Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1265-Ն

 

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

4. ՄԱՆԿԱՎԱՐԺ

 

1. Մանկավարժի աշխատանքային գործառույթները`

1) համապատասխան ուղղությամբ և առարկայական ծրագրով պլանավորում և իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը.

2) կազմում և վարում է սովորողի անհատական դասերի անհատական թերթիկը, հաճախումների մատյանը և սահմանված ժամկետներում դպրոցի բաժնի ղեկավարների հաստատմանն է ներկայացնում սովորողի անհատական դասերի անհատական թերթիկը.

3) խմբային պարապմունքների դեպքում կազմում և վարում է սովորողների խմբային դասերի մատյանը: Մատյանում ներառվում են սովորողների հաճախումները, իսկ տեսական առարկաների համար` օրվա ուսումնական նյութը` ըստ թեմատիկ պլանի գրանցման էջերից.

4) համապատասխան ուղղությամբ և ծրագրով յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին մանկավարժն իրականացված աշխատանքի վերաբերյալ բաժնի ղեկավարին է ներկայացնում գրավոր հաշվետվություն: Հաշվետվության մեջ ներկայացվում է կատարած աշխատանքի արդյունքները, սովորողի ձեռքբերումները և առաջարկներ` նոր ուսումնական տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ.

5) ապահովում է դպրոցի և ծնողական համայնքի պահանջների միասնությունը` հաշվի առնելով երեխաների հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, նրանց տարիքը և բնավորությունը, գիտելիքների և հմտությունների մակարդակը.

6) ապահովում է սովորողի մասնակցությունը հանրային միջոցառումներին` համերգներ, մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ և տարաբնույթ այլ կրթամշակութային միջոցառումներին.

7) հատուկ աջակցություն է ցուցաբերում շնորհալի և տաղանդավոր երեխաներին, բացահայտում է առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնները,

8) նպաստում է սովորողների մեջ արժեքային համակարգի ձևավորմանը, դաստիարակում հայրենասիրություն, ձևավորում պատշաճ վարքագիծ և վարվելակերպ.

9) նպաստում է սովորողների մեջ գեղարվեստական ճաշակի զարգացմանը, երաժշտական և կերպարային ներկայացումների ընդլայնմանը և ստեղծագործական անհատականության դաստիարակությանը.

10) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

11) պահպանում է դպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները

12) իրականացնում է սովորողի համար սահմանված գործավարությունը, ղեկավարությանը ներկայացնում սովորողների հաճախումների և վարքի մասին տեղեկություններ.

13) աշխատանք է տանում երեխաների վարքի շեղման, վնասակար սովորությունների, հակասոցիալական արարքների կանխարգելման և վերացման համար.

14) մանկավարժական գործունեության մեջ իր ուսումնասիրության արդյունքները հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր երեխայի անձնային զարգացման համար.

15) հոգածությամբ է վերաբերվում յուրաքանչյուր աշակերտին, նրանց հետ շփման ժամանակ ցուցաբերում է զսպվածություն, մանկավարժական էթիկա

16) անհրաժեշտության դեպքում մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, բաց դասերին, վարպետության դասերին, անհատական և խմբային խորհրդատվություններին:

17) խնամքով է վերաբերվում հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին և այլ պարագաներին.

18) արգելում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողների առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը:

19) Իրավասու է`

ա. մասնակցել դպրոցի կառավարմանը` դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով,

բ. ընտրել և կիրառել արտադպրոցական կրթության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական նյութեր. մասնակցել առարկայական ծրագրերի մշակմանը և իրականացմանը, ընտրել և օգտագործել` ուսուցման և դաստիարակության մեթոդներ, ուսումնական նյութեր, դասագրքեր, սովորողի գիտելիքների գնահատման մեթոդներ,

գ. ծանոթանալ բողոքներին և իրեն առնչվող այլ փաստաթղթերին և պարզաբանումներ տալ դրանց վերաբերյալ,

դ. ծանոթանալ կարգապահական (ծառայողական) հետաքննության գաղտնի մանրամասներին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

ե. մասնակցել կամավոր ատեստավորմանը:

20) Պատասխանատու է`

ա. ուսումնական գործընթացում առարկայական ծրագրերի իրականացման համար,

բ. ուսումնական գործընթացում սովորողի կյանքի և առողջության համար, գ. սովորողների իրավունքների և ազատությունների խախտման համար:

21) դպրոցի կանոնադրությամբ և աշխատանքային ներքին կանոնակարգով նախատեսված, ինչպես նաև դպրոցի տնօրենի, դպրոցի տեղակալի օրինական կարգադրությունները առանց հիմնավոր պատճառի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար մանկավարժը կրում է կարգապահական պատասխանատվություն աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Դպրոցի մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) դպրոցի մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա երեխաների զարգացման անհատական առանձնահատկությունները, տարբեր տարիքի երեխաների գեղագիտական ընկալումը, հույզերը, շարժիչ հմտությունները և ունակությունները.

2) դպրոցի մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա առարկայի դասավանդման մեթոդները, ուսուցանվող առարկայի ծրագրերն ու ուսումնական նյութերը, ուսումնական աշխատանքի մեթոդները.

3) դպրոցի մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

4) դպրոցի մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են արտադպրոցական կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. ըստ ուղղվածության առարկայական ծրագրերը և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` լիազոր մարմնի համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,

դ. աշխատանքի անվտանգության, սովորողների կյանքի և առողջության պահպանման նորմերը ու կանոնները:

3. Դպրոցի մանկավարժի որակավորման պահանջները`

ա. դպրոցի մանկավարժի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի իր կողմից դասավանդվող առարկային համապատասխան բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,

բ. դպրոցի մանկավարժի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի արվեստի ոլորտի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն և դասավանդվող ուղղությամբ առնվազն երեք տարվա ընդհանուր մանկավարժական ստաժ` վերջին հինգ տարվա ընթացքում:

 

5. ՆՎԱԳԱԿՑՈՂ

 

1. Նվագակցողի աշխատանքային գործառույթները`

1) ապահովում է ուսումնական դասընթացների երաժշտական ուղեկցումը` մասնակցելով անհատական և խմբակային դասերի.

2) դասավանդող մանկավարժի հետ համատեղ նախապատրաստում է սովորողների մասնակցությունը համերգների, մրցույթների, փառատոների, քննությունների, բաց դասերի և այլ կրթամշակութային միջոցառումների.

3) ապահովում է երաժշտական ստեղծագործությունների մասնագիտական կատարումը` հաշվի առնելով սովորողների տարիքային, անհատական և կատարողական առանձնահատկությունները.

4) աջակցում է սովորողների կատարողական հմտությունների, անսամբլային նվագակցության կարողությունների, երաժշտական լսողության, ռիթմի զգացողության, գեղարվեստական ճաշակի և բեմական մշակույթի զարգացմանը.

5) մասնակցում է փորձերին և ուսումնական գործընթացի կազմակերպմանը` համագործակցելով մանկավարժների և դպրոցի ստորաբաժանումների հետ

6) հետևողականորեն կատարելագործում է իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները.

7) խնամքով է վերաբերվում իրեն ամրակցված երաժշտական գործիքներին, գույքին և այլ նյութական արժեքներին

8) կատարում է դպրոցի տնօրենի և անմիջական ղեկավարի` իր լիազորություններից բխող օրինական հանձնարարականները.

9) պահպանում է դպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, աշխատանքային կարգապահության և մասնագիտական էթիկայի կանոններով սահմանված պահանջները:

2. Դպրոցի նվագակցողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) դպրոցի նվագակցողի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա երեխաների զարգացման անհատական առանձնահատկությունները, տարբեր տարիքի երեխաների գեղագիտական ընկալումը, հույզերը, շարժիչ հմտությունները և ունակությունները.

2) դպրոցի նվագակցողի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա ուսումնական դասընթացի օրինակելի նվագացանկը.

3) դպրոցի նվագակցողի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության կրթության և մշակույթի ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև` արտադպրոցական կրթության պետական չափորոշիչները.

4) դպրոցի նվագակցողի պաշտոն զբաղեցնողը պետք է կարողանա թերթից ընթերցել, տեղում փոխադրել երաժշտական ստեղծագործությունը անհրաժեշտ տոնայնության մեջ.

5) դպրոցի նվագակցողի պաշտոն զբաղեցնողը պետք է տիրապետի դաշնամուրային նվագակցության հմտություններին.

6) տիրապետի համակարգչային և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հիմնական հմտություններին:

3. Դպրոցի նվագակցողի որակավորման պահանջները`

Նվագակցողի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական երաժշտական կրթություն «Դաշնամուր» մասնագիտացմամբ:

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

 

1. Աշխատանքային գործառույթներ`

1) կազմակերպում և իրականացնում է կրթամշակութային միջոցառումներ` համերգներ, վարպետության դասեր, սեմինարներ, մրցույթներ, ցուցահանդեսներ և այլ նպատակային ծրագրեր.

2) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական և ստեղծագործական գործունեությունը` աջակցելով նրանց սոցիալական հմտությունների, պատասխանատվության և մասնագիտական ունակությունների զարգացմանը.

3) պլանավորում և համակարգում է միջոցառումների ամբողջական ընթացքը` ապահովելով բարձր մակարդակի կազմակերպչական գործընթաց.

4) համագործակցում է դպրոցի մանկավարժական և վարչական աշխատողների հետ` միջոցառումների և դաստիարակչական գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով.

5) ընդհանրացնում և տարածում է միջոցառումների և դաստիարակչական գործունեության կազմակերպման լավագույն փորձը` նպաստելով դպրոցի և կրթական համակարգի զարգացմանը.

6) հսկում է սովորողների վարքագիծը, աջակցում դպրոցի ինքնավարությանը և հանրային վերահսկողությանը, հետևում ուսումնադաստիարակչական և ստեղծագործական գործընթացների ընթացքին, սովորողների առաջադիմությանը և զարգացմանը, նպաստում նրանց գիտելիքների, հմտությունների և ստեղծագործական կարողությունների ձևավորմանը.

7) հսկում է դպրոցի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը.

8) կազմակերպում և աջակցում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման միջոցառումների իրականացմանը.

9) համագործակցում է ծնողների հետ` սովորողների կրթության և ընտանեկան դաստիարակության կազմակերպման հարցերում.

10) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների իրավունքների իրականացմանը` ապահովելով նրանց ակտիվ մասնակցությունը դպրոցի բոլոր միջոցառումներին և ուսումնական գործընթացում:

2. Պահանջվող գիտելիքներ, կարողություններ և հմտություններ`

1) տիրապետում է համակարգչային և ժամանակակից տեխնիկայով աշխատանքի հմտություններին.

2) գիտելիքներ ունի մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի և հիգիենայի հիմունքների, աշխատանքի անվտանգության և հակահրդեհային կանոնների, առաջին բուժօգնության և սովորողների կյանքի ու առողջության պահպանման կանոնների վերաբերյալ:

3) իր գործունեության ընթացքում գործավարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, դպրոցի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

4) կարող է կազմակերպել սովորողների դաստիարակչական աշխատանքները, ապահովել ընտանիքի հետ համագործակցություն, կազմակերպել հանգիստն ու ժամանցը, աջակցել սոցիալապես անապահով և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման և դաստիարակության իրականացմանը:

3. Որակավորման նվազագույն պահանջներ`

Բարձրագույն կրթություն և վերջին տասը տարիների ընթացքում մանկավարժական, գիտական կամ կառավարման ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:

 

7. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ

 

1. Դպրոցի գրադարանավարի աշխատանքային գործառույթները`

1) համաձայն դպրոցի կանոնադրության` ապահովում է սովորողների և մանկավարժական աշխատողների գրադարանային հավաքածուից և տեղեկատվական միջոցներից անվճար օգտվելու իրավունքը, տրամադրում ուսումնական նյութի յուրացման համար համապատասխան տեղեկատվություն` անկախ նյութական կրիչի ձևից.

2) աջակցում է սովորողների և մանկավարժական աշխատողների ինքնակրթության արդյունավետ կազմակերպմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը` ուսումնական ծրագրերին համապատասխանող, տարբեր կրիչների վրա պարունակվող (գրքային ֆոնդ, թվային և մագնիսական կրիչներ) տեղեկատվության տրամադրման միջոցով.

3) համապատասխան պայմաններ է ստեղծում սովորողների ստեղծագործական հմտությունների զարգացման համար` ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից.

4) ձևավորում է դպրոցի գրադարանային-մատենագիտական հավաքածուն, կազմակերպում է հավաքածուի համալրումը, կանոնակարգումը, պահպանումը և օգտվողներին տրամադրումը, վարում հավաքածուի այբբենական, թեմատիկ, էլեկտրոնային քարտարանը (առկայության դեպքում), ըստ կարիքների, ստեղծում է տվյալների բազա.

5) դպրոցի տնօրենին առաջարկություն է ներկայացնում ուսումնական, ուսումնամեթոդական գրականության, գիտահանրամատչելի, մեթոդական, տեղեկատուների, ճյուղային գրականության ամբողջական հավաքածու` թղթային և էլեկտրոնային կրիչներով համալրելու համար.

6) կազմակերպում է գրադարանային ֆոնդի տեղաբաշխումը, պահպանումը, տեղեկատվության տրամադրումը բաժանորդներին, վարում գրադարանային ֆոնդի տեղեկատու-մատենագիտական, այբբենական ցանկեր, թեմատիկ և էլեկտրոնային քարտադարան, բաժանորդական քարտերի հաշվառում, դպրոցի կարիքներից բխող տվյալների բազա.

7) իրականացնում է պարբերաբար համալրվող տեղեկատվության վերլուծական մշակում, տարբերակում, բաժանորդների խորհրդատվություն և անհատական սպասարկում, տրամադրում ընթացիկ տեղեկատվություն մանկավարժական աշխատողներին` ուսումնական գործընթացների բարելավման համար.

8) համագործակցում է այլ գրադարանների և մշակութային կազմակերպությունների, տեղեկատվական կենտրոնների հետ գրադարանային հավաքածուի համալրման և արդյունավետ փորձի ներմուծման նպատակով.

9) աջակցում է սովորողներին` ընթերցասրահում դասերին պատրաստվելուն` օգտագործելով գրադարանային հավաքածուում առկա տեղեկատվությունը, այդ թվում` էլեկտրոնային (համացանցի) ռեսուրսները.

10) օժանդակում է մշակութային միջոցառումների կազմակերպմանը.

11) աջակցում է այցելուների ընթերցողական պահանջների բավարարմանը, ապահովում ընթերցողներին գրադարանի ձեռք բերած նոր նմուշների վերաբերյալ տեղեկատվությամբ:

2. Դպրոցի գրադարանավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) դպրոցի գրադարանավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Գրադարանների և գրադարանային գործի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքները, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, մինչ բժշկական օգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման հիմնական կանոնները:

3. Դպրոցի գրադարանավարի որակավորման պահանջները`

Դպրոցի գրադարանավարի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:

4. Դպրոցի գրադարանավարի հաստիքի առկայությունը`

Դպրոցում գրադարանավարի հաստիքը, սահմանվում է առնվազն 2000-2500 օրինակ գրքային ֆոնդի առկայության դեպքում: Սույն շեմից պակաս գրքային ֆոնդի առկայության դեպքում գրադարանավարի գործառույթները կարող են դրվել դպրոցի այլ աշխատակցի վրա (նրա համաձայնությամբ)` համապատասխան լրավճարով:

 

III. ՆԿԱՐԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` պետական և համայնքային երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների վարչատնտեսական աշխատողների`

 

1. ՏՆՕՐԵՆԻ` ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) մասնակցում է ֆինանսական ռեսուրսների շարժի կառավարմանը և ֆինանսական հարաբերությունների կարգավորմանը.

2) դպրոցի տնօրենի հանձնարարությամբ ներկայացնում է դպրոցը հարկային մարմիններում.

3) իրականացնում է ֆինանսական վերլուծություն

4) ապահովում է հարկերի և տուրքերի փոխանցումը բյուջե.

5) իրականացնում է դպրոցի տնտեսական զարգացման կարճաժամկետ և հեռանկարային կանխատեսումները, մշակում է համապատասխան տնտեսական ծրագրերը.

6) գնահատում է տնօրենի տրամադրած` ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ կարիքների համար պահանջվող ծախսերը, կազմում է նախահաշիվը և ներկայացնում է լիազոր մարմին.

7) ապահովում է գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքները.

8) առաջարկում է ուղիներ` դպրոցի ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերման համար.

9) դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործի բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իր կողմից ներկայացվող դպրոցի:

2. Տնօրենի` ֆինանսատնտեսական գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալը պետք է իմանա`

1) դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական փաստաթղթերը.

2) դպրոցում ֆինանսական աշխատանքի կազմակերպման սկզբունքները.

3) ֆինանսական պլանների, դրամական միջոցների, արտադրանքի իրացման և շահույթի պլանի կազմման կարգը.

4) ֆինանսական հոսքերի կառավարումն ապահովող միջոցները.

5) ֆինանսական ակտիվների, շահութաբերության և որակի գնահատման մեթոդները.

6) ֆինանսական ռեսուրսների բաշխման կարգը, ֆինանսական ներդրումների արդյունավետության որոշումը.

7) ֆինանսական հսկողության սկզբունքները.

8) ֆինանսական հաշվարկների կարգը և ձևը.

9) հաշվարկային համակարգը.

10) ֆինանսական հաշվարկների և հաշվետվության ստանդարտները.

11) հաշվապահական հաշվառման ստանդարտները:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա տնտեսագիտության կամ ֆինանսական ոլորտի բարձրագույն կրթություն կամ բարձրագույն կրթություն և տնտեսության սպասարկման բնագավառում կառավարման կամ ֆինանսատնտեսական գործունեության առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ` վերջին յոթ տարվա ընթացքում:

 

2. ՀԱՇՎԱՊԱՀ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է դպրոցի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը.

2) աջակցում է դպրոցի նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությանը.

3) կազմակերպում է հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` ելնելով դպրոցի գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, ինչպես նաև դրա ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությունից.

4) ղեկավարում է նախահաշիվների կազմման, տնտեսական գործառնությունների ձևակերպման համար կիրառվող` տիպային նմուշներ չունեցող սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերի նախապատրաստման և ընդունման աշխատանքները, ինչպես նաև ներքին հաշվապահական հաշվետվությունների ձևերի մշակման, գույքագրման կարգի ապահովման, տնտեսական գործառնությունների նկատմամբ վերահսկողության, հաշվապահական տեղեկատվության մշակման տեխնոլոգիաների և փաստաթղթաշրջանառության կարգի կազմակերպման աշխատանքները:

5) ապահովում է դպրոցում և նրա ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման արդյունավետ վարումը` ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվառման և վերահսկողության առաջադիմական ձևերի ու մեթոդների կիրառմամբ, ինչպես նաև դպրոցի գործունեության, գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ժամանակին ձևավորումն ու տրամադրումը և ֆինանսական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

6) ապահովում է հիմնական միջոցների, ապրանքանյութական և դրամական միջոցների հաշվառումը: Կատարում է դրանց շարժի գործառնությունների ժամանակին գրանցումը հաշվապահական հաշվառման հաշիվներում:

Հաշվառում է ծախսերի նախահաշվի իրականացումը, արտադրանքի իրացումը, աշխատանքների և ծառայությունների կատարման արդյունքները: Ապահովում է դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և հաշվարկային գործառնությունների հաշվառումը:

7) ապահովում է փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը, աշխատավարձերի հաշվարկումը, պետական և համայնքային բյուջեներ հարկերի և վճարների, պետական արտաբյուջետային սոցիալական ֆոնդեր ապահովագրական վճարների, բանկային կազմակերպություններ վճարումների, կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար միջոցների ճշգրիտ հաշվեգրումն ու փոխանցումը, ինչպես նաև դպրոցի աշխատողների նյութական խրախուսման համար միջոցների առանձնացումը.

8) իրականացնում է վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգի պահպանման, դպրոցի աշխատողների պաշտոնական դրույքաչափերի սահմանման համար աշխատավարձի ֆոնդի ծախսման, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների, հիմնական միջոցների գույքագրման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության կազմման, ինչպես նաև դպրոցում փաստաթղթերի ստուգումներ կատարելու նկատմամբ.

9) աշխատանքներ է տանում հաստիքային ֆինանսական և վարչատնտեսական և այլ ծախսերի նախահաշիվների, հաշվապահական հաշվառման հաշիվներից պակասորդների, այլ գործառույթների օրինականության խստիվ պահպանումն ապահովելու ուղղությամբ, միջոցներ է ձեռնարկում հաշվապահական փաստաթղթերը պահպանելու համար, սահմանված կարգով դրանք արխիվացնում է.

10) ապահովում է հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի կիրառումը:

Հաշվապահն իրավունք ունի`

11) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք և անվտանգության պետական չափորոշչին համապատասխան աշխատասենյակ.

12) օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.

13) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն դպրոցում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջների մասին.

14) անցնելու մասնագիտական վերապատրաստում և որակավորման բարձրացում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով.

15) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում` բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դպրոցում ընդունված որոշումները.

16) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրեն պատճառված վնասի հատուցում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով.

17) ծանոթանալու դպրոցի` իր գործունեությանը վերաբերվող գործող ներքին իրավական ակտերին և դրանց նախագծերին.

18) դպրոցի տնօրենությունից և աշխատողներից ստանալու տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների կատարման համար.

19) օգտվելու աշխատանքային օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներից.

Հաշվապահը պարտավոր է`

20) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.

21) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և դպրոցի ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.

22) կատարել աշխատանքի սահմանված նորմերը.

23) պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները.

24) բարեխղճորեն վերաբերվել դպրոցի և այլ աշխատողների գույքին.

25) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.

26) հաշվապահը պատասխանատվություն է կրում իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար` գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար` գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

2. Դպրոցի հաշվապահի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հաշվապահի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) հաշվապահի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. հաշվապահը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` հաշվապահական հաշվառման բնագավառում, քաղաքացիական իրավունքի հիմունքները, ֆինանսական, հարկային և տնտեսական օրենսդրության հիմունքները, հաշվապահական հաշվառման և վարման, հաշվետվությունների կազմման բնագավառում նորմատիվ և մեթոդական նյութերը, դպրոցի կառուցվածքը, դրա ուղղվածությունը, ռազմավարությունը և զարգացման հեռանկարները, հաշվապահական գործողությունների ձևակերպման և հաշվառման հատվածներով փաստաթղթավարման կազմակերպման, աուդիտորական ստուգումների անցկացման կարգը, ֆինանսական հաշվառման ձևերը և կարգը, իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկադրման պայմանները և կարգը, հաշվապահական հաշվեկշիռներ և հաշվետվություններ կազմելու կարգը և ժամկետները, դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության մեթոդները, հաշվապահական փաստաթղթերի պահման և տեղեկատվության պահպանման կանոնները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում աշխատանքի կազմակերպման, փաստաթղթավարման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրության հիմունքները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը, հաշվողական տեխնիկան, հաղորդակցության և կապի միջոցները, աշխատանքի մշակույթը և ծառայողական էթիկայի կանոնները,

բ. իր գործունեության ընթացքում հաշվապահն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են արտադպրոցական կրթության բնագավառին, դպրոցի օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, դպրոցի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները.

Դպրոցի հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող կամ վերջին հինգ տարվա ընթացքում հաշվապահի` առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

3. ՏՆՏԵՍՎԱՐ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է դպրոցի տնտեսական սպասարկման աշխատանքների ղեկավարումը.

2) ապահովում է դպրոցի տնտեսական գույքի պահպանությունը, առաջարկություններ ներկայացնում դրանց վերականգնման և համալրման մասին.

3) իրականացնում է դպրոցի գույքի հաշվառում, անցկացնում դրանց պարբերական զննումը և կազմում գույքի դուրսգրման ակտերը.

4) հետևում է դպրոցի շենքերի և շինությունների վիճակին և միջոցներ ձեռնարկում` ըստ անհրաժեշտության դպրոցը կրթական պատշաճ միջավայր դարձնելու համար առաջարկություններ ներկայացնելու.

5) նախապատրաստում է դպրոցի շենքերն ու շինությունները ձմեռային շահագործմանը.

6) դպրոցի աշխատողներին ապահովում է գրասենյակային պիտույքներով և առօրյա օգտագործման տնտեսական ապրանքներով, սպասարկող անձնակազմին` տնտեսական սպասարկման ապրանքներով.

7) վերահսկում է դպրոցում հակահամաճարակային պահանջների և հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանումը.

8) համակարգում է սպասարկող անձնակազմի աշխատանքը: Տնտեսվարն իրավունք ունի`

9) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք և անվտանգության պետական չափորոշչին համապատասխան աշխատասենյակ.

10) օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.

11) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն դպրոցում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության պահանջների մասին.

12) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված բոլոր միջոցներով, այդ թվում` բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դպրոցում ընդունած որոշումները.

13) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տնտեսվարը պարտավոր է`

14) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.

15) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և դպրոցի ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.

16) կատարել աշխատանքի սահմանված նորմերը.

17) պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները.

18) բարեխղճորեն վերաբերվել դպրոցի և այլ աշխատողների գույքին.

19) մարդկանց կյանքին ու առողջությանը, դպրոցի գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.

20) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.

21) տնտեսվարը պատասխանատվություն է կրում իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.

22) պատասխանատվություն է կրում իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար` գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան.

23) պատասխանատվություն է կրում նյութական վնաս հասցնելու համար` գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան.

24) տնտեսվարը հանձնարարություններ է տալիս իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին:

2. Դպրոցի տնտեսվարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) տնտեսվարը պետք է իմանա դպրոցի և դրա ստորաբաժանումների տնտեսական սպասարկմանը վերաբերող կարգադրությունները, հրամանները և այլ իրավական ու նորմատիվ ակտերը, սպասարկող անձնակազմի աշխատանքի մեխանիզացիայի միջոցները, շենքերի և շինությունների շահագործման կանոնները, աշխատանքի կազմակերպման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) իր գործունեության ընթացքում տնտեսվարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, դպրոցի օրինակելի կանոնադրությամբ, դպրոցի ներքին կարգապահական կանոններով, դպրոցի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Տնտեսվարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն և տնտեսության սպասարկման բնագավառում աշխատանքի մեկ տարվա ստաժ կամ արհեստագործական կրթություն և տնտեսության սպասարկման բնագավառում աշխատանքի երեք տարվա ստաժ:

 

4. ՊԱՀԵՍՏԱՊԵՏ

 

3. Պահեստապետի աշխատանքային գործառույթները`

1) կազմակերպում և իրականացնում է հաստատության նյութատեխնիկական միջոցների պահեստի աշխատանքները.

2) պահեստ է ընդունում ձեռք բերված նյութատեխնիկական միջոցները (գույքը, սարքավորումները, փափուկ գույքը և հանդերձանքը, գրասենյակային և գրենական պիտույքները, սանիտարահիգիենիկ պարագաները և այլ նյութեր), իրականացնում է դրանց տեսակավորումը և պահեստավորումը.

3) մատակարարներից ապրանքները ստանալիս ստուգում է համապատասխան փաստաթղթերի առկայությունը և վարում է ապրանքների մուտքի և ելքի փաստաթղթաշրջանառությունը.

4) հաշվառում է պահեստում առկա ապրանքանյութական արժեքները և դրանց մնացորդները.

5) ապահովում է պահեստում նյութատեխնիկական միջոցների անվտանգ և պատշաճ պահպանումը.

6) հսկում է հաստատություն մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակը.

7) սահմանված կարգով հաստատության ստորաբաժանումներին կամ աշխատողներին տրամադրում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները.

8) հաշվապահություն է ներկայացնում համապատասխան հաշվետվություններ` պահեստում առկա ապրանքանյութական արժեքների շարժի վերաբերյալ.

9) տարեվերջին գույքագրման հանձնաժողովի անդամների հետ միասին մասնակցում է պահեստում առկա ապրանքանյութական արժեքների գույքագրմանը.

10) աշխատանքից ազատվելու դեպքում իր պատասխանատվության տակ գտնվող ապրանքանյութական արժեքները հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնում է պատասխանատու անձին.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

12) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Պահեստապետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Պահեստապետի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա սանիտարիայի պահանջները, մաքրման կանոնները, հաստատության և դրա ստորաբաժանումների տնտեսական սպասարկմանը վերաբերող կարգադրությունները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը:

3. Պահեստապետի որակավորման նվազագույն պահանջները` Պահեստապետի պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին

մասնագիտական կրթություն ունեցող և տնտեսության կամ նյութատեխնիկական ապահովման ոլորտում աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

5. ՀԱՇՎԵՏԱՐ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) հաշվետարը հաշվապահի ղեկավարությամբ իրականացնում է հաշվապահական հաշվառման որոշակի հատվածների վարումը, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նախապատրաստական աշխատանքները և ուսման վարձավճարների կատարման նկատմամբ հսկողությունը.

2) աջակցում է դպրոցի նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությանը` հաշվապահի հետ համատեղ.

3) մասնակցում է հաշվապահական քաղաքականության իրականացմանը` ապահովելով գործունեության առանձնահատկությունների և դպրոցի ֆինանսական կայունության պահպանման պահանջները.

4) նախապատրաստում և ձևակերպում է հաշվապահական փաստաթղթեր` ներառյալ սկզբնական հաշվառման փաստաթղթերը, ներքին հաշվետվությունները, գույքագրման կարգերը, ինչպես նաև աջակցում է փաստաթղթաշրջանառության և տեղեկատվության մշակման տեխնոլոգիաների կիրառմանը.

5) մասնակցում է հաշվապահական հաշվառման արդյունավետ կազմակերպմանը` ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապահովում է գործունեության, գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների ճշգրտությունը և ամբողջականությունը.

6) իրականացնում է հիմնական միջոցների, ապրանքանյութական և դրամական միջոցների հաշվառումը, աջակցում դրանց շարժի գրանցմանը, ծախսերի նախահաշվի, աշխատանքի և ծառայությունների արդյունքների հաշվառմանը.

7) ապահովում է փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, մասնակցում է հաշվետվական հաշվարկների, աշխատավարձերի, հարկերի, սոցիալական վճարների, կապիտալ ներդրումների և աշխատողների խրախուսման միջոցների հաշվառմանը` հաշվապահի հսկողությամբ.

8) իրականացնում է վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման, աշխատավարձի ֆոնդի, ապրանքանյութական և դրամական միջոցների, հիմնական միջոցների, հաշվապահական հաշվառման և հաշվետվության նկատմամբ, ինչպես նաև մասնակցում է փաստաթղթերի ստուգումներին.

9) նախապատրաստում է հաստիքային ֆինանսական, վարչատնտեսական և այլ ծախսերի նախահաշիվներ, վերահսկում հաշիվների պակասորդները և ապահովում հաշվապահական փաստաթղթերի պահպանությունը, արխիվացումը սահմանված կարգով.

Հաշվետարն իրավունք ունի`

10) մասնակցելու հաշվապահական հաշվառման առաջադիմական ձևերի, մեթոդների և ծրագրերի կիրառմանը, կատարում հաշվապահի հանձնարարած այլ աշխատանքներ` իր լիազորությունների շրջանակում.

11) ստանալու աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն և նյութեր հաշվապահից և դպրոցի աշխատակիցներից.

12) օգտվելու օրենքով սահմանված հանգստի իրավունքից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.

13) մասնակցելու հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և այլ ֆինանսատնտեսական գործառնությունների վերանայմանը և քննարկմանը` հաշվապահի հսկողության ներքո.

14) առաջարկություններ ներկայացնելու հաշվապահական հաշվառման, փաստաթղթաշրջանառության և ֆինանսատնտեսական կառավարման բարելավման վերաբերյալ.

15) ստանալու իր գործունեությանը վերաբերվող ներքին կանոնադրական, իրավական և կարգապահական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն` հաշվապահի վերահսկողությամբ.

16) մասնակցելու մասնագիտական վերապատրաստման ծրագրերի` գործատուի և հաշվապահի համաձայնությամբ.

17) օգտվելու աշխատանքային օրենսդրությամբ և դպրոցի ներքին կանոններով նախատեսված այլ իրավունքներից, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների պատշաճ կատարման համար.

Հաշվետարը պարտավոր է`

18) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.

19) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և դպրոցի ներքին կանոններով սահմանված աշխատանքային կարգապահությունը.

20) կատարել աշխատանքի սահմանված նորմերը և դրույթները.

21) պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային կանոնները.

22) բարեխղճորեն վերաբերվել դպրոցի և այլ աշխատողների գույքին և նյութական միջոցներին.

23) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.

24) կրում է պատասխանատվություն իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` Հայաստանի Հանրապետության գործող աշխատանքային, վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, այդ թվում` իր գործունեության ընթացքում պատճառված նյութական վնասի համար.

2. Դպրոցի հաշվետարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հաշվետարը պետք է տիրապետի համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին, այդ թվում` հաշվապահական ծրագրերի և փաստաթղթաշրջանառության համակարգերի արդյունավետ կիրառմանը:

2) հաշվետարը պետք է իմանա և կիրառի պաշտոնի լիազորությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի դրույթները,

3) հաշվետարը իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, արտադպրոցական ոլորտի պետական չափորոշչով, դպրոցի կանոնադրությամբ, դպրոցի ներքին կարգապահական կանոններով, հրամաններով և կարգադրություններով.

3. Որակավորման նվազագույն պահանջները.

Դպրոցի հաշվետարի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող կամ վերջին հինգ տարվա ընթացքում հաշվետարի` առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

6. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) կազմում է դպրոցում աշխատողների հետ կապված հրամանների նախագծերը.

2) վարում է դպրոցի հրամանագիրքը.

3) մշակում է դպրոցի աշխատողների հաշվառման, գրանցման, աշխատանքային պայմանագրերի նախագծերի կազմման, այդ գործառույթների կատարման հետ կապված այլ փաստաթղթեր.

4) սահմանված կարգով վարում է դպրոցի աշխատողների անձնական գործերը, դրանցում կատարում է փոփոխություններ.

5) իրականացնում է աշխատանքային պայմանագրերի կազմում, հաշվառում և պահպանում.

6) կատարում է անձնակազմի հետ կապված փաստաթղթերի արխիվացման աշխատանքներ.

7) ապահովում է անձնակազմի հետ կապված պաշտոնական գրությունների, հանձնարարականների և հրամանների կազմումը, հրապարակումը կամ ծանուցումը.

8) ապահովում է դպրոցի կառուցվածքային, հաստիքային պաշտոնների անվանացանկում փոփոխությունների նախապատրաստումը.

9) իրականացնում է դպրոցի թափուր հաստիքների համալրման նպատակով համապատասխան աշխատանքներ (հայտարարության կազմում, աշխատանքի համար դիմած անձանց տվյալների հավաքագրում և համակարգում, հարցազրույցի կազմակերպում, ընդունվող քաղաքացու անձնական գործի կազմում.

10) իրականացնում է աշխատանքի ընդունվողի անձնական գործի բացում.

11) իրականացնում է աշխատանքային հարաբերությունների հետ կապված առաջարկությունների, դիմումների, բողոքների ընդունում, դպրոցի տնօրենի հետ քննարկումների կազմակերպում և լուծումների առաջադրում (անձանց աշխատանքի ընդունում, այլ աշխատանքի տեղափոխում, փոխադրում, աշխատանքից ազատում և այլն).

12) իրականացնում է դպրոցի աշխատողների ամենամյա արձակուրդների ժամանակացույցների կազմումը և ապահովում է դրանց կատարման վերահսկողությունը.

13) ապահովում է հրապարակման և ծանուցման ենթակա ներքին և անհատական իրավական ակտերի և փաստաթղթերի հրապարակումը և ծանուցումը:

2. Անձնակազմի կառավարման մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.

2) պետք է իմանա նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

3) պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` աշխատանքային օրենսդրության հիմունքները, քաղաքացիական իրավունքի հիմունքները, անձնակազմին առնչվող գործավարություն, անձնակազմի կառավարման փաստաթղթերի ձևակերպման, համապատասխան գրանցամատյաններում գրանցումների և անձնական գործերի վարման պահանջները.

4) իր գործունեության ընթացքում անձնակազմի կառավարման մասնագետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, դպրոցի ներքին կարգապահական կանոններով, հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Դպրոցի անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն և առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:

 

7. ԳՈՐԾԱՎԱՐ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է դպրոցի տնօրենի կողմից տրվող հանձնարարականների կատարումը, որոնք բխում են իր լիազորություններից և չեն հակասում դպրոցի կանոնադրությանը.

2) ապահովում է դպրոցի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման և իրականացման աշխատանքները.

3) իրականացնում է մուտքի և ելքի փաստաթղթերի գրանցումը և տրամադրումը` ըստ պահանջի.

4) իրականացնում է դպրոցի գործունեության հետ կապված հրահանգների և հանձնարարականների ձևակերպումը և դրանց մասին իրազեկում է դպրոցի ստորաբաժանումներին.

5) մասնակցում է փաստաթղթերի արխիվացման աշխատանքներին.

6) իրականացնում է դպրոցի տնօրենի հանձնարարությամբ գրառումների և պաշտոնական գրությունների կազմումը.

7) ապահովում է հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունումը, անհրաժեշտության դեպքում` զանգերի կամ նամակագրության վերահասցեագրումը համապատասխան անձանց.

8) իրականացնում է դպրոցի էլեկտրոնային փոստի և թղթային նամակագրության վարումը.

9) իրականացնում է դպրոցի տնօրենի հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստումը և կազմակերպումը, խորհրդակցությունների ընթացքի արձանագրումը.

10) իրականացնում է փաստաթղթերի, տեղեկանքների, նամակների կազմումը և գործավարության վերահսկումը.

11) ապահովում է սովորողների ընդունելությունների կազմակերպումը և համակարգումը.

12) ապահովում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության հավաքագրումը, մշակումը և ներկայացումը.

13) դպրոցում անձնակազմի կառավարման մասնագետի հաստիք չլինելու դեպքում իրականացնում է սույն որոշմամբ` անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթներ:

2. Գործավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) գործավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.

2) իր գործունեության ընթացքում գործավարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, դպրոցի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման պահանջը`

Դպրոցի գործավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

8. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ ԼԱՐՈՂ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) հետևում է դպրոցի երաժշտական գործիքների, մասնավորապես դաշնամուրների և ռոյալների տեխնիկական վիճակին և դրա մասին հայտնում է անմիջական ղեկավարին,

2) իրականացնում է ուսումնական դպրոցի երաժշտական գործիքների (այդ թվում` դաշնամուրների (ռոյալների)) հետ կապված նորոգման, խնամքի աշխատանքները.

3) հետևում է դպրոցի երաժշտական գործիքների (այդ թվում` դաշնամուրների (ռոյալների)` սեզոնային փոփոխության ընթացքում օգտագործման վիճակի բերվելուն:

2. Երաժշտական գործիք լարողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Երաժշտական գործիք լարողը իրավունք ունի`

ա. փոխելու և լուծելու աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պայմաններով և կարգով,

բ. գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք,

գ. օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով,

դ. ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն դպրոցում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջ ների մասին,

ե. պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում` բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դպրոցի տնօրենության ընդունած որոշումները, ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով,

զ. գործատուից պահանջելու անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները` աշխատանքը կազմակերպելու համար:

Երաժշտական գործիք լարողը պարտավոր է`

ա. բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով իր վրա դրված գործառույթները,

բ. պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և դպրոցի ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը,

գ. կատարել աշխատանքի սահմանված նորմերը, պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել դպրոցի և այլ աշխատողների գույքին,

դ. մարդկանց կյանքին ու առողջությանը, դպրոցի գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին

ե. կատարել աշխատանքային օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ,

զ. կրել պատասխանատվություն իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար` գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար` գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

Երաժշտական գործիք լարողը պետք է`

ա. իմանա աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման կանոնները, նյութերի կիրառման կանոնները, անվտանգության կանոնները` նորոգման աշխատանքներ կատարելիս, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը,

բ. իր գործունեության ընթացքում առաջնորդվի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, դպրոցի օրինակելի կանոնադրությամբ, դպրոցի ներքին կարգապահական կանոններով, դպրոցի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Երաժշտական գործիք լարողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2026
N 1265-Ն
Որոշում