050.0161.120601
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2001 թվականի թիվ 161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրին (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին` համաձայնագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի ստորագրմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Համաձայնագիր N #
ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ
Ք. Երևան ... . _ _ 2001 թ.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի (այսուհետև` «Բանկ»)` մի կողմից, և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ի դեմս նախագահ Ս. Մնացականյանի (այսուհետև` «Վիճակագրական ծառայություն»)` մյուս կողմից (հետագայում` «Կողմեր»), կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Սույն համաձայնագրով սահմանված կարգով «Վիճակագրական ծառայությունը», բացի պաշտոնապես հրապարակվող և «Բանկին» տրամադրվող տեղեկատվությունից, «Բանկին» է տրամադրում սույն համաձայնագրին կից հավելված 1-ով ներկայացվող տեղեկատվությունը` հավելվածով նախատեսված ժամկետներում և կարգով:
2. Սույն համաձայնագրով սահմանված կարգով «Բանկը» «Վիճակագրական ծառայությանը» տրամադրում է սույն համաձայնագրին կից հավելված 2-ով նախատեսված տեղեկատվությունը` հավելվածով նախատեսված ժամկետներում և կարգով:
3. «Կողմերի» համաձայնությամբ սույն համաձայնագրի շրջանակներում միմյանց տրամադրվող տեղեկատվության ցանկը կարող է փոփոխվել լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով:
4. Համաձայնագրի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունները տրամադրվում են անվճար:
5. Եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ կամ «Կողմերի» համաձայնությամբ, արգելվում է սույն համաձայնագրով նախատեսված պաշտոնապես չհրապարակվող տեղեկատվության հրապարակումը կամ տարածումը, երրորդ անձանց նման տեղեկատվություն հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկատվության պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը: Չհրապարակման ենթակա տեղեկատվության տրամադրման դեպքում տեղեկատվությունը տրամադրող կողմը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ստացող կողմին:
6. Սույն համաձայնագրին կից ներկայացվում են «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվող տեղեկատվություն» հավելված 1-ը և «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրվող տեղեկատվություն» հավելված 2-ը, որոնք համարվում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը կազմող փաստաթղթեր:
7. Սույն համաձայնագրով նախատեսված որևէ տեղեկատվություն սահմանված ժամկետներում և ձևերով համաձայնագրի մի կողմի մեղքով երեք անգամից ավելի չտրամադրման դեպքում համաձայնագրի «Կողմերը» քննարկում են տեղեկատվության չտրամադրման պատճառները: Համաձայնության չգալու դեպքում համաձայնագրի մյուս կողմը իրավունք ունի միակողմանի լուծարել սույն համաձայնագիրը` այդ մասին գրավոր տեղյակ պահելով խախտող կողմին:
8. Սույն համաձայնագիրը կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրամադրվում է համաձայնագրի մեկական օրինակ:
9. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է երկկողմանի ստորագրման պահից:
«Բանկ» «Վիճակագրական ծառայություն»
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
ք. Երևան, Վ. Սարգսյան 6 ք. Երևան, Հանրապետության հրապարակ,
Կառավարական տուն 3
նախագահ` Տ. Սարգսյան նախագահ` Ս. Մնացականյան
--------------------- ----------------------
Կ.Տ Կ.Տ