ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2026 թվականի N 1348-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 613-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 613-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն:
1.1. ծրագրի նկարագիր. դասընթացը նպատակ ունի բուժաշխատողներին սովորեցնելու արտակարգ իրավիճակներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերել, արագ արձագանքել անհետաձգելի իրավիճակների ժամանակ և կյանքի համար վտանգավոր իրավիճակներում տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն` մինչև մասնագիտական թիմերի ժամանումը, կազմակերպել թիմային աշխատանք:
1.2. ուսուցանվող գիտելիքների շրջանակ.
1) առաջին բուժօգնության հիմունքներ` ներածական մաս, արտակարգ իրավիճակների պայմաններում առաջին բուժօգնության կազմակերպում, հիմնական սկզբունքների ներկայացում. Հիվանդ կամ վնասվածք ունեցող անձի կառուցվածքային առաջին գնահատում (ABCDE) և կառավարում, անգիտակից վիճակների (կողքի ապահովության դիրքի կամ վերականգնողական դիրքի ցուցադրում), (1 ժամ տեսական և 0,5 ժամ գործնական).
2) սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ)` մեծահասակների, 0-1 տարեկան և 1 տարեկանից բարձր երեխաների ՍԹՎ-ի հիմնական բաղադրիչները և տարբերությունները, սրտի անուղղակի մերսում, ցուցում, կատարման տեխնիկա, ՍԹՎ-ի ավարտը, արդյունավետության և անարդյունավետության գնահատում, արտահիվանդանոցային ՍԹՎ-ի հիմնական բաղադրիչները և տարբերությունները: Բազմափրկարար սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ) իրականացնելիս թիմային աշխատանքի կազմակերպում և արդյունավետ թիմի անդամի դրսևորում (1,5 ժամ տեսական և 1,5 ժամ գործնական).
3) ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորների օգտագործում` ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորների կարևորությունը, ճիշտ և վաղ կիրառման կարևորությունը և հմտությունները (0,5 ժամ տեսական և 0,5 ժամ գործնական).
4) շնչառություն, շնչուղիների անցանելիություն, օտար մարմնով շնչուղիների խցանման վերացում տարբեր տարիքային խմբերում` շնչուղիների անցանելիություն, շնչառություն և արյան շրջանառություն (ABC), օտար մարմնի հեռացում շնչուղիներից, արհեստական շնչառություն, ցուցումը, մանեկենի վրա արհեստական շնչառության տեխնիկայի ցուցադրում (բերան-բերան, բերան-քիթ, Ամբու պարկ), (1 ժամ տեսական և 1 ժամ գործնական).
5) առաջին բուժօգնություն վնասվածքի հետ կապված անհետաձգելի վիճակների դեպքում` վնասվածքներ (սալջարդ, վերքեր, անդամահատում, օտար մարմնի առկայություն), կյանքին սպառնացող արյունահոսություններ, այրվածքներ, կոտրվածքներ, ինչպես նաև շոկային իրավիճակների վաղ հայտնաբերում և կառավարում (1,5 ժամ տեսական և 0,5 ժամ գործնական).
6) առաջին բուժօգնություն անաֆիլակտիկ շոկի, ջղաձգումների (էպիլեպտիկ նոպա), կաթվածի, կրծքավանդակի ցավի, հիպոգլիկեմիայի, բրոնխիալ ասթմայի նոպայի, թունավորումների, կենդանիների կծածների և խայթոցների ժամանակ (1 ժամ տեսական և 0,5 ժամ գործնական).
7) առաջին բուժօգնություն ընդհանուր սառեցման (հիպոթերմիա), ցրտահարման, արևահարման, ջերմային հարվածի (հիպերթերմիա), ջերմային հյուծման ժամանակ (0,5 ժամ տեսական և 0,5 ժամ գործնական):
Տևողությունը` 12 ժամ (12 ՇՄԶ կրեդիտ, որից 7-ը` տեսական, իսկ 5-ը` գործնական կրեդիտ):
Թիրախային լսարան` ավագ և միջին բուժաշխատողներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից:
3. Սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառման կազմակերպիչները դասընթացները պետք է կազմակերպեն սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան` միջոցառման գործնական բաղադրիչը բացառապես առկա ձևաչափով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. սեպտեմբերի 17
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 սեպտեմբերի 2026 թվական: