Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 մայիսի 2001 թվականի N 18

 

1. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ քրեակատարողական համակարգի բարեփոխումների ծրագրին (կցվում է):

 

ԾՐԱԳԻՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

Ծրագրի նպատակները - Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգի բարեփոխումների իրականացում, մասնավորապես, ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման համակարգի վերակազմակերպում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և նոր իրավական ու առկա նյութատեխնիկական բազայի հիման վրա բարեփոխումների իրականացում, որոնք ներառում են`

. դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու պայմանների

բարելավմանն ուղղված իրավական, վարչական, նյութական և այլ ապահովման

անհրաժեշտ միջոցառումների մշակում և իրականացում.

. այդ անձանց իրավունքների առավել լիարժեք պաշտպանություն,

. քրեակատարողական համակարգի գործառույթների ողջ ծավալով իրականացում և

համակարգի կայուն գործունեության ապահովում.

. պատժի կրման պայմանների և կարգի հետագա հումանիզացում,

դատապարտյալների բուժսպասարկման և զբաղվածության կազմակերպման

հիմնախնդիրների լուծում.

. դատապարտյալների ուղղման, սոցիալական վերականգնման համար բարենպաստ

պայմանների ստեղծում` այդ գործին հասարակական միավորումների և

զանգվածային լրատվության միջոցների ներգրավմամբ.

. քրեակատարողական համակարգի անձնակազմի կողմից առօրյա պրակտիկայում

դատապարտյալների հետ վարվեցողության միջազգային չափանիշների կիրառման

անհրաժեշտությունն ըմբռնելու, ինչպես նաև անձնակազմի իրավունքների և

սոցիալական պաշտպանվածության երաշխիքներն ապահովելու համար

նախադրյալների ստեղծում.

. քրեակատարողական համակարգի անձնակազմի համար անհրաժեշտ կրթական

նախապայմանների ստեղծում:

 

Ծրագրի իրականացման մոտավոր ժամկետները - Ծրագրի իրականացման համար նախատեսվում է երեք տարի: Ծրագրի սկիզբ է համարվում ծրագրի 1-ին փուլը:

 

Պատասխանատուները - Ծրագրի նախապատրաստական աշխատանքներ և 1-ին փուլ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, ծրագրի 2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

 

Ծրագրի բովանդակությունը - Նախաբան. Քրեակատարողական համակարգի բարեփոխումները կազմում են Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների բաղկացուցիչ մասը, ուստի, դրանք պետք է կրեն համալիր և համակարգված բնույթ: Անհրաժեշտ է փոխել ոչ միայն պարզապես համակարգի ենթակայությունը, այլև հասարակության պատկերացումներն այդ համակարգի մասին: Առաջնային խնդիր է դառնում միջազգային իրավական չափանիշներին համապատասխանող նոր քրեակատարողական օրենսդրություն ունենալը: Դեռևս լուծված չեն քրեակատարողական համակարգի նյութական կարիքների, քննչական մեկուսարաններում պահվող անձանց պահելու, տուբերկուլյոզով հիվանդների և ՄԻԱ վարակակիրների բուժապահովումը կազմակերպելու, սննդի որոշ այլ խնդիրների բավարար ֆինանսավորման, ինչպես նաև քրեակատարողական համակարգի նորմալ կենսագործունեությունն ապահովելու հետ կապված բազմաթիվ այլ կարևոր հարցեր: Ելնելով դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքների ամրապնդման անհրաժեշտությունից` քրեակատարողական համակարգի բազմակողմանի զարգացման ծրագրի իրականացումը կնշանակի ոչ միայն քրեակատարողական համակարգի ապառազմականացում և վերակազմակերպում որակապես նոր հենքի վրա, այլև դրա գործունեության արդյունավետության բարձրացում:

Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների, թերևս, ամենաթույլ օղակի` քրեակատարողական համակարգի ներկա վիճակը բացատրվում է նաև հետևյալ առանձնահատկություններով`

նախ գոյություն ունեցող ենթակառուցվածքները և նյութական բազան անբավարար են համակարգի գործառնությունների բնականոն իրականացման համար, և տարիներ շարունակ որևէ բարելավում տեղի չի ունեցել (չհաշված տարածքների և շինությունների համակարգի հաշվեկշռից դուրս գալը),

երկրորդ` նոր օրենսդրությամբ նախատեսվում է նոր պատժատեսակների կիրառում (մասնավորապես` կալանքը),

երրորդ` պահանջվում է ձևավորել տվյալ ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման որակապես նոր ու ամբողջական համակարգ, արմատավորել մտածողության ու գործելակերպի միանգամայն այլ համակարգ:

Առաջադրվող ծրագրի, ինչպես քրեակատարողական համակարգին վերաբերող իրավական ակտերի մշակման հիմքում դրվել են նաև 1999 թ. հուլիսին Եվրամիության «Տասիս» ծրագրի շրջանակներում ՀՀ քրեակատարողական քաղաքականության վերաբերյալ կատարված վերլուծությունները:

 

Նախապատրաստական աշխատանքներ

Իրավական ոլորտ. Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքներում առաջնային է իրավական ոլորտը, որն իրենից ներկայացնում է հիմնական օրենսդրական ակտերի մշակման գործընթաց` ուղղված ինչպես համակարգի տեղափոխմանը (ծրագրի 1-ին փուլ), այնպես էլ հետագա զարգացմանը (ծրագրի 2-րդ փուլ):

Քրեակատարողական համակարգը ՀՀ ՆԳ նախարարությունից ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնելու համար անհրաժեշտ իրավական բազայի նախապատրաստման աշխատանքներից (ծրագրի 1-ին փուլ) հատկանշական է ՀՀ արդարադատության նախարարության կողմից երկու` «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության իրավական կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թ. փետրվարի 27-ի թիվ ՆՀ-705 հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների համար անհրաժեշտ օրենսգրքերի և կարևորագույն օրենքների ընդունման ժամանակացույցը, որում ընդգրկված է նաև ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը:

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 561 որոշմամբ ստեղծվել է քրեակատարողական օրենսգրքի նախագծի մշակման և քրեական օրենսգրքի նախագծի հետագա լրամշակման աշխատանքները կազմակերպող աշխատանքային խումբ, որում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

1998 թ. նոյեմբերին Երևանում անցկացվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի հայեցակարգի փորձաքննություն:

Աշխատանքային խմբի կողմից օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին զուգընթաց «Տասիս» ծրագրի շրջանակներում անցկացվել է նախագծի ընթացիկ փորձաքննություն, իսկ նախագծի մշակման աշխատանքների ավարտից հետո, 1999 թ. սեպտեմբերին Երևանում անցկացվել է օրենսգրքի նախագծի ևս մեկ փորձաքննություն` Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի հետ մեկտեղ մշակվել է նաև «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և այն օրենսգրքի նախագծի հետ անցել է նույն ընթացակարգերը:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում մշակվել են նաև երկու` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» (նախագծի մշակման աշխատանքներին զուգընթաց «Տասիս» ծրագրի շրջանակներում անցկացվել է նախագծի ընթացիկ փորձաքննություն), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Ներկայումս իրականացվում են այդ օրենքների նախագծերի` Եվրոպայի խորհրդի իրավաբանական տնօրինության կողմից կատարված միջազգային փորձաքննության արդյունքների ամփոփման աշխատանքները:

Բացի այդ, նախատեսվում է նաև մի շարք իրավական ակտերի մշակում և ընդունում, որոնք պետք է ապահովեն քրեակատարողական համակարգի գործունեության ամբողջականությունը:

 

Գործնական միջոցառումներ. Ազատազրկման վայրերի բարեփոխումների ուղղությամբ բավականաչափ աշխատանք է կատարվել նաև գործնական առումով, առանձնապես` ՀՀ ՆԳ նախարարության կողմից:

Այսպես, 1993 թվականից սկսած, մինչև նոր քրեակատարողական օրենսդրության ընդունումը ՀՀ ՆԳՆ ՔՊԻ վարչության կողմից կիրառվում են դատապարտյալների նյութակենցաղային պայմանների բարելավմանն ուղղված միջոցներ: Մասնավորապես, հաստատվել է դատապարտյալներին հանձնուքներ փոխանցելու և տեսակցություններ հատկացնելու, նրանց կարճատև մեկնումներ թույլատրելու նոր կարգ: Կրճատվել են հանձնուքներով ստացվող սննդամթերքի տեսականու սահմանափակումները, ավելացվել է թույլատրվող տեսակցությունների և կարճատև մեկնումների քանակը:

Համակարգում նորույթ են հոգևոր-կրոնական միջոցառումները: Ստեղծվել են աղոթքի համար նախատեսված սենյակներ: Դատապարտյալներն օգտվում են զանգվածային լրատվության միջոցներից: Նամակագրության սահմանափակումները վերացվել են: Հեռախոսազրույցներ թույլատրվում են ամեն օր` 5-7 րոպե տևողությամբ:

Նախնական կալանքի վայրերում պակասեցվել է խցերի պատուհանների մետաղյա ճաղերի քանակը` բնական լուսավորությունը բարելավելու նպատակով:

1991 թվականից ՀՀ-ում մահապատիժ չի կիրառվում, և մահապատժի դատապարտված անձինք գտնվում են ազատազրկման մեջ: Զգալիորեն բարելավվել են հիշյալ անձանց պահելու պայմանները, մասնավորապես, նրանց տրամադրվում է ամենօրյա մեկժամյա զբոսանք, կրճատվել է մեկ խցում պահվող դատապարտյալների թիվը:

 

Ծանոթագրություն. Ծրագիրը նպատակ չունի ամբողջությամբ ներկայացնելու համակարգում կատարված աշխատանքները: Այդ իսկ պատճառով դրանց ցանկը սպառիչ չէ: Այն պարզապես ընդհանուր պատկերացում է տալիս համակարգում կատարված բարեփոխումների մասին:

 

Նախատեսվում է ծրագիրն իրականացնել երկու հիմնական փուլով: Առաջինը ՀՀ քրեակատարողական համակարգը ՀՀ ՆԳՆ համակարգից ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնելու (փոխանցելու), բուն գործընթացն է, երկրորդը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի զարգացումն է:

 

1. Առաջին փուլ. Համակարգի վերակազմակերպումը

 

Ծրագրի առաջին փուլն իր հերթին նախատեսում է երկու ենթափուլ, որոնցից առաջինը փոխանցմանն առնչվող հիմնական իրավական ակտերի մշակման և լրամշակման աշխատանքներն են, որոնք կներկայացվեն համապատասխանաբար օրենսդիր և գործադիր մարմիններ:

1.1. Ծրագիր այս ենթափուլում կարևորվում է իրավական ակտերի մշակման և լրամշակման աշխատանքների ավարտը և օրենսդրական ակտերի («Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության իրավական կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական անապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների) ընդունումը:

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցելու հետ կապված պարտավորություններից: Մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 221 կարծիքում նշված է անդամակցելուց հետո վեց ամսվա ընթացքում ընդունել ազատազրկման վայրերի համակարգը, ներառյալ քննչական մեկուսարանները և աշխատանքային գաղութները, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների ենթակայությունից արդարադատության նախարարության ենթակայությանը փոխանցելու մասին օրենք` դրանով իսկ ապահովելով համակարգի ամբողջական բարեփոխում և ապառազմականացում, ինչպես նաև ապահովել այդ օրենքի արդյունավետ կատարումը դրա ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում` ընդ որում, բացառելով քննչական մեկուսարանների և աշխատանքային գաղութների փոխանցումը, որը պետք է իրականացվի օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում: Օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու ժամկետներն ընտրվել են վերոհիշյալ կարծիքին համապատասխան:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ևս մշակվել է` նկատի ունենալով Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցելու հետ կապված միջազգային պարտավորությունները, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 221 կարծիքը: Օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու ժամկետները ևս ընտրվել են վերոհիշյալ կարծիքին համապատասխան:

Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգի աշխատողների համար օրենքով նախատեսված սոցիալական երաշխիքների պահպանումը (դրանք պահպանվել են ԱՊՀ, ինչպես նաև մերձբալթյան բոլոր այն երկրներում, որոնք իրագործել են տվյալ փոխանցումը) պայմանավորված է վերը նշված համակարգից աշխատողների հնարավոր արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, նման սոցիալական երաշխիքների բացակայությունը կհանգեցնի հետագայում համակարգը նոր կադրերով համարելու խնդրի բարդացման: Այդ երաշխիքների շարքն են դասվում նաև աշխատակիցների ամբուլատոր և ստացիոնար բժշկական սպասարկումը, որը ծրագրի իրականացման անցումային փուլում նպատակահարմար է կազմակերպել ՀՀ ՆԳ նախարարության բժշկական վարչության համապատասխան ստորաբաժանումների միջոցով:

1.2. Երկրորդ ենթափուլը ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման համակարգը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի վերակազմակերպելուն ուղղված կոնկրետ գործողություններն են: Վերոհիշյալ օրենքների (ծրագրի 1.1. կետ) ընդունման տրամաբանական շարունակությունը կհանդիսանա ՀՀ վարչապետի որոշումը ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին, որով կամրագրվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից քրեական պատիժների կատարման գործառույթը:

Ծրագրի իրականացման հաջորդ քայլը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրության հաստատումն է, որը կկանոնակարգի վարչության խնդիրները, դրանց իրականացման կարգը, կարգավիճակը, կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, դրանց, ինչպես նաև աշխատողների իրավասությունները:

Դրան կհաջորդի քրեակատարողական հիմնարկների ենթակայության փոփոխումը` վերակազմակերպումը, համակարգի հիմնարկների և մարմինների հաստիքների սահմանումն ու հաստատումը:

Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է խուսափել կադրային փոփոխություններից, որի նպատակն է աշխատողների, մասնավորապես, ներկայիս բարձրագույն սպայական կազմի հնարավոր արտահոսքի կանխումը:

Նախատեսվում է նաև զուգահեռաբար իրականացնել քրեակատարողական համակարգի հիմնարկների և մարմինների գույքի փոխանցումը մեկ նախարարության հաշվեկշռից մյուսը: Նախատեսվում է ստեղծել ընդունող-հանձնող հանձնաժողովներ, որոնք կիրականացնեն գույքի հաշվառում, համապատասխան իրավական ակտերով գույքի և պարտավորությունների փոխանցում հաշվեկշիռից հաշվեկշիռ: Գույքի փոխանցումից հետո կիրականացվեն անշարժ գույքի պետական գրանցման աշխատանքներ (անձնագրավորում):

Հիշյալ աշխատանքները նախատեսվում է իրականացնել սահուն գրաֆիկով:

Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է նաև այլ իրավական ակտերի ընդունում և աշխատանքների իրականացում, որոնք կապահովեն ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման համակարգը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի վերակազմակերպելու գործընթացի ամբողջականությունը:

 

2. Երկրորդ փուլ. քրեակատարողական համակարգի զարգացումը

 

2.1. Քրեակատարողական համակարգում բարեփոխումների իրավական ապահովում

Քրեակատարողական համակարգում իրավական բարեփոխումների իրականացման համար կարևորվում է օրենսդրական ակտերի մշակումը և ընդունումը, ինչպիսիք են ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքները:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի խնդիրներն են` սահմանել քրեական պատիժներ և քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու և կրելու կարգը, ապահովել դատապարտյալների ուղղման համար անհրաժեշտ պայմաններ, պաշտպանել նրանց իրավունքները և ազատությունները, ինչպես նաև նպաստել դատապարտյալների սոցիալական վերականգնմանը: Օրենսգրքի խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքն ամրագրում է պատժի կատարման հիմքը, քրեակատարողական օրենսդրության սկզբունքները, դատապարտյալների իրավական վիճակը, նրանց իրավունքների և ազատությունների ապահովման երաշխիքները, քրեակատարողական համակարգը և դրա իրավասությունները, ներգործության միջոցներ կիրառելու, առանձին պատժատեսակներ կիրառելու, պատժի կրումից ազատելու, ինչպես նաև պատժի կրումից ազատելու ժամանակ դատապարտյալին ցույց տրվող օգնության կարգը:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով կսահմանվեն և կկարգավորվեն անձին արգելանքի կամ կալանքի տակ պահելու կարգը և պայմանները, հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց` ում նկատմամբ որպես դատավարական հարկադրանքի միջոց կիրառվել է ձերբակալումը, և մեղադրվող անձանց ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքները ձերբակալված անձանց պահելու վայրերում և նախնական կալանքի վայրերում, ինչպես նաև արգելանքից կամ կալանքից ազատելու կարգը: Դրանով հնարավորություն կստեղծվի երաշխավորելու և առավել արդյունավետորեն պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները:

Ինչ վերաբերում է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին, ապա այն կսահմանի միասնական քրեակատարողական համակարգի քրեական պատիժները կատարող քրեակատարողական ծառայության գործունեության հիմունքները և կարգը, քրեակատարողական մարմինների և հիմնարկների, դրանց աշխատողների իրավական վիճակը, ինչպես նաև նրանց սոցիալական և նյութական պաշտպանության երաշխիքները:

Հատկանշական է, որ քրեակատարողական համակարգում կառուցվածքային բազմաթիվ փոփոխություններ, այդ թվում` նոր քրեական օրենսգրքով ամրագրված նոր պատժատեսակների իրականացման ուղղությամբ կատարվող փոփոխությունները, կարող են իրականացվել միայն քրեակատարողական նոր օրենսդրության ընդունումից հետո (մասնավորապես, ուղղիչ կենտրոնների և կալանատների ստեղծումը, որոնցում պետք է ի կատար ածվեն համապատասխանաբար ազատության սահմանափակումը և կալանքը): Հիշյալ խնդիրը կլուծվի «ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որով հնարավորություն կստեղծվի դրանց վերաբերող դրույթները գործողության մեջ դնել ավելի ուշ:

Ծրագրի իրականացման երկրորդ փուլում օրենսդրական ակտերի ընդունումից հետո նախատեսվում է մոտ երկու տասնյակ իրավական ակտերի ընդունում և աշխատանքների իրականացում, որոնք կապահովեն քրեակատարողական համակարգի գործունեության ամբողջականությունը:

 

2.2. Քրեակատարողական համակարգում բարեփոխումների ենթակառուցվածքային ապահովում. Քրեակատարողական համակարգի բարեփոխումների պարտադիր պայման է հանդիսանում ղեկավար մարմինների գործունեության հիմնական ուղղությունների վերանայումը: Քրեակատարողական համակարգը ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնելը և դրա գործունեությունը որպես հարաբերականորեն ինքնուրույն, սակայն միասնական կենտրոնացված կառույց, պահանջում է տարբեր ծառայությունների, ղեկավար մարմինների իրավասությունների շրջանակների վերանայում: Վերակազմակերպումն անհրաժեշտ է համատեղել կազմակերպչական կառուցվածքը կատարելագործելու, պատիժները կատարող մարմինների և հիմնարկների գործունեությունը միավորելու հետ` համակարգի ղեկավարման կենտրոնական և կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող տարածքային մարմինների իրավասությունների հստակ սահմանազատմամբ:

Ներկայումս, պահպանելով քրեակատարողական համակարգի ղեկավարման կենտրոնացված համակարգը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի` կարգավորման, օրենսդրության զարգացման հետ միաժամանակ անհրաժեշտ է իրականացնել ղեկավարման մասնակի ապակենտրոնացում, որով կավելանա և կամրապնդվի համակարգի հիմնարկների ինքնուրույնությունը, այսինքն` շատ խնդիրներ հիմնարկը կլուծի ինքնուրույն: Իհարկե, համակարգի ղեկավարման կենտրոնական մարմնի և հիմնարկների իրավասությունները ևս հստակ կսահմանազատվեն: Կվերանայվի նաև քրեակատարողական համակարգի ղեկավարման կենտրոնական մարմնի կարգավիճակը: Ասվածը նաև վերաբերում է քրեակատարողական համակարգի կենտրոնական մարմնի անձնակազմի հաստիքների վերանայմանը և տեղաբաշխմանը, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումներում այդ մարմնի գործառույթների հնարավորին խտացմանը (այսինքն` ներկայիս տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների հնարավոր միավորում մեկ ստորաբաժանման պարտականությունների մեջ):

Առավելագույնս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է ամրապնդել նորաստեղծ ծառայությունները, որոնք իրականացնում են քրեակատարողական համակարգի համար նոր գործառույթներ (ուղեկցման, հատուկ փոխադրումների, կապի ապահովման, սպառազինության և այլն): Առաջնային խնդիր է համարվում նաև հատուկ ստորաբաժանումներ կազմավորելը, դրանք անձնակազմով համալրելը և վերջիններիս մասնագիտական պատրաստականությունն ուսումնական հաստատությունների միջոցով ապահովելը:

Անհրաժեշտ է քրեակատարողական համակարգն ապահովել որակապես նոր տեղեկատվական-վերլուծական ծառայությամբ, ստեղծել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի համակարգերի և, առաջին հերթին, հատուկ հաշվառման ավտոմատացված համակարգի և վիճակագրական տեղեկատվության ներդրման համար անհրաժեշտ պայմաններ: Նախատեսվում է քրեակատարողական վարչության կազմում այդ գործառույթն ընդգրկել հաշվառման և իրավական ապահովման բաժնի պարտականությունների մեջ:

Քրեակատարողական տեսչությունները համարվում են քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանումներ և կատարում են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և հատուկ կամ զինվորական կոչումից զրկելը: Դրանց ավելանում է նաև պայմանականորեն դատապարտված անձանց և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը, եթե այդպիսին նշանակվել է դատարանի կողմից:

Բարդ և աշխատատար գործընթաց է հանդիսանում նոր պատժատեսակների կատարման կազմակերպումը: Նախատեսվում է որպես կալանատներ օգտագործել նախնական կալանքի վայրերի` դրա համար առանձնացված տարածքները, քանի որ նորերը կառուցելու համար պահանջվող ֆինանսական միջոցները բացակայում են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իր բովանդակությամբ նախաքննության և դատաքննության ժամկետներն անցնելուց հետո գործնականորեն շատ քիչ ժամանակ է մնում այդ խմբին պատկանող անձանց կողմից պատիժը կրելու համար (քանի որ կալանքն ըստ ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախատեսվում է 1-6 ամիս ժամկետով):

Բացի այդ, նշված անձինք կալանքը պետք է կրեն խիստ մեկուսացման պայմաններում: Այդ իսկ պատճառով նպատակահարմար չի լինի այդ անձանց տեղափոխել այլ հիմնարկներ: Դրանով անհրաժեշտություն չի առաջանա կառուցել հատուկ շինություններ կալանքի ձևով պատիժը կատարելու համար: Սակայն հիշյալ հանգամանքով կպայմանավորվի նախնական կալանքի վայրերի արդեն իսկ առկա ծանրաբեռնվածության ավելացումը, ուստի, անհրաժեշտություն կառաջանա հիմնել նախնական կալանքի մեկ նոր վայր:

Անհրաժեշտ կլինի ստեղծել նաև համապատասխան մեկուսացվածություն ունեցող հիմնարկ կամ հիմնարկի առանձնացված տեղամասեր, որոնք նախատեսված կլինեն օտարերկրյա քաղաքացիների, հոգեկան խանգարումներով տառապողների, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ դատապարտյալների այդ մասի համար պատժի կրման վայր է հանդիսանում թիվ 1 քննչական մեկուսարանը:

Հսկողության և պահպանության ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցների օգտագործմամբ կամրապնդվի պատժի կրման ռեժիմը և ազատազրկման վայրերի պահպանության հուսալիությունը:

Բավականաչափ աշխատանք պետք է ծավալվի նաև պատիժներ կատարող հիմնարկների և մարմինների գործունեության հարցերով հասարակական միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու և այն ամրապնդելու ասպարեզում (այդ թվում` իրավապաշտպան կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների հետ), աջակցել քրեակատարողական համակարգի առջև դրված խնդիրների իրականացմանն օգնություն ցուցաբերող հասարակական միավորումներին, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել քրեակատարողական համակարգի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը կարգավորող իրավական-նորմատիվ բազայի ստեղծմանը: Սերտ համագործակցություն է ստեղծվել «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform International) միջազգային հասարակական կազմակերպության հետ քրեակատարողական քաղաքականության առաջավոր փորձն ուսումնասիրելու և ներդնելու ասպարեզում:

Տարբեր կրոնական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը կնպաստի դատապարտյալների հոգևոր-բարոյական դաստիարակությանը:

Զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ամրապնդումը կնպաստի քրեակատարողական ողջ համակարգի գործունեության լուսաբանմանը և դրա թափանցիկության ապահովմանը: Այդ կապակցությամբ արդեն համագործակցություն է հաստատվել «Միջազգային աջակցություն բանտարկյալներին» հասարակական կազմակերպության «Հուսաստղ» պարբերաթերթի հետ` քրեակատարողական համակարգի գործունեությունն օբյեկտիվորեն լուսաբանելու և դրա մասին հասարակության մեջ ճիշտ կարծիք ձևավորելու նպատակով:

Կարևորելով վերոհիշյալ խնդիրները` քրեակատարողական վարչությունում նախատեսվում է ստեղծել արտաքին կապերի և տեղեկատվության բաժին, որը պետք է իրականացնի հետևյալ խնդիրները`

. ապահովի քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների մասնակցությունը

միջազգային միավորումների կողմից քրեակատարողական քաղաքականությանն

առնչվող ծրագրերի իրականացմանը.

. աջակցի քրեակատարողական համակարգի հիմնարկների, ինչպես նաև դրանց

ձեռնարկությունների ուղղակի մասնակցությունը միջազգային գիտատեխնիկական

համագործակցությանը և արտաքին տնտեսական գործունեությանը.

. զարգացնի գործնական համագործակցությունն այլ երկրների պատիժներ կատարող

ծառայությունների հետ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող

ասպարեզներում.

. ապահովի կազմակերպչամեթոդական բնույթի միջոցառումների համալիրի

իրականացումը` ուղղված քրեակատարողական համակարգի հիմնարկներում

օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պահելու

օրինականության, դատապարտյալ օտարերկրյա քաղաքացիներին հետագա պատիժը

կրելու համար համապատասխան երկրներին հանձնելու, էքստրադիցիայի,

արտերկրից ՀՀ քաղաքացի դատապարտյալներին ընդունելու վերաբերյալ

միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը:

Պատժի կատարման ժամանակ կարեվորվում է նաև համագործակցությունն իրավապահ մարմինների հետ հանցագործությունների դեմ պայքարում: Այն զարգացնելու նպատակով պետք է կատարելագործել քրեակատարողական համակարգի և իրավապահ մարմինների միջև գործնական համագործակցության, տեղեկատվության փոխանակման ձևերն ու մեթոդները, մասնավորապես, զինված պահպանության, ուղեկցման, հետախուզման, փախուստի դիմած հանցագործների ձերբակալման, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության ասպարեզներում: Համագործակցությունն առաջին հերթին կենտրոնացնել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, դատապարտյալների կողմից մեղայականով ներկայանալու, ծրագրվող հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ուղղիչ հիմնարկներից դուրս գտնվող հանցավոր խմբավորումների հետ դատապարտյալների կապերը բացահայտելու ուղղությամբ:

2.3. Քրեակատարողական համակարգի կադրերի պատրաստումը և վերապատրաստումը. Քրեակատարողական համակարգի գործունեության վերակազմակերպմանը և կատարելագործմանը զուգընթաց պետք է անցկացվի համակարգի կադրային ապահովմանը, նոր համոզմունքների տեր աշխատակիցների դաստիարակմանը, քրեակատարողական համակարգի աշխատակցի հասարակական հեղինակության բարձրացմանն ուղղված միջոցառումների համալիր (իրավաբանական, մանկավարժական և այլ բնագավառների մասնագետների) մասնագիտական պատրաստվածության արմատական բարեփոխումներ: Նկատի է առնված այն հանգամանքը, որ քրեակատարողական համակարգի բարեփոխումներն ամբողջական կլինեն այն դեպքում, երբ առկա են նոր օրենսդրությանը քաջատեղյակ և այն պատշաճ կարգով կիրառելու պատրաստ, տեղեկատվության օպերատիվ փոխանակման ժամանակակից միջոցներից օգտվելու հմտություններ ունեցող, բարոյական և գործնական բարձր հատկանիշներով օժտված կադրեր:

Նախատեսվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում ստեղծել համապատասխան ուսումնական ստորաբաժանում, որտեղ կմշակվեն և կիրականացվեն կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ուսումնական ծրագրեր: Կկատարելագործվի քրեակատարողական համակարգի աշխատակիցների որակավորման ստուգման կարգը:

Ուսուցման հետագա մշտական համակարգի ստեղծումը պահանջում է նաև կայուն դասախոսական կազմի ստեղծում: Այս առումով մեծ կլինի օտարերկրյա խորհրդատուների դերը (training of trainers): Այս կապակցությամբ նախատեսվում է զարգացնել ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև հաստատված համագործակցությունը:

Նախատեսվում է ապահովել գործառույթների փոփոխման պատճառով ազատված անձանց վերապատրաստում` քրեակատարողական համակարգում աշխատելու նպատակով:

Անհրաժեշտ է համակարգի աշխատողներին ապահովել անհատական պահպանության և պաշտպանության ուսուցմամբ, կատարելագործել նրանց հատուկ, մարտական և ֆիզիկական պատրաստականության համակարգը:

Բարեփոխումների գործընթացի անբաժան մասն են կազմում նոր քրեակատարողական օրենսդրության մեկնաբանությունների ստեղծման, հրատարակման և դրանցով աշխատողներին ապահովելու աշխատանքները:

2.4. Դատապարտյալների զբաղվածությունը. Քրեակատարողական համակարգի հիմնարկներին կից նախատեսվում է ստեղծել հիմնադրամներ: Նման քայլը հնարավորություն կընձեռի դատապարտյալների աշխատանքային զբաղվածության խնդիրը լուծելու նպատակով իրականացնել օրենքով չարգելված և քրեակատարողական հիմնարկների գործունեությանը չխոչընդոտող ցանկացած գործունեություն: Կարևորվում է այն հանգամանքը, որ հիմնադրամները կզբաղվեն նաև ոչ եկամտաբեր գործունեությամբ, քանի որ դատապարտյալների զբաղվածության առկայությունը (թեկուզ ֆինանսական առումով վնասաբեր) արդեն իսկ դրական արդյունք պետք է համարել:

Նախատեսվում է այս բնագավառում կիրառվող քաղաքականությունն ամբողջությամբ տեղայնացնել (պատիժները կատարող հիմնարկներին տալ լրիվ ինքնուրույնություն), այսինքն` հիմնարկին կից հիմնադրամն ինքնուրույն կորոշի, թե ինչ գործունեություն կծավալվի: Իհարկե, առաջնությունը կտրվի գործունեության այն տեսակներին, որոնք առավել կնպաստեն դատապարտյալների սոցիալական վերականգնմանը:

ԱՊՀ երկրների փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել նպատակահարմար և ներկա տնտեսական վիճակում առավել իրական է փոքր արտադրական գործունեության խթանումը` նյութական միջոցների ոչ բավարար լինելու տեսանկյունից: Քրեակատարողական համակարգի արդյունաբերության վերակառուցման միջոցառումների համալիրը կներառի նաև քրեակատարողական համակարգի պարենային, իրային, շինարարական, կոմունալ-կենցաղային, տնտեսական և հատուկ նշանակության արտադրանքի կարիքների ինքնուրույն բավարարում և դատապարտյալների պրոֆտեխնիկական ուսուցման և նախնական մասնագիտական պատրաստականության համակարգի կատարելագործում` ելնելով աշխատանքի շուկայում տիրող իրավիճակից, այդ նպատակով օգտագործելով բնակչության զբաղվածության պետական և տարածքային ֆոնդերի հնարավորությունները:

2.5. Բուժսպասարկման կազմակերպումը. Սույն ծրագրի կարևորագույն բաժիններից մեկն է դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց բժշկական սպասարկման ոլորտը: Այստեղ կարևորվում է դատապարտյալների և կայանքի տակ գտնվող անձանց բժշկական սպասարկման և սանիտարական հսկողության կազմակերպման կարգի ընդունումը, որով նոր աստիճանի կբերվի այս ոլորտին վերաբերող հարցերի իրավական կարգավորումը:

Անհրաժեշտ է ստեղծել բուժսպասարկման նոր բաժին, որը կկոորդինացնի դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց բուժսպասարկման արդյունավետ իրականացումը, քանի որ ներկայումս այդ գործառույթն իրականացնում է ՀՀ ՆԳ նախարարության բուժվարչությունը:

Այս ուղղությամբ անհրաժեշտ է մշակել նորմատիվ-իրավական ակտեր` ուղղված ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից և թունամոլությունից բուժման կարիք ունեցող, տուբերկուլյոզի բաց ձևով, վեներական հիվանդություններով, մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներով տառապող անձանց, ՄԻԱ վարակակիրների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու իրավական կարգավորմանը:

Զարգացման նոր աստիճանի պետք է բերել համագործակցությունն առողջապահության մարմինների հետ` վարակիչ և այլ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման ոլորտում:

Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ տուբերկուլյոզի բաց ձևով հիվանդ դատապարտյալների նորմալ պայման և ամբուլատոր բուժման համար` հաշվի առնելով այդ հիվանդության զարգացման միտումը թե՛ երկրում ընդհանրապես, թե՛ քրեակատարողական հիմնարկներում` այդ նպատակով օգտագործելով ոչ միայն բյուջետային հատկացումները, սեփական միջոցները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունը, այլև ներպետական և օտարերկրյա տարբեր հիմնադրամների, հովանավոր կազմակերպությունների միջոցները:

2.6. Դատապարտյալների սոցիալական վերականգնումը. Պետք է պահպանվի և զարգացվի դատապարտյալների սոցիալական վերականգնմանն ուղղված գործունեությունը, ինչի համար անհրաժեշտ է մշակել դատապարտյալների հետ դաստիարակչական-կանխարգելիչ և սոցիալական աշխատանքի համալիր ծրագիր, այն ուղղել դատապարտյալների մեջ օգտակար հասարակական գործունեության ձգտում, օրենքի և հասարակությունում ընդունված վարքագծի կանոնների նկատմամբ հարգանք ձևավորելու գործին: Այդ գործունեությունը կանոնակարգելու նպատակով քրեակատարողական վարչությունում նախատեսվում է ունենալ սոցիալական վերականգնման բաժին, ինչպես նաև ստեղծել դատապարտյալների սոցիալական օգնության և նրանց վրա հոգեբանամանկավարժական ներգործության միասնական ծառայություն, սերտ կապեր պահպանել բնակչության զբաղվածության և սոցիալական պաշտպանության մարմինների հետ, ուսումնասիրել սոցիալական աշխատակիցների ծառայություն ստեղծելու նպատակահարմարության հարցը:

Քրեակատարողական համակարգի հոգեբանական ծառայության շրջանակներում պատիժներ կատարող հիմնարկներում պետք է ստեղծվեն և զարգացվեն մասնագիտացված հոգեբանական ախտորոշման լաբորատորիաներ (հոգեբանական լիցքաթափման սենյակներ)` առօրյա պրակտիկայում ներդնելով դատապարտյալի անձն ուսումնասիրելու և նրա վարքագիծը շտկելու գոյություն ունեցող հոգեբանամանկավարժական մեթոդները և ծրագրերը:

Գործնականում կհաստատվի համոզման մեթոդի առաջնայնությունը, կապահովվի դատապարտյալների ժամանցի, նրանց ֆիզիկական և հոգեկան առողջացմանն ուղղված նոր մեթոդների ու ձևերի մշակում և կիրառում, կընդարձակվի ակումբային և խմբակային աշխատանքի համակարգը:

Դատապարտյալների հանրակրթական և մասնագիտական ուսուցման համակարգն ազատազրկման վայրերում բարձրացնելու նպատակով տարրական, միջնակարգ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու միջոցով կներդրվի ուսումնական ծրագրերի ճկուն կառուցվածք` հեռակա ուսուցման ավելի լայն կիրառմամբ:

Պետք է նպաստել դատապարտյալների և նրանց ազգականների միջև կապերի պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև խթանել դատապարտյալների հոգեկան դաստիարակության գործին հասարակական, կրոնական և այլ կազմակերպությունների մասնակցությանը` պատժի կրումից ազատվելուց հետո դատապարտյալներին օրինապահ հասարակական կյանքի վերադարձնելու նպատակով:

Այդ կապակցությամբ նախատեսվում է զարգացնել համագործակցությունը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի, ինչպես նաև համագործակցության եզրեր փնտրել այլ կազմակերպությունների հետ:

2.7. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները. Ծրագրի առաջին փուլի իրականացման` համակարգի ենթակայության փոփոխման համար լուրջ ֆինանսական միջոցների ներդրումներ անհրաժեշտ չեն: Տվյալ փուլում աննշան ծախսեր կկատարվեն միայն համակարգի անշարժ գույքի պետական գրանցման համար` պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:

Ծրագրի երկրորդ` քրեակատարողական համակարգի զարգացման փուլի իրականացման համար, անշուշտ, անհրաժեշտ են ֆինանսական միջոցների ներդրումներ, որոնք նախատեսվում է իրականացնել ինքնուրույն` սույն ծրագրի 2.4. կետում նշված` ուղղիչ հիմնարկներին կից գործող հիմնադրամների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հաշվին:

Սակայն, ինչպես նշվել է ծրագրի 2.2. կետում, նպատակահարմար չէ կալանքի դատապարտված անձանց տեղափոխել այլ հիմնարկներ: Հիշյալ հանգամանքով է պայմանավորված նախնական կալանքի վայրերի արդեն իսկ առկա ծանրաբեռնվածության նախատեսվելիք ավելացումը, ուստի, անհրաժեշտություն կառաջանա կազմակերպել նախնական կալանքի մեկ նոր վայր, որի կազմակերպման մոտավոր հաշվարկները կազմում են 450-500 մլն դրամ: Բացի այդ, անհրաժեշտություն կառաջանա նաև այն ապահովել համապատասխան հաստիքային միավորներով: Հիշյալ ծախսերը նախատեսվում է կատարել պետական բյուջեի հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2001
N 18
Արձանագրային որոշում