Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

15.06.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 21.12.17 ՀՕ-269-Ն օրենք)

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում են և առանձին տողով արտացոլվում այն համայնքի բյուջեում, որի տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա:

Համայնքների ցանկն ու բնապահպանական հարկերից նրանց վարչական և ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները տվյալ (այսուհետ` առաջիկա) բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված նախապայմանների կատարման դեպքում: Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված (2018 թվականի և հետագա տարիների համար` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված) բնապահպանական հարկի հանրագումարից` պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով` սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով: Համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմումը և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացնում է շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքով մասհանումներ կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի, ինչպես նաև ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների հատուկ հատկացված տեղերում տեղադրման և (կամ) պահման համար բնապահպանական հարկի գումարներից:

(1-ին հոդ. փոփ. 14.12.01 ՀՕ-281, 23.05.06 ՀՕ-62-Ն, 11.06.09 ՀՕ-157-Ն, 21.12.17 ՀՕ-269-Ն, 27.05.20 ՀՕ-278-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 2. Բնապահպանական հարկերից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) իրականացման համար:

(2-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-269-Ն օրենք)

 

 

i

Հոդված 3.

Ծրագրի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տվյալ մարզի կամ համայնքի զարգացման (սոցիալ-տնտեսական զարգացման) կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերի կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերի հիման վրա: Ծրագիրը յուրաքանչյուր տարի հրապարակվում է`

ա. համայնքի ղեկավարի կողմից համայնքապետարանի կայքում և (կամ)

բ. համապատասխան մարզպետարանի կայքում` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

Ընկերությունները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական այլ անձինք Ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո` տասնհինգօրյա ժամկետում:

Ծրագիրը ներառում է`

ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողային, ջրային և օդային տարածքներում ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանը նպատակաուղղված ներքոհիշյալ միջոցառումները`

- թափոնների օգտահանմանը, դրանց անվտանգ հեռացմանը, թափոնների հեռացման մասնագիտացված պոլիգոնների ստեղծմանը, գործող աղբավայրերի բարելավմանը, աղտոտված տարածքների մաքրմանն ու վերականգնմանը նպատակաուղղված գործողությունները,

- կեղտաջրերի վերամշակումը, կեղտաջրերի վերամշակման և կոյուղու համակարգերի կառավարման, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանը նպատակաուղղված գործողությունները,

- շրջակա միջավայրի տեղական և տարածաշրջանային աղտոտվածության դեմ պայքարը, որը ներառում է մթնոլորտային օդի մաքրության պահպանության, ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) պահպանության, աղմուկի և վիբրացիայի դեմ պայքարի և ճառագայթահարման դեմ պաշտպանության հետ կապված աշխատանքները և գործողությունները (վերահսկողության համակարգերի և կայանների կառուցումը, պահպանումը և շահագործումը, աղմկակլանիչ շինությունների և միջոցների կառուցումը, ջրային ռեսուրսների և դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մաքրման միջոցառումները, մթնոլորտային օդի որակի վրա բացասաբար ազդող ջերմոցային գազերի և աղտոտող նյութերի հսկողության կամ կանխարգելիչ միջոցառումները, աղտոտված հողի մաքրման, ինչպես նաև աղտոտող նյութերի վնասազերծման համակարգերի և սարքավորումների կառուցումը, շահագործումը և պահպանումը),

- կենսաբազմազանության և անտառների պահպանումը, բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբանական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման գծով գործողությունները, որոնք ներառում են կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության (այդ թվում` անհետացած և անհետացող տեսակների վերականգնման), կենդանիների բնադրավայրերի և բնության գեղագիտական արժեքների պահպանության (այդ թվում` խախտված տարածքների գեղագիտական արժեքի բարձրացման նպատակով դրանց վերականգնման, սպառված հանքավայրերի տարածքների ռեկուլտիվացիայի) աշխատանքները,

- շրջակա միջավայրի պահպանության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքները, շրջակա միջավայրի վրա ներգործության հետազոտությունները և (կամ) ուսումնասիրությունները,

- շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ տեղեկատվության տարածման կամ իրազեկման, էկոլոգիական կրթության գծով աշխատանքները և գործողությունները, բնապահպանությանը վերաբերող վերապատրաստական դասընթացների կազմակերպումը և ինստիտուցիոնալ ամրապնդումը,

- համայնքահեն բնապահպանական հասարակական կազմակերպություններին սույն կետում նշված միջոցառումների կատարման համար աջակցության ցուցաբերումը.

բ) ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված ներքոհիշյալ միջոցառումները`

- կապված շրջակա միջավայրի աղտոտման բացասական ազդեցության հետ` բնակչության առողջական վիճակի զննությունների իրականացում, դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցում,

- առողջապահության բնագավառում լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված այլ համապատասխան միջոցառումներ.

գ) ծրագրային միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները:

Մինչև Ծրագրի հաստատումը նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները համաձայնեցվում են շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Համաձայնություն չտալու դեպքում Ծրագրի ներկայացման օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, համապատասխան լիազորված մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին և համապատասխան մարզպետին` նշելով համաձայնություն չտալու հիմքերը:

Համայնքի ավագանին իրավասու է Ծրագիրը վերադարձնել համայնքի ղեկավարին` ավագանու սահմանած ժամկետում այն լրամշակելու նպատակով:

Շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրի նախագիծը համայնքի ղեկավարը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանու հաստատած ծրագրի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված մասհանումների շրջանակներում հատկացումներ նախատեսելու հարցը քննարկման առարկա դարձնելու նպատակով նշված ծրագիրը առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման համար Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացվում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմին:

Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը, սույն հոդվածի համաձայն ստացված ծրագրերի հիման վրա, հաշվի առնելով այդ ծրագրերի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն օրենքի 1-ին հոդվածին համապատասխան նախատեսվելիք հատկացումների ընդհանուր գումարները, կազմում է առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեից ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ ստացող համայնքների ցանկի նախագիծը` այդ ցանկում ընդգրկված համայնքների բյուջեներին հատկացվելիք մասհանումների գումարների բաշխմամբ, որը ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում:

Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են վերջիններիս կողմից ներկայացված ծրագրերի գծով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք հատկացումների չափի մասին:

Սույն հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերում բյուջեով սահմանված մասհանումների շրջանակներում փոփոխություններ կարող են կատարվել միայն համայնքի ավագանու կողմից` նախօրոք դրանք համաձայնեցնելով շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Ընթացիկ տարվա Ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարը կազմում է հաշվետվություն և ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը: Հաշվետվության ձևը հաստատում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը: Համայնքի ավագանու հաստատած հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը հրապարակվում է`

ա. համայնքի ղեկավարի կողմից համայնքապետարանի կայքում և (կամ)

բ. համապատասխան մարզպետարանի կայքում` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

(3-րդ հոդ. փոփ. 14.12.01 ՀՕ-281, 11.06.09 ՀՕ-157-Ն, 04.03.20 ՀՕ-115-Ն, 27.05.20 ՀՕ-278-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 4. Ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի չափը ենթակա չէ նվազեցման սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական հարկերից կատարվող մասհանման չափով:

(4-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-269-Ն օրենք)

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
11 հունիսի 2001 թ.
ՀՕ-188

 

pin
ՀՀ 15.05.2001
N ՀՕ-188 օրենք