Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

 

09.04.2018 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք) Հայաստանի Հանրապետությունում կարգավորում է փախստականի ճանաչման, ապաստանի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա), դրա 1967 թվականի Արձանագրության կիրառումը և ճանաչում է բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցելու, ինչպես նաև ապաստան ստանալու իրավունքը, եթե նրանք բավարարում են ապաստանի տրամադրման համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ պահանջները:

2. Սույն օրենքը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, ապահովում է նաև բոլոր օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության կամ որևէ այլ երկիր վտարելուց պաշտպանությունը, որտեղ նրանց սպառնում է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու վտանգ:

3. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(1-ին հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-228-Ն օրենք)

 

Հոդված 2. Ապաստանը

 

1. Ապաստանը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում շնորհված պաշտպանություն է, որը երաշխավորում է նրա նկատմամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված սկզբունքի կիրառումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց` Կոնվենցիայով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով շնորհված բոլոր իրավունքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապաստանը տարածվում է նաև այլ պետության կողմից փախստական ճանաչված օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի վրա, եթե նա սահմանված կարգով մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք և ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակության իրավունք տվող կացության որևէ կարգավիճակ:

3. Ապաստանի տրամադրումը Հայաստանի Հանրապետությունում պետք է դիտվի որպես խաղաղ և մարդասիրական գործողություն, և դա չպետք է վերածվի անբարյացակամ վերաբերմունքի, քանի որ դա չի ենթադրում որևէ քննադատություն փախստականի քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության կամ որևէ այլ երկրի հանդեպ:

(2-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 3. Ապաստանի տրամադրումը զանգվածային ներհոսքի դեպքում

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով Կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանության տրամադրման մասին որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում կարող է ապաստան տրամադրվել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց խմբերին, որոնք սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված պատճառների հետևանքով լքել են իրենց, համապատասխանաբար, քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության պետության տարածքները:

2. Առանց սույն օրենքով սահմանված կարգով անհատական ընթացակարգն անցնելու` սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետությունում անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների իրավունքներն ու պարտականությունները, իսկ փախստականների ճանաչման և ապաստանի տրամադրման բացառումը, դադարեցումը և չեղյալ հայտարարումը իրականացվում են սույն օրենքի համաձայն` անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների համար սահմանված դրույթներով և ընթացակարգերով:

(3-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

Հոդված 4. Կամավոր վերադարձը

 

1. Կամավոր վերադարձը ապաստան հայցողի կամ փախստականի վերադարձն է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր, որն իրականացվում է Միգրացիոն ծառայության (այսուհետ` լիազոր մարմին) աջակցությամբ` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Կամավորության սկզբունքը պետք է հարգվի ապաստանի և փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող իրավասու բոլոր մարմինների կողմից, և դա նշանակում է, որ ապաստան հայցողը կամ փախստականը`

1) տեղեկացված է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իրավիճակի մասին և ի վիճակի է ընդունել իր վերադարձի մասին գիտակցված որոշում.

2) մինչև իր ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կամ փախստականի ճանաչման դադարեցումը ազատ ընտրություն է կատարել իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր վերադառնալու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու միջև:

3. Ապաստանի և փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող Հայաստանի Հանրապետության իրավասու բոլոր մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն փախստականի կամ ապաստան հայցողի կամավոր վերադարձին` հիմնվելով ապաստան հայցողի, փախստականի կամ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գծով գերագույն հանձնակատարի (այսուհետ` ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի ներկայացրած խնդրանքի վրա:

(4-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն օրենք)

 

Հոդված 5. Ապաստան հայցողը

 

1. Ապաստան հայցողն այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն է, որը, սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց է ներկայացրել:

2. Ապաստան հայցող է համարվում նաև Կոնվենցիան ստորագրած որևէ պետության կողմից փախստական ճանաչված անձը, որը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց է ներկայացրել:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանի հայց ներկայացրած օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը մինչև ապաստանի ստացման համար իր դիմումի մասին վերջնական որոշում կայացնելը համարվում է ապաստան հայցող և Հայաստանի Հանրապետությունում օգտվում է ապաստան հայցողների` սույն օրենքով սահմանված բոլոր իրավունքներից:

 

Հոդված 6. Փախստականը

 

1. Փախստական է համարվում`

1) այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.

2) այն օտարերկրյա քաղաքացին, որը ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

2. Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձի համար «իր քաղաքացիության երկիր» հասկացությունը նշանակում է այդ երկրներից յուրաքանչյուրը, որի քաղաքացին է նա: Այդ դեպքում անձը համարվում է իր քաղաքացիության երկրների պաշտպանությունը կորցրած, եթե նա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված պատճառներով չի կարող օգտվել իր քաղաքացիության երկրներից որևէ մեկի պաշտպանությունից:

3. Փախստական է համարվում նաև այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որին պաշտոնապես փախստական են ճանաչել Կոնվենցիան ստորագրած այլ պետություններ:

 

Հոդված 7. Ապաստան ընտանիքի անդամների համար և ընտանիքի վերամիավորումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի ամուսինը, մինչև 18 տարեկան զավակը և խնամքի տակ գտնվող այլ անձը նույնպես համարվում են փախստական և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են այդ փախստականի հետ համատեղ և չունեն փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ երկրի քաղաքացիություն:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի այլ բարեկամները կամ նրա ամուսնու բարեկամները նույնպես կարող են համարվել փախստական և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են նրա հետ համատեղ, այդ փախստականի խնամքի տակ են և չունեն այդ փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ պետության քաղաքացիություն:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` փախստական ճանաչված և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած երեխայի ծնողները, մինչև 18 տարեկան, ինչպես նաև 18-ից բարձր տարիքի անգործունակ հարազատ քույրերն ու եղբայրները նույնպես համարվում են փախստական, և նրանց Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է ապաստան, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են փախստականի կարգավիճակ ստացած երեխայի հետ համատեղ և չունեն այդ երեխայի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ պետության քաղաքացիություն:

4. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները իրավունք ունեն վերամիավորվելու սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված իրենց ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության տարածքում` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն:

5. Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների` սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարվում, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը, սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, չեղյալ է հայտարարվել: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից` հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:

6. Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների` սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը դադարում է, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը, սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, դադարում է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից` հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:

(7-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 8. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողները և փախստականները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներ ու փախստականներ` սույն օրենքի իմաստով ապաստան հայցող կամ փախստական երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք կամ հղի կանայք կամ միայնակ ծնողներ, որոնք ունեն անչափահաս երեխաներ կամ ծանր հիվանդությամբ տառապող հիվանդներ կամ հոգեկան խանգարում ունեցող անձինք կամ թրաֆիքինգի կամ խոշտանգումների կամ բռնաբարության կամ բռնության այլ ձևերի զոհեր.

2) առանց ուղեկցողի երեխա` 18 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որին Հայաստանի Հանրապետությունում չի ուղեկցում նրա մասին հոգ տանող որևէ չափահաս անձ.

3) ընտանիքից անջատված երեխա` 18 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որին Հայաստանի Հանրապետությունում ուղեկցում է չափահաս անձ, սակայն երեխան անջատված է ծնողներից կամ նրա մասին օրենքի կամ սովորույթի հիման վրա հոգ տանողից:

2. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների ու փախստականների, առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխայի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված ապաստանի ընդհանուր ընթացակարգերը, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, սույն օրենքով կամ այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաներն ունեն ապաստան հայցողների կամ փախստականների համար սահմանված նույն իրավունքները, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, սույն օրենքով կամ այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

3. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխային և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց միգրացիայի հարցերով լիազոր մարմինը պետք է աջակցի ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղավորման և խնամքի ապահովման հարցում` հաշվի առնելով նրանց տարիքը, սեռը, ազգականների առկայությունը և երեխայի շահերից բխող այլ հանգամանքները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրա համար սահմանված բոլոր իրավունքների իրացման հարցում:

4. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված բոլոր պետական մարմինները, որոնք առնչություն ունեն ապաստան հայցող առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաների, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց կամ փախստականների հարցերի հետ, իրենց իրավասության շրջանակներում պետք է աջակցեն նրանց` հաշվի առնելով նրանց առանձնահատուկ վիճակը և առավելագույնս ելնելով նրանց շահերից:

(8-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 9. Չվերադարձելիությունը

 

1. Չվերադարձելիության սկզբունքը, սույն օրենքի և միջազգային իրավունքի համաձայն, փախստականին որևէ կերպ չվերադարձնելն է այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով:

Չվերադարձելիության սկզբունքը չի կիրառվում այն փախստականի նկատմամբ, որը հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, կամ որը, օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելով առանձնապես ծանր հանցագործության համար, վտանգ է ներկայացնում հասարակության համար:

2. Ապաստան հայցող անձը մինչև սույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն իր ներկայացրած` ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետության տարածքից:

3. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի կարող արտաքսվել, վերադարձվել կամ հանձնվել այլ երկիր, որտեղ հիմնավոր պատճառներով վտանգ կա, որ նա կենթարկվի դաժան և անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ներառյալ` խոշտանգումների:

(9-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 10. Փախստականի ճանաչումը և ապաստանի տրամադրումը դադարեցնելու հիմքերը

 

1. Անձի փախստականի կարգավիճակը դադարեցվում է, եթե նա`

1) կամավոր կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր, կամ

2) կորցրած լինելով իր քաղաքացիությունը` կամավոր վերաստանձնել է այն կամ

3) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ պետության քաղաքացիություն և օգտվում է այդ պետության պաշտպանությունից կամ

4) կամավոր վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հետապնդման երկյուղի պատճառով, կամ

5) այլևս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին է, որովհետև այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ, կամ

6) չունենալով քաղաքացիություն` ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ, կամ

7) անձնական պատճառներով այլևս չի ցանկանում համարվել փախստական:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը չեն կիրառվում այն փախստականների նկատմամբ, ովքեր կարող են ներկայացնել նախկին հետապնդումից բխող բավարար հիմնավորումներ իրենց քաղաքացիության երկրի պաշտպանությունը, իսկ քաղաքացիություն չունենալու դեպքում` իրենց նախկին բնակության երկիր վերադառնալը մերժելու վերաբերյալ:

3. Փախստականին Հայաստանի Հանրապետությունում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե նա հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար կամ դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 30.06.2016 թվականից` 17.12.15 ՀՕ-194-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

5. Փախստականի կարգավիճակը դադարեցնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով:

(10-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 17.12.15 ՀՕ-194-Ն  (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 11. Փախստականի կարգավիճակի բացառման և ապաստան տրամադրելու մերժման հիմքերը

 

1. Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին չի տրամադրվում փախստականի կարգավիճակ, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նա`

1) կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն` համաձայն նման հանցագործությունների կապակցությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ստեղծված միջազգային փաստաթղթերի.

2) կատարել է ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նախքան Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող դառնալը.

3) մեղավոր է ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին հակասող արարքների կատարման մեջ:

2. Ապաստանի տրամադրումը կարող է մերժվել այն փախստականին, որը ժամանել է երրորդ ապահով երկրից, որտեղ նա չունի հետապնդման, մարդու իրավունքների խախտումների կամ իր երկիր վերադարձվելու երկյուղ, ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, կամ չունի արտաքին հարձակման, համատարած բռնության, այլ երկրի տիրապետության տակ գտնվելու, ներքին հակամարտությունների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների (վտանգների) ենթարկվելու երկյուղ, ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, և կարող է օրինական կերպով վերադառնալ այդ երկիր:

3. Փախստականի կարգավիճակի բացառման և ապաստան տրամադրելու մերժման որոշումը կայացնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված համապատասխան ընթացակարգերի համաձայն:

(11-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 12. Փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարումը

 

1. Լիազոր մարմինը փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարում, երբ անձին փախստականի կարգավիճակ տրամադրելուց հետո պարզվում է, որ նրան փախստականի կարգավիճակ չպետք է տրամադրվեր, ներառյալ, երբ կարգավիճակի որոշման ընթացակարգի ժամանակ անձի նկատմամբ կիրառելի են եղել բացառման հիմքերը:

2. Փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարումն իրականացնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերի համաձայն:

(12-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 13. Ապաստանի հայցը

 

1. Ապաստանի հայցը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու նպատակով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված մարմիններին ներկայացված խնդրանք է կամ դիմում:

2. Ապաստանի խնդրանք է համարվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին) կազմում գործող Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին (այսուհետ` Սահմանապահ զորքեր), իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` լիազոր մարմնին, ինչպես նաև Ոստիկանության, կամ եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում` ազատազրկման վայրի վարչակազմին բանավոր, գրավոր, ժեստերի լեզվով կամ հաղորդակցության որևէ այլ միջոցով առերես արված ցանկացած հայտարարություն, որն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու նրա ցանկությունը: Սույն մարմինները նաև պարտավոր են տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց ներկայացնելու հնարավորության մասին այն անձանց, որոնք, հնարավոր է, որ ապաստանի կարիք ունեն:

i

3. Ապաստանի դիմումը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ապաստանի ստացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմնին ներկայացված գրավոր խնդրանքն է: Դիմումի ձևը հաստատում է Կառավարությունը: Ապաստանի դիմումը կարող է ներկայացվել ինչպես հաջորդելով ապաստանի խնդրանքին` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապաստան հայցելու գործընթացն ավարտելու նպատակով, այնպես էլ անմիջապես` առանց ապաստանի խնդրանքի:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված` ապաստան հայցող ամբողջ ընտանիքի համար ապաստանի խնդրանքը և դիմումը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ընտանիքի որևէ անդամ, ինչը, սակայն, չի սահմանափակում ընտանիքի մյուս անդամների` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով անձնական պատճառների հիման վրա անհատական դիմումներ ներկայացնելու իրավունքը:

(13-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

i
Հոդված 14. Ապաստան հայցողների կենսաապահովման պայմանները

 

1. Կացարանի կարիք ունեցող ապաստան հայցողները մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը տեղավորվում են ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում (այսուհետ` Ժամանակավոր տեղավորման կենտրոն), որն այդ նպատակով ստեղծված հատուկ հաստատություն է: Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորված ապաստան հայցողներին տրամադրվում են կենսաապահովման պայմաններ` համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածի:

2. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում այն ապաստան հայցողներին, որոնք կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեն, տրամադրվում է դրամական օգնություն` Կառավարության սահմանած կարգով:

3. Ապաստան հայցողների կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու համար տրամադրվող դրամական օգնությունը սահմանելիս հաշվի են առնվում այդ անձանց հատուկ կարիքները:

4. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանում է միգրացիայի հարցերով լիազոր մարմինը:

(14-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 15. Ապաստան հայցողների և փախստականների հիմնական իրավունքները և պարտականությունները

 

1. Ապաստան հայցողները և փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ հավասար իրավունքներ և պարտականություններ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 16. ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու իրավունքը

 

1. Ապաստան հայցողները և փախստականներն իրավունք ունեն ցանկացած պահի դիմելու ՄԱԿ ՓԳՀ-ին:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված մարմինները պարտավոր են ապաստանի հայցն ընդունելիս բոլոր ապաստան հայցողներին և փախստականներին տեղեկացնել այս իրավունքի մասին:

 

Հոդված 16.1.  Անվճար իրավաբանական օգնության իրավունքը

 

1. Ապաստան հայցողներին և փախստականներին տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն` համաձայն «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված մարմինները պարտավոր են ապաստանի հայցն ընդունելիս բոլոր ապաստան հայցողներին և փախստականներին տեղեկացնել անվճար իրավաբանական օգնության իրավունքի մասին:

(16.1.-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 17. Ազատումը բացառիկ միջոցառումներից

 

1. Այն բացառիկ միջոցառումները, որոնք կարող են կիրառվել ընդդեմ այլ պետության քաղաքացիների անձի, սեփականության կամ շահերի, չեն կիրառվում այն փախստականների նկատմամբ, որոնք, լինելով այլ երկրի քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում ապաստան են ստացել:

 

Հոդված 18. Անձնական օրենքը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների անձնական օրենքը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Այլ երկրում ապաստան ստացած փախստականի անձնական օրենքը որոշվում է նրան ապաստան տրամադրած երկրի օրենսդրությամբ:

3. Փախստականի անձնական կարգավիճակից բխող` նախկինում ձեռք բերված, մասնավորապես ամուսնության հետ կապված իրավունքները հարգվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից:

 

Հոդված 19. Սեփականության իրավունքը

 

1. Ապաստան հայցողները և փախստականները շարժական գույքի ձեռքբերման, տեղափոխման, անշարժ գույքի վարձակալության հետ կապված, ինչպես նաև գույքային այլ իրավահարաբերություններում օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված նույն իրավունքներից:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները անշարժ գույքի ձեռքբերման, տնօրինման, տիրապետման, օգտագործման, ինչպես նաև սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված իրավահարաբերություններում արժանանում են ոչ պակաս բարեհաճ վերաբերմունքի, քան այն, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա քաղաքացիների համար:

 

Հոդված 20. Մտավոր սեփականության իրավունքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին մտավոր` գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, ինչպես նաև գրականության, արվեստի և գիտական ստեղծագործությունների սեփականության իրավունքների նկատմամբ տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքների պաշտպանության հարցում այլ երկրում ապաստան ստացած փախստականները Հայաստանի Հանրապետությունում օգտվում են նույն պաշտպանությունից, ինչ տվյալ փախստականին ապաստան տված երկրի քաղաքացիները:

 

Հոդված 21. Վարձատրվող աշխատանքի իրավունքը

 

1. Ապաստան հայցողներն ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանք փնտրելու և աշխատելու նույն պայմաններով, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 22. Ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:

 

i
Հոդված 23. Սոցիալական ապահովության և բժշկական օգնության իրավունքը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված սոցիալական ծառայություններից, ստանալու պետական նպաստներ և դրամական այլ օգնություններ, ժամանակավոր անաշխատունակության, արտադրությունում աշխատանքային խեղման, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների դեպքերի համար տրվող նպաստներ, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության, գործազրկության դեպքում` սոցիալական պաշտպանության իրավունք, եթե նրանք բավարարում են տվյալ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաստան չստացած փախստականներն ունեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունք, եթե բավարարում են այդ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

 

Հոդված 24. Կացարանի իրավունքը

 

1. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազոր մարմին դիմած ապաստան հայցողներին և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված նրանց ընտանիքի անդամներին (այսուհետ` ապաստան հայցողի ընտանիքի անդամներ) լիազոր մարմինը տեղավորում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց տրամադրվում են սնունդ (օրական երեք անգամ), սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ և կոշիկ (այսուհետ` կենսաապահովման պայմաններ):

Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման և կենսաապահովման պայմանների տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:

Սույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` ապաստանի դիմումը հաշվառելուց հետո ապաստան հայցողները կամ կարող են շարունակել մնալ Ժամանակավոր տեղավորման կենտրոնում կամ բնակվել այլ վայրում իրենց սեփական միջոցներով:

Առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողները ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորվում են առաջնահերթության կարգով` հաշվի առնելով նրանց լավագույն շահերը և խորհրդակցելով նրանց ներկայացուցչի հետ:

2. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազոր մարմին դիմած ապաստան հայցողներին և ապաստան հայցողի ընտանիքի անդամներին լիազոր մարմինը տեղավորում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ապաստան հայցողների Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, տրամադրվում են կենսաապահովման պայմաններ մինչև իրենց դիմումի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը:

3. Ապաստանի մերժում ստացած փախստականներին լիազոր մարմինը կարող է թույլատրել շարունակել բնակությունը Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, մինչև նրանք կլքեն Հայաստանի Հանրապետությունը կամ ապաստան կստանան սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

(24-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

Հոդված 25. Հանրային կրթությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաստան ստացած փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար կրթության իրավունք:

2. Ուսուցման մատչելիության, օտարերկրյա դպրոցական վկայագրերի, դիպլոմների ու գիտական աստիճանների ճանաչման, տուրքերից ու վճարումներից ազատման և կրթաթոշակների շնորհման հարցերում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ:

(25-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 26. Վարչական օժանդակությունը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի կողմից որևէ իրավունքից օգտվելը, որպես կանոն, պահանջում է, որ օտարերկրյա պետության իշխանությունները, որոնց փախստականները չեն կարող դիմել, տրամադրեն նրանց փաստաթղթեր կամ վկայագրեր, ապա ՄԱԿ ՓԳՀ-ն նրան տրամադրում է նման փաստաթղթեր կամ վկայագրեր:

2. Նման ձևով փախստականներին տրամադրված փաստաթղթերը կամ վկայագրերը ծառայում են որպես օտարերկրացիներին իրենց ներպետական իշխանությունների տրամադրած պաշտոնական փաստաթղթեր: Դրանք ճանաչվում են Հայաստանի Հանրապետության բոլոր պետական մարմինների և դատարանի կողմից և հակառակ ապացույցների բացակայության դեպքում արժանանում են վստահության:

3. Այն դեպքում, երբ պահանջվում է ապաստան հայցողի կամ փախստականի կողմից ներկայացված փաստաթղթերի օրինականության և գործողության ժամկետների ստուգում, լիազոր մարմինը, սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, համապատասխան երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության միջոցով իրականացնում է այդ ստուգումները:

 

Հոդված 27. Տեղաշարժի ազատությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները, ինչպես նաև ապաստան հայցողները և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված նրանց ընտանիքի անդամները, ովքեր դիմում են լիազոր մարմին, սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրենց բնակության վայրի ընտրության և պետության տարածքում ազատորեն տեղաշարժվելու իրավունքի առումով օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված նույն իրավունքներից:

2. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազոր մարմին դիմած, ներառյալ` ապաստան չստացած անձանց, ապաստան հայցողների և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված նրանց ընտանիքի անդամների ազատ տեղաշարժի նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սահմանափակումներ:

 

Հոդված 28. Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելը

 

1. Ապաստան հայցողները և փախստականները Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար չեն ենթարկվում քրեական կամ վարչական պատասխանատվության:

2. Այն դեպքում, երբ ապաստան հայցողը դիտավորյալ չի համագործակցում սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուշացնում է անձը հաստատող վկայականի վավերականության ժամկետի երկարաձգումը կամ չի ենթարկվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղաշարժի սահմանափակումներին, ապա նա կարող է ենթարկվել պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 29. Ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը

 

1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին, սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապաստանի հայց ներկայացնելուց հետո անվճար տրամադրում է անձը հաստատող վկայական: Ընտանիքի մինչև 16 տարեկան անդամների մասին տեղեկությունները զետեղվում են ապաստանի հայց ներկայացրած իրենց ծնողների կամ խնամակալների անձը հաստատող վկայականներում: Առանց ուղեկցողի և (կամ) ընտանիքից անջատված մինչև 16 տարեկան ապաստան հայցողներին տրամադրվում է անձը հաստատող առանձին վկայական:

2. Ապաստան հայցողների անձը հաստատող վկայականը տրամադրվում է երեք ամսով, և մինչև ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը լիազոր մարմնի կողմից այդ վկայականի վավերականության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է երեքական ամսով:

3. Անձը հաստատող վկայականը հաստատում է ապաստան հայցողի օրինական բնակության փաստը և գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Այն իրավունք է տալիս ապաստան հայցողին ընտրելու բնակության վայր ցանկացած բնակավայրում` սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` տեղաշարժի ազատության սահմանափակումների ենթակա ապաստան հայցողների:

4. Անձը հաստատող վկայականը կորցնում է իր վավերականությունը ապաստանի հայցի մերժման վերաբերյալ վերջնական որոշումը ապաստան հայցողին ուղարկելուց մեկ շաբաթ հետո, իսկ հայցը բավարարելու դեպքում` Ոստիկանության կողմից ապաստան հայցողին, սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, փախստականի նույնականացման քարտ տրամադրվելու պահից: Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած փախստականները, սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, շարունակում են պահել իրենց տրամադրված` անձը հաստատող վկայականը: Անձին նույնականացման քարտ տրամադրելուց հետո Ոստիկանությունը անձը հաստատող վկայականը վերադարձնում է լիազոր մարմին:

5. Անձը հաստատող վկայականի կորստի կամ այն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում լիազոր մարմինը գործը հիմնավոր ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, ապաստան հայցողներին տրամադրում է անձը հաստատող նոր վկայական` նախորդ վկայականի վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը ապաստան հայցողին տրամադրում է նրա` ապաստան հայցող լինելու և ինքնությունը հաստատող փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:

(29-րդ հոդվածը փոփ. 03.03.11 ՀՕ-66-Ն, 17.12.15 ՀՕ-194-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 30. Փախստականի նույնականացման քարտը

 

1. Փախստականի նույնականացման քարտը փախստականի անձը և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:

2. Ոստիկանությունը փախստականներին, սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, տրամադրում է փախստականի նույնականացման քարտ: Մինչև 16 տարեկան փախստականին փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է երեք տարի, իսկ 16 տարին լրացած փախստականին` 10 տարի վավերականության ժամկետով:

3. Փախստականի նույնականացման քարտը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց` փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր և էլեկտրոնային փոստ: Փախստականի նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) անձը հաստատող լուսանկարով որևէ փաստաթուղթ (առկայության դեպքում).

3) լիազոր մարմնի կողմից տրված` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.

4) լիազոր մարմնի որոշումը տվյալ անձին փախստական ճանաչելու մասին.

5) պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Փախստականի նույնականացման քարտը փոխանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա փախստականի նույնականացման քարտը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

6. Փախստականի նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում է Ոստիկանությունում: Անհատական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով փախստականի նույնականացման քարտ ստանալիս անձը Ոստիկանությունում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները, իսկ դրանք ստանալու անհնարինության դեպքում կատարվում է համապատասխան նշում Ոստիկանության կողմից վարվող անհատական տվյալների էլեկտրոնային բազայում: Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` փախստականի նույնակականացման քարտ տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:

7. Եթե փախստականի նույնականացման քարտի վրա անձի ստորագրության բացակայությունը պայմանավորված է անձի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին փախստականի նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցում կատարվում է համապատասխան նշում:

8. Փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները Ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը սահմանում է Կառավարությունը:

9. Փախստականի նույնականացման քարտի նկարագիրը սահմանում է Կառավարությունը:

10. Գործունակ անձը փախստականի նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

11. Անգործունակ ճանաչված անձանց փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է նաև խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճենը: Սահմանափակ գործունակ ճանաչված անձին փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված փախստականին սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված` առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Առաջին խմբի հաշմանդամները փախստականի նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու (փոխանակելու) նաև ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է անձի հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը: Սույն կետով նախատեսված դեպքերում, եթե խնամակալը կամ հոգաբարձուն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա դիմումի վրա վերջինիս ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

12. Մինչև 16 տարեկան երեխային փախստականի նույնականացման քարտ տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

i

13. Փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ` առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

14. Փախստականի նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

(30-րդ հոդվածը փոփ. 03.03.11 ՀՕ-66-Ն, 17.12.15 ՀՕ-194-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

Հոդված 30.1.  Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

 

1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար:

i

2. Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` նույնականացման քարտի հիման վրա: Մինչև 16 տարեկան փախստականներին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած փախստականներին` 10 տարի վավերականության ժամկետով:

3. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց` փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է փաստաթղթում ամրագրված անհատական տվյալները և լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները, սույն օրենքով նախատեսված դեպքերում` աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմներն ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Եթե կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում անձի կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը պայմանավորված է նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում: Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:

4. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փախստականի նույնականացման քարտ.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

6. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում և մատնադրոշմները հանձնում է Ոստիկանությունում:

i

7. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը սահմանում է Կառավարությունը: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը պետք է համապատասխանի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին:

8. Գործունակ անձը կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

9. Անգործունակ, սահմանափակ գործունակ ճանաչված անձինք, ինչպես նաև առաջին խմբի հաշմանդամները կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանում են սույն օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:

10. Մինչև 16 տարեկան երեխային կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:

11. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ դիմում ներկայացնող անձի ցանկությամբ` առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

12. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

13. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները Ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

(30.1-ին հոդվածը լրաց. 17.12.15 ՀՕ-194-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 23.03.18 ՀՕ-292-Ն օրենք)

 

Հոդված 30.2.  Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու հիմքերը և ժամկետները

 

1. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են`

1) փաստաթղթում պարունակվող տեղեկությունները փոխվելու դեպքում.

2) օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում.

3) վավերականության ժամկետը լրանալու դեպքում.

4) փաստաթղթում ոչ ճիշտ տվյալների առկայության դեպքում.

5) եթե անձը նման ցանկություն է հայտնել:

2. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում է նաև այն դեպքում, երբ լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված փաստաթղթի էջերը:

i

3. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ` առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

(30.2-րդ հոդվածը լրաց. 17.12.15 ՀՕ-194-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 23.03.18 ՀՕ-292-Ն օրենք)

 

Հոդված 30.3.  Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր ճանաչելու հիմքերը

 

1. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր են ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է փաստաթղթի վավերականության ժամկետը.

2) ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում է կայացվել.

3) անձը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.

4) փաստաթուղթը կորել է.

5) փաստաթուղթը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

6) փաստաթուղթը կեղծվել է.

7) փաստաթուղթը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

8) անձը փաստաթուղթը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում.

9) անձը մահացել է:

2. Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցրած անձն այդ մասին հայտնում է Ոստիկանություն` փախստականի նույնականացման նոր քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Նույնականացման քարտի կորստյան դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած` փախստականի նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձին, իր ցանկությամբ, մինչև փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական, որի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

3. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը համարվում են անվավեր, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր են ճանաչվում Ոստիկանության որոշմամբ:

5. Մահացած փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը հանձնվում են մահվան պետական գրանցումն իրականացնող մարմին:

(30.3-րդ հոդվածը լրաց. 17.12.15 ՀՕ-194-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 23.03.18 ՀՕ-292-Ն օրենք)

 

Հոդված 30.4.  Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են վերցնել փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, եթե առկա են դրանք անվավեր ճանաչելու` սույն օրենքի 30.3-րդ հոդվածի 1-ին մաuի 1-2-րդ և 6-7-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ անձն օգտագործում է այլ անձի պատկանող փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելուց հետո անմիջապես անձին տրվում է վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Փախստականի վերցված նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանցվում է Ոստիկանություն, բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերից:

4. Կասկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Կասկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո` անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է պատիժը կատարող մարմնում և անձին վերադարձվում է պատիժը կրելուց հետո` անմիջապես:

5. Արգելվում է փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:

(30.4-րդ հոդվածը լրաց. 17.12.15 ՀՕ-194-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 31. Պետական և ոչ պետական մարմինների կողմից ապաստան հայցողների և փախստականների իրավունքների երաշխավորումը

 

1. Ապաստան հայցողների և փախստականների` սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր իրավունքները հարգվում են Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բոլոր մարմինների կողմից:

2. Սույն օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածների համաձայն` ապաստան հայցողներին և փախստականներին տրված անձը հաստատող փաստաթուղթը հիմք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից օգտվելու համար:

3. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում աջակցում է ապաստան հայցողներին և փախստականներին այլ մարմինների հետ հարաբերություններում նրանց` սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով տրված բոլոր իրավունքների պաշտպանության հարցում:

4. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց հայաստանյան հասարակությունում ինտեգրումը խթանելու նպատակով սույն օրենքի 33-րդ, 34-րդ, 38-42-րդ հոդվածներով սահմանված լիազոր մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում պետք է իրականացնեն սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ինտեգրման ծրագրեր:

(31-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները

 

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման և սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են`

1) Կառավարությունը.

2) լիազոր մարմինը.

3) Ազգային անվտանգության ծառայությունը.

4) Ոստիկանությունը.

5) արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին).

6) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին).

7) կրթության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին).

8) առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին).

9) խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ` Խնամակալության մարմիններ).

10) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի` երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ).

11) այլ իրավասու պետական մարմիններ (այսուհետ` այլ մարմիններ):

2. Ապաստանի շնորհումը սույն հոդվածի 1-ին մասում թվարկված պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:

(32-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

Հոդված 33. Կառավարության լիազորությունները

 

i

1. Կառավարությունը`

1) ընդունում և հաստատում է սույն օրենքով կառավարության իրավասությանը վերապահված ընթացակարգերը, կարգերը և որոշումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսում է սույն օրենքով նախատեսված միջոցառումների կատարման համար ֆինանսական միջոցների չափերը.

3) ստեղծում է սույն օրենքով սահմանված` Ժամանակավոր տեղավորման կենտրոնը, սահմանում է այդ կենտրոնի գործունեության և պահպանման կարգը.

4) հաստատում է ապաստան հայցողների և փախստականների` սույն օրենքով սահմանված անձը հաստատող, ինչպես նաև փախստականներին տրվող ճամփորդական փաստաթղթերի ձևերը և տրման կարգը:

(33-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն օրենք)

 

i
Հոդված 34. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը

 

1. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նախարարությանը ենթակա Միգրացիոն ծառայությունն է (այսուհետ` լիազոր մարմին):

2. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:

3. Լիազոր մարմնի ղեկավարն ունի տեղակալ, որին լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:

4. Լիազոր մարմինը`

1) քննարկում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի տրամադրման մասին դիմումները, նրանց տրամադրում է իրավական, սոցիալական և այլ բնույթի օժանդակություն.

2) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների կենտրոնացված հաշվառում, պահում է տեղեկատվական բանկ և իրականացնում է այդ բանկի մշտական թարմացումը.

3) իրականացնում է ապաստանի դիմումին առնչվող` սույն օրենքով սահմանված ընթացակարգերը և ունի դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն.

4) դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցով.

5) անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին գործերով լիազոր մարմիններ, ինչպես նաև Ոստիկանություն` ապաստան հայցողների ինքնությունը պարզելու գործում աջակցելու հարցով.

6) սույն օրենքով սահմանված կարգով ապաստանի դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական որոշումների մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը.

7) իր իրավասության լիարժեք իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածների իրավունքների իրացման հարցերով համագործակցում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ.

8) ՄԱԿ ՓԳՀ-ին է տրամադրում փախստականների և ապաստանի հարցերին վերաբերող ամբողջական տեղեկատվություն, ներառյալ` ընդհանուր վիճակագրական բնույթի տեղեկություններ, ինչպես նաև հաշվառման վերցված ապաստան հայցողների և փախստականների անվանական ցուցակները, ապաստան հայցողների և փախստականների անձնական գործերը` նրանց համաձայնությամբ.

9) առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների կողմից ապաստանի տրամադրման դիմում ներկայացնելուն պես դիմում է Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին, անհրաժեշտության դեպքում` Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժիններ` առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս և հաշմանդամ ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը կազմակերպելու հարցով.

10) իրականացնում է փախստականի կարգավիճակ ստացած անձանց հասարակությանն ինտեգրելուն ուղղված միջոցառումներ (լեզվի և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն և այլն).

11) աջակցում է ապաստանի հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների աշխատողների համար անհրաժեշտ վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը.

12) առաջարկություններ է ներկայացնում հանրապետության բնակչության վերաբնակեցման, բնակչության ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ.

13) իրականացնում է ծրագրեր 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու նպատակով.

14) աջակցում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու, կրթական, առողջապահական, իրավական օգնության և այլ հարցերում.

15) մասնակցում է միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակմանը.

16) իր իրավասության սահմաններում մասնակցում է անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:

(34-րդ հոդվածը փոփ. 03.03.11 ՀՕ-66-Ն, 16.12.15 ՀՕ-193-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

Հոդված 35. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը`

1) միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության համար, ինչպես նաև տալիս է եզրակացություն ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին.

2) միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումի հիման վրա տրամադրում է տեղեկատվություն սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ.

3) իր նախաձեռնությամբ միգրացիայի հարցերով լիազոր մարմնին կարող է տրամադրել տեղեկատվություն սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարման համար հիմքերի, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման հիմքերի առկայության վերաբերյալ:

2. Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում ստուգում են ապաստան հայցողների բոլոր փաստաթղթերը` սահմանային անցման ընթացակարգերը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև`

1) Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած և սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` ապաստանի խնդրանք ներկայացրած ապաստան հայցողներին տեղյակ են պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի և սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ապաստանի դիմում ներկայացնելու կարգի մասին.

2) Հայաստանի Հանրապետություն անօրինական (սահմանային ռեժիմի խախտումով) մուտք գործած ապաստան հայցողներից ընդունում են ապաստանի հայցը և սահմանված կարգով գրանցում են դրանք հատուկ այդ նպատակով բացված գրանցամատյանում, ինչպես նաև ապաստանի հայցի մասին տեղեկացնում են լիազոր մարմնին և Ոստիկանությանը: Սահմանապահ զորքերը կարող են այդ անձանց մինչև 72 ժամ պահել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում:

(35-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 36. Ոստիկանության լիազորությունները

 

1. Ոստիկանությունը`

1) ապաստանի հայցով ներկայացած անձանց տեղյակ է պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի, վերջինիս դիմելու կարգի մասին: Անհրաժեշտության դեպքում աջակցում է սեփական միջոցներով լիազոր մարմին գնալու հնարավորություններ չունեցող ապաստան հայցողներին` այնտեղ հասնելու գործում.

2) լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության նպատակով, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Ոստիկանությունը կարող է տրամադրել տեղեկություններ սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարման համար հիմքերի, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման վերաբերյալ.

3) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած այն անձանց` օտարերկրացիների համար օրենքով սահմանված կարգով արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից, որոնց նկատմամբ չի գործում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված չվերադարձելիության սկզբունքը.

4) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սահմանված կարգով տրամադրում է փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

(36-րդ հոդվածը փոփ. 03.03.11 ՀՕ-66-Ն, 16.12.15 ՀՕ-193-Ն, 17.12.15 ՀՕ-194-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 37. Արտաքին գործերի նախարարության լիազորությունները

 

1. Արտաքին գործերի նախարարությունը լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը և ծագման երկիրը պարզելու, ինչպես նաև իր իրավասության շրջանակում ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած այլ փաստերի պարզաբանման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները վավերացնում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը և ակտերը, որոնք կազմել են իրենց հյուպատոսական տարածքների իրավասու մարմինները: Հյուպատոսական ծառայությունները նաև աջակցում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով ընտանիքի վերամիավորմանը:

(37-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 38. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունները

 

1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների` սույն օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ:

2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լիազոր մարմնի միջնորդության հիման վրա, համագործակցելով Խնամակալության և հոգաբարձության մարմինների և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ, կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը:

(38-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 39. Կրթության և գիտության նախարարության լիազորությունները

 

1. Կրթության և գիտության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների` սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կրթության իրավունքի իրացման ուղղությամբ:

2. Խնամակալության մարմնի դիմումի հիման վրա կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների և ապաստան ստացած փախստականների` կրթական հաստատություն ընդունման հարցը:

 

Հոդված 40. Առողջապահության նախարարության լիազորությունները

 

1. Առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների` սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ:

2. Առողջապահության նախարարության միջնորդության հիման վրա ապահովում է ապաստան հայցողների անվճար բժշկական զննումը, կանխարգելիչ և անհրաժեշտության դեպքում սահմանափակող միջոցառումների իրականացումը:

 

Հոդված 41. Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները

 

1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմնի կամ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների միջնորդության հիման վրա իրենց համայնքի տարածքում կազմակերպում են առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների համար խնամակալի (կամ) հոգաբարձուի նշանակումը միջնորդությունն ստանալուց հետո` յոթն աշխատանքային օրվա ընթացքում:

(41-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 42. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների իրավասությունները

 

1. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները սույն օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, համագործակցելով Խնամակալության մարմինների հետ, կազմակերպում են առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը:

(42-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 43. Հայաստանի Հանրապետության այլ իրավասու պետական մարմինների լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները պարտավոր են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, լուծել Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով իրենց իրավասություններին հանձնված ցանկացած խնդիր:

 

Հոդված 44. ՄԱԿ ՓԳՀ-ի լիազորությունները

 

1. ՄԱԿ ՓԳՀ-ն փախստականների և ապաստանի հարցերով իրավասու բոլոր մարմինների կողմից օժտվում է լայն օժանդակությամբ և համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Կոնվենցիայի և վերջինիս 1967 թվականի Արձանագրության կիրառումը վերահսկելու համար:

2. ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչները կարող են ցանկացած պահի կապ հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, ներառյալ` ձերբակալված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ազատազրկված ապաստան հայցողների կամ փախստականների հետ, ինչպես նաև մասնակցել սույն օրենքի 51-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` լիազոր մարմնում ապաստան հայցողների հետ անցկացվող հարցազրույցներին:

3. ՄԱԿ ՓԳՀ-ն լիազոր մարմնին, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածում թվարկված մարմիններին տրամադրում է փախստականների և ապաստանի վերաբերյալ վերջիններիս իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, ներկայացնում է առաջարկություններ առանձին ապաստան հայցողների և փախստականների խնդիրների լուծման, ինչպես նաև սույն օրենքի կիրառման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

Հոդված 45. Ապաստանի տրամադրման ընթացակարգը

 

1. Սույն օրենքի իմաստով ապաստանի տրամադրման ընթացակարգ է համարվում լիազոր մարմնի կողմից իրականացվող փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթը:

Փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթը կարող է իրականացվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կամ արագացված ընթացակարգերով:

2. Ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Ապաստան ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է դիմումը լիազոր մարմնում գրանցվելուց հետո` եռամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքի: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս ժամանակով, եթե առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական վարույթի ժամկետի երկարաձգման հիմքեր:

(45-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 46. Ապաստանի խնդրանքը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները ապաստան ստանալու խնդրանք են ներկայացնում սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մարմիններին:

2. Ապաստանի խնդրանքը ներկայացվում է ապաստան հայցողի կողմից` սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերում նշված ընտանիքների կողմից ապաստան հայցելու դեպքում` նաև սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանիքի որևէ անդամի կողմից:

3. Ապաստանի խնդրանքն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու ցանկությունը: Ապաստանի խնդրանքը նաև ներառում է անձի և ընտանիքի բոլոր ուղեկցող անդամների մասին անձնական տվյալներ, ինչպես նաև ծագման երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն ուղևորության նկարագրությունը:

4. Սահմանապահ զորքերը, Ոստիկանությունը կամ ազատազրկման վայրի վարչակազմը հարցազրույց են անցկացնում ապաստան հայցողի հետ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար և ապաստանի խնդրանքը գրանցում են համապատասխան գրանցամատյանում:

Գրանցամատյանի ձևը հաստատվում է Սահմանապահ զորքերի, Ոստիկանության և Միգրացիայի հարցերով լիազոր մարմնի համատեղ որոշմամբ:

Հարցազրույցը գրավոր արձանագրվում է ապաստանի խնդրանք ստացած մարմինների կողմից, ապա գրավոր ներկայացված ապաստանի խնդրանքի հետ, եթե այդպիսին կա, փոխանցվում է լիազոր մարմնին, իսկ պատճենները մնում են վերը նշված մարմինների մոտ: Սահմանապահ զորքերի, Ոստիկանության կամ ազատազրկման վայրի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման և այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը սահմանում է Կառավարությունը:

5. Եթե ապաստան հայցողը և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ուղեկցող ընտանիքի անդամներն ունեն վավեր ճամփորդական փաստաթուղթ և մուտքի վավեր թույլտվություն, ապա Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանության մարմինները տեղեկացնում են նրանց լիազոր մարմնին ապաստանի դիմում ներկայացնելու մասին:

6. Ապաստան հայցողի և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ուղեկցող ընտանիքի անդամների` վավեր ճամփորդական փաստաթուղթ կամ մուտքի վավեր թույլտվություն չունենալու դեպքում Սահմանապահ զորքերը կարող են ընդունել պատճառաբանված գրավոր որոշում նրանց` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում մինչև 72 ժամ տևողությամբ պահելու մասին, որից հետո նրանք պետք է տեղափոխվեն սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոն: Պատճառաբանված գրավոր որոշումը տրամադրվում է ապաստան հայցողին իր համար հասկանալի լեզվով: Որոշումը պետք է ներառի այն բողոքարկելու ընթացակարգերը:

Հատուկ կացարանում պահելու պայմանները պետք է համապատասխանեն ձևավորված միջազգային չափանիշներին:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի գործողության դեպքում այդ նույն մասով սահմանված մարմինները ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում են լիազոր մարմնին` վերջինիս ներկայացուցիչներին տրամադրելով ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք` նրանցից ապաստանի դիմումը վերցնելու, ապաստանի տրամադրման հարցով վարչական վարույթ հարուցելու, ինչպես նաև Ժամանակավոր տեղավորման կենտրոն նրանց տեղափոխումը հեշտացնելու և կացության կարգավիճակը կարգավորելու նպատակով: ՄԱԿ ՓԳՀ-ի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողներին խորհրդատվություն տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպությունների աշխատակիցներն ունեն ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք:

8. Ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների կողմից ապաստանի խնդրանք ներկայացրած վայրից լիազոր մարմնի կենտրոնական նստավայր տեղափոխվելու ծախսերն ինքնուրույնաբար հոգալու դժվարությունների կամ անհնարինության դեպքում Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանության մարմինները այդ մասին անհապաղ տեղեկացնում են լիազոր մարմնին: Վերջինս կազմակերպում է ապաստան հայցողին և նրա ընտանիքին լիազոր մարմնի կենտրոնական նստավայր տեղափոխելը` անհրաժեշտության դեպքում համագործակցելով հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ:

9. Սահմանապահ զորքերը, Ոստիկանությունը, միգրացիայի հարցերով լիազոր մարմինը և ազատազրկման վայրի վարչակազմը պետք է տեղեկացնեն ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին նրանց իրավունքների, ներառյալ` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի,  և պարտականությունների մասին և, մասնավորապես, ՄԱԿ ՓԳՀ-ի հետ կապ հաստատելու հնարավորության մասին:

(46-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

Հոդված 47. Ապաստանի դիմումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ապաստան ստանալու մտադրություն ունեն, դիմում են լիազոր մարմին և անմիջապես ներկայացնում են ապաստանի դիմումը` սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կամ իրենց ապաստանի դիմումը ներկայացնում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ապաստան ստանալու մտադրություն ունեն կամ անմիջապես դիմում են լիազոր մարմին և ներկայացնում են ապաստանի դիմումը, սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կամ իրենց ապաստանի դիմումը ներկայացնում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում, երբ ապաստանի դիմումը անմիջապես ներկայացվում է լիազոր մարմնին, վերջինս ապաստանի դիմումը վերցնելուց հետո տեղեկացնում է Ոստիկանությանը` սույն օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով` վերջինիս համար սահմանված լիազորության իրականացումն ապահովելու նպատակով: Ոստիկանության կողմից ապաստան հայցողին ժամանակավոր ձերբակալելու դեպքում լիազոր մարմնի ներկայացուցիչներն ունեն ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք` ապաստանի տրամադրման նպատակով հարուցված վարչական վարույթը շարունակելու, ինչպես նաև նրանց կացության կարգավիճակի կարգավորումը հեշտացնելու նպատակով:

4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապաստանի դիմումը ապաստան հայցողը գրավոր ներկայացնում է լիազոր մարմնին` հայերեն կամ իր մայրենի լեզվով կամ Միավորված ազգերի կազմակերպության լեզուներից մեկով:

5. Ապաստան հայցող ընտանիքների դեպքում սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի ապաստանի հայցը, սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, կամ ներառվում է ընտանիքի որևէ անդամի տված ապաստանի միասնական դիմումում, կամ էլ ներկայացվում է անհատական դիմումով: Ընտանիքի այլ անդամի տված դիմումում ներառվելու վերաբերյալ համաձայնությունը գրանցում է լիազոր մարմինը և վավերացվում է համապատասխան ապաստան հայցողի ստորագրությամբ:

Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը ապաստանի միասնական դիմում ներկայացրած անձի ընտանիքի չափահաս անդամներին տեղեկացնում է ապաստանի միասնական դիմում ներկայացնելու իրավական հետևանքների և անհատական դիմում ներկայացնելու իրենց իրավունքի մասին:

6. Ապաստան հայցողն իր դիմումում մանրամասն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան հայցելու պատճառները և հիմնավորում է հնարավոր հետապնդվելու երկյուղը, կամ ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում, ներկայացնում է այն հարկադրող պատճառները, որոնց հետևանքով նա լքել է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիրը:

7. Լիազոր մարմինն օգնում է ապաստան հայցողին ապաստանի դիմումը լրացնելու գործում` անհրաժեշտության դեպքում նրան անվճար տրամադրելով թարգմանիչ, իսկ ապաստան հայցողի ցանկության դեպքում օգնում է նրան կապ հաստատել փաստաբանի կամ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ:

8. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ի մասում նշված` առանց ուղեկցողի և (կամ) ընտանիքից անջատված անչափահաս անձի ապաստան հայցելու դեպքում լիազոր մարմինն աջակցում է խնամակալի նշանակման հարցում` սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Նշանակված խնամակալը մասնակցում է լիազոր մարմնի և այլ մարմինների կողմից ապաստանի դիմումի քննարկմանը, ինչպես նաև փախստականի ճանաչման և ապաստանի տրամադրման ուղղությամբ հարուցված վարույթով նախատեսված հետագա բոլոր իրավահարաբերություններին:

9. Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալների կամ հոգաբարձուների կողմից ապաստանի դիմումը ներկայացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:

(47-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 19.10.16 ՀՕ-179-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

Հոդված 48. Ապաստանի դիմումների հաշվառումը լիազոր մարմնում

 

1. Ապաստանի դիմումն ընդունելուն և հաշվառելուն պես լիազոր մարմինը ապաստան հայցողին հաշվառում է պետական լիազոր մարմնի տեղեկատվական բանկում և բացում է ապաստան հայցողի անհատական գործ: Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ընտանիքի անդամները և խնամքի տակ գտնվող այլ անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում են և սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով ցանկանում են դիմել ապաստանի համար առանց ապաստանի անհատական դիմում ներկայացնելու գրանցվում են անհատական ընթացակարգով դիմում ներկայացրած ապաստան հայցողի հետ և ընդգրկվում են նրա անհատական գործի մեջ:

2. Ընտանիքի անդամները և խնամքի տակ գտնվող այլ անձինք, որոնք, սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապաստանի անհատական դիմում են ներկայացրել, գրանցվում են որպես անհատներ, և նրանցից յուրաքանչյուրի համար բացվում է անհատական գործ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ապաստան հայցող գրանցված անձը տեղեկացվում է հաշվառման ընթացքում իր հայտնած տեղեկությունների, մասնավորապես իր հասցեի որևէ փոփոխության մասին լիազոր մարմնին անմիջապես հայտնելու պարտականության, այդ պարտականությունը չկատարելու դեպքում` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված իրավական հետևանքների, ինչպես նաև այն մասին, որ սույն օրենքի նույն հոդվածի համաձայն` լիազոր մարմինը կարող է դադարեցնել դիմումի հետագա քննարկումը, եթե ապաստան հայցողի կողմից սույն մասով սահմանված կարգը չպահպանելու պատճառով չի կարողանում կապ հաստատել վերջինիս հետ:

4. Ապաստան հայցողի դիմումը հաշվառելիս և վերջինիս վերաբերյալ առանձին գործ կազմելիս լիազոր մարմինը, սույն օրենքի 29-րդ հոդվածի համաձայն, ապաստան հայցողին, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին և խնամքի տակ գտնվող անձանց տրամադրում է ապաստան հայցողների անձը հաստատող անհատական փաստաթուղթ, ինչպես նաև սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարցազրույցի անցկացման մասին ծանուցագիր:

 

Հոդված 49. Խորհրդատվությունը

 

1. Սույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` ապաստանի դիմումն ընդունելիս, հաշվառելիս և համապատասխան գործ կազմելիս լիազոր մարմինը ապաստան հայցողին անվճար խորհրդատվություն է տրամադրում նրա իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ստանալու համար սույն օրենքով սահմանված հիմքերի, ապաստանի դիմումի քննարկման ժամկետների, ընթացակարգերի, ապաստանի հայցից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ:

2. Խորհրդատվության միջոցով ապաստան հայցողին տեղեկացվում է սույն օրենքի 3-րդ գլխով սահմանված մարմինների հետ նրա համագործակցելու պարտավորության մասին, մասնավորապես ապաստան հայցողը պարտավորվում է`

1) տրամադրել բանավոր և գրավոր անհրաժեշտ և լիարժեք տեղեկատվություն համապատասխան մարմիններին.

2) պահպանել լիազոր մարմնին տեղեկացնելու պաշտոնապես ընդունված վերջնաժամկետները և կարգերը.

3) ապաստան հայցողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ դիմել լիազոր մարմին` այն երկարաձգելու համար, այլապես ապաստան հայցողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալու դեպքում նա հայտնվելու է անօրինական կարգավիճակում.

4) լիազոր մարմնին ներկայացնել ապաստանի տրամադրման ընթացակարգի համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող իր ունեցած բոլոր փաստաթղթերը:

3. Ապաստան հայցողը տեղեկացվում է, որ պետական մարմինների հետ ոչ պատշաճ համագործակցության կամ կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում նրա ապաստանի դիմումը կարող է մերժվել, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում նա օրենքով սահմանված կարգով կարող է ենթարկվել տուգանքների:

4. Ապաստան հայցողը տեղեկացվում է սեփական միջոցներով համապատասխան որակավորում ունեցող թարգմանիչ և փաստաբան վարձելու և նրանց ներկայությամբ հարցազրույցի մասնակցելու, ինչպես նաև սույն օրենքի 51-րդ հոդվածի համաձայն` հարցազրույցի ընթացքում թարգմանչի, իսկ ապաստան հայցողի ցանկության դեպքում` նրա նախընտրած սեռի թարգմանչի ծառայությունից անվճար օգտվելու իր իրավունքի մասին: Ապաստան հայցողին հիշեցվում է նաև ցանկացած պահի ՄԱԿ ՓԳՀ-ի հետ կապ հաստատելու նրա իրավունքի մասին:

(49-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 50. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների երաշխիքները

 

1. Ապաստանի դիմումի գրանցման պահից սկսած` իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր և անհրաժեշտ գործողությունները հնարավոր սեղմ ժամկետներում բացահայտելու հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներին:

2. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներին ապաստանի դիմումի քննարկման ցանկացած փուլում իրավասու մարմինները տրամադրում են անհրաժեշտ աջակցություն ու բավարար ժամանակ ինչպես ընթացակարգին նրանց հասանելիությունը ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, այնպես էլ փախստականի կարգավիճակի հայցը հիմնավորելու համար անհրաժեշտ փաստերի ներկայացման նպատակով:

3. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի համար ապաստանի ընթացակարգի շրջանակներում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նշանակում է ներկայացուցիչ, որը պարտավոր է պաշտպանության տրամադրման ընթացակարգի ընթացքում պատշաճ կերպով ներկայացնել առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի լավագույն շահերը:

4. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի ինքնությունը և ազգությունը պարզելու համար, ինչպես նաև որոնի երեխայի ծնողներին կամ այլ ազգականներին ընտանիքի միավորման նպատակով, եթե այդ որոնումն ու միավորումը բխում են երեխայի շահերից:

5. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը նպատակահարմար չէ, ապա աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմինը Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ համատեղ նախաձեռնում է երեխաներին տեղավորելու գործընթացը` խորհրդակցելով նրանց ներկայացուցչի հետ:

6. Ելնելով երեխաների շահերի պաշտպանությունից` ապաստան հայցող երեխային տեղավորելիս միգրացիայի հարցերով լիազոր մարմինը, խորհրդակցելով նրա ներկայացուցչի հետ, ապահովում է երեխա ապաստան հայցողների համատեղ բնակությունն իրենց ընտանիքի անդամների հետ:

7. Պաշտպանության տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողություն (այդ թվում` սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված հարցազրույցը) կատարվում է ներկայացուցչի մասնակցությամբ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացվում է ներկայացուցչի նշանակումից հետո` երկու շաբաթվա ընթացքում, անչափահասի հետ հարցազրույցի անցկացման համար նախատեսված համապատասխան պայմաններում:

8. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի պաշտպանության տրամադրման գործընթացում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձինք իրենց գործողություններում պետք է ելնեն երեխայի շահերի պաշտպանության սկզբունքից:

9. Եթե առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ ապաստան հայցողը հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության կամ հաշմանդամության հետևանքով ունակ չէ գիտակցելու ապաստանի տրամադրման ընթացակարգի էությունն ու նշանակությունը և արդյունավետ կերպով ներկայացնելու իր ապաստանի հայցը, ապա միգրացիայի հարցերով լիազոր մարմինը համապատասխան մասնագետի եզրակացության հիման վրա ապաստանի տրամադրման գործընթացում, ապաստան հայցողի համաձայնությամբ, նշանակում է ներկայացուցիչ, որը ապաստանի տրամադրման ընթացակարգում պատշաճ կերպով ներկայացնում է ապաստան հայցողի շահերը:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով մասնագետի եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ապաստան հայցողի համաձայնությունը:

11. Սույն հոդվածի 3-րդ և 9-10-րդ մասերով նախատեսված դեպքերում ներկայացուցիչ նշանակելու կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:

12. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների հետ աշխատող պաշտոնատար անձը պետք է տիրապետի նրանց հետ աշխատելու անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին, իսկ եթե հնարավոր չէ ներգրավել այդպիսի պաշտոնատար անձի, ապա պաշտպանության տրամադրման գործընթացում անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին տիրապետող մասնագետի ներգրավումը պարտադիր է:

(50-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

Հոդված 51. Հարցազրույցը

 

1. Անհատական կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միասնական ապաստանի դիմում ներկայացրած յուրաքանչյուր ապաստան հայցող պետք է մասնակցի լիազոր մարմնի անցկացրած հարցազրույցին: Եթե ներկայացվել է ապաստանի միասնական դիմում, ապա ընտանիքի բոլոր չափահաս անդամներն ունեն հարցազրույցի իրավունք: Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը կարող է փախստականի կարգավիճակի տրամադրման դիմումի մասին դրական որոշում կայացնել առանց հարցազրույցի, եթե տվյալ գործում առկա են բավարար տեղեկություններ այդպիսի որոշում կայացնելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ ապաստան հայցողն ի վիճակի չէ կամ չի կարող մասնակցել հարցազրույցին իր կամքից անկախ պատճառներով, որոնք տևական բնույթի են:

2. Սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` ապաստան հայցողը ապաստանի դիմումի գրանցման օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, գրավոր ծանուցագրով տեղեկացվում է հարցազրույցի մասին: Այդ մասին նա իրազեկվում է հարցազրույցի անցկացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ: Ծանուցագիրը ներառում է հարցազրույցի վայրի, ամսաթվի, ժամի և հարցազրույցի մասին այլ տեղեկություններ: Ծանուցագրի ստացումը ապաստան հայցողը հաստատում է իր ստորագրությամբ: Ծանուցագրի և ստացականի պատճենները պահվում են ապաստան հայցողի անհատական գործում:

3. Ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացնում է (են) լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը (ները), որ (որոնք) կազմում է (են) հարցազրույցի ամբողջական գրավոր արձանագրությունը: Այն ընթերցվում է ապաստան հայցողի համար, անհրաժեշտության դեպքում` թարգմանչի օգնությամբ: Ապաստան հայցողը կարող է հայտնել իր կարծիքը վրիպումների կամ թյուրըմբռնումների առնչությամբ, որից հետո նա ստորագրում է արձանագրությունը: Արձանագրությունը կազմում է ապաստան հայցողի անհատական գործի անբաժանելի մասը: Եթե ապաստան հայցողը հրաժարվում է կամ ի վիճակի չէ ստորագրելու արձանագրությունը, ապա չստորագրման պատճառները պետք է գրավոր արձանագրվեն և կցվեն հարցազրույցի հիմնական արձանագրությանը:

4. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը մինչև ապաստան հայցողի հետ հարցազրույց անցկացնելը ապաստան հայցողին տրամադրում է ապաստան հայցողի ծագման երկրի վերաբերյալ իր ձեռք բերած տեղեկությունները և ցանկացած այլ ապացույց:

5. Եթե ապաստան հայցողը չունի հայերենի բավարար իմացություն, ապա միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նրան տրամադրում է անվճար թարգմանիչ: Ապաստան հայցողը կարող է նաև օգտվել իր միջոցներով վարձված թարգմանչի ծառայություններից:

6. Հարցազրույցի ընթացքում ապաստան հայցողին կարող է ներկայացնել իր փաստաբանը, որին տրվում է ապաստան հայցողի անձնական գործին և նրա վերաբերյալ ցանկացած տեղեկությունների անարգել ծանոթանալու իրավունք: Փաստաբանի ներկայությունը չի սահմանափակում ապաստան հայցողի հարցերին անձամբ պատասխանելու իրավունքը:

7. Ապաստան հայցողի հետ հարցազրույցը ապաստան հայցողի ցանկության դեպքում անցկացնում է իր նախընտրած սեռի աշխատակիցը, անհրաժեշտության դեպքում` իր նախընտրած սեռի թարգմանչի միջոցով:

8. Ապաստան հայցողը ներկայացնում է հետապնդման հիմնավոր երկյուղի կամ մարդու իրավունքների խախտումների համար հիմք համարվող փաստերը և տրամադրում է անհրաժեշտ տվյալներ բնակության վայրի, երթուղու, այլ երկրներում հանգրվանելու, այլ երկրներում ապաստանի հայցեր ներկայացնելու հետ կապված, ինչպես նաև իր գործի համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն: Ապաստան հայցողին հնարավորություն է ընձեռվում բացատրություններ տալու իր պնդումների և առկա փաստերի միջև հակասությունների կամ անհամապատասխանությունների կամ պակասող նյութերի վերաբերյալ:

9. Հարցազրույցի ընթացքում ստացված տեղեկությունները, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Ապաստան հայցողի հետ հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով: ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը կարող է մասնակցել հարցազրույցին:

(51-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-52-Ն, 16.12.15 ՀՕ-193-Ն օրենքներ)

 

Հոդված 52. Լիազոր մարմնի կողմից որոշման ընդունումը

 

1. Լիազոր մարմինը, անհատական ապաստանի դիմումի հետ կապված, հավաքում է ապաստան հայցողի կամ ցանկացած այլ շահագրգիռ կողմի տրամադրած բոլոր տեղեկությունները և դրանք սահմանված ձևով զետեղում է տվյալ ապաստան հայցողի անհատական գործի մեջ:

2. Լիազոր մարմինը սկսված վարչական վարույթի շրջանակներում մինչև ապաստանի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելը ապաստան հայցողի հետ անցկացնում է հարցազրույց, ստուգում է ներկայացված տվյալները և լրացնում է գործի համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

3. Լիազոր մարմինը որոշումը կայացնում է` հիմնվելով անհատական գործում եղած տեղեկությունների, ծագման երկրի մասին առկա տեղեկությունների, որոնք պետք է լինեն ստույգ, արդի և տարբեր վստահելի աղբյուրներից ձեռք բերված, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված «փախստական» հասկացության և չվերադարձելիության սկզբունքի հիման վրա` անհրաժեշտության դեպքում կիրառելով սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված բացառման հիմքերը: 

4. Լիազոր մարմնի համար ապացույցների անբավարար լինելը չի կարող հիմք լինել որոշում չկայացնելու կամ մերժման որոշում կայացնելու համար: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ ապաստան հայցողի: 

5. Լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին փախստական ճանաչելու մասին որոշումը ներառում է նաև ապաստան հայցողին Հայաստանի Հանրապետությունում ապաստան շնորհելու կամ մերժելու մասին որոշումը: Լիազոր մարմինը կարող է մերժել ապաստանի տրամադրումը միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և պարտավոր է ապաստան հայցողին գրավոր իրազեկել ապաստան չտրամադրելու պատճառների մասին:

6. Կոնվենցիան ստորագրած որևէ պետության կողմից արդեն փախստական ճանաչված ապաստան հայցողի վերաբերյալ լիազոր մարմինը կայացնում է միայն փախստականին ապաստան տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշում: 

7. Ապաստան հայցողին փախստական չճանաչելու մասին լիազոր մարմնի գրավոր որոշումը ներառում է նաև ապաստանի դիմումը մերժելու պատճառների նկարագրությունը, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չվերադարձելիության սկզբունքի կիրառելիության հնարավորությունը, մասնավորապես անձին իր ծագման կամ որևէ այլ երկիր վտարելու թույլատրելիությունը:

7.1. Ապաստան հայցողի ընտանիքի անդամների միասնական ապաստանի դիմումի վերաբերյալ ընդունվում է մեկ միասնական որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ միասնական որոշման կայացումը կարող է հանգեցնել ապաստան հայցողի ընտանիքի անդամներից որևէ մեկի առանձնահատուկ պայմանների բացահայտմանը, որը կարող է վտանգել նրա շահերը: Այդ դեպքում ընտանիքի այդ անդամի վերաբերյալ ընդունվում է առանձին որոշում:

8. Լիազոր մարմնի կայացրած որոշումը դրա կայացման օրվանից սկսած երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին: Որոշմանը կից տրվում է նաև գրավոր ծանուցում, որը պարունակում է ապաստան հայցողի հետագա գործողությունների նկարագրությունը. դրական որոշման դեպքում ներառում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում նրա հետագա կացության հարցերը կարգավորող օրենսդրության մասին, իսկ բացասականի դեպքում` անհրաժեշտ տեղեկություններ որոշումը բողոքարկելու մասին:

(52-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 52.1.  Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը

1. Արագացված ընթացակարգով կարող են քննարկվել ապաստանի տրամադրման մասին այն հայցերը, որոնք`

1) ակնհայտ անհիմն են.

2) սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` քննության ընդունված կրկնական հայցեր են:

2. Ապաստանի հայցը համարվում է ակնհայտ անհիմն, եթե դրանում նշված հիմքերը ակնհայտորեն չեն առնչվում սույն օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված` փախստականի սահմանման չափորոշիչներին:

3. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը կարող է կիրառվել ապաստանի տրամադրման ընդհանուր ընթացակարգի շրջանակներում` սկսած այն օրվանից, երբ պարզվում է, որ առկա են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները:

4. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգերի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով ընդհանուր ընթացակարգերի համար սահմանված կանոնները:

5. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը համապատասխան որոշում է կայացնում արագացված ընթացակարգը սկսելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ ամիս ժամանակով:

6. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը չի կիրառվում հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների նկատմամբ:

(52.1-ին հոդվածը լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 53. Փախստականի կարգավիճակը դադարեցնելու և չեղյալ հայտարարելու ընթացակարգերը

 

1. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի վերաբերյալ առկա է սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 10-րդ կամ 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված` դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու հիմքերից որևէ մեկը, ապա միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նախաձեռնում է դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու գործընթաց:

2. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի նկատմամբ դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերն իրականացվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն, ներառյալ` հարցազրույցի իրավունքը և լիազոր մարմնի կայացրած որոշման բողոքարկման իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձը, որի նկատմամբ սկսվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգը, շարունակում է ունենալ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, և մինչև նրա գործի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կայացումը ամբողջությամբ օգտվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից:

(53-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

ԻՐՏԵԿ 17.12.15 ՀՕ-194-Ն օրենքով նախատեսված էր 30.06.2016 թվականից փոփոխություն կատարել 53-րդ հոդվածի 4-րդ մասում, սակայն 53-րդ հոդվածում 4-րդ մաս չկա

 

Հոդված 54. Ընտանիքի վերամիավորման ընթացակարգը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում թվարկված ընտանիքի անդամներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվելու փախստական կամ ստանալու ապաստան, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և մտադրություն ունեն միանալու Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած իրենց ընտանիքի անդամին, դիմում են համապատասխան երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ` ընտանիքի վերամիավորման խնդրանքով: Համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը և հյուպատոսական հիմնարկը գրանցում են նրանց դիմումը և ուղարկում են լիազոր մարմին:

Այն դեպքերում, երբ տվյալ երկրում չկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս և մտադրություն ունեն միանալու Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած իրենց ընտանիքի անդամին, դիմում են ներկայացնում առավել մոտ գտնվող երկրի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ` ընտանիքի վերամիավորման խնդրանքով:

3. Լիազոր մարմինը, համագործակցելով Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի հետ, ստուգում է ապաստան հայցողների տրամադրած տեղեկատվությունը` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներին համապատասխանության մասին:

4. Եթե լիազոր մարմինը համարում է, որ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները բավարարված են, ապա սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և 53-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված կարգով որոշում է կայացնում այդ անձանց փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին` Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի միջոցով տեղեկացնելով համապատասխան երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը և հյուպատոսական հիմնարկին, որի հիման վրա էլ վերջինս ապաստան ստացած ընտանիքի անդամներին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն (այսուհետ` վիզա): Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Ոստիկանությունն այս անձանց տրամադրում է փախստականի նույնականացման քարտ: Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի ընտանիքի անդամների դիմումի հիման վրա Ոստիկանությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

5. Եթե լիազոր մարմինը կարծում է, որ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները բավարարված չեն, ապա սույն օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ընդունում է ապաստանի դիմումը մերժելու մասին որոշում` Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի միջոցով տեղեկացնելով համապատասխան երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը և հյուպատոսական հիմնարկին: Վերջինս այդ մասին տեղեկացնում է ապաստանի դիմում ներկայացրած անձանց: Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կարող է բողոքարկել լիազոր մարմնի որոշումը սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

(54-րդ հոդվածը փոփ. 03.03.11 ՀՕ-66-Ն, 17.12.15 ՀՕ-194-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 55. Ապաստանի հայցի վերաբերյալ սկսված գործընթացի կասեցումը, կարճումը և վերսկսումը

 

1. Լիազոր մարմինը կասեցնում է ապաստան տրամադրելու գործընթացը, եթե`

1) ապաստան հայցողը չի ներկայանում հարցազրույցի` սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծանուցագրի համաձայն և մեկ ամսվա ընթացքում չի ներկայացնում հարցազրույցին չներկայանալու հիմնավոր պատճառները, կամ հրաժարվում է համագործակցել լիազոր մարմնի հետ` ապաստանի հայցի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 09.01.2016 թվականից` 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

2. Ապաստանի տրամադրման գործընթացը կարող է վերսկսվել, եթե տվյալ օտարերկրացին ապաստանի տրամադրման գործընթացը կասեցնելու մասին որոշումը ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմում է լիազոր մարմին` հիմնավորելով վերջինիս հետ չհամագործակցելու պատճառները:

3. Լիազոր մարմինը կարճում է ապաստանի տրամադրման գործընթացը, եթե`

1) ապաստան հայցողը գրավոր հրաժարվում է լիազոր մարմնին իր ներկայացրած ապաստանի հայցից.

2) վարչական վարույթը սույն հոդվածի 1-ին մասի համաձայն կասեցնելուց հետո ապաստան հայցողը վարույթի կասեցման մասին որոշումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, չի ներկայացնում լիազոր մարմնի հետ չհամագործակցելու մասին սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմնավորումը.

3) գոյություն ունի միևնույն ապաստան հայցողի միևնույն հիմքերով ապաստանի հայցի վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ:

4. Ապաստանի ընթացակարգի կասեցման, կարճման և վերսկսման մասին որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով:

(55-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 56. Ապաստանի տրամադրման վերաբերյալ վարույթի և ընդունած որոշման մասին ծանուցելը

 

1. Ապաստան հայցողներին ուղղված բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր, հայերեն և ապաստան հայցողին հասկանալի լեզվով և ուղարկվեն լիազոր մարմնի կողմից:

2. Եթե ծանուցագիրը սահմանված կարգով ուղարկելուց հետո չի հասնում ապաստան հայցողին, ապա լիազոր մարմինը փորձում է պարզել ապաստան հայցողի բնակության վայրը: Եթե մեկ ամսվա ընթացքում ապաստան հայցողի բնակության վայրը չի պարզվում, ապա լիազոր մարմինը ապաստան հայցողի վերջին հայտնի բնակության վայր ուղարկում է գրություն` լիազոր մարմին անհապաղ ներկայանալու մասին:

3. Լիազոր մարմնի ընդունած բոլոր որոշումները, ներառյալ` ապաստանի ընթացակարգի կասեցման և կարճման մասին որոշումները, ապաստան հայցողին տրամադրվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ապաստան հայցողին լիազոր մարմնից որոշումը վերցնելու վերաբերյալ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Եթե որոշումը չի կարող հանձնվել ապաստան հայցողին, և ապաստան հայցողը, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ծանուցագիր ուղարկելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չի դիմում լիազոր մարմին, ապա որոշումը ստանում է օրինական ուժ:

(56-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

Հոդված 57. Ապաստանի հայցի և փախստականի ճանաչման վերաբերյալ ընդունված որոշումների բողոքարկումը

 

1. Ապաստան հայցողները և փախստականներն իրավունք ունեն դատական կարգով բողոքարկելու ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված ապաստանի ընթացակարգի, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված վարչական այլ ընթացակարգերի հետևանքով լիազոր մարմնի կայացրած ցանկացած բացասական որոշում` դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը բաց թողնելուց հետո լիազոր մարմնի կայացրած որոշումը դառնում է վերջնական: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել միայն հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք է ապաստան հայցողից կամ փախստականից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:

3. Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերանալուց հետո ապաստան հայցողը 15 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի կայացրած որոշման ընդունման մասին տեղեկանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, կարող է բողոք ներկայացնել դատարան:

4. Լիազոր մարմնի բացասական որոշումը ներառում է տեղեկություններ բողոքարկման իրավունքի և բողոքարկման համար սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների, ինչպես նաև համապատասխան դատարան դիմելու մասին:

5. Լիազոր մարմնի կողմից ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման վերաբերյալ ապաստան հայցողին կամ փախստականին չբավարարող որոշումները համարվում են վերջնական, եթե ապաստան հայցողը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում բողոք չի ներկայացրել:

 

Հոդված 58. Ընթացակարգերը վերջնական որոշում կայացնելուց հետո

 

1. Ոստիկանությունը լիազոր մարմնի որոշման հիման վրա 15 աշխատանքային օրվա ընթացքում փախստականին տրամադրում է փախստականի նույնականացման քարտ` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն: Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի դիմումի հիմա վրա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Լիազոր մարմինը երկարաձգում է վերջնական որոշմամբ փախստական ճանաչված, սակայն ապաստան չստացած անձին տրամադրած` անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը: Անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը երկարաձգվում է 6 ամսով: Լիազոր մարմինը, համագործակցելով Ոստիկանության հետ, պատասխանատվություն է կրում ապաստան չստացած փախստականի` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով բացասական որոշումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վեց ամսվա ընթացքում կամավոր կամ ոչ կամավոր սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ երկիր մեկնելու համար: Եթե մեկնումը հնարավոր չէ, ապա լիազոր մարմինը փախստականին առանց լրացուցիչ ընթացակարգի տրամադրում է ապաստան, իսկ Ոստիկանությունը` փախստականի նույնականացման քարտ` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան: 

3. Լիազոր մարմինը մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը վերջնական որոշման մասին, հաստատելով, որ օտարերկրյա քաղաքացին, որի` ապաստանի տրամադրման դիմումի մերժման մասին վերջնական որոշում է կայացվել, չի կարող վերադառնալ իր ծագման կամ որևէ այլ երկիր` սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 52-րդ հոդվածի 7-րդ մասերով սահմանված չվերադարձելիության սկզբունքի համաձայն: Ոստիկանությունը պատասխանատվություն է կրում այդ օտարերկրացու կացության կարգավիճակի հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծելու համար: Լիազոր մարմինն ապահովում է, որ Ոստիկանությունը տեղյակ լինի Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես մերժում ստացած բոլոր ապաստան հայցողների և ապաստան չստացած փախստականների մասին, որպեսզի նրանց թույլատրվի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների համաձայն:

(58-րդ հոդվածը փոփ. 03.03.11 ՀՕ-66-Ն, 17.12.15 ՀՕ-194-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 59. Ապաստան տրամադրելու դիմումը կրկնակի ներկայացնելը

 

1. Ապաստան տրամադրելու կրկնակի դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կամ ապաստան տրամադրելու գործընթացը կարճելու մասին որոշման առկայության դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

2. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը կրկնակի դիմումը քննության է առնում հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.

1) առաջացել են նոր հանգամանքներ.

2) ապաստան հայցողը ներկայացրել է նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել նախկին դիմումի քննության ընթացքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանների առկայությունը պարզելու համար միգրացիայի հարցերով լիազոր մարմինը հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի կամ ապաստանի միասնական դիմում ներկայացրած և վերջնական որոշմամբ մերժված անձի ընտանիքի անդամը (խնամքի տակ գտնվող անձը) անհատական ապաստանի դիմում է ներկայացնում:

(59-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն օրենք)

 

i
Հոդված 60. Կամավոր վերադարձի ընթացակարգը

 

1. Ապաստան հայցողները և փախստականները կարող են դիմել լիազոր մարմին սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նրանց կամավոր վերադարձին աջակցելու և օժանդակելու նպատակով: Այդ դեպքում ապաստան հայցողները ներկայացնում են ապաստանի ընթացակարգը կասեցնելու, իսկ փախստական ճանաչված անձինք` փախստականի ճանաչումը դադարեցնելու մասին դիմում:

2. Լիազոր մարմինը կամավոր վերադարձին աջակցելու նպատակով կամավոր վերադարձի համար բոլոր դիմողներին տրամադրում է նրանց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրում առկա իրավիճակի մասին տեղեկատվություն, ինչպես նաև համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ՄՄԿ) հետ:

3. Լիազոր մարմինը, համագործակցելով Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի հետ, Կառավարության սահմանած կարգով աջակցում է կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց` իրենց ծագման կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում:

4. Կամավոր վերադարձի համար դիմողն իրավունք ունի հետ կանչելու իր դիմումը վերադարձի ընթացակարգի ցանկացած պահի: Մինչև Հայաստանի Հանրապետությունից մեկնելը կամավոր վերադարձի համար դիմած անձը շարունակում է օգտվել ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակից բխող իրավունքներից առանց որևէ սահմանափակման:

5. Կամավոր վերադարձի համար դիմած անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց հետո լիազոր մարմինը նրա անձնական գործում գրանցում է կամավոր վերադարձի փաստը, ներառյալ` ապաստան հայցողը սույն օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ապաստանի ընթացակարգը դադարեցնելու կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով փախստականի ճանաչումը դադարեցնելու մասին որոշումները:

6. Եթե ապաստան հայցողը կամ փախստականը սույն հոդվածով սահմանված կարգով կամավոր վերադարձել է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր և հետագայում կրկին ժամանել է Հայաստանի Հանրապետություն և ապաստան է հայցում, ապա նրա հայցը քննվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

(61-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 61. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշման ընդունումը

 

1. Օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձանց այն խմբերի համար, որոնք սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պատճառների հետևանքով լքել են իրենց, համապատասխանաբար, քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության պետության տարածքները և հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում, Կառավարությունը կարող է ընդունել այդ անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում:

2. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշմամբ հստակ սահմանվում է օտարերկրացիների այն խումբը, որին Հայաստանի Հանրապետությունում տրամադրվելու է ժամանակավոր պաշտպանություն:

3. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշում կարող է կայացվել սույն օրենքի 34-37-րդ հոդվածներում նշված պետական մարմինների, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄՄԿ-ի առաջարկի հիման վրա:

(61-րդ հոդվածը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

Հոդված 62. Ապաստանի տրամադրումը ժամանակավոր պաշտպանության դեպքում

 

1. Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված օտարերկրացիները (այսուհետ` ժամանակավոր պաշտպանված անձինք) ևս ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար սույն օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները:

2. Ժամանակավոր պաշտպանված անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան է շնորհվում առանց սույն օրենքի 4-րդ գլխով սահմանված ընթացակարգերի կիրառման: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում նշված լիազոր պետական մարմինները ժամանակավոր պաշտպանության ենթակա անձանցից չեն պահանջում ներկայացնել ապաստանի անհատական դիմումներ և վերջիններիս տեղեկացնում են լիազոր մարմին անհապաղ դիմելու անհրաժեշտության մասին:

3. Ժամանակավոր պաշտպանված անձինք հաշվառման նպատակով դիմում են լիազոր մարմին, որը հաշվառում է նրանց` բացելով ամբողջ խմբի համար մեկ միասնական գործ, որտեղ գրանցվում են նրանց անձնական տվյալները, ներառյալ` ընտանիքի կազմը:

4. Լիազոր մարմինը ևս ժամանակավոր պաշտպանված անձանցից չի ընդունում ապաստանի անհատական դիմումներ, սակայն ստուգում է վերջիններիս տվյալների համապատասխանությունը այդ խմբին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին Կառավարության որոշման պահանջներին:

5. Եթե լիազոր մարմինը համարում է, որ տվյալ անձը չի համապատասխանում Կառավարության որոշման պահանջներին, ապա այդ անձին իրավունք է վերապահվում ներկայացնելու ապաստանի անհատական դիմում:

6. Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանված անձանց խմբի այն անդամներին, որոնց նկատմամբ առկա են սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` փախստականի ճանաչման բացառման հիմք տվող գործողություն կատարելու հիմնավոր կասկածներ, լիազոր մարմինը դիտում է որպես անհատական ապաստան հայցողներ և սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` անհատական ապաստանի ընթացակարգով քննում է դրանց նկատմամբ բացառման հիմքերի կիրառելիությունը:

i

7. Ոստիկանությունը ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականներին տրամադրում է ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա այն փոխանակվում է փախստականի նույնականացման քարտով: Փաստաթղթերի փոխանակման կարգը, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը և տալու կարգը հաստատում է Կառավարությունը:

(62-րդ հոդվածը փոփ. 03.03.11 ՀՕ-66-Ն, 18.05.15 ՀՕ-52-Ն, 17.12.15 ՀՕ-194-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 23.03.18 ՀՕ-292-Ն օրենքներ)

 

Հոդված 63. Ժամանակավոր պաշտպանության դադարեցումը

 

1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների խմբի ծագման երկրի իրավիճակի կարգավորման հիմնավոր նախադրյալների առկայության կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների առաջացման դեպքում Կառավարությունը Արտաքին գործերի հարցերով և Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինների համատեղ առաջարկով կարող է տվյալ խմբի նկատմամբ դադարեցնել ժամանակավոր պաշտպանությունը:

2. Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստացած խմբի նկատմամբ ժամանակավոր պաշտպանության դադարեցման դեպքում այդ խմբի անդամներն այլևս չեն օգտվում ժամանակավոր պաշտպանված անձանց համար սահմանված իրավունքներից: Ժամանակավոր պաշտպանությունից զրկված անձինք իրավունք ունեն ներկայացնելու ապաստանի անհատական դիմում, որ կքննարկվի սույն օրենքով սահմանված` ապաստանի անհատական ընթացակարգով:

3. Ժամանակավոր պաշտպանություն ստացած խմբի անդամների` փախստականի ճանաչման և ապաստանի իրավունքի դադարեցումը, ինչպես նաև չեղյալ հայտարարելը իրականացվում են սույն օրենքով սահմանված` անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների համար նախատեսված ընթացակարգերով:

(63-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 64. 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձանց և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց մասին

 

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ստացել են ժամանակավոր ապաստան, Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են փախստականներ և ապաստան ստացածներ, եթե նրանք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են և ունեն համապատասխանաբար փախստականի և ժամանակավոր ապաստանի վավեր վկայական, և նրանց որպես փախստական ճանաչելը, ինչպես նաև ժամանակավոր ապաստանի իրավունքը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով չի դադարեցվել:

Նշված անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, պետք է դիմեն Ոստիկանություն փախստականի և ժամանակավոր ապաստանի վկայականը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի հետ փոխանակելու համար: Նշված ժամկետում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձ համարվելու համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված` ապաստանի անհատական ընթացակարգով:

2. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած այն անձինք, որոնք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն ստացել սույն հոդվածի 1-ին մասում նշված փախստականի վկայականը, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձ համարվելու համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված` ապաստանի անհատական ընթացակարգով:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

(64-րդ հոդվածը փոփ. 03.03.11 ՀՕ-66-Ն, 16.12.15 ՀՕ-193-Ն օրենքներ)

 

Հոդված 65. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

i

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-288 օրենքը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-211-Ն

 

 

 

pin
ՀՀ 27.11.2008
N ՀՕ-211-Ն օրենք