ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի`
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի (կցվում է):
Ազգային ժողովի նախագահ Ռ. Ռուբինյան
25 օգոստոսի 2026 թ.
Երևան
ԱԺՈ-3-Ն
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի օգոստոսի 20-ի
N 1236-Ա որոշման
(նկար)
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԲԱՆ
ԲԱԺԻՆ 1. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
| ԳԼՈՒԽ 1. |
Արտաքին քաղաքականություն |
ԲԱԺԻՆ 2. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ
| ԳԼՈՒԽ 2. |
Սփյուռքի հետ կապեր |
| ԳԼՈՒԽ 3. |
Առողջապահություն |
| ԳԼՈՒԽ 4. |
Սպորտ և առողջ ապրելակերպ |
| ԳԼՈՒԽ 5. |
Աշխատանք և սոցիալական պաշտպանություն |
| ԳԼՈՒԽ 7. |
Հոգևոր անվտանգություն |
ԲԱԺԻՆ 3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
| ԳԼՈՒԽ 1. |
Գլոբալ և ինտեգրված տնտեսություն |
| ԳԼՈՒԽ 2. |
Մրցունակ տնտեսություն |
| ԳԼՈՒԽ 3. |
Գիտելիքահենք և նորարարական տնտեսություն |
ԲԱԺԻՆ 4. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
| ԳԼՈՒԽ 4. |
Ջրային ռեսուրսներ և համակարգեր |
| ԳԼՈՒԽ 5. |
Քաղաքաշինություն և տարածական պլանավորում |
| ԳԼՈՒԽ 6. |
Թափոնների կառավարում |
ԲԱԺԻՆ 5. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
| ԳԼՈՒԽ 1. |
Նոր Սահմանադրության ընդունում |
| ԳԼՈՒԽ 2. |
Ընտրական համակարգի բարեփոխումներ |
| ԳԼՈՒԽ 3. |
Քաղաքացիության ինստիտուտի վերարժևորում |
| ԳԼՈՒԽ 4. |
Մարդու իրավունքների պաշտպանություն |
| ԳԼՈՒԽ 5. |
Դատական համակարգի անկախության և արդյունավետության ամրապնդում |
| ԳԼՈՒԽ 6. |
Քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարումն ապահովող համակարգի բարեփոխումներ |
| ԳԼՈՒԽ 7. |
Վեճերի լուծման արտադատական եղանակների ընդլայնում |
| ԳԼՈՒԽ 8. |
Արդարադատության և դատական համակարգի թվայնացում |
| ԳԼՈՒԽ 9. |
Հակակոռուպցիոն քաղաքականություն |
ԲԱԺԻՆ 6. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
| ԳԼՈՒԽ 1. |
Արհեստավարժ մարդիկ |
| ԳԼՈՒԽ 2. |
Փաստահենք և արդյունավետ քաղաքականություններ |
| ԳԼՈՒԽ 3. |
Մարդակենտրոն ծառայություններ և թվային վերափոխում |
| ԳԼՈՒԽ 4. |
Հանրային ֆինանսների և ակտիվների արդյունավետ կառավարում ԱՄՓՈՓՈՒՄ |
ՆԱԽԱԲԱՆ
2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած համապետական ընտրություններում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ստացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավանությունը: Ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարությունը առաջնորդվում է այդ գաղափարախոսությամբ, որն անկյունաքարային դեր ունի խաղաղության հաստատման և հաստատված խաղաղության հետագա ամրապնդման համար:
Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների անվտանգությունը և ազատությունը ապահովելու, բարեկեցության և երջանկության համար պայմաններ ստեղծելու առանցքային և բացառիկ գործառույթ ունի: Այս գործառույթի իրականացումը պետք է լինի շարունակական և հարատև: Կառավարությունը իր այսօրեական որոշումներն ու պատկերացումները կարգաբերում է Հայաստանի Հանրապետության հարատևության տեսլականով:
Պետության դերի և հարատևության այս նոր ընկալումը արտահայտված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մեջ: Հենց այս փաստաթղթերն են Կառավարության սույն ծրագրի գաղափարախոսական և գործնական հենքը:
Կրթությունը` ռազմավարությունների ռազմավարություն
Պետության` Հայաստանի Հանրապետության դերի և հարատևության այս նոր ընկալումը ենթադրում է դրա տեսական և գործնական շերտերի, ինչպես նաև աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող վերափոխումների շարունակական և զարգացող իմացություն: Այս իմացությունը պետք է համամասնորեն բաշխվի հանրության, պետական ինստիտուտների, համայնքների, մասնագիտական և հասարակական խմբերի, անհատների միջև` ձևավորելով պետականակենտրոն սոցիալ-հոգեբանություն:
Կրթությունն այս խնդիրը ոչ միայն լուծելու, այլև դա հասկանալու միակ հուսալի ճանապարհն է: Սա վերաբերում է թե՛ անհատական, թե՛ խմբային, թե՛ հանրային և թե՛ պետական մակարդակին, թե՛ ներքին և թե՛ արտաքին հարթությանը: Հետևաբար` կրթությունը պետության զարգացման և վերելքի, նոր որակի պետություն ունենալու ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է այն ընկալմամբ, որ ցկյանս գործընթաց է և վերաբերում է նախադպրոցական կրթությանը, հանրակրթությանը, արտադպրոցական կրթությանը, մասնագիտական կրթությանը, բուհական, հետբուհական կրթությանը, ոչ ֆորմալ կրթությանը, մասնագիտական վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը, վերամասնագիտացմանը, ինտելեկտուալ զարգացմանը: Կրթության համակարգն ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ և լիարժեք կյանքի, երջանկության համար անհրաժեշտ հմտություններ:
Կրթությունը նաև սոցիալական երևույթ է, և բացի կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտներից` որպես պետության վերելքի և կրթական միջավայրի զարգացման գործոն, էական է հանրության սոցիալական կապերի ամրապնդումը, այդ թվում` սոցիալական շփման հարթակների զարգացմամբ: Կրթականին զուգահեռ նաև մշակութային, հոգևոր կյանքի, ինչպես նաև սոցիալական շփման մյուս հնարավոր հարթակների (ընթերցանության և այլ ակումբներ, երիտասարդական կենտրոններ) զարգացումն ու քաջալերումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:
Ի՞նչ է պետությունը, ո՞րն է նրա առանձնահատկությունն ու նշանակությունը արտաքին և ներքին հարաբերություններում, ի՞նչ է նշանակում լինել պետություն, լինել պաշտոնյա, պետական կամ համայնքային ծառայող և (կամ) լինել քաղաքացի, ինչպիսի՞ն են նրանց հարաբերությունները և ինչպիսի՞ն պետք է լինեն, ի՞նչ առանձնահատկություններ և ինչպիսի՞ ռիսկեր ունեն այդ հարաբերությունները: Սա առանձնահատուկ կրթական թեմա է, որը կենսական նշանակություն ունի պետության զարգացման և հարատևության համար, և այս ուղղությունը պետք է ներկա լինի կրթության բոլոր մակարդակներում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, վստահի նրան, պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն և սիրելի լինի նրա համար. սա է պետական պաշտոնյայի գործունեության խորքային նպատակը: Միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ քաղաքացու իրավունքների և պարտականությունների համակարգերը որակական փոխկապակցվածության մեջ են: Որքան բարձր է պարտականությունների կատարման որակը, այնքան ուժեղ է իրավունքների պաշտպանության համակարգը: Միևնույն ժամանակ պետության պոզիտիվ պարտավորությունն է ապահովել իրավունքի գերակայությունը և օրենքի առաջ բոլորի հավասարությունը:
Վերը նշվածի համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում պետության ռազմավարական հաղորդակցությունը, որը քաղաքացուն կօգնի ավելի լավ հասկանալ պետության գործունեության մեխանիզմները, կայացվող որոշումների պատճառահետևանքային կապերը, այդ որոշումների հիմնավորումները: Կառավարությունը կզարգացնի ռազմավարական հաղորդակցության մեխանիզմները: Կառավարությունը կրթությունը ընկալում է որպես ռազմավարությունների ռազմավարություն:
Հեղափոխության օրակարգին նվիրվածությունը
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրակարգի լիարժեք իրացումը, որն անկատար է մնացել 2020-2024 թվականների ճգնաժամային կառավարման պատճառով, շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում: Արդարության միջավայրի հաստատումը, անպատժելիության և օլիգարխիայի բացառումը, ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը և ժողովրդին, հանրային լայն հնչեղության հանցագործությունների բացահայտումը և մեղավորներին պատասխանատվության կանչելը, կոռուպցիայից զերծ պետության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկ և մասնակցային կառավարումը Կառավարության քաղաքական հանձնառությունն են` որպես Հեղափոխության օրակարգին նվիրվածության վերահաստատում:
Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներն են`
. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում և հետագա զարգացում տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և (կամ) զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ճանապարհով,
. Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, TRIPP նախագծի հիման վրա,
. ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումների խորացում, որը կչափվի միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով,
. ամբողջ բնակչության ներառում առողջության ապահովագրության համակարգում,
. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում,
. տարեկան միջինը 6% տնտեսական աճ,
. 125 հազար նոր աշխատատեղերի ստեղծում,
. կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի ավելացում առնվազն երեք անգամ,
. հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում,
. արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% աճ (ընթացիկ գներով)` 2025 թվականի 3,3 տրլն ՀՀ դրամից հասցնելով մինչև 5 տրլն ՀՀ դրամի,
. գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելացում առնվազն 50%-ով, հացահատիկի արտադրության կրկնապատկում,
. 10 ջրամբարի կառուցման մեկնարկ` 2033 թվականին ավարտելու նպատակադրումով, 350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում, ոռոգման ապահովում 10 հազար հեկտար նոր հողերի համար: 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում,
. 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի (ներառյալ համայնքային լողավազանները) կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում և ամբողջական գույքով հագեցում, գործարկում,
. 2500 կմ ավտոճանապարհի և 40 կամուրջի կառուցում և (կամ) նորոգում,
. Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցում,
. առաջատար դասի արհեստական բանականության (ԱԲ) հաշվարկային առնվազն 100 հազար GPU-ի համարժեքի կամ մեկ միլիոն բնակչի հաշվով առնվազն 35 հազար GPU-ի համարժեքի ձևավորում, այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիության ապահովում Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածների համար,
. Հայաստանի ազգային տիեզերական կարողությունների զարգացում` Երկրի դիտարկման առնվազն երկու և հեռահաղորդակցական մեկ արբանյակի ձեռքբերման և շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման և տվյալների մշակման ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաև պետական, գիտական և մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների ու կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով,
. 1000 մեգավատտ ֆոտովոլտային և 800 մեգավատտ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում,
. աղքատության կրճատում 5%-ային կետով,
. պետական և համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում,
. ապօրինի, այդ թվում` կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականություն, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված և վարձակալության վերցված անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև կրթական հաստատությունների և այլ հանրային տարածքների վերադարձ համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվեհամարի շարունակական համալրում, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքերի վերադարձ հանրությանը` շուրջ 2 մլրդ դոլար համախառն ծավալով:
ԲԱԺԻՆ 1. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Կառավարության կողմից իրականացվող արտաքին և անվտանգային քաղաքականությունների նպատակներն են Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, սահմանադրական կարգի, ժողովրդավարության պաշտպանությունը և ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության հարատևության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշտպանությունը: Անվտանգության ապահովման գործոններից առաջնայինը լեգիտիմ հենքի վրա կառուցվող արտաքին և ներքին հարաբերություններն են: Արտաքին անվտանգության ապահովման համար էական են փոխկապվածությունը և երկարաժամկետ կանխատեսելիությունը: Կառավարությունը պատրաստվում է այս բանաձևերն ակտիվորեն կիրառել արտաքին և ներքին անվտանգության կայուն և բարենպաստ միջավայր ապահովելու համար:
| ԳԼՈՒԽ 1. |
Արտաքին քաղաքականություն |
Կառավարությունը վարելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն, որը ցույց է տվել իր արդյունավետությունը` թույլ տալով կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը:
Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը որդեգրվում է որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրն արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը: Արտաքին քաղաքական օրակարգը ներառում է նաև միջազգային առևտրի և տնտեսական կապերի զարգացումը, արտահանման ծավալների մեծացումը:
Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է: Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն:
1. Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացում և սահմանազատման գործընթաց. Խաղաղության ինստիտուցիոնալացման և ամրապնդման նպատակով Կառավարությունը շարունակելու է աշխատանքը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու, Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակելու, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, գործարար համայնքների միջև շփումները և երկկողմ առևտուրը ակտիվացնելու ուղղությամբ:
2. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղում. Աշխատանքներ են տարվելու Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները հաստատելու, Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու և առնվազն 2 արդիական անցակետ գործարկելու, տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները վերագործարկելու և ընդլայնելու, երկկողմ և բազմակողմ առևտուրը խթանելու ուղղությամբ:
3. Իրանի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների խորացում. Իրանի հետ ակտիվ քաղաքական երկխոսության պահպանումը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների թվում են: Շարունակվելու են Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացումը, սահմանային ենթակառուցվածքների զարգացումը և Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների ընդլայնումը (Հյուսիս-հարավ, Պարսից ծոց-Սև ծով):
4. Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացում. Շարունակվելու է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի հետևողական իրագործումը, որը ստեղծում է քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային համագործակցության զարգացման, տարածաշրջանային և համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի փոխշահավետ նոր հնարավորություններ:
5. Եվրոպական միության հետ ռազմավարական գործընկերության խորացում. Շարունակվելու են ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության ոլորտային զարգացումը և ինտեգրումը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկման, ինչպես նաև Եվրոպական միության ժողովրդավարության և օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական և այլ ոլորտների չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ` 2025 թվականի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի հիման վրա: Ավարտին է հասցվելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով:
6. Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության խորացում. Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության հիման վրա է՛լ ավելի է խորացվելու երկկողմ գործընկերությունը` ի շահ երկու պետությունների, և ընդլայնվելու է համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ: Շարունակվելու է ԱՄՆ-ի հետ ոլորտային համագործակցությունը` հիմնված Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագրերի և Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա: Իրագործվելու է TRIPP նախագիծը` առնվազն էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների շահագործմամբ` ինտեգրելով Հայաստանը տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում:
7. Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության խորացում. Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը բարձրացվելու է որակական նոր մակարդակի, մասնավորապես` քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային, կրթական և ապակենտրոն գործընկերության ոլորտներում` որպես ինստիտուցիոնալ և քաղաքական հիմք ընդունելով 2026 թվականի մայիսի 5-ին ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը:
8. Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում. Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը` հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ:
9. Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացում. Շարունակվելու են 2025 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետի և Չինաստանի նախագահի միջև կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը և աշխատանքները` Հայաստան-Չինաստան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ մատնանշված ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և շոշափելի արդյունքներ գրանցելու ուղղությամբ:
10. Հնդկաստանի հետ գործընկերության խորացում. Շարունակվելու են ակտիվ աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տնտեսական, պաշտպանական, տրանսպորտային, կրթամշակութային, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման և Հայաստան-Հնդկաստան գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
11. Այլ ռազմավարական գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հետագա խորացում. Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ հաստատված ռազմավարական հարաբերությունները նախանշել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները, որոնց շուրջ հետագա աշխատանքների իրականացումը կարևոր է Հայաստանի զարգացման համար: Շարունակվելու են աշխատանքները ռազմավարական գործընկերների թվի և աշխարհագրության ընդլայնման նպատակով:
12. ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցության ծավալում. ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված կառուցակարգերի արդյունավետ կիրառումը առանցքային է միության ապագայի և հետագա զարգացման համար: Շարունակվելու են աշխատանքները ԵԱՏՄ հիմնարար ազատությունների` աշխատուժի, ծառայությունների, ապրանքների և ֆինանսների ազատ տեղաշարժի լիարժեք և անխափան ապահովման, ինչպես նաև անդամ և դիտորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
13. Բազմակողմ հարթակներում ապագային միտված օրակարգի առաջմղում. ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված առանձին մարմիններում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ ակտիվ անդամ: Հայաստանի Հանրապետությունը դարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և շարունակելու է աշխատանքներն այդ ձևաչափում: Կառավարությունն աշխատանքներ է տանելու Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցության ուղղությամբ:
14. Ջանքեր են գործադրվելու Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունները զարգացնելու և նոր հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
15. Հայաստանի Հանրապետության շահերի լավագույն սպասարկման և գործընկերությունների խորացման նպատակով Կառավարությունը շարունակելու է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայության աստիճանական ավելացման քաղաքականությունը:
Խաղաղությունն անվտանգության ապահովման միակ գործուն և հուսալի երաշխիքն է, և Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիները, հանրային-քաղաքական շրջանակները պետք է ամենօրյա խնամք տանեն խաղաղության նկատմամբ` այն ուժեղացնելու, առավել ինստիտուցիոնալ, անշրջելի և երաշխավորված դարձնելու համար:
Անվտանգության ապահովման գործում էական դեր ունեն երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացումը, սահմանների և միգրացիոն հոսքերի կառավարումը, հակահետախուզական, հետախուզական, ահաբեկչության դեմ պայքարի, սահմանադրական կարգի պահպանության կարողությունների շարունակական զարգացումը, հանցավորության դեմ պայքարը, աղետների ռիսկի կառավարումը, տեղեկատվական, պարենային, էներգետիկ անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների անվտանգությունը, համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրումը, որի նպատակն է ապահովել ողջ հասարակության շրջանում ռազմական և արտակարգ իրավիճակների պատրաստվածության ու պատշաճ արձագանքման մշակույթի զարգացումը: Այս գործոնների մեկտեղման արդյունքը պետության համապարփակ դիմակայունության ձևավորումն է:
1. Զինված ուժեր
Զինված ուժերը արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիք են այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման` վերը թվարկված և դրան կիրառելուն ուղղված քաղաքական, դիվանագիտական միջոցները չեն գործել: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվեն (բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավման) և պետք է ծառայեն բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին:
Ըստ այդմ` Կառավարությունը ապահովելու է Զինված ուժերի տեխնոլոգիական, կարողությունների ու մշակութային կերպափոխումը և շարունակական անցումը արհեստավարժ բանակի` բարձրացնելով երկրի պաշտպանունակության մակարդակը` ընդլայնելով և դիվերսիֆիկացնելով ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը: Զինված ուժերի` սպառազինությամբ համալրվածությունը և նյութատեխնիկական հագեցվածությունը աճելու են, այդ թվում` Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման միջոցով:
Այս ուղղությամբ ապահովվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Իրականացվելու է շարունակական անցում արհեստավարժ բանակի` պայմանագրային (պրոֆեսիոնալ) զինծառայողների ներգրավման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմամբ, այդ թվում` զինվորական ծառայության կրթական, մարտական պատրաստության, վարձատրության, կարիերայի, առաջխաղացման, մարդկային ռեսուրսների ներգրավման և կառավարման, պահեստազորի, բարոյահոգեբանական ապահովման, սոցիալական երաշխիքների նոր համակարգերի ներդրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվելու Զինված ուժերում կանանց ներգրավվածությանը:
2) Իրականացվելու է Զինված ուժերի կարողությունների զարգացում, Զինված ուժերի ղեկավարման և կառավարման համակարգի պատրաստության, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, մարդկային, նյութատեխնիկական և ապահովման միջոցներով համալրվածության ապահովում, պլանավորման և այլ համակարգերի կատարելագործում, որի արդյունքում ունենալու ենք Զինված ուժերի նպատակների, խնդիրների և հնարավորությունների համապատասխանեցում:
3) Իրականացվելու է Զինված ուժերի և դրանց կառավարման համակարգի թվային վերափոխում, այդ թվում` հրամանատարության և կառավարման գործընթացների թվայնացում, նախազորակոչային հաշվառման, զորակոչի իրականացման, պահեստազորայինների` վարժական հավաքներին ներգրավման, զորահավաքային նախապատրաստության և մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրում: Համակարգը ներառելու է նաև բժշկական հետազոտությունների կազմակերպման և դրանց արդյունքների հաշվառման գործընթացները:
4) Ներդրվելու է կանոնավոր ուժերի համալրման, մշտական մարտական պատրաստության օպերատիվ, մասնագիտական և ռազմավարական պահեստազորի նոր համակարգ:
5) Ռազմաուսումնական հաստատությունները համապատասխանեցվելու են արևմտյան առաջավոր երկրների չափորոշիչներին, ստեղծվելու են գերազանցության կենտրոններ, ձևավորվելու է պաշտպանության ոլորտում ամբողջական անկախ ազգային ռազմակրթական համակարգ:
6) Փուլային կերպով լուծվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարանային հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և ֆունկցիոնալության խոր, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները:
7) Կատարելագործվելու է տեղական արտադրողներից Զինված ուժերի ապագա կարիքներին համահունչ երկարաժամկետ պաշտպանական գնումների համակարգը, տեղայնացվելու է օտարերկրյա գործընկերների հետ համատեղ զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրությունը, ինչպես նաև Զինված ուժերում ստեղծվելու են առկա ռազմական տեխնիկայի նմուշների սպասարկման, նորոգման և արդիականացման համար հնարավորություններ:
2. Սահմանների և միգրացիայի կառավարում
Սահմանների համալիր կառավարումը նպաստելու է ոչ միայն պետության անվտանգային միջավայրի երաշխիքների ապահովմանը, այլև ուղևորահոսքերի և արտահանման ու ներմուծման գործընթացների դյուրացմանը, հետագծելիության ու հսկողական մեխանիզմների ամրապնդմանն ու արդիականացմանը: Հայաստանի Հանրապետության փոխակերպումը ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության կենսական է դարձնում միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացումը:
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիների փուլային ընդլայնում` սահմանի ամբողջական պահպանությունը ստանձնելու հեռանկարով:
2) Ներդրվելու է ԵՄ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան` սահմանների համալիր կառավարման համակարգ, այդ թվում` սահմանային կառավարման ժամանակակից համակարգի կենսաչափական տեխնոլոգիաների ու թվային լուծումների միջոցով:
3) Փոխակերպվելու է սահմանապահ ծառայությունը` ռազմական բաղադրիչի նվազեցման և միջազգային լավագույն փորձի ինտեգրման միջոցով:
4) Իրականացվելու է միգրացիայի ոլորտի կառավարման համապարփակ արդիականացում` վիզային քաղաքականության հստակեցմամբ, մուտքի և կացության կառուցակարգերի ամրապնդմամբ, անօրինական միգրացիայի կանխարգելման, կամավոր և հարկադիր վերադարձի ինստիտուտի ձևավորման և ապաստանի համակարգի շարունակական զարգացման տրամաբանությամբ:
5) Ներդրվելու է միջազգային ամենաբարձր ստանդարտին համապատասխան նոր կենսաչափական համակարգ, որը հագեցած է լինելու ապագային միտված լուծումներով և պարբերաբար թարմացվելու է ոլորտի նորարարություններով:
3. Հանցավորության դեմ պայքար
Ներքին անվտանգության արդի մարտահրավերներին դիմակայելու և հանցավորության դեմ արդյունավետ պայքար ապահովելու նպատակով պետության քաղաքականությունը հիմնված է լինելու երկու փոխլրացնող ուղղությունների վրա. մի կողմից` հասարակության շրջանում իրավաչափ վարքագծի ամրապնդման, հանցավորության, դրա առաջացմանն ու վերարտադրմանը նպաստող պատճառների և պայմանների, այդ թվում` քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային անհանդուրժողականության ձևավորման, քաղաքացի-իրավապահ համակարգ վստահության ամրապնդման միջոցով, իսկ մյուս կողմից` իրավապահ համակարգի տեխնոլոգիական վերազինման և կարողությունների շարունակական զարգացման միջոցով:
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Արդիականացվելու են հանցավորության քրեաբանական (այդ թվում` ԱԲ կիրառմամբ) վերլուծական կարողությունները` հանցավորության օրինաչափությունների, տարածական բաշխվածության, ռիսկերի և սպառնալիքների գնահատման ժամանակակից վերլուծական գործիքների ներդրմամբ` որդեգրելով հանցավորության միտումների կանխատեսման, ռիսկերի վաղ բացահայտման, կանխարգելման արդյունավետության բարձրացման և ապացուցահենք որոշումների կայացման նոր մեթոդաբանություններ:
2) Զարգացվելու են քրեական ենթամշակույթի` որպես հանցավորության ռիսկային գործոնի և դրան բնորոշ վարքագծային մոդելների դեմ պայքարի համակարգային մեխանիզմները` հասարակության մեջ դրանց նկատմամբ զրո հանդուրժողականության և մերժողական վերաբերմունքի արմատավորման, օրենքի գերակայության և իրավաչափ վարքագծի արժեքների ամրապնդման, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից դրանց ցանկացած դրսևորման նկատմամբ հատու և անզիջում հակազդման ապահովման միջոցով:
3) Իրականացվելու է հանրապետության տեսահսկման համակարգերի ինստիտուցիոնալ վերափոխում («Խելացի քաղաք» մոդելով)` հանրային անվտանգության, հանցավորության դեմ պայքարի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով` Եվրոպական միության Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի սկզբունքներին համահունչ:
4) Արդիականացվելու է օպերատիվ-հետախուզական համակարգը:
5) Ձևավորվելու է «Թվային ոստիկանությունը», այդ թվում` արհեստական բանականության վրա հիմնված «ԱԲ ոստիկանը» թվային միջավայրում քաղաքացիների անվտանգության ապահովման, շուրջօրյա (24/7) հասանելի ծառայությունների մատուցման, կիբեռլաբորատորիայի գործարկման, ռիսկերի գնահատման, անձի պրոֆիլավորման և այլ ժամանակակից թվային գործիքների ներդրման, ինչպես նաև ոստիկանության թվային կարողությունների զարգացման միջոցով:
6) Ընդլայնվելու է «112» միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի գործառութային շրջանակը` շտապ բժշկական օգնության կանչերը ներառելով ահազանգերի միասնական ընդունման և օպերատիվ կառավարման համակարգում` բնակչությանը մեկ միասնական հարթակի միջոցով արտակարգ արձագանքման ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով:
7) Վերանայվելու է զենքի շրջանառության կարգավորման օրենսդրությունը` այն համապատասխանեցնելով հանցավորության դեմ պայքարի ժամանակակից մարտահրավերներին և միջազգային լավագույն փորձին:
4. Աղետների ռիսկի կառավարում
Աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման առանցքում պետության, համայնքների և բնակչության դիմակայունության բարձրացումն է` աղետների ռիսկերի նվազեցման և վաղ ազդարարման կարողությունների ամրապնդման միջոցով:
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Ներդրվելու է բազմավտանգ աղետների վաղ ազդարարման և հիդրոօդերևութաբանական վտանգների վաղ նախազգուշացման ամբողջական համակարգ, իրականացվելու է գետային ավազանների մոդելավորում, ջրհեղեղների և այլ հիդրոօդերևութաբանական վտանգների ռիսկերի գնահատում, ինչպես նաև ռիսկերի գնահատման և կառավարման թվայնացված գործիքների ներդրում:
2) Իրականացվելու են աղետների ռիսկի կառավարման պլանների արդիականացում և թվայնացում, փրկարար ծառայողներին իրական ժամանակում իրավիճակային իրազեկվածությամբ և դեպքի վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ ապահովող համակարգերի և սարքավորումների ներդրում:
3) Որդեգրվելու են հակահրդեհային անվտանգության միասնական ստանդարտներ` ռիսկահենք մոտեցումների ներդրման և հրդեհների կանխարգելման արդյունավետության բարձրացման նպատակով:
4) Իրականացվելու են սեյսմիկ դիտացանցի ամբողջական և լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ, որոնց շրջանակում ձեռք են բերվելու տարածաշրջանում աննախադեպ, ժամանակակից սեյսմիկ դիտարկման և չափման սարքավորումներ` էականորեն ընդլայնելով երկրաշարժերի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրիտ վերլուծության և սեյսմիկ ռիսկերի գնահատման հնարավորությունները:
5) Ներդրվելու է աղետների ռիսկերի ապահովագրության մոդել` աղետների հետևանքով առաջացող կորուստների ֆինանսական կառավարման և վերականգնման արդյունավետության բարձրացման նպատակով:
5. Պարենային անվտանգություն
Պարենային անվտանգության ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Ձևավորվելու է նյութական պահուստի նոր մոդել` պարենային անվտանգության ապահովման և ճգնաժամային իրավիճակների համար անհրաժեշտ պարենային պաշարների ձևավորման նպատակով:
2) Ձևավորվելու է ճգնաժամային իրավիճակների համար պահվող պարենի ցանկ այնպիսի տրամաբանությամբ, որ ցանկում ներառված անհրաժեշտ պարենն արտահայտված լինի մի քանի, իրար փոխարինող տեսակներով` այդպիսով դիվերսիֆիկացնելով դրանց ձեռքբերման և պահպանման գործընթացում հնարավոր ռիսկերը և նվազագույնի հասցնելով արտաքին կախվածությունը:
3) Բարձրացվելու է կենդանական ծագման ապրանքների ինքնաբավությունը. տավարի մսի` 88%-ից հասցնելով մինչև 93%, կաթի` 78,6%-ից հասցնելով մինչև 88,7%:
6. Տեղեկատվական և կիբեռանվտանգություն
Պետությունը որդեգրում է «կիբեռանվտանգություն` ըստ նախագծման» սկզբունքը և երաշխավորում պետական տեղեկատվական համակարգերի անխոցելիությունը և թվային ծառայությունների անխափանությունը:
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Իրականացվելու են կրիտիկական բոլոր ենթակառուցվածքների խոցելիության գնահատում, ներթափանցման թեստավորում, շուրջօրյա մոնիթորինգ և միջադեպերին արագ արձագանքման մեխանիզմների ներդրում:
2) Ձևավորվելու են մասնավոր և հանրային հատվածներում միջազգային լավագույն չափանիշների (ԵՄ NIS 2, ISO/IEC 27001) ներդրման համար անհրաժեշտ կարողություններ, այդ թվում` կիբեռսպառնալիքների վաղ ազդարարման, վաղ բացահայտման և արագ հասցեագրման նպատակով:
3) Կառավարության կողմից իրականացվող միասնական քաղաքականության ներքո Ազգային անվտանգության ծառայության կազմում ձևավորվելու է արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, ծրագրատեխնիկական ժամանակակից հագեցվածությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձր որակավորմամբ կադրերով համալրված Կիբեռպաշտպանության ազգային կենտրոն (NCDC)` պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում:
4) Իրականացվելու են հանրային իրազեկվածության և կրթական կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր` հասարակության կիբեռհասունության մակարդակի բարձրացման նպատակով:
Առանցքային է նաև հասարակության տեղեկատվական դիմակայունության ամրապնդումը, որը կենտրոնանալու է հետևյալ բարեփոխումների վրա`
1) Իրականացվելու են արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների (FIMI), ապատեղեկատվության և կեղծ թվային բովանդակության (սինթետիկ (AI), դիփֆեյքերի) կանխարգելման, վաղ հայտնաբերման ու ազդեցության նվազեցման ուղղությամբ թիրախային միջոցառումներ:
2) Ամրապնդվելու են քաղաքացիների մեդիա ու թվային գրագիտության զարգացման նպատակով կրթության բոլոր մակարդակներում և շարունակական կրթության միջոցով տեղեկատվության քննադատական գնահատման, ապատեղեկատվության ճանաչման, կիբեռանվտանգության ու պատասխանատու թվային վարքագծի կարողությունները` հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին և երիտասարդներին:
3) Կատարելագործվելու է երեխաների առցանց անվտանգության ապահովման իրավական շրջանակը` սահմանելով երեխաների առցանց իրավունքների, վնասակար բովանդակությունից պաշտպանությանը (այդ թվում` սոցիալական ցանցերում), թվային ծառայություններ մատուցողների պատասխանատվությանը և դպրոցներում թվային սարքերի անվտանգ օգտագործմանը վերաբերող կարգավորումներ:
ԲԱԺԻՆ 2. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Կառավարության քաղաքականությունների նպատակը մարդն է, նրա տաղանդի բացահայտումը, որի իրացմամբ մարդն արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք կկառուցի: Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող մարդը ներդրում է ունենում ոչ միայն իր և իր ընտանիքի, այլև ողջ հանրության և պետության բարեկեցության ու զարգացման գործում: Այս տեսլականի իրացմանն է ծառայում «Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը» բանաձևը: Բարեկեցության ձևավորման առանցքային մոդելը հետևյալն է. կրթություն -աշխատանք-մասնագիտական կարողությունների զարգացում-առողջ ապրելակերպ- աշխատանքային վաստակ: Անաշխատունակ կամ սահմանափակ աշխատունակություն ունեցող սոցիալական կարիքների ապահովումը շարունակելու է լինել Կառավարության ուշադրության կենտրոնում:
Այս մոտեցման իրագործման համար Կառավարությունը պատրաստվում է իրացնել հետևյալ գործողությունները`
. ներառականության սկզբունքով` անկախ մարդու սեռային, տարիքային ու սոցիալ-տնտեսական կարգավիճակից` ապահովել արդար ու հավասար հասանելիություն որակյալ կրթական, առողջապահական, սոցիալական, մշակութային, սպորտային և ժամանցի ծառայություններին,
. ցկյանս զարգացման սկզբունքով` խթանել շարունակական կրթությունը, կարողությունների մշտական նորացումն ու առողջ ապրելակերպը կյանքի բոլոր շրջափուլերում` վաղ մանկությունից մինչև արժանապատիվ ծերություն,
. ապագայամետության սկզբունքով` երաշխավորել, որ սոցիալական համակարգերը, մատուցվող ծառայությունները, առողջ շրջակա միջավայրը և վերջինիս նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը մարդկանց նախապատրաստեն ապագայի պահանջներին ու տեխնոլոգիական, դեմոգրաֆիական, կլիմայական ու աշխատաշուկայի մարտահրավերներին:
Մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ բարեփոխումները ներառելու են`
. կրթական ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, այդ թվում` թվային և տեխնոլոգիական լուծումների համատարած կիրառմամբ, ինչպես նաև մանկավարժական կադրերի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմամբ` երաշխավորելով գլոբալ մրցունակ մարդկային կապիտալի ձևավորումը,
. տեխնոլոգիական կրթության խթանումը, որը կապահովի թվային բարձր գրագիտություն ունեցող, տեխնոլոգիահենք հասարակության ու տնտեսության զարգացումը,
. առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացումը,
. առողջապահական ծառայություններում հիվանդությունների վաղ հայտնաբերման, ինչպես նաև կանխարգելման համակարգի զարգացումը, ինչին կնպաստի հատկապես առողջ ապրելակերպի խթանումը,
. սոցիալական քաղաքականության, տվյալահենք և մարդակենտրոն համակարգի ձևավորումը` ապահովելով կյանքի բոլոր փուլերում թիրախային խմբերի սոցիալական ապահովությունը, ներառումը և (կամ) տնտեսական ակտիվությունը:
Ոլորտում գերակա են լինելու կրթական համակարգի բոլոր մակարդակներում կրթության հասանելիության, մատչելիության, որակի և արդյունավետության շարունակական բարձրացմանն ուղղված բարեփոխումները, մասնավորապես` ժամանակակից և անվտանգ ենթակառուցվածքների ձևավորումը, կրթության բովանդակության և գնահատման համակարգերի զարգացումը, մանկավարժների մասնագիտական առաջընթացի ու խրախուսման մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաև մասնագիտական և բարձրագույն կրթության կապի ամրապնդումն աշխատաշուկայի, գիտության ու նորարարության հետ: Արտադպրոցական կրթությունը դիրքավորվելու է որպես երեխաների ստեղծագործական, մշակութային, տեխնոլոգիական և մարզական տաղանդի բացահայտման ու զարգացման միասնական համակարգ: Նորակառույց և հիմնանորոգված դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքները դասապրոցեսից դուրս ծառայեցվելու են նաև արտադպրոցական կրթությանը, ինչպես նաև մեծահասակների կրթության և սոցիալականացման ծրագրերին:
Միջոցներ են ձեռնարկվելու թվային և տեխնոլոգիական կրթությունը բոլոր սովորողներին հասանելի դարձնելու ուղղությամբ` ընդլայնելով ինժեներական լաբորատորիաների, ռոբոտաշինության, ծրագրավորման, ԱԲ և բնագիտական փորձարարական ուսումնառության հնարավորությունները, այդ թվում` գյուղական և սահմանամերձ բնակավայրերում:
Իրականացվելու է կրթական համակարգի ամբողջական թվայնացում` միասնական և փոխկապակցված տեղեկատվական համակարգերի զարգացման, տվյալների մեկանգամյա մուտքագրման, կրթական ծառայությունների ամբողջական թվայնացման և տվյալահենք որոշումների կայացման մեխանիզմների ներդրման միջոցով:
1. Նախադպրոցական կրթություն
1) Իրականացվելու է 100 մանկապարտեզի և նախակրթարանի կառուցում, վերակառուցում և հիմնանորոգում:
2) Պետություն-մասնավոր գործընկերության տարբեր ձևաչափերի միջոցով մինչև 2 տարեկանների համար ապահովվելու են նախադպրոցական կրթության հասանելիություն բոլոր խոշորացված համայնքներում և առնվազն մեկ տարվա պարտադիր նախադպրոցական կրթություն 5 տարեկանների համար:
3) Ներդրվելու է նախադպրոցական կրթության չափորոշչի պարբերական թարմացման ինստիտուցիոնալ մեխանիզմ` շեշտադրելով հատկապես 5-6 տարեկանների դպրոցական կրթությանը նախապատրաստումը` որպես կրթության բարեհաջող մեկնարկի ապահովման երաշխիք, և ներդնելով որակի վերահսկողության արտաքին համակարգեր:
4) Ընդլայնվելու է տարակարգի և կամավոր ատեստավորման միջոցով նախադպրոցական հաստատությունների աշխատողների մասնագիտական հմտությունների և վարձատրության շարունակական աճի ինստիտուցիոնալ մեխանիզմը:
2. Հանրակրթություն
1) Ապահովվելու է հաջորդ 300 դպրոցի կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը և նոր գույքով ամբողջական հագեցումը:
2) Կրթության բովանդակությունը պարբերաբար արդիականացվելու է` նպատակ ունենալով զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, հաղորդակցական, թվային, տեխնոլոգիական, ֆինանսական ու ձեռնարկատիրական կարողությունները և խթանելով քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաև գիտելիքը գործնականում կիրառելու հմտությունները:
3) Ընդլայնվելու է դպրոցներում ինժեներական, ռոբոտաշինության, ծրագրավորման և ԱԲ միջոցով (ներառյալ անհատականացված) կրթությունը` տեխնոլոգիական խմբակներն ու լաբորատորիաները դարձնելով հանրակրթության և արտադպրոցական կրթության փոխկապակցված բաղադրիչ:
4) Ներդրվելու է սովորողների կրթության արդյունքների արտաքին գնահատման համակարգ, որը համադրելի կլինի միջազգային գնահատման մեխանիզմների հետ` կրթության բովանդակությունն ու որակը շարունակաբար բարելավելու նպատակով:
5) Ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար իրականացվելու է կամավոր ատեստավորման երկրորդ փուլ` դրույքաչափը սահմանելով 300 հազար ՀՀ դրամ` համապատասխանաբար 30, 40, 50% հավելավճարով:
6) Օրենքով սահմանվելու են ուսուցիչների կարգավիճակից բխող համալիր երաշխիքներ, այդ թվում` իրականացվելու է բնակարանային ապահովման աջակցության ծրագիր:
3. Արտադպրոցական կրթություն
1) Իրականացվելու է առնվազն 100 արտադպրոցական հաստատության կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման և գույքով հագեցման ծրագիր` արվեստի (ներառյալ երաժշտական, գեղարվեստի, արվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների) և սպորտի (մարզադպրոցների, մարզական կենտրոնների) ուղղություններով:
2) Ձևավորվելու են ստեղծագործականության խթանման հարթակներ, այդ թվում` արվեստի միջազգային ճամբարների, հեղինակային կատարումների մրցույթների և այլ միջավայրերի շարունակական զարգացման միջոցով:
3) Ապահովվելու է համայնքային և պետական արտադպրոցական հաստատություններում և կենտրոններում դասավանդման որակի բարձրացումը մանկավարժական աշխատողների և մարզիչների կամավոր ատեստավորման ծրագրի շարունակական զարգացման եղանակով:
4) Ի հավելումն պետական աջակցությամբ ձևավորված 25 երիտասարդական կենտրոնների` տարբեր համայնքներում ստեղծվելու է ևս 30 երիտասարդական կենտրոն:
5) Իրականացվելու են ընթերցանությունը խթանող ծրագրեր` ներառյալ թվային լուծումներով:
6) Շարունակվելու է ներառական ծրագրերի իրականացումը` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց համար գեղարվեստական կրթության հավասար պայմաններ ստեղծելուն:
4. Մասնագիտական կրթություն և ուսուցում
1) Պետության համար գերակա ուղղություններում իրականացվելու է առնվազն 30 ՄԿՈՒ հաստատության (քոլեջի) վերակառուցում, կառուցում, հիմնանորոգում և հագեցում անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:
2) Ընդլայնվելու է մասնավորի հետ համագործակցությունը` քոլեջների համատեղ կառավարման և տնտեսության կարիքներից բխող դուալ ուսուցման համակարգի ամբողջական ներդրման միջոցով` աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը դարձնելով սովորելու հիմնական մեթոդ:
3) Ապահովվելու են քոլեջների դասախոսների և վարպետների վարձատրությունն առնվազն կրկնապատկող ատեստավորման համակարգի զարգացումը և ամբողջական ներդրումը ՄԿՈՒ բոլոր ոլորտներում:
4) Իրականացվելու է բոլոր քոլեջների` միջազգային չափորոշիչներին համապատասխան հավատարմագրում:
5) Իրականացվելու է տնտեսության, այդ թվում` յուրաքանչյուր մարզի կարիքներին համահունչ նոր մասնագիտությունների շարունակական ներդրումը և զարգացումը` միտված կրթության որակի բարձրացմանը:
5. Բարձրագույն կրթություն
1) Ակադեմիական քաղաքի ստեղծման առաջին փուլով գործարկվելու է տեխնոլոգիական կլաստերը` լիարժեք գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով` ներառյալ 3600 ուսանողի համար նախատեսված կացարանային ենթակառուցվածքը:
2) Միջազգային առաջատար բուհերի հետ համագործակցությամբ ավարտին է հասցվելու հանրային բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը, որի արդյունքում ձևավորվելու է 6 խոշորացված հետազոտական համալսարան:
3) Խթանվելու է բարձրագույն կրթության միջազգայնացումը` օտարերկրյա ուսանողների թիվը հասցնելով առնվազն 15 հազարի: Լիցենզավորման և հավատարմագրման նոր կարգավորումների շրջանակում, այդ թվում` նաև միջազգային հեղինակավոր համալսարանների հետ համագործակցությամբ, ներդրվելու է բարձրագույն կրթության օտարալեզու առնվազն 50 ծրագիր` միջազգային ուսանողների ավելի արդյունավետ ներգրավման նպատակով:
4) Գործարկվելու է դպրոցից բուհ արդյունավետ և սահուն անցում ապահովող ընդունելության նոր համակարգը` հիմնված «հայոց լեզու» և «մաթեմատիկա» առարկաների արտաքին (կենտրոնացված) գնահատման վրա, և ներբուհական ընդունելության համակարգի ներդրմամբ, որտեղ, ակադեմիական ցուցանիշներից բացի, հաշվի է առնվելու նաև հանրային ակտիվությունը` խթանելով կամավորական աշխատանքը:
5) Ներդրվելու են հանրային բուհերի ֆինանսավորման և ուսանողական կրթաթոշակների նոր մեխանիզմներ, ինչի արդյունքում բուհերի ֆինանսավորումը կապակցվելու է ակադեմիական գերազանցության և առաջադիմության արդյունքային ցուցիչների հետ: Խրախուսվելու է մրցունակ կրթական ծառայությունների մատուցումը, և բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս չի մնալու կրթությունից սոցիալական խնդիրների պատճառով: Ներդրվելու է պետության համար կարևորագույն և հանրապետության կրթական համակարգում բացակայող մասնագիտություններով կամ կրթական ծրագրերով արտերկրի առաջատար համալսարաններում նպատակային կրթության համար տրամադրվող ֆինանսավորման ծրագիր` համապատասխան ոլորտում աշխատանքի անցնելու պայմանով:
6) Ապահովվելու է հայաստանյան բուհերի շարունակական առաջխաղացումը միջազգային վարկանիշավորման համակարգերում` 2030 թվականին միջազգային վարկանիշավորման համակարգերի առաջին 500-ում ունենալով 4 համալսարան:
7) Ներդրվելու է տաղանդների հայտնաբերման և զարգացման համապետական ծրագիր` բացառիկ կարողություններով երեխաների և երիտասարդների ներուժը բացահայտելու և զարգացնելու նպատակով:
6. Լեզվական քաղաքականություն
1) Ներդրվելու է հայերենի` միջազգային ստանդարտներին համապատասխան իմացության ստուգման ու գնահատման առցանց համակարգ` ապահովելով կրթության շղթայի մեջ և ողջ կյանքում հայերենի իմացության շարունակական զարգացման ու չափելիության միասնական մեխանիզմներ:
2) Զարգացվելու են օտարախոս միջավայրերում հայերենի ուսուցման, հայագիտական կրթության և հետազոտությունների, հայկական կրթամշակութային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերը` ներառյալ համապատասխան կրթական բովանդակության, ուսումնամեթոդական նյութերի և մասնագիտական ներուժի զարգացումը:
3) Հայրենադարձության միտումների հաշվառումով քաջալերվելու են հայրենադարձների շրջանում գրավոր և բանավոր հայերենի շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերը:
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում