020.0321.101001
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
10 հոկտեմբերի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի նոյեմբերի 21-ին` Աթենքում, որի նպատակն իրավական հարաբերությունների ոլորտում Կողմերի միջև արդյունավետ համագործակցություն հաստատելն է, մասնավորապես` քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով: Համաձայնագրով յուրաքանչյուր Կողմի քաղաքացիների համար մյուս Կողմի տարածքում երաշխավորված է իրավական գործերով հավասար հնարավորություններից օգտվելու իրավունք, այդ թվում մյուս կողմի` օրենսդրությամբ նախատեսված, դատարաններին և այլ դատական մարմիններին ազատորեն դիմելու և նրանցում հանդես գալու իրավունք:
2. Համաձայնագրով նախատեսված են իրավական օգնության բնագավառում Կողմերի իրավասու մարմինների` միմյանց հետ հաղորդակցվելու պայմաններն ու կարգը, մասնավորապես. այդպիսի օգնության շրջանակները, դատական որոշումների և միջնորդ դատարանների որոշումների ճանաչման ու կատարման կարգը, հանցագործության կատարման մեջ մեղադրվող կամ դատապարտված անձանց հանձնման կարգն ու պայմանները, ինչպես նաև համաձայնագրի կատարման նպատակով Կողմերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը:
Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ համաձայնագրի 4 հոդվածում նշված «կենտրոնական մարմին» հասկացությունը չի կարող մեկնաբանվել որպես դատարանների կենտրոնական մարմին, այլ այն նույնական է համաձայնագրի 19 հոդվածի 1-ին կետում նշված կենտրոնական մարմնի հասկացության հետ և վերաբերում է Պայմանավորվող կողմին:
3. Համաձայնագրով նախատեսված համագործակցության նպատակով Կողմերն ստանձնել են հետևյալ հիմնական պարտավորությունները.
- խնդրանքի դեպքում միմյանց տրամադրել իրենց երկրներում գործող օրենսդրության վերաբերյալ տեղեկատվություն,
- իրավական օգնությանն առնչվող փաստաթղթերը միմյանց ուղարկել վավերացված թարգմանությամբ, որոնք փոխանցվում են հարցվող կողմի իրավասու մարմիններին` այդ մասին տեղեկացնելով հարցում անող կողմին,
- իրավական օգնության վերաբերյալ դիմումները կատարելիս կիրառել հարցվող կողմի օրենսդրությունը` անհրաժեշտության դեպքում կատարման տեղի և ժամանակի վերաբերյալ տեղեկացնելով հարցում անող կողմին,
- իրավական օգնության վերաբերյալ դիմումի մերժման դեպքում դրա պատճառների վերաբերյալ ծանուցել հարցում անող կողմին,
- փորձագիտական աշխատանքների կատարման կամ բանտարկյալների փոխադրման հետ կապված ծախսերի վճարում,
- համաձայնագրում նախատեսված կարգով` Կողմերի քաղաքացիներին իրավական օգնության արտոնյալ տրամադրում,
- հարցում անող կողմի պահանջի դեպքում` վերջինիս տարածքում որպես վկա, փորձագետ, տուժող կամ հայցվոր հանդես եկող քաղաքացիներին համաձայնագրում նախատեսված պայմաններով անձեռնմխելիության տրամադրում, այդ անձանց ճանապարհածախսի և տեղավորման հետ կապված ծախսերի հատուցում` հարցում անող կողմի միջոցներով,
- համաձայնագրում նախատեսված կարգով և պայմաններով ճանաչել և Կողմերի օրենսդրությանը համապատասխան կատարել Կողմերի իրավասու մարմինների կողմից ընդունված և փոխադարձ կատարման ենթակա որոշումները,
- համաձայնագրում նախատեսված կարգով և պայմաններով, Կողմերի ազգային օրենսդրության ընթացակարգերին համապատասխան հանձնել հանցագործության կատարմանն առնչվող և որպես իրեղեն ապացույց դիտարկվող ցանկացած առարկա, ինչպես նաև իրականացնել ցանկացած անձի հանձնումը, որը գտնվում է Կողմերից մեկի տարածքում, և որի դեմ քրեական մեղադրանք է հարուցված, կամ որի նկատմամբ ի կատար է ածվելու դատավճիռ, ընդ որում, հանձնման ենթակա անձը հարցում անող կողմի տարածքում դատական կարգով չի հետապնդվի կամ պատժվի այլ հանցագործության համար, քան այն հանցագործությունն է, որի համար կատարվել է հանձնումը` համաձայնագրում նախատեսված բացառություններով,
- հանձնման խնդրանքը բավարարելիս` համաձայնագրում նախատեսված կարգով և պայմաններով ձերբակալել համապատասխան անձին, կամ` ժամանակավորապես կալանավորել նրան,
- հանձնված անձանց նկատմամբ դատական հետապնդման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների հայտնում:
4. Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու ընթացակարգերի վերաբերյալ:
5. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների հետ ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն: Այդ պարտավորությունները համահունչ են նաև պետությունների միջև իրավական փոխօգնության, հանցագործության կատարման մեջ մեղադրվող կամ դատապարտված անձանց հանձնման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում ՄԱԿ-ի, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի, մասնավորապես. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի` 1966 թվականի դեկտեմբերի 16-ի կից կամընտիր արձանագրության, Քաղաքացիական դատավարության մասին 1954 թվականի մարտի 1-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայի, Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի հունվարի 22-ին ստորագրված կոնվենցիայի և միջազգային այլ պայմանագրերի դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2000 թվականի նոյեմբերի 21-ին Աթենքում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
10 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-321