ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 2026 թվականի N 1259-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱՏԵՂ ԿԱՄ ԿՐԿՆԱԿԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
3. ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
19. Բարձրագույն կրթության տվյալ մասնագիտությանը համապատասխան ատենախոսության թեմա հաստատելու իրավունք ունեն հավատարմագրված կամ նախահավատարմագրված այն բուհերը, որոնք ունեն տվյալ մասնագիտությամբ դոկտորական կրթություն իրականացնելու լիցենզիա, և դրան համապատասխան բնագավառում գիտական աստիճան ունեցող առնվազն 3 հիմնական աշխատակից և վերջին 5 տարում բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններին համապատասխանող մասնագիտություններով առնվազն 20 ՄԳՇ հրապարակում (հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում` առնվազն 10 ՄԳՇ հրապարակում), որոնցում բուհը նշված է որպես հեղինակի աշխատանքի վայր:
20. Ատենախոսության թեմայի հաստատման վերաբերյալ որոշման մեջ նշվում են թեմայի անվանումը, գիտական ղեկավարը, գիտական աստիճանի շնորհման բնագավառը և մասնագիտությունը` ըստ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի:
21. Ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի հաստատման վերաբերյալ որոշման մասին քաղվածքը բուհը ներկայացնում է կոմիտե` հաստատվելուց հետո ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում:
22. Ատենախոսության պաշտպանության համար ուսումնառության ժամանակահատվածի ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) դոկտորանտը, ըստ իր մասնագիտության կիրառվող համապատասխան ենթակետի համաձայն, պետք է ունենա`
1) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններին համապատասխանող մասնագիտություններով` առնվազն 2 հոդված, որոնք հրապարակվել են Վեբ օֆ Սայնս (Web of Science(TM)) հարթակի հիմնական շտեմարանում (Web of Science Core Collection) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում` որպես գիտական հոդված (article) (այսուհետ ՄԳՇ գիտական հոդված), որոնցում պետք է հանդես գա որպես առաջին հեղինակ (դոկտորանտի անունը և ազգանունը տվյալ դեպքում հեղինակների շարքում առաջինն է նշված).
2) հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտություններով համապատասխանող մասնագիտություններով` սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան հրապարակումներ կամ առնվազն 3 հրապարակում Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների գրախոսվող գիտական պարբերականներում, որոնցից առնվազն 1-ը` ՄԳՇ գիտական հոդված, որում դոկտորանտը պետք է հանդես գա որպես առաջին հեղինակ:
23. Սույն կարգի 22-րդ կետի 1-ին ու 2-րդ ենթակետերում նշված առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ լինելու քանակական պահանջները կարող են փոխարինվել սահմանված քանակից երկու անգամ ավել քանակով ամսագրերի դասակարգման առաջին քառորդի (Q1) պարբերականներում հրապարակված գիտական հոդվածներով, եթե ներկայացված աշխատանքներն իրականացվել են միջազգային խոշոր համագործակցության շրջանակներում, և հեղինակի գիտական ներդրման վերաբերյալ հրապարակման մեջ առկա է հատուկ նշում կամ համագործակցության ղեկավարի կողմից առկա է դոկտորանտի ներդրման մասին համապատասխան տեղեկանք: Միջազգային խոշոր համագործակցության հրապարակում է համարվում այն գիտական հոդվածը, որտեղ մասնակից երկրների թիվն առնվազն 10 է, իսկ համահեղինակների թիվը մեծ է 50-ից:
4. ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
24. Գիտական աստիճանի շնորհման գործընթացը սկսվում է դոկտորանտի կողմից կրթական մասում նախատեսված բոլոր քննությունները հաջողությամբ հանձնելու և հետազոտական մասի հիմնական հատվածն իրականացված լինելու պարագայում և անգլերենի իմացության «TOEFL» iBT (6)-ի դեպքում` ոչ պակաս, քան` 4.0 միավոր կամ «IELTS» (9)-ի դեպքում` ոչ պակաս, քան` 6.0 միավոր մակարդակը հաստատող պաշտոնական հավաստագրի (անկախ վավերականության ժամկետից) ներկայացման դեպքում:
25. Նախքան ատենախոսությունը հանրային պաշտպանության ներկայացնելը, ատենախոսության թեման հաստատած բուհի համապատասխան ակադեմիական միավորը, իսկ գիտական կազմակերպությունում իրականացվող ատենախոսական աշխատանքի դեպքում` գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական խորհուրդը կազմակերպում է ատենախոսության նախնական փորձաքննություն (նախապաշտպանություն), որի ժամանակ դոկտորանտը ներկայացնում է հետազոտական մասում իր աշխատանքների ընթացքը և արդյունքները, որի արդյունքում տվյալ ակադեմիական միավորը հավաստում է դոկտորանտի պատրաստվածության համապատասխանությունը որակավորումների ազգային շրջանակի 8-րդ մակարդակի նկարագրերին, ինչպես նաև հաստատում է հետազոտության արդյունքների հավաստիությունը, գիտական նորույթը, կիրառական նշանակությունը, հրատարակած աշխատություններում դոկտորանտի ներդրումը, դրանցում հետազոտության արդյունքների ընդգրկման լիարժեքությունը և ատենախոսության համապատասխանությունը մասնագիտությանը: Մասնագիտական կարծիքը ներկայացվում է դրական կամ բացասական եզրակացության տեսքով, որը բուհի կողմից կցվում է դոկտորանտի անձնական գործին և տեղադրվում է կոմիտեի թվային տիրույթում:
26. Եզրակացությունը բուհի կողմից պետք է տրվի ատենախոսությունը նախնական փորձաքննության հանձնելուց հետո` ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում (քննարկումների և փոփոխությունների անհրաժեշտության դեպքում` նշված ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 1 ամսով) և ուժի մեջ է տրվելուց հետո մեկ տարվա ընթացքում: Բացասական եզրակացության դեպքում ատենախոսությունը վերադարձվում է դոկտորանտին լրամշակման` բուհի ակադեմիական խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
27. Եզրակացությունը տրամադրելուց հետո, 10 օրվա ընթացքում, սույն կարգի և «Գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի» կանոնակարգի (այսուհետ` կանոնակարգ) համաձայն` անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (ներառյալ առանց հղման այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված առանձին դրույթների կամ նյութերի բացակայության վերաբերյալ դոկտորանտի գրավոր հավաստումը) բուհը էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնում է կոմիտե` ատենախոսության պաշտպանության օր նշանակելու և համապատասխան խորհուրդ ձևավորելու համար:
28. Ատենախոսությունների պաշտպանություններն անցկացվում են տվյալ տարվա հունվար, մայիս և սեպտեմբեր ամիսների երրորդ տասնօրյակներում:
29. Խորհուրդը կոմիտեի կողմից ձևավորված և հաստատված խորհուրդ է, որը ստեղծվում և գործում է համաձայն սույն կարգի և կանոնակարգի:
30. Խորհուրդները ձևավորվում են կոմիտեի կողմից վարվող աստիճանաշնորհման փորձագիտական բազայից, որը կազմվում է համաձայն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գործունեության բնագավառների և մասնագիտությունների` ապահովելով մասնագիտական ավելի լայն ներգրավվածություն: Յուրաքանչյուր ատենախոսության պաշտպանության համար նշված բազայից ձևավորվում է խորհուրդ` ըստ փորձագետների գիտական և տեխնոլոգիական գործունեության շրջանակի և պաշտպանության ներկայացված հետազոտական թեմայի համապատասխանության:
31. Հայաստանի Հանրապետությունում պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորող «Պետական գաղտնիքի մասին» օրենքի կարգավորումների հիմքով պետական գաղտնիք պարունակող ատենախոսությունների պաշտպանությանը, ընդդիմախոսությանը և փորձաքննությանը կարող են մասնակցել միայն այն անձինք, ովքեր ունեն սահմանված կարգով գաղտնի տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն: Կոմիտեի ղեկավարը, բուհի (որտեղ պատրաստվել է ատենախոսությունը) ղեկավարի ատենախոսության գաղտնիության մասին տրամադրած եզրակացությունը, սահմանված կարգով, ուղարկում է խորհուրդ:
32. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել կոմիտեի էլեկտրոնային բազայում գրանցված տվյալ կամ հարակից գիտական բնագավառների գիտական աստիճան ունեցող հետազոտողներ և արտերկրի բուհի կամ գիտական կազմակերպության հետազոտողներ, ովքեր հանդիսանում են գիտության տվյալ կամ հարակից բնագավառում ակտիվ գործունեություն ծավալող գիտնականներ և ունեն առնվազն 10 հրապարակում, այդ թվում` առնվազն 5-ը տվյալ մասնագիտությամբ, և վերջին 5 տարում`
1) ունեն առնվազն 5 ՄԳՇ հրապարակումներ (հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտությունների դեպքում` առնվազն 2 ՄԳՇ հրապարակում), որոնք չեն ընդգրկվել իրենց ատենախոսության պաշտպանության ներկայացված հրապարակումների ցանկում, կամ
2) վերջին 10 տարում եղել են առնվազն 3 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար:
33. Ատենախոսության պաշտպանությունը, որը հրապարակային է և բաց, կոմիտեի նախագահի հրամանով կարող է կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան կամ մեկ այլ կազմակերպություն` վերջինիս համաձայնությամբ, տվյալ կազմակերպությունում պաշտպանությունը կազմակերպելու նպատակահարմարության հիմնավորմամբ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների երաշխավորմամբ (հագեցած առցանց հեռարձակման համար անհրաժեշտ տեսաձայնային սարքավորումներով): Ատենախոսության պաշտպանությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում պետական գաղտնիք պարունակող ատենախոսությունների) հեռարձակվում է առցանց, ձայնագրությունը պահպանվում է (առնվազն մինչև տվյալ դոկտորանտի գիտական աստիճանի հաստատումը և դիպլոմի հանձնումը), և ձայնագրության հղումը տեղադրվում է կոմիտեի կայքի համապատասխան բաժնում: Հայաստանի Հանրապետությունում պետական գաղտնիք պարունակող ատենախոսությունների պաշտպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություն չի լինում, իսկ ատենախոսության նյութերը պահպանվում են կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից առնվազն 5 տարի ժամկետով, իսկ այնուհետ` սահմանված կարգով արխիվացվում են:
34. Ատենախոսության պաշտպանության ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ նպատակով կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:
35. Բուհերի կողմից ատենախոսության պաշտպանության ներկայացող դոկտորանտների փաստաթղթերի փաթեթը ստանալուց հետո կոմիտեի նախագահի հրամանով փետրվար, հունիս և հոկտեմբեր ամիսների առաջին տասնօրյակում ձևավորվում են խորհուրդներ` ըստ համապատասխան գիտության բնագավառների` ներառելով նաև տվյալ բնագավառներում պաշտպանության ներկայացվող թեմաների ուղղվածության մասնագետների, և նշանակվում են ատենախոսությունների պաշտպանության օրերը:
36. Խորհրդի կազմը բաղկացած է 9 անդամից` ներառյալ խորհրդի նախագահը, նախագահի տեղակալը, որոնց նշանակում է կոմիտեի նախագահը:
37. Սույն կարգի 35-րդ կետի և կանոնակարգի համաձայն` խորհուրդներ ձևավորելուց հետո, կոմիտեն ատենախոսությունները և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է խորհուրդ` նախնական քննարկման:
38. Խորհրդի կողմից նախնական քննարկումը կազմակերպվում է դոկտորանտի փաստաթղթերի փաթեթը ստանալու օրվանից հետո 15 օրվա ընթացքում:
39. Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու դեպքում խորհուրդը նշանակում է ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսներ (սույն կարգի 32-րդ կետով խորհրդի անդամին ներկայացվող նույն պահանջներին բավարարող)` գիտության տվյալ կամ հարակից բնագավառի 2 գիտնականից, որոնց հետազոտական գործունեության ուղղվածությունը համապատասխանում է ատենախոսության թեմատիկ բովանդակությանը:
40. Ընդդիմախոս կարող է նշանակվել արտերկրից, եթե ատենախոսությունը ներկայացված է այն լեզվով, որին տիրապետում է ընդդիմախոսը:
41. Տվյալ ատենախոսության պաշտոնական ընդդիմախոս հանդես գալու առաջարկը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդդիմախոսը ներկայացնում է իր համաձայնությունը, որից հետո, ուսումնասիրելով ատենախոսությունը և այդ թեմայով հրատարակված աշխատանքները, 15 օրվա ընթացքում խորհուրդ ներկայացնում է կարծիք, որտեղ գնահատում է ատենախոսության թեմայի արդիականությունը, դրույթների և եզրահանգումների հիմնավորվածությունը, գիտական նորույթը և հիմնավորման աստիճանը, ատենախոսության համապատասխանությունը սույն կարգի 6-11-րդ և 22-րդ կետերի նկարագրերին և պահանջներին:
42. Ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի անդամներից` որպես տվյալ ատենախոսության պաշտոնական ընդդիմախոս կարող է լինել ընդդիմախոսներից միայն մեկը:
43. Պաշտոնական ընդդիմախոսներ չեն կարող լինել կոմիտեի աշխատողները, ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի նախագահը, ատենախոսության թեմայով հրատարակված աշխատանքների համահեղինակները, դոկտորանտի գիտական ղեկավարը և ատենախոսության վերաբերյալ եզրակացություն տրամադրած բուհի համապատասխան ակադեմիական միավորի ղեկավարը:
44. Խորհուրդը` ատենախոսության պաշտպանությունից առնվազն 30 օր առաջ, պաշտոնական ընդդիմախոսների կարծիքների պատճենները հանձնում է դոկտորանտին և ուղարկում է կոմիտե` դրանց հրապարակային հասանելիությունն ապահովելու համար:
45. Ատենախոսության հանրային պաշտպանությունը կայանում է ընդդիմախոսների ներկայության պարագայում, այդ թվում` նաև առցանց:
46. Ատենախոսության պաշտպանությունը կարող է կայանալ նաև ընդդիմախոսներից մեկի բացակայության դեպքում, որի դրական կամ բացասական կարծիքը հրապարակվում է խորհրդի նիստում:
47. Երկու ընդդիմախոսների բացակայության դեպքում` խորհրդի որոշմամբ նիստը կարող է հետաձգվել առավելագույնը մեկ ամսով, որից հետո` ընդդիմախոսների ներկայության անհնարինության դեպքում խորհուրդն իրավասու է պաշտպանության նիստն անցկացնել նաև առանց տվյալ ընդդիմախոսների:
48. Խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար անհրաժեշտ է խորհրդի անդամներից առնվազն 6-ի մասնակցությունը, ընդ որում` առանձնահատուկ դեպքերում խորհրդի անդամները (մասնավորապես` խորհրդի արտերկրում գտնվող անդամը) նիստին կարող են մասնակցել առցանց, բացառությամբ խորհրդի նախագահի, նախագահի տեղակալի:
49. Ատենախոսության պաշտպանությունը և խորհրդի նիստերն անցկացվում են հայերեն, կամ օտար լեզվով` անհրաժեշտության դեպքում ապահովելով երկկողմանի թարգմանությունը:
50. Ատենախոսության պաշտպանությունը հեռարձակվում է առցանց, որի հղումը պաշտպանությունից 10 օր առաջ տեղադրվում է կոմիտեի և ատենախոսության պաշտպանությունն անցկացնող կազմակերպության կայքերում, ընդ որում` պաշտպանության ընթացքի վերաբերյալ ձայնագրությունը պետք է տեղադրվի նաև բաց հասանելիությամբ` պաշտպանությունից հետո 15 օրվա ընթացքում, և հասանելի լինի մինչև դիպլոմի ստացումը:
51. Եթե առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ատենախոսությունը հանում է պաշտպանությունից և հինգ օրվա ընթացքում որոշումը` սեղմագրի և նիստի սղագրության հետ միասին, ուղարկում է կոմիտե:
52. Դոկտորանտի վերափոխված ատենախոսությունը կարող է ներկայացվել պաշտպանության խորհրդի որոշումից առնվազն մեկ տարի հետո, ընդ որում` առնվազն մեկ նոր հրապարակում հրատարակելուց հետո, որը պետք է արտացոլված լինի վերափոխված ատենախոսության մեջ:
53. Եթե խորհուրդը դոկտորանտի ատենախոսությունը հանել է պաշտպանությունից սույն կարգի 51-րդ կետով կամ կոմիտեն մերժել է խորհրդի որոշումը սույն կարգի 61-րդ կետով, ապա դոկտորանտի գիտական ղեկավարը հինգ տարով զրկվում է ատենախոսության ղեկավար նշանակվելու իրավունքից, իսկ ատենախոսության վերաբերյալ դրական կարծիք տված ընդդիմախոսը` հինգ տարով ատենախոսության ընդդիմախոս նշանակվելու իրավունքից:
54. Ատենախոսության պաշտպանությունից հետո գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը խորհուրդն ընդունում է գաղտնի քվեարկությամբ:
55. Գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը դրական է, եթե «կողմ» է քվեարկել խորհրդի կազմի անդամներից առնվազն 5-ը:
56. Գաղտնի քվեարկությունից հետո, դրական որոշման դեպքում, խորհուրդը բաց քվեարկությամբ ընդունում է ատենախոսության մասին եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ատենախոսության էական գիտական արդյունքները, դրանց գիտական նորույթի, հավաստիության գնահատականը, տեսական և կիրառական նշանակությունը, ինչպես նաև գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:
57. Դրական որոշման դեպքում խորհուրդը կոմիտե է ուղարկում որակավորման գործը, որն ընդգրկում է ատենախոսությունը, սեղմագիրը, տեղեկանք գրագողության բացակայության մասին և կանոնակարգով սահմանված փաստաթղթերը:
58. Բացասական որոշման դեպքում խորհուրդն այդ մասին գրավոր հայտնում է կոմիտեին և դոկտորանտին է տալիս քաղվածք խորհրդի նիստի արձանագրությունից` գաղտնի քվեարկության արդյունքների մասին:
59. Խորհրդի բացասական որոշման դեպքում դոկտորանտը ատենախոսությունը կարող է ներկայացնել պաշտպանության որոշման ընդունումից առնվազն 6 ամիս հետո:
60. Ատենախոսության պաշտպանության գործընթացների ժամկետներն ու կազմակերպական ընթացքը նկարագրվում է կանոնակարգով:
5. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿՈՄԻՏԵՈՒՄ
61. Կոմիտեն ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կարգի 8-րդ և 22-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում` մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը, և մերժման մասին կոմիտեի նախագահի հրամանն ուղարկվում է խորհուրդ:
62. Դոկտորանտը, որի գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը մերժվել է սույն կարգի 8-րդ կետի խախտման հիմքով, վերափոխված ատենախոսությունը կարող է ներկայացնել պաշտպանության գիտական աստիճանի շնորհումը մերժելու մասին կոմիտեի նախագահի հրամանի ընդունումից առնվազն մեկ տարի հետո, ընդ որում` առնվազն մեկ նոր ՄԳՇ հրապարակում հրատարակելուց հետո, որը պետք է արտացոլված լինի վերափոխված ատենախոսության մեջ:
63. Սույն կարգի 22-րդ կետի հիմքով գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը մերժելու դեպքում` պաշտպանություն կարող է կազմակերպվել գիտական աստիճանի շնորհումը մերժելու մասին կոմիտեի նախագահի հրամանի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում` անհամապատասխանությունները վերացնելուց հետո:
64. Սույն կարգի 61-րդ կետով սահմանված խախտումներ չհայտնաբերելու դեպքում սույն կարգի 7-9-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը ստուգելու և եզրակացություն ստանալու նպատակով` կոմիտեն ատենախոսությունը տալիս է փորձագետի (սույն կարգի 32-րդ կետով խորհրդի անդամին ներկայացվող պահանջներին բավարարող), եթե`
1) դոկտորանտի որակավորման գործում առկա է բացասական կարծիք.
2) դոկտորանտին դոկտորի գիտական աստիճանի որակավորում շնորհվել է խորհրդի անդամների 7-ից պակաս «կողմ» ձայներով:
65. Փորձագետ չեն կարող լինել կոմիտեի աշխատողները, ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի անդամները, ատենախոսության թեմայով հրատարակված աշխատանքների համահեղինակները, դոկտորանտի գիտական ղեկավարը, ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսները և ատենախոսության վերաբերյալ եզրակացություն տրամադրած բուհի համապատասխան ակադեմիական միավորի ղեկավարը, ինչպես նաև շահերի բախում ունեցող այլ անձինք, ովքեր դրա առկայության կամ բացակայության մասին պետք է հայտնեն համաձայնության տեքստում: Կոմիտեն փորձագետի հետ կնքում է պայմանագիր, որտեղ ամրագրվում են փորձագետի աշխատանքի կատարման պայմանները և ժամկետը: Կոմիտեն փորձագետի մասին տեղեկությունները (անուն, ազգանուն, հայրանուն, գիտական աստիճան, մասնագիտություն, աշխատավայր և կոնտակտային տվյալներ) կարող է հրապարակել իր պաշտոնական կայքում կամ հանրային հաշվետվություններում կամ տրամադրել երրորդ անձանց (այդ թվում` ատենախոսության գործընթացի մասնակիցներին) միայն նրա գրավոր համաձայնության դեպքում` անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխան:
66. Փորձագետը, ստուգելով ատենախոսության համապատասխանությունը սույն կարգի 7-9-րդ կետերի պահանջներին, տալիս է դրական կամ բացասական եզրակացություն` պատճառաբանված հիմնավորմամբ:
67. Սույն կարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և փորձագետի դրական եզրակացության դեպքում` որակավորման գործը կոմիտե մուտքագրվելու օրվանից 1 ամսվա ընթացքում, կոմիտեն հաստատում է խորհրդի որոշումը և հանձնում է գիտական աստիճանի դիպլոմ` հիմք ընդունելով նաև առանց հղման այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված առանձին դրույթների կամ նյութերի բացակայության վերաբերյալ խորհրդի ներկայացրած տեղեկանքը:
68. Փորձագետի բացասական եզրակացության դեպքում` որակավորման գործը կոմիտե մուտքագրվելու օրվանից 1 ամսվա ընթացքում, կոմիտեն եզրակացությունն ուղարկում է խորհուրդ` դոկտորանտի մասնակցությամբ քննարկում կազմակերպելու համար:
69. Դոկտորանտը, հաշվի առնելով փորձագետի բացասական եզրակացությունը, կարող է ատենախոսությունը (փոփոխություններով կամ պատճառաբանված հիմնավորմամբ` առանց փոփոխությունների) խորհուրդ (կոմիտեի կողմից այն ձևավորվում է նույն կազմով, դրա անհնարինության դեպքում` ձևավորվում է նոր խորհուրդ` նախկին խորհրդի կազմի առնվազն 5 անդամի ընդգրկմամբ) ներկայացնել կոմիտեի եզրակացությունը ստանալուց հետո մինչև 6 ամսվա ընթացքում:
70. Խորհուրդը ատենախոսությունը (փոփոխություններով կամ պատճառաբանված հիմնավորմամբ` առանց փոփոխությունների) ստանալուց հետո մինչև 2 ամսվա ընթացքում քննարկում է ներկայացված ատենախոսությունը և կայացնում դոկտորանտին գիտական աստիճան շնորհելու մասին դրական կամ բացասական որոշում:
71. Սույն կարգի 70-րդ կետում նշված որոշումը խորհուրդը հնգօրյա ժամկետում ուղարկում է կոմիտե, որը խորհրդի դրական որոշման դեպքում կայացնում է գիտական աստիճանի դիպլոմ տալու մասին որոշում:
72. Խորհրդի բացասական որոշման դեպքում դոկտորանտը վերափոխված ատենախոսությունը կարող է ներկայացնել պաշտպանության որոշման ընդունումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո, ընդ որում` առնվազն մեկ նոր ՄԳՇ գիտական հոդված հրատարակելուց հետո, որը պետք է արտացոլված լինի վերափոխված ատենախոսության մեջ:
73. Խորհրդի և կոմիտեի կայացրած որոշումները կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2026 թվականի օգոստոսի 20-ի
N 1259-Ն որոշման
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱՏԵՂ ԿԱՄ ԿՐԿՆԱԿԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Գիտական աստիճանի դիպլոմը պետական փաստաթուղթ է, որը հավաստում է անձի գիտական աստիճանը, որը տրամադրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի, սույն կարգի և օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն: Դիպլոմում նշվում են անձի անվանական տվյալները, գիտական աստիճանը, որակավորումը, մասնագիտությունը, ինչպես նաև ատենախոսության թեմայի վերնագիրը և բուհի անվանումը:
2. Դիպլոմին կից անձին տրամադրվում է նաև հավելված (ակադեմիական տեղեկանք), որում նշվում են տվյալ կրթական ծրագրի շրջանակներում անձի մասնակցած ակադեմիական մոդուլների և դասընթացների անվանումները, դրանց համապատասխանող կրեդիտները և գնահատականները, համապատասխանությունը որակավորումների ազգային շրջանակի 8-րդ մակարդակին և եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պահանջներին:
3. Հավելվածում ներառվում են նաև տվյալներ լրացուցիչ դասընթացների, կրթական ծրագրի հավատարմագրված կամ նախահավատարմագրված լինելու կարգավիճակի, կրթության ձևի, հրամանագրման ամսաթվի, ինչպես նաև գիտական ղեկավարի և դիպլոմը ստացող անձի անվանական տվյալները:
4. Համատեղ իրականացվող ծրագրերի պարագայում դիպլոմում նշվում են բուհի և մասնակից կազմակերպության (բուհ, գիտական կազմակերպություն, մասնավոր ընկերություն) անվանումները, իսկ ակադեմիական տեղեկանքում նկարագրվում են համագործակցության էությունը և յուրաքանչյուր մասնակցի դերակատարումը:
5. Գիտական աստիճանի դիպլոմը և ակադեմիական տեղեկանքը պետք է հասանելի լինեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (verify.e-gov.am):
6. Գիտական աստիճանը հավաստող դիպլոմը պետք է հստակ նույնականացվելի լինի անձի հետ` հանրային ծառայությունների համարանիշի միջոցով, կամ, օտարերկրյա քաղաքացիների դեպքում` անձի քաղաքացիության երկրի կողմից տրամադրված նույնականացման փաստաթղթի միջոցով:
7. Գիտական աստիճանի և ակադեմիական տեղեկանքների բաշխման մատյանները հասանելի են լիազոր մարմնին, կոմիտեին և կրթության տեսչական մարմնին` ամբողջությամբ, բուհին` իր մասով:
8. Մինչ սահմանված կարգով թվային դիպլոմների տրամադրումն անձի ստացած գիտական աստիճանի դիպլոմը կորցնելու դեպքում, անձը գրավոր դիմում է ներկայացնում կոմիտե` կրկնօրինակ ստանալու համար: Դիմումի ստացումից 30 օրվա ընթացքում կոմիտեն անվավեր է ճանաչում կորցրած դիպլոմը և հանձնում սահմանված ձևաչափով կրկնօրինակը` համապատասխան գրառմամբ:
9. Սույն կարգն ուժի մեջ մտնելուց առաջ տրամադրված գիտական աստիճանի դիպլոմները սահմանված ժամկետում թվայնացվելուց հետո` սույն կարգի 8-րդ կետի կարգավորումները չեն գործում, իսկ անձը կարող է ստանալ իր դիպլոմի թվային տարբերակի նույնականացման համարը` իր գրավոր դիմումի համաձայն` նույնականացվելուց հետո:
Պաշտոնական հրապարակման օրը` 21 օգոստոսի 2026 թվական: