ մակարդակի ինտեգրված ծրագրեր) կրթական ծրագրերով ընդունելության և ուսումնառության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Դոկտորական կրթության սկզբունքներն են`

1) դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման բազմազանությունը` այդ թվում միջազգային և միջինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի միջոցով.

2) ծրագրերի կազմակերպման ճկունությունը և հետազոտական հագեցած ու բազմազան միջավայրը.

3) շարժունությունը` ինչպես երկրների միջև, այնպես էլ միջմասնագիտական ոլորտում.

4) ըստ հնարավորության դոկտորանտների ներգրավումը որպես կրտսեր պաշտոնների հետազոտողներ կամ գիտական աշխատողներ:

3. Դոկտորանտուրայում կրթական ծառայությունները բուհերն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկին համապատասխան մասնագիտությունների շրջանակներում` դրանց իրականացման համար համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում և լիցենզիայով սահմանված առավելագույն տեղերի շրջանակում:

4. Դոկտորանտուրայում ընդունելությունը և ուսումնառությունը կազմակերպվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի, սույն պայմանների և բուհի ակադեմիական խորհրդի կողմից հաստատված ներքին ընթացակարգի համաձայն` մասնագիտության մուտքային որակավորման պահանջներին համապատասխան, իրականացվում է լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ և միտված է ապահովելու դոկտորի որակավորման համար սահմանված վերջնարդյունքները` ներառյալ ատենախոսության (այսուհետ` ատենախոսություն) պաշտպանությամբ ամփոփվող հետազոտական աշխատանքը:

 

2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Դոկտորանտուրայում, նախընտրած մասնագիտությամբ ընդունվելու համար կարող են դիմել այն անձինք, որոնք ուսումնառել են բարձրագույն կրթության նախորդ մակարդակի հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրով կրթություն իրականացնող բուհում և ունեն մասնագիտությանը համապատասխան կամ հարակից բնագավառում մագիստրոսի կամ առնվազն դրան համարժեք որակավորում (բժշկական մասնագիտություններով` բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում` բժիշկ-մասնագետի որակավորում):

6. Հարակից բնագավառների համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատում է բուհը` երաշխավորելով, որ նախորդող մակարդակում ստացված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն դոկտորանտուրայի կրթական ծրագրով արդյունավետ ուսուցմանն ու հետազոտություններին:

7. Երկրորդ ու երրորդ մակարդակի ինտեգրված ծրագրի դեպքում ընդունելությունն իրականացվում է ըստ համապատասխան ինտեգրված կրթական ծրագրերի ցանկի` հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրով կրթություն իրականացնող բուհում համապատասխան բնագավառում բակալավրի կամ առնվազն դրան համարժեք որակավորում ունեցող անձանց համար:

8. Օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի դիպլոմը (վկայագիրը) Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի դիպլոմին համապատասխանեցնում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված ակադեմիական փոխճանաչման լիազորություններ ունեցող համապատասխան մասնագիտացված կառույցը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

9. Օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի դիպլոմի (վկայագրի) համապատասխանեցումը` ներառյալ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է լիազոր մարմնի կողմից հաստատված բարձրագույն կրթության օտարերկրյա որակավորումների գնահատման և ճանաչման կարգի համաձայն:

10. Յուրաքանչյուր տարի` մայիսի առաջին տասնօրյակում, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի հրամանով մեկնարկում է հաջորդ տարվա դոկտորանտուրայի պետական կրթաթոշակով տեղերի հնարավոր ատենախոսության թեմաների հավաքագրման գործընթացը: Ատենախոսության թեմաների հավանական գիտական ղեկավարները մինչև սահմանված վերջնաժամկետը (նոյեմբերի առաջին տասնօրյակում) կոմիտեի կողմից վարվող բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) լրացնում են հայտ, որը ներառում է դոկտորական հետազոտության հնարավոր թեմայի վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ`

1) թեմայի հակիրճ նկարագիրը.

2) թեմայի իրականացման նյութատեխնիկական բազայի նկարագիրը.

3) թեմայի իրականացման անհրաժեշտությունը (ըստ հնարավորության կապակցելով գերակա ուղղությունների կամ ռազմավարական ուղղությունների հետ).

4) հետազոտության իրականացման համար նյութատեխնիկական և ֆինանսական միջոցների առկայության վերաբերյալ տեղեկատվություն.

5) առկայության դեպքում` առաջարկվող թեմայով հնարավոր դոկտորանտների տվյալները:

11. Էլեկտրոնային համակարգում հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո, յուրաքանչյուր բուհ իր սահմանած ընթացակարգերով քննարկում է ներկայացված հայտերը և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ կոմիտե է ներկայացնում բուհի ակադեմիական խորհրդի երաշխավորությամբ բուհի ղեկավարի կողմից հաստատված ընդունելության տեղերի առաջարկը` ըստ մասնագիտությունների:

12. Բուհի ակադեմիական խորհրդի երաշխավորությամբ բուհի ղեկավարի կողմից հաստատված ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերի և էլեկտրոնային համակարգով ներկայացված հայտերի հիման վրա կոմիտեն` բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարի հրամանով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է ներկայացված հայտերի համադրություն ոլորտի ռազմավարության, գերակա ուղղությունների և կադրային համալրվածության, ինչպես նաև առկայության դեպքում, մասնավոր հատվածի կողմից դոկտորի որակավորմամբ մասնագետների պահանջարկի տվյալների հետ և լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում պետական կրթաթոշակով տեղերի երաշխավորված ցանկն ըստ մասնագիտությունների, որը հաստատվում է մինչև փետրվարի 2-րդ տասնօրյակը:

13. Բուհի ակադեմիական խորհուրդը` ընդունելության գործընթացի մեկնարկից առաջ հաստատում է տվյալ ուսումնական տարվա ընդունելության համար պետական կրթաթոշակով տեղերի ատենախոսությունների թեմաների և հավանական գիտական ղեկավարների նախնական ցանկը` ըստ մասնագիտությունների, կոմիտե ներկայացված ընդունելության տեղերի առաջարկի հիման վրա, ու հրապարակում է ընդունելության հայտարարության հետ:

14. Դոկտորանտուրայում ընդունելության համար յուրաքանչյուր տարվա մինչև մարտի առաջին տասնօրյակը բուհը իր պաշտոնական կայքում հրապարակում է համապատասխան լիցենզիա ունեցող մասնագիտություններով դոկտորանտուրայում ընդունելության կազմակերպման հայտարարությունը` հաստատված բուհի ղեկավարի կողմից, որը ներառում է`

1) ըստ մասնագիտությունների և ուսումնառության ձևերի ընդունելության տեղերը.

2) սույն պայմանների 23-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված մասնագիտական քննության և գիտական հարցազրույցի անցկացման օրվա, տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը.

3) ըստ մասնագիտությունների ուսման վճարի չափը, պետական կրթաթոշակով ու լրիվ բեռնվածությամբ ուսման վարձի փոխհատուցման և կրթաթոշակի համար դիմելու պայմանները.

4) ընդունելության համար դիմորդից պահանջվող մասնագիտական բովանդակային շրջանակը` ներառյալ նախորդ մակարդակի մասնագիտությունների և որակավորումների ցանկը.

5) բուհի ակադեմիական խորհրդի կողմից հաստատված ընթացակարգով նախատեսված այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

15. Դիմումների ընդունելությունն ավարտվում է ապրիլի երրորդ տասնօրյակում, իսկ ընդունելության գործընթացը կազմակերպվում է տվյալ տարվա մայիս ամսվա ընթացքում` բուհի սահմանած ժամանակացույցով, հաշվի առնելով նաև տվյալ տարվա ամառային զորակոչը կազմակերպելու ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետները:

16. Դոկտորանտուրայի ընդունելության կազմակերպման համար բուհի ղեկավարի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով` բուհի ղեկավարի կամ տեղակալի նախագահությամբ, որը համակարգում է ընդունելության ամբողջ գործընթացը և մասնագիտական հանձնաժողովների աշխատանքը:

17. Ընդունելության գործընթացի սկզբից առնվազն 10 աշխատանքային օր առաջ, ըստ ընդունելության համար նախատեսված բարձրագույն կրթության համապատասխան մասնագիտությունների կամ մասնագիտությունների խմբերի` բուհի կողմից ձևավորվում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գիտության տվյալ կամ հարակից բնագավառի գիտական աստիճան ունեցող 3-5 մասնագետ (գիտական կազմակերպությունների կամ այլ բուհերի հետ համատեղ իրականացվող ծրագրերի դեպքում` հանձնաժողովում ընդգրկվում է նաև գործընկեր կազմակերպության կամ բուհի առնվազն 1 ներկայացուցիչ):

18. Մասնագիտական քննությունը և գիտական հարցազրույցն անցկացնում է համապատասխան մասնագիտական հանձնաժողովը` բուհի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում:

19. Դոկտորանտուրայում ընդունելության համար դիմորդների կողմից դիմում-հայտերը լրացվում են առցանց` տվյալ բուհի կողմից վարվող էլեկտրոնային համակարգում գրանցելով իրենց անհրաժեշտ անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը), ծննդյան տարեթիվը, ուսումնառած բուհը, մասնագիտությունը և որակավորումը, կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար, բնակության հասցե) և բուհի կողմից սահմանված այլ տվյալներ) և կցելով հետևյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները`

1) դիմում (բուհի ձևանմուշով).

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) սույն պայմանների 5-րդ և 7-րդ կետերի պահանջներին համապատասխան բարձրագույն կրթության կամ հետավարտական լրացուցիչ ուսումնառության դիպլոմները և դրանց հավելվածները (եթե դիմորդը դեռևս չի ստացել դիպլոմը, ապա դիպլոմի փոխարեն պետք է ներկայացնի տեղեկանք` բուհն ավարտած լինելու վերաբերյալ, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն` ակադեմիական տեղեկանք բուհից` ՄՈԳ-ի պարտադիր նշումով), իսկ օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին.

4) մոտիվացիոն նամակ` հետազոտական գործունեության ընդգծմամբ (տվյալ բնագավառում գիտական փորձի և աշխատանքների, գիտական հրապարակումների, գիտական (հետազոտական) դրամաշնորհներում ընդգրկվածության, գիտաժողովների ու կոնֆերանսների մասնակցության վերաբերյալ).

5) նախորդ մասնագիտական փորձի և լրացուցիչ վերապատրաստման ընթացքում ձեռք բերված կարողունակությունները հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում).

6) ընդունելության կարգով սահմանված այլ փաստաթղթեր` ըստ բուհի պահանջի:

20. Պետական կրթաթոշակով դոկտորանտուրայում ընդունված և հրամանագրված դոկտորանտների ցանկը` ըստ մասնագիտությունների, բուհը ներկայացնում է կոմիտե` ոչ ուշ, քան հունիսի 1-ը:

21. Կոմիտեն պետական կրթաթոշակով դոկտորանտուրայի տեղերում ընդունված դոկտորանտների ցանկի համաձայն բուհի հետ կնքում է պետական կրթաթոշակի տրամադրման պայմանագիր:

22. Բուհը թափուր մնացած տեղերում կարող է կազմակերպել լրացուցիչ ընդունելություն իր սահմանած ժամանակացույցով` պահպանելով ընդունելության համար սահմանված սկզբունքներն ու գործընթացները, ապահովելով, որ ընդունված և հրամանագրված դոկտորանտների ցանկը` ըստ մասնագիտությունների և ուսումնառության ձևերի, հոկտեմբերի 1-ի դրությամբ մուտքագրված լինի կոմիտեի թվային տիրույթում:

23. Ընդունելության գործընթացը ներառում է`

1) մասնագիտական քննություն (գրավոր կամ բանավոր, ելնելով մասնագիտության առանձնահատկությունից).

2) գիտական հարցազրույց (մասնագիտական պատրաստվածության և նպատակադրությունների գնահատում).

3) բուհի ակադեմիական խորհրդի կողմից հաստատված ընթացակարգով սահմանված այլ պահանջներ:

24. Բուհի համապատասխան ստորաբաժանումը դիմումները ստանալու վերջնաժամկետից հետո տասնօրյա ժամկետում ուսումնասիրում է փաստաթղթերի առկայությունը և համապատասխանությունը երրորդ մակարդակի ընդունելության և ուսումնառության կազմակերպման սույն ընդհանրական պայմանների ու ընդհանուր պահանջների և բուհի սահմանած լրացուցիչ պահանջներին և ներկայացնում է տեղեկատվությունը ընդունող հանձնաժողովին, որի որոշման հիման վրա ընդունելության գործընթացին են մասնակցում այն դիմորդները, ում ներկայացրած փաստաթղթերը բավարարում են պահանջներին:

25. Մասնագիտական քննության հարցաշարը պետք է հիմնված լինի տվյալ մասնագիտությամբ դոկտորանտուրա ընդունվելու համար բուհի ակադեմիական խորհրդի, կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում համապատասխան ակադեմիական միավորի ակադեմիական կամ գիտական խորհրդի կողմից երաշխավորված և բուհի ղեկավարի կողմից հաստատված մասնագիտական բովանդակային շրջանակի վրա, որը հիմնված է նախորդ կրթական աստիճանների ծրագրային նյութի վրա:

26. Ընդունելության մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 (քսան) միավորանոց սանդղակով, և քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդն ստացել է առնվազն տասներեք միավոր:

27. Գիտական հարցազրույցի փուլը գնահատվում է 4 մակարդակներով` գերազանց, լավ, բավարար և անբավարար: Անբավարար գնահատման դեպքում դիմորդը չի կարող ընդունվել դոկտորանտուրա:

28. Ընդունելության գործընթացի տեսաձայնագրությունը և գրավոր փուլի նյութերը արխիվացվում են բուհի կողմից սահմանված կարգով և օրենսդրությամբ նախատեսված թափանցիկության սկզբունքի ու ձայնագրման վերաբերյալ ընդունելության գործընթացի մասնակիցների իրազեկվածության ապահովմամբ` հնարավոր բողոքարկման համար, ձայնագրությունները կարող են օգտագործվել նաև որակի հավաստման կամ մշտադիտարկման գործընթացներում ներկայացվելու համար:

29. Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:

30. Մասնագիտական քննության բողոքարկման ընթացակարգային պահանջներն են`

1) դիմորդը կարող է մասնագիտական քննության գնահատականը բողոքարկել հանձնաժողովին` արդյունքները հրապարակվելուց հետո մեկ օրվա ընթացքում, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով գրավոր բողոքը.

2) բողոքարկման փուլը նշանակվում է դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որին մասնակցում են նաև բուհի վարչական անձնակազմի` տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող աշխատողը և բուհի ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչը, որոնց թեկնածությունները նախապես հաստատվում են բուհի ղեկավարի կողմից.

3) բողոքարկման ժամանակ դիմորդի ներկայությամբ ուսումնասիրվում և քննարկվում է գրավոր աշխատանքը, իսկ բանավոր քննության դեպքում լսվում է ձայնագրությունը: Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների և ներգրավված անձանց ձայների պարզ մեծամասնությամբ, կայացվում է որոշում` գնահատականն անփոփոխ թողնելու կամ գնահատականը բարձրացնելու մասին.

4) ընդունված որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, բուհի վարչական անձնակազմի, ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցչի և դիմորդի կողմից: Նշված անձանցից որևէ մեկից ընդունված որոշմանն անհամաձայնություն հայտնելու դեպքում գրավոր ներկայացվում է հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը.

5) մասնագիտական քննության գնահատականի բողոքարկման կարգը սահմանում է բուհի ակադեմիական խորհուրդը:

31. Մասնագիտական քննության և գիտական հարցազրույցի վերահանձնում չի թույլատրվում:

32. Ընդունելությունն իրականացվում է տվյալ մասնագիտությամբ բուհի լիցենզիայով հատկացված տեղերի շրջանակներում` գիտական հարցազրույցի և մասնագիտական քննության արդյունքների համադրմամբ` մրցութային կարգով, ըստ արդյունքների հանրագումարի:

33. Ընդունելության գործընթացն ամփոփվում է ընդունող հանձնաժողովի կողմից, և ամփոփումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվողների ցանկերը, ըստ մասնագիտությունների և ուսումնառության ձևերի, ներկայացվում են բուհի ղեկավարի հաստատմանը:

34. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում նախատեսված լինելու դեպքում բուհը կարող է երրորդ մակարդակի կրթական ծրագրի ընդունելության տեղը համալրել նաև առանց հրապարակային մրցույթի:

35. Ընդունելության արդյունքների մասին դիմորդներն իրազեկվում են մասնագիտական քննությունը և գիտական հարցազրույցը հանձնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

36. Ընդունվողի հրամանագրումն ու կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի սահմանված կարգով կնքումը կատարվում է բուհի ղեկավարի հրամանով` մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետում` պահպանելով սահմանված ժամկետները:

37. Հրամանագրումից հետո` 1 ամսվա ընթացքում (պահպանելով սահմանված ժամկետները) բուհի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կոմիտեի էլեկտրոնային համակարգում պետք է լրացնի ընդունված դոկտորանտին 19-րդ և 36-րդ կետերով նախատեսված տվյալների ու փաստաթղթերի մասով վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը (անկախ կրթության կազմակերպման ձևից), որը ենթակա է պարբերաբար համալրման` դոկտորանտի ուսումնառության ողջ ժամանակահատվածում (ներառյալ դոկտորի գիտական աստիճանի շնորհումը):

38. Բուհի ակադեմիական խորհուրդը, կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում համապատասխան ակադեմիական միավորի կամ գործընկեր գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական խորհուրդը` տվյալ ուսումնական տարվա համար նախատեսված ժամկետներում, հաստատում է դոկտորանտի` բարձրագույն կրթության տվյալ մասնագիտությանը համապատասխան ատենախոսության թեման և գիտական ղեկավարին և, առկայության դեպքում, արտերկրի համաղեկավարին, ինչպես նաև ուսումնառության ողջ ժամանակահատվածի համար դոկտորանտի անհատական աշխատանքային պլանը, որոնք լրացվում են կոմիտեի թվային տիրույթում:

39. Ուսումնառության սահմանված ժամկետի վերջին ուսումնական տարում դոկտորանտի մասնագիտության փոփոխություն չի թույլատրվում, իսկ գիտական ղեկավարի կամ ատենախոսության թեմայի փոփոխություն, ըստ անհրաժեշտության, թույլատրվում է միայն ղեկավարին առաջադրած ակադեմիական միավորի պատճառաբանված հիմնավորմամբ և թեման հաստատած ակադեմիական խորհրդի որոշմամբ:

40. Յուրաքանչյուր փոփոխության մասին` տվյալ փոփոխության համար համապատասխան հիմքի առաջացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բուհը տեղեկացնում է կոմիտեին` համապատասխան թվային տիրույթում կատարելով փոփոխություն:

41. Դոկտորանտի կողմից անհատական աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների, պայմանագրով նախատեսված ֆինանսական պայմանների ու կրթական և հետազոտական գործընթացներին առնչվող պահանջների չկատարման դեպքերում, ինչպես նաև բուհի կողմից պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների չկատարման դեպքերում, պայմանագիրը կարող է լուծվել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

42. Դոկտորանտուրայում կրթության և հետազոտությունների արդյունավետ կազմակերպման համար պատասխանատու են բուհը, ակադեմիական միավորը, գիտական ղեկավարը և դոկտորանտը, որոնց պարտականություններն ու պատասխանատվությունների շրջանակները հստակ պետք է ամրագրված լինեն պայմանագրով, որի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

43. Դոկտորանտուրայում (ներառյալ երկրորդ ու երրորդ մակարդակներն ընդգրկող ինտեգրված ծրագրերը) որակավորումը ձեռք է բերվում դոկտորական կրթական ծրագիրն ավարտելով, և համապատասխան հետազոտական աշխատանքի հիման վրա ամփոփված ատենախոսության պաշտպանությամբ:

44. Դոկտորանտուրայում ստացված որակավորումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված որակավորումների ազգային շրջանակի (այսուհետ` ՈԱՇ) 8-րդ մակարդակին:

45. Դոկտորանտուրայում ուսումնառությունն իրականացվում է լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, ընդ որում`

1) լրիվ բեռնվածությամբ ուսումնառության տևողությունը կազմում է 3 տարի, որը կարող է երկարաձգվել մինչև 1 տարով, առանց կրթաթոշակի պահպանման.

2) մասնակի բեռնվածությամբ ուսումնառության նվազագույն տևողությունը սահմանվում է բուհի կողմից, սակայն չի կարող պակաս կամ համարժեք լինել սույն կետի 1-ին ենթակետով սահմանված լրիվ բեռնվածությամբ ծրագրի տևողության ժամկետին` ներառյալ դրա երկարաձգված ժամանակահատվածը (կրեդիտների ամբողջական կուտակման պարագայում) և չի կարող գերազանցել 6 տարին.

3) մասնակի բեռնվածությամբ դոկտորանտուրայում ուսումնառության ժամկետը կարող է լինել պակաս` նախորդող կրթության կամ հետազոտության հիմքով` սույն կարգի 70-72-րդ կետերին համապատասխան կրեդիտների ճանաչման պարագայում:

46. Երկրորդ և երրորդ մակարդակներն ընդգրկող ինտեգրված կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, ընդ որում`

1) լրիվ բեռնվածությամբ ուսումնառության տևողությունը կազմում է 5 տարի, որը կարող է երկարաձգվել մինչև 1 տարով, առանց կրթաթոշակի պահպանման.

2) մասնակի բեռնվածությամբ ուսումնառության նվազագույն տևողությունը սահմանվում է բուհի կողմից, սակայն չի կարող պակաս կամ համարժեք լինել սույն կետի 1-ին ենթակետով սահմանված լրիվ բեռնվածությամբ իրականացվող համապատասխան կրթական ծրագրի տևողության ժամկետին` ներառյալ դրա երկարաձգված ժամանակահատվածը (կրեդիտների ամբողջական կուտակման պարագայում) և չի կարող գերազանցել 7 տարին:

47. Դոկտորանտուրայում կրթության համար, անկախ ուսումնառության կազմակերպման ձևից, ծանրաբեռնվածությունը կազմում է առնվազն 180 ակադեմիական կրեդիտ, որից 50 կրեդիտ նախատեսվում է կրթական բաղադրիչի համար, իսկ 130-ը` հետազոտական:

48. Երկրորդ և երրորդ մակարդակներն ընդգրկող ինտեգրված կրթական ծրագրերով կրթության համար ընդհանուր ծանրաբեռնվածությունը կազմում է ոչ պակաս, քան 300 ակադեմիական կրեդիտ, անկախ ուսումնառության կազմակերպման ձևից, որի շրջանակներում հետազոտական բաղադրիչին հատկացվում է 180-210 կրեդիտ, իսկ կրթական բաղադրիչին` առնվազն 90 կրեդիտ:

49. Ինտեգրված կրթական ծրագիրը պետք է կառուցված լինի այնպես, որ դոկտորանտի գրավոր դիմումի հիման վրա ծրագիրը հնարավոր լինի ավարտել մագիստրոսի որակավորում ստանալու հավակնությամբ` երաշխավորելով համապատասխան կրեդիտների կուտակումը և մագիստրոսական թեզի պաշտպանությունը:

50. Երրորդ մակարդակում կրթական ծրագրերը բաղկացած են հետևյալ երկու հիմնական փոխկապակցված մասերից`

1) կրթական մաս, որը ներառում է դասախոսությունների և սեմինարների մասնակցություն (ընդհանուր և մասնագիտացված առարկաներ, ընտրովի առարկաներ), որոնց ծավալը և հատկացվող ակադեմիական կրեդիտների քանակը որոշում է բուհը, և մանկավարժական կամ մասնագիտական աշխատանքային պրակտիկա.

2) հետազոտական մաս, որը ներառում է ատենախոսության թեմային համապատասխանող գիտական գրականության ուսումնասիրություն, ատենախոսության թեմային վերաբերող ինքնուրույն գիտական աշխատանք և ատենախոսության դրույթներին վերաբերող գիտական հրապարակումներ, ինչպես նաև գիտական միջոցառումների (գիտաժողովներ, սիմպոզիումներ և այլն) մասնակցություն, կամ հետազոտական այլ բաղադրիչներ (փորձարարական նախագծային գործունեություն, նախատիպավորում կամ այլ գիտատեխնոլոգիական աշխատանք):

51. Կրթական մասում նախատեսվում են կրթական մոդուլներ կամ դասընթացներ, որոնք վերաբերում են միջգիտակարգային հետազոտությունների ոլորտին, հետազոտությունների պլանավորմանը, կազմակերպմանը և կառավարմանը, ակադեմիական գրագրությանն ու էթիկային և որոնք երաշխավորում են դոկտորանտի կողմից ՈԱՇ 8-րդ մակարդակի համար նախատեսված գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռքբերումը, ինչպես նաև մասնագիտության շրջանակում առավել առաջադեմ դասընթացներ:

52. Կրթական մասն ավարտվում է համապատասխան կրթական մոդուլներով կամ դասընթացներով կրթությունը ստանալով ու գնահատմամբ` բուհի ակադեմիական խորհրդի սահմանած ընթացակարգով:

53. Հետազոտական մասն իրականացնելիս` դոկտորանտն օգտվում է բուհի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներից:

54. Դոկտորանտուրայի հետազոտական մասը որպես կանոն բաղկացած է հետևյալ փուլերից`

1) առաջին փուլ - անհատական աշխատանքային պլանի հաստատում, հետազոտության թեմայի ճշգրտում և հետազոտության նախնական մեթոդաբանության մշակում, ատենախոսության համար անհրաժեշտ մասնագիտական գրականության վերլուծություն, հետազոտական աշխատանքների մեկնարկ.

2) երկրորդ փուլ - հիմնական տվյալների հավաքագրում և վերլուծություն, գիտական հոդվածների կամ ատենախոսության դրույթների վերաբերյալ հրապարակումներ.

3) երրորդ փուլ - գիտական հոդվածների հրապարակումներ, ատենախոսական աշխատանքի ավարտ, արդյունքների ամփոփում և նախապատրաստում պաշտպանության:

55. Դոկտորանտը կարող է օգտվել գործուղումների իրավունքից, կացարանային հնարավորություններից և տվյալ բուհի ուսանողների համար նախատեսված այլ արտոնություններից կամ հնարավորություններից:

56. Երրորդ մակարդակի կրթական ծրագրերով ուսումնառությունը կազմակերպվում է բուհի համապատասխան ակադեմիական միավորների (ամբիոն, ֆակուլտետ կամ դոկտորական դպրոց) կողմից:

57. Դոկտորանտուրայում ուսումնառությունն իրականացվում է ըստ դոկտորանտի անհատական աշխատանքային պլանի, որը կազմվում է համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակում և հաստատվում է բուհի ակադեմիական խորհրդի կողմից` ակադեմիական խորհրդի սահմանած կարգով ու ժամկետներում, կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում` համապատասխան ակադեմիական միավորի կամ գործընկեր գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական խորհրդի կողմից:

58. Սույն կարգի 57-րդ կետի հիմքով անհատական աշխատանքային պլանը հաստատած համապատասխան ակադեմիական խորհուրդը կամ գիտական խորհուրդը` տարեկան պարբերականությամբ լսում է նախորդող ժամանակահատվածի ընթացքում դոկտորանտի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և գնահատում է այն` բուհի ակադեմիական խորհրդի կողմից սահմանած պայմաններով և ընթացակարգով:

59. Գնահատման արդյունքներով անբավարար առաջընթացի դեպքում` անհատական աշխատանքային պլանը հաստատած խորհուրդը կարող է քննարկել դոկտորանտի աշխատանքային պլանի վերանայումը կամ ուսումնառության դադարեցումը` բուհի սահմանած ընթացակարգով:

60. Դոկտորանտն ուսումնառության ընթացքում պետք է նաև`

1) հանձնի ուսումնական ծրագրով նախատեսված քննությունները և ստուգարքները` կուտակելով համապատասխան ակադեմիական կրեդիտները.

2) ավարտի ատենախոսությունը և բուհում անցնի ատենախոսության նախնական քննարկում:

61. Եթե տվյալ բուհում հնարավոր չէ ապահովել անհատական աշխատանքային պլանով նախատեսված դասընթացը կամ մոդուլը, ապա դրա ուսուցումը պայմանագրային հիմունքներով իրականացվում է այլ հաստատությունում` ուղարկող կազմակերպության միջոցների հաշվին` կրեդիտների փոխանցման պայմանագրի հիմքով:

62. Բուհը` մինչև ուսումնառության սահմանված ժամանակահատվածի ավարտը, կարող է դոկտորանտին առաջարկել ժամկետային աշխատանքային պայմանագիր` կրտսեր գիտաշխատողի պաշտոնում աշխատելու համար:

63. Երրորդ մակարդակի կրթական ծրագրով լրիվ բեռնվածությամբ ուսումնառության սահմանված ժամանակահատվածը համարվում է ակադեմիական գործունեության ստաժ:

64. Ատենախոսությունը չպաշտպանելու կամ ուսումնառությունը անավարտ թողնելու դեպքում, դոկտորանտին կարող է տրվել ակադեմիական տեղեկանք` մասնակցած կրթական մոդուլների և դասընթացների մասին ու դրանցից կուտակած կրեդիտների վերաբերյալ, որը կարող է դիտարկվել գործատուի կողմից` աշխատանքի ընդունելիս: Ակադեմիական տեղեկանքի օրինակելի ձևը և լրացվող տեղեկատվության նկարագիրը հաստատում է լիազոր մարմինը, իսկ տեղեկանքները հաշվառվում են կոմիտեի թվային տիրույթում:

 

4. ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

 

65. Դոկտորանտի գիտական ղեկավար կարող է հանդիսանալ գիտության տվյալ բնագավառում ակտիվ գիտական գործունեություն ծավալող և գիտական աստիճան ունեցող ցանկացած հետազոտող, ով բավարարում է հետևյալ բոլոր պահանջներին և սահմանափակումներին`

1) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններին համապատասխանող մասնագիտություններով ունի առնվազն տասը (հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում` առնվազն հինգ) հրապարակված գիտական աշխատանք Վեբ օֆ Սայնս (Web of Science(TM)) հարթակի հիմնական շտեմարանում (Web of Science Core Collection) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում` որպես հոդված (article), ակնարկ (review), նամակ (letter), գիտաժողովի նյութ (Conference paper, Proceedings Paper) կամ գրքի գլուխ (book chapter) (այսուհետ` ՄԳՇ հրապարակում), այդ թվում` առնվազն չորսը տվյալ մասնագիտությամբ.

2) վերջին հինգ տարիների ընթացքում ունի առնվազն ութ (հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում` առնվազն չորս) ՄԳՇ հրապարակում, որոնցից առնվազն չորսում (հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտություններով` առնվազն երկուսում) հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ: Հրապարակումներից առնվազն չորսը (հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտություններով` առնվազն երկուսը) պետք է հանդիսանան գիտական հոդվածներ (article) և պետք է հրապարակված լինեն հրապարակման տարում Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալի ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում (Q2) ներառված ամսագրում.

3) հանդիսանում է բուհի ակադեմիական կազմի հիմնական աշխատող կամ, համատեղ ծրագրի դեպքում, համապատասխան պայմանագրերի կամ իրավական շրջանակի համաձայն` այլ բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական կազմի հիմնական աշխատող կամ արտերկրի բուհի կամ գիտական կազմակերպության հետազոտող, ում հետ բուհն ունի տվյալ դոկտորական հետազոտությունը ղեկավարելու պայմանագիր:

66. Նախատեսված լինելու դեպքում` ատենախոսության արտերկրի համաղեկավարը պետք է բավարարի սույն կարգի 65-րդ կետի պահանջներին և սահմանափակումներին:

67. Գիտական ղեկավարները պետք է գրանցված լինեն կոմիտեի թվային տիրույթում` ներկայացնելով անհրաժեշտ տվյալները:

68. Յուրաքանչյուր գիտական ղեկավար կարող է միաժամանակ հանդիսանալ 5-ից ոչ ավել դոկտորանտի ղեկավար:

69. Սույն կարգի 65-րդ կետի 2-րդ ենթակետում նշված առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ լինելու քանակական պահանջները կարող են փոխարինվել սահմանված քանակից երկու անգամ ավել քանակով ամսագրերի դասակարգման առաջին քառորդի (Q1) պարբերականներում հրապարակված գիտական հոդվածներով, եթե ներկայացված աշխատանքներն իրականացվել են միջազգային խոշոր համագործակցության շրջանակներում, և հեղինակի գիտական ներդրման վերաբերյալ հրապարակման մեջ առկա է հատուկ նշում կամ համագործակցության ղեկավարի կողմից առկա է հեղինակի ներդրման մասին համապատասխան տեղեկանք: Միջազգային խոշոր համագործակցության հրապարակում է համարվում այն գիտական հոդվածը, որտեղ մասնակից երկրների թիվն առնվազն 10 է, իսկ համահեղինակների թիվը մեծ է 50-ից:

 

5. ՆԱԽՈՐԴՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

70. Երրորդ մակարդակի ընդունելության և ուսումնառության կազմակերպման սույն ընդհանրական պայմաններն ու ընդհանուր պահանջները կարող են համալրվել կամ համարվել բավարարված` նախորդող կրթության կամ ձեռքբերումների ճանաչմամբ` հետևյալ կարգով`

1) դոկտորի կրթական ծրագրի համար սահմանված 180 ակադեմիական կրեդիտը կուտակած և ուսումնառությունն ավարտած, սակայն հանրային պաշտպանությունը չիրականացրած անձը (ներառյալ ատենախոսության նախնական փորձաքննությունը) կարող է դիմել իր ուսումնառած կամ համապատասխան մասնագիտության երրորդ մակարդակի կրթություն իրականացնող բուհին` վերջինիս կողմից սույն կարգի պահանջներին ու պայմաններին համապատասխան ատենախոսության պաշտպանության հետագա գործընթացի կազմակերպման համար, եթե առկա են կրեդիտների կուտակման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերը.

2) դոկտորի կրթական ծրագրի համար սահմանված 180 ակադեմիական կրեդիտը չկուտակած և ուսումնառությունը չավարտած կամ ընդհատած անձը կարող է դիմել իր ուսումնառած կամ համապատասխան մասնագիտության երրորդ մակարդակի կրթություն իրականացնող բուհին` ակադեմիական խորհրդի կողմից սահմանված կարգով նախկինում կուտակած ակադեմիական կրեդիտների ճանաչման և կրեդիտների պակասող մասի լրացման համար մասնակի բեռնվածությամբ ուսումնառելու համար (անհրաժեշտ ակադեմիական կրեդիտների քանակի և ուսումնառության տարիների հաշվառմամբ), սույն կարգի պահանջներին ու պայմաններին համապատասխան ատենախոսության պաշտպանության հետագա գործընթացի կազմակերպման համար: Այս դեպքում որպես հետազոտական մասի ձեռքբերում հաշվառվում են միայն վերականգնվելուն նախորդող հինգ տարիներում հրապարակված հոդվածները:

71. Դոկտորական ծրագրով ուսումնառությունը ընդհատած անձը կարող է վերականգնվել նույն կամ հարակից ծրագրով` ակադեմիական տեղեկանքի հիման վրա` կրթական ծրագրին վերաբերելի կրեդիտների ճանաչմամբ և կրեդիտների պակասող մասի լրացման համար մասնակի բեռնվածությամբ ուսումնառելու համար (անհրաժեշտ ակադեմիական կրեդիտների քանակի և ուսումնառության տարիների հաշվառմամբ): Այս դեպքում որպես հետազոտական մասի ձեռքբերում հաշվառվում են միայն վերականգնվելուն նախորդող հինգ տարիներում հրապարակված հոդվածները:

72. Բարձրագույն կրթության համապատասխան որակավորում ունեցող և վերջին հինգ տարիների ընթացքում գիտական գործունեություն ծավալած անձը կարող է դիմել դոկտորի որակավորում ստանալու` որպես հետազոտական մաս ներկայացնելով իր վերջին հինգ տարիների հետազոտական աշխատանքը և, առկայության դեպքում վերջին հինգ տարիներին հրապարակած, սույն կարգի և Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի շնորհման կարգի պահանջներին համապատասխանող գիտական հոդվածները: Այս դեպքում բուհը կազմակերպում է դիմորդի հրամանագրումը հետազոտությանը համապատասխանող մասնագիտությամբ` հետազոտական մասի կրեդիտների ճանաչմամբ և պակասող կրթական մասը սահմանված ձևով ավարտելուց ու ատենախոսությունը կազմելուց հետո ներկայացնում է դոկտորանտին ատենախոսության պաշտպանության:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի օգոստոսի 20-ի

N 1259-Ն որոշման

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանի շնորհման հետ առնչվող հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում շնորհվում է դոկտորի գիտական աստիճան (համարժեք` PhD)` ըստ բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց համապատասխան որակավորումների:

3. Դոկտորի գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը (այսուհետ` խորհուրդ)` հիմք ընդունելով դոկտորական ատենախոսության (այսուհետ` ատենախոսություն) պաշտպանությունը, որի ժամանակ հավաստվում է`

1) դոկտորանտի մասնագիտական առաջընթացի մակարդակը` ներկայացված ինքնուրույն և ինքնատիպ (օրիգինալ) հետազոտության միջոցով.

2) հետազոտության և արդյունքների համապատասխանությունը հետազոտությունների իրականացման ժամանակակից առաջատար չափանիշներին.

3) հետազոտության կամ նորարարության ոլորտում կարևոր խնդիրներ լուծելու, ինչպես նաև գիտելիքների կամ մասնագիտական գործունեության սահմանների ընդլայնման համար պահանջվող առաջադեմ և մասնագիտական հմտությունների ու մեթոդների տիրապետումը` ներառյալ տվյալների վերլուծությունն ու գնահատումը.

4) դոկտորանտի կարողությունը ցուցաբերելու նորարարական մոտեցումներ, ինքնավարություն, առաջնորդություն, գիտական և մասնագիտական բարեվարքություն, ինչպես նաև աշխատանքի կամ հետազոտության ոլորտների սահմանագծում նոր գաղափարների և գործընթացների զարգացման ուղղությամբ հետաքրքրվածություն ու պատրաստակամություն:

4. Գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ խորհրդի որոշումը հաստատում և դիպլոմով ամրագրում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այսուհետ` կոմիտե):

 

2. ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

 

5. Ատենախոսությունը հանդիսանում է դոկտորանտի կողմից, գիտական ղեկավարի մասնագիտական ուղղորդմամբ և հսկողությամբ, տվյալ բնագավառի գիտական մեթոդների հիման վրա իրականացված ինքնուրույն գիտական աշխատություն, որը պետք է վկայի դոկտորանտի կարողությունը` տվյալ ոլորտում ստեղծելու նոր գիտելիք, զարգացնելու առկա տեսությունները և առաջարկելու նոր գիտական լուծումներ:

6. Ատենախոսությունը պետք է լինի համակարգված, գիտականորեն հիմնավորված և կազմված այնպիսի ձևաչափով, որը հնարավորություն կտա գնահատելու դոկտորանտի հետազոտական հմտությունները, գիտական մտածողությունը և ոլորտային ներդրումը: Ատենախոսության և սեղմագրի ձևավորման պահանջները սահմանվում են կոմիտեի նախագահի հրամանով:

7. Ատենախոսությունը սովորաբար ներառում է հետևյալ հիմնական կառուցվածքային բաժինները`

1) ներածություն, որը ներառում է հետազոտական թեմայի արդիականության և նշանակության հիմնավորումը, հետազոտական խնդրի ձևակերպումը և նպատակի սահմանումը, հիմնական հարցադրումների կամ հիպոթեզի ներկայացումը, հետազոտության կառուցվածքի և տրամաբանության համառոտ նկարագիրը.

2) գրականության վերլուծություն, որը ներառում է հետազոտության թեմային վերաբերող բնագավառում առկա տեսությունների, մեթոդների և արդյունքների քննություն, գիտական աղբյուրների համակողմանի վերլուծություն, գիտական բացերի և չլուծված հարցերի վերհանում, դոկտորանտի կողմից ընտրված հետազոտական թեմայի հիմնավորում.

3) մեթոդաբանություն, որը ներառում է հետազոտության տեսական և գործնական մոտեցումների նկարագրությունը, օգտագործված մեթոդների, գործիքների և տվյալների աղբյուրների հիմնավորումը, հետազոտության իրականացման ընթացքի և էթիկական չափանիշների ներկայացումը, ընտրված մեթոդաբանության հիմնավորումը` հիմնվելով գիտական փաստարկման վրա.

4) հետազոտական մաս, որը ներառում է իրականացված հետազոտության ընթացքի ներկայացումը, ստացված արդյունքների վերլուծությունը, համադրությունը և մեկնաբանությունը, արդյունքների համադրությունը ձևակերպված հիպոթեզներին կամ նպատակներին, հնարավոր սահմանափակումների և հետագա ուսումնասիրության ուղղությունների քննարկումը.

5) եզրակացություններ և առաջարկություններ, որտեղ ամփոփվում են հետազոտության հիմնական արդյունքները, հստակ ձևակերպվում է նոր գիտելիքի ստեղծման կամ ընդլայնման փաստը, նկարագրվում է հնարավոր տեսական կամ գործնական նշանակությունը, ներկայացվում են հետագա հետազոտությունների կամ կիրառական քայլերի առաջարկներ.

6) գրականության ցանկ, որտեղ սահմանված ձևաչափով բերվում են բոլոր օգտագործված գիտական աղբյուրների հղումները` տվյալ աղբյուրը միանշանակ նույնականացնող, միատեսակ և ամբողջական ձևով.

7) հավելվածներ, ըստ անհրաժեշտության, որտեղ բերվում են լրացուցիչ տվյալներ, հարցաթերթիկներ, աղյուսակներ, փորձարկման արդյունքներ, կամ այլ օժանդակ նյութեր:

8. Ատենախոսության մեջ դոկտորանտը պարտավոր է հղում կատարել այն հեղինակներին և աղբյուրներին, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր:

9. Ատենախոսությունը պետք է հանդիսանա ինքնուրույն գիտական աշխատանք, որը ինքնատիպ և նոր ներդրում է գիտության տվյալ ոլորտում, այն պետք է ապահովի մեթոդաբանական հստակություն և գիտական ճշգրտություն, պետք է համապատասխանի էթիկական չափանիշներին` ներառյալ տվյալների մշակման, հեղինակային իրավունքի և աղբյուրների պատշաճ հղման կանոններին:

10. Ատենախոսությունը պետք է հանդիսանա գիտության տվյալ բնագավառում կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծում կամ կիրառական կարևոր խնդրի լուծումն ապահովող գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական կամ տեխնոլոգիական մշակում: Այն պետք է ապահովի մեթոդաբանական հստակություն և գիտական ճշգրտություն, համապատասխանելով էթիկական չափանիշներին` ներառյալ տվյալների մշակման, հեղինակային իրավունքի և աղբյուրների պատշաճ հղման կանոններին:

11. Ատենախոսությունը պետք է ցուցադրի դոկտորանտի կարողությունը`

1) վերլուծելու բարդ գիտական խնդիրներ.

2) ստեղծելու նոր գիտելիք կամ կիրառական լուծումներ.

3) արդյունավետ հաղորդակցվելու գիտական հանրության հետ գրավոր և բանավոր ձևով:

12. Հետազոտական աշխատանքի իրականացման ամբողջ ընթացքում բուհի ակադեմիական խորհրդի կողմից սահմանված կարգով և պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ դոկտորանտը և գիտական ղեկավարը զեկուցում են գիտական առաջընթացի մասին` թեման հաստատած բուհի ակադեմիական խորհրդի, կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում համապատասխան ակադեմիական միավորի կամ գործընկեր գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական խորհրդի, նիստի ժամանակ, որի արդյունքներով ձևավորված եզրակացությունները կցվում են դոկտորանտի անհատական գործին, որը վարվում է կոմիտեի թվային տիրույթում:

13. Ատենախոսության հեղինակային իրավունքը պատկանում է դոկտորանտին և գիտական աստիճանի դիպլոմը հանձնելուց հետո մեկ ամսվա ընթացքում այն արխիվացվում է բուհի և կոմիտեի թվային տիրույթում, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվում և Հայաստանի ազգային գրադարանում: Դոկտորանտի գրավոր համաձայնությամբ ատենախոսությունը կարող է տեղադրվել համապատասխան թվային տիրույթներում բաց հասանելիությամբ:

14. Ատենախոսությունը պետք է ունենա համառոտ շարադրանք` սեղմագիր, որն արտացոլում է ատենախոսության հիմնական դրույթներն ու եզրահանգումները, արդյունքների գիտական նորույթը, կիրառական նշանակությունը:

15. Խորհրդի առաջարկությամբ սեղմագիրը հրատարակվում է կոմիտեի կողմից ատենախոսության պաշտպանությունը կազմակերպելու համար ներկայացված փաստաթղթերի փաթեթի ստուգման արդյունքում պաշտպանության նշանակված օրվանից առնվազն 25 օր առաջ` մինչև երկու տպագրական մամուլ ծավալով, իսկ հասարակական և հումանիտար գիտությունների դեպքում ատենախոսության սեղմագիրը կարող է գերազանցել սահմանված ծավալը մինչև 30 տոկոսով:

16. Սեղմագիրը պետք է հրապարակվի կոմիտեի թվային տիրույթում և բուհի կայքում` ազատ հասանելիությամբ, կոմիտեի թվային տիրույթում սեղմագրի հասանելիությունն անժամկետ է:

17. Ատենախոսությունը և սեղմագիրը ներկայացվում են հայերեն: Օրենքով սահմանված դեպքում (օտարերկրյա դոկտորանտների, օտարերկրացի ղեկավարի կամ համաղեկավարի առկայություն) ատենախոսությունը կարող է ամփոփվել այլ լեզվով (անգլերեն կամ ռուսերեն): Ատենախոսությունը և սեղմագիրը կարող են ներկայացվել անգլերեն կամ ռուսերեն, որի դեպքում ատենախոսության հայերեն հակիրճ անոտացիան (ծանոթագրությունը) պարտադիր է:

18. Սեղմագրի վերջում տրվում է անգլերեն լեզվով ամփոփագիր (հայերեն ամփոփագիրը պարտադիր է, եթե սեղմագիրն այլ լեզվով է): Սեղմագիրը կարող է ունենալ նաև այլ լեզվով տարբերակ:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2026
N 1259-Ն
Որոշում