ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1501-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և «Հայփաս» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` մասնավոր գործընկեր) միջև 2025 թվականի ապրիլի 25-ին կնքված «Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ» պետություն մասնավոր գործընկերության պայմանագիրը (այսուհետ` ՊՄԳ պայմանագիր) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» կետով և 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մասնավոր գործընկերոջը վերապահված անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար գանձվող պետական տուրքերի և ՊՄԳ պայմանագրի համաձայն մասնավոր գործընկերոջը վճարվելիք դրամական միջոցների` ՊՄԳ պայմանագրին համապատասխան տնօրինելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերից մեկում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ:
2. Սահմանել արտաբյուջետային բանկային հաշվի նկատմամբ գործող հետևյալ պայմանները.
1) արտաբյուջետային բանկային հաշվի միակ հաշվետերն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը.
2) արտաբյուջետային բանկային հաշվին մուտքեր կարող են կատարվել բացառապես`
ա. այն անձը հաստատող փաստաթղթերը տալու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման նպատակով, որոնց թողարկումն ու տրամադրումը օրենսդրությամբ վերապահվել է մասնավոր գործընկերոջը,
բ. «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն այն անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման կամ փոխանակման հետ կապված հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար սահմանված պետական տուրքերի վճարման նպատակով, որոնց թողարկումն ու տրամադրումը օրենսդրությամբ վերապահվել է մասնավոր գործընկերոջը: Հյուպատոսության պետությունում գործող բանկային համակարգի առանձնահատկություններով պայմանավորված` արտաբյուջետային բանկային հաշվին փոխանցում կատարելու անհնարինության դեպքում` յուրաքանչյուր համապատասխան անձը հաստատող փաստաթղթի տրամադրման դիմաց ՊՄԳ պայմանագրով մասնավոր գործընկերոջը վճարման ենթակա գումարները վճարելու նպատակով,
գ. «Պետական տուրքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով և «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված` Կառավարության կողմից անձանց որոշ խմբերի համար պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով աջակցությանը վերաբերող վճարումների նպատակով` այն անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համար, որոնց թողարկումն ու տրամադրումը օրենսդրությամբ վերապահվել է մասնավոր գործընկերոջը,
դ. «Պետական տուրքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն պետական տուրքից ազատված անձանց` օրենսդրությամբ մասնավոր գործընկերոջը թողարկման և տրամադրման համար վերապահված անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման դիմաց ՊՄԳ պայմանագրով մասնավոր գործընկերոջը վճարման ենթակա գումարները վճարելու նպատակով,
3) արտաբյուջետային բանկային հաշվից ելքեր կարող են կատարվել միայն ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով և ընթացակարգերի պահպանմամբ` երկու ուղղությամբ` մասնավոր գործընկերոջ հաշվեհամարին և գանձապետական միասնական հաշվին.
4) արտաբյուջետային բանկային հաշվին գտնվող գումարի համար ցանկացած տոկոս, որը կարող է առաջարկվել առևտրային բանկի կողմից, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և ուղղվում է գանձապետական միասնական հաշվին:
3. Սահմանել, որ արտաբյուջետային բանկային հաշիվը կարող է բացվել Հայաստանի Հանրապետությունում գործող այն բանկերից մեկում, որոնց` Moody's, Fitch Ratings կամ S&P Global Ratings միջազգային վարկանիշային կազմակերպություններից առնվազն մեկի կողմից շնորհված երկարաժամկետ վարկային վարկանիշը ցածր չէ նույն վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշից: Առևտրային բանկի ընտրությունը կատարում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը` սույն կետով սահմանված պահանջներին համապատասխանող բանկերից ստացված առաջարկների համեմատության հիման վրա: Բանկի ընտրության ընթացքում հաշվի են առնվում առաջարկվող պայմանների ամբողջությունը և ընտրվում է առավել շահավետ առաջարկ ներկայացրած բանկը` համադրելով, ի թիվս այլնի, հետևյալ չափանիշները.
1) արտաբյուջետային բանկային հաշվի բացման և սպասարկման վճարների չափը.
2) արտաբյուջետային բանկային հաշվում առկա դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսադրույքը.
3) արտաբյուջետային բանկային հաշվից դրամական միջոցների փոխանցման համար կիրառվող միջնորդավճարների չափը.
4) առցանց բանկային ծառայությունների տրամադրման և սպասարկման վճարների չափը:
4. Բանկի` սույն որոշմամբ սահմանված պահանջներին այլևս չհամապատասխանելու, բանկային սպասարկման պայմանների էական փոփոխության կամ պայմանագրի լուծման հիմք հանդիսացող խախտման դեպքում նոր բանկի ընտրությունն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով: Գործող բանկի հետ կնքված պայմանագրի լուծումն իրականացվում է նոր բանկի ընտրությունից և վերջինիս հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո` ապահովելով բանկային սպասարկման անընդհատությունը: Բանկային սպասարկման անընդհատության ապահովման պայմանները նախատեսվում են գործող բանկի հետ կնքվող պայմանագրով:
5. Սույն որոշմամբ սահմանված արտաբյուջետային բանկային հաշիվը կարող է բացվել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
6. ՊՄԳ պայմանագրով սահմանված և սույն որոշմամբ սահմանված արտաբյուջետային բանկային հաշվով գործառնություններ կարող են իրականացվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան