ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
| Քաղ. Երևան |
15 սեպտեմբերի 2026 թ. |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ««ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. դատավորներ` Արման Դիլանյանի (նախագահող), Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի (զեկուցող), Վլադիմիր Վարդանյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` Կառավարության,
ներկայացուցիչ` Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
Կառավարության` 2026 թվականի հունիսի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի հունիսի 5-ին ստորագրված ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2026 թվականի հունիսի 18-ի N 848-Ա որոշմամբ հավանություն է տվել 2025 թվականի հունիսի 5-ին ստորագրված ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանի 2026 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-163 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, որոշվել է գործի դատաքննությունն սկսել 2026 թվականի սեպտեմբերի 15-ին, գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանին և գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ նաև` Արձանագրություն) ստորագրվել է 2025 թվականի հունիսի 5-ին Դուշանբե քաղաքում:
Արձանագրության նպատակն է արդիականացնել և լրացնել «Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր)` վերջինիս ձևակերպումները համապատասխանեցնելով ժամանակակից իրողություններին և ոլորտում առկա միտումներին, ելնելով Համաձայնագրում կիրառվող տերմինների հստակեցման, ինչպես նաև համապատասխան տեխնոլոգիական և արտադրական ի հայտ եկող ռիսկերի հասցեագրման անհրաժեշտությունից:
2. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի մարտի 10-ից: Վերջինս սահմանում է Համաձայնագրի Կողմերի տարածքներում գործուղման մեջ ժամանակավորապես գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը: Համաձայնագիրը տարածվում է Կողմերի` անկախ սեփականության ձևերից ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա, որոնց հետ աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ:
3. Քննության առարկա Արձանագրությունը բաղկացած է նախաբանից և 2 հոդվածներից, ինչպես նաև H-1M ձևի «Ակտ արտադրությունում դժբախտ պատահարի մասին» պարունակող Հավելված 1-ից և «Արտադրությունում դժբախտ պատահարի մասին H-1M ձևի ակտը լրացնելու կարգի մասին ցուցումները» պարունակող Հավելված 2-ից:
Արձանագրությամբ փոփոխություններ են կատարվում Համաձայնագրի 2-րդ հոդվածում (սահմանվում են Համաձայնագրում կիրառվող հասկացությունները), 3-րդ հոդվածի առաջին մասում, 5-րդ հոդվածի 4-րդ նախադասության մեջ, հավելվածում, դառնալով Համաձայնագրի 1-ին հավելված, ինչպես նաև Համաձայնագիրը լրացվում է նոր 8.1-ին հոդվածով և 2-րդ հավելվածով: Վերջինս հանդիսանում է արտադրությունում դժբախտ պատահարի մասին H-1M ձևի ակտը լրացնելու կարգի մասին ցուցումներ:
Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից, իսկ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումներն ավանդապահի կողմից ստանալու օրվանից (հոդված 2):
4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը ի հավելումն նախկինում Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների` փոփոխության արդյունքում ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
4.1. ապահովել, որ յուրաքանչյուր դժբախտ պատահարի քննությունը, այդ թվում վնասվածքի մասին հաղորդման կարգը, քննության հանձնաժողովի ձևավորումը, դրա աշխատանքի կազմակերպումը, դրանց հետ կապված ձեռնարկությունների, առողջապահության հաստատությունների, պետական հսկողության ծառայությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց ծագած պարտականությունները, քննության կազմակերպման հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացվի այն ձեռնարկության կողմից, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, դժբախտ պատահարի պահին տուժողի գտնվելու վայրի` ՀՀ համապատասխան նորմատիվ ակտերով սահմանված կարգով (Արձանագրության հոդված 1, կետ 2, Համաձայնագրի հոդված 3, մաս 1),
4.2. ապահովել, որ դեպի ծառայողական գործուղման վայր (ներառյալ տարանցումը) մեկնելիս և վերադառնալիս մյուս Կողմի ձեռնարկության աշխատողի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին տեղեկություն ստանալու դեպքում` ՀՀ աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության և հսկողության պետական մարմինը` ՀՀ տարածքում դժբախտ պատահարը տեղի ունենալու պարագայում, համապատասխան տեղեկատվությունն ուղարկի այն Կողմի աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության և հսկողության պետական մարմին, որի տարածքում գտնվում է տուժողի գործատուն (Արձանագրության հոդված 1, կետ 4, Համաձայնագրի նոր հոդված 8.1, մաս 1),
4.3. ապահովել, որ տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին տեղեկատվությունն ստացած` ՀՀ աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության և հսկողության պետական մարմինը ձեռնարկի դժբախտ պատահարի քննության նկատմամբ հսկողությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ (Արձանագրության հոդված 1, կետ 4, Համաձայնագրի նոր հոդված 8.1, մաս 3):
5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին, ինչպես նաև կնպաստեն բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների առողջության պահպանմանը և դրա հետ կապված այլ հիմնական իրավունքների պաշտպանությանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2025 թվականի հունիսի 5-ին ստորագրված ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Ա. Դիլանյան
15 սեպտեմբերի 2026 թվականի
ՍԴՈ-1838
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 16 սեպտեմբերի 2026 թվական: