ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1484-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1584-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի և 3-6-րդ կետերի և հաշվի առնելով Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2026 թվականի սեպտեմբերի 30-ի N ԱԱ/04/30974-2026 հաղորդումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես տեղակայել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում` սահմանային այլ` սանիտարակարանտինային վերահսկողություն իրականացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկությունների և ընթացիկ համաճարակաբանական տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը տրամադրել այն պետությունների և տարածքների ցանկը, որոնցից ժամանող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել սանիտարակարանտինային վերահսկողություն` Բունդիբուգյո վիրուսային հիվանդության (Bundibugyo virus disease, BVD) ներբերման և տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով.
2) համաճարակաբանական իրավիճակի փոփոխության դեպքում անհապաղ թարմացնել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ցանկը և այն տրամադրել նույն մարմիններին.
3) ապահովել Բունդիբուգյո վիրուսային հիվանդության վերաբերյալ տեղեկատվական թերթիկի մշակումը, անհրաժեշտության դեպքում դրա թարմացումը և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տրամադրումը, ինչպես նաև խորհրդատվության համար թեժ գծի հասանելիությունը և դրա կոնտակտային տվյալների հրապարակումը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամանակահատվածում ապահովել սահմանային այլ` սանիտարակարանտինային վերահսկողության իրականացումը` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված պետություններից կամ տարածքներից ժամանող անձանց նկատմամբ.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված սանիտարակարանտինային վերահսկողության շրջանակում ապահովել համապատասխան անձանց մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափում: Հիվանդության կասկածի կամ համապատասխան ախտանշանների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ հետագա միջոցառումները կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի 1-ին ենթակետի «բ» և «զ» պարբերություններով սահմանված կարգով.
3) ապահովել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում` ուղևորների համար տեսանելի և հասանելի վայրերում տեղադրված բաներների և պաստառների միջոցով Բունդիբուգյո վիրուսային հիվանդության հիմնական ախտանիշների, փոխանցման ուղիների, կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև ախտանիշների ի հայտ գալու դեպքում ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Բաներների և պաստառների վրա զետեղել նաև QR կոդեր` նշված տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային էջին հասանելիություն ապահովելու համար.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված սանիտարակարանտինային վերահսկողության շրջանակում համապատասխան անձանց մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափումն իրականացնելու արդյունքում ջերմաստիճանի բարձր ցուցանիշ գրանցած անձանց տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակված տեղեկատվական թերթիկը` Բունդիբուգյո վիրուսային հիվանդության ախտանիշների, կանխարգելիչ միջոցառումների և Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո 21 օրվա ընթացքում համապատասխան ախտանիշների ի հայտ գալու դեպքում ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ.
5) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված սանիտարակարանտինային վերահսկողության շրջանակում համապատասխան անձանց մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափումն իրականացնելու արդյունքում ջերմաստիճանի բարձր ցուցանիշ գրանցվելիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշմամբ սահմանված կարգով ապահովել նույն որոշման N 2 հավելվածով հաստատված հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտի լրացումը.
6) ապահովել լրացված հասցեական քարտերի ստացումը, ինչպես նաև դրանցում պարունակվող տվյալների համակարգչային գրանցումն ու արխիվացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշմամբ սահմանված կարգով.
7) հասցեական քարտերով ստացված տվյալները մշակել բացառապես հանրային առողջության պահպանման նպատակներով` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշման պահանջների պահպանմամբ.
8) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ` համաձայնեցնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում տեսչական մարմնի ժամանակավոր տեղակայման համար հատուկ առանձնացված վայրը.
9) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ` ապահովել տեսչական մարմնի գործունեության կազմակերպումն այնպես, որ անխոչընդոտ իրականացվեն սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան