Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

18 հոկտեմբերի 2001 թվականի N 42

 

26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի մասնավորեցման ռազմավարությանը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ էներգետիկայի համակարգի մասնավորեցման ռազմավարության առաջին հիմքն ամրագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «ՀՀ էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման մասին» N 551 որոշմամբ, ըստ որի նախատեսվեց մասնավորեցնել էներգահամակարգի բոլոր ընկերությունները, բացի «էներգետիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Հայէներգո» ՓԲԸ-ի, որը ՀՀ կառավարության 20.7.1998 թ. N 450 որոշմամբ վերակազմավորվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (էլեկտրաէներգիա փոխադրող) և «Հայէներգո» ՓԲԸ-ի (կարգավարական ծառայություն իրականացնող):

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն մասնավորեցման չեն ներկայացվելու նաև «Հայատոմ», «Երկրաէներգետիկա», «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» և «Հայատոմսպասարկում» ՓԲԸ-երը, իսկ արտադրող կայանները մասնավորեցնելու են դրանցից յուրաքանչյուրի համար ընդունված օրենքի համաձայն:

Նախատեսվում է 2001-2002 թվականների ընթացքում մասնավորեցնել`

- էներգետիկայի բնագավառի շինարարական ընկերությունները`

1. «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ն

2. «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ն

3. «Արջերմեկ» ՓԲԸ-ն

4. «Էլեկտրաշինարար» ՓԲԸ-ն

5. «Չարենցավանի երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ն

6. «Սյունէներգաշին» ՓԲԸ-ն

- մոնտաժային ընկերությունները`

1. «Հայհիդրոէլեկտրամոնտաժ» ՓԲԸ-ն

2. «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ-ն

3. «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՓԲԸ-ն

- և մյուս մասնագիտացված ընկերությունները`

1. «Հայթուրթրեյթ» ՓԲԸ-ն

2. «Էներգաչափ» ՓԲԸ-ն

3. «Մարմարիկ» ՓԲԸ-ն:

Շինարարական որոշ ընկերությունների մասնավորեցման ռազմավարության ընտրության հարցում անհրաժեշտ է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցումներ, քանի որ դրանք ունեն մենաշնորհային իրավունքներ կայանների շինարարական, մոնտաժային, նորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման հարցերում:

Կարող է դիտարկվել նաև շինարարական, մոնտաժային և մյուս մասնագիտացված ընկերություններից մի մասի միավորումը:

Նույն 2001-2002 թթ. ընթացքում կմասնավորեցվեն նաև էներգետիկայի բնագավառի բոլոր անավարտ շինարարության օբյեկտները:

Էներգետիկայի բնագավառի մասնավորեցման ենթակա նախագծային և գիտահետազոտական ինստիտուտներն են`

1. «Հայգազնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ն

2. «Հայէներգացանցնախագիծ» ՓԲԸ-ն

3. «Հայատոմէներգասեյսմնախագիծ» ՓԲԸ-ն

4. «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն:

Դրանց մասնավորեցումը նախատեսվում է իրականացնել 2001-2003 թթ. ընթացքում: Մասնավորեցման ռազմավարության ընտրության համար հիմք կհանդիսանա նմանատիպ ինստիտուտների մասին ՀՀ կառավարության կողմից ընդունվելիք հայեցակարգը:

Անհրաժեշտ է նշել, որ նշված ինստիտուտներում են գտնվում էներգահամակարգի ընկերություններին վերաբերող հիմնական գծագրերն ու նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ակնհայտ է, որ այդ ինստիտուտների առանձին-առանձին մասնավորեցումը չի կարող դրականորեն ազդել դրանց գործունեության վրա: Մինչև մասնավորեցումը նպատակահարմար է վերակազմակերպել ինստիտուտները: Այնուհետև, պահպանելով պետական աջակցությունը, իրականացնել բաժնետոմսերի մասնակի վաճառք, ցանկալի է միջազգային մրցույթի հայտարարման ճանապարհով, ձգտելով ներգրավել միջազգային խոշոր գիտական կենտրոններին, միգուցե, համատեղ ձեռնարկության ստեղծման առաջարկով:

2002-2003 թթ. ընթացքում մասնավորեցման են ներկայացվում նաև համակարգի հետևյալ արտադրող կայանները`

1. «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ

2. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

3. «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ

4. «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ:

Արտադրող էլեկտրակայանների մասնավորեցման ռազմավարության հիմքում դրվելու են հետևյալ հիմնարար սկզբունքները`

 

ա) Մասնավորեցման նպատակը

Բոլոր չորս ընկերությունների համար դա առաջին հերթին մասնավոր կապիտալի ներգրավումն է, որը պետք է ծառայի ֆիզիկապես և բարոյապես մաշված հիմնական միջոցների վերազինմանը` հանրապետության միջնաժամկետ և երկարաժամկետ էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Երկրորդ հերթին որպես մասնավորեցման նպատակ կարող է դիտարկվել կառավարման ժամանակակից մեթոդների ներդրումը, որը պետք է ծառայի առաջնահերթ նպատակի նվազագույն և արդյունավետ ծախսերով իրականացմանը.

 

բ) Ներգրավվելիք ներդնողները

Ելնելով մասնավորեցման նպատակներից, բոլոր չորս ընկերությունների ապագա սեփականատերերի որակավորման նկատմամբ հիմնականում պետք է ներկայացվեն անհրաժեշտ ֆինանսական կարողություն և կառավարման ժամանակակից փորձ ունենալու պահանջներ: Հետևաբար, մասնավորեցման իրականացումը գերադասելի և ընդունելի է որակավորման սահմանված պահանջներին բավարարող ռազմավարական ներդրողների ներգրավման եղանակով.

 

գ) Մասնավորեցման գործընթացի տեսակը

«ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքով էներգահամակարգի «Հրազդանի ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» և «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-երի համար սահմանվել է մասնավորեցման տարբերակը: Հետևաբար, այդ ընկերությունների բաժնետոմսերի կամ գույքի օտարման այլ հնարավոր տարբերակներ քննարկման ենթակա չեն:

«Հրազդանի ՋԷԿ» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-երի համար առաջարկվում է բաժնետոմսերի` ռազմավարական ներդրողին միջազգային մրցույթով վաճառքի տարբերակը: Ընդ որում, Հրազդանի ՋԷԿ-ը նպատակահարմար է դիտարկել անավարտ 5-րդ բլոկի հետ համատեղ, իսկ Երևանի ՋԷԿ-ի համար որպես մրցույթի պայման պետք է դիտարկվի նոր շոգեգազային էներգաբլոկի կառուցումը:

ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի աշխատանքի ապահովման տեսանկյունից հաշվի առնելով «Սևան-Հրազդանյան կասկադ» և «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-երի առանձնահատուկ նշանակությունը, այդ ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման դեպքում, որպես պարտադիր պայման պետք է առաջադրվի հիդրոէլեկտրակայանների աշխատանքի խստիվ համապատասխանության պահպանումը` «Հայէներգո» ՓԲԸ կարգավարական կենտրոնի կողմից հաշվարկված և առաջադրված ռեժիմներին:

Միջազգային մրցույթով բոլոր չորս ընկերությունների մասնավորեցումը առաջարկվում է իրականացնել նույնատիպ գործընթացով, ինչը կիրառվում է էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման համար, ներգրավելով միջազգային մասնագիտացված խորհրդատու կազմակերպություններին.

 

դ) Առաջարկվող ժամանակացույցը և գործունեության ծրագիրը

Նախատեսվում է «Հրազդանի ՋԷԿ» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-երի մասնավորեցման գործընթացը ավարտել 2002 թվականին, իսկ «Սևան-Հրազդանյան կասկադ» և «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-երինը` 2003 թվականին (տես` կից ժամանակացույցը):

Ի կատարումն ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 775 որոշման, այդ ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսված են: Ինչ վերաբերվում է մասնավորեցման հետ կապված գործունեության ծրագրին, այն մանրամասն կմշակվի Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և, օրենքի նախագծի տեսքով ու կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում, կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Այդ քննարկումների արդյունքում միայն կարող է ձևավորվել ՀՀ կառավարության վերջնական դիրքորոշումը` նշված ընկերությունների մասնավորեցման ռազմավարության վերաբերյալ:

Արտադրող կայանների մասնավորեցման ռազմավարության քննարկումն անհրաժեշտ ենք համարում իրականացնել մինչև 2010 թ. ընկած ժամանակահատվածում ՀՀ էներգետիկայի բնագավառի ներդրումային պահանջների գնահատման և զարգացման ծրագրերին նվիրված մշակումների վերլուծությունից ելնելով որոշ եզրակացությունների ներքո:

Հարկ է նշել, որ ՀՀ էներգահամակարգի ընկերությունների կողմից 1998 թ. մշակված գործարար ծրագրերում ներկայացված վերականգնման ծրագրերի վերլուծությունները ցույց են տալիս, որ`

1. Բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նախատեսված միջոցառումները մասամբ չեն իրականացվել և առաջացել են նոր խնդիրներ, ինչը թելադրում է գործարար ծրագրերի վերանայման անհրաժեշտությունը:

2. Վերականգնման ծրագրերի մշակումը հանդիսանում է առանձին տեխնիկատնտեսական ուսումնասիրության առարկա, որի իրականացման ընթացքում պետք է հաշվի առնվեն էներգետիկ անվտանգության և անկախության ցուցանիշների ապահովման հարցերը:

3. Ցանկացած արտադրական միավորների շահագործումից հանելու սխեմայի ընտրությունը (լրիվ ապամոնտաժում, երկարաժամկետ կոնսերվացում և այլն) նույնպես առանձին տեխնիկատնտեսական խնդիր է, որը կարող է իր վերջնական լուծումը ստանալ միայն նոր հզորությունների շահագործման հանձնելուց հետո` հաշվի առնելով սպառման կանխատեսվող պահանջարկը:

4. Արտադրական ցիկլում չներառված սարքավորումների շահագործումից հանելու ցանկացած որոշման դեպքում անհրաժեշտ է նախատեսել դրանց կարճաժամկետ կոնսերվացումը` ժամանակակից նվազագույն ծախսերով մեթոդների օգտագործմամբ:

5. Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանելու ծրագիրն ունի հատուկ նշանակություն և պետք է մշակվի ու իրականացվի Միջազգային նորմերին և ստանդարտներին համապատասխան` միաժամանակ հաշվի առնելով համարժեք փոխարինող հզորությունների ներդրումը:

 

Եզրակացություններ`

1. Նվազագույն ծախսերով զարգացման ծրագրերը չեն բավարարում էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ցուցանիշներին ներկայացվող ժամանակակից պահանջներին` բազմամակարդակ դիվերսիֆիկացիա, սեփական էներգառեսուրսների առավելագույնս օգտագործում և այլն: Նվազագույն ծախսերով զարգացման ծրագրերը հանդիսանում են միայն ռազմավարական նպատակների նվաճմանն ուղղված տակտիկական որոշումների ընդունման մեխանիզմ:

2. Էներգետիկ պաշարների պահանջարկի գնահատման համար առանձնահատուկ դեր է հատկացվում համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճի իրական հեռանկարային գնահատմանը:

3. Հաշվի առնելով համաշխարհային փորձը և տարածաշրջանային պայմաններում Հայաստանի էներգահամակարգի աշխատանքի յուրահատկությունները, որպես էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ցուցանիշներ առաջարկվում են և ենթակա են ՀՀ կառավարության կողմից հաստատման`

- էներգետիկ համակարգի պահուստային հզորության շեմային 30% մակարդակը,

- ներկրվող էներգակիրներից կախվածության 50-60% մակարդակը (ներկայումս շուրջ 80%):

4. Անվտանգության և անկախության համապատասխան մակարդակների ապահովման երաշխիքներ են հանդիսանում`

- հիդրոէներգետիկայի բնագավառում`

. բոլոր գոյություն ունեցող ՀԷԿ-երի վերականգնումը և արդյունավետության

բարձրացումը,

. նոր ՀէԿ-երի զարգացումը` առավելագույն պետական աջակցություն

տրամադրելով Մեղրու և Շնոխի ՀԷԿ-երի կառուցմանը:

- ջերմաէներգետիկայի բնագավառում`

. շահագործման մեջ գտնվող բլոկների և ագրեգատների շահագործումը`

ապահովելով պլանային տեխնիկական սպասարկումների կատարումը,

. նոր բլոկների գործարկումը Հրազդանի ՋԷԿ-ում, Երևանի ՋԷԿ-ում,

. ՋԷԿ-երի տեխնիկական վերազինումը ժամանակակից ջերմաֆիկացիոն ռեժիմի

շոգեգազատուրբինային կայանքներով,

. շահագործման մեջ չներառված կամ դուրս բերվող սարքավորումների

կոնսերվացումը, իրականացնելով դրանց երկարաժամկետ պահպանման կամ

ապամոնտաժման վերաբերյալ որոշումների ընդունումը միայն նոր

հզորությունների գործարկումից հետո:

- Իրան-Հայաստան գազամուղի գործարկումը հնարավորին սեղմ ժամկետներում:

- ատոմային էներգետիկայում`

. գործող ԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացման

միջոցառումների շարունակական իրականացումը:

- այլընտրանքային էներգիայի աղբյուրների յուրացումը` առավելագույն

պետական աջակցություն տրամադրելով արևային, հողմաէներգետիկ և

երկրաջերմային նախագծերի իրականացմանը,

- էներգախնայողության քաղաքականության պլանաչափ իրականացումը: 1. Խիստ անհրաժեշտության կարիք ունեն գոյություն ունեցող արտադրական հզորությունների վերականգնման ծրագրերի վերանայումը և արդիականացումը: Վերականգնման միջոցառումների ծավալների և ծախսերի գնահատումը նպատակահարմար է իրականացնել գործարար ծրագրերի մշակման եղանակով:

Գործարար ծրագրերում անհրաժեշտ է ներառել`

. Վերականգնման միջոցառումների տեխնիկա-տնտեսական հիմնավորումները` հաշվի

առնելով էներգետիկ անվտանգության և անկախության ցուցանիշների ապահովման

ու սակագների մակարդակների պահպանման նախապայմանները:

. Արտադրական ցիկլում չներառված սարքավորումների շահագործումից հանելու

սխեմաների (կարճա - կամ երկարաժամկետ կոնսերվացում, ապամոնտաժում և

այլն) տեխնիկա-տնտեսական հիմնավորումները:

. Կառավարման արդյունավետության բարձրացման տեխնիկատնտեսագիտական

հիմնավորումները և ծրագիրը: 2. Օգտվելով ՀՀ էներգետիկայի նախարարության և ԱԷՄԳ-ի կողմից համատեղ կատարվող ARM/0/004 «Էներգետիկայի և միջուկային էներգիայի պլանավորման ուսումնասիրություն մինչև 2002 թ. ժամանակահատվածում» հետազոտության հնարավորություններից, առավելագույնս պետական աջակցության տրամադրմամբ անհրաժեշտ է վերամշակել և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի երկարաժամկետ զարգացման ծրագիրը:

Անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել Որոտանի ՀԷԿ-երի համակարգի և Սևան-Հրազդանյան կասկադի մասնավորեցման ռազմավարության նկատմամբ:

 

Որոտանի ՀԷԿ-երի համակարգը`

1. Որոտանի հիդրոէլեկտրակայանները, մասնակցելով Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության ապահովման, ռեժիմային պիկերի հաղթահարման և հաճախության պահպանման գործընթացին, լրիվ հոսանքազրկման պայմաններում հանդիսանալով համակարգի վերականգնման հիմնական աղբյուրներից մեկը, կարգավորելով և ապահովելով իրանական համակարգի հետ զուգահեռ աշխատանքը Հայկական էլեկտրաէներգետիկական համակարգի համար ունեն ռազմավարական նշանակություն և անմիջականորեն գտնվում են Կենտրոնական կարգավարական ծառայության վարույթի ներքո` խստիվ աշխատելով միմիայն վերջինիս հրահանգների համաձայն:

Մեծ է նաև Որոտանի հիդրոէլեկտրակայանների ջրամբարների ռազմավարական նշանակությունը` զանազան արտակարգ իրավիճակներում:

2. Ունենալով էլեկտրաէներգիայի արտադրության ամենացածր սակագինը, նրանց կողմից արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան պարտադիր կարգով քվոտավորվում է` պահպանելու համար սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի ցածր արժեքը:

 

Սևան-Հրազդանյան կասկադը`

1. Սևան-Հրազդանյան կասկադի հիդրոէլեկտրակայանները, մասնակցելով Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության ապահովման, ռեժիմային պիկերի հաղթահարման և հաճախության պահպանման գործընթացին, լրիվ հոսանքազրկման պայմաններում հանդիսանալով համակարգի վերականգնման հիմնական աղբյուրներից մեկը, հայկական էլեկտրաէներգետիկական համակարգի համար ունեն ռազմավարական նշանակություն և անմիջականորեն գտնվում են Կենտրոնական կարգավարական ծառայության վարույթի ներքո` խստիվ աշխատելով միմիայն վերջինիս հրահանգների համաձայն:

Առանձնահատուկ պետք է նշել այն հանգամանքը, որ կասկադի Արգել և Երևան ՀԷԿ-երը, էլեկտրաէներգետիկական համակարգի լրիվ կամ մասնակի հոսանքազրկման պայմաններում, անմիջականորեն ծառայում են Հայկական ԱԷԿ-ի միջուկային անվտանգությունն ապահովող համակարգերի էլեկտրասնմանը:

2. Ունենալով էլեկտրաէներգիայի արտադրության ցածր սակագին, նրանց կողմից արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան պարտադիր կարգով քվոտավորվում է` պահպանելու համար սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի ցածր արժեքը:

Բացի այդ, Սևան-Հրազդանյան կասկադի հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի առավելագույն քանակը սահմանափակվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի` համաձայն միայն ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակով:

Էներգահամակարգի արտադրող կայանների մասնավորեցման ռազմավարության վերը նշված առանձնահատկություններն իրենց արտացոլումը կստանան ՀՀ Ազգային ժողովի կողմից դրանցից յուրաքանչյուրի մասնավորեցման համար ընդունվելիք օրենքներում:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«Հրազդանի ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» և

«Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-երի մասնավորեցման

 

._________________________________________________________________________.

|   Օբյեկտը      |         Միջոցառումները                |    Ժամկետը     |

|________________|_______________________________________|________________|

|Հրազդանի ՋԷԿ    |- միջգերատեսչական հանձնաժողովի         |                |

|                |  աշխատանքների ավարտ                   |սկիզբը-         |

|Երևանի  ՋԷԿ     |- օրենքի նախագծի ներկայացում           |նոյեմբեր 2001 թ.|

|                |  Ազգային ժողով                        |                |

|                |- օրենքի ընդունում ԱԺ-ի կողմից         |                |

|                |- Կառավարության խորհրդատուների         |                |

|                |  ընտրություն                          |                |

|                |- միջազգային մրցույթի նախապատրաստում   |                |

|                |- միջազգային մրցույթի անցկացում        |                |

|                |- հաղթողի որոշում և  պայմանագրի կնքում |                |

|                |- մասնավորեցման ավարտ                  |հոկտեմբեր       |

|                |                                       |   2002 թ.      |

|________________|_______________________________________|________________|

|Սևան-Հրազդանյան |- միջգերատեսչական հանձնաժողովի         |                |

|կասկադ          |  աշխատանքների ավարտ                   |սկիզբը-         |

|                |- օրենքի նախագծի ներկայացում           |նոյեմբեր 2001 թ.|

|                |  Ազգային ժողով                        |                |

|Որոտանի ՀԷԿ-երի |- օրենքի ընդունում ԱԺ-ի կողմից         |                |

|համակարգ        |- Կառավարության խորհրդատուների         |                |

|                |  ընտրություն                          |                |

|                |- միջազգային մրցույթի նախապատրաստում   |                |

|                |- միջազգային մրցույթի անցկացում        |                |

|                |- հաղթողի որոշում և  պայմանագրի կնքում |                |

|                |- մասնավորեցման ավարտ                  |հունիս 2003 թ.  |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.10.2001
N 42
Արձանագրային որոշում