Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

21.12.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.03.1992  -ից մինչեւ   21.12.2002  -ը:
 

(Սույն օրենսգիրքն ուժը կորցրել է 21.12.2002 թվականից` 06.11.02 ՀՕ-456 (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

i

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» փետրվարի 1992թ. Հ.Ն-0535-I

 

Սույն օրենսգրքով սահմանվում է ընդերքի` երկրի կեղևի բնածածկույթից (հողածածկույթից) ներքև ըստ խորության երկրաբանական հետախուզման և օգտագործման համար մատչելի մասի տնօրինման, օգտագործման և պահպանության կարգը:

 

ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի խնդիրները

 

Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի խնդիրներն են` բազմակացութաձև տնտեսության պայմաններում ընդերքի և նրա օգտագործման շուրջ ծագող հարաբերությունների կարգավորումը, հանքային հումքի նկատմամբ տնտեսության պահանջմունքների և մյուս կարիքների բավարարման նպատակով ընդերքի պահպանության, արդյունավետ և համալիր օգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի անվտանգության ապահովումը, հանրապետության` որպես ընդերքի սեփականատիրոջ, և ընդերքն օգտագործողների իրավունքների ու տնտեսական շահերի պաշտպանությունը:

 

Հոդված 2. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետությունում ընդերքի և նրա օգտագործման շուրջ ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

Ընդերքն օգտագործելիս հողային, անտառային տարածքների, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև ջրային և օդային ավազանների հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրությամբ:

 

i
Հոդված 3. Ընդերքի սեփականությունը

 

Հայաստանի Հանրապետության ընդերքը նրա բացառիկ սեփականությունն է, որը օգտագործման է տրվում և սեփականաշնորհման ենթակա չէ:

 

i
Հոդված 4. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական կառավարումը

 

Ընդերքի օգտագործման և պահպանության պետական կառավարումն իրականացնում են` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, դրա համար հատկապես լիազորված մարմինները, ինչպես նաև պետական իշխանության տեղական մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում

 

Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանը ենթակա են`

ա) հանրապետության տարածքում ընդերքի պետական միասնական, այդ թվում` գիտատեղեկատվական ֆոնդի ստեղծումն ու պահպանումը, դրանից օգտվելու կարգի սահմանումը, օգտակար հանածոների հաշվառումն ու տնօրինումը.

բ) հանքահումքային բազայի զարգացման և ընդերքի պահպանության ծրագրերի մշակումն ու իրագործումը.

գ) ընդերքի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

դ) ընդերքի օգտագործման և պահպանության տեխնիկական և տեխնոլոգիական չափանիշների մշակումն ու հաստատումը.

ե) բնապահպան տարածքներում գտնվող և համապետական նշանակություն ունեցող հանքավայրերի հետախուզման և օգտագործման, ինչպես նաև ընդերքի օգտագործման արգելքի հատուկ դեպքերի մասին որոշումների ընդունումը.

զ) ընդերքի օգտագործման բնագավառում ազատ ձեռներեցության և մրցակցության զարգացմանը նպաստող հակամենաշնորհային քաղաքականության իրագործումը.

է) երկրաբանական ուսումնասիրություններ կատարող համապատասխան ձեռնարկությունների կանոնադրությունների հաստատումը.

ը) ընդերքից օգտվելու վարձի գանձման արտոնյալ պայմանների սահմանումը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

 

i
Հոդված 6. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինների իրավասությունը

 

Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինների իրավասությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 7. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական իշխանության տեղական մարմինների իրավասությունը

 

Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական իշխանության տեղական մարմինների իրավասության ենթակա են`

ա) ընդերքից օգտվելու թույլտվության համաձայնեցումը.

բ) մասնակցությունը ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությանը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 8. Ընդերքից օգտվելու ձևերը

 

Ընդերքը կարող է օգտագործվել`

ա) երկրաբանական ուսումնասիրությունների համար.

բ) օգտակար հանածոների արդյունահանման համար.

գ) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու համար:

 

i
Հոդված 9. Ընդերքն օգտագործողները

 

Հավասար իրավունքներով ընդերքի օգտագործողներ կարող են լինել այն ձեռնարկությունները, որոնց կանոնադրություններում նշված է համապատասխան գործունեության ոլորտը:

Ընդերքի օգտագործումը օտարերկրյա և միջազգային ձեռնարկությունների, ինչպես նաև մասնավոր անձանց կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 10. Ընդերքից օգտվելու կարգը

 

Ընդերքի շահագործումը վճարովի է և իրականացվում է ըստ արտոնագրի ու համաձայն պայմանագրի: Ընդերքի օգտագործման վարձի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման դեպքում վարձը գանձվում է ըստ արդյունահանվող հումքի տեսակի և ծավալի:

Ընդերքի տրամադրումը երկրաբանական ուսումնասիրությունների և գիտահետազոտական նպատակների համար անվճար է և իրականացվում է գրանցման կարգով:

Ընդերքի տրամադրումը երկրաբանական-հետախուզական աշխատանքների համար անվճար է, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Ընդերքից օգտվելու վճարը գանձվում է սահմանված կարգով, եթե ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում կատարվում է օգտակար հանածոների արդյունահանում` հետագա իրացումով:

 

Հոդված 11. Ընդերքից օգտվելու ժամկետները

 

Ընդերքից օգտվելը, որպես կանոն, ժամկետային է: Օգտվելու ժամկետները որոշվում են արտոնագրի հիման վրա կազմվող համապատասխան պայմանագրով:

Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված դեպքերում ընդերքից օգտվելը կարող է լինել անժամկետ:

 

Հոդված 12. Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման համար օգտագործման տալը

 

Օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքը օգտագործման է տրվում ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների միջոցով, որոնք տալիս են թույլտվություն (արտոնագիր):

Օգտակար հանածոների արդյունահանման արտոնագրեր տալը առանց սահմանված կարգով պաշարների հաստատման արգելվում է:

Տրված թույլտվությունների (արտոնագրերի) հիման վրա ընդերքից օգտվողի և հատկապես լիազորված մարմնի միջև կնքվում է պայմանագիր` սահմանված կարգով:

 

i
Հոդված 13. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու պայմանագիրը

 

Պայմանագիրը ընդերքից օգտվելու ընթացքում կողմերի հարաբերությունները որոշող հիմնական իրավական փաստաթուղթն է:

Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով ընդերքից օգտվելու պայմանագրով նախատեսվում են`

ա) կողմերի պարտականությունները.

բ) ընդերքից օգտվելու ժամկետներն ու պայմանները.

գ) վարձի չափը և դրա մուծման կարգը.

դ) ընդերքից օգտվելիս ծագող սոցիալ-էկոլոգիական և այլ բացասական հետևանքների հետ կապված վնասի հատուցման կարգը.

ե) ընդերքն օգտագործողի կատարած ծախսերի հատուցման կարգը` տրամադրողի նախաձեռնությամբ ընդերքից օգտվելը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում.

զ) կողմերի փոխհարաբերությունները որոշող այլ պայմաններ:

Պայմանագրերը ենթակա են գրանցման հատկապես լիազորված պետական մարմիններում:

 

i
Հոդված 14. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով ընդերքն օգտագործման տալը

 

Ստորերկրյա կառույցների շինարարության ու շահագործման և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով ընդերքն օգտագործման է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Վնասակար նյութերը և արտադրության թափոնները թաղելու, կեղտաջրերը թափելու համար ընդերքն օգտագործելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` հատուկ պահանջների ու պայմանների պահպանմամբ:

Ձեռնարկությունները և քաղաքացիները տնտեսական և կենցաղային կարիքների համար սահմանված կարգով և իրենց հատկացված հողամասերի սահմաններում իրավունք ունեն օգտվելու ընդերքից:

 

i
Հոդված 15. Լեռնահատկացում

 

Լեռնահատկացմամբ որոշվում են օգտակար հանածոների արդյունաբերական շահագործման և ստորերկրյա կառույցների շինարարության համար տրվող ընդերքի մասի սահմանները:

Լեռնահատկացումը ձևակերպվում է համապատասխան ակտով, որը տալիս է ընդերքից օգտվելու աշխատանքներն սկսելու իրավունք: Հատկացված տարածքի սահմաններից դուրս օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, ստորերկրյա, ինչպես նաև օժանդակ կառույցների շինարարությունն արգելվում է:

 

Հոդված 16. Լեռնահատկացման կարգը

 

Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար լեռնահատկացումը կատարում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինը:

Ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով լեռնահատկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Օգտակար հանածոների շահագործման նպատակով լեռնահատկացում չի թույլատրվում մինչև սահմանված կարգով պայմանագրի կնքումն ու գրանցումը:

Լեռնահատկացման սահմանների փոփոխությունը կատարվում է սույն օրենսգրքի 15 հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 17. Ընդերքի օգտագործումն առանց լեռնահատկացման

 

Առանց լեռնահատկացման ընդերքն օգտագործել թույլատրվում է`

ա) հանքավայրի` հաստատված նախագծով մանրամասն հետախուզման ընթացքում, նրա մի փորձնաարդյունաբերական շահագործման ժամանակ.

բ) ձեռնարկություններին և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում առկա ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոները շահագործելիս, ինչպես նաև տնտեսական և կենցաղային կարիքների համար ստորերկրյա շինարարություն կատարելիս:

Սույն հոդվածին համապատասխան, ընդերքից օգտվելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական իշխանության տեղական մարմինների ակտերով:

 

Հոդված 18. Ընդերքն օգտագործողների պարտականությունները

 

Ընդերքն օգտագործողները պարտավոր են ապահովել`

ա) պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը.

բ) մթնոլորտային օդի, հողերի, անտառների, ջրերի և շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքի օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

գ) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքի օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

դ) օրենսդրությանը համապատասխան ընդերքից օգտվելու հետևանքով խախտված հողամասերը անվտանգ վիճակի բերելը, ինչպես նաև դրանք տնտեսության մեջ օգտագործման համար պիտանի դարձնելը:

 

Հոդված 19. Ընդերքից օգտվելու իրավունքի դադարեցման հիմքերը

 

Ընդերքից օգտվելու իրավունքը դադարեցվում է, եթե`

ա) ընդերքի տվյալ տարածքը վերցվում է պետական կամ հասարակական կարիքների համար.

բ) ստեղծվել է ակնհայտ սպառնալիք աշխատողների և բնակչության անվտանգության ու առողջության համար.

գ) ընդերքը օգտագործվում է ոչ այն նպատակով, որի համար տրվել է.

դ) լրացել են ընդերքից օգտվելու պայմանագրերով սահմանված ժամկետները.

ե) խախտվել են ընդերքը օգտագործման տալու պայմանագրային պարտավորությունները:

 

Հոդված 20. Ընդերքից օգտվելու իրավունքի դադարեցման կարգը

 

Ընդերքից օգտվելու իրավունքը դադարեցվում է լեռնահատկացման ակտը, թույլտվությունը կամ պայմանագիրը չեղյալ հայտարարելու միջոցով:

Սույն օրենսգրքի 19 հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված դեպքերում ընդերքից օգտվելու իրավունքի դադարեցման մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենսգրքի 19 հոդվածի «գ», «դ» և «ե» կետերով նախատեսված դեպքերում ընդերքից օգտվելու իրավունքը դադարեցնելու մասին որոշումը կայացնում են լեռնահատկացման ակտ կամ թույլատվություն տվող և պայմանագիր կնքող մարմինները:

 

ԲԱԺԻՆ II
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 21. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության կարգը

 

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունը կատարվում է օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման, հանքային հումքի արդյունահանման հետ չկապված նպատակներով օգտագործման համար նախատեսվող տեղամասերի հայտնաբերման և գնահատման, ինչպես նաև գործնական և գիտական արժեք ներկայացնող տեղեկատվություն ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության տարածքում հավասար իրավունքով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կարող են կատարել այն կազմակերպություններն ու ձեռնարկությունները, որոնց կանոնադրություններում նշված է համապատասխան գործունեության ոլորտը:

Կազմակերպություններն ու ձեռնարկություններն իրենց պատասխանատվությամբ կարող են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համար ներգրավել այլ մասնագիտացված, այդ թվում նաև արտասահմանյան ձեռնարկություններ:

Երկրաբանական-հետախուզական աշխատանքները, որոնք պահանջում են անցնել լեռնային փորվածքներ ու հորատանցքեր կամ սահմանված են հատուկ ցանկով, թույլատրվում են միայն լիազորված մարմնի կողմից` համապատասխան արտոնագիր ստանալուց հետո:

 

Հոդված 22. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումը և հաշվառումը

 

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են պետական գրանցման և հաշվառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելն առանց պետական գրանցման արգելվում է:

 

Հոդված 23. Օգտակար հանածոների հանքավայրերի հանրապետական միասնական ֆոնդը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օգտակար հանածոների բոլոր հանքավայրերն ընդգրկվում են մեկ միասնական հանրապետական ֆոնդում, որում հաշվառվում են շահագործվող, պահեստային, հետազոտվող հանքավայրերը և դրանց պաշարները:

 

Հոդված 24. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությանը ներկայացվող հիմնական պահանջները

 

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունը կատարելիս անհրաժեշտ է ապահովել`

ա) լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, էկոլոգիական (բնապահպանական) և օգտակար հանածոների հանքավայրերի մշակման մյուս պայմանների, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման պայմանների հավաստիությունը և անհրաժեշտ լիակատարությունը.

բ) հիմնական և դրանց հետ համատեղ գտնվող օգտակար հանածոների պաշարների և նրանց պարունակած բաղադրամասերի որակի ու քանակի որոշման հավաստիությունը.

գ) ընդերքի պահպանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը.

դ) մարդկանց անվտանգությունը և շրջակա միջավայրի պահպանությունը երաշխավորող մեթոդների ու եղանակների կիրառումը.

ե) օգտակար հանածոների չարդարացված կորուստները և դրանց որակի վատացումը բացառող մեթոդների ու եղանակների կիրառումը.

զ) պայմանագրերի համաձայն` երկրաբանական և այլ փաստաթղթերի, լեռնային ապարների և հանքանյութերի նմուշների պահպանությունը:

 

i
Հոդված 25. Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվությունը

 

Կատարվող աշխատանքի նախագծի սահմաններում ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվությունը հանդիսանում է ֆինանսավորող ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ մասնավոր անձանց սեփականությունը և տնօրինվում է նրանց կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բյուջեի միջոցների հաշվին սահմանված կարգով ստացված ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվությունը անհատույց հանձնվում է հանրապետական երկրաբանական ֆոնդին: Ձեռնարկությունների, այլ սեփականատերերի միջոցների հաշվին ստացված նույնպիսի տեղեկատվությունը հանձնվում է նույն ֆոնդին` սահմանված կարգով ու համապատասխան վարձատրությամբ: Եթե ստացված տեղեկատվությունը ներկայացնում է առևտրային գաղտնիք, առանց սեփականատիրոջ համաձայնության այն չի կարող փոխանցվել երրորդ անձի կամ ձեռնարկության:

Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվությունը կարող է հանդիսանալ առուծախի առարկա, եթե դրա հետևանքով հանրապետության շահերին վնաս չի հասցվում:

Պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել տեղեկատվության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ընթացքում:

Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության սեփականության իրավունքը պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 26. Ընդերքի մասին գիտական հայտնագործությունների հեղինակները

 

Այն անձինք, որոնք ներկայացնում են ընդերքի մասին մինչ այդ անհայտ երկրաբանական տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու նոր հիմնարար օրինաչափություններ, այդ թվում նաև օգտակար հանածոների արդյունաբերական կուտակումների առկայության ու դրանց տեղաբաշխման մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվում են ընդերքի մասին գիտական հայտնագործությունների հեղինակներ:

Ընդերքի մասին գիտական հայտնագործությունների հեղինակներն ունեն միանվագ վարձահատուցման իրավունք:

Ընդերքի մասին գիտական հայտնագործությունների հեղինակների իրավունքները որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 27. Օգտակար հանածոների հանքավայրեր հայտնագործողները

 

Օգտակար հանածոների հանքավայրեր հայտնագործողներ են համարվում այն անձինք, որոնք պաշտոնական հայտ են ներկայացնում որոշակի տեղամասում կոնկրետ օգտակար հանածոների հանքավայրերի, ինչպես նաև հայտնի հանքավայրերում արդյունաբերական նշանակություն ունեցող նոր հանքային հումքի առկայության մասին, որը հետագայում հաստատվում է երկրաբանական հետախուզմամբ:

Հայտնագործողներն ունեն միանվագ վարձահատուցման, ինչպես նաև հանքավայրի շահագործման արտոնագիր ստանալու առաջնահերթ իրավունք: Վարձահատուցման չափը որոշվում է ստացված շահույթի համապատասխան մասնաբաժնով` ըստ հումքի տեսակի և հանքավայրի տիպի:

 

Հոդված 28. Հանքային հումքի կոնդիցիաների և օգտակար հանածոների պաշարների հաստատումը

 

Ընդերքի ուսումնասիրման առավելագույն լիակատարությունը ապահովելու և նրա հետագա համալիր օգտագործումը կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր հանքավայրի համար սահմանվում են հանքային հումքի կոնդիցիաներ, որոնք իրենցից ներկայացնում են օգտակար հանածոների որակի ու քանակի, հանքավայրի շահագործման լեռնաերկրաբանական և այլ պայմաններին ներկայացվող տնտեսապես հիմնավորված պահանջների ամբողջություն:

Հանքային հումքի կոնդիցիաները մշակվում են հաշվի առնելով հիմնական և դրանց հետ համատեղ գտնվող օգտակար հանածոների, ինչպես նաև դրանցում պարունակվող արժեքավոր բաղադրամասերի օգտագործումը:

Կոնդիցիաները, հետախուզված հանքավայրերի օգտակար հանածոների պաշարները, ինչպես նաև հանքավայրերի շահագործման ընթացքում լրացուցիչ հետախուզված պաշարները հաստատում է Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների հանձնաժողովը, որն ունի արտագերատեսչական կարգավիճակ և ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

ԲԱԺԻՆ III
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 29. Օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծման առանձնահատկությունները

 

Օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծումը կատարվում է ենթադրվող շինարարության տեղամասի, ընդերքի երկրաբանական և այլ կարգի ուսումնասիրության հիման վրա` հաշվի առնելով բնապահպանական անվտանգության ապահովումը և համալիր զարգացումը:

Շինարարության նախագիծը, որպես կանոն, պետական իշխանության տեղական մարմինների մասնակցությամբ պետք է անցնի համալիր փորձաքննություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկության նախագծումը կատարվում է օգտակար հանածոների պաշարների հաստատումից և հանքավայրը արտադրական շահագործման հանձնելուց հետո:

 

Հոդված 30. Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող ձեռնարկությունների, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծմանը, շինարարությանը և գործարկմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող ձեռնարկությունների նախագծերում պետք է նախատեսվեն`

ա) կառուցվող և վերակառուցվող ձեռնարկությունների բնապահպանական և տեխնիկատնտեսական հիմնավորումը.

բ) օգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիսի եղանակներ ու մշակման համակարգեր, որոնք ապահովում են ընդերքից հիմնական և դրանց հետ համատեղ գտնվող օգտակար հանածոների պաշարների առավել լիակատար համալիր, տնտեսապես նպատակահարմար կորզում, ինչպես նաև զանգվածից զուգընթաց անջատվող պարփակող ապարների պահպանությունն ու օգտագործումը.

գ) հանքարդյունահանման հետևանքով ընդերքում առաջացած դատարկ տարածության նպատակային օգտագործումը.

դ) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ժամանակ մակաբացման ապարների օգտագործումը.

ե) զուգընթաց արդյունահանվող, ժամանակավոր չօգտագործվող օգտակար հանածոների պահեստավորումը և պահպանությունը.

զ) հանքարդյունաբերող ձեռնարկությունների շինարարության և շահագործման ընթացքում բացահայտվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունն ու մարկշեյդերային փաստաթղթերի կազմումը.

է) բնակչության անվտանգությունը, ընդերքի և շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, շենքերի ու կառույցների պահպանությունն ապահովող միջոցառումները.

ը) սույն օրենսգրքի 18 հոդվածում նշված պահանջների կատարումը:

Հանքային հումք վերամշակող ձեռնարկությունների նախագծերում սույն հոդվածի «ա», «դ», «ե», «է» կետերում շարադրված պահանջներից բացի պետք է նախատեսել այն տեխնոլոգիական սխեմաների կիրառումը, որոնք ապահովում են արդյունահանված հանքային հումքում պարունակվող արդյունաբերական նշանակություն ունեցող բաղադրամասերի արդյունավետ ու համալիր կորզումը, վերամշակման թափոնների, շլամների, փոշու, արտահանվող ջրերի և այլնի առավել լիակատար օգտագործումը:

Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող ձեռնարկությունների, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարությունը, վերակառուցումը և գործարկումը արգելվում են, եթե դրանց նախագծման ընթացքում չեն պահպանվել սույն հոդվածով նախատեսված պահանջները:

 

ԲԱԺԻՆ IV
ԸՆԴԵՐՔԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

Հոդված 31. Օգտակար հանածոների հանքավայրերի մշակման կարգը

 

Օգտակար հանածոների, այդ թվում` նավթի, գազի, ստորերկրյա ջրերի, հանքավայրերի մշակումը կատարվում է հանքարդյունաբերող ձեռնարկությունների հաստատված նախագծերով, լեռնային աշխատանքների ծրագրերով, ինչպես նաև ընդերքը օգտագործման տալու մասին պայմանագրով նախատեսված պայմաններով` տեխնիկական շահագործման կանոններին համապատասխան:

Օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների տեխնիկական շահագործման, ինչպես նաև նավթի, գազի և ստորերկրյա ջրերի հանքավայրերի մշակման կանոններն ու լեռնային աշխատանքների ծրագրերը հաստատվում են համապատասխան մարմինների կողմից` համաձայնեցնելու ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինների հետ:

 

Հոդված 32. Օգտակար հանածոների հանքավայրերի մշակմանը և հանքային հումքի վերամշակմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

Օգտակար հանածոների հանքավայրերը մշակելիս և հանքային հումքը վերամշակելիս պետք է ապահովվեն`

ա) հիմնական և դրանց հետ համատեղ գտնվող օգտակար հանածոների հանույթի առավել արդյունավետ, էկոլոգիապես անվտանգ այն մեթոդների կիրառումը, որոնք բացառում են հանքավայրերի փչացումը, օգտակար հանածոների գերնորմատիվային կորուստները և աղքատացումը, ինչպես նաև պաշարների ընտրովի մշակումը.

բ) շահագործվող և դրանց հարևան հանքավայրերի փչացման բացառումը, ինչպես նաև ընդերքում կոնսերվացվող օգտակար հանածոների պաշարների արդյունահանումից առաջացած ընդերքի դատարկ տարածքների պահպանությունը.

գ) զուգընթաց արդյունահանվող և ժամանակավորապես չօգտագործվող օգտակար հանածոների, արտադրության` օգտակար բաղադրամասեր պարունակող թափոնների պահպանությունն ու հաշվառումը.

դ) երկրաբանական-հետախուզական և մարկշեյդերային աշխատանքների կատարումը, ինչպես նաև համապատասխան երկրաբանական և տեխնիկական փաստաթղթերի վարումը.

ե) օգտակար հանածոների պաշարների վիճակի ու շարժի, դրանց կորուստների և աղքատացման հաշվառումն ու պետական հաշվետվությունը, ինչպես նաև հանքային հումքի և ընդերքում դատարկ տարածքների համալիր օգտագործման հաշվառումը.

զ) հանքային հումքի համալիր վերամշակմանն ուղեկցող օգտակար բաղադրամասերի կորզումը.

է) աշխատողների և բնակչության կյանքի ու առողջության անվտանգության, ընդերքի և շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, շենքերի ու կառույցների պահպանությունը, վթարների վերացման ծրագրերի մշակումն ու հաստատումը:

 

i
Հոդված 33. Ընդհանուր տարածում գտած օգտակար հանածոների արդյունահանման կարգը ձեռնարկություններին ու քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում

 

Ձեռնարկությունների ու քաղաքացիների կողմից իրենց հատկացված հողամասերի սահմաններում տնտեսական և կենցաղային կարիքների համար ընդհանուր տարածում գտած օգտակար հանածոների արդյունահանումը կատարվում է բաց եղանակով, մեկ սանդղակով, երկու մետրից ոչ ավելի խորությամբ, առանց պայթեցման աշխատանքներ կատարելու:

 

i
Հոդված 34. Օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների լուծարումը և կոնսերվացումը

 

Օգտակար հանածոների պաշարների մշակումն ավարտվելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ ըստ տեխնիկատնտեսական հաշվարկումների և այլ հիմնավորումների հանքավայրի կամ նրա մի մասի հետագա մշակումը նպատակահարմար կամ հնարավոր չէ, հանքավայրը արդյունահանող ձեռնարկությունը կամ այդ ձեռնարկության համապատասխան մասը (այդ թվում` առանձին խորը հորատանցքերը) ենթակա են լուծարման կամ կոնսերվացման:

Օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկության լրիվ կամ մասնակի լուծարման կամ կոնսերվացման դեպքում լեռնային փորվածքներն ու հորատանցքերը պետք է բերվեն այնպիսի վիճակի, որն ապահովի բնակչության անվտանգությունը, շրջակա միջավայրի, շենքերի ու կառույցների պահպանությունը, իսկ կոնսերվացման դեպքում` նաև հանքավայրի լեռնային փորվածքների ու հորատանցքերի անվտանգությունը կոնսերվացման ամբողջ ժամանակամիջոցում:

Օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունը լուծարելիս պետք է լուծվի նաև տնտեսական այլ նպատակների համար լեռնային փորվածքների ու հորատանցքերի հնարավոր օգտագործման հարցը:

Օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկության կամ դրա մի մասը լուծարման և կոնսերվացման դեպքում երկրաբանական և մարկշեյդերային փաստաթղթերը լեռնային աշխատանքների ավարտման պահի տվյալներով լրացվում են և սահմանված կարգով ի պահ տրվում:

Լուծարվող կամ կոնսերվացվող ձեռնարկությանը մոտ գտնվող օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկություններում պետք է կիրառվեն լեռնային աշխատանքների անվտանգությունն ապահովող միջոցառումներ:

Օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունը կամ դրա մի մասը լուծարում կամ կոնսերվացնում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինը:

 

Հոդված 35. Օգտակար հանածոների հանքավայրերի արդյունահանման հետ չկապված ընդերքից օգտվելու կարգը

 

Ստորերկրյա կառույցների շինարարության ու շահագործման համար օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքի օգտագործումը կատարվում է հատուկ նախագծերով, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն օրենսգրքի 14 հոդվածով նախատեսված կարգով վնասակար նյութերը և արտադրության թափոնները թաղելու, կեղտաջրերը թափելու նախագծերը պետք է սահմանված կարգով փորձաքննության անցնեն և համաձայնեցվեն տվյալ տարածքի պետական իշխանության տեղական մարմինների հետ: Նախագծերում պետք է նախատեսվեն միջոցառումներ, որոնք համապատասխանաբար կապահովեն վնասակար նյութերի, արտադրության թափոնների և կեղտաջրերի վնասազերծումը, մեկուսացումը (տեղայնացումը) խիստ որոշակի սահմաններում և կանխեն դրանց թափանցումը լեռնային փորվածքներ, երկրի մակերևույթ ու ջրային օբյեկտներ:

Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վնասակար նյութերը և արտադրության թափոնները թաղելը, կեղտաջրերը թափելը սահմանափակում, դադարեցնում կամ արգելում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինը:

 

ԲԱԺԻՆ V
ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 36. Ընդերքի պահպանության հիմնական պահանջները

 

Հայաստանի Հանրապետությունում ընդերքը ենթակա է պահպանության:

Ընդերքի պահպանության հիմնական պահանջներն են`

ա) երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուցվածքի, նրանում պարունակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը.

բ) ընդերքը օգտագործման տալու սահմանված կարգի պահպանումը և ընդերքի ինքնագլուխ օգտագործման անթույլատրելիությունը.

գ) օգտակար հանածոների պաշարների փոխանակման հավաստի հաշվառման ապահովումը.

դ) օգտակար հանածոների պաշարների առավել լիակատար կորզումը և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների ու դրանց ուղեկցող միացությունների արդյունավետ օգտագործումը.

ե) օգտակար հանածոների պաշարների, ինչպես նաև ստորերկրյա կառույցների վրա ընդերքից օգտվելու հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցության բացառումը.

զ) օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնագլուխ կառուցապատման կանխումը և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանումը.

է) օգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը ողողումից, հեղեղումից, հրդեհներից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից.

ը) ընդերքի աղտոտման կանխումը նավթի, գազի և մյուս նյութերի ստորերկրյա պահպանման, վնասակար նյութերն ու արտադրության թափոնները (այդ թվում նաև ռադիոակտիվ) թաղելու, կեղտաջրերը թափելու ժամանակ:

Սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում ընդերքից օգտվելը սահմանափակում, դադարեցնում կամ արգելում է ընդերքի օգտագործման ու պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 37. Օգտակար հանածոների և դրանց արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների տեղադրման մակերեսների կառուցապատման պայմանները

 

Արգելվում է բնակավայրերի, արդյունաբերական համալիրների և այլ օբյեկտների նախագծումն ու կառուցումը առանց ընդերքի օգտագործման ու պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմիններից տվյալներ ստանալու այն մասին, որ կառուցապատվող տեղամասի ընդերքում օգտակար հանածոների պաշարներ և ջրապահպանական գոտիներ չկան, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված ստորերկրյա կառույցների մասին տեղեկությունների բացակայության դեպքում:

Բացառիկ դեպքերում օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների կառուցապատումը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների տեղաբաշխումը թույլատրվում է միայն ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինների համաձայնությամբ: Ընդ որում պետք է նախատեսվեն և իրականացվեն օգտակար հանածոների կորզման հնարավորությունն ապահովող շինարարական և այլ միջոցառումներ:

 

i
Հոդված 38. Ընդերքի պետական կամ մշակութային հատուկ արժեք ներկայացնող տեղամասերի պահպանությունը

 

Հազվագյուտ երկրաբանական մերկույթները, հանքաբանական գոյացումները, հնէաբանական օբյեկտները և ընդերքի գիտական կամ մշակութային հատուկ արժեք ներկայացնող մյուս տեղամասերը կարող են սահմանված կարգով հայտարարվել պետության կողմից պահպանվող երկրաբանական օբյեկտ և վերածվել պետական երկրաբանական արգելոցի, պետական երկրաբանական արգելավայրի, պետական երկրաբանական հուշարձանի կամ պետական երկրաբանական փորձադաշտի: Հիշյալ օբյեկտների պահպանությունը խախտող ամեն մի գործունեություն արգելվում է:

Հազվագյուտ երկրաբանական մերկույթներ և հանքաբանական գոյացումներ, երկնաքարեր, հնէաբանական, հնագիտական և գիտական կամ մշակութային հատուկ արժեք ներկայացնող այլ օբյեկտներ հայտնաբերելու դեպքում ընդերքից օգտվողները պարտավոր են համապատասխան տեղամասերում աշխատանքները դադարեցնել և այդ մասին հայտնել ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմիններին:

 

i
Հոդված 39. Վերահսկողությունը ստորերկրյա ջրերն օգտագործելու սպառումից և աղտոտումից պահպանելու նկատմամբ

 

Ստորերկրյա ջրերն արդյունավետ օգտագործելու և սպառումից ու աղտոտումից պահպանելու նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է դրա համար լիազորված պետական մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 40. Հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների մասնակցությունը ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում

 

Հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները մասնակցում են ընդերքի պահպանության և օգտագործման հետ կապված հարցերի քննարկմանը:

Կառավարման մարմինները ընդերքի պահպանության և օգտագործման միջոցառումներ իրականացնելիս պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների առաջարկությունները:

 

Հոդված 41. Ընդերքի պահպանության ֆինանսավորումը

 

Ընդերքի պահպանության ֆինանսավորումը կատարվում է ընդերքն օգտագործողների հաշվին:

 

ԲԱԺԻՆ VI
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 42. Օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի և երևակումների պետական հաշվառումը

 

Օգտակար հանածոների պաշարները, հանքավայրերը և երևակումները ենթակա են պետական հաշվառման` միասնական պետական կադաստրի ձևով, ինչպես նաև օգտակար հանածոների պաշարների միասնական պետական հաշվեկշռով:

Պետական կադաստրը վարում է հանրապետական երկրաբանական ֆոնդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Միասնական պետական հաշվեկշիռը կազմվում է հաստատված պաշարները և ընդերքն օգտագործողների կողմից պարբերաբար` սահմանված կարգով համապատասխան մարմիններին ներկայացվող հաշվետվությունների հիման վրա:

 

Հոդված 43. Օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների դուրսգրումը

 

Օգտակար հանածոների արդյունահանված պաշարները, ինչպես նաև այն պաշարները, որոնք կորցրել են արդյունաբերական նշանակությունը, կորսվել են արդյունահանման ընթացքում կամ չեն հաստատվել հետագա երկրաբանական-հետախուզական աշխատանքների ու հանքավայրերի մշակման ժամանակ, ենթակա են դուրսգրման պետական հաշվեկշռից:

Պաշարների դուրսգրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 44. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օգտագործման տրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառումը

 

Ստորերկրյա կառույցների շինարարության ու շահագործման և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով տրված ընդերքի տեղամասերը ենթակա են հաշվառման մեկ միասնական համակարգով:

 

ԲԱԺԻՆ VII
ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 45. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական հսկողության և վերահսկողության խնդիրները

 

Ընդերքի օգտագործման և պահպանության պետական հսկողության և վերահսկողության խնդիրներն են` ընդերքից օգտվելու սահմանված կարգի, ընդերքի պահպանության, օգտակար հանածոների պաշարների ու հանքավայրերի պետական հաշվառման կարգի, ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում ստացված երկրաբանական, լեռնատեխնիկական և այլ տեղեկատվության լրիվության ու հավաստիության ապահովումը, ինչպես նաև ընդերքի մասին օրենսդրությամբ սահմանված այլ կանոնների ու նորմերի պահպանումը:

 

Հոդված 46. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնող մարմինները

 

Ընդերքի օգտագործման և պահպանության պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացվում են դրա համար լիազորված պետական կառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 47. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական հսկողության և վերահսկողության իրականացումը

 

Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինները ստուգում են`

ա) օգտակար հանածոների հանքավայրերի իրացման, հանքային հումքի արդյունահանման և այլ նպատակներով ընդերքի օգտագործման սահմանված կարգի պահպանումը.

բ) արդյունահանման և ընդերքում թողնված օգտակար հանածոների պաշարների հաշվառման, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օգտագործման տրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման սահմանված կարգի պահպանումը.

գ) աշխատանքների կատարման համապատասխանությունը հաստատված նախագծին:

Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմիններն իրավունք ունեն`

ա) կատարման համար պարտադիր ցուցումներ տալ աշխատանքների անվտանգ կատարման և ընդերքի պահպանության կանոնների ու նորմերի խախտումները վերացնելու մասին.

բ) դադարեցնել ընդերքի օգտագործման, նրա երկրաբանական ուսումնասիրության և այլ աշխատանքներն այն դեպքում, եթե խախտվում են ընդերքի պահպանության և աշխատանքների անվտանգ կատարման պահանջները.

գ) դադարեցնել ընդերքի ապօրինի օգտագործումը և օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնագլուխ կառուցապատումը.

դ) ընդերքն օգտագործողների նկատմամբ կիրառել համապատասխան սանկցիաներ` ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների համար:

 

ԲԱԺԻՆ VIII
ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԵՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 48. Վեճերի լուծման կարգը

 

Ընդերքից օգտվելիս ծագած վեճերը լուծվում են ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կողմերի անհամաձայնության դեպքում վեճը լուծում է պետական արբիտրաժը կամ դատարանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 49. Պատասխանատվությունը ընդերքի վերաբերյալ օրենսդրության խախտման համար

 

Ընդերքի պետական սեփականության իրավունքը խախտող գործարքները անվավեր են:

Ընդերքի օգտագործման հետ կապված հարաբերություններում արգելվում են նաև`

ա) ընդերքից ինքնագլուխ օգտվելը.

բ) ընդերքից օգտվելու հետ կապված աշխատանքների անվտանգության կանոնները խախտելը, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի դեպքում ժամանակին համապատասխան միջոցառումներ չձեռնարկելը.

գ) ընդերքի երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ կատարելը առանց պետական գրանցման.

դ) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոնների ու պահանջների այն խախտումը, որը հանգեցրել է օգտակար հանածոների հետախուզված պաշարների կամ հանքարդյունաբերող ձեռնարկությունների, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության ու շահագործման պայմանների ոչ հավաստի գնահատմանը.

ե) հանքավայրերի ընտրովի մշակումը, որը հանգեցնում է օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների չհիմնավորված կորուստների ու հանքավայրերի փչացման.

զ) արդյունահանման ժամանակ օգտակար հանածոների գերնորմատիվային կորուստներ ու աղքատացում թույլ տալը.

է) օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնագլուխ կառուցապատումը.

ը) ընդերքի օգտագործման հետ կապված աշխատանքի այնպիսի մեթոդների ու եղանակների կիրառումը, որոնք սպառնում են բնակչության անվտանգությանը, շրջակա միջավայրի աղտոտմանը.

թ) ստորերկրյա ջրերի դիտարկման ռեժիմային հորատանցքերի, ինչպես նաև մարկշեյդերային ու երկրաբանական նիշերի ոչնչացումը կամ վնասումը.

ժ) երկրաբանական ու մարկշեյդերային փաստաթղթերը, ինչպես նաև օգտակար հանածոների հանուկի (կեռնի) փորձանյութերի կրկնօրինակները կորցնելը, որոնք անհրաժեշտ են ընդերքի հետագա երկրաբանական ուսումնասիրման և հանքավայրերի մշակման ժամանակ.

ի) լուծարվող կամ կոնսերվացվող լեռնային փորվածքները և հորատանցքերը բնակչության անվտանգությունն ապահովող վիճակի բերելու պահանջները չկատարելը, ինչպես նաև կոնսերվացման ժամանակամիջոցում հանքավայրերի, լեռնային փորվածքների և հորատանցքերի պահպանման պահանջները չկատարելը.

լ) ընդերքն աղտոտող և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգությանը սպառնացող ձեռնարկությունների գործունեությունը:

Վերոհիշյալ խախտումների համար մեղավոր ձեռնարկությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է սահմանվել պատասխանատվություն ընդերքի մասին օրենսդրության նաև այլ խախտումների համար:

Ընդերքից ինքնագլուխ օգտվելն ու օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնագլուխ կառուցապատումը դադարեցվում է առանց կատարված ծախսերի հատուցման:

 

Հոդված 50. Վնասների հատուցումը

 

Ընդերքն օգտագործողները պարտավոր են հատուցել ընդերքին պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով ու կարգով:

 

ԲԱԺԻՆ IX
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 51. Միջազգային պայմանագրեր

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենսգիրքը, ապա կիրառվում է միջազգային պայմանագիրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


19 մարտի 1992 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-12

 

 

pin
ՀՀ 19.03.1992
N ՀՕ-12 օրենսգիրք