ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
| ԳԼՈՒԽ 2. |
Սփյուռքի հետ կապեր |
Կառավարությունը վերաիմաստավորելու է սփյուռքի հետ հարաբերությունները` դրանք կառուցելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ու հայկական պետականության շուրջ: Կարևոր է խաղաղության պայմաններում Հայաստան-սփյուռք գործակցության վերաիմաստավորումը: Այդ նպատակով`
1) Ներդրվելու են սփյուռքից մասնագիտական հայրենադարձությունը խթանող ծրագրեր:
2) Ընդլայնվելու է համագործակցությունը համահայկական մասնագիտական, փորձագիտական, երիտասարդական-ուսանողական ցանցերի հետ:
3) Շարունակաբար ընդլայնվելու են սփյուռքի կրթօջախների համար Հայաստանի Հանրապետության հանրակրթության բովանդակությանը համահունչ կրթական ծրագրերի, ուսումնական նյութերի, հայալեզու տպագիր և էլեկտրոնային կրթական պաշարների, թվային կրթական ծառայությունների հասանելիությունը, կարողությունների զարգացման և փոխանակման ծրագրերը, ինչպես նաև ապահովվելու է կրթօջախների հնարավորինս ինտեգրումը Հայաստանի կրթական համակարգին:
4) Ընդլայնվելու է Հայաստանի Հանրապետության կրթական, գիտական և մշակութային հաստատությունների համագործակցությունը սփյուռքի կառույցների, այդ թվում` հետազոտական կենտրոնների և կազմակերպությունների հետ` խթանելով համատեղ կրթական ծրագրերի, գիտական նախագծերի, ակադեմիական շարժունության և փորձի փոխանակման զարգացումը:
| ԳԼՈՒԽ 3. |
Առողջապահություն |
Մարդկային կապիտալի հաջորդ հենասյունը ֆիզիկական և հոգեկան առողջությունն է, որը կանխորոշում է մարդու բարեկեցությունը: Կառավարությունը նպատակ ունի ամբողջ բնակչությանն ընդգրկելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավման արդյունքում բարձրացնելու ապրելիությունը և կյանքի որակը: Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ընդգրկելու է բնակչության բոլոր խմբերին:
2) Արդիականացվելու` կառուցվելու, վերակառուցվելու և վերազինվելու է 50 առողջապահական կազմակերպություն:
3) Բարձրացվելու է բժշկական կենտրոնների կառավարման արդյունավետությունը` ինտեգրված կլինիկական կենտրոնների մոդելի ներդրմամբ և ֆինանսական ու գործառնական ինքնավարության ավելացման, առնվազն մեկ 100% պետական բաժնեմասով բժշկական կենտրոնի բաժնետոմսերի բորսայում թողարկման միջոցով:
4) Ներդրվելու է բժշկական կազմակերպությունների որակի կառավարման համակարգ, և իրականացվելու է միջազգային (ԵՄ, ԱՄՆ, Կանադա և համարժեք) ստանդարտներին համապատասխան 20 բժշկական կազմակերպության որակի ակրեդիտացում:
5) Ուսումնասիրված միջազգային լավագույն մոդելների տեղայնացման միջոցով ձևավորվելու է կլինիկական ռեզիդենտուրայում կոմպետենտահենք ուսուցման, կլինիկական բազաների իրական թողունակության և համակարգի կարիքներին համապատասխան որակյալ կադրերի պատրաստման համակարգ, ներդրվելու են ԵՄ և (կամ) ԱՄՆ ստանդարտներին համահունչ, մասնագիտական դեֆիցիտի կանխատեսման մոդելավորման համակարգ և կլինիկական ռեզիդենտուրայի համակարգ, ապահովվելու է բուժաշխատողների կրթության ընթացքում գործելակարգերի շարունակական ուսուցում:
6) Առողջության առաջնային պահպանման առնվազն 20 քաղաքային հաստատությունում ներդրվելու է ընտանեկան բժշկության ինստիտուտը` հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ծախսարդյունավետ ծառայությունների տրամադրման նպատակով: Ընտանեկան բժշկության ինստիտուտը նպաստելու է համակարգի տրամաբանության փոփոխությանը` «բուժել հիվանդությունը» մոտեցումից անցնելով «պահպանել առողջությունը» մոտեցմանը, ինչը միակ կայուն ուղին է և՛ բնակչության առողջության արդյունքների բարելավման, և՛ համակարգի ֆինանսական կայունության համար:
7) Ընդլայնվելու են հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծրագրերը:
8) Բարձրացվելու է դեղորայքային և բժշկական պարագաների հասանելիությունը` դեղերի շրջանառության կարգավորման բարելավմամբ և առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրերի շարունակականության ապահովմամբ:
9) Ներդրվելու է ամբողջովին թվային, ինտեգրված առողջապահական տվյալների էկոհամակարգ` ներառյալ էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգը, որը թույլ կտա վերլուծել մեծ տվյալները` նպաստելով կանխարգելման բարելավմանը, մատուցվող ծառայությունների արդյունավետության և ծախսարդյունավետության բարձրացմանը և ամբողջական թվայնացմանը, այդ թվում` բուժաշխատողի աշխատանքին օժանդակող թվային գործելակարգեր և այլ գործիքներ:
10) Զարգացվելու են առողջապահության ոլորտում ստվերի և չարաշահումների կանխարգելմանն ուղղված թվային համակարգերը:
| ԳԼՈՒԽ 4. |
Սպորտ և առողջ ապրելակերպ |
Առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանումը բնակչության առողջության պահպանման, կյանքի որակի բարձրացման և մարդկային ներուժի զարգացման կարևոր նախապայմաններից է: Կառավարությունը հետևողականորեն ընդլայնելու է սպորտով զբաղվելու հասանելիությունը` հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին, երիտասարդներին, կանանց և վնասակար սովորություններ ունեցողներին: Յուրաքանչյուր ոք պետք է ունենա հնարավորություն իր իսկ համայնքում զբաղվելու սպորտով և (կամ) մարզվելու:
Կարևոր է նաև առողջ ապրելակերպի խթանումը մասսայական սպորտի, առողջ սննդակարգի և վնասակար սովորություններից զերծ մնալու խրախուսման միջոցով: Կառավարության հանձնառությունն է լինելու տարածքային համաչափ զարգացման սկզբունքով և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ ապահովել սպորտային ենթակառուցվածքների հասանելիությունը և առողջ ապրելակերպի վերաբերյալ հանրային իրազեկման ու վարքաբանական փոփոխություն խթանող արշավների իրականացումը:
Կառավարությունը շարունակելու է նաև պրոֆեսիոնալ սպորտում բարձր նվաճումների խթանմանն ուղղված քաղաքականությունը` կատարելագործելով տաղանդների վաղ բացահայտման, մարզիկների պատրաստման, խրախուսման և հետմարզական զարգացման համակարգերը:
Սպորտի տնտեսականացման քաղաքականությունը միտված է լինելու մասնավոր ներդրումների ներգրավմանը, մարզական ծառայությունների շուկայի ընդլայնմանը, խոշոր մրցաշարերի կազմակերպմանը և սպորտային ենթակառուցվածքների եկամտաստեղծ ու արդյունավետ կառավարմանը:
Կառավարությունն իրականացնելու է հետևյալ առանցքային բարեփոխումները`
1) Առողջ ապրելակերպը խրախուսվելու է կրթության, ֆինանսների, առողջապահության (այդ թվում` ԱՀԱ համակարգի խթանների միջոցով), էկոնոմիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի և համայնքային զարգացման քաղաքականությունների միջոցով` ստեղծելով անվտանգ քայլելու, հեծանիվ վարելու, բացօթյա և մարզասրահներում մարզվելու պայմաններ` ընդլայնելով վորքաութների ու այլ հանրամատչելի մարզահրապարակների և մարզասրահների ցանցը (ներառյալ նորակառույց և հիմնանորոգված դպրոցների մարզական ենթակառուցվածքները, որոնք դասապրոցեսից դուրս կծառայեն նաև համայնքային կյանքին) և խրախուսելով վնասակար սովորույթների դադարեցումն ու ամրապնդելով ֆիզիկական ակտիվության ու առողջ սննդակարգի բաղադրիչները` ներառյալ կրթական ծրագրերի միջոցով:
2) Հանրապետության բոլոր համայնքներում կառուցվելու է 100 կոմբինացված մարզահրապարակ` ներառյալ համայնքային լողավազանները:
3) Յուրաքանչյուր համայնքում ձևավորվելու է երեխաների համար հասանելի մարզաձևերի նվազագույն երաշխավորված շրջանակ` ընդլայնելով մարզական խմբակների ցանցը և ապահովելով դպրոցական ու համայնքային մարզակառույցների համատեղ օգտագործումը:
4) Ներդրվելու են մարզական կազմակերպությունների կատարողականի և մարզիկների արձանագրած արդյունքների վրա հիմնված լրացուցիչ ֆինանսավորման մեխանիզմներ, ինչպես նաև խթանվելու է սեփական եկամուտների ձևավորմանն ուղղված գործունեությունը:
5) Հայաստանի դիրքը ամրապնդվելու է սպորտի միջազգային քարտեզում` յուրաքանչյուր տարի առնվազն 2 օլիմպիական մարզաձևի միջազգային առաջնությունների և մրցաշարերի կազմակերպման միջոցով:
6) Կառուցվելու են ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոն Ակադեմիական քաղաքում 35 հազար հանդիսատեսի համար, ինչպես նաև Վանաձորում և Իջևանում ևս երկու ստադիոն` առնվազն 10 հազար հանդիսատեսի համար:
| ԳԼՈՒԽ 5. |
Աշխատանք և սոցիալական պաշտպանություն |
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակն է նպաստել մարդու և ընտանիքի բարեկեցությանը, կանխարգելել և կառավարել կյանքի բոլոր փուլերում կյանքի դժվարին իրավիճակների առաջացման ռիսկերը: Սոցիալական պաշտպանության հասցեական համակարգը կարևոր նախապայման է յուրաքանչյուր անձի արժանապատիվ կյանքի, սոցիալական ներառման և հավասար հնարավորությունների ապահովման համար: Կառավարությունը շարունակելու է զարգացնել կարիքահենք սոցիալական ծառայությունները` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով աղքատության կանխարգելմանը և նվազեցմանը, խոցելի խավերի մրցունակության բարձրացմանը: Արդիականացվելու են երեխաների և ընտանիքների աջակցության համայնքահենք ծառայությունները` ընդլայնելով վաղ միջամտության, ընտանիքի պահպանման, համայնքահենք, սոցիալ-վերականգնողական և այլընտրանքային խնամքի հասանելիությունը: Սա նպաստելու է ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի և ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանը, գենդերային հավասարությանը, բռնության, թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքին ու սոցիալական ներառմանը և ավագ սերնդի ինքնուրույն կենսագործունեությանը:
Այս ուղղությամբ Կառավարությունը ներդնելու է սոցիալական պաշտպանության միասնական թվային համակարգ` ապահովելով սոցիալական ծառայությունների առնվազն 80%-ի թվայնացումը և մատուցումը մեկ պատուհանի (hartak.am) սկզբունքով: Իրականացվելու են աշխատանքի շուկայում անձանց մրցունակությունը մեծացնելուն ուղղված ծրագրեր: Աշխատանքային իրավունքների համակարգի զարգացումը նույնպես լինելու է Կառավարության ուշադրության կենտրոնում:
1. Երեխաներ
1) Ներդրվելու է երեխայի իրավունքների պաշտպանության նոր համակարգ` զարգացնելով կանխարգելիչ, համայնքահենք և ընտանիքակենտրոն ծառայությունները, ամրապնդելով երեխաների և ընտանիքների աջակցության մեխանիզմները և ապահովելով յուրաքանչյուր երեխայի լավագույն շահերի պաշտպանությունը:
2) Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մրցունակության բարձրացմանը` կրթության միջոցով:
3) Մեկնարկելու է բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը:
4) Ընդլայնվելու են երեխաների համայնքահենք, այդ թվում` ցերեկային ծառայությունները, որոնք կգործեն հաստատված որակի չափորոշիչներին համապատասխան:
5) Ներդրվելու է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգ` ընդլայնելով երեխաների կրթության ֆինանսական հասանելիությունը և նպաստելով մարդկային կապիտալի զարգացմանը ու ընտանիքների երկարաժամկետ սոցիալական և տնտեսական կայունությանը:
2. Երիտասարդներ
1) Շուրջ 5000 չաշխատող և չսովորող երիտասարդ ներգրավվելու է զբաղվածությանն աջակցող ծրագրերում: Առաջնահերթություն է տրվելու մարզաբնակ երիտասարդներին:
3. Ավագ սերունդ
1) Արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու նպատակով իրականացվելու է կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից:
2) Ներդրվելու է ինքնազբաղված քաղաքացիների կենսաթոշակային համակարգ:
3) Ներդրվելու են մեծահասակների տնտեսական և աշխատանքային ակտիվության խթանմանն ուղղված ծրագրեր:
4) Ընդլայնվելու են տարեցների համայնքահենք ծառայությունները` նպաստելով ակտիվ և առողջ ծերությանն ուղղված քաղաքականության իրացմանը:
4. Հավասար հնարավորությունների ապահովում
1) Ներդրվելու են ընտանիքների բարեկեցության և ժողովրդագրական կայուն զարգացմանն ուղղված նոր աջակցության մեխանիզմներ:
2) Շարունակվելու են սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները` անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման միջոցով բարձրացնելով սոցիալական աջակցության հասցեականությունը և զբաղվածության ծրագրերի արդյունքում նպաստելով աղքատության հաղթահարմանը:
3) Ձևավորվելու են զբաղվածության ապահովման և աշխատուժի մրցունակության համակարգի իրավական հիմքերը` ներառելով գործազրկության ապահովագրությունը, աշխատանքի կորստի կանխարգելման և եկամտի պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև աշխատուժի շարունակական վերապատրաստման, վերաորակավորման, զբաղունակության բարձրացման և աշխատաշուկայի կարիքներին արձագանքման գործիքները:
4) Ընդլայնվելու են կանանց տնտեսական ակտիվության և զբաղվածության խթանման ծրագրերը` ապահովելով առնվազն 10 հազար կնոջ ներգրավում` առաջնահերթություն տալով աշխատաշուկայից դուրս մնացած, զբաղվածության խոչընդոտներ ունեցող և խոցելի իրավիճակում գտնվող կանանց:
5) Առնվազն 3000 սոցիալապես անապահով և խոցելի խմբերի ներկայացուցիչներ ներգրավվելու են աղքատության հաղթահարման նպատակով զբաղվածության պետական ծրագրերում, այդ թվում` իրականացվելու են աշխատանքի շուկայի պահանջարկին համապատասխան վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրեր:
6) Իրականացվելու է խոցելի խմբերի համար 1000 նոր սոցիալական բնակարանի ապահովման ծրագիր:
7) Շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովման ծրագիրը:
8) Շարունակվելու է սահմանամերձ և այլ գյուղական բնակավայրերում 3000 նոր տան կառուցման ծրագիրը:
9) Հաշմանդամություն ունեցող 2000 անձի համար ապահովվելու է անձնական օգնականի ծառայության հասանելիությունը:
10) Շարունակվելու են ապաինստիտուցիոնալացման բարեփոխումները` զարգացնելով համայնքային խնամքի, այդ թվում` համայնքային փոքր տների ծառայությունները` հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար ընտանեկան միջավայրին մոտ խնամք ապահովելու նպատակով:
11) Զարգանալու և ընդլայնվելու է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անհատական կարիքների վրա հիմնված աջակցությունը` զարգացնելով համայնքահենք, անկախ կյանքի և սոցիալական ներառման ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի այլ խմբերի համար:
12) Ընդունվելու են երիտասարդության, հաշմանդամություն ունեցող անձանց և ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում սոցիալականացումը և ստեղծագործականությունը խթանելուն ուղղված ծրագրեր:
Կառավարությունը շարունակելու է ակտիվ մշակութային քաղաքականությունը` այն դիտարկելով որպես ինքնության պահպանման և զարգացման կարևորագույն գործոն: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև մշակութային ժառանգության պահպանումը, մշակույթի ապակենտրոնացումը, մշակութային կյանքի հասանելիության ընդլայնումը, ինչպես նաև ներառվածությունն ու ներգրավվածությունը մշակութային կյանքին: Խթանվելու են նաև մշակույթի տնտեսականացումը և ոլորտի թվայնացումը` զարգացնելով ստեղծարար արդյունաբերությունը, ընդլայնելով մշակութային կազմակերպությունների սեփական եկամուտների ձևավորման հնարավորությունները և ներդնելով մշակութային ծառայությունների միասնական թվային համակարգ, այդ թվում` Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով:
Այս ուղղությամբ`
1) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվելու է 5 հուշարձան, հիմնական ցանկում` 1 նոր հուշարձան:
2) Իրականացվելու է ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում, և ապահովվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2 հայտի գրանցում:
3) Իրականացվելու են 40 պատմամշակութային հուշարձանի նորոգում, ամրակայում, վերականգնում և հասանելիության ապահովում:
4) Փուլային կերպով իրականացվելու է Արտաշատ պատմական մայրաքաղաքի համալիր զարգացման հայեցակարգը, վերականգնվելու է Գետամերձ թաղամասը, ապահովվելու է զբոսաշրջային հասանելիությունը:
5) Ընդլայնվելու է Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրական մակերեսի ստորգետնյա հատվածը` Հանրապետության հրապարակի հնավայրի ընդգրկմամբ:
6) Մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով համայնքներում զարգացվելու են մշակութային ու ստեղծարար գործունեության կայուն հարթակներ, ավելանալու է մարզային ծրագրերի քանակը, ապահովվելու է վերջիններիս ժանրային բազմազանությունը, ընդլայնվելու է պետական մշակութային կազմակերպությունների մարզային հյուրախաղային գործունեությունը, ձևավորվելու են շրջիկ մշակութային փառատոներ:
7) Հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժի զարգացմանն ու ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը:
8) Թատրոնների, համերգային և այլ մշակութային կազմակերպությունների կառավարման ու ֆինանսավորման համակարգում բազային հատկացումներին զուգահեռ ներդրվելու են լրացուցիչ ֆինանսավորման խթաններ` ըստ ծառայությունների որակի, այցելությունների և նոր լսարանների ներգրավման, մարզային գործունեության, մասնավոր գործընկերության ու սեփական եկամուտների աճի արդյունքների, ընդլայնվելու է կազմակերպությունների` սեփական եկամուտները տնօրինելու և զարգացման ծրագրերում վերաներդնելու ինքնուրույնությունը:
9) Քաջալերվելու է ստեղծարար արդյունաբերությունը` ձևավորելով կինոյի, երաժշտության, հրատարակության և հարակից ոլորտների նախագծերի ֆինանսավորման, ձեռնարկատիրական զարգացման և միջազգային առաջմղման աջակցության գործիքներ:
10) Մշակութային զբոսաշրջության խթանման նպատակով յուրաքանչյուր տարի կազմակերպվելու են առնվազն երկու համաշխարհային աստղի հյուրախաղեր:
11) Գրադարանները վերափոխվելու են ժամանակակից տեղեկատվական, կրթական, մշակութային, ժամանցային և համայնքային կենտրոնների` գրքային ֆոնդերի համալրման, էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման և ընթերցանության խրախուսման ծրագրերի միջոցով:
12) Մշակույթի և մշակութային կյանքին հասանելիությունը, ներառվածությունն ու ներգրավվածությունը ընդլայնելու նպատակով խթանվելու են մշակույթի, երիտասարդական կենտրոնների աշխատանքները, քաջալերվելու է ինքնագործ խմբերի և ակումբների գործունեությունը, այդ թվում` նորակառույց դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների տրամադրմամբ` դրանց հիմնական գործունեությանը չխոչընդոտելու նախապայմանով:
13) Ատեստավորման միջոցով բարձրանալու են թանգարանային և գրադարանային աշխատողների աշխատավարձերը:
| ԳԼՈՒԽ 7. |
Հոգևոր անվտանգություն |
Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն:
Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար`
1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:
2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:
3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը:
Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն:
Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը բարեկեցության, երջանկության, առողջության կարևոր պայման է: Բնության նկատմամբ խնամքը, կենսաբազմազանությունը լինելու են պետական և հանրային հոգածության կենտրոնում: Շրջակա միջավայրի վերաբերյալ հանձնառություններն ուղղված են բնական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, կենսաբազմազանության պահպանմանը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցմանը` ապահովելով առողջ և անվտանգ միջավայր ներկա ու ապագա սերունդների համար:
2026 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP 17) համաժողովի նախագահությունը` շուրջ երկու տարի հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գլոբալ որոշումների ընդունման կենտրոնական դերակատարում ունեցող երկիր` ստանձնելով այդ դերի պատշաճ իրականացման հանձնառություն:
Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բարեփոխումների օրակարգը հետևյալն է`
1) Ապահովվելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած` ԵՄ հրահանգներին մթնոլորտային օդի, ջրի որակի, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, արդյունաբերական արտանետումների, կլիմայի փոփոխության, քիմիական նյութերի և թափոնների կառավարման մասով բնապահպանական օրենսդրության ամբողջական ներդաշնակեցումը:
2) Կատարելագործվելու է կլիմայական քաղաքականությունը` ներդնելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը նպաստող տնտեսական մեխանիզմներ, այդ թվում` ածխածնի գնագոյացման համակարգը:
3) Ստեղծվելու է միջազգային չափանիշներին համապատասխան մթնոլորտային օդի որակի համապետական մոնիթորինգի համակարգ` 16 ժամանակակից դիտակայանով և ռեֆերենս լաբորատորիայով:
4) Ընդլայնվելու է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի` «24/7» ռեժիմով աշխատող ցանցը:
5) Ապահովվելու է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումն ու պահպանությունը` խթանելով ջրախնայողությունը, պահպանելով գետային էկոհամակարգերը և սահմանափակելով Արարատյան արտեզյան ավազանից ջրի օգտագործումը` մինչև օրենքով սահմանված տարեկան վերականգնվող առավելագույն 926 մլն խմ չափաքանակ:
6) Ներդրվելու է Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգային կառավարման մոդել` վերականգնելով գետային էկոհամակարգերը, կենսաբազմազանությունը, ապահովելով Կառավարության որոշմամբ սահմանված ջրի առնվազն «լավ» որակի նորմը և կրճատելով աղտոտման ծավալները, ինչպես նաև իրականացվելու են Սևանա լճի ջրածածկ` առնվազն 100 հեկտար, անտառտնկարկների մաքրման աշխատանքներ` ըստ առաջնահերթ գնահատված տարածքների: Այս ջանքերին զուգահեռ կիրականացվեն նաև Սևանա լճի ափամերձ տարածքների աղբահանությանը և «Սևան» ազգային պարկի տարածքում ոչ օրինական հիմքերով վարձակալված և (կամ) զավթված տարածքների վերադարձին ուղղված աշխատանքներ:
7) Իրականացվելու են շուրջ 10 հազար հեկտար անտառատնկման և անտառվերականգնման աշխատանքներ:
8) Էկոպարեկային ծառայության կողմից ժամանակակից հսկողական տեխնոլոգիաների միջոցով ապահովվելու է հանրապետության ամբողջ տարածքում 24/7 ռեժիմով անտառների և ԲՀՊ տարածքների` ներառյալ որսագողերից վայրի կենդանիների պահպանություն:
9) Թվայնացվելու են շրջակա միջավայրի կառավարման տեղեկատվական համակարգը և ոլորտի թույլատվական ծառայությունները, այդ թվում` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը` անցում կատարելով ռիսկերի տվյալահենք և միասնական թվային կառավարմանը:
10) Շարունակաբար կիրարկվելու են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի դրույթները, և ի թիվս այլնի` թափառող ընտանի կենդանիների համար կացարաններ և հարակից ենթակառուցվածքներ կառուցելու ուղղությամբ:
11) Ուժեղացվելու է շրջակա միջավայրի պահպանության հանրային վարքականոնի ձևավորմանն ուղղված էկոլոգիական կրթության համակարգը` ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության միջոցով:
ԲԱԺԻՆ 3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
Պայմանավորված աշխարհաքաղաքական նոր իրողություններով, գլոբալ արժեշղթաների վերակազմավորմամբ և տեխնոլոգիական զարգացումներով` Կառավարությունը պետք է շարունակի բաց, ներառական, միջազգայնորեն ինտեգրված, մրցունակ, գիտելիքահենք և նորարարական տնտեսությանը միտված քաղաքականությունը, ինչը բնորոշվում է արտադրողականության, զբաղվածության և ստեղծված ավելացված արժեքի շարունակական աճով:
Տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու բարձր արտադրողականություն ունեցող և ավելացված արժեք ստեղծող, տեխնոլոգիահենք ու արտահանմանը միտված թափանցիկ բիզնեսի զարգացմանը, տնտեսության կառուցվածքային վերափոխմանը և հայկական բիզնեսների ավելի խոր ինտեգրմանը տարածաշրջանային ու գլոբալ արժեշղթաներին: Զուգահեռաբար, առաջնահերթ են լինելու ներդրումների համար պաշտպանված, բարենպաստ, կանխատեսելի և վստահելի միջավայրի ձևավորումը, կարգավորումների պարզեցումը և թվայնացումը, մրցակցությունը և հավասար հնարավորությունները, բիզնեսների թվային և տեխնոլոգիական արդիականացումը, միջազգային ստանդարտների լայն կիրառումը, ֆինանսների հասանելիության ընդլայնումը, ենթակառուցվածքների զարգացումը և մրցունակ աշխատուժի ձևավորումը:
Տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը կառուցվելու է հետևյալ սկզբունքների շուրջ`
. ներառական տնտեսական զարգացում` բիզնեսի ստեղծման և զարգացման հնարավոր կառուցվածքային խոչընդոտների վերացում, արհեստական մենաշնորհների բացառում, մրցակցության խթանում և պաշտպանություն, ֆինանսական ռեսուրսների և տնտեսական հնարավորությունների հավասար հասանելիություն, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու ստեղծարար ու ձեռնարկատիրական ներուժի իրացման բարենպաստ պայմանների ապահովում,
. տարածաշրջանային փոխկապակցվածություն և գլոբալ ինտեգրում` տրանսպորտային ու տնտեսական կապերի զարգացում, Հայաստանի դիրքավորում որպես առևտրի և տարանցման հանգույց, նոր շուկաների, ներդրումների և միջազգային արժեշղթաների հասանելիության ընդլայնում,
. գիտելիքահենք և տեխնոլոգիական վերափոխում` գիտության, նորարարության, թվայնացման, ԱԲ և տվյալահենք կառավարման կիրառմամբ արտադրողականության ու մրցունակության բարձրացում,
. մրցունակ, որակյալ և դիմակայուն տնտեսություն` միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանքի ու ծառայությունների ստեղծում և զարգացում, արտահանման շուկաների, ոլորտների և մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացում,
. կայուն և հավասարակշռված զարգացում` տնտեսական աճի համաչափ բաշխում մարզերի ու սոցիալական խմբերի միջև, շրջակա միջավայրի պաշտպանություն, ռեսուրսների արդյունավետ կառավարում ու օգտագործում և շրջանաձև տնտեսության խթանում:
Տնտեսական քաղաքականության առաջնահերթ քայլերն ուղղված են լինելու`
. արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, որը հնարավոր կդառնա հայկական ծագման արտադրանքի որակի բարձրացման, միջազգային ստանդարտների լայնածավալ կիրառման, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման, ապահովագրության գործիքների կիրառման ու գլոբալ արժեշղթաներում ինտեգրման միջոցով,
. ներդրումների ծավալի շարունակական բարձրացմանը, այդ թվում` վերազգային կորպորացիաների ներգրավման և ներդրումների խթանման տարբերակված գործիքների կիրառման միջոցով,
. ՀՆԱ-ում խոր տեխնոլոգիական (Deep Tech) կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների ստեղծած ավելացված արժեքի մասնաբաժնի մեծացմանը:
| ԳԼՈՒԽ 1. |
Գլոբալ և ինտեգրված տնտեսություն |
Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել երկրի մասնակցությունը միջազգային առևտրին, ներդրումային հոսքերին և գլոբալ արժեշղթաներին: Տնտեսության բացությունը պետք է արտահայտվի ոչ միայն արտաքին առևտրի ծավալների աճով, այլև արտահանման մեջ ավելացված արժեքի ավելացմամբ, շուկաների ու ապրանքների դիվերսիֆիկացմամբ, տեղական կազմակերպությունների միջազգային արտադրական կապերի խորացմամբ և Հայաստանի Հանրապետության` որպես ներդրումային ու լոգիստիկ հանգույցի դիրքավորմամբ:
1. Ներդրումների խթանում և պաշտպանություն
Հայաստանը տարածաշրջանում առավել գրավիչ ներդրումային ուղղություններից մեկը դարձնելու նպատակով Կառավարությունը ձևավորելու է պաշտպանված, կանխատեսելի, թափանցիկ, կայուն և վստահելի ներդրումային միջավայր: Կառավարությունը կենտրոնանալու է ոչ միայն ներգրավվող ներդրումների ծավալի ավելացման, այլև դրանց որակի և տնտեսական ազդեցության բարձրացման վրա. առաջնահերթություն է տրվելու այն ներդրումային ծրագրերին, որոնք նպաստում են բարձր ավելացված արժեքի ստեղծմանը, տնտեսության տեխնոլոգիական վերափոխմանը, արտադրողականության ու արտահանման աճին, աշխատուժի մասնագիտական կարողությունների զարգացմանը և բարձր արտադրողականությամբ նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Այդ նպատակով`
1) Ներդրումների կարգավորմանն առնչվող օրենսդրությունը (հարկային, լիցենզավորման, թույլտվությունների տրամադրման, ստուգումների իրականացման, սնանկության, հողային հարաբերություններին առնչվող) մշտապես լավարկվելու է` համապատասխանեցվելով միջազգային լավագույն փորձին և ժամանակակից ներդրումային քաղաքականության մոտեցումներին` բարձրացնելով Հայաստանի մրցակցային առավելությունը:
2) Օտարերկրյա պետությունների հետ համագործակցության զարգացման համատեքստում վերանայվելու և ընդլայնվելու է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության միջազգային համաձայնագրերի շրջանակը` Հայաստանի Հանրապետության ներդրումային առաջնահերթություններին համապատասխան:
3) Իրականացվելու է թիրախային քաղաքականություն` գերակա ոլորտներում առաջատար անդրազգային ընկերությունների արտադրական, հետազոտական, տեխնոլոգիական և տարածաշրջանային կառավարման կենտրոններ ներգրավելու համար: Այդ նպատակով ապահովվելու է անհրաժեշտ ենթակառուցվածքների ու մասնագետների հասանելիություն, ինչպես նաև ներդրվելու են թափանցիկ և արդյունքահենք խթաններ: Հետներդրումային շարունակական աջակցությամբ խրախուսվելու են վերաներդրումները, գիտելիքի ու տեխնոլոգիաների փոխանցումը, աշխատուժի վերապատրաստումը և արտահանման ընդլայնումը:
4) Ձևավորվելու է ժամանակակից տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածքների համապարփակ համակարգ` ներառյալ մասնագիտացված արդյունաբերական գոտիներ և լոգիստիկ հանգույցներ: Դրանք ապահովելու են ներդրողների համար պատրաստ ենթակառուցվածքներ, արդյունավետ մատակարարման շղթաներ ու արտաքին շուկաների հասանելիություն:
5) Ներդրվելու են փոքր բաժնետերերի ներդրումների և նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կառուցակարգեր:
2. Արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացում, այդ թվում` էլեկտրոնային առևտուր
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի քաղաքականությունն ուղղված է լինելու արտահանման շուկաների և ապրանքախմբերի կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, հայկական ծագման արտադրանքի բարդության բարձրացմանը և արտահանման ավելացմանը, ներմուծման աղբյուրների բազմազանեցմանը և էլեկտրոնային առևտրի միջոցով հայկական ծագման ապրանքների վաճառքի ծավալների մեծացմանը: Կառավարությունը նպատակ ունի կրկնապատկելու հայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալը:
Այս ուղղությամբ`
1) Ընդլայնվելու են Հայաստանի արտոնյալ առևտրային հնարավորությունները` առնվազն հինգ երկրի հետ նոր տնտեսական համագործակցության համաձայնագրերի կնքմամբ:
2) Թիրախային ապրանքների և շուկաների համար աջակցություն է տրամադրվելու տեղական արտադրողներին` օտարերկրյա առևտրային ցանցերի մատակարարման շղթաներում ընդգրկվելու, արտադրական ստանդարտները բարձրացնելու և երկարաժամկետ արտահանման պայմանագրեր կնքելու համար:
3) Դիվերսիֆիկացվելու են տնտեսության համար կարևոր ապրանքների մատակարարման աղբյուրները` առնվազն 15 ապրանքախմբի համար ներգրավելով նոր մատակարար երկրներ:
4) Թվայնացվելու և ազատականացվելու է ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրումը` ապահովելով մրցակցային և թափանցիկ համակարգ:
5) Ագրոպարենային արտահանման համար գործարկվելու է առնվազն 25 սառնարանային տնտեսության և երկու ագրոլոգիստիկ կենտրոն:
Զբոսաշրջության քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետության` որպես զբոսաշրջային խաչմերուկի և ամբողջ տարվա ընթացքում գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ ու մրցունակ զբոսաշրջային ուղղության դիրքավորմանը: Նպատակն է մինչև 2031 թվականը ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան առնվազն 3 մլն-ի, իսկ ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը` առնվազն 4,5 մլն-ի: Արդյունքում, Կառավարությունը ձգտելու է մեծացնել զբոսաշրջության ոլորտում զբաղվածությունը շուրջ 10%-ով:
Այս ուղղությամբ`
6) Խթանվելու է զբոսաշրջության ապակենտրոնացումը և դիվերսիֆիկացվելու է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքը` քաղաքային և գյուղական զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման, զբոսաշրջային երթուղիների զարգացման, նավիգացիոն համակարգերի ներդրման միջոցով: Մասնավորապես` իրականացվելու են Գյումրու, Գորիսի, Ջերմուկի, Արենիի, Եղեգիսի, Դիլիջանի և Դվինի զարգացման ծրագրերը:
7) Խթանվելու է միջազգային հյուրանոցային ցանցերի, ժամանցի, զվարճանքի և սպասարկման ճանաչված միջազգային բրենդների ներգրավումը Հայաստանի Հանրապետություն:
8) Հայաստանի Հանրապետությունը դիրքավորվելու է որպես միջազգային համաժողովների, ցուցահանդեսների, գործարար հանդիպումների և խոշոր իրադարձությունների անցկացման մրցունակ ուղղություն:
9) Ներդրվելու է զբոսաշրջության ոլորտի կառավարման միասնական թվային համակարգ, այդ թվում` ապահովելով այցելությունների վերաբերյալ համապարփակ վիճակագրություն, թվային ծառայությունների և զբոսաշրջային պրոդուկտների մատուցում:
3. Կապիտալի շուկայի զարգացում
Տնտեսության երկարաժամկետ և արտադրողական աճի ապահովման համար կարևոր են ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը և կապիտալի շուկայի զարգացումը:
Այդ նպատակով`
1) Լավարկվելու է արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրությունը` շուկայի զարգացմանը նպաստող, կանխատեսելի և միջազգային լավագույն մոտեցումներին համահունչ կարգավորող միջավայր ապահովելու նպատակով:
2) Խթանվելու է շուկան առաջ մղելու ներուժ ունեցող խոշոր և հեղինակավոր ընկերությունների մուտքը կորպորատիվ արժեթղթերի շուկա` հաջող թողարկումների պատմություն և ներդրողների վստահություն ձևավորելու նպատակով` ապահովելով առնվազն 3 առանցքային թողարկողի ներգրավում:
3) Կապիտալի շուկայում ներգրավվելու է առնվազն 2 հեղինակավոր կատալիզատոր միջնորդ` ներդրումային բանկային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք թողարկողներին կտրամադրեն արժեթղթերի թողարկման կառուցվածքավորման, գնագոյացման, տեղաբաշխման և ներդրողների ներգրավման մասնագիտական ծառայություններ:
4) Կատարելագործվելու և շարունակվելու են արժեթղթերի թողարկման, միջազգային վարկանիշավորման և մասնագիտական խորհրդատվության ծախսերի համաֆինանսավորման գործիքները` նոր թողարկումների խթանման և ընկերությունների` տեղական ու միջազգային կապիտալի շուկաներ մուտք գործելու պատրաստվածության բարձրացման նպատակով:
5) Ընդլայնվելու են տեղական և օտարերկրյա ներդրողների` հայկական արժեթղթերում ներդրումներ կատարելու հնարավորությունները` բջջային և այլ թվային լուծումներով ավտոմատ ու պարբերական ներդրումների մեխանիզմների զարգացման, ինչպես նաև օտարերկրյա միջնորդներին բորսայական հարթակին հեռավար մուտք տրամադրելու միջոցով:
| ԳԼՈՒԽ 2. |
Մրցունակ տնտեսություն |
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցունակության հիմքը լինելու են աշխատուժի և կապիտալի արտադրողականության շարունակական բարձրացումը և նորարարությունը: Այդ նպատակին հասնելու համար ձևավորվելու է վստահելի կարգավորվող միջավայր, խթանվելու է ձեռնարկությունների տեխնոլոգիական բազայի արդիականացումը, կատարելագործվելու են որակի երաշխավորման ենթակառուցվածքները:
1. Բիզնես միջավայրի բարելավում
Գործարարների և ներդրողների համար պաշտպանված, կանխատեսելի, վստահելի և ինստիտուցիոնալ միջավայր ապահովելու նպատակով բարեփոխումների հիմքում դրվելու է Համաշխարհային բանկի Business Ready (B-READY) գնահատման մեթոդաբանությունը: Կառավարության նպատակն է, որ Հայաստանը լինի նշյալ ցուցանիշով աշխարհում առաջատար դիրքերում` գերազանցելով երկրների առնվազն 70%-ը: Ինչպես նաև իրականացվելու են բարեփոխումներ շուկայում տնտեսավարողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ` շուկայի հնարավոր անհարկի սահմանափակումներն ու մուտքի խոչընդոտները վերացնելու և շուկայում առավել թափանցիկ միջավայր ապահովելու ուղղությամբ, այդ թվում` տեղական արտադրողների համար:
Այդ նպատակով`
1) Մշակվելու են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումներ` թիրախավորելով անվճարունակության, վեճերի լուծման հարաբերությունները, շուկայի մրցակցության բարձրացումը:
2) Իրականացվելու է գործող կարգավորումների շարունակական վերանայում` անհարկի վարչարարության նվազեցման և կարգավորումների արդյունավետության բարձրացման և թվայնացման նպատակով:
3) Ամբողջությամբ թվայնացվելու են տնտեսավարողներին մատուցվող պետական ծառայությունները:
4) Իրականացվելու է մաքսային հսկողության և սպասարկման համապարփակ թվայնացում` միասնական հաշվի, ԱԲ գործիքների, մաքսային հսկողության, ցամաքային կետերի և թույլտվությունների նոր պլատֆորմների միջոցով:
5) Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար սահմանված տարեկան շրջանառության շեմն առնվազն կրկնապատկվելու է: Միաժամանակ, այս արտոնյալ համակարգում գտնվելու իրավունքը պայմանավորվելու է հարկային պարտավորությունների պատշաճ կատարմամբ. հարկային օրենսդրության էական կամ պարբերական խախտումների դեպքում տնտեսավարողը զրկվելու է արտոնյալ հարկման ռեժիմից:
6) Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ամբողջացման համար նախատեսվելու է վեճերի այլընտրանքային լուծման ինստիտուտի կայացումը, որն իրականացվելու է համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների ձևավորման և դրանց կիրարկման համար անհրաժեշտ գործնական մեխանիզմների ստեղծման միջոցով:
7) Մասնավոր հատվածի հետ իրականացվելու է «Համաշխարհային առևտրի կենտրոն Հայաստան» նախագիծը` ձևավորելով միջազգային առևտրի, ներդրումների, արտահանման խթանման և բիզնեսի ծառայությունների համաշխարհային մակարդակի հարթակ:
8) Կատարելագործվելու են խոշոր և փոքր տնտեսավարողների միջև շուկայում բանակցային դիրքերի հավասարակշռմանն ուղղված մեխանիզմները` առևտրային հարաբերություններում փոքր մատակարարներին պաշտպանելու և շուկայի մասնակիցների բանակցային դիրքերի միջև առկա ճեղքը փոքրացնելու նպատակով:
9) Ներդրվելու են մեխանիզմներ մրցակցության խթանման և ապրանքների թափանցիկ գնագոյացումն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես` զարգացվելու է ապրանքային բորսայով ապրանքների առուվաճառքը:
2. Արտադրողականության աճ
Արտադրողականության աճը խթանվելու է բիզնեսների տեխնոլոգիական արդիականացման, կառավարման կարողությունների զարգացման, նոր սարքավորումների և արտադրական լուծումների ներդրման միջոցով: Զուգահեռ` մարդկային կապիտալի ուղղությամբ նպատակային ներդրումները մեծացնելու են աշխատուժի արտադրողականությունը և գլոբալ մրցունակությունը:
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականությունն ուղղվելու է ՓՄՁ-ների արտադրողականության, տեխնոլոգիական կարողությունների և կառավարման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում մասնագիտացված նիշային դիրքավորման ամրապնդմանը: Պետական աջակցության գործիքների, էլեկտրոնային առևտրի զարգացման միջոցով ընդլայնվելու են ՓՄՁ-ների արտահանման հնարավորությունները: Կառավարությունը նախատեսում է այս ուղղությամբ բարեփոխումների արդյունքում ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժինը հասցնել մինչև 40%-ի` 2024 թվականի 34,3%-ի համեմատ:
Գյուղատնտեսություն ասելով այլևս պետք է հասկանալ նախևառաջ ինտենսիվ գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու ինտենսիվացմանը, պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը և թվային գյուղատնտեսության զարգացմանը:
Այս թիրախին հասնելու նպատակով`
1) Պետական աջակցությամբ ընդլայնվելու է գյուղատնտեսական ապահովագրության համակարգը` ներառելով նոր ապահովագրական պրոդուկտներ և շահառուների ավելի լայն շրջանակ:
2) Իրականացվելու է գյուղատնտեսական հողերի խոշորացման բարեփոխում` խթանման տարբեր մեխանիզմներով նվազեցնելով հողերի մասնատվածությունը:
3) Ձեռք են բերվելու շուրջ 3000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և ագրոպարենային ոլորտի 2000 միավոր սարքավորում:
4) Հիմնվելու են տարեկան 1500 հեկտար ինտենսիվ այգիներ, 150 հեկտար արդիական ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատներ:
5) Շուրջ 8000 հեկտար հողատարածքներում ներդրվելու են ջրախնայող տեխնոլոգիաներ:
6) Եռապատկվելու է տոհմային խոշոր և մանր եղջերավոր կենդանիների տեսակարար կշիռը` 2,5%-ից հասնելով 7,5%-ի:
7) Բարձրանալու է կովերի միջին կաթնատվությունը` 2500 կգ-ից հասնելով 3600 կգ-ի, մսատու մատղաշի կենդանի զանգվածն ավելանալու է 30 կգ-ով:
8) Կառուցվելու է 50 խելացի անասնաշենք կամ 2500 գլխի համար անասնաշենքեր:
9) Ստեղծվելու է առնվազն 15 տոհմային տնտեսություն, և թվայնացման գործընթացում ընդգրկվելու են շուրջ 20 հազար տոհմային կենդանու տվյալներ:
10) Թվային գյուղատնտեսության զարգացման շրջանակում ընդլայնվելու են էլեկտրոնային տեղեկատվական համակարգերը, և թվայնացվելու են գյուղատնտեսական տվյալները:
Արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետության արտադրական բազայի տեխնոլոգիական և կառուցվածքային վերափոխմանը, մշակող արդյունաբերության ընդլայնմանը և բարձր ավելացված արժեք ստեղծող, արտահանմանը միտված ու ռեսուրսաարդյունավետ արտադրությունների զարգացմանը:
Այս ուղղությամբ`
11) Ընդլայնվելու է տնտեսության արդիականացման ծրագիրը` մշակող արդյունաբերության արտադրական կարողություններն առնվազն 15 հազար միավոր նորագույն մեքենասարքավորումներով և դրանց բաղկացուցիչ մասերով արդիականացնելու նպատակով:
12) Ընդլայնվելու են արդյունաբերության թվային փոխակերպման, «Արդյունաբերություն 4.0», «Խելացի արտադրություն» և ԱԲ տեխնոլոգիաների ներդրման աջակցության գործիքները` արտադրողականության բարձրացման, արտադրական գործընթացների ավտոմատացման, ծախսերի օպտիմալացման, որակի վերահսկողության և արտադրողականության բարձրացման նպատակով:
13) Խրախուսվելու են մասնավոր հատվածի համակարգված ներդրումները աշխատակիցների վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերում` ապահովելով դրանց համապատասխանությունը ազգային տեխնոլոգիական ու նորարարական գերակայություններին:
14) Ստեղծվելու է արդյունաբերական ձեռնարկությունների միասնական թվային ռեեստր:
Կառավարությունը նպատակ է հետապնդելու բարձրացնելու ընդերքօգտագործման ոլորտի արտադրողականությունը, կառավարման արդյունավետությունը, կանխատեսելիությունն ու թափանցիկությունը, ձևավորելու ներդրումների համար առավել բարենպաստ և մրցունակ միջավայր, ինչը նպաստելու է ոլորտի ինտեգրմանը միջազգային արժեշղթաներին և ֆինանսական շուկաներին: Առաջնահերթություն են լինելու նաև հանքահումքային ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը և ոլորտի տեխնոլոգիական արդիականացումը: Այդ նպատակով`
15) Կատարելագործվելու են ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և պատասխանատու կառավարման մեխանիզմները` Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) ստանդարտի պահանջներին համապատասխան և բնապահպանական, սոցիալական և կառավարչական չափանիշների (ESG) կիրառմամբ: Խթանվելու է հանքարդյունաբերական կազմակերպությունների ցուցակումը միջազգային բորսաներում, այդ թվում` միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու միջոցով:
16) Զարգացվելու են ոլորտային լաբորատորիայի կարողությունները` միջազգային ISO/IEC 17025 ստանդարտին համապատասխանեցման և ռեֆերենս լաբորատորիայի կայացման միջոցով:
17) Երկրաբանական ծառայության ստեղծման ու միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ձևավորման միջոցով ապահովվելու են օգտակար հանածոների հանքավայրերի և հանքերևակումների պետական կադաստրի, պաշարների պետական հաշվեկշռի, ընդերքօգտագործման իրավունքների, պաշարների շարժի և ոլորտային այլ տվյալների միասնական կառավարումն ու հասանելիությունը:
18) Ընդերքօգտագործման ոլորտում վարչարարական գործընթացների պարզեցման, թափանցիկության բարձրացման և ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվելու է կառավարման գործընթացների ամբողջական թվայնացում` ներառյալ ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման, երկարաձգման, փոփոխման և դադարեցման գործընթացները:
Խթանվելու է կանաչ տնտեսության զարգացումը` ռեսուրսարդյունավետ լուծումների ներդրման միջոցով:
19) Ներդրվելու են շրջանաձև տնտեսության սկզբունքներ ու մեխանիզմներ: Խթանվելու է արդյունաբերական ձեռնարկությունների կանաչ փոխակերպումը` էներգաարդյունավետ, ռեսուրսախնայող, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման և ցածր ածխածնային տեխնոլոգիաների ներդրման աջակցության միջոցով:
20) Ձևավորվելու են կենսագազի և կանաչ ջրածնի առնվազն մեկական արտադրական ենթակառուցվածքներ:
3. Որակի ստանդարտներ և ենթակառուցվածքներ
Կառավարությունը ձևավորելու է միջազգային պահանջներին համապատասխան, ժամանակակից և արդյունավետ որակի ենթակառուցվածքի համակարգ` զարգացնելով ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտները, ընդլայնելով լաբորատոր կարողությունները և թվայնացնելով ոլորտային ծառայությունները:
Այս ուղղությամբ`
1) Իրականացվելու է արտադրանքի անվտանգության ոլորտում տեխնիկական կանոնակարգման և չափագիտական համակարգերի ներդաշնակեցում ԵՄ և ԵԱՏՄ կարգավորումներին:
2) Իրականացվելու է տեխնիկական կանոնակարգերի թվայնացում և դրանց հասանելիության ապահովում միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով` տեղեկատվական համակարգերի հետ ինտեգրման հնարավորությամբ:
3) Իրականացվելու են հավատարմագրման ազգային համակարգի միջազգային ճանաչման և համապատասխանության գնահատման արդյունքների միջազգային փոխճանաչելիությանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ծառայությունների թվային մատուցման մեխանիզմների ներդրմանն ուղղված աշխատանքներ:
4) Ներդրվելու է ներմուծվող թունաքիմիկատների և պարարտանյութերի որակի և վաճառքի վերահսկման թվային համակարգ:
4. Բիզնեսի թվայնացում
Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու ձեռնարկությունների թվային հասունության մակարդակի բարձրացմանը, բիզնես գործընթացների ավտոմատացմանը, տվյալահենք կառավարման մշակույթի ձևավորմանը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմանը:
Այս ուղղությամբ`
1) Ներդրվելու է ֆինանսական խթանների համակարգ` աջակցելով ձեռնարկություններին թվային գործիքների, էլեկտրոնային առևտրի, ամպային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, տվյալների կառավարման և արտադրական գործընթացների ավտոմատացման լուծումների ձեռքբերմանը ու ներդրմանը:
2) Խթանվելու է ԱԲ գործիքների կիրառումը` բիզնես գործընթացների ավտոմատացման, արտադրողականության բարձրացման, պահանջարկի կանխատեսման, հաճախորդների սպասարկման և կառավարչական որոշումների կայացման բարելավման նպատակով:
5. Կորպորատիվ կառավարում
Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության իրական հատվածում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման ընդլայնմանը և դրանք ընկերությունների ինստիտուցիոնալ զարգացման, ներդրումային պատրաստվածության ու ֆինանսավորման հասանելիության բարձրացման գործուն գործիք դարձնելուն:
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Ընդլայնվելու է կորպորատիվ կառավարման կանոնագրքին միացած ընկերությունների շրջանակը` առաջնահերթ ներգրավելով խոշոր և միջին ձեռնարկություններին, պետական մասնակցությամբ ընկերություններին, ներդրումային ֆինանսավորում ներգրավելու ներուժ ունեցող կազմակերպություններին:
2) Մշակվելու է կորպորատիվ կառավարման միասնական գնահատման մեթոդաբանություն, որի հիման վրա կգնահատվի ընկերությունների կորպորատիվ հասունությունը: Գնահատման արդյունքներով ընկերությունները կարող են ստանալ առավելություն պետական աջակցության, ներդրումային ծրագրերի և ֆինանսավորման գործիքներում:
3) Նախաձեռնվելու է առևտրային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող միասնական օրենսդրության ընդունում` միջազգային լավագույն փորձին և ներպետական առանձնահատկություններին համապատասխան:
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում