Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵ ...

 

 

040.0840.120901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2001 թվականի N 840

 

i

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻ ՄԱՍԻՆ

 

«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված ադմինիստրատորի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Սահմանել ադմինիստրատորի գործունեության կարգը և պայմանները (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 12-ից:

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 12, 14, 15, 16, 18, 19, 20, 21 և 22-րդ հոդվածների հիման վրա սույն կարգով սահմանվում են ադմինիստրատորի գործունեության կարգն ու պայմանները:

2. Ադմինիստրատորի գործառույթների իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում (այսուհետև` նախարարություն) նախարարի գլխավորությամբ ստեղծվում է 3-7 անձից բաղկացած աշխատանքային հատուկ խումբ, կազմված նախարարության պաշտոնատար անձանցից, որի կազմում կարող են ընդգրկվել նախարարության իրավաբանական, հաշվապահական, միկրոտնտեսական, պետական պարտքի կառավարման, ֆինանսական վերահսկողության ոլորտների կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք, որոնք ունեն գաղտնի տեղեկությունների հետ աշխատելու` սահմանված կարգով տրված թույլտվություն: Աշխատանքային խումբը համարվում է խորհրդակցական մարմին, որի որոշումներից ելնելով նախարարը կայացնում է համապատասխան որոշումներ, որոնք կարող են տարբերվել խմբի առաջարկից: Խմբի աշխատանքներում պայմանագրային կարգով կարող են ընդգրկվել նաև առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող աուդիտորներ, իրավաբաններ, ինչպես նաև տեխնիկական սպասարկման անձնակազմ (գործավար-ռեֆերենտ, թարգմանիչ, վարորդ):

3. Աշխատանքային հատուկ խմբի անդամները վարձատրվում են լրացուցիչ` ադմինիստրատորի գործունեության իրականացման համար նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, ըստ նախարարի հաստատած դրույքաչափերի:

4. Աշխատանքային հատուկ խմբի անդամներն անհրաժեշտության դեպքում կարող են ժամանակավորապես ազատվել իրենց հիմնական պաշտոնական պարտականությունների կատարումից:

5. Ադմինիստրատորի յուրաքանչյուր կոնկրետ գործողության կամ միատեսակ գործողությունների կատարման համար խմբի անդամների միջև պարտականությունները բաշխում է նախարարը` գրավոր կամ բանավոր ցուցումով:

6. Խմբի նիստերն արձանագրում է քարտուղարը: Խմբի անդամը ընդունված որոշումների վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու դեպքում պարտավոր է մեկօրյա ժամկետում այն գրավոր ներկայացնել խմբի քարտուղարին` նիստի արձանագրությանը կցելու համար:

7. Ադմինիստրատորի պահանջով մաքսային, հարկային, վիճակագրական, գույքի նկատմամբ իրավունքները գրանցող, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և լիցենզավորող բոլոր պետական մարմիններն ու դրանց տարածքային ստորաբաժանումները պարտավոր են ադմինիստրատորին անվճար կամ իրենց պահպանման ծախսերի հաշվին տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով` նախարարության հատուկ բաժնի միջոցով:

 

II. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

8. Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների (այսուհետև` ԷԲ ընկերություն), դրանց հետ պայմանագիր կնքած և դրանց նկատմամբ պահանջներ ունեցող անձանց դիմումների ընդունման համար նախարարության մուտքի մոտ տեղադրվում է տաղավար, որտեղ աշխատողն ընդունում է դիմումը և վարում գրանցամատյան: Տաղավարի դրսի կողմից տեղադրվում է ցուցանակ, որտեղ փակցվում են սույն կարգը, օրենքը, աշխատանքային խմբի նիստերի օրերն ու ժամը, ընդունված դիմումների վերաբերյալ ադմինիստրատորի ընդունած որոշումները և ադմինիստրատորի կողմից տրված այլ տեղեկություններ:

9. Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր օր մինչև ժամը 18.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

10. Դիմումները կարող են ներկայացվել առձեռն կամ փոստով: Ադմինիստրատորը պարտավոր է դիմողների համար մատչելի դարձնել դիմումի օրինակելի ձևերը:

11. Այն դեպքում, երբ դիմումը ներկայացվում է առձեռն, տաղավարի աշխատողը ընդունում է այն, գրանցամատյանում գրառում կատարում` նշելով դիմումի ընդունման օրը, դիմողի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), դիմումի առարկան (պայմանագրի հաշվառում, պահանջի հաշվառում, պայմանագրի վավերացում), դիմումին կից փաստաթղթերի էջերի թիվը: Դիմումը ներկայացնող անձը ստորագրում է գրանցամատյանում: Առձեռն ընդունված դիմումները և դրանց կից փաստաթղթերը ժամը 18.00-ից հետո ամբողջությամբ հանձնվում են աշխատանքային խմբի քարտուղարին:

12. Եթե դիմումը ներկայացվում է փոստով, ապա նախարարության ընդհանուր բաժինն ընդունում է դիմումը և նույն օրը այն` կից փաստաթղթերով, հանձնում աշխատանքային խմբի քարտուղարին:

13. Աշխատանքային խմբի քարտուղարը դիմումներն ընդունելուց հետո անմիջապես ապահովում է համապատասխան համակարգչային գրառումը` նշելով դիմումի ընդունման օրը, դիմողի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), դիմումի առարկան (պայմանագրի հաշվառում, պահանջի հաշվառում, պայմանագրի վավերացում), դիմումին կից փաստաթղթերի էջերի թիվը: Բոլոր փաստաթղթերը պահպանվում են ադմինիստրատորի գործունեության համար հատկացված առանձին աշխատասենյակում, որտեղ աշխատանքային խմբի անդամները և ընդգրկված մասնագետները ծանոթանում են դիմումներին ու կից փաստաթղթերին:

 

III. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Դիմումները, ըստ դրանց առարկայի, քննարկվում են ադմինիստրատորի կողմից` սույն կարգի V-VII բաժիններով սահմանված ժամկետներում:

15. Դիմումներն ըստ էության քննարկվում են հատուկ աշխատանքային խմբի նիստում, որը գումարվում է շաբաթը մեկ անգամ` շաբաթ օրը: Նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ադմինիստրատորը նախապես ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:

16. Ադմինիստրատորի նիստերին մասնակցում են բացառապես աշխատանքային խմբի անդամները և աշխատանքային խմբի աշխատանքներում պայմանագրային կարգով ներգրավված մասնագետները, ինչպես նաև դիմողի լիազորված ներկայացուցիչը, որի բացակայությունն արգելք չէ տվյալ դիմումը քննարկելու համար:

17. Քննարկումներն ավարտվելուց հետո համապատասխան որոշումն ընդունվում է բացառապես աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ` դռնփակ նիստում: Խմբի ընդունած որոշման հիման վրա նախարարի ընդունած համապատասխան որոշման մասին դիմողը 3-օրյա ժամկետում ծանուցվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով, կամ հանձնվում է ստացականով: Ծանուցումն ուղարկվում է դիմողի` դիմումում նշված հասցեով: Ընդունված որոշման մասին համապատասխան տեղեկատվություն է փակցվում նաև նախարարության մուտքի մոտ, տաղավարի վրա տեղադրված ցուցանակում:

18. Ադմինիստրատորն իրավասու է ընդունված դիմումի քննարկման օրվանից 10 օր առաջ դիմողից պահանջելու լրացուցիչ գրավոր պարզաբանումներ և փաստաթղթեր:

 

IV. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

19. Ադմինիստրատորը պայմանագրերի հաշվառման, պահանջների գրանցման, պայմանագրերի վավերացման պահանջով դիմումների քննարկումից հետո ընդունում է որոշում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Մերժման դեպքում որոշման մեջ նշվում է մերժման իրավական հիմքը և ադմինիստրատորի կողմից հաստատված այն հանգամանքները, որոնք հանդիսացել են մերժման շարժառիթ:

20. Ադմինիստրատորի կողմից ընդունված որոշումները ստորագրում է նախարարը: Որոշումներն ընդունվում են նախարարի հրամանի տեսքով:

 

V. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

21. Օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան ԷԲ ընկերություններից յուրաքանչյուրը ադմինիստրատորի վավերացմանն է ներկայացնում օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակահատվածում ԷԲ ընկերության կողմից կնքված (կնքվող) պայմանագրերը (բացառությամբ` սպառողների հետ Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից գրանցման ենթակա պայմանագրերի, 100 հազար դրամը չգերազանցող գին ունեցող քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի), ինչպես նաև այդ և մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերում փոփոխությունները:

22. Վավերացման համար պայմանագրերը, դրանցում կատարված փոփոխություններն ադմինիստրատորին ներկայացվում են դրանք կնքելուց *) հետո 5-օրյա ժամկետում:

-------------------

* Այն պայմանագրերը, ներառյալ դրանց փոփոխությունները, որոնք Հայաստանի

Հանրապետության կամ կիրառելի այլ պետության քաղաքացիական օրենսդրության

համաձայն կնքված են համարվում նոտարական վավերացման և (կամ) պետական

գրանցման պահից, սույն կետի կիրառման նպատակով համարվում են ԷԲ

ընկերությունների կողմից կնքված, եթե պահպանված են նոտարական

վավերացման և (կամ) պետական գրանցման պահանջները:

 

23. Պայմանագրի վավերացման համար ԷԲ տվյալ ընկերությունը ադմինիստրատորին ներկայացնում է դիմում` կցելով վավերացման ենթակա պայմանագրի բնօրինակը (փոփոխության դեպքում` սկզբնական պայմանագրի և փոփոխության բնօրինակները), ապացույց դրա նոտարական վավերացման և (կամ) պետական գրանցման մասին, եթե նոտարական վավերացումը և (կամ) պետական գրանցումը պահանջվում է Հայաստանի Հանրապետության կամ կիրառելի այլ պետության քաղաքացիական օրենսդրությամբ, գրավոր հիմնավորում պայմանագրի կնքման անհրաժեշտության, պայմանագրի նպատակների, պայմանագրի կնքմամբ ԷԲ ընկերության համար ակնկալվող տնտեսական օգուտների և չվավերացման դեպքում` սպասվող տնտեսական վնասների մասին, այլ փաստաթղթեր, որոնք կիրառելի են տվյալ տեսակի պայմանագրի կնքման համար կողմի գործունակությունը պարզելու համար (պայմանագրի մյուս կողմի լիցենզիայի, հեղինակային իրավունքի վկայականի, կառավարման իրավասու մարմնի որոշման պատճեններ, երրորդ անձի համաձայնություն այն գործարքներով, որոնց կնքման համար օրենքով կամ պայմանագրով պահանջվում է երրորդ անձի համաձայնությունը և նման այլ փաստաթղթեր): Սույն կետը կիրառվում է նաև պայմանագրերի փոփոխությունը ադմինիստրատորի վավերացմանը ներկայացնելու վրա:

24. Ադմինիստրատորն ստացված դիմումներն ըստ էության քննարկում է դիմումն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում: Եթե դիմումը ներկայացնելիս չեն պահպանվել սույն կարգի 23-րդ կետի պահանջները, ապա հատուկ աշխատանքային խմբի քարտուղարը դիմումի մուտքագրման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է տվյալ ԷԲ ընկերությանը թերի ներկայացված փաստաթղթերի մասին: Դիմումի ներկայացման օրվանից սկսած 14-օրյա ժամկետում մինչև աշխատանքային խմբի հերթական նիստի օրը թերի փաստաթղթերը չներկայացվելու դեպքում ադմինիստրատորը դիմումը քննարկում է առկա փաստաթղթերի հիման վրա և ընդունում է համապատասխան որոշում:

25. Ադմինիստրատորը մերժում է պայմանագրի վավերացումը, եթե`

ա) պայմանագրի առարկան կապ չունի ԷԲ ընկերության հիմնական տնտեսական գործունեության հետ, կամ

բ) չեն պահպանվել սույն կարգի 23-րդ կետի պահանջները, կամ

գ) պայմանագրի կնքմամբ ԷԲ ընկերության համար ակնկալվող տնտեսական օգուտները էական չեն և պայմանագրի չվավերացումն ընկերության համար չի առաջացնի տնտեսական վնասներ կրելու ռիսկ, կամ

դ) պայմանագրի պայմանները պակաս բարենպաստ են, քան այլ անձի կողմից տվյալ շուկայում առաջարկվող նույն որակի և ծավալի ապրանքի, ծառայության կամ աշխատանքի պայմանները, կամ

ե) առկա են պայմանագրի անվավերության` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված հիմքեր:

26. Ադմինիստրատորը մերժում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրի փոփոխության վավերացումը, եթե`

ա) փոփոխության առարկան կապ չունի ԷԲ ընկերության հիմնական տնտեսական գործունեության հետ, կամ

բ) չեն պահպանվել սույն կարգի 23-րդ կետի պահանջները, կամ

գ) փոփոխության կնքմամբ ԷԲ ընկերության համար ակնկալվող տնտեսական օգուտները էական չեն և փոփոխության չվավերացումն ընկերության համար չի առաջացնի տնտեսական վնասներ կրելու ռիսկ, կամ

դ) առկա են պայմանագրի փոփոխության անվավերության` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված հիմքեր, կամ

ե) ադմինիստրատորը մերժել է այն պայմանագրի հաշվառումը, որում կատարվում է փոփոխությունը կամ այդ պայմանագիրը օրենքով սահմանված կարգով չի ներկայացվել հաշվառման և օրենքի ուժով համարվել է լուծված,

զ) փոփոխությունը վերաբերում է այն դեբիտորական և կրեդիտորական պարտքերին, որոնք օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն փոխանցվելու են այլ ընկերությունների, կամ

է) փոփոխությունը վերաբերում է օրենքի 18-րդ հոդվածի համաձայն հաշվառման ենթակա պահանջներին և ադմինիստրատորը մերժել է այդ պահանջի հաշվառումը:

27. Ադմինիստրատորը մերժում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրի փոփոխությունը, եթե`

ա) փոփոխությունը վերաբերում է այն պայմանագրին, որի վավերացումը մերժվել է ադմինիստրատորի կողմից.

բ) փոփոխությունը վերաբերում է այն դեբիտորական և կրեդիտորական պարտքերին, որոնք օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն փոխանցվելու են այլ ընկերությունների, կամ

գ) չեն պահպանվել սույն կարգի 23-րդ կետի պահանջները, կամ

դ) փոփոխության կնքմամբ ԷԲ ընկերության համար ակնկալվող տնտեսական օգուտները էական չեն և փոփոխության չվավերացումն ընկերության համար չի առաջացնի տնտեսական վնասներ կրելու ռիսկ, կամ

ե) առկա են պայմանագրի փոփոխության անվավերության` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված հիմքեր:

28. Սույն կարգի 25-27-րդ կետերով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում ադմինիստրատորը որոշում է ընդունում վավերացնել պայմանագիրը (պայմանագրի փոփոխությունը) և որոշման հետ միասին ԷԲ ընկերությանն է վերադարձնում պայմանագրի բնօրինակը` պատճենը կցելով համապատասխան գործին:

29. Պայմանագրի վավերացման մերժումն ադմինիստրատորը կարող է կրկին քննել միայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կամ ԷԲ ընկերության մասնավորեցման մրցույթում հաղթած անձի միջնորդությամբ:

 

VI. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

30. Հաշվառման ենթակա են ԷԲ ընկերությունների կնքած այն պայմանագրերը, որոնցից ծագած պարտավորություններն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ԷԲ ընկերությունների համար չեն դադարել, բացառությամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխանող` սպառողների հետ կնքված էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից գրանցված պայմանագրերի, սույն կարգի V բաժնին համապատասխան ադմինիստրատորի կողմից վավերացված պայմանագրերի, աշխատանքային պայմանագրերի, կոլեկտիվ պայմանագրերի:

31. Օրենքն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ադմինիստրատորը հանրապետությունում հրատարակվող առավելագույն տպաքանակ ունեցող 5 օրաթերթում, հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով անդեմ հայտարարություն (ոչ անվանական) տալու միջոցով հրավիրում է սույն կարգի 30-րդ կետում նշված հաշվառման ենթակա պայմանագրերի մյուս կողմերին` դրանք օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչև 45-րդ օրը ներառյալ հաշվառման ներկայացնելու համար:

32. Սույն կարգի 30-րդ կետում նշված հաշվառման ենթակա պայմանագրերի կողմերը պայմանագրերն ադմինիստրատորին հաշվառման ներկայացնելիս դիմումին կցում են`

ա) պայմանագրի պատճենը (ներառյալ փոփոխություններն ու լրացումները).

բ) տեղեկություններ պայմանագրի ընթացքի վերաբերյալ (ներառյալ կատարողական ակտերի, լրիվ կամ մասնակի վճարումներ կատարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, տեղեկություններ պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների մասին, այլ փաստաթղթեր).

գ) այլ պարզաբանող փաստաթղթեր, ըստ դիմողի հայեցողության, որոնք կարող են հիմնավորել սույն կարգի 34-րդ կետում նշված հիմքերի բացակայությունը:

33. Ադմինիստրատորն ստացված դիմումները քննարկում է դրանք ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում: Ադմինիստրատորն ընդունված որոշման մասին ծանուցում է դիմողին և համապատասխան ԷԲ ընկերությանը, միաժամանակ համապատասխան տեղեկատվությունը փակցնում է նախարարության մուտքի մոտ տեղադրված ցուցանակին:

34. Պայմանագրի հաշվառումը ենթակա է մերժման, եթե`

ա) պայմանագրի առարկան կապ չունի ԷԲ ընկերության հիմնական տնտեսական գործունեության հետ, կամ

բ) չեն պահպանվել սույն կարգի 32-րդ կետի պահանջները, կամ

գ) պայմանագրի շարունակման դեպքում ԷԲ ընկերության համար ակնկալվող տնտեսական օգուտներն էական չեն և պայմանագրի չհաշվառումն ընկերության համար չի առաջացնի զգալի տնտեսական վնասներ կրելու ռիսկ, կամ

դ) պայմանագրի պայմանները պակաս բարենպաստ են, քան դիմումի քննարկման պահին այլ անձի կողմից տվյալ շուկայում առաջարկվող նույն որակի և ծավալի ապրանքի, ծառայության կամ աշխատանքի պայմանները, կամ

ե) առկա են պայմանագրի անվավերության` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված հիմքեր, կամ

զ) դիմումը ներկայացվել է օրենքով և սույն կարգով սահմանված ժամկետի խախտմամբ:

35. Մերժման հիմքերի բացակայության դեպքում ադմինիստրատորը որոշում է ընդունում պայմանագիրը հաշվառելու մասին: Հաշվառված պայմանագրերը շարունակում են իրենց գործողությունը: Ադմինիստրատորը հաշվառված պայմանագրերի ամփոփ ցանկը ներկայացնում է տվյալ ԷԲ ընկերություն` օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:

36. Մերժված դիմումներն ադմինիստրատորի կողմից կրկնակի քննարկման, վերանայման ենթակա չեն:

37. Պայմանագրի հաշվառումը մերժելու դեպքում նշված պայմանագիրը համարվում է լուծված` օրենքի ուժով: Պայմանագրի կողմը պայմանագրի լուծման հիմքով վնասի հատուցման պահանջ կարող է ներկայացնել միայն պատճառված իրական վնասի չափով` սույն կարգի VII բաժնով սահմանված կարգով և ժամկետներում:

 

VII. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

38. Ադմինիստրատորին հաշվառման կարող են ներկայացվել ԷԲ ընկերությունների նկատմամբ առկա (կետանցված) վճարային պահանջները, եթե դրանք ծագել են մինչև մասնավորեցման պահը` բացառությամբ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված վճարային պահանջների:

39. Ադմինիստրատորը պարտադիր հաշվառում է փոքր հիդրոէլեկտրակայանների պահանջները մինչև մասնավորեցման պահը էլեկտրաէներգետիկ համակարգ առաքված, սակայն չվճարված էլեկտրաէներգիայի գնի չափով:

40. Օրենքն ուժի մեջ մտնելու պահից 75-րդ օրը ադմինիստրատորը հանրապետությունում հրատարակվող առավելագույն տպաքանակ ունեցող 5 օրաթերթում, հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով անդեմ հայտարարություն (ոչ անվանական) տալու միջոցով հրավիրում է սույն կարգի 38-րդ կետում նշված հաշվառման ենթակա պահանջներով պարտատերերին` իրենց պահանջներն օրենքն ուժի մեջ մտնելու 76-րդ օրվանից սկսած մինչև ԷԲ ընկերությունների մասնավորեցման պահից 120-րդ օրը ներառյալ հաշվառման ներկայացնելու համար:

41. Սույն կարգի 38-րդ կետում նշված հաշվառման ենթակա պահանջներ ունեցող անձինք իրենց պահանջներն ադմինիստրատորին հաշվառման ներկայացնելիս դիմումին կցում են`

ա) պահանջի գումարային մեծությունը դիմելու օրվա դրությամբ` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով.

բ) պահանջը հիմնավորող փաստաթղթերը, ներառյալ պահանջի կատարման ապահովման միջոցի վերաբերյալ, եթե առկա է ապահովման միջոց.

գ) տեղեկություններ պահանջի մասնակի կատարման մասին (ներառյալ լրիվ կամ մասնակի կատարված վճարումները հաստատող փաստաթղթերի պատճենները, այլ անհրաժեշտ փաստաթղթեր).

դ) այլ փաստաթղթեր, ըստ դիմողի հայեցողության:

42. Ադմինիստրատորը պահանջը հաշվառելու մասին դիմումը քննարկում և համապատասխան որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում: Դիմողը ծանուցվում է քննարկման արդյունքի մասին: Եթե դիմողը համաձայն չէ ադմինիստրատորի որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան ընդդեմ տվյալ ԷԲ ընկերության` պահանջը դատական կարգով ճանաչելու հայցով: Դատարանում ԷԲ ընկերության անունից հանդես է գալիս ադմինիստրատորը` իր նշանակած ներկայացուցչի միջոցով:

43. Ադմինիստրատորը որոշում է ընդունում ներկայացված պահանջը հաշվառելու մասին, եթե`

ա) պահանջը բխում է դատարանի, ներառյալ միջնորդ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռից և պահանջատերը չի հրաժարվել բռնագանձումից, կամ

բ) ադմինիստրատորը պահանջը համարում է օրինական *, իսկ պահանջի մեծությունը` ողջամիտ ** կամ

գ) թեկուզ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, ադմինիստրատորը պահանջը համարել է օրինական, բայց պահանջի մեծությունը ոչ ողջամիտ և դիմողի հետ բանակցությունների արդյունքում կնքել է պահանջի չափի մասին համաձայնագիր:

--------------------

* Օրինական է համարվում այն պահանջը, որը ծագել է ՀՀ քաղաքացիական

օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասում թվարկված հիմքերից,

հաստատված է օրենքի, իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանող

պատշաճ կազմված (նոտարական վավերացման կամ պետական գրանցման պահանջի

դեպքում` վավերացված և (կամ) գրանցված) գրավոր փաստաթղթերով և չի

դադարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ գլխով նախատեսված հիմքերից

որևէ մեկով.

 

** Ողջամիտ է համարվում պահանջի այն չափը, որը (1) պահանջի հիմնական

գումարի մասով` զգալիորեն (մինչև 10 տոկոս) չի գերազանցում պահանջի

առաջացման պահին առնվազն 3 այլ անձի կողմից տվյալ շուկայում

առաջարկվող նույն որակի և ծավալի ապրանքի, ծառայության կամ աշխատանքի

գինը, (2) տոկոսների և (կամ) տուժանքի մասով` չի գերազանցում պահանջի

հիմնական գումարի կետանցման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի

կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով մինչև 1

տարվա համար հաշվարկված տոկոսագումարը, (3) վնասների մասով` չի

գերազանցում իրական և փաստաթղթերով հիմնավորված վնասի չափը:

 

44. Ադմինիստրատորը մերժում է պահանջի հաշվառումը, եթե`

ա) պահանջը հաշվառման է ներկայացվել օրենքով և սույն կարգով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ

բ) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով պահանջի բավարարումը մերժվել է, կամ

գ) ադմինիստրատորը պահանջը համարում է ոչ օրինական, կամ

դ) ադմինիստրատորը պահանջի մեծությունը համարում է ոչ ողջամիտ և դիմողը ադմինիստրատորի համապատասխան առաջարկն ստանալուց հետո մինչև պահանջի հաշվառումը քննարկելու ժամկետի ավարտը հրաժարվել է ադմինիստրատորի հետ կնքել պահանջի մեծության մասին համաձայնագիր, կամ

ե) առկա չէ սույն կարգի 43-րդ կետի հանգամանքներից որևէ մեկը,

զ) պահանջը թվարկված է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում, կամ

է) պահանջը կարող է դադարել հանդիպական պահանջի հաշվանցի միջոցով:

45. Մերժված դիմումներն ադմինիստրատորի կողմից կրկնակի վերանայման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ մերժումից հետո օրինական ուժի մեջ է մտել դատարանի վճիռը` պահանջը ճանաչելու մասին:

46. Ադմինիստրատորը պահանջը հաշվառելու դեպքում, օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, որոշում է նաև պահանջի ապահովված և չապահովված մասերը, բավարարման հերթը: Պահանջի ապահովված մասի որոշման նպատակով ադմինիստրատորը պարտավոր է վարձել առնվազն երեք անկախ գնահատողի` գրավադրված գույքի շուկայական արժեքն իրացման արժեքի որոշման մեթոդով որոշելու համար: Գրավադրված գույքի շուկայական արժեք է ընդունվում երեք գնահատողների գնահատման հաշվետվություններում տրված գների միջին գինը:

47. ԷԲ ընկերության մասնավորեցման ավարտի հինգերորդ ամիսը լրանալուց հետո, ադմինիստրատորը հաշվառված պահանջների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հաշվետվություն, որի հաստատման պահից ադմինիստրատորի լիազորությունները համարվում են դադարեցված:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.09.2001
N 840
Որոշում