Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԵՎՏՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂՂՈՒՄՆԵ ...

 

 

020.0298.150501

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂՂՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՎ) ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 մայիսի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Կ. Գալուստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Էներգետիկ խարտիայի պայմանագրի առևտրի հետ կապված դրույթների վերաբերյալ ուղղումներին առնչվող որոշման մեջ (կից հավելվածներով) և եզրափակիչ ակտում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի բացատրությունը, հետազոտելով եզրափակիչ ակտը, էներգետիկ խարտիայի կոնֆերանսի որոշումը, կից հավելվածները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Էներգետիկ խարտիայի պայմանագրի առևտրի հետ կապված դրույթների վերաբերյալ ուղղումներին առնչվող որոշումը` կից հավելվածներով, և եզրափակիչ ակտն ստորագրվել են Բրյուսելում` 1998 թվականի ապրիլի 23-24-ին, որոնց նպատակն է Էներգետիկ խարտիայի պայմանագրի առևտրի հետ կապված դրույթներում ուղղումներ կատարելու միջոցով Սակագների և առևտրի վերաբերյալ գլխավոր համաձայնագրին (ԳԱՏՏ) առնչվող մի շարք դրույթներ փոխարինել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դրույթներով` այդ կազմակերպության կողմից մշակված պայմաններին համապատասխան` ստեղծելով իրավական բարենպաստ ռեժիմ էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, այդ նպատակով նյութերի, սարքավորումների միջպետական առևտուրը զարգացնելու համար:

2. Ուղղումներով փոփոխվում և լրացվում է Էներգետիկ խարտիայի պայմանագրի 29 հոդվածի, ներածության, մի շարք հոդվածների, հավելվածների բովանդակությունը.

3. Էներգետիկ խարտիայի պայմանագրի առևտրի հետ կապված դրույթների վերոհիշյալ ուղղումներով Կողմերն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ապահովելով մտքի սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանությունը` ելնելով միջազգային ամենաբարձր չափանիշներից,

- Էներգետիկ խարտիայի պայմանագրի ուղղումների գործադրման պահից Էներգետիկ խարտիայի քարտուղարություն ներկայացնել էներգետիկային առնչվող սարքավորումների ներմուծման կամ արտահանման վերաբերյալ բոլոր մաքսատուրքերի և մյուս գանձումների` այդ պահին գործող մակարդակի վերաբերյալ ցանկ, ինչպես նաև ծանուցել Էներգետիկ խարտիայի քարտուղարությանն այդպիսի մաքսատուրքերի կամ այլ կարգի գանձումների վերաբերյալ ցանկացած փոփոխության մասին,

- էներգետիկային առնչվող սարքավորումների ներմուծման կամ արտահանման պահին կամ դրանց արտահանման հետ կապված ձգտել չբարձրացնել և ոչ մի մաքսատուրք կամ այլ կարգի գանձում` Էներգետիկ խարտիայի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ որոշ դեպքերում` պահպանել դրանց չափը ամենացածր մակարդակում,

- հարկման հարցերում չփոխել էներգետիկ սարքավորումների, հումքի արժեքի որոշման մեթոդը, տարադրամի կուրսը որոշել պայմանագրի դրույթներին համապատասխան:

4. Ուղղումներով նախատեսված են նաև էներգետիկ հումքերի և սարքավորումների առևտրի հետ կապված մաքսատուրքերի և այլ գանձումների մակարդակի բարձրացման առանձին դեպքեր:

5. Էներգետիկ խարտիայի առևտրի հետ կապված ուղղումներով ընդլայնվում են այդ ոլորտում միջպետական համագործակցության առարկայական խնդիրները նաև առևտրական վեճերի լուծման առնչությամբ, նախատեսվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման համաձայնագրի դրույթների և այդ կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների նկատմամբ Էներգետիկ խարտիայի պայմանագրի պայմանների, ինչպես նաև վերոհիշյալ ուղղումների ժամանակավոր կիրառման հետ կապված հարցերի լուծման ընթացակարգ:

6. Էներգետիկ խարտիայի պայմանագրի առևտրի հետ կապված դրույթների ուղղումներին առնչվող որոշման մեջ (կից հավելվածներով) և եզրափակիչ ակտում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներից, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` պետությունների հետ ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն:

7. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով Էներգետիկ խարտիայի պայմանագրի իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաև պարզեց.

Էներգետիկ խարտիայի պայմանագիրը` կից արձանագրությամբ, ուժի մեջ է մտել 1998 թվականի ապրիլի 18-ին: Պայմանագրի կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում հնարավորություններ են ստեղծվել էներգետիկ քաղաքականության ձևավորման և իրականացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1998 թվականի ապրիլի 23-24-ին Բրյուսելում ստորագրված Էներգետիկ խարտիայի պայմանագրի առևտրի հետ կապված դրույթների վերաբերյալ ուղղումներին առնչվող որոշման մեջ (կից հավելվածներով) և եզրափակիչ ակտում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 մայիսի 2001 թ.

ՍԴՈ-298

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.05.2001
N ՍԴՈ-298
Որոշում