ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1391-Ն
ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 112.1-ին հոդվածի 11-13-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2.1-ին մասով, 114-րդ հոդվածի 2-րդ մասով, 128-րդ հոդվածի 4-րդ մասով, 150-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 22-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) որդեգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) որդեգրման վերահսկողության իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 269-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
4. Սահմանել, որ, եթե անձը որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվել է մինչև սույն որոշման 3-րդ կետով սահմանված` դրա ուժի մեջ մտնելը նախորդող ժամանակահատվածում, ապա որդեգրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումներով, ներառյալ` չպահանջելով որդեգրել ցանկացող անձից տեղեկատվական համակարգում անհատական օգտահաշիվ ունենալը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. սեպտեմբերի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2026 թվականի սեպտեմբերի 24-ի
N 1391-Ն որոշման
ԿԱՐԳ
ՈՐԴԵԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ենթակա երեխաների հաշվառման, որդեգրել ցանկացող` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ միասին` օտարերկրացի) հաշվառման, որդեգրել ցանկացող անձի (երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած և հաշվառված անձի) և որդեգրման ենթակա երեխայի համադրման, ինչպես նաև օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման (այսուհետ նաև` օտարերկրյա որդեգրում) առանձնահատկությունների, երեխայի որդեգրման կամ որդեգրման գործընթացի գաղտնիության և նրանց մասին տեղեկությունների տրամադրման հետ կապված և որդեգրմանն առնչվող հարակից հարաբերությունները:
2. Որդեգրումը չի համարվում այլընտրանքային խնամք և առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման նախապատվելի ձև է: Որդեգրումն իրականացվում է ելնելով որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերից` որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման (այսուհետ` համադրում) հիման վրա` հաշվի առնելով երեխայի լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները:
3. Որդեգրումն իրականացվում է դատական կարգով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ գլխի համաձայն:
4. Որդեգրմանը ներգրավված են և իրենց լիազորությունների շրջանակում գործառույթներ իրականացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարությունը (այսուհետ` Լիազոր մարմին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` Կենտրոնական մարմին), Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն), մարզերում` մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանը (այսուհետ միասին` աշխատակազմ), խնամակալության և հոգաբարձության մարմինը` ի դեմս երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողների (այսուհետ` մասնագիտացված սոցիալական աշխատող), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ` Ոստիկանություն), բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունը (այսուհետ` բժշկական կազմակերպություն), օտարերկրյա որդեգրման դեպքում` ավտորիզացված հավատարմագրված կազմակերպությունները (այսուհետ` հավատարմագրված կազմակերպություն), Հայաստանի Հանրապետությունում դրանց ներկայացուցիչները կամ ներկայացուցչությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ մարմիններ կամ կազմակերպություններ` օրենքով նախատեսված դեպքերում:
2. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
5. Որդեգրման ենթակա է առանց ծնողական խնամքի մնացած այն երեխան, որի ծնողները կամ միակ ծնողը`
1) մահացել են.
2) դատարանի կողմից ճանաչվել են մահացած.
3) դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ.
4) դատարանի կողմից զրկվել են ծնողական իրավունքներից.
5) հրաժարվել են երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից:
6. Երեխան որդեգրման ենթակա է նաև այն դեպքում, երբ երեխայի ծնողները կամ միակ ծնողը`
1) անհայտ են.
2) դատարանի կողմից ճանաչվել են անհայտ բացակայող.
3) դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրան դաստիարակելուց ու ապրուստը հոգալուց:
Սույն կետում նշված դեպքերում երեխային որդեգրելու համար նրա ծնողների կամ միակ ծնողի համաձայնությունը չի պահանջվում:
7. Որդեգրման ենթակա է նաև այն երեխան, որի ծնողը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հայտնել է իր համաձայնությունը երեխային որդեգրման տալու վերաբերյալ:
8. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա` բացառապես Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.2-րդ մասին համապատասխան Ոստիկանությանն ուղղված հարցման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա:
9. Եթե սույն կարգի 5-8-րդ կետերում նշված երեխան խնամք ու դաստիարակություն է ստանում խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում, ապա նրա հաշվառման համար անհրաժեշտ է նաև այդ երեխայի խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը: Սույն կետով նախատեսված համաձայնության բացակայությունը խոչընդոտ չէ երեխային որդեգրման ենթակա երեխա հաշվառելու համար, եթե այդ հաշվառումը և ապագա որդեգրումը բխում են երեխայի լավագույն շահերից: Սույն կետով նախատեսված համաձայնության բացակայության դեպքում երեխային որդեգրման ենթակա երեխա հաշվառելու և ապագա որդեգրման` երեխայի լավագույն շահերից բխելու մասին եզրակացություն տրամադրում է աշխատակազմը:
10. Սույն կարգի 5-8-րդ կետերում նշված երեխան տեղեկատվական համակարգում հաշվառվում է որպես որդեգրման ենթակա երեխա աշխատակազմի կողմից`
1) սույն կարգի 5-8-րդ կետերում նշված փաստն աշխատակազմին հայտնի դառնալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքի.
2) երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում ստանալու դեպքում` սույն կարգի 9-րդ կետում նշված համաձայնությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ համաձայնության բացակայության դեպքում, եթե այդ հաշվառումը և որդեգրումը բխում են երեխայի լավագույն շահերից` համաձայնություն տրամադրելու մերժումը ստանալուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում` ապահովվելով սույն կարգի 9-րդ կետում նշված եզրակացության կազմումը.
3) սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում` գրավոր համաձայնությունը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
4) երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարման դեպքում` հրաժարումից առնվազն 6 ամիս հետո:
11. Սույն կարգի 9-րդ կետում նշված համաձայնության բացակայության դեպքում մասնագիտացված սոցիալական աշխատողի կողմից կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են խնամակալի կամ հոգաբարձուի համաձայնությունը չտրամադրելու պատճառաբանությունները, ինչպես նաև որդեգրումը` որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերից բխելու հիմնավորումը: Սույն կետում նշված արձանագրությունը ներկայացվում է դատարան` որդեգրման վերաբերյալ վճիռ կայացնելիս հաշվի առնելու նպատակով:
12. Որդեգրման ենթակա երեխայի հաշվառման դեպքում տեղեկատվական համակարգում ձևավորվում է հաշվառման տեղեկանքը:
13. Սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետում կամ 7-րդ կետում նախատեսված պայմանների հիմք հանդիսացող` ծնողների կամ միակ ծնողի երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից տված գրավոր հրաժարումը կամ միակ ծնողի գրավոր համաձայնությունը երեխային որդեգրման տալու վերաբերյալ հետ վերցնելու դեպքում, երեխան հանվում է հաշվառումից, եթե գրավոր հրաժարումը կամ համաձայնությունը հետ վերցնելն իրականացվել է մինչև երեխային որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Սույն կետով նախատեսված` հրաժարումը կամ համաձայնությունը հետ վերցնելն իրականացվում է գրավոր այն անձանց ներկայությամբ կամ հավաստմամբ, ովքեր մասնակցել են հրաժարումը կամ համաձայնությունը տրամադրելիս կամ եթե այդ անձինք այլևս այդ պաշտոնը չեն զբաղեցնում` նրանց փոխարինող մասնագետների հավաստմամբ:
14. Որդեգրման ենթակա երեխային հաշվառելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմը դիմում է այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն, որտեղ երեխան սահմանված կարգով գրանցված է` որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակի մասին գնահատում իրականացնելու նպատակով: Սույն կետում նշված գնահատման ընթացքում կամ դրանից հետո ըստ անհրաժեշտության առողջության առաջնային բժիշկը կարող է կազմակերպել երեխայի ուղեգրումը` նեղ մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:
15. Որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակի մասին եզրակացությունը տրամադրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակով պայմանավորված չկա ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների, այդ թվում` նորագույն և բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն: Եթե այդ անհրաժեշտությունն առկա է, ապա որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակի մասին եզրակացությունը տրամադրվում է ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների, այդ թվում` նորագույն և բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման արդյունքները ստանալուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետով աշխատակազմը կասեցնում է հաշվառման հետ կապված գործողությունների կատարումը և որդեգրման ենթակա երեխայի տվյալները տեսանելի չեն լինում տեղեկատվական համակարգում, իսկ որդեգրման հետ կապված գործողությունները վերսկսում են ու որդեգրման ենթակա երեխայի տվյալները տեղեկատվական համակարգում դառնում են տեսանելի` որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակի մասին եզրակացությունը տեղեկատվական համակարգ մուտքագրելուց հետո:
16. Աշխատակազմն առողջական վիճակի մասին եզրակացություն չի պահանջում և հետագայում նաև համադրում չի իրականացնում, եթե երեխայի խնամքն իրականացվում է որդեգրել ցանկացող անձի կողմից:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
17. Տեղեկատվական համակարգում գրանցված` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացուն որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառում է աշխատակազմը:
18. Աշխատակազմն անձին չի կարող հաշվառվել որպես որդեգրել ցանկացող անձ, եթե`
1) անձը դատական կարգով ճանաչվել է անգործունակ.
2) անձը դատական կարգով ճանաչվել է սահմանափակ գործունակ.
3) անձի ամուսինը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
4) անձը դատական կարգով երբևէ զրկվել է ծնողական իրավունքներից.
5) անձը դատական կարգով երբևէ սահմանափակվել է ծնողական իրավունքներում.
6) անձի վրա օրենքով դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար նա հեռացվել է խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններից.
7) անձի հետ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար երբևէ լուծվել է խնամատարության պայմանագիրը.
8) անձը նախկին որդեգրող է, և նախկին որդեգրումը դատարանով վերացվել է նրա մեղքով.
9) անձն առողջական վիճակով պայմանավորված չի կարող իրականացնել ծնողական իրավունքներ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկը.
10) անձը որդեգրման պահին չունի այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանին համապատասխան.
11) անձի` բնակելի տարածքը կամ այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ, չի համապատասխանում Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին.
12) որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու պահին անձը կամ նրա ամուսինն ունի դատվածություն մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության համար.
13) անձը կամ նրա ամուսինը դատապարտվել է մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար` անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.
14) անձը կամ նրա ամուսինն «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել է որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ:
19. Սույն կարգի 18-րդ կետի 3-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերի պայմանները որդեգրել ցանկացող անձի ամուսնու նկատմամբ կիրառելի են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնության դեպքում:
Սույն կարգի 18-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի վերաբերյալ տեղեկատվությունը որդեգրել ցանկացող անձը ներկայացնում է աշխատակազմին` դատական դեպարտամենտից իր վերաբերյալ համապատասխան հարցման պատասխանի լուսապատճեն ներբեռնելով իր դիմումին:
Սույն կարգի 18-րդ կետի 6-րդ ենթակետի վերաբերյալ տեղեկատվությունը որդեգրել ցանկացող անձը ներկայացնում է աշխատակազմին նաև նրա բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնից իր վերաբերյալ համապատասխան հարցման պատասխանի լուսապատճեն ներբեռնելով իր դիմումին:
20. Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով գրանցվում է տեղեկատվական համակարգում` «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված անհատական օգտահաշվի միջոցով: Անհատական օգտահաշվում նա լրացնում է դիմում (այսուհետ` դիմում)` որդեգրելու ցանկություն հայտնելու մասին, ինչպես նաև լրացնում է հետևյալ տեղեկությունը կամ ներբեռնում այն բովանդակող հետևյալ փաստաթղթերը`
1) անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ.
2) աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի կամ աշխատանքի մասին տեղեկություն կամ համապատասխան տեղեկանք.
3) երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու (երեխայի ծնողի) գրավոր համաձայնություն.
4) համաձայնություն` սույն կարգով նախատեսված անհրաժեշտ այլ տեղեկությունը տեղեկատվական համակարգերի միջոցով որոնելու, ներբեռնելու և որդեգրման գործընթացի համար կիրառելու մասին.
5) համաձայնություն` կենսապայմանների և ընտանիքում փոխհարաբերությունների, ծնողավարման փորձի, ընտանիքի անդամների խնամատարության վերաբերյալ դիրքորոշման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց կենսաբանական ծնողների նկատմամբ ունեցած դիրքորոշումների, մոտիվացիայի գնահատման նպատակով տնային այցելություններ կատարելու մասին, ինչպես նաև սույն կարգով պահանջվող տեղեկատվությունն աշխատակազմի կողմից տեղեկատվական համակարգի միջոցով հայցելու մասին, ինչպես նաև համաձայնություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններով դիմողի հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող տեղեկատվությունն աշխատակազմի կողմից Առողջապահության նախարարությունից տեղեկատվական համակարգի միջոցով հայցելու և դիմումը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում այդ հիվանդությունները բացառելու նպատակով համապատասխան բժշկական հետազոտությունները և զննություններն անցնելու մասին.
6) որդեգրումից հետո իր և որդեգրած երեխայի համատեղ բնակության հասցեում բնակության փաստը հաստատող կամ թույլատրող փաստաթղթերի, ներառյալ` սեփականության վկայականի, բնակելի այդ տարածքի այլ սեփականատիրոջ դեպքում` տվյալ հասցեում բնակվելու համաձայնության, վարձակալության պայմանագրի լուսապատճեն:
21. Սույն կարգի 20-րդ կետի 4-րդ ենթակետում նշված համաձայնությունը ստանալուց հետո, բացի սույն կարգի 20-րդ կետում նշված տեղեկությունից, ինքնաշխատ կերպով տեղեկատվական համակարգում ներբեռնվում են հետևյալ տեղեկությունները`
1) ընտանիքի կազմի մասին տեղեկանք` ներբեռնված բնակության վայրի համատիրությունից կամ դեպքի վարման համակարգից.
2) սեփականության վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճեն` կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգից.
3) քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղեկատվական համակարգից ներբեռնված տեղեկանքներ որդեգրել ցանկացող անձի` ամուսնացած, ամուսնալուծված և երեխա ունենալու մասին` կցելով համապատասխան վկայականների լուսապատճենները.
4) Ոստիկանության տեղեկատվական համակարգից ներբեռնված`
ա. տեղեկանք մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար դատվածության բացակայության մասին` անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, ինչպես նաև տեղեկանքը տրամադրելու պահին բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության համար դատվածության բացակայության մասին,
բ. տեղեկանք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ հաշվառված չլինելու մասին.
5) պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական համակարգից ներբեռնված տեղեկանք եկամուտների մասին` անհատական օգտահաշիվ ստեղծելուն նախորդող երկու տարվա վերաբերյալ` ըստ ամիսների.
6) դատական դեպարտամենտից ստացված պատասխանի լուսապատճեն` սույն կարգի 18-րդ կետի 4-6-րդ ենթակետերի վերաբերյալ տեղեկատվության վերաբերյալ:
22. Դիմումը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, աշխատակազմը տարածքային կենտրոնին տեղեկատվական համակարգով ծանուցում է որդեգրել ցանկացող անձի մասին` Հայաստանի Հանրապետության քաղաքացու բնակելի տարածքը կամ այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ, Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին համապատասխանելու մասին տեղեկանքը տրամադրելու, ինչպես նաև որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու և դրա արդյունքների հիման վրա կենսապայմանների գնահատման մասին եզրակացություն տրամադրելու մասին: Տարածքային կենտրոնը ծանուցվում է նաև երեխայի մոտ կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին, ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունենալու մասին` որդեգրելու ցանկություն հայտնած անձի մոտ երեխային բուժման և խնամքի անհրաժեշտ պայմաններով ապահովվածությունը պարզելու համար: Տարածքային կենտրոնը սույն կետում նշված տեղեկանքը և եզրակացությունը տեղեկատվական համակարգում կազմում է ծանուցումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
23. Սույն կարգի 21-րդ կետի 5-րդ ենթակետում նշված եկամտի չափը համեմատվում է ընտանիքի կազմի տեղեկանքի հետ և աշխատակազմի կողմից վերլուծվում որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանների ապահովման տեսանկյունից այնպես, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առնվազն ապահովված լինի կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի չափը, ինչպես նաև հնարավոր լինի բավարարել երեխայի զարգացող կարիքները:
24. Որդեգրել ցանկացող անձն անհատական օգտահաշվում պարտավոր է նշել առնվազն երեք անձանց անուն, ազգանուն, հայրանուն և էլեկտրոնային հասցե, որոնք կկարողանան բնութագրել որդեգրել ցանկացող անձին` կազմելով բնութագիր-երաշխավորություն: Որդեգրել ցանկացող անձն ինքնուրույն պայմանավորվածություն է ձեռք բերում սույն կետում նշված երեք անձանց հետ և ստանում նրանց բանավոր համաձայնությունը բնութագիր-երաշխավորություն կազմելու համար: Բնութագիր-երաշխավորություն կազմող անձը պետք է անձամբ ճանաչի որդեգրել ցանկացող անձին և կարողանա նրան բնութագրել` որդեգրել ցանկացող անձի կենսագործունեության տարբեր տեսանկյուններից: Բնութագիր-երաշխավորությունները գնահատվելու են համադրման մասնագիտական փուլի ընթացքում:
25. Աշխատակազմը սույն կարգի 20-24-րդ կետերով նախատեսված տեղեկություններն ու փաստաթղթերը տեղեկատվական համակարգում հասանելի դառնալուց հետո, եթե գտնում է, որ չկա որևէ խոչընդոտ անձին որպես երեխա որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար, եռօրյա ժամկետում այդ փաստաթղթերը տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի է դարձնում որդեգրել ցանկացող անձանց համար նախատեսված վերապատրաստման դասընթացի ենթաբաժնում` երեխա որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով նախապատրաստական դասընթացի մասնակցությունն ապահովելու նպատակով: Լիազոր մարմինը պարտավոր է փաստաթղթերի հասանելիությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել սույն ենթակետում նշված դասընթացը, որն արդյունավետորեն անցնելու դեպքում երեխա որդեգրել ցանկացող անձը ստանում է դասընթացն ավարտելու մասին վկայական, որի պատճենը Լիազոր մարմինը ներբեռնում է տեղեկատվական համակարգ:
26. Աշխատակազմը, տեղեկատվական համակարգում տեսնելով սույն կարգի 25-րդ կետով նախատեսված վկայականը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում է որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն:
27. Աշխատակազմը սույն կարգի 20-23-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո, եթե գտնում է, որ առկա է խոչընդոտ անձին որպես երեխա որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար կամ պահանջվող տեղեկությունները չեն ներկայացվել կամ փաստաթղթերում առկա թերությունները չեն ուղղվել սույն կարգի 37-րդ կետով սահմանված ժամկետում կամ տարածքային կենտրոնի կողմից տրված կենսապայմանների գնահատման մասին բացասական եզրակացության հիման վրա հնգօրյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն:
28. Ամուսնության մեջ գտնվող անձանցից յուրաքանչյուրը պարտավոր է սույն կարգի 20-26-րդ կետերով նախատեսված ընթացակարգով հաշվառվել որպես որդեգրել ցանկացող անձ և ստանալ որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն: Որդեգրումն արգելվում է, եթե ամուսնության մեջ գտնվող` որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու իրավունքը սահմանափակող կամ որդեգրումն արգելող նորմը կիրառելի է ամուսիններից առնվազն մեկի նկատմամբ:
29. Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացությունը տեղեկատվական համակարգի միջոցով ձևավորվելուց անմիջապես հետո հասանելի է դառնում որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին, որտեղ նշված է, որ եզրակացությունն ունի 18 ամիս ժամկետ, որը հաշվարկվում է եզրակացության տրման օրվանից:
30. Երեխա որդեգրելու հնարավորության մասին բացասական եզրակացության դեպքում տեղեկատվական համակարգի միջոցով որդեգրել ցանկացող անձը տեղեկանում է բացասական եզրակացություն ստանալու պատճառները վերանալու կամ վերացնելու դեպքում կրկին դիմելու հնարավորության մասին:
31. Աշխատակազմը երեխա որդեգրել ցանկացող անձի հաշվառումն իրականացվում է դրական եզրակացության վավերականության ժամկետով` դրական եզրակացությունը որդեգրել ցանկացող անձի կողմից ստանալուց անմիջապես հետո:
32. Սույն կարգի 25-րդ կետում նշված դասընթացը կազմակերպվում է անվճար, բացառությամբ օտարերկրացիների համար կազմակերպվող դասընթացի, որը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում է վճարովի հիմունքներով` օտարերկրյա պետությունում նման դասընթացներին մասնակցելը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում: Օտարերկրացիների համար կազմակերպվող դասընթացի համար վճարումն իրականացվում է անկանխիկ` որդեգրել ցանկացող անձանց համար դասընթացը կազմակերպող կազմակերպության հաշվին գումարը փոխանցելով` դասընթացը սկսվելուց առնվազն երեք օր առաջ: Դասընթացի թարգմանությունը կամ թարգմանչի ներգրավումն ապահովում է որդեգրելու ցանկություն հայտնած օտարերկրացին: Դասընթացի վճարի չափը սահմանում է որդեգրել ցանկացող անձանց համար դասընթացը կազմակերպող կազմակերպությունը, և այդ չափը չպետք է գերազանցի այն գումարի չափը, որը կազմակերպությունը ծախսում է սույն կարգով նախատեսված` Հայաստանի Հանրապետության` որդեգրել ցանկացող անձանց համար անվճար դասընթաց կազմակերպելու համար:
33. Սույն կարգի 25-րդ կետում նշված դասընթացներին մասնակցելու պայմանը չի տարածվում և համապատասխան վկայական չի պահանջվում`
1) օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ երկքաղաքացիների վրա, եթե նրանք իրենց բնակության վայրի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցել են համապատասխան դասընթաց և ներկայացնում են այդ փաստը հավաստող վկայական, հավաստագիր կամ տեղեկանք.
2) այն անձանց նկատմամբ, որոնք երեխային որդեգրում են ծնողի գրավոր համաձայնության հիման վրա:
34. Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը ծրագրի կազմակերպման և անցկացման կարգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 630-Ն որոշմանը համապատասխան:
35. Որդեգրել ցանկացող անձը հանվում է հաշվառումից, եթե մինչև որդեգրման մասին դատարանի վճռի կայացումը որդեգրել ցանկացող անձի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդման հարուցման մասին տեղեկությունը տեղեկատվական համակարգում ստուգվում է Ոստիկանության տեղեկատվական համակարգով: Եթե որդեգրման գործընթացը գտնվում է դատական փուլում, ապա աշխատակազմը պարտավոր է քրեական հետապնդման մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան այդ տեղեկությունն իրեն հասանելի դառնալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել որդեգրման վերաբերյալ քաղաքացիական վարույթ իրականացնող դատարանին:
36. Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո որդեգրել ցանկացող անձը կրկին հաշվառվում է` սույն կարգի 17-34-րդ կետերին համապատասխան:
37. Սույն կարգի 20-23-րդ կետերում նախատեսված փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չլինելու, դրանցում այլ թերություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում աշխատակազմը դիմողին գրավոր առաջարկում է 20-օրյա ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկությունները կամ ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները կամ անհամապատասխանությունները:
38. Աշխատակազմը հաշվառված` որդեգրել ցանկացող անձի համար տեղեկատվական համակարգում ձևավորում է անձնական գործ: Անձնական գործերում ներառվող տվյալները տեղեկատվական համակարգում պահվում են դրական եզրակացության գործողության ժամկետով, բացառությամբ, երբ որդեգրել ցանկացող անձի հաշվառումը մերժվում է կամ նրա դիմումը թողնվում է առանց քննության կամ անձը հաշվառումից հանվում է, որոնց դեպքում պահպանման ժամկետները կազմում եմ մեկ ամիս:
39. Անձնական գործերի համարակալումն իրականացվում է ինքնաշխատ և սկսվում է առաջին համարից և հաջորդաբար շարունակվում տարվա ընթացքում` համարից հետո նշելով տարեթիվը:
40. Ամուսինների կողմից որդեգրման ցանկության դեպքում անձնական գործերի համարակալումն իրականացվում է ինքնաշխատ և նշվում է հաջորդող կոտորակային թվերով` 1/1 և 1/2:
41. Աշխատակազմը որդեգրել ցանկացող անձի անձնական գործն էլեկտրոնային տարբերակով հասանելի է դարձնում Լիազոր մարմնին:
42. Որդեգրել ցանկացող անձն ինքնաշխատ հաշվառումից հանվում է`
1) իր դիմումի համաձայն.
2) դրական եզրակացության գործողության ժամկետը լրանալու դեպքում.
3) եթե որդեգրել է իր դիմումում նշված թվով երեխա (դիմումում նման թիվ նշված չլինելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից սույն ենթակետի հիմքով չի հանվում).
4) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակություն հաստատելու դեպքում.
5) սույն կարգի 18-րդ կետի 1-14-րդ ենթակետերով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում.
6) մահվան դեպքում:
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
43. Սույն կարգի 100-րդ կետով նախատեսված` օտարերկրյա որդեգրմանը հասանելի որդեգրման ենթակա երեխաների ապանձնավորված տվյալների վերաբերյալ զեկույցների հիման վրա «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) շրջանակում համագործակից պետություններում մշտապես բնակվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու առկայության դեպքում` նրան, որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, համապատասխան պետության կենտրոնական մարմինը կամ հավատարմագրված կազմակերպությունը Կենտրոնական մարմնին է ներկայացնում այն զեկույցի հերթական համարը, որով նկարագրված երեխային տվյալ անձը ցանկանում է որդեգրել, ինչպես նաև Կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված զեկույցը, սույն կարգի 20-22-րդ կետով նախատեսված փաստաթղթերը կամ այլ պետության օրենսդրությամբ դրանց փոխարինող փաստաթղթերը, տվյալ պետության իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ և սույն կարգի 24-րդ կետով նախատեսված` երեք անձանց բնութագիր-երաշխավորությունները, իսկ բնակության վայրի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով նախապատրաստական դասընթաց անցած լինելու դեպքում` նաև այդ հանգամանքը հավաստող փաստաթուղթը:
44. Կոնվենցիային չանդամակցող պետություններում բնակվող` որդեգրել ցանկացող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, անձամբ կամ լիազորված անձի կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով դիմում են Կենտրոնական մարմնին` ներկայացնելով սույն կարգի 20-22-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իրենց մշտական բնակության պետության իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ, ինչպես նաև հետագայում որդեգրված երեխայի կյանքի պայմանների նկատմամբ վերահսկողության պարտավորության մասին տեղեկանքը` տրված իրենց պետության իրավասու մարմնի կողմից:
45. Որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական մարմնին ներկայացվում են որակավորված թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ կամ դիվանագիտական ծառայության մարմնի կատարած և հաստատած հայերեն թարգմանությամբ կամ օտարերկրյա պետության` համապատասխան իրավասություն ունեցող թարգմանչի ստորագրությամբ` հյուպատոսական կամ ապոստիլով վավերացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
46. Սույն կարգի 43-րդ կետով նախատեսված դեպքերում երեխա ընդունող պետության կենտրոնական մարմնից ստացված` որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերաբերյալ տվյալները և փաստաթղթերը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքերում` որդեգրել ցանկացող անձի կողմից ներկայացված փաստաթղթերը Կենտրոնական մարմնի կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են` անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ամբողջականությունն ստուգելու նպատակով:
47. Կենտրոնական մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է որդեգրել ցանկացող հաշվառված անձի վերաբերյալ տվյալները և փաստաթղթերը, ներբեռնում դրանք տեղեկատվական համակարգ, իսկ անհրաժեշտության դեպքում հավատարմագրված կազմակերպությունից, դրա ներկայացուցչությունից կամ ներկայացուցչից կամ ընդունող պետության կենտրոնական մարմնից, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում` դիմողից կամ նրա լիազորված անձից պահանջում է անհրաժեշտ, բայց չներկայացված փաստաթղթեր: Եթե 60 օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվում, ապա Կենտրոնական մարմինը տրամադրում է բացասական եզրակացություն:
48. Ներկայացրած տվյալները և փաստաթղթերը տեղեկատվական համակարգ ներբեռնելուց հետո, իսկ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու դեպքում` դրանք ստանալուց հետո, Կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը (այսուհետ` աշխատանքային խումբ) 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք և Կենտրոնական մարմնին ներկայացնում առաջարկություններ` որդեգրել ցանկացող անձին հաշվառելու խոչընդոտների, իսկ սույն կարգի 43-րդ կետով նախատեսված դեպքում` նաև նրա նշած զեկույցի հերթական համարի հիման վրա համապատասխան երեխայի հետ համադրման տեխնիկական փուլի արդյունքների վերաբերյալ:
Աշխատանքային խումբը բաղկացած է 3 անդամից` ձևավորվելով Լիազոր մարմնի, Կենտրոնական մարմնի և Ոստիկանության մեկական ներկայացուցիչներից:
49. Եթե առկա չեն սույն կարգի 52-րդ կետով նախատեսված հիմքերը և եթե որդեգրել ցանկացող անձը ներկայացրել է իր բնակության վայրի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով նախապատրաստական դասընթաց անցնելը հավաստող փաստաթուղթ, Կենտրոնական մարմինն աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա ընդունում է որդեգրել ցանկացող անձի` երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն, որը տրամադրում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում` որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված անձին` ծանուցելով դրական եզրակացության ուժի մեջ մտնելու 18 ամիս ժամկետի մասին, որը հաշվարկվում է եզրակացության` որդեգրել ցանկացող անձին տրամադրելու պահից, ինչպես նաև տեղեկացնելով համադրման տեխնիկական փուլի արդյունքների մասին: Եթե համապատասխան դասընթաց անցնելու մասին փաստաթուղթ չի ներկայացվել, Կենտրոնական մարմինը եռօրյա ժամկետում համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում` որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված անձին ծանուցում է որդեգրել ցանկացող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում նման դասընթաց անցնելու հնարավորության մասին: Որդեգրել ցանկացող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում համապատասխան դասընթացն անցնելու անհրաժեշտության դեպքում Կենտրոնական մարմինը մեկօրյա ժամկետում այդ անձի փաստաթղթերը տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի է դարձնում որդեգրել ցանկացող անձանց համար նախատեսված վերապատրաստման դասընթացի ենթաբաժնում: Դասընթացի իրականացումը կազմակերպվում է սույն կարգի 25-34-րդ կետերով նախատեսված կարգով:
50. Հայաստանի Հանրապետությունում համապատասխան դասընթացն ավարտելու մասին վկայականը Լիազոր մարմնի կողմից տեղեկատվական համակարգ ներբեռնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական մարմինն ընդունում է որդեգրել ցանկացող անձի` երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն, որը տրամադրում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում` որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված անձին` ծանուցելով դրական եզրակացության ուժի մեջ մտնելու ժամկետի մասին, ինչպես նաև տեղեկացնելով համադրման տեխնիկական փուլի արդյունքների մասին:
51. Եթե առկա են սույն կարգի 52-րդ կետով նախատեսված հիմքերը, Կենտրոնական մարմինն աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա ընդունում է որդեգրել ցանկացող անձի` երեխա որդեգրելու հնարավորության մասին բացասական եզրակացություն, որը ներկայացվում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում` որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված անձին` ծանուցելով բացասական եզրակացություն ստանալու պատճառները վերանալու կամ վերացնելու դեպքում կրկին դիմելու հնարավորության մասին:
52. Կենտրոնական մարմինը երեխայի որդեգրման մասին բացասական եզրակացություն տալիս է`
1) ընդունող պետության կենտրոնական մարմնի կամ որդեգրել ցանկացող օտարերկրացու, կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից սույն կարգի 37-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջականությունը չապահովելու և թերությունները չվերացնելու դեպքում.
2) որդեգրել ցանկացող անձին բացասաբար բնութագրող հատկանիշների մասին ուսումնասիրության հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
53. Լիազոր մարմինը Կենտրոնական մարմնից տեղեկատվական համակարգում ձևավորված փաստաթղթերին հասանելիություն ստանալուց անմիջապես հետո իրականացնում է հաշվառում և որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերաբերյալ տեղեկատվական համակարգում կազմում է անձնական գործ:
54. Անձնական գործերի համարակալումն իրականացվում է սույն կարգի 39-րդ կետում նախատեսված կանոններով` համարից հետո լրացնելով «Օ» տառը:
55. Այն դեպքերում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը կամ խորթ մայրը, որդեգրման նպատակով երեխայի հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը Կենտրոնական մարմնի համար հասանելիություն է տալիս տվյալ երեխայի անձնական գործին: Այդ դեպքերում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում: Սույն կետում նշված` որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից:
56. Անձնական գործում առկա տեղեկությունները (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, անձնական գործի համարը) Կենտրոնական մարմնի կողմից կարող են գրանցվել նաև հաշվառման մատյանում` ելնելով որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի պետության որդեգրման գործընթացի փաստաթղթավորման առանձնահատկություններից:
57. Լիազոր մարմինը հաշվառման մասին ծանուցում է ուղարկում Կենտրոնական մարմնին և նրա համար հասանելի դարձնում որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնական գործը:
Որդեգրել ցանկացող անձը հաշվառումից հանվում է սույն կարգի 42-րդ կետով (բացառությամբ 42-րդ կետի 4-րդ ենթակետի) նախատեսված դեպքերում:
58. Օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը փոխանցվում են միայն այն տվյալները և փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են կոնկրետ որդեգրման կամ որդեգրման վերահսկողության գործընթացի համար` առաջնորդվելով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ունեցող երկրների ցանկով: Օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը փոխանցվող տվյալները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով կամ փոխանցվել այլ անձանց, եթե դա ուղղակիորեն չի բխում որդեգրման գործընթացից կամ օրենքով նախատեսված պարտավորությունից: Որդեգրել ցանկացող անձի լիազորված անձը չի կարող իրականացնել որդեգրման ենթակա երեխայի ընտրության կամ որդեգրման հանձնելու գործառույթներ:
5. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ ՀԵՏ ՀԱՄԱԴՐՈՒՄԸ
59. Որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկությունը որդեգրել ցանկացող անձին ապանձնավորված տրամադրվում է տեղեկատվական համակարգով ծանուցում ուղարկելու միջոցով` համադրման տեխնիկական փուլի արդյունքների հիման վրա` համադրման տեխնիկական փուլից անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ օտարերկրյա որդեգրման դեպքերի:
60. Համադրումն իրականացվում է երկու փուլով`
1) տեխնիկական և
2) մասնագիտական:
61. Համադրման տեխնիկական փուլն իրականացնում է աշխատակազմը` որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից նախընտրելի չափանիշներին համապատասխան առանձնացված` որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի միջև: Որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից նախընտրելի չափանիշները կարող են վերաբերել հետևյալ հատկանիշներին` երեխայի սեռին, ազգությանը, առողջական վիճակին, կարգավիճակին, տարիքին, մաշկի գույնին, մազերի գույնին, աչքերի գույնին, քույրերի կամ եղբայրների առկայությանը կամ բացակայությանը: Որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից կարող են ներկայացվել սույն կետում չնախատեսված նախընտրելի այլ չափանիշներ, եթե նա ունի որդեգրման ենթակա երեխային բնութագրող կամ նրա խնամքի կամ դաստիարակության պայմաններին վերաբերող առանձնահատուկ պահանջներ:
62. Համադրման մասնագիտական փուլն իրականացնում է աշխատակազմին կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդը (այսուհետ` բազմամասնագիտական խորհուրդ), եթե որդեգրման ենթակա երեխայի կարծիքը հաշվի առնելով ու երեխայի լավագույն շահերով առաջնորդվելու դեպքում, որդեգրման ցանկություն հայտնած անձի հետ համադրումն աշխատակազմը համարի նպատակահարմար:
63. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրում չի իրականացվում երեխայի խորթ հոր կամ խորթ մոր կողմից երեխային որդեգրելու դեպքում` ելնելով երեխայի լավագույն շահերից, ինչպես նաև որդեգրման ենթակա երեխայի հաշվառման մասին տվյալները որդեգրել ցանկացող այլ անձանց չեն տրամադրվում: Սույն կետում նշված` որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից:
64. Որդեգրել ցանկացող անձը կարող է չներկայացնել նախընտրելի չափանիշներ, ինչը նշանակում է, որ նա պատրաստ է որդեգրել ցանկացած երեխայի: Եթե որդեգրել ցանկացող անձը նախընտրելի չափանիշ չի ներկայացրել, ապա համադրման տեխնիկական փուլն իրականացվում է երեխայի կարիքների և այլ օբյեկտիվ չափանիշների հիման վրա:
65. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացը կազմակերպելու համար որդեգրման ենթակա երեխաների տվյալները տեղեկատվական համակարգի միջոցով ծանուցման եղանակով հասանելի են երեխային հաշվառվելու հաջորդող օրը, իսկ օտարերկրյա որդեգրման դեպքում` որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են երեխային հաշվառելուց հետո երրորդ ամսին հաջորդող օրը: Երկքաղաքացու հաշվառման ընթացակարգը որոշվում է հաշվի առնելով նրա մշտական բնակության վայրը, իսկ համադրման համար որդեգրման ենթակա երեխաների տվյալների հասանելիությունը երկքաղաքացուն տրամադրվում է` ելնելով նրա կողմից որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու ընթացակարգի: Սույն կետի իմաստով` երկքաղաքացու մշտական բնակության վայրը որոշելու համար տեղեկատվական համակարգի միջոցով ստացվում է երկքաղաքացու կողմից դիմումը ներկայացնելու օրվան նախորդող` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետը` սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով: Որպեսզի երկքաղաքացին համարվի Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` նրա կողմից դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նա տարեկան կտրվածքով առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունում գտնվի հանրագումարային 180 օր:
66. Համադրման համար աշխատակազմը փաստաթղթերի ուսումնասիրության ու համադրման, կատարված գնահատումների և այլ աղբյուրների հիման վրա առանձնացնում է որդեգրման ենթակա երեխայի կարիքները, որոնցով իրականացվելու է համադրման մասնագիտական փուլը:
67. Սույն կարգի 66-րդ կետում նշված կարիքները վերաբերում են`
1) բնակության վայրին, անհրաժեշտության դեպքում` առանձին սենյակով ապահովվածությանը և բնակության վայրի հակահրդեհային, սանիտարահիգիենիկ և այլ անվտանգությանն ու պայմաններին.
2) երեխայի նկատմամբ բռնության կամ վատ վերաբերմունքի ռիսկի, երեխայի իրավունքների խախտման և լավագույն շահերի անտեսման բացառմանը.
3) սննդապահովման մակարդակին և սննդի բազմազանությանը.
4) նյութակենցաղային ապահովմանը.
5) խնամքի, այդ թվում` խնամքի հատուկ պայմանների ապահովման հնարավորությանը.
6) սոցիալական մեկուսացման բացառմանը.
7) երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերի ապահովմանը.
8) որդեգրող ընտանիքում հոգեբանական մթնոլորտին և ընտանիքի անդամների միջև հոգեհուզական կապերին.
9) երեխայի կարծիքին և նախասիրություններին.
10) երեխայի վիճակով կամ կարիքներով պայմանավորված` այլ պայմանների ապահովմանը:
68. Սույն կարգի 67-րդ կետում նշված հանգամանքները համադրվում են` հաշվի առնելով երեխայի տարիքը, սեռը և զարգացման մակարդակը:
69. Համադրման տեխնիկական փուլում աշխատակազմը տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնում է որդեգրել ցանկացող անձի կողմից նախընտրելի չափանիշներին համապատասխան որդեգրման ենթակա երեխաների առանձնացում` հաշվի առնելով երեխայի անհատական տվյալները և կարիքները, ու հնարավորություն ընձեռում, որ որդեգրել ցանկացող հաշվառված անձը ծանոթանա որդեգրման ենթակա առանձնացված երեխաների ապանձնավորված տվյալներին, բացառությամբ օտարերկրյա որդեգրման դեպքերի:
70. Եթե համադրման տեխնիկական փուլի արդյունքում պարզվում է, որ որդեգրման ենթակա կոնկրետ երեխային համապատասխանում են մի քանի որդեգրել ցանկացող անձինք, ապա համադրման մասնագիտական փուլի նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառված անձին, իսկ եթե այդ անձինք հաշվառման են վերցվել նույն օրը, ապա որդեգրման համար դիմումն ավելի վաղ ներկայացրած անձին:
71. Համադրման տեխնիկական փուլում արգելվում է որդեգրել ցանկացող անձին տրամադրել որդեգրման ենթակա երեխայի կամ նրա ծնողների կամ խնամակալների կամ հոգաբարձուների կամ խնամատար ծնողների անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության վայրը, լուսանկարը, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկություն, որով հնարավոր կլինի նույնացնել որդեգրման ենթակա երեխային, ներառյալ` զանգվածային լրատվամիջոցների հղումներ կամ սոցիալական կայքեր, դրանք հղումներ կամ համացանցում առկա այլ աղբյուրներ, որոնք վերաբերում են որդեգրման ենթակա երեխային կամ նրա ծնողներին կամ խնամակալներին կամ հոգաբարձուներին կամ խնամատար ծնողներին:
72. Հաշվառված` որդեգրել ցանկացող անձանց կողմից սույն կարգի 65-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում սույն կարգի 6-րդ գլխում նախատեսված դեպքերում աշխատակազմը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 7-րդ գլխում նախատեսված դեպքերում` հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական մարմինը Լիազոր մարմնին տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկացնում է դրա մասին: Հինգ աշխատանքային օրվա մեջ ներառվում է Կենտրոնական մարմնի կողմից որդեգրել ցանկացող անձին սույն կետով նախատեսված տեղեկությունը փոխանցելը, նրան մտորման համար մեկ օր ժամկետ տրամադրելը, համապատասխան դիրքորոշումը ստանալը և Լիազոր մարմնին տեղեկացնելը:
73. Եթե սույն կարգի 65-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում ստացած և հաշվառված` որդեգրել ցանկացող անձը որդեգրման ենթակա երեխա չի ընտրում, ապա այդ երեխայի տվյալները տեղեկատվական համակարգի միջոցով ծանուցման եղանակով հասանելի են դառնում սույն կարգի 70-րդ կետով նախատեսված այլ անձանցից նրան, որը նույն կետով սահմանված կարգով օգտվում է նախապատվության պայմանից:
74. Համադրման տեխնիկական փուլի ընթացքում որդեգրել ցանկացող անձը, ուսումնասիրելով աշխատակազմի կողմից տրամադրված ապանձնավորված տվյալները, որոշում է որդեգրման ենթակա կոնկրետ մեկ երեխայի հետ համադրման մասնագիտական փուլն իրականացնելու ցանկության մասին, ինչի վերաբերյալ անհատական օգտահաշվի միջոցով դիմում է ներկայացնում աշխատակազմ: Տրամադրված տվյալների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրել չցանկանալու և համադրման մասնագիտական փուլն իրականացնելու ցանկության բացակայության դեպքում` որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում, և աշխատակազմն իրականացնում է որդեգրման ենթակա մեկ այլ երեխայի հետ համադրման տեխնիկական փուլը:
75. Համադրման մասնագիտական փուլը սկսվում է երեխայի ընտրությունից առաջ որդեգրման ենթակա երեխայի լուսանկարը և այդ երեխայի մասնակցությամբ տեսաձայնագրությունը համադրման տեխնիկական փուլից հետո համադրումը շարունակելու ցանկություն հայտնած որդեգրող անձին ցույց տալով: Մասնագիտական խորհուրդը որդեգրել ցանկացող անձին ցույց է տալիս որդեգրման ենթակա երեխայի լուսանկարը և այդ երեխայի մասնակցությամբ տեսաձայնագրությունը` համադրման տեխնիկական փուլից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Երեխայի նախնական ընտրությունից անմիջապես հետո աշխատակազմը տեղեկատվական համակարգում կատարում է համապատասխան նշում` կասեցնելով կոնկրետ երեխայի որդեգրման գործընթացը, որի մասին ծանուցվում է որդեգրել ցանկացող անձը: Որդեգրման ենթակա երեխայի լուսանկարը և այդ երեխայի մասնակցությամբ տեսաձայնագրությունը պետք է լինեն առավելագույնն աշխատանքային յոթ օր առաջ նկարված, իսկ տեսաձայնագրության տևողությունը պետք է լինի առնվազն 3 րոպե: Տեսաձայնագրությունը պետք է ներկայացնի որդեգրման ենթակա երեխայի արտաքին տեսքի առանձնահատկությունները, հաղորդակցման առանձնահատկությունները, զարգացման ֆիզիկական և հոգեբանական մակարդակը, առօրյա վարքագծի որոշ դրսևորումներ: Սույն կետում նշված լուսանկարը և տեսաձայնագրությունը կցվում են անձնական գործին և համարվում են դրա բաղկացուցիչ մաս:
76. Համադրման տեխնիկական փուլի հիման վրա երեխայի նախնական ընտրության մասին ծանուցվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմը նախաձեռնում է երեխայի կարծիքը լսելու գործընթացը, իսկ հինգ աշխատանքային օրում` համադրման մասնագիտական փուլը: Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման մասնագիտական փուլն իրականացվում է աշխատակազմի կողմից մասնագիտական գնահատման և բազմամասնագիտական խորհրդի միջոցով: Բազմամասնագիտական խորհրդի յուրաքանչյուր անդամ, հիմնվելով անձնական գործում առկա փաստաթղթերի և տեղեկությունների վրա, որդեգրել ցանկացող յուրաքանչյուր անձին գնահատում է հետևյալ չափանիշների հիման վրա`
1) որդեգրել ցանկացող անձի եկամուտների և պարտավորությունների գնահատում.
2) որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների գնահատում.
3) որդեգրել ցանկացող անձի ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածության գնահատում.
4) որդեգրման շարժառիթի գնահատում.
5) որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի էթնիկական, մշակութային և կրոնական ընդհանրությունների գնահատում.
6) երեխայի լավագույն շահերի ապահովում կոնկրետ ընտանիքում: Բազմամասնագիտական խորհրդի յուրաքանչյուր անդամի գնահատման արդյունքները համադրվում են բազմամասնագիտական խորհրդի այլ անդամների գնահատման արդյունքների հետ, քննարկվում և սույն կետում նշված յուրաքանչյուր չափանիշների վերաբերյալ անց է կացվում բաց քվեարկություն` ձայների պարզ մեծամասնությամբ որոշելով որդեգրել ցանկացող յուրաքանչյուր անձի` սույն կետով նշված յուրաքանչյուր չափորոշչին համապատասխանությունը:
77. Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է հիմք ընդունելով նաև որպես որդեգրել ցանկացող անձի, նրա հետ համատեղ բնակվող անձանց և ընտանիքի` որպես սոցիալական խմբի, սոցիալական գնահատման եզրակացությունը, որն իրականացնում է տարածքային կենտրոնն ըստ որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի կամ այն վայրի, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրման ենթակա երեխայի հետ:
78. Մասնագիտական համադրման փուլում աշխատակազմը որդեգրել ցանկացող անձի միջոցով ստանում է որդեգրել ցանկացող անձի հետ համատեղ բնակվող բոլոր չափահաս անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`
1) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված չեն կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակված չեն.
2) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններից հեռացված չեն եղել կամ նրանց հետ խնամատարության պայմանագիրը չի լուծվել.
3) նախկին որդեգրողներ չեն, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
4) որդեգրման պահին չունեն դատվածություն մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության համար.
5) երբեք դատապարտված չեն եղել մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար` անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.
6) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառված չեն որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք:
-------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում