Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1572-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 4303 10 901 0, 4303 10 902 0, 4303 10 903 0, 4303 10 904 0, 4303 10 905 0, 4303 10 906 0, 4303 10 908 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 4303 10 901 0, 4303 10 902 0, 4303 10 903 0, 4303 10 904 0, 4303 10 905 0, 4303 10 906 0, 4303 10 908 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Ի-ՄԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի փողոց 70/8 պետական գրանցման համարը` 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը` 02284645) ընկերության կողմից` ԱՏԳ ԱԱ 4303 10 901 0, 4303 10 902 0, 4303 10 903 0, 4303 10 904 0, 4303 10 905 0, 4303 10 906 0, 4303 10 908 0 ծածկագրերին դասվող ապրանքախմբերի համար` 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1572-Լ որոշման

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 4303 10 901 0, 4303 10 902 0, 4303 10 903 0, 4303 10 904 0, 4303 10 905 0, 4303 10 906 0, 4303 10 908 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն ծրագրի նպատակն է, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեթոդները, Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` ՀՀ) ստեղծված թվային համակարգի միջոցով ավելի արդյունավետ դարձնել շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, որը գործում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, որն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ է ծառայում լրացուցիչ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) թվային ծառայությունների զարգացմանը:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

2. 2015 թվականի սեպտեմբերի 8-ին ընդունվել է «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագիրը: ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 1151-Ն որոշմամբ որոշվել է Հայաստանի Հանրապետությունում 01.11.2018 թ. մինչև 31.12.2018 թ. ներառյալ իրականացնել «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիր: ՀՀ-ում ապրանքների դրոշմավորման նպատակով հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրվում են ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի 14.11.2018 թ. N 692-Ն հրամանով սահմանված կարգով: Ապրանքի հետագծելիությունը ապրանքի ներմուծումից կամ արտադրումից մինչև վերջնական սպառում վերոնշյալ մոդելի կիրառմամբ հնարավոր չէ ապահովել, քանի որ ապրանքի իրացման դեպքում տվյալները լիարժեք չեն փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` ՊԵԿ)` հսկիչ դրամարկղային մեքենաների (այսուհետ` ՀԴՄ) և հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգի միջոցով: ՊԵԿ են փոխանցվում իրացված ապրանքների վերաբերյալ տվյալներ, սակայն դրոշմավորման վերաբերյալ տվյալները բացակայում են:

3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան, սակայն ներկայիս համակարգը թույլ չի տալիս դա իրագործել:

4. 2025 թվականի նոյեմբերի 19-ին ընդունվել է «Բնական մորթուց հագուստի առարկաների, հագուստի պարագաների և այլ արտադրատեսակների` նույնականացման միջոցներով դրոշմավորման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի N 116 որոշումը, որի 1-ին կետի համաձայն` որոշմամբ հաստատված ապրանքների ցանկում ընդգրկված ապրանքների դրոշմավորումն իրականացվում է նույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով: Որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում սահմանվում է 2027 թվականի մարտի 1-ից: Անդամ պետությունն իրավասու է սահմանելու իր տարածքում հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքի ավելի ուշ ժամկետ` պայմանով, որ այդ ապրանքները շրջանառության մեջ գտնվեն միայն տվյալ անդամ պետության տարածքում:

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ՀՀ-ում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար:

6. Ներկայումս առկա խնդիրներն են`

1) հարկ վճարողի կողմից իրացված ապրանքների վերաբերյալ ՊԵԿ փոխանցված տեղեկատվության մեջ ոչ միշտ է հնարավոր իրականացնել վաճառված ապրանքների նույնականացում: Հատկապես դա վերաբերում է տեխնիկական հագեցվածություն չունեցող մանրածախ առևտրի կետերին.

2) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը.

3) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն.

4) 2027 թվականի մարտի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 19-ի N 116 որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում:

7. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ`

1) պետության համար`

ա. ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն,

բ. լրացուցիչ հարկային եկամուտներ,

գ. իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն` երկրի կտրվածքով,

դ. ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.

2) բիզնեսի համար`

ա. թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ` ստվերի կրճատման հաշվին,

բ. ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,

գ. թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.

3) սպառողների համար`

ա. կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,

բ. հասարակական վերահսկողություն,

գ. սպառողների իրավունքների պաշտպանություն:

8. Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control): Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը` հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ` էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն:

 

4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

9. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանեցնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ:

10. Տվյալ ծրագիրը ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացում է, որը կապահովի տվյալ որոշումով նախատեսվող ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում:

11. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել`

1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը` ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի N 19 որոշումը «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին».

3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 19-ի N 116 որոշումը, «Բնական մորթուց հագուստի առարկաների, հագուստի պարագաների և այլ արտադրատեսակների` նույնականացման միջոցներով դրոշմավորման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»:

12. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը իրենից ներկայացնում է կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:

13. Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով: Թվային դրոշմավորման ծածկագիրը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար: Դրոշմավորման ծածկագրերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ սահմանված` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը` «Ի-ՄԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ազգային օպերատոր)` թվային եղանակով:

14. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով` շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:

15. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունը ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով` օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:

16. Օպերատորի կողմից մշակված բջջային հավելվածը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն:

17. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգը ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին`

1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.

2) Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տեղեկատվական համակարգ.

3) այլ պետական համակարգերի հետ` ըստ անհրաժեշտության:

18. Ապրանքների շրջանառության մասնակիցների` այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:

19. Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնելու`

1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.

2) ծրագրի մասնակիցների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը.

3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.

4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմապիտակ պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը:

 

5. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Ծրագրի մասնակիցներն են հանդիսանում`

1) ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ, որոնք լիազորված են ծրագիրն իրականացնելու համար.

2) ապրանքաշրջանառության մասնակիցները.

3) տեղեկատվական համակարգի օպերատորը:

21. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:

22. Ծրագրի իրականացման լիազորված մարմինը ՊԵԿ-ն է, որը կապահովի`

1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.

2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.

3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը:

23. Ազգային օպերատորը կապահովի`

1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.

2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.

3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.

4) ծրագրի մասնակիցներին փորձնական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ քանակությամբ նույնականացման միջոցների տրամադրումը` անհատույց սկզբունքով:

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

24. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը`

1) ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.

2) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը` արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.

3) ապրանքների նույնականացում և, հետևաբար, շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.

4) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից` հատուկ բջջային հավելվածի միջոցով.

5) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը:

 

7. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

25. Ինչպես ցանկացած ծրագիր, այս ծրագիրը նույնպես պարունակում է որոշակի ռիսկ: Հնարավոր է, որ որոշ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների համար տեխնիկական վերազինման անհրաժեշտություն լինի:

26. Չնայած նշված ռիսկին` կանխատեսվող դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը` հատկապես երկարաժամկետ հեռանկարում:

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

27. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում:

28. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու:

29. Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմանիշների տրամադրման հետ կապված ծախսերը իրականացնելու է օպերատորը:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2026
N 1572-Լ
Որոշում