ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԿ
27.12.94թ. 30.12.94թ. 30.12.94թ.
թ.17-3/14թ. 03522/3-3 թ.
Կ Ա Ր Գ Մինչև 1993թ. հոկտեմբերի 26-ը միասնական դրամական համակարգում գտնվելու ժամանակ Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև գործառնությունների գծով
առաջացած կրեդիտորական և դեբիտորական պարտքերի վերագնահատման
Սույն կարգը հաստատված է ի կատարումն ՀՀ կառավարության 1994թ. նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավորող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած փոխադարձ պարտքերի մասին» թիվ 521 որոշման 3-րդ կետի պահանջների և տարածվում է միասնական դրամական համակարգում գտնվելու ժամանակ` մինչև 1993թ. հոկտեմբերի 26-ը Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ հանրապետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև գործառնությունների գծով առաջացած կրեդիտորական և դեբիտորական պարտքերի վրա:
Միասնական դրամական համակարգում գտնվելու ժամանակ Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև գործառնությունների գծով առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերը ՀՀ ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ենթակա են վերագնահատման հետևյալ կարգով:
1.Դեբիտորական և կրեդիտորական պարտքերը վերագնահատվում են դրանց մարման պահին այդ գումարները բազմապատկելով վերագնահատման համապատասխան գործակցով:
2.Յուրաքանչյուր դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի վերագնահատման գործակիցը որոշվում է այդ պարտքի դիմաց փոխհատուցված գումարի (դրամական կամ այլ ակտիվների տեսքով) և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված պարտքի գումարի հարաբերությամբ: Այն դեպքում, երբ պարտքը փոխհատուցվել է արտարժույթով կամ արտարժույթով արտահայտված այլ ակտիվներով, ապա այն բազմապատկվում է տվյալ պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից այդ արտարժույթի համար սահմանված հաշվարկային փոխարժեքով:
3.Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սույն կարգով կատարված վերագնահատումից առաջացած տարբերության գումարները հաշվեգրվում են հաշվապահական հաշվառման 80 «Շահույթ և վնաս «հաշվին:
Օրինակ 1.
ՀՀ ձեռնարկությունը 1993թ. հուլիսի 1-ին սարքավորումներ ձեռք բերելու համար ՌԴ ձեռնարկությանը փոխանցել է 1.000.000 ռուբլի (նախկին ԽՍՀՄ ռուբլի): 1994թ.նոյեմբերի 1-ին ստացել է այդ սարքավորումները 1.000.000 ռուսական ռուբլու արժողությամբ: Ենթադրենք ռուսական ռուբլու հաշվարկային փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ պարտքի մարման պահին եղել է 1.000 ռուս. ռուբ. -121 դրամ:
1.000.000 ռուբ. (նախկին ԽՍՀՄ ռուբ.)=
5.000 դրամ (1.000.000 : 200 = 5.000)
1.000.000 ռուս. ռուբ.= 121.000 դրամ
վերագնահատման գործակիցը = 121.000 դրամ : 5.000 = 24,2
վերագնահատման դեբիտորական պարտքի գումարը =
5.000 x 24,2 = 121.000
Հաշվապահական հաշվառման մեջ դեբիտորական պարտքի վերագնահատումը արտացոլվում է 60 «հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշվի դեբետով և 80 «Շահույթ և վնաս» հաշվի կրեդիտով պարտքի վերագնահատումից առաջացած տարբերության գումարի չափով (116.000 դրամ ):
Օրինակ 2.
ՀՀ ձեռնարկությունը 1993թ. օգոստոսի 15-ին ՌԴ ձեռնարկություններից ստացել է 500.000 ռուբլի (նախկին ԽՍՀՄ ռուբլի) արժողության հումք: 1994թ. հոկտեմբերի 15-ին այդ պարտքի մի մասը մարել է` 200.000 ռուբլի (նախկին ԽՍՀՄ ռուբլի) արժողության հումքի դիմաց վճարել է 200.000 ռուսական ռուբլի: Ենթադրենք պարտքի մարման պահին ռուսական ռուբլու հաշվարկային փոխարժեքը դրամի նկատմամբ եղել է 1000 ռուսական ռուբ.-119,6 դրամ
200.000 ռուբ. (նախկին ԽՍՀՄ ռուբլի) =
1000 դրամ (200.000 : 200 = 1000)
200.000 ռուս. ռուբլի = 23,920 դրամ
վերագնահատման գործակիցը 23.920:1000=23,92
վերագնահատման կրեդիտորական պարտքի գումարը =
1000x23,92=23.920
Հաշվապահական հաշվառման մեջ կրեդիտորական պարտքի վերագնահատումը արտացոլվում է 60 հաշվի կրեդիտով և 80 հաշվի դեբետով պարտքի վերագնահատումից առաջացած գումարի չափով ( 23.920 դրամ ):
4. Սույն կարգը գործում է 1994թ. նոյեմբերի 9-ից:
մինչև 1994թ. նոյեմբերի 9-ը ՀՀ կառավարության 1993թ. հունիսի 3-ի թիվ 292 որոշմամբ հաստատված «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 58-60 կետերի համաձայն պետական բյուջե գանձված կրեդիտորական և դուրս գրված դեբիտորական պարտքերը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992թ. նոյեմբերի 2-ին հաստատված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշիռների տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» թիվ 18-06 կարգի համաձայն վերագնահատված դեբիտորական և կրեդիտորական պարտքերը վերահաշվարկման ենթակա չեն: