Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 156

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

քարտուղարության կանոնադրությունը հաստատելու

մ ա ս ի ն

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կանոնադրությունը (կցվում Է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 190 որոշման 1-ին կետը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ վարչապետի 1995 թվ.

սեպտեմբերի 8-ի թիվ 156

ո ր ո շ մ ա մ բ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

քարտուղարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը քարտուղարությունն է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաստումն ու ապահովում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ստուգումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարությունը (այսուհետև` քարտուղարություն) գլխավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար - նախարարն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար -նախարարի հետ:

/փոփ. 07.08.96 թիվ 457 որոշում/

2. Քարտուղարությունը կազմված է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականներից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, վարչություններից, բաժիններից և կառուցվածքային այլ ստորաբաժանումներից, ունի իր ենթակայության` Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական սպասարկման ձեռնարկություններ, հիմնարկներ և կազմակերպություններ:

Քարտուղարության կազմում գործում են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարի, ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարարի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման գծով նախարարի աշխատակազմերը, որոնք անմիջականորեն ենթարկվում են այդ նախարարներին և ապահովում են վերջիններիս գործունեության սպասարկումը:

3. Քարտուղարության կառուցվածքը, աշխատողների թվաքանակը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը և քարտուղարության հաստիքային ցուցակը` Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի կողմից:

4. Քարտուղարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Քարտուղարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Հայաստանի Հանրապետության կառավարության

քարտուղարության հիմնական խնդիրներն ու

գործառույթները

 

6. Քարտուղարության հիմնական խնդիրներն են`

i

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպական խնդիրների լուծումը և Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության օպերատիվության ու արդյունավետության ապահովումը.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի նախապատրաստումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ քննարկելու համար.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային ծրագրերի նախագծերի մշակման կազմակերպումը, մասնակցությունն այդ ծրագրերի կազմմանը, ինչպես նաև հաստատված աշխատանքային ծրագրերի կատարման ստուգումը.

դ) տնտեսության կամ պետական կառավարման համապատասխան բնագավառներում գործերի վիճակի պարբերաբար վերլուծությունը, հրատապ հարցերի բացահայտումը և դրանց հիման վրա իր նախաձեռնությամբ առաջարկությունների մշակումը.

ե) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման արդյունքների պարբերաբար քննության առնելը, ինչպես նաև բացահայտված թերությունների վերացման և ծագած դժվարությունների հաղթահարման համար միջոցների ձեռնարկումը:

7. Քարտուղարությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան քննության է առնում և նախապատրաստում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և օրենսդրական մյուս ակտերի նախագծերը.

բ) նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցություններում քննարկվելիք հարցերի վերաբերյալ վերլուծական և տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան աշխատանքային ծրագրերի կատարման մասին.

դ) ապահովում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և պետական բյուջեի կատարման պարբերական վերլուծությունն ու ժամանակին Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցում ծրագրով և բյուջեով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի մասին.

ե) կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերում, Հայաստանի Հանրապետության վարչապետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի կողմից տրված հանձնարարությունները.

զ) ապահովում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների գործունեության արդյունքների ամփոփումը.

է) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ստուգումը, ժամանակին Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկացնում է այդ որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքի մասին, ստուգման արդյունքներով նախապատրաստում անհրաժեշտ առաջարկություններ.

ը) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների հրատարակումը հատուկ ժողովածուներով.

թ) մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի ժամանակացանկը` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան նպատակային աշխատանքային ծրագրերից և ընթացիկ հրատապ խնդիրներից.

ժ) նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի անցկացումը.

ի) վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված փաստաթղթերի նախագծերի և դրանց կից նյութերի պահպանումը.

լ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարությունների` արձանագրություններից քաղվածքների ձևով, առաքումը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների.

խ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարությունում քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց դիմումների, գանգատների և առաջարկությունների քննարկումը, այդ մասին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին.

ծ) ապահովում է քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը.

կ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարի, ԱՊՀ-ի Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարարի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման գծով նախարարի գործունեության տեխնիկական սպասարկումը.

հ) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու սահմանված կարգի պահպանումը.

ձ) կազմակերպում է գործավարության ճշգրիտ իրականացումը` սահմանված կարգին համապատասխան:

 

III. Հայաստանի Հանրապետության վարչապետի

մոտ անցկացվող նիստերը

 

8. Պետական կառավարման առանձին ոլորտների կատարելագործման հետ կապված առաջարկությունների քննարկման, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի նախապատրաստման և դրանց առնչությամբ ծագած տարաձայնությունների լուծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու առանձին հանձնարարականների կատարման արդյունքների ամփոփման, բացահայտված թերությունների վերացման նպատակով առաջարկությունների մշակման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվում են նիստեր:

9. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող նիստերին հրավիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար- նախարարը, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները և աշխատակազմի ղեկավարը, քարտուղարության վարչությունների պետերը:

10. Քննարկվող հարցերի բնույթից ելնելով, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող նիստերին հրավիրվում են նաև շահագրգիռ կամ այլ իրավասու նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների ղեկավարներ` վերլուծական ու տեղեկատվական համապատասխան նյութերի, փաստաթղթերի ներկայացմամբ:

11. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող նիստերը հրավիրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` ըստ անհրաժեշտության: Նիստերի օրակարգը և ժամանակացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի ներկայացմամբ:

12. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

13. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող նիստերում ընդունված որոշումները, որպես կանոն, կենսագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ձևով:

14. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող նիստերի նախապատրաստումը և անցկացումն ապահովում է քարտուղարությունը:

 

IY. Հայաստանի Հանրապետության կառավարության

քարտուղար-նախարարը

 

15. Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարը`

ա) գլխավորում և կազմակերպում է քարտուղարության գործունեությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու սահմանված կարգի պահպանումը.

գ) ղեկավարում է քարտուղարությանը ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը.

դ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի տեղակալի իրավասության շրջանակները.

/փոփ. 07.08.96 թիվ 457 որոշում/

ե) իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ և հրահանգներ, տալիս ցուցումներ և ստուգում դրանց կատարումը.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները, ստորագրում այդ որոշումների հավելվածները.

է) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում քարտուղարության և նրան ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համապատասխան աշխատողներին.

ը) հաստատում է քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների, նրան ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կանոնադրությունները.

թ) հանդիսանում է քարտուղարության ֆինանսական միջոցների կարգադրիչը.

ժ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ է փոխանցում Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի կամ այլ փաստաթղթերի կատարման կամ դրանց վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ.

ի) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ապահովման նկատմամբ.

լ) ապահովում է քարտուղարության և պետական կառավարման մարմինների միջև փոխադարձ կապն ու համագործակցությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան.

խ) իրականացնում է գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

Y. Հայաստանի Հանրապետության վարչապետի

խորհրդականները

 

16. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները գործում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անմիջական ղեկավարությամբ, հաշվետու և պատասխանատու են նրան:

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների միջև պարտականությունների բաշխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

17. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները`

ա) կատարում են վերլուծական ուսումնասիրություններ, կազմում տեղեկանքներ, ներկայացնում առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից որոշումներ կայացնելու և հանձնարարականներ (ցուցումներ) տալու նպատակով.

բ) փորձաքննության են ենթարկում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը, այդ կապակցությամբ տալիս եզրակացություններ.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ քննության են առնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի առնչությամբ ծագած առանձին տարաձայնություններ, վերջիններիս վերաբերյալ տալիս համապատասխան եզրակացություններ.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրում և ամփոփում են Հայաստանի Հանրապետության առանձին նախարարությունների և պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմինների գործունեության արդյունքները, մշակում առաջարկություններ տնտեսության և պետական կառավարման առանձին ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ.

ե) նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության վարչապետի մամլո ասուլիսները, ելույթները, հոդվածները, վերլուծում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով դրանց արձագանքները.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների ղեկավարներին են փոխանցում Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականները.

է) կատարում են Հայաստանի Հանրապետության վարչապետի առանձին հանձնարարականներ.

ը) օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի քննարկման, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների (ցուցումների) կատարման նպատակով հրավիրում և անցկացնում են խորհրդակցություններ, ներգրավելով ճյուղային և տարածքային մարմինների ղեկավարներին, մասնագետներին փորձագետներին.

թ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կամ իրենց նախաձեռնությամբ նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացնում օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր.

ժ) իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախարարություններից պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններից անհրաժեշտության դեպքում պահանջում են տեղեկատվություն.

ի) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ օժանդակում են օպերատիվ կառավարման հարցերի լուծմանը.

լ) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում են գերատեսչական նորմատիվ ակտերի գործողությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկություններ.

խ) մասնակցում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային և այլ ծրագրերի կազմմանը, առաջարկություններ են ներկայացնում այդ ծրագրերի կատարման, դրանցում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

ծ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կամ իրենց նախաձեռնությամբ նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող նիստերում քննարկման են ներկայացնում սույն կանոնադրության 8-րդ կետում նշված հարցերը.

կ) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով հանձնարարականներ են տալիս քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:

YI. Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմը

 

18. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանում է, որն անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեության սպասարկումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

19. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը`

ա) ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է զեկուցում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին հասցեագրված գրությունները, նամակները, հեռագրերը և այլ փաստաթղթեր.

բ) նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների նախագծերը, կազմակերպում Հայաստանի Հանրապետության վարչապետի առանձին հանձնարարականների կատարումը.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված քաղաքացիների դիմումները, գանգատները և առաջարկությունները սահմանված կարգով հասցեագրում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, մյուս պետական մարմիններին.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարություններից, մյուս պետական մարմիններից, քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր, տեղեկանքներ: Քարտուղարության վերահսկողության վարչությունից պարբերաբար ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների կատարման մասին տեղեկատվություն.

ե) ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է զեկուցում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության վերաբերյալ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված նյութերը.

զ) հրավիրում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող խորհրդակցություններին մասնակից պաշտոնատար անձանց, խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջում Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից, քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումներից:

20. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը`

ա) մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող խորհրդակցություններին և նիստերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների (վարչությունների) կոլեգիաների նիստերին.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ քննության է առնում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման արդյունքները և միջոցներ ձեռնարկում թերությունները վերացնելու ու ծագած դժվարությունները հաղթահարելու համար: Հրավիրում է կազմխորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցվելիք հարցերի նախապատրաստման համար, ներգրավելով ճյուղային և տարածքային մարմինների ղեկավարներին, մասնագետներին, փորձագետներին.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականներին, քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականները` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված փաստաթղթերի (այդ թվում` գրությունների, նամակների, հեռագրերի և այլ փաստաթղթերի) կատարման, դրանց վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու համար.

դ) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից փաստաթղթերի ստացման օրը դրանց մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.

ե) կազմակերպում և ապահովում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող խորհրդակցությունների նախապատրաստումը, անցկացումը և արձանագրությունների վարումը:

 

YII. Հայաստանի Հանրապետության կառավարության

քարտուղարության կառուցվածքային

ստորաբաժանումները

 

21. Քարտուղարության կառուցվածքային հիմնական ստորաբաժանումը վարչությունն (բաժինն) է, որի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի անմիջական ղեկավարությամբ:

22. Քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական խնդիրն է իրենց իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության օպերատիվության և արդյունավետության ըստ ամենայնի ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարման ստուգումը:

23. Քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումներն աշխատում են իրենց կանոնադրություններին համապատասխան, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի կողմից:

24. Քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի հետ:

Քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կազմակերպում և ղեկավարում են ստորաբաժանումների գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց առջև դրված խնդիրների կատարման համար, իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում աշխատանքային կարգապահությունը և գործավարության սահմանված կարգով վարումը:

25. Քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների մյուս աշխատողները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի կողմից` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Իր առջև դրված խնդիրների իրականացման համար քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց, մասնագետների, խորհրդատուների.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի համակողմանի ուսումնասիրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի միջոցով փորձաքննության է ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված նյութերը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարց ներկայացրած պետական մարմնից պահանջում է լրացուցիչ վերլուծական կամ տեղեկատվական բնույթի նյութեր, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր.

դ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող նիստերում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարց ներկայացրած պետական մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման միջև ծագած տարաձայնությունները` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի հետ.

ե) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի նախապատրաստման կամ ընդունված որոշումների կատարման ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

զ) հարց է հարուցում Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու մասին` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի հետ.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաստման, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով հրավիրում է կազմխորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, գերատեսչությունների ու պետական կառավարման տարածքային մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, մասնագետների, փորձագետների.

ը) Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի հանձնարարությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի փորձաքննությունը, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի լրամշակումը և դրանց պատշաճ ձևակերպումը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

ժ) քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը`

ծանոթանում և ուսումնասիրում է պետական կառավարման մարմիններում, վերջիններիս ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում գործերի վիճակը, չմիջամտելով նշված մարմինների ներքին օպերատիվ գործունեությանը.

մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ անցկացվող նիստերին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների (վարչություննների) կոլեգիաների նիստերին:

27. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածային կառավարման գծով նախարարը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարը, ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարարը կարող են հանձնարարականներ տալ քարտուղարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:

 

YIII. Հայաստանի Հանրապետության կառավարության և

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների,

հանձնարարականների կատարման ստուգման կարգը

 

28. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան քարտուղարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ստուգումը:

29. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ստուգման մասին հանձնարարությունները տրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի կողմից` քարտուղարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը: Վերջինս, Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի համաձայնությամբ, կարող է ստուգումներ իրականացնել ինքնուրույնաբար:

30. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության նախարարություններում, վարչություններում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունում, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում:

31. Ստուգումներ կատարելու մասին հանձնարարականները Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի կողմից կարող են տրվել ինչպես գրավոր, այնպես էլ` բանավոր:

32. Ստուգումն սկսելուց առաջ քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն այդ մասին իրազեկ է պահում Հայաստանի Հանրապետության նախարարին, վարչության պետ-նախարարին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմնի, ձեռնարկության, հիմնարկի ու կազմակերպության ղեկավարին: Վերջիններս պարտավոր են անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումներ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների պատշաճ ձևով կատարման համար:

33. Քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումը ստուգումներին կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների աշխատողների, ինչպես նաև մասնագետների:

34. Ստուգումներ կատարելիս քարտուղարության համապատասխան աշխատողներն իրավունք ունեն պահանջելու անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ, բացատրություններ և այլ նյութեր:

35. Ստուգումների արդյունքներն ամփոփվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարին` զեկուցագրի կամ տեղեկանքի ձևով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.09.1995
N 156
Որոշում