Սեղմել Esc փակելու համար:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 15 սեպտեմբերի 2026 թ.

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. դատավորներ` Արման Դիլանյանի (նախագահող), Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Կառավարության,

ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

Կառավարության` 2026 թվականի մայիսի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Խաղաղության խորհրդի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունը 2026 թվականի ապրիլի 30-ի N 578-Ա որոշմամբ հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանի 2026 թվականի մայիսի 20-ի ՍԴԱՈ-87 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, որոշվել է գործի դատաքննությունն սկսել 2026 թվականի հուլիսի 7-ին, գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Վարդանյանին, իսկ գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

Հաշվի առնելով գործով զեկուցողի առաջարկությունն առ այն, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես` Կառավարության ներկայացուցչի կողմից ներկայացված նոր նյութերն ստացվել են դատաքննության նախորդ օրը և դրանց պատշաճ և լիարժեք ուսումնասիրության համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, Սահմանադրական դատարանի 2026 թվականի հուլիսի 7-ի ՍԴԱՈ-159 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է` մինչև կասեցման հիմքը վերանալը:

Սահմանադրական դատարանի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴԱՈ-199 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել, և գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի սեպտեմբերի 15-ին:

Ուսումնասիրելով վերոնշյալ կանոնադրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Խաղաղության խորհրդի կանոնադրությունը (այսուհետ նաև` Կանոնադրություն) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին:

2. Սույն որոշման կայացման օրվա դրությամբ, համաձայն Խաղաղության խորհրդի (այսուհետ նաև` Խորհուրդ) պաշտոնական համացանցային կայքի (https://boardofpeace.org/) տվյալների, Խորհրդի հիմնադիր անդամներ են քսանութ երկրներ:

3. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կանոնադրությունը կնքվել է հակամարտությունից տուժած կամ դրա սպառնալիքի ներքո գտնված տարածքներում կայունությունը խթանելուն, վստահելի և օրինական կառավարումը վերականգնելուն, երկարատև խաղաղությունն ապահովելուն ձգտող միջազգային կազմակերպություն հիմնադրելու նպատակով:

4. Կանոնադրության 1-ին հոդվածի համաձայն` Խաղաղության խորհուրդը, միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով, ստանձնում է խաղաղության հաստատման, այդ թվում` խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպերի մշակման և տարածման գործառույթներ:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Խորհրդին անդամակցությունը սահմանափակվում է Խորհրդի նախագահի կողմից դրան միանալու հրավեր ստացած պետություններով (հոդված 2.1), որոնք Կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից անդամակցում են Խորհրդին երեք տարին չգերազանցող ժամկետով` Խորհրդի նախագահի կողմից երկարաձգման հնարավորությամբ: Յուրաքանչյուր անդամ պետություն, Խորհրդի նախագահին գրավոր ծանուցելով, կարող է անհապաղ դուրս գալ Խորհրդից (հոդված 2.4): Թեև Խորհրդի նախագահի որոշմամբ անդամ պետությունը կարող է հեռացվել Խաղաղության խորհրդից, սակայն տվյալ որոշումը կարող է արգելափակվել անդամ պետությունների երկու երրորդի մեծամասնության վետոյով (հոդված 2.3):

6. Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ Կանոնադրության 5.1-ին հոդվածի համաձայն` Խաղաղության խորհրդի ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների, այլ պետությունների, կազմակերպությունների կողմից կամ այլ աղբյուրներից տրամադրվող կամավոր ֆինանսավորմամբ:

7. Սահմանադրական դատարանը Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնվելիք պարտավորությունների բովանդակային ծավալը գնահատելու տեսանկյունից կարևոր է համարում ընդգծել, որ Կանոնադրության 2.2-րդ հոդվածի համաձայն` Կանոնադրության ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, որ առանց տվյալ պետության համաձայնության` ա) Խորհրդին վերապահվի իրավազորություն տվյալ պետության տարածքում կամ բ) վերջինիս պարտավորեցնի մասնակցել խաղաղության հաստատման կոնկրետ որևէ առաքելության: Ուստիև` Սահմանադրական դատարանը փաստում է, որ խաղաղության հաստատման կոնկրետ որևէ առաքելության մասնակցությունը կամ որևէ պետության տարածքում Խաղաղության խորհրդի իրավազորությունը հնարավոր է բացառապես տվյալ պետության հստակ արտահայտած համաձայնության առկայության դեպքում, ինչը բխում է Սահմանադրության 1-ին և 13-րդ հոդվածներից:

8. Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

8.1. ներկայացված լինել Խաղաղության խորհրդում պետության գլխի կամ Կառավարության ղեկավարի կողմից (հոդված 2.2, «ա» կետ),

8.2. աջակցել և օժանդակել Խաղաղության խորհրդի գործունեությանը` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավակարգին համապատասխան (հոդված 2.2, «բ» կետ),

8.3. քվեարկել Խաղաղության խորհրդի օրակարգում ներառված բոլոր առաջարկների վերաբերյալ, այդ թվում` տարեկան բյուջեների, ենթակա մարմինների ստեղծման, բարձրաստիճան գործադիր պաշտոնյաների նշանակման և հիմնական քաղաքականությունների սահմանման մասով, ինչպիսիք են միջազգային համաձայնագրերի հաստատումը և խաղաղության հաստատմանն ուղղված նոր նախաձեռնությունների իրականացումը (հոդված 3.1, «բ» կետ):

9. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Կանոնադրության 11.1-ին հոդվածի «բ» կետում ամրագրված հանձնառությանը, համաձայն որի` «Պետությունները, որոնցից պահանջվում է վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Կանոնադրությունը ներպետական ընթացակարգերով, համաձայնում են ժամանակավորապես կիրառել սույն Կանոնադրության դրույթները, եթե այդ պետությունները ստորագրելու պահին Խորհրդի նախագահին չեն տեղեկացրել, որ չեն կարող դա անել», անհրաժեշտ է համարում, հիմք ընդունելով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և կից ներկայացված փաստաթղթերը, արձանագրել, որ 2026 թվականի հունվարի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելով Խորհրդի կանոնադրությունը, միաժամանակ տեղեկացրել է Խորհրդի նախագահին, որ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության պահանջներից ելնելով` Խաղաղության խորհրդի կանոնադրությունը չի կարող ժամանակավորապես կիրառվել դրա ստորագրման պահից: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն իր` 2101-003-2026 գրությամբ ևս հավաստել է ԱՄՆ պետքարտուղարությանը, որ «Հայաստանի Հանրապետությունը հայտնում է իր պատրաստակամությունը` լիարժեք մասնակցելու Խորհրդի գործունեությանը, սակայն Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ սահմանված պահանջներից ելնելով` Կանոնադրությունը չի կարող ժամանակավորապես կիրառվել դրա պաշտոնական ստորագրման պահից»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված` ինքնիշխան պետության հայեցակարգին, 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Խաղաղության խորհրդի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Դիլանյան

 

15 սեպտեմբերի 2026 թվականի

ՍԴՈ-1842

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 16 սեպտեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.09.2026
N ՍԴՈ-1842
Որոշում