Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՏՆՎԵԼՈ ...

 

 

020.0335.091101

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 նոյեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի առաջին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի առաջին կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջպետական բանկի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Տ. Խաչատրյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունվարի 27-ին` Երևանում, որի խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Այդ նպատակով, Միջպետական բանկն իր առանձնացված ստորաբաժանման միջոցով իրավասու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել միջազգային և այլ համաձայնագրեր, ձեռք բերել, վարձակալել, օտարել շարժական և անշարժ գույք և տնօրինել դրանք, իր անունից հանդես գալ դատական և արբիտրաժային մարմիններում, իրականացնել իր կանոնադրական խնդիրների լուծմանն ուղղված այլ գործողություններ: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում Միջպետական բանկի առանձնացված ստորաբաժանման տարածքը, գույքն ու արխիվներն անձեռնմխելի են, սակայն չեն կարող օգտագործվել առանձնացված ստորաբաժանման խնդիրների և գործառույթների հետ կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերին անհամատեղելի նպատակներով:

2. Համաձայնագրով նախատեսված է, որ Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձինք օգտվում են այնպիսի արտոնություններից և իմունիտետից, որպիսիք տրամադրված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, բացառությամբ` քաղաքացիական պատասխանատվության դեպքերի:

3. Համաձայնագրով Կողմերը հիմնականում պարտավորվել են.

- Միջպետական բանկի առանձնացված ստորաբաժանմանը վերապահել նույնպիսի դատավարական իրավունքներ, ինչպիսիք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տրված են իրավաբանական անձանց,

- գործադիր իշխանության մարմինների համար սահմանված պայմաններով աջակցել Միջպետական բանկի առանձնացված ստորաբաժանմանը` իր գործառույթների կատարման համար իր հաշվին տարածքի ձեռքբերման կամ վարձակալության հարցերում, ազատելով Հայաստանի Հանրապետության տարածքում շահութահարկի և գույքահարկի վճարումից,

- Միջպետական բանկի առանձնացված ստորաբաժանման միջոցների հաշվին աջակցել նրան կապի ծառայություններով, պահպանությամբ, տրանսպորտային, կոմունալ կամ այլ ծառայություններով,

- Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնել նման գործունեության իրականացման կարգի և կանոնների մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագրի պահանջներին համապատասխան:

4. Համաձայնագրով կանոնակարգված է Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման գործունեության հսկողության, համաձայնագրով տրամադրված իմունիտետի կիրառման, բանկի ստորաբաժանման աշխատակիցների կողմից սոցիալական պարտադիր մուծումների իրականացման կարգը:

5. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է կազմում 2001 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արված հայտարարությունը` համաձայնագրի 9 հոդվածի 8-րդ պարբերության վերաբերյալ, որով հստակեցված են ծառայության ավարտից հետո Միջպետական բանկի և վերջինիս առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձանց անձեռնմխելիության կիրառման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նրանց քաղաքացիաիրավական և քրեական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը:

6. Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հնարավոր տարաձայնությունների լուծման ընթացակարգերի վերաբերյալ:

7. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1999 թվականի հունվարի 27-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջպետական բանկի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

9 նոյեմբերի 2001 թ.

ՍԴՈ-335

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.11.2001
N ՍԴՈ-335
Որոշում