Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

09.04.2018 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության, որպես պետական ծառայության հատուկ տեսակ, կազմակերպման և իրականացման, հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, հարկային ծառայության առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

2. Հարկային ծառայության աշխատողների աշխատանքային իրավունքներին և պարտականություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

 

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետ` հարկային մարմին) և դրանում հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում հարկային մարմնի քաղաքացիական ծառայողների, վարչատեխնիկական կամ այլ սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց վրա:

 

i
Հոդված 3. Հարկային ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

(3-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-276-Ն օրենք)

 

i
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

հարկային ծառայող` հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ.

հարկային ծառայության պաշտոնի նկարագիր` տվյալ պաշտոնը զբաղեցնող հարկային ծառայողի համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հարկային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև հարկային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող, հարկային մարմնի հաստատած փաստաթուղթ.

ռոտացիա` հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխում հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում Կառավարության սահմանած կարգով.

հարկային ծառայողի ատեստավորում` հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանությունը և ծառայողական առաջխաղացման նպատակահարմարությունը որոշելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող որակավորման ստուգում.

i

հարկային ծառայության գործառույթներ` հարկային մարմնի` ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, վարչապետի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ

հարկային ծառայողի վարքագծի կանոններ` հարկային ծառայողի մասնագիտական (ծառայողական) պահվածքի և վարվելակերպի նորմեր պարունակող փաստաթուղթ, որը հաստատում է Կառավարությունը.

հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային ծառայողի վարքագծի կանոններով հարկային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշմամբ և հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.

ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով` Կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող մարմին, որն իրականացնում է սույն օրենքով և հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով վերապահված լիազորություններ.

հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին.

հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ` հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ, հարկային մարմնի հարկային տեսչություններ.

հարկային ծառայության կադրերի ռեզերվ` հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված և (կամ) սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով հարկային ծառայությունից ազատված անձանց հանրույթ:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կիրառվող հասկացությունները սույն օրենքում կիրառվում են օրենսգրքում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

(4-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 24.10.07 ՀՕ-234-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 5. Հարկային ծառայությունը

 

Հարկային ծառայությունը, սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված մարմնում հարկային ծառայողի կողմից սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որը նպատակաուղղված է հարկային մարմնի խնդիրների և գործառույթների իրականացմանը:

 

Հոդված 5.1. Հարկային մարմինը

(5.1-ին հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 21.12.17 ՀՕ-276-Ն օրենք)

(5.1-րդ հոդ. լրաց. և փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, 24.10.07 ՀՕ-234-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն օրենքներ)

 

i
Հոդված 6. Հարկային մարմնի խնդիրները

 

Հարկային մարմնի խնդիրներն են`

1) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստելը.

2) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքներին և հարկային հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` հարկային մարմնի համար սահմանված պարտականությունների և գործառույթների կատարումը, լիազորությունների իրականացումը.

 3) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

4) օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը.

i

5) հարկային հանցագործությունների գործերով դեպքի վայրի պահպանության իրականացումը, որի կանոնները սահմանում է Կառավարությունը:

(6-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, 24.10.07 ՀՕ-234-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, 01.03.18 ՀՕ-136-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 7. Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքները

 

Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքներն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու իրավունքների և ազատությունների առաջնայնությունը.

1.1) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները.

2) հարկային ծառայության կայունությունը.

3) հարկային ծառայողներին ներկայացվող պահանջների միասնականությունը և հարկային ծառայողների իրավահավասարությունը.

4) օրենքով նախատեսված դեպքերում հարկային ծառայության հրապարակայնությունը.

5) քաղաքացիների համար հարկային ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.

6) հարկային ծառայողների արհեստավարժությունը.

7) հարկային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.

8) հարկային ծառայողների պատասխանատվությունը` իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

9) (9-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 21.12.17 ՀՕ-276-Ն օրենք)

10) (10-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 21.12.17 ՀՕ-276-Ն օրենք)

11) հարկային ծառայության արդյունավետ կազմակերպումը.

12) հարկային ծառայողների ռոտացիան:

(7-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-276-Ն օրենք)

 

i
Հոդված 8. Հարկային մարմինը

 

1. Հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ` հարկային մարմին): Հարկային տեսչությունները հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ են:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 27.11.2008 թվականից` 23.10.08 ՀՕ-176-Ն օրենք)

2.1. Հարկային մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

3. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Կառավարությունը:

3.1. Հարկային մարմնի համակարգում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման, վերապատրաստման և այլ նպատակով Կառավարության կողմից կարող են ստեղծվել մասնագիտացված պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-262-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-262-Ն օրենք)

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 27.11.2008 թվականից` 23.10.08 ՀՕ-176-Ն օրենք)

(8-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 8.1.  Քննչական մարմինը

 

1. Քննչական մարմինը հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է:

2. Քննչական մարմինը կազմակերպում և իրականացնում է նախաքննություն հարկային մարմնի քննչական ենթակայությանը վերապահված հանցագործություններով:

3. Քննչական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է հարկային մարմնի ղեկավարը` վարչապետի համաձայնությամբ:

(8.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-262-Ն օրենք)

 

Հոդված 9. Հարկային մարմնի լիազորությունները

 

i

1. Հարկային մարմինը`

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան` իրականացնում է հարկային վարչարարություն`

ա. հարկ վճարողների հաշվառում,

բ. հարկ վճարողների սպասարկում,

գ. հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառում,

դ. հարկային հսկողության իրականացում և հարկային հսկողության հարակից ընթացակարգերի կիրառում,

ե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում, հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում` օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում,

զ. հարկային պարտավորությունների կատարման ապահովում, հարկերի և այլ պարտադիր վճարների հավաքման կազմակերպում,

է. հարկային վեճերի լուծում, հարկ վճարողների բողոքների քննարկում և որոշումների ընդունում,

ը. հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացում,

թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում,

ժ. միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային վարչարարության իրականացում.

2) իրականացնում է բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, ապահովում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները.

3) իրականացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարումը (մշակում, ներդնում և սպասարկում).

4) կազմակերպում է հարկային ծառայողների ուսուցումը, վերապատրաստումը և ատեստավորումը.

5) միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ հարկման նպատակով փոխանակում է տեղեկատվություն (ըստ` դիմում-պահանջի, ինքնաբերական և ավտոմատ եղանակով).

6) իրականացնում է նախաքննություն հարկային մարմնի ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով.

7) վերահսկողություն է իրականացնում պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-262-Ն օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 27.12.2003 թվականից` 05.11.03 ՀՕ-28-Ն օրենք)

(9-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, 08.07.05 ՀՕ-149-Ն, 24.10.05 ՀՕ-209-Ն, 24.10.07 ՀՕ-234-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

i
Հոդված 10. Հարկային մարմնի պարտականությունները

(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 21.12.17 ՀՕ-276-Ն օրենք)

(10-րդ հոդ. փոփ. 25.02.10 ՀՕ-29-Ն օրենք)

 

i
Հոդված 11. Հարկային մարմնի իրավունքները

(11-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 21.12.17 ՀՕ-276-Ն օրենք)

(11-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն օրենքներ)

 

i
Հոդված 11.1. Հարկային մարմնի ղեկավարը

 

Հարկային մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով սահմանված գործառույթներ, կրում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված պարտականություններ և իրավունքներ, այդ թվում`

1) (1-ին կետն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-262-Ն օրենք)

2) հարկային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով տալիս է հանձնարարագրեր, հրամաններ, կայացնում է որոշումներ.

3) հարկային ծառայողներին և հարկային մարմնի համակարգի քաղաքացիական ծառայողներին ու այլ աշխատակիցներին տալիս է բանավոր և գրավոր հանձնարարություններ.

4) սահմանում է հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի իրավասությունների շրջանակները, գործունեության բնագավառները և պատասխանատվությունը` սույն օրենքից ելնելով.

5) սահմանում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, հարկային տեսչությունների գործունեության բնագավառները.

6) հաստատում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքը և հաստիքացուցակը.

7) Կառավարության հաստատմանն է ներկայացնում հարկային մարմնի տարեկան աշխատանքային ծրագիրը.

8) հաստատում է հարկային մարմնի տարեկան հաշվեկշիռը, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, ֆինանսական հաշվետվությունները.

8.1) լսում և Կառավարություն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

9) վերահսկողություն է իրականացնում հարկային մարմնին ամրացված պետական սեփականության պահպանման և արդյունավետ օգտագործման նկատմամբ.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հարկային մարմնի համակարգում ընդունված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող իրավական ակտերը.

11) չեղյալ է ճանաչում հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող որոշումները.

12) տնօրինում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցները.

13) ստեղծում է աշխատանքային և փորձագիտական հանձնաժողովներ և խմբեր` ըստ անհրաժեշտության.

14) պատասխանատվություն է կրում հարկային վարչարարության` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպման և իրականացման համար.

15) հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

- եզրակացությունը թողնել անհետևանք,

- եզրակացությունը վերադարձնել լրացուցիչ քննության,

- վերանայել պատասխանատվության ձևը,

- արձակել հրաման` հարկային ծառայողին կարգապահական կամ նյութական պատասխանատվության ենթարկելու համար.

16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ:

(11.1-րդ հոդ. լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 11.2. Հարկային մարմնի իրավունքների իրականացումը

(11.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 21.12.17 ՀՕ-276-Ն օրենք)

(11.2-րդ հոդ. լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3.
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

i
Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

 

Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է Կառավարությունը:

(12-րդ հոդ. փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

i
Հոդված 13. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Հարկային ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկված է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից: 

2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը:

3. Հարկային ծառայողն իրավունք չունի`

1) զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունները կատարելու համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի հինգերորդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) հարկային ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:

4. Հարկային ծառայության նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հարկային ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման:

5. Հարկային ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

(13-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 28.11.06 ՀՕ-208-Ն, 19.03.12 ՀՕ-115-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 14. Հարկային ծառայության պաշտոնների դասակարգումը

 

1. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) հարկային ծառայության գլխավոր պաշտոններ.

3) հարկային ծառայության առաջատար պաշտոններ.

4) հարկային ծառայության կրտսեր պաշտոններ:

 

i
Հոդված 15. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը

 

1. Հարկային մարմնի համակարգում սահմանվում են հարկային ծառայության հետևյալ պաշտոնները.

Ա խումբ. հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ`

հարկային մարմնի ղեկավար,

հարկային մարմնի ղեկավարի տեղակալ,

հարկային մարմնի վարչության պետ,

հարկային տեսչության պետ.

Բ խումբ. հարկային ծառայության գլխավոր պաշտոններ`

հարկային մարմնի վարչության պետի տեղակալ,

հարկային մարմնի բաժնի պետ,

հարկային տեսչության պետի տեղակալ,

հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ.

Գ խումբ. հարկային ծառայության առաջատար պաշտոններ`

հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ,

հարկային մարմնի ավագ քննիչ,

հարկային մարմնի քննիչ,

հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր,

հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

հարկային մարմնի գլխավոր մասնագետ,

հարկային մարմնի ավագ հետաքննիչ,

հարկային տեսչության բաժնի պետ,

հարկային մարմնի ավագ օպերլիազոր,

հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

հարկային մարմնի առաջատար մասնագետ,

հարկային մարմնի հետաքննիչ,

տարածքային բաժնի գլխավոր օպերլիազոր,

հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,

հարկային տեսչության գլխավոր մասնագետ,

հարկային մարմնի օպերլիազոր,

հարկային մարմնի հարկային տեսուչ.

Դ խումբ. հարկային ծառայության կրտսեր պաշտոններ`

տարածքային բաժնի ավագ օպերլիազոր,

հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,

հարկային տեսչության առաջատար մասնագետ,

հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ,

հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,

տարածքային բաժնի օպերլիազոր,

հարկային տեսչության հարկային տեսուչ,

հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ,

հարկային տեսչության 2-րդ կարգի մասնագետ:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` Կառավարության կողմից ստեղծվող հարկային մարմնի այլ առանձնացված ստորաբաժանումների հարկային ծառայողների պաշտոնների անվանացանկը հաստատվում է առանձնացված ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշմամբ:

3. Հարկային մարմնի ղեկավարի և հարկային մարմնի ղեկավարի տեղակալի, հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված նորմերը:

(15-րդ հոդ. փոփ. 19.11.02 ՀՕ-444-Ն, 05.11.03 ՀՕ-28-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 16. Հարկային ծառայության ստաժը

 

1. Հարկային ծառայության ստաժը ներառում է հարկային ծառայողի` հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային մարմնում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Հարկային ծառայության ստաժը հաշվարկվում է հարկային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով հարկային ծառայողի գործուղման դեպքում պահպանվում է վերջինիս պաշտոնը, դրամական բավարարումն ու հարկային ծառայության ստաժը:

4. Հարկային ծառայողների համար կենսաթոշակային տարիքը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

(16-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն օրենք)

 

i
Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և անդամների թվաքանակը սահմանում է Կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անհատական կազմը` հարկային մարմնի ղեկավարը:

2. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած պաշտոնների հետ:

(17-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

i
Հոդված 18. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով, այդ թվում` հարկային ծառայության կադրերի ռեզերվից, մաքսային ծառայողներից, ինչպես նաև հարկային և մաքսային մարմիններում քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանցից հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ: Բաց մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները և սույն օրենքի 12-13-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները:

2. Հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հարկային մարմինը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Մրցույթն անցկացվում է նաև մրցույթին մեկ մասնակցի դիմելու դեպքում:

Հանձնաժողովը հարկային ծառայողին (քաղաքացուն) չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 12-13-րդ հոդվածներով սահմանված պահանջները, կամ ապագա աշխատանքը կապված է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Մրցույթը բաղկացած է երկու մասից` թեստավորում և հարցազրույց:

Թեստերը կազմվում են հանձնաժողովի սահմանած կարգով համակարգչում զետեղված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) հարկային ծառայության մասին օրենսդրություն.

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք.

4) հարկային մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտերի իմացություն.

5) հարկային ծառայության համապատասխան պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջների իմացություն:

Թեստերի հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ պատասխան:

Թեստավորումն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Մրցույթի երկրորդ` հարցազրույցի մասին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով նախատեսված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողությունները և անհատական հատկանիշները գնահատելու նպատակով:

Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Մրցույթի պայմանները չբավարարած անձանց յոթնօրյա ժամկետում այդ մասին հայտնվում է գրավոր:

5. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի` քվեարկության մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա հարկային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:

6. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանում է Կառավարությունը:

(18-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

i
Հոդված 19. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ և Գ խմբերում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարը կարող է տասնհինգօրյա ժամկետում տվյալ կամ դրան հաջորդող խմբին դասվող հարկային ծառայության պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողներից կամ մաքսային ծառայության առաջատար կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից, հարկային կամ մաքսային մարմիններում քաղաքացիական, ինչպես նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանցից, հարկային ծառայության կադրերի ռեզերվից կատարել նշանակում` առաջնայնությունը տալով այն ծառայողներին, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև հարկային ծառայության ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված դրույթները չեն տարածվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող, սույն օրենքին համապատասխան, տվյալ պաշտոնում նշանակումից հետո 1 տարին չլրացած հարկային ծառայողների վրա: 

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ և Գ խմբերին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է փակ մրցույթ` սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդից վեցերորդ մասերով սահմանված կարգով:

Փակ մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները, ինչպես նաև ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և սույն օրենքի 12-13-րդ հոդվածների պայմանները բավարարող քաղաքացիները, ընդ որում, հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ խմբի թափուր պաշտոնների համար կազմակերպվող փակ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Գ խմբի թափուր պաշտոնների համար կազմակերպվող փակ մրցույթին մասնակցելու համար` 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

3. Սույն օրենքով նախատեսված մրցույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարին տալիս է եզրակացություն: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարկային մարմնի ղեկավարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից նշանակում է համապատասխան պաշտոնում` առաջնայնությունը տալով այն հարկային ծառայողներին (քաղաքացիներին), որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև հարկային ծառայության (մասնագիտական աշխատանքի) ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին (քաղաքացիներին): Մրցույթով անցած անձը հարկային ծառայության պաշտոնում նշանակվում է անժամկետ, բացառությամբ մրցույթով առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնի նշանակվող անձի, որը նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը: Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջանն անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր` փորձաշրջանի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում:

3.1. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև հարկային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, հարկային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնին կարող են նշանակվել հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների և 16-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջները` մեկ այլ անձի հետ կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագիր: 

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-262-Ն օրենք)

5. Հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:

(19-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 19.1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը երեք ամիս է:

2. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում քաղաքացիները գտնվում են մինչև`

- սույն օրենքի 16-րդ հոդվածի չորրորդ մասում նշված ժամկետի լրանալը,

- սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայության թափուր պաշտոնին նշանակումը,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարումը,

- սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջների խախտման հիմքերի առաջացումը,

- հարկային ծառայության կադրային ռեզերվից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի ներկայացումը:

(19.1-րդ հոդ. լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն օրենքներ)

 

i
Հոդված 20. Հարկային ծառայողների ատեստավորումը

 

1. Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հարկային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

3. Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կամ հարկային ծառայողի ցանկությամբ:

4. Ատեստավորումն անցկացվում է հարկային ծառայողի անմիջական մասնակցությամբ:

5. Ատեստավորման ենթակա չեն`

1) մեկ տարուց պակաս հարկային ծառայության ստաժ ունեցող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ ուշ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

6. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա հարկային ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկային ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկային ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է հարկային ծառայության պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 26.1-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա վերջինիս տված բնութագիրն իրավական ուժ չունի: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա հարկային ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Հարկային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` ատեստավորման հանձնաժողովի սահմանած չափանիշներով և կարգով:

9.1. Այն հարկային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդհանուր գումարով հավաքում են 80 և ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է հարկային մարմնի սահմանած կարգով:

9.2. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` հարկային ծառայողների գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը և փաստաթղթային ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում հարկային մարմնի ղեկավարին`

1) շնորհել ավելի բարձր դասային աստիճան կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

9.3. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն հարկային ծառայողները, որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն, կամ որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.2-րդ մասի 3-րդ կետում նշված եզրակացությունը: Թեստերը հաստատում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է Հանձնաժողովը` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

10. Հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի (համապատասխան դեպքերում նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման ստուգման) արդյունքներով կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը.

1) շնորհել ավելի բարձր դասային աստիճան կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը վերոնշյալ եզրակացություններից մեկը ներկայացնում է հարկային մարմնի ղեկավարին:

11. Հարկային ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք մինչև հարկային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին այդ արդյունքները ներկայացնելը:

12. Հարկային մարմնի ղեկավարը սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հարկային ծառայողին ավելի բարձր դասային աստիճան կամ հատուկ կոչում շնորհելու կամ տվյալ կոչումը շնորհելու իրավասու անձին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.

2) զբաղեցրած պաշտոնին հարկային ծառայողի համապատասխանության մասին.

3) հարկային ծառայողի վերապատրաստում անցկացնելու մասին.

4) հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական.

5) հարկային ծառայությունից ազատելու մասին: Նման որոշում կարող է կայացվել նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

Հարկային մարմնի ղեկավարը հարկային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

13. Սույն հոդվածով նախատեսված բնութագիրը (ութերորդ մաս), եզրակացությունը (տասներորդ մաս) և որոշումը (տասներկուերորդ մաս) կցվում են հարկային ծառայողի անձնական գործին:

i

14. Սույն օրենքի հիման վրա հարկային ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է հարկային մարմինը:

(20-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

i
Հոդված 21. Հարկային ծառայողների վերապատրաստումը

 

1. Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Հարկային ծառայողի վերապատրաստումն իրականացվում է հարկային մարմնի սահմանած կարգով:

(21-րդ հոդ. փոփ. 10.06.13 ՀՕ-68-Ն օրենք)

 

Հոդված 21.1. Հարկային ծառայության հատուկ կոչումների և դասային աստիճանների դասակարգումը

 

1. Հարկային ծառայության բարձրագույն հատուկ կոչումներն ու դասային աստիճաններն են`

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության գեներալ-մայոր:

2. Հարկային ծառայության գլխավոր հատուկ կոչումներն ու դասային աստիճաններն են`

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության գնդապետ,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության փոխգնդապետ:

3. Հարկային ծառայության ավագ հատուկ կոչումներն ու դասային աստիճաններն են`

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մայոր,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության կապիտան,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ավագ լեյտենանտ,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության լեյտենանտ:

(21.1-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

i
Հոդված 22. Հարկային ծառայության դասային աստիճանը

 

1. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների համար հարկային ծառայողներին շնորհվում են դասային աստիճաններ:

2. Հարկային ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական:

3. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի և Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հանրապետության նախագահը:

4. Սույն հոդվածի երրորդ մասում չնշված դասային աստիճանները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ:

Դասային աստիճանի ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը:

Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին դասային աստիճանի ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային աստիճանը ստանալուց հետո`

1) հարկային ծառայության գլխավոր դասային աստիճանների համար` ավելի քան 3 տարի.

2) հարկային ծառայության ավագ դասային աստիճանների համար` ավելի քան 2 տարի: 

5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողը կարող է զրկվել դասային աստիճանից, հարկային ծառայողի դասային աստիճանը կարող է իջեցվել, ինչպես նաև հարկային ծառայողին հերթական կոչման ներկայացումը կարող է պատճառաբանված մերժվել:

6. Դասային աստիճանի իջեցումը կամ դասային աստիճանից զրկումը կատարում է տվյալ դասային աստիճանը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:

(22-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 23. Հարկային ծառայության հատուկ կոչումները

 

1. Հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.

- Հարկային ծառայության գեներալ-մայոր,

- Հարկային ծառայության գնդապետ,

- Հարկային ծառայության փոխգնդապետ,

- Հարկային ծառայության մայոր,

- Հարկային ծառայության կապիտան,

- Հարկային ծառայության ավագ լեյտենանտ,

- Հարկային ծառայության լեյտենանտ:

2. Հարկային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը շնորհում է վարչապետը:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում չնշված հատուկ կոչումները, աստիճանները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:

Հատուկ կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը, աշխատանքի ստաժը, հատուկ կոչում կամ դասային աստիճան ունենալու դեպքում` կոչումները, աստիճանները և դրանք հարկային ծառայողին շնորհվելու ամսաթիվը:

3.1. Առանձին դեպքերում հարկային ծառայության հատուկ կոչումներ կարող են շնորհվել նաև այլ հարկային ծառայողների: 

4. Սահմանվում են հատուկ կոչում կրելու հետևյալ ժամկետները.

- Հարկային ծառայության լեյտենանտի համար` 1 տարի,

- Հարկային ծառայության ավագ լեյտենանտի, կապիտանի և մայորի համար` 3 տարի,

- Հարկային ծառայության փոխգնդապետի համար` 4 տարի:

5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել:

6. Հարկային ծառայողի հատուկ կոչումը կարող է իջեցվել սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում: Հարկային ծառայողները հատուկ կոչումից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու և սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում:

Հատուկ կոչման իջեցումը կամ հատուկ կոչումից զրկումը կատարում է տվյալ հատուկ կոչումը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:

(23-րդ հոդ. փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ) 

 

Հոդված 23.1. Հարկային ծառայության պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումները և աստիճանները

 

1. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի կոչումն ու աստիճանն են:

2. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կամ հարկային ծառայության գեներալ-մայորի կոչումն ու աստիճանն են:

3. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության գնդապետի կոչումն ու աստիճանն են:

4. Հարկային ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության փոխգնդապետի կոչումն ու աստիճանն են:

5. Հարկային ծառայության առաջատար պաշտոններից հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, հարկային մարմնի գլխավոր տեսուչ-իրավաբանի, ավագ հետաքննիչի, հարկային տեսչության բաժնի պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության մայորի կոչումն ու աստիճանն են:

6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններից հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի, հարկային մարմնի ավագ օպերլիազորի, հարկային մարմնի առաջատար մասնագետի, քննիչի, հետաքննիչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետի, տարածքային բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն ու աստիճանն են:

7. Հարկային ծառայության հարկային մարմնի հարկային տեսուչի, հարկային մարմնի օպերլիազորի, հարկային մարմնի առաջին կարգի մասնագետի, տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետի, տարածքային բաժնի ավագ օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն ու աստիճանն են:

8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն ու աստիճանն են:

(23.1-րդ հոդ. լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 25.12.03 ՀՕ-26-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

 

1. Հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-175-Ն օրենք) 

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-175-Ն օրենք) 

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-175-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-175-Ն օրենք)

6. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար հարկային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) կարգապահական տույժի հանում.

2) դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-175-Ն օրենք)

5) հարկային մարմնի ղեկավարի կողմից շնորհակալության հայտարարում.

6) հատուկ կոչման և (կամ) դասային աստիճանի արտահերթ շնորհում:

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 16.10.2009 թվականից` 17.09.09 ՀՕ-172-Ն օրենք)

8) (8-րդ կետն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-262-Ն օրենք)

7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

8. (8-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-262-Ն օրենք)

(24-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-490-Ն, 05.11.03 ՀՕ-28-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 17.09.09 ՀՕ-172-Ն, 13.11.12 ՀՕ-198-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, 12.12.13 ՀՕ-175-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը

 

1. Անբարեխիղճ աշխատանքի, ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի և անփութության համար հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են կարգապահական պատասխանատվության հետևյալ տեսակները.

1) բանավոր նկատողություն.

2) գրավոր նկատողություն.

3) կոչման իջեցում.

4) նյութական պատասխանատվության կիրառում.

5) զբաղեցրած պաշտոնից իջեցում.

6) հարկային ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային ծառայողի անմիջական ղեկավարը, իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ խմբերի հարկային ծառայողների, ինչպես նաև Գ, Դ խմբերի հարկային մարմնի հարկային ծառայողների և հարկային տեսչության բաժնի պետի դեպքում նաև հարկային մարմնի ղեկավարը` առաջին մասի 2-6-րդ կետերով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

3. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ նշում է կատարվում հարկային ծառայողի անձնական գործում:

(25-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 26. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերը

 

1. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են`

1) հարկային ծառայողի անձնական դիմումը.

2) սույն օրենքի 13-րդ հոդվածի սահմանափակումները չպահպանելը.

3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

4) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքը.

5) հարկային ծառայողի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

6) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերը.

7) սույն օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` փորձաշրջանը չանցնելը.

8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).

9) սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

10) (10-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 29.11.11 ՀՕ-296-Ն օրենք)

11) հարկային ծառայողների հաստիքները կրճատվելը.

12) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը:

2. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը և պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:

(26-րդ հոդ. փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն օրենքներ)

 

Հոդված 26.1.  Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը

 

1. Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերն են`

1) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքը.

2) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը.

3) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:

2. Հարկային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(26.1-րդ հոդ. լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 27. Հարկային մարմնի ֆինանսավորումը

 

Հարկային մարմինը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

i
Հոդված 28. Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը

 

1. Հարկային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետ` ֆոնդ):

2. Ֆոնդը կազմավորվում է`

1) հարկային մարմնի կողմից ստուգման ակտով կամ ուսումնասիրության արձանագրությամբ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտով արձանագրված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պետական հարկերի և պետական վճարների մասով վճարման ենթակա հարկի և (կամ) վճարի գումարների, ինչպես նաև հարկային պատասխանատվության տեսակներից տույժերի և տուգանքների (բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի) գումարների (այսուհետ` լրացուցիչ գումարներ) տասը տոկոս մասհանումների հաշվին:

Ֆոնդի միջոցների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են հատուկ անձնական հաշվի քարտեր: Հատուկ անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը:

Ֆոնդում պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների)` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

2) հարկային ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին.

3) Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված տուգանքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով հարկային մարմնի քննությանը վերապահված իրավախախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների երեսուն տոկոս մասհանումների հաշվին.

4) օրենքով սահմանված կարգով հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին:

i

3. Ֆոնդը ծախսվում է`

1) համակարգչային, կապի և տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նյութատեխնիկական ապահովվածության համար.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու համար.

3) լրացուցիչ գումարներ անմիջապես հայտնաբերողների, հարկային մարմնի աշխատանքներում ներդրում ունեցողների դրամական պարգևատրման և օգնության համար, ընդ որում, ֆոնդից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հարկային մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման համար.

5) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար.

6) հարկային մարմնի կամ հարկային ծառայողի կողմից հարկային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գումարները հարկ վճարողին փոխհատուցելու համար.

7) հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի). 

8) սույն հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում Կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցների վերականգնման համար.

9) Կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար:

Ֆոնդի տնտեսված միջոցները Կառավարության որոշմամբ կարող են ուղղվել Կառավարության պահուստային ֆոնդ:

3.1. Ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվում է Կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են ֆոնդի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:

3.2. Ֆոնդի միջոցների օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Կառավարությունը:

4. Լրացուցիչ գումարի օգտագործումն իրականացվում է միայն տվյալ գումարին համապատասխանող հայտնաբերված լրացուցիչ գումարը պետական բյուջե մուտքագրելուն (վերականգնելուն) համամասնորեն, իսկ հայտնաբերված լրացուցիչ գումարի վճարման պարտավորությունը հաստատող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում` ամբողջությամբ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:

(28-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 24.10.07 ՀՕ-234-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 08.12.10 ՀՕ-187-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն, 12.12.13 ՀՕ-175-Ն, 06.12.17 ՀՕ-227-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, 20.12.17 ՀՕ-23-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

i
Հոդված 29. Հարկային ծառայողների համազգեստը

 

1. Հարկային մարմնի աշխատակիցները հարկային մարմնի սահմանած կարգով կրում են համազգեստ:

2. Հարկային ծառայողի համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները հաստատում է Կառավարությունը:

(29-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 29.1. Հարկային ծառայողների ծառայողական վկայականը և անձնական գործը

 

1. Հարկային ծառայողներին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

2. Հարկային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումը: Հարկային ծառայողների անձնական գործի վարման կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

(29.1-ին հոդ. լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

Հոդված 30. Հարկային ծառայողների զենքը

 

1. Հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Հարկային մարմնին զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահպանելու կարգը, զենքի ու ռազմամթերքի տեսակների ցանկը սահմանում է Կառավարությունը:

(30-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն օրենք)

 

Հոդված 31. Ֆիզիկական ուժի կիրառումը (գործադրումը)

 

Հարկային ծառայողներն իրավախախտների նկատմամբ իրավունք ունեն կիրառել (գործադրել) ֆիզիկական հարկադրանք (ուժ)`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու դեպքում.

2) հարկային մարմնին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու դեպքում.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարած անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու դեպքում, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

 

Հոդված 32. Հատուկ միջոցների կիրառում

 

1. Հարկային ծառայողները հատուկ միջոցները (ձեռնաշղթաներ, փականքները բացելու գործիքներ) կիրառում են`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու համար.

2) հարկային մարմնին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարող անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցներ հարկային ծառայողները կիրառում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

 

Հոդված 33. Զենքի գործադրումը

 

1. Զենք կրելու իրավունք ունեցող հարկային ծառայողն իրավունք ունի դա գործադրել`

1) իր կամ այլ անձի վրա զինված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.

2) զենքի հափշտակման փորձը կանխելու համար:

2. Մինչ զենքի գործադրումը հարկային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

 

Հոդված 34. Հարկային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման պայմանները

 

1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, այնուհետև պարբերաբար, հարկային ծառայողները հարկային մարմնի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժողին առաջին բուժօգնություն ցույց տալու հմտություն:

2. Հարկային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց (գործադրելուց) առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և փոխադրամիջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:

3. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները հարկային ծառայողի կողմից պետք է հասցվեն նվազագույնի:

4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) դեպքում հարկային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին հարկային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին: 

5. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու լիազորությունների սահմանազանցումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(34-րդ հոդ. փոփ. 07.04.09 ՀՕ-95-Ն օրենք)

 

Հոդված 35. Հարկային ծառայողի պահանջների պարտադիր լինելը

 

1. Հարկային ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

2. Հարկային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա գրավոր պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հարկային ծառայողի պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

4. Հարկային ծառայողը, ներկայացնելով ծառայողական վկայականը, կարող է պահանջել և ստուգել ապօրինի գործունեություն իրականացնող կամ ապօրինի գործունեություն իրականացնելու մեջ կասկածվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը` ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված և հարկային մարմնի իրավասությունների շրջանակներում գործողություններ իրականացնելու նպատակով:

(35-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն օրենք)

 

Հոդված 36. Համագործակցությունն այլ մարմինների հետ

 

Իր գործառույթներն իրականացնելիս հարկային մարմինը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այդ թվում` իրավապահ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել հարկային մարմնին` իր գործառույթներն իրականացնելիս:

 

Հոդված 37. Հարկային ծառայողներին պատճառված վնասի հատուցման իրավունքը

 

1. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային ծառայողին վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են հարկային ծառայություն անցնելու նրա հետագա հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի և նրա ամսական միջին վաստակի տարբերության չափով:

2. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան վնասվածքներ պատճառելու հետևանքով, հարկային ծառայողի խնամքի տակ գտնվող ընտանիքի անչափահաս և (կամ) անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի ամսական միջին վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով: Ամսական միջին վաստակից մահացածին բաժին ընկնող մասը որոշելու համար մահացածի ամսական միջին վաստակը բաժանվում է նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով, ներառյալ` բաց թողնված օգուտը:

4. Սույն հոդվածում նախատեսված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

i
Հոդված 38. Հարկային ծառայության տարբերանշանը և կնիքը

 

1. Հարկային ծառայությունն ունի տարբերանշան, որի նկարագիրը հաստատում է Կառավարությունը: Հարկային ծառայության տարբերանշանը հարկային ծառայողների համազգեստի պարտադիր ատրիբուտ է:

2. Հարկային մարմինն ունի հարկային ծառայության տարբերանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

(38-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5.
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 39. Հարկային ծառայողի պարտականությունները

 

Հարկային ծառայողի պարտականություններն են`

1) իր իրավասությունների սահմաններում հարկային մարմնի լիազորությունների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկումը, ինչպես նաև սահմանված կարգով հաշվարկված գումարների վճարման առաջադրումը.

3) ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տրված հանձնարարականների և ընդունած որոշումների կատարումը.

4) օրենքով սահմանված դեպքերում հետաքննության գործերի սկսումը.

5) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

6) հարկ վճարողների, նրանց ներկայացուցիչների և հարկային հարաբերությունների այլ մասնակիցների նկատմամբ պատասխանատու և ուշադիր վերաբերմունքի ցուցաբերումը.

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 21.12.17 ՀՕ-276-Ն օրենք)

8) հարկային ծառայության գործառույթների և հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահանջներով խստագույնս առաջնորդվելը.

9) (9-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 29.11.11 ՀՕ-296-Ն օրենք)

(39-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն օրենքներ)

 

Հոդված 40. Հարկային ծառայողի իրավունքները

 

Հարկային ծառայողի իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը, հարցերի քննարկումներին մասնակցելը.

5) ծառայողական քննություն անցկացնել պահանջելը` իր կարծիքով իր նկատմամբ անհիմն մեղադրանքները և կասկածները վերացնելու նպատակով կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

6) անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) սոցիալական և իրավական պաշտպանությունը.

8) սոցիալական ապահովությունը.

9) սահմանված կարգով հարկային ծառայության կոչման բարձրացումը.

10) ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

11) հարկային ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

12) օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

 

Հոդված 41. Հարկային ծառայողի պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտման համար հարկային ծառայողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Եթե սույն օրենքի, հարկային ծառայության գործառույթների կամ հարկային ծառայողի վարքագծի կանոնների խախտումները չեն հանգեցրել քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման, ապա հարկային ծառայողները սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով կրում են նյութական պատասխանատվություն:

(41-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն օրենք)

 

Հոդված 42. Հարկային ծառայողի նյութական պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք)`

1) ստանում է (են) գրավոր նախազգուշացում, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը պակաս է 100.000 դրամից.

2) վճարում է (են) տուգանք, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 100.000-ից մինչև 1.000.000 դրամ` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև 5 տոկոսի չափով.

3) վճարում է (են) տուգանք, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 1.000.001-ից մինչև 5.000.000 դրամ` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև 10 տոկոսի չափով.

4) եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 5.000.000 դրամից ավելի, ապա վճարում է (են) տուգանք ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև քսան տոկոսի չափով կամ ազատվում է (են) հարկային ծառայությունից` ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:

2. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 3-4-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելու համար, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձն առաջին անգամ ստանում է գրավոր նկատողություն:

Գրավոր նկատողությունն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային աստիճանը կամ հատուկ կոչումը:

3. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, առաջին անգամ իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային աստիճանը կամ հատուկ կոչումը, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել հարկային ծառայությունից ազատվելուց հետո, ապա նա զրկվում է հատուկ կոչումից և դասային աստիճանից:

Մեկ տարվա ընթացքում համանման խախտում կատարելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձն ազատվում է հարկային ծառայությունից` ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:

4. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված պարտականությունը չկատարելու կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձն առաջին անգամ ստանում է գրավոր նկատողություն:

Գրավոր նկատողությունն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային աստիճանը կամ հատուկ կոչումը:

5. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու համար, եթե դա չի առաջացրել սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված պատասխանատվություն, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձը`

1) ստանում է գրավոր նկատողություն, եթե խախտումը տեղի է ունեցել պաշտոնատար անձի անզգուշությամբ.

2) իջեցվում է հարկային ծառայության դասային աստիճանը կամ հատուկ կոչումը, եթե խախտումը տեղի է ունեցել դիտավորյալ.

3) դասային աստիճանը կամ հատուկ կոչումն իջեցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում ազատվում է հարկային ծառայությունից` ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:

6. Սույն հոդվածով նախատեսված նյութական պատասխանատվության միջոցները կիրառվում են կատարված խախտումների փաստերը ծառայողական քննությամբ հաստատվելուց հետո:

7. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության կոնկրետ տեսակը, նյութական պատասխանատվության չափերը, ինչպես նաև խախտում թույլ տված հարկային ծառայողին (ծառայողներին), որի (որոնց) նկատմամբ կիրառվում են նյութական պատասխանատվության միջոցները, ներկայացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը:

Նյութական պատասխանատվությունը կիրառվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով:

8. Նյութական պատասխանատվության կիրառման արդյունքում գանձված գումարները մուտքագրվում են հարկային մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ:

(42-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

i
Հոդված 43. Ծառայողական քննության անցկացումը

 

1. Ծառայողական քննություն անցկացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:

2. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:

3. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը`

1) հսկողություն է իրականացնում հարկային ծառայողների վարքագծի կանոնների նկատմամբ.

2) ծառայողական քննություն է անցկացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով.

3) եզրակացություն է ներկայացնում հարկային մարմնի ղեկավարին` սույն օրենքի 11.1-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

4. Հարկային ծառայողների ծառայողական քննություն իրականացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը:

(43-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

i
Հոդված 43.1. Հարկային մարմնի և հարկային ծառայողի գործողությունների գանգատարկումն ու բողոքարկումը

 

(43.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 21.12.17 ՀՕ-276-Ն օրենք)

(43.1-րդ հոդ. լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, 21.06.14 ՀՕ-132-Ն, 17.12.14 ՀՕ-261-Ն, 07.05.15 ՀՕ-43-Ն օրենքներ)

 

Հոդված 44. Հարկ վճարողին հասցված վնասի փոխհատուցումը

 

Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի սույն օրենքի կամ Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող այլ ակտերի դրույթների խախտումների հետևանքով հարկ վճարողին հասցրած վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերի:

Հարկային ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել հարկային մարմին կամ դատարան: Հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները կարող են բողոքարկվել հարկային մարմին կամ դատարան:

(44-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 45. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 90 օր հետո:

2. Հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների գործառույթների հաստատվելուց հետո հարկային մարմնի համակարգի համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են հարկային ծառայողներ:

3. Սույն օրենքով նախատեսված հարկային ծառայողի առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում դա համալրվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված հարկային ծառայության հատուկ և դասային աստիճանները պահպանվում են:

i

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

1) 1993 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողների դասային և հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) 1993 թվականի հուլիսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողներին դասային և հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշումը:

7. Հանրապետության նախագահի հրամանագրով, Կառավարության որոշմամբ հանրապետական գործադիր կամ պետական այլ մարմինների կամ հիմնարկների վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հարկային մարմնին փոխանցվող գործառույթների հետևանքով հարկային մարմին փոխադրվող աշխատողների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի և 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դրույթները: Այդ աշխատողների հարկային ծառայության պաշտոնի նշանակումը իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով` փորձաշրջանով:

8. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարը կարող է Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված` հարկային ծառայության պահպանման ծախսերի ավելացմամբ պայմանավորված լրացուցիչ հարկային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված կադրային ռեզերվում գտնվող անձանցից կատարել նշանակում:

(45-րդ հոդ. փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն օրենքներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. օգոստոսի 2
Երևան
ՀՕ-407-Ն

 

 

pin
ՀՀ 03.07.2002
N ՀՕ-407-Ն օրենք