Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1265-Ն

 

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

9. ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ԷԼԵԿՏՐԱԳԵՏ, ՍԱՆՏԵԽՆԻԿ, ՓԱԿԱՆԱԳՈՐԾ, ՀՅՈՒՍՆ)

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է կազմակերպության մասնաշենքում առկա շինարարական, էլեկտրական համակարգերի ու սարքավորումների շահագործման, կանխարգելիչ սպասարկման, սանիտարատեխնիկական և կենցաղային սպասարկման աշխատանքներ.

2) իրականացնում է կազմակերպության մասնաշենքի անհրաժեշտ էլեկտրամոնտաժային աշխատանքներ, լամպերի փոխարինում, սանիտարատեխնիկական սարքավորումների սարքին վիճակի ապահովում, կարգաբերում և նորոգում, անհրաժեշտության դեպքում` նորերով փոխարինում.

3) իրականացնում է կազմակերպության կոմունիկացիոն համակարգերի (ջրամատակարարում ու ջրահեռացում, օդափոխություն և օդորակում, էլեկտրական սնուցման և այլն) կանխարգելիչ սպասարկման, ընթացիկ վթարների վերացման և պահպանման աշխատանքներ.

4) ապահովում է ստացվող ապրանքների բեռնաթափման, պահեստ կամ նախատեսված այլ վայր տեղափոխման, ապրանքների տեղաշարժման և այլ օժանդակ աշխատանքների իրականացումը.

5) իրականացնում է սարքերի, սարքավորումների և խողովակաշարերի ընթացիկ նորոգումները, ապահովում դրանց աշխատանքի հուսալիությունը.

6) ստուգում է խողովակաշարերի, օժանդակ սարքավորումների հերմետիկությունը, ջեռուցիչ սարքերի անխափան աշխատանքը.

7) կատարում է տաք և սառը ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի տեխնիկական զննում.

8) էլեկտրասարքավորումների վերանորոգման և սպասարկման պարզ աշխատանքների իրականացում.

9) կազմակերպության սարքավորումների և դրանց շահագործման համար անհրաժեշտ նյութերի, ապրանքների և գործիքների ձեռքբերման հայտի ներկայացում տնօրենին.

10) սույն պաշտոնի նկարագրով սահմանված և կազմակերպության հիմնական գործառույթներից բխող աշխատանքների կազմակերպում և կատարում:

2. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա կազմակերպության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, էլեկտրական սարքերի շահագործման սկզբունքը, սանիտարատեխնիկական աշխատանքների հիմունքների իմացություն, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) իր գործունեության ընթացքում ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման պահանջը`

Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ, հյուսն) պաշտոնը կարող է զբաղեցնել համապատասխան բնագավառում առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը:

 

10. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ (ՀՆՈՑԱՊԱՆ)

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է կազմակերպության ջեռուցման աշխատանքների ապահովումը.

2) ապահովում է ջեռուցման կաթսայի աշխատանքի նախապատրաստումը, գործարկումը և կարգաբերումը.

3) իրականացնում է ջեռուցման կաթսայի աշխատանքի ընթացքում չափիչ-հսկիչ սարքերի ցուցմունքների, վառելիքի սպառման հսկողություն, անհրաժեշտության դեպքում` կարգավորում.

4) իրականացնում է ջեռուցման կաթսայի և օժանդակ դետալների ընթացիկ և պարբերական ստուգում, անհրաժեշտության դեպքում` թեթև անսարքությունների շտկում և կարգաբերում (իր լիազորության շրջանակներում).

5) ջեռուցման կաթսայի աշխատանքի մասին համապատասխան գրառումներ է կատարում հերթափոխային մատյանում.

6) ապահովում է կազմակերպության կաթսայատան անխափան շահագործումը և ընթացիկ սպասարկման աշխատանքների իրականացումը.

7) կազմակերպում և իրականացնում է սույն պաշտոնի նկարագրով սահմանված և կազմակերպության հիմնական գործառույթներից բխող աշխատանքներ:

2. Հնոցապանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հնոցապանի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) իր գործունեության ընթացքում հնոցապանը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման պահանջը`

Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետի (հնոցապան) պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին մասնագիտական կրթություն և հնոցապան աշխատելու համապատասխան թույլտվություն ունեցող անձը:

 

11. ՆԱՎԱԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ, ԺԱՄԱԳՈՐԾ, ԶԻՆԱԳՈՐԾ, ՄԱՐԶԱԳՈՒՅՔ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԱՅԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

 

1. Մարզագույք վերանորոգող վարպետների աշխատանքային գործառույթները`

Իրականացնում են մարզաձևի մարզական գույքի վերանորոգման աշխատանքները` ապահովելով մարզագույքի անվտանգ օգտագործումը:

2. Մարզագույք վերանորոգող վարպետների գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Տվյալ մարզաձևի մարզագույքի տեխնիկական բնութագրի իմացություն:

3. Մարզագույք վերանորոգող վարպետների որակավորման նվազագույն պահանջները`

Մարզագույք վերանորոգողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն կամ 1 տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:

 

12. ՊԱՀԵՍՏԱՊԵՏ

 

1. Պահեստապետի աշխատանքային գործառույթները`

1) կազմակերպում և իրականացնում է կազմակերպության նյութատեխնիկական միջոցների պահեստի աշխատանքները.

2) պահեստ է ընդունում ձեռք բերված նյութատեխնիկական միջոցները (գույքը, սարքավորումները, փափուկ գույքը և հանդերձանքը, գրասենյակային և գրենական պիտույքները, սանիտարահիգիենիկ պարագաները և այլ նյութեր), իրականացնում է դրանց տեսակավորումը և պահեստավորումը.

3) մատակարարներից ապրանքները ստանալիս ստուգում է համապատասխան փաստաթղթերի առկայությունը և վարում է ապրանքների մուտքի և ելքի փաստաթղթաշրջանառությունը.

4) հաշվառում է պահեստում առկա ապրանքանյութական արժեքները և դրանց մնացորդները.

5) ապահովում է պահեստում նյութատեխնիկական միջոցների անվտանգ և պատշաճ պահպանումը.

6) հսկում է կազմակերպության մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակը.

7) սահմանված կարգով կազմակերպության ստորաբաժանումներին կամ աշխատողներին տրամադրում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները.

8) հաշվապահություն է ներկայացնում համապատասխան հաշվետվություններ` պահեստում առկա ապրանքանյութական արժեքների շարժի վերաբերյալ.

9) տարեվերջին գույքագրման հանձնաժողովի անդամների հետ միասին մասնակցում է պահեստում առկա ապրանքանյութական արժեքների գույքագրմանը.

10) աշխատանքից ազատվելու դեպքում իր պատասխանատվության տակ գտնվող ապրանքանյութական արժեքները հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնում է պատասխանատու անձին.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

12) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

1. Պահեստապետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) պահեստապետի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա սանիտարիայի պահանջները, մաքրման կանոնները, կազմակերպության և դրա ստորաբաժանումների տնտեսական սպասարկմանը վերաբերող կարգադրությունները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը:

2. Պահեստապետի որակավորման նվազագույն պահանջները`

Պահեստապետի պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող և տնտեսության կամ նյութատեխնիկական ապահովման ոլորտում աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

13. ԲԱԶԱՅԻ ՎԱՐԻՉ

 

1. Բազայի վարիչի աշխատանքային գործառույթները`

Կատարում է կազմակերպության շենքից դուրս այլ վայրում կազմակերպությանը ամրացված բազայի նյութատեխնիկական միջոցների պահպանման աշխատանքները և հսկում է դրանց արդյունավետ օգտագործումը:

2. Բազայի վարիչի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Աշխատանքային գործառույթներին առնչվող փաստաթղթերի ճիշտ կազմման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:

3. Բազայի վարիչի որակավորման նվազագույն պահանջները

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

14. ՎԱՐՈՐԴ

 

1. Վարորդի աշխատանքային գործառույթները`

1) ապահովում է կազմակերպությանը պատկանող տրանսպորտային միջոցի անվտանգ և նպատակային շահագործումը.

2) պատշաճ աշխատանքային վիճակում է պահում իրեն ամրակցված տրանսպորտային միջոցը, հետևում է դրա տեխնիկական սարքինությանը և տեխնիկական խնդիրների կամ անսարքությունների առաջացման դեպքում անհապաղ տեղեկացնում է անմիջական ղեկավարին.

3) հետևում է տրանսպորտային միջոցի սանիտարահիգիենիկ վիճակին, ապահովում է ամրագոտիների առկայությունը և վերահսկում ուղևորների կողմից դրանց օգտագործումը.

4) ապահովում է տրանսպորտային միջոցի անվտանգ կայանումը կազմակերպության տարածքում և, անհրաժեշտության դեպքում, գիշերային ժամերին` սահմանված կարգով.

5) պատշաճ կերպով լրացնում է ուղեգրերի մատյանները, յուրաքանչյուր ամիս անմիջական ղեկավարին ներկայացնում է տեղեկատվություն տրանսպորտային միջոցի վազքի, վառելիքի ծախսի և սպասարկման վերաբերյալ.

6) շահագործումից առաջ ստուգում է տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, իսկ աշխատանքի ավարտից հետո այն կանգնեցնում է սահմանված կայանատեղում.

7) իրականացնում է կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

2. Վարորդի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Համապատասխան տրանսպորտային միջոցի վարման համար անհրաժեշտ կանոնների իմացություն:

3. Վարորդի որակավորման նվազագույն պահանջները`

Վարորդի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն և փոխադրամիջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական, առնվազն 2 տարվա վարորդական աշխատանքի ստաժ:

 

15. ՊԱՀԱԿ

 

1. Պահակի աշխատանքային գործառույթները`

1) ապահովում է կազմակերպության մասնաշենքերում այցելուների, պարապողների, աշխատողների մուտքի ու ելքի հսկողությունը, հետևում է կազմակերպության տարածքի պատշաճ վիճակին.

2) իրականացնում է հերթապահություն կազմակերպության ներսում, ինչպես նաև դրա ամբողջ տարածքում.

3) ստուգում է կազմակերպության շենքի փականների ամբողջականությունը, ազդանշանիչ և լուսավորության սարքերի, հեռախոսների սարքին լինելը, հակահրդեհային գույքի առկայությունը.

4) օբյեկտը պաշտպանության տակ վերցնելուն արգելող անսարքությունների հայտնաբերման դեպքում հայտնում է տնօրենին.

5) կոտրված դռների, պատուհանների, պատերի, փականների հայտնաբերման կամ օբյեկտում տագնապի ազդանշանի առաջացման դեպքում անհապաղ հայտնում է տնօրենին և ոստիկանության բաժանմունքի հերթապահին, իրականացնում է առկա հետքերի պահպանում` մինչև ոստիկանության ներկայացուցիչների գալը.

6) օբյեկտում հրդեհի առաջացման դեպքում տագնապ է բարձրացնում, տեղեկացնում է հրշեջ խմբին, դեպքի մասին հայտնում տնօրենին, ոստիկանության բաժանմունքի հերթապահին, ձեռնարկում հրդեհի վերացման միջոցներ.

7) գրառումների համապատասխան մատյանում իրականացնում է հերթապահության ընդունում և հանձնում.

8) սահմանված ժամանակում փոխարինողի չգալու դեպքում հայտնում է տնօրենին,

9) աշխատանքային սենյակը պահում է պատշաճ սանիտարական վիճակում:

2. Պահակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) պահակը պետք է իմանա կազմակերպությանը հարող տարածքի արտաքին բարեկեցության վիճակի և շրջապատող միջավայրի պաշտպանության նորմերը և պահանջները, կազմակերպության տարածքների համաճարակային անվտանգության ապահովման նորմերը, կազմակերպության օբյեկտների պաշտպանման կանոնները և հրահանգները, անցագրային ռեժիմի մասին կարգը և հրահանգները, պաշտպանվող օբյեկտի սահմանները, պաշտպանվող օբյեկտի տնօրենության, իր անմիջական ղեկավարի և ոստիկանության բաժնի հերթապահի հեռախոսահամարները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի խնայողաբար օգտագործելու և սահմանված նորմերը պահպանելու կանոնները.

3) իր գործունեության ընթացքում պահակն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Պահակի որակավորման նվազագույն պահանջները`

Պահակի պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջնակարգ, արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող կամ աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

16. ԴՌՆԱՊԱՆ

 

1. Դռնապանի աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է կազմակերպության մուտքի վերահսկումը և հետևում է մուտքի հատվածում կարգուկանոնի պահպանմանը.

2) ապահովում է կազմակերպության մուտք գործող անձանց ընդունումը և անհրաժեշտության դեպքում ուղղորդում է նրանց համապատասխան աշխատակիցների կամ ստորաբաժանումների մոտ.

3) վերահսկում է կազմակերպություն մուտք գործող և կազմակերպությունից դուրս եկող անձանց շարժը` սահմանված կարգի համաձայն.

4) հետևում է կազմակերպության մուտքի հատվածի և հարակից տարածքի պատշաճ վիճակին.

5) անհրաժեշտության դեպքում տեղեկացնում է կազմակերպության տնօրենին կամ պատասխանատու աշխատողներին մուտքի հատվածում առաջացած խնդիրների կամ արտակարգ իրավիճակների մասին.

6) ապահովում է կազմակերպության մուտքի դռների բացումն ու փակումը սահմանված ժամանակացույցին համապատասխան.

7) ապահովում է մուտքի տարածքի մաքրությունը և սանիտարական պատշաճ վիճակը.

8) անհրաժեշտության դեպքում տրամադրում է այցելուներին ընդհանուր տեղեկատվություն կազմակերպության աշխատանքի կարգի վերաբերյալ.

9) մասնակցում է կազմակերպությունում անցկացվող միջոցառումների ժամանակ մուտքի կարգավորման աշխատանքներին.

10) իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով.

11) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Դռնապանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Դռնապանի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա կազմակերպության մուտքի կազմակերպման և այցելուների ընդունման կանոնները, կազմակերպության ներքին կարգապահական կանոնները և այցելությունների կարգը, կազմակերպության տարածքում կարգուկանոնի պահպանման հիմնական պահանջները, արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական կանոնները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը:

3. Դռնապանի նվազագույն պահանջները`

Դռնապանի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի առնվազն միջնակարգ կրթություն:

 

17. ՀԱՎԱՔԱՐԱՐ

 

1. Հավաքարարի աշխատանքային գործառույթները`

1) սանիտարահիգիենիկ պահանջներին և անվտանգության կանոններին համապատասխան պատրաստում է տարբեր տեսակի լվացող և ախտահանող լուծույթներ` կազմակերպությունում ըստ անհրաժեշտության օգտագործելու համար.

2) սարքավորումների օգնությամբ կամ ձեռքով մաքրում է միջանցքները, աստիճանները, սանհանգույցները, սանիտարատեխնիկական սարքավորումները, պատուհանները, պատերը, առաստաղները, դռները և կահույքը.

3) իրականացնում է միջանցքներում աղբահանում, աղբամանների մաքրում և ախտահանում.

4) ստանում և օգտագործում է մաքրող միջոցներ, գույք և մաքրող նյութեր.

5) պահպանում է սանիտարիայի և հիգիենայի կանոնները կազմակերպության ընդհանուր օգտագործման տարածքներում.

6) պահպանում է աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները.

7) մարդկանց կյանքին կամ կազմակերպության գույքին սպառնացող վտանգի առաջացման դեպքում անմիջապես տեղեկացնում է կազմակերպության տնօրենին.

8) պահպանում է կազմակերպության ներքին կարգապահական կանոնները.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

10) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Հավաքարարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Հավաքարարը պետք է իմանա սանիտարիայի պահանջները, ախտահանող և լվացող միջոցների նշանակությունը և կոնցենտրացիան, մաքրման կանոնները, աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հավաքարարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն կամ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 

18. ԱՅԳԵՊԱՆ

 

1. Այգեպանի աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է կազմակերպության ծառերի, ծաղիկների, բույսերի և թփերի աճեցման, խնամքի և կանաչապատման աշխատանքներ.

2) իրականացնում է կազմակերպության ծաղկանոցների և սիզամարգերի ստեղծման և պահպանման աշխատանքներ.

3) իրականացնում է կազմակերպության տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ.

4) հետևում է կազմակերպության տարածքի պատշաճ վիճակին և իրականացնում է տարածքի մաքրման աշխատանքներ.

5) խնամում է կազմակերպությանը ամրագրված կանաչապատ տարածքները, ծառերը, բույսերը և թփերը.

6) անհրաժեշտության դեպքում իրականացնում է վտանգավոր հատվածների ցանկապատում և այդ մասին տեղեկացնում է կազմակերպության տնօրենին կամ անմիջական ղեկավարին.

7) ձմեռային ժամանակահատվածում իրականացնում է կազմակերպության տարածքի մաքրումը ձյունից և սառույցից` ապահովելով անվտանգ միջավայր.

8) գազի հոտի կամ խողովակաշարերի վթարային վիճակի (ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում և այլն) հայտնաբերման դեպքում անմիջապես տեղեկացնում է կազմակերպության տնօրենին կամ պատասխանատու աշխատողին.

9) պահպանում է աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները.

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

11) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Այգեպանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Այգեպանը պետք է իմանա ցանքի և ծառատունկի իրականացման կանոնները, ծառերի, բույսերի, թփերի, սիզամարգերի տեսակները, խնամքի և սնուցման կանոնները, ոռոգման եղանակները և առանձնահատկությունները, մոլախոտերի տեսակները և իրականացնի դրանց դեմ պայքարի միջոցառումները, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի եղանակները, սարքավորումների միջոցներով ծառահատման, ճյուղերի կտրման, կոճղահատման աշխատանքի կանոնները` պահպանելով անվտանգության կանոնները, կազմակերպությանը հարող տարածքի արտաքին բարեկեցության վիճակի և շրջապատող միջավայրի պաշտպանության նորմերը և պահանջները, կազմակերպության տարածքների համաճարակային անվտանգության ապահովման նորմերը, ամրագրված տարածքի մաքրման սահմանները, մաքրման կարգը, մաքրման աշխատանքների հրահանգները և տեխնոլոգիական խորհուրդները, մաքրող միջոցների հատկությունները և դրանց անվտանգ օգտագործման կանոնները, աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման կանոնները, նյութերի կիրառման կանոնները, անվտանգության կանոնները` մաքրման աշխատանքներ կատարելիս, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Այգեպանի պաշտոնը կարող է զբաղեցնել արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը:

 

19. ՀԱՆԴԵՐՁԱՊԱՀ

 

1. Հանդերձապահի աշխատանքային գործառույթները`

Ապահովում է հանդերձարաններում պահպանման հանձնված հագուստի և այլ իրերի անվտանգությունը:

2. Հանդերձապահի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) պետք է իմանա գույքի շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները:

2) իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ:

3. Հանդերձապահի որակավորման նվազագույն պահանջները` Հանդերձապահի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի

Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի առնվազն միջնակարգ կրթություն:

 

III. ՆԿԱՐԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` պետական և համայնքային երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների`

 

1. ՏՆՕՐԵՆ

 

1. Տնօրենի աշխատանքային գործառույթները`

1) արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների տնօրենը (այսուհետ` դպրոցի տնօրեն) ապահովում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` պետական և համայնքային երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների (այսուհետ` դպրոց) բնականոն գործունեությունը, իրականացնում է ընթացիկ կառավարումը և ղեկավարումը, ուսումնադաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրության, դպրոցի կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան.

2) ապահովում և կրում է պատասխանատվություն ուսումնական պլանին համապատասխան` առարկայական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման, կրթության որակի և բովանդակության, ներքին կարգապահական կանոնների մշակման և ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, կրթական գործընթացում սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պահպանման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) համակարգում և հսկում է կառուցվածքային ստորաբաժանումների, մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը.

4) կազմում է դպրոցի աշակերտների հրամանագիրքը, հաստատում է մանկավարժների տարիֆաորակավորման ցուցակը, ներքին կարգապահական կանոնները, դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում դպրոցի հաստիքացուցակը.

5) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի, լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի, գույքի տնօրինումը, հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ ռեժիմի, աշխատանքի անվտանգությունը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.

6) սահմանում է դպրոցի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

7) պաշտոնների անվանացանկի և պաշտոնների նկարագրի համաձայն աշխատանքի ընդունում ու աշխատանքից ազատում է դպրոցի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր, իրականացնում է աշխատողների միջև աշխատանքների բաշխումը.

8) իր հրամանով ձևավորում է մանկավարժական խորհուրդը` մեկ ուսումնական տարի ժամկետով.

9) ղեկավարում է մանկավարժական խորհուրդը, աջակցում է դպրոցի ծնողական, աշակերտական և դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ խորհրդակցական մարմինների գործունեությանը.

10) հաստատում և մանկավարժական խորհրդին է ներկայացնում դպրոցի գործունեության տարեկան աշխատանքային պլանը, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, զարգացման ծրագիրը, ընդունում է որոշումներ այդ աշխատանքների պլանավորման և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցի համար.

11) հաստատում է դպրոցում ընդունելության, փոխադրական, ավարտական ստուգարքների և քննությունների ժամանակացույցն ու հանձնաժողովների կազմերը և համաձայնեցնում է ավարտական քննությունների ժամանակացույցն ու հանձնաժողովների կազմերը լիազոր մարմնի հետ.

12) հսկում է դպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.

13) իրականացնում է հսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների դասընթացների և պարապմունքների յուրացման որակի, նրանց վարքի, դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

14) սահմանված կարգով ձևավորում և կառավարում է սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում սովորողների իրավունքների պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, ապահովում է բոլոր սովորողների արտադպրոցական կրթություն ստանալու իրավունքը.

15) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում սովորողներին` դպրոցի կանոնադրությամբ և ներքին կարգապահական, այդ թվում` սովորողների վարքագծի կանոններով սահմանված կարգով.

16) համաձայն դպրոցի կանոնադրության և աշխատանքային պայմանագրի` սահմանում է աշխատողների աշխատանքային պարտականությունները, ստեղծում պայմաններ նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար և կազմակերպում է մասնագիտական քննարկումներ դպրոցի փորձառու մասնագետների մասնակցությամբ.

17) աջակցում է մանկավարժների մասնակցությանը կամավոր ատեստավորմանը.

18) ապահովում է արդյունավետ համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների, սովորողների ծնողների (նրա օրինական ներկայացուցչի) հետ և բնակչության շրջանում` դպրոցի հեղինակության ամրապնդման նպատակով.

19) սովորողի արտադպրոցական կրթության առավել արդյունավետ կազմակերպման նպատակներից ելնելով` նպաստում է նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական այլ հաստատությունների միջև համագործակցությանը.

20) կազմակերպում է դպրոցի մշակութային միջոցառումները և ապահովում է սովորողների պատշաճ մասնակցությունը հանրապետական կամ միջազգային միջոցառումներին` համերգներ, մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ և այլ կրթամշակութային նախագծերին.

21) օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և հսկում դրանց կատարումը.

22) կազմում և լիազոր մարմնին է ներկայացնում դպրոցի եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.

23) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

2. Դպրոցի տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ոլորտի զարգացման առաջնահերթ և գերակա ուղղությունները.

2) դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

3) դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են արտադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, կրթության և մշակույթի ոլորտների պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, մինչբժշկական օգնության հիմունքները,

գ. աշխատանքի անվտանգության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները:

1) Դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է կարողանա`

ա. իրականացնել ուսումնադաստիարակչական գործընթացի պլանավորում, կազմակերպում և հսկողություն.

բ. ապահովել սովորողների` արտադպրոցական ծրագրերի պահանջներին համապատասխան ուսուցման որակ.

գ. ապահովել մանկավարժների մասնագիտական շարունակական զարգացումը.

դ. ապահովել սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերն ու իրավունքները.

ե. վերլուծել դպրոցի զարգացման կարիքները, առաջարկել համապատասխան ծրագրեր:

2) Դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա կառավարչական հետևյալ հմտություններն և ունակությունները`

ա. թիմային աշխատանքի կազմակերպում,

բ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,

գ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,

դ. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,

ե. աշխատանքի կառավարում,

զ. անձնակազմի կառավարում,

է. ժամանակի կառավարման հմտություններ,

ը. ռեսուրսների բաշխում և կառավարում,

թ. որոշումների կայացում,

ժ. խնդիրների լուծում,

ժա. բանակցություններ վարելու հմտություններ,

ժբ. ելույթ ունենալու հմտություններ,

ժգ. հասարակայնության հետ կապերի ստեղծման և հաղորդակցման հմտություններ,

ժդ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում:

3. Դպրոցի տնօրենի որակավորման պահանջները`

Դպրոցի տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել արվեստի ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող` Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ արվեստի բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

2. ՏՆՕՐԵՆԻ` ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ

 

1. Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի աշխատանքային գործառույթները`

1) պատասխանատու է ուսումնական գործընթացի կազմակերպման, առարկայական ծրագրերի կատարման, դասավանդման որակի ապահովման համար.

2) հսկողություն է իրականացնում ուսումնական աշխատանքի ընթացքի, սովորողների գիտելիքների, առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

3) դպրոցի տնօրենի հետ համատեղ իրականացնում է դպրոցի ուսումնական աշխատանքի մեթոդական ղեկավարումը.

4) կազմում է և տնօրենի հաստատմանն է ներկայացնում ուսումնական պարապմունքների դասացուցակը, ընդունելության, փոխադրական, ստուգարքների ու քննությունների ժամանակացույցը և հանձնաժողովների կազմերը.

5) մասնակցում է մանկավարժների տարիֆաորակավորման ցուցակի կազմմանը.

6) յուրաքանչյուր ուսումնական տարվա/կիսամյակի սկզբին, բաժինների բեռնվածքի հիման վրա կատարում է դասաբաշխում` ըստ անհատական դասերի ու խմբերի և մանկավարժներին տրամադրում նրանց անհատական ուսումնական բեռնվածքները և ժամաքանակը.

7) վարում է դպրոցի հիմնական մատյանները.

8) ընդհանրացնում և տարածում է մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, աջակցում է ուսուցման նոր մեթոդների ներդրմանը, մանկավարժներին հաղորդակից դարձնում մանկավարժության նորարարություններին.

9) իրականացնում է հսկողություն սովորողների ուսումնական պարապմունքների նկատմամբ: Ներկայացնում է առաջարկություններ ուսումնական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.

10) մասնակցում է դպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարման հսկողությանը.

11) կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում նոր ուսումնական տարվա նախատեսվող միջոցառումների ծրագրերը` հաշվի առնելով նաև դպրոցի բաժնի ղեկավարների կողմից ներկայացված մանկավարժների տարեկան հաշվետվությունները.

12) մշտադիտարկում է դասընթացների իրականացումը, սովորողների բնականոն զարգացումն ու գիտելիքների աճը, ներկայացնում է առաջարկություններ ուսումնական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.

13) մասնակցում է սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների պաշտպանությանը.

14) դպրոցի կանոնադրությամբ և ներքին կարգապահական, այդ թվում` սովորողների վարքագծի կանոններով սահմանված կարգով` տնօրենին ներկայացնում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

15) համակարգում է կրթամշակութային միջոցառումները, կազմակերպում է միջոցառումների մասնակիցների ունկնդրման ժամանակացույցը.

16) ապահովում է սովորողների մասնակցությունը հանրապետական կամ միջազգային միջոցառումներին` համերգներ, մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ և այլ կրթամշակութային նախագծերին.

17) իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է գործածության ենթակա փաստաթղթերի նախապատրաստումը, մշակումը, վարումը, հաշվառումը և պահպանումը.

18) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է գրությունների պատասխանների կազմումը, առաջարկությունները, տեղեկանքները, հաշվետվությունները, զեկուցագրերը, միջնորդագրերը և այլ գրությունները.

19) տարին երկու անգամ հաշվետվություն է ներկայացնում տնօրենին և մանկավարժական խորհրդին` կատարած աշխատանքի վերաբերյալ.

20) դպրոցի տնօրենի հետ համատեղ մասնակցում է`

ա. դպրոցի գործունեության տարեկան աշխատանքային պլանի, զարգացման ծրագրի մշակմանը, ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպմանը.

բ. բաժինների բնականոն աշխատանքների կազմակերպմանը,

գ. մանկավարժական աշխատողի ընտրությանը:

21) պլանավորում է ուսումնական, մեթոդական աշխատանքները` հաշվի առնելով մանկավարժական կադրերի կարողությունները, փորձը. այդ թվում`

ա. մանկավարժների և բաժինների ղեկավարների մեթոդական օգնության կազմակերպումը` դասընթացների, պարապմունքների նախապատրաստման և անցկացման գործում,

բ. մեթոդական աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնական աշխատանքների վերլուծությունը և դրա հիման վրա միջոցառումների ընդունումը,

գ. մանկավարժների մասնագիտական որակավորման բարձրացումը,

դ. աշխատանքային փորձի փոխանակումը,

ե. մանկավարժների համար կազմակերպում է մասնագիտական զարգացմանը ուղղված բաց դասեր, անհատական և խմբային խորհրդատվություններ:

22) աջակցում է մանկավարժների մասնակցությանը կամավոր ատեստավորմանը.

23) սովորողի կրթության առավել արդյունավետ կազմակերպման նպատակներից ելնելով` կազմակերպում է ուսումնական այլ հաստատությունների միջև համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները.

24) իրականացնում է դպրոցի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված գործառույթներ, կատարում տնօրենի հանձնարարականները.

25) Իրականացնում է մանկավարժների և բաժնի ղեկավարների աշխատանքի նկատմամբ հսկողություն. պարբերաբար ստուգում է`

ա. թեմատիկ պլանները, դասամատյանների ճշգրիտ լրացումն ու վարումը, կիսամյակային բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյանները, դասալսումների արդյունքների արձանագրությունները, սովորողի գնահատման օբյեկտիվությունը,

բ. մեթոդական աշխատանքի բովանդակությունը, նախապատրաստումը, ծրագրավորումը, կազմակերպումն ու կարգավորումը, խթանումն ու վերլուծությունը:

2. Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության համակարգի զարգացման առաջնահերթ ուղղությունները.

2) դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

3) դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են արտադպրոցական կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, մինչբժշկական օգնության հիմունքները,

գ. աշխատանքի անվտանգության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները:

3. Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է կարողանա`

ա. իրականացնել ուսումնական գործընթացի պլանավորում, կազմակերպում և հսկողություն,

բ. իրականացնել կրթական գործընթացի ուսումնասիրություն և կատարել արդյունքների վերլուծություն,

գ. աջակցել մանկավարժական աշխատողների մասնագիտական շարունակական զարգացմանը,

դ. աջակցել սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների ապահովմանը:

4. Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա կառավարչական հետևյալ հմտությունները և ունակությունները`

ա. աշխատանքային պլանի մշակում,

բ. թիմային աշխատանքի կազմակերպում,

գ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,

դ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,

ե. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,

զ. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում,

է. անձնակազմի կառավարում,

ը. ժամանակի կառավարման հմտություններ,

թ. ռեսուրսների բաշխում և կառավարում,

ժ. որոշումների կայացում,

ժա. խնդիրների լուծում,

ժբ. բանակցություններ վարելու հմտություններ,

ժգ. ելույթ ունենալու հմտություններ,

ժդ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում,

ժե. հասարակայնության հետ կապերի ստեղծման և հաղորդակցության հմտություններ:

5. Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի որակավորման պահանջները`

Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը կարող է զբաղեցնել արվեստի ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող` Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ արվեստի բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

3. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 

1. Բաժնի ղեկավարի աշխատանքային գործառույթները`

1) կազմակերպում է բաժնի աշխատանքները և ապահովում հիմնական գործառույթների իրականացումը.

2) մշակում և սահմանված կարգով մանկավարժական խորհրդի հավանությանն է ներկայացնում բաժնի ուսումնամեթոդական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը.

3) հաստատում է բաժնի մանկավարժների թեմատիկ պլանները և աշխատանքային պլանը.

4) պարբերաբար ստուգում է թեմատիկ պլանները և դասամատյանները.

5) կազմում է բաժնի կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

6) առաջարկություններ է ներկայացնում դպրոցի գործունեության, աշխատանքային պլանի, զարգացման ծրագրերի վերաբերյալ.

7) պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման համար.

8) ապահովում է բաժնի սովորողների մասնակցությունը հանրապետական կամ միջազգային միջոցառումներին` համերգներ, մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ և տարաբնույթ այլ կրթամշակութային նախագծերին.

9) կազմակերպում է բաժնի մշակութային միջոցառումները` համաձայն դպրոցի տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցի.

10) մասնակցում է բաժնի փոխադրական, ավարտական ստուգարքների և քննությունների կազմակերպման գործընթացին.

11) իրականացնում է դասալսումներ և կազմում դրա արդյունքների արձանագրությունները.

12) մանկավարժին հաղորդակից է դարձնում մանկավարժության արդիական մեթոդներին.

13) սովորողների ընդհանուր դաստիարակության գործընթացի նպատակներից ելնելով` ապահովում է բաժնի և այլ բաժինների համագործակցությունը և համատեղ աշխատանքը.

14) իրականացնում է դասընթացների, պարապմունքների իրականացման նկատմամբ հսկողություն և մշտադիտարկում,

15) նպաստում է արդյունավետ համագործակցությանը սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցչի) հետ.

16) մասնակցում է մանկավարժական խորհրդի աշխատանքներին,

17) իրականացնում է աշխատանքներ իր մասնագիտական շարունակական զարգացման ուղղությամբ.

18) ապահովում է սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների պաշտպանությունը.

19) կանոնադրությամբ և ներքին կարգապահական, այդ թվում` սովորողների վարքագծի կանոններով սահմանված կարգով` դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենին ներկայացնում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

20) մեթոդական աջակցություն է ցուցաբերում բաժնի մանկավարժներին.

21) կազմակերպում է միջոցառումներ` բաժնի մանկավարժների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով.

22) ընդհանրացնում և տարածում է լավագույն մանկավարժների աշխատանքի դրական փորձը.

23) աջակցում է մանկավարժական աշխատողների մասնակցությանը կամավոր ատեստավորմանը.

24) դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի հանձնարարությամբ ծնողների համար անցկացնում է բաց դասեր, անհատական և խմբային խորհրդատվություններ.

25) ապահովում է բաժնին հասցեագրված գրությունների պատասխանների կազմումը, նախապատրաստում բաժնի լիազորությունների սահմաններում առաջարկությունները, տեղեկանքները, հաշվետվությունները, զեկուցագրերը, միջնորդագրերը և այլ գրությունները.

26) հսկում և ապահովում է բաժնի անհրաժեշտ փաստաթղթերի մշակումը, լրացումը, վարումը, հաշվառումը և պահպանությունը.

27) հրավիրում և անցկացնում բաժնի նիստեր.

28) աշխատանք է տանում բաժնի մանկավարժական աշխատողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման ապահովման ուղղությամբ.

29) իրականացնում է դպրոցի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված գործառույթներ, կատարում տնօրենի և տնօրենի տեղակալի հանձնարարականները.

30) պահպանում է տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերը, կանոնները.

31) դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հետ մասնակցում է`

ա. առարկայական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ներկայացնում է ծրագրերի բովանդակության բարելավման վերաբերյալ առաջարկություններ,

բ. դպրոցում իրականացվող մեթոդական աշխատանքին, վերլուծում ուսումնամեթոդական աշխատանքի արդյունքները,

գ. իր լիազորությունների սահմանում ուսումնամեթոդական փաստաթղթերի, ձեռնարկների, սարքավորումների և դիդակտիկ նյութերի համակարգման աշխատանքներին, վերլուծում և ընդհանրացնում է արդյունքները,

դ. ներկայացնում է առաջարկներ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալին դասընթացների, ուսումնական պարապմունքների վերաբերյալ,

ե. մանկավարժական աշխատողների ընտրությանը, անձնակազմում բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման, աշխատողների բարոյական և նյութական խրախուսման գործընթացին:

2. Դպրոցի բաժնի ղեկավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) դպրոցի բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության համակարգի զարգացման առաջնահերթ ուղղությունները.

2) դպրոցի բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

3) դպրոցի բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա երեխաների զարգացման անհատական առանձնահատկությունները, տարբեր տարիքի երեխաների գեղագիտական ընկալումը, հույզերը, շարժիչ հմտությունները և ունակությունները.

4) դպրոցի բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են արտադպրոցական կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,

գ. աշխատանքի անվտանգության նորմերն ու կանոնները, անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին բուժօգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման նորմերը և կանոնները:

3. Դպրոցի բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է կարողանա`

ա. իրականացնել ուսումնական գործընթացի պլանավորում, կազմակերպում և հսկողություն,

բ. իրականացնել ուսումնական գործընթացի ուսումնասիրություն և կատարել արդյունքների վերլուծություն,

գ. աջակցել մանկավարժների մասնագիտական շարունակական զարգացմանը,

դ. աջակցել սովորողների շահերի և իրավունքների ապահովմանը:

4. Դպրոցի բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա կառավարչական հետևյալ հմտությունները և ունակությունները`

ա. աշխատանքային պլանի մշակում,

բ. թիմային աշխատանքի կազմակերպում,

գ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,

դ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,

ե. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,

զ. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում,

է. անձնակազմի կառավարում,

ը. ժամանակի կառավարման հմտություններ,

թ. սովորողի գնահատման օբյեկտիվություն,

ժ. որոշումների կայացում,

ժա. խնդիրների լուծում,

ժբ. բանակցություններ վարելու հմտություններ,

ժգ. ելույթ ունենալու հմտություններ,

ժդ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում:

5. Դպրոցի բաժնի ղեկավարի որակավորման պահանջները`

Դպրոցի բաժնի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որը ունի իր կողմից ղեկավարվող բաժնում դասավանդվող առարկաներին համապատասխան բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն և առնվազն երեք տարվա ընդհանուր մանկավարժական ստաժ` վերջին 5 տարվա ընթացքում:

6. Դպրոցում բաժնի ղեկավարի հաստիքի առկայության պահանջները`

ա. դպրոցի բաժնի ղեկավարի պաշտոնը սահմանվում է նույն ուղղությամբ ոչ պակաս 7 մանկավարժի առկայության դեպքում` համապատասխան լրավճարի վճարումով: Լրավճարը հատկացվում է համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում,

բ. Բաժնի ղեկավարի պարտականությունները դրվում է տնօրենի տեղակալի կամ մանկավարժներից մեկի վրա (նրա համաձայնությամբ)` բաժնում 7 մանկավարժից պակաս մանկավարժի առկայության դեպքում:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2026
N 1265-Ն
Որոշում