Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

09.04.2018 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության, որպես պետական ծառայության հատուկ տեսակ, կազմակերպման և դրա իրականացման, մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, մաքսային ծառայության առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

(1-ին հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն օրենք)

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից և մաքսային ծառայության հարցերը կարգավորող իրավական այլ ակտերից:

Մաքսային ծառայության պաշտոնատար անձանց` սույն օրենքով չկարգավորվող աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և իրավական այլ ակտերով:

(2-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-284-Ն օրենք)

 

Հոդված 3. Մաքսային ծառայության հասկացությունը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է:

2. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) քննչական մարմինն իրականացնում է նախաքննություն նաև մաքսային ծառայության քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով:

(3-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

Հոդված 4. Մաքսային ծառայության խնդիրները

 

Մաքսային ծառայության խնդիրներն են Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության իրականացումը, մաքսային գործի և մաքսային մարմինների գործունեության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացման ապահովումը:

 

Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մաքսային մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնող այն անձանց (այսուհետ` մաքսային ծառայող) վրա, որոնց սույն օրենքով նախատեսված կարգով կարող են շնորհվել մաքսային ծառայության հատուկ կոչումներ, և որոնք լիազորված են իրականացնել մաքսային մարմինների գործառույթների հետ կապված մասնագիտական գործունեություն:

2. Մաքսային մարմիններում նախատեսվում են նաև քաղաքացիական ծառայության և մաքսային մարմինների գործունեության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոններ:

Մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայողների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենքով և դրանից բխող իրավական ակտերով:

Մաքսային մարմինների գործունեության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

 

i
Հոդված 6. Մաքսային ծառայության կազմակերպումը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:

2. Մաքսային ծառայությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա:

3. Մաքսային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, գործում են հրապարակայնորեն` ապահովելով պետական, առևտրային և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը:

4. Մաքսային ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով: Մաքսային մարմինների կամ մաքսային մարմնի ստորաբաժանումների մաքսային ծառայողները տեղափոխվում են մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում` Կառավարության սահմանած կարգով:

(6-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

Հոդված 7. Մաքսային ծառայության պաշտոնները

 

1. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ`

- կոմիտեի ղեկավար,

- կոմիտեի ղեկավարի տեղակալ,

- կոմիտեի վարչության պետ,

- կոմիտեի մաքսատան պետ.

2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ`

- կոմիտեի վարչության պետի տեղակալ,

- կոմիտեի բաժնի պետ,

- կոմիտեի մաքսատան պետի տեղակալ,

- կոմիտեի մաքսային կետի պետ,

- կոմիտեի բաժնի պետի տեղակալ,

- կոմիտեի բաժանմունքի պետ,

- կոմիտեի բաժանմունքի պետի տեղակալ,

- կոմիտեի հերթափոխի պետ,

- կոմիտեի հերթափոխի պետի տեղակալ,

- կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննիչ,

- կոմիտեի գլխավոր մաքսային տեսուչ,

- կոմիտեի ավագ քննիչ,

- կոմիտեի մաքսային կետի պետի տեղակալ,

- կոմիտեի մաքսատան բաժնի պետ.

3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ`

- կոմիտեի ավագ մաքսային տեսուչ,

- կոմիտեի քննիչ,

-կոմիտեի մաքսատան բաժնի պետի տեղակալ,

- կոմիտեի մաքսատան բաժանմունքի պետ,

- կոմիտեի մաքսատան բաժանմունքի պետի տեղակալ,

- կոմիտեի մաքսատան հերթափոխի պետ,

- կոմիտեի մաքսատան հերթափոխի պետի տեղակալ,

- կոմիտեի մաքսային կետի հերթափոխի պետ,

- կոմիտեի մաքսային կետի հերթափոխի պետի տեղակալ,

- կոմիտեի մաքսային կետի բաժանմունքի պետ,

- կոմիտեի մաքսային կետի բաժանմունքի պետի տեղակալ,

- կոմիտեի մաքսատան կամ մաքսային կետի գլխավոր մաքսային տեսուչ.

4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ`

- կոմիտեի տեսուչ,

- կոմիտեի մաքսատան կամ մաքսային կետի ավագ մաքսային տեսուչ,

- կոմիտեի մաքսատան կամ մաքսային կետի մաքսային տեսուչ:

i

3. Մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Կառավարությունը:

(7-րդ հոդ. փոփ. 19.11.02 ՀՕ-442-Ն, 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.10.08 ՀՕ-175-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 8. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակման պայմանները

 

i

1. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի միայն բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող և կոմիտեի հաստատած համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Մաքսային ծառայության պաշտոնի նկարագիրը տվյալ պաշտոնը զբաղեցնող մաքսային ծառայողի համար օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքները և պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մաքսային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև մաքսային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող` կոմիտեի հաստատած փաստաթուղթն է:

2. Մաքսային ծառայությունն իրականացվում է մաքսային ծառայության անցնելու մասին կնքված պայմանագրին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Մաքսային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մրցույթով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

i

4. Կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների կողմից իրականացվող` օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի` կոմիտեի ղեկավարի կողմից:

(8-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 9. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունքի սահմանափակումները

 

Մաքսային ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, ովքեր`

1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զրկված են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

i

3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը.

4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

(9-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 10. Մաքսային ծառայության անցնելու փորձաշրջանը

 

1. Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից և պաշտոնից: Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պարտականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում:

2. Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում:

i

3. Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

(10-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

i
Հոդված 11. Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը

 

1. Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու և կոմիտեի միջև, գրավոր ձևով, մինչև սույն օրենքով սահմանված մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի լրանալը:

2. Պայմանագրի կնքման կարգը և օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը` կոմիտեի ներկայացմամբ:

3. Պայմանագրում սահմանվում են կողմերի իրավունքները, պարտականությունները և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունը:

4. Մաքսային ծառայողներին տրվում են ծառայողական վկայականներ, որոնց ձևը հաստատում է նրանց պաշտոնի նշանակող անձը:

5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված նշանակումների դեպքում սույն հոդվածով նախատեսված պայմանագիր չի կնքվում:

(11-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

i
Հոդված 12. Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և անդամների թվաքանակը սահմանում է Կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անհատական կազմը` կոմիտեի ղեկավարը:

2. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած պաշտոնների հետ:

(12-րդ հոդ. փոփ. 10.06.13 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 13. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Մաքսային ծառայության կրտսեր պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում կոմիտեի ղեկավարը կարող է տասնհինգօրյա ժամկետում մաքսային ծառայության տվյալ կամ նախորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ հարկային մարմիններում հարկային ծառայության պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողներից, ինչպես նաև մաքսային կամ հարկային մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանցից, որոնք համապատասխանում են սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջներին, կատարել նշանակում:

Մաքսային ծառայության պաշտոնների տվյալ կամ նախորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ հարկային մարմիններում հարկային ծառայության պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողներից, ինչպես նաև մաքսային կամ հարկային մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանցից նշանակում չկատարվելու դեպքում կոմիտեի ղեկավարը կարող է հնգօրյա ժամկետում նշանակում կատարել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից` առաջնությունը տալով մաքսային ծառայության ավելի երկարատև ստաժ ունեցող մաքսային ծառայողներին:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում մաքսային ծառայության կրտսեր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ: Բաց մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները և սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները:

2. Մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը կոմիտեն հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Մրցույթն անցկացվում է նաև մրցույթին մասնակցելու համար մեկ մասնակցի դիմելու դեպքում:

Հանձնաժողովը մաքսային ծառայողին (քաղաքացուն) չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 8-9-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ ապագա աշխատանքը կապված է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) մաքսային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Մրցույթը բաղկացած է երկու մասից` թեստավորում և հարցազրույց:

Թեստերը կազմվում են հանձնաժողովի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) մաքսային ծառայության մասին օրենսդրություն.

3) մաքսային օրենսդրության ընդհանուր հարցեր.

4) կոմիտեի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտերի իմացություն.

5) մաքսային ծառայության համապատասխան պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջների իմացություն:

Թեստերի հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ պատասխան:

Թեստավորումն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով նախատեսված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողությունները և անհատական հատկանիշները գնահատելու նպատակով:

Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքներում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Մրցույթի պայմանները չբավարարած անձանց, յոթնօրյա ժամկետում, այդ մասին հայտնվում է գրավոր:

5. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի քվեարկության մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա մաքսային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:

i

6. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանում է Կառավարությունը:

(13-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 03.10.06 ՀՕ-167-Ն, 23.10.08 ՀՕ-175-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

i
Հոդված 14. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Մաքսային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում կոմիտեի ղեկավարը կարող է տասնհինգօրյա ժամկետում մաքսային ծառայության պաշտոնների տվյալ կամ դրան հաջորդող կամ նախորդող խմբերին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ հարկային մարմիններում հարկային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոններ զբաղեցնող հարկային ծառայողներից, ինչպես նաև մաքսային կամ հարկային մարմիններում քաղաքացիական ծառայության առաջատար, գլխավոր կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանցից, որոնք բավարարում են սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, կատարել նշանակում` առաջնայնությունը տալով այն ծառայողներին, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 15-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև մաքսային ծառայության ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին:

Մաքսային ծառայության պաշտոնների տվյալ կամ դրան հաջորդող կամ նախորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ հարկային մարմիններում հարկային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոններ զբաղեցնող հարկային ծառայողներից, ինչպես նաև մաքսային կամ հարկային մարմիններում քաղաքացիական ծառայության առաջատար, գլխավոր կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանցից նշանակում չկատարվելու դեպքում կոմիտեի ղեկավարը կարող է հնգօրյա ժամկետում նշանակում կատարել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից` առաջնությունը տալով մաքսային ծառայության ավելի երկարատև ստաժ ունեցող մաքսային ծառայողներին:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներում մաքսային ծառայության գլխավոր և առաջատար թափուր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է փակ մրցույթ` սույն օրենքի 13-րդ հոդվածի երրորդից վեցերորդ մասերով սահմանված կարգով:

Փակ մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները, ինչպես նաև մաքսային, հարկային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, դատաիրավական մարմիններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները, ընդ որում` առաջատար պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, իսկ գլխավոր պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

i

3. Սույն օրենքով նախատեսված մրցույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ կոմիտեի ղեկավարին տալիս է եզրակացություն: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կոմիտեի ղեկավարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում` առաջնայնությունը տալով այն մաքսային ծառայողներին (քաղաքացիներին), որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 15-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև մաքսային ծառայության (մասնագիտական աշխատանքի) ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին (քաղաքացիներին): Մրցույթով անցած անձը մաքսային ծառայության պաշտոնում նշանակվում է մինչև սույն օրենքով սահմանված մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի լրանալը, բացառությամբ բաց մրցույթով առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոնի նշանակվող անձի, որը նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը: Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջանն անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր:

3.1. Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում (հղիության և ծննդաբերության արձակուրդ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչում), ինչպես նաև մաքսային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության և օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնը կարող են զբաղեցնել մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձինք, որոնց հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, իսկ դրա անհնարինության դեպքում հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ, 9-րդ հոդվածների և 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

6. Մաքսային մյուս ծառայողները պայմանագրի հիման վրա սահմանված կարգով պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են կոմիտեի ղեկավարի հրամանով:

7. Համապատասխան պաշտոնում նշանակվող անձը պետք է ունենա այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն հատուկ կոչումից երկու աստիճանից ոչ ցածր կոչում:

Սույն կետի պահանջները չեն տարածվում մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների վրա:

i

8. Մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:

(14-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 03.10.06 ՀՕ-167-Ն, 23.10.08 ՀՕ-175-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Մաքսային ծառայողների ատեստավորումը

 

1. Մաքսային ծառայողի ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

Մաքսային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

Սույն հոդվածով նախատեսված ատեստավորմանը ենթակա են այն մաքսային ծառայողները, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոմիտեի ղեկավարը, բացի կոմիտեի վարչության պետի և մաքսատան պետի պաշտոն զբաղեցնող անձանցից:

2. Մաքսային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա` կոմիտեի ղեկավարի որոշմամբ կամ մաքսային ծառայողի ցանկությամբ:

3. Ատեստավորումն անցկացվում է մաքսային ծառայողի անմիջական մասնակցությամբ:

4. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մաքսային ծառայողները, եթե նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողները, եթե նման ցանկություն չեն հայտնել:

5. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ մաքսային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողների:

6. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` 2 ամիս անց, սակայն ոչ ուշ, քան արձակուրդից վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

7. Ատեստավորման ենթակա մաքսային ծառայողները, ոչ ուշ, քան ատեստավորումից մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ մաքսային ծառայողի անմիջական ղեկավարը ներկայացնում է մաքսային ծառայողի ծառայողական բնութագիրը:

Մաքսային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել մաքսային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` ատեստավորման հանձնաժողովի սահմանած կարգով:

i

9.1. Այն մաքսային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդհանուր գումարով հավաքել են 80 և ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է կոմիտեի սահմանած կարգով:

9.2. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է մաքսային ծառայողների տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` մաքսային ծառայությունների գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը և փաստաթղթային ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում կոմիտեի ղեկավարին`

1) շնորհել ավելի բարձր հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

9.3. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն մաքսային ծառայողները, որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն, կամ որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.2-րդ մասի 3-րդ կետում նշված եզրակացությունը: Թեստերը հաստատում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է Հանձնաժողովը` սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

10. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի (համապատասխան դեպքերում նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման ստուգման) արդյունքներով կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը և ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է կոմիտեի ղեկավարին.

1) շնորհել ավելի բարձր հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

11. Մաքսային ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք մինչև այդ արդյունքները մաքսային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելը:

12. Կոմիտեի ղեկավարը, սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) մաքսային ծառայողին ավելի բարձր հատուկ կոչում շնորհելու կամ տվյալ կոչումը շնորհելու իրավասու անձին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.

2) մաքսային ծառայողի վերապատրաստում անցկացնելու մասին.

3) մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե մաքսային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական.

4) զբաղեցրած պաշտոնին մաքսային ծառայողի համապատասխանության մասին.

5) մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու մասին:

Կոմիտեի ղեկավարը մաքսային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից եռօրյա ժամկետում.

13. Սույն հոդվածով նախատեսված բնութագիրը (ութերորդ մաս), եզրակացությունը (տասներորդ մաս) և որոշումը (տասներկուերորդ մաս) կցվում են մաքսային ծառայողի անձնական գործին:

i

14. Սույն օրենքի հիման վրա մաքսային ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է կոմիտեն:

(15-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 16. Մաքսային ծառայողների վերապատրաստումը

 

i

1. Յուրաքանչյուր տարի մաքսային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր վերապատրաստման:

i

2. Մաքսային ծառայողի վերապատրաստումն իրականացվում է կոմիտեի սահմանած կարգով:

(16-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 17. Մաքսային ծառայողի երդումը

 

1. Առաջին անգամ մաքսային ծառայության ընդունված անձը, մինչև իրեն հատուկ կոչում շնորհելը, կոմիտեի ղեկավարի ներկայությամբ հանդիսավոր պայմաններում պետք է երդվի`

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ` հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի լիազորություններն իրականացնելիս խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենսդրությունը, քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, պաշտպանել Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախությունը և անվտանգությունը, բարեխղճորեն կատարել պաշտոնեական պարտականությունները և արժանապատվորեն կրել մաքսային ծառայողի բարձր կոչումը»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Մաքսային ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը:

4. Մաքսային ծառայողի ստորագրած երդման տեքստը կցվում է նրա անձնական գործին:

(17-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 18. Մաքսային ծառայողների հատուկ կոչումները

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.

մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ,

մաքսային ծառայության գեներալ-մայոր,

մաքսային ծառայության գնդապետ,

մաքսային ծառայության փոխգնդապետ,

մաքսային ծառայության մայոր,

մաքսային ծառայության կապիտան,

մաքսային ծառայության ավագ լեյտենանտ,

մաքսային ծառայության լեյտենանտ,

մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ:

i

2. Մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները սահմանում է Կառավարությունը:

3. Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին հատուկ կոչում շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` կոմիտեի ղեկավարի հրամանով:

4. Մաքսային ծառայողը հատուկ կոչումից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ, 10-12-րդ և 15-րդ կետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում:

(18-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 19. Հատուկ կոչումների շնորհման ընդհանուր պայմանները

 

1. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի և մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումները շնորհում է վարչապետը:

2. Մաքսային ծառայության սույն օրենքով սահմանված մյուս հատուկ կոչումները շնորհում է կոմիտեի ղեկավարը:

i

3. Մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս Կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը:

4. Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչումը շնորհվում է հաջորդական կարգով, զբաղեցրած պաշտոնին համապատասխան և նախորդ կոչումով ծառայության ժամկետի լրանալուց հետո, բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերի:

5. Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում կարող է շնորհվել`

1) մինչև նախորդ կոչումը կրելու` սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը, բայց զբաղեցրած պաշտոնին հասանելիքից ոչ բարձր, որպես խրախուսում, պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար.

2) զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից մեկ աստիճան բարձր կոչում կարող է շնորհվել նախորդ հատուկ կոչման ժամկետի ավարտից հետո` աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար.

3) մինչև նախորդ կոչումը կրելու` սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը, կամ զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից մեկ աստիճան բարձր կոչում կարող է շնորհվել նաև ատեստավորման արդյունքներով:

6. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կամ վաղաժամկետ կոչում` մինչև մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչումը ներառյալ, ծառայության ողջ ընթացքում կարող է շնորհվել ոչ ավելի, քան երկու անգամ:

(19-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 20. Մաքսային ծառայության հատուկ կոչում կրելու նվազագույն ժամկետները

 

Մաքսային ծառայության յուրաքանչյուր հատուկ կոչում կրելու համար սահմանվում են հետևյալ նվազագույն ժամկետները.

1) մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտի հատուկ կոչման համար` 2 տարի.

2) մաքսային ծառայության լեյտենանտի, մաքսային ծառայության ավագ լեյտենանտի, մաքսային ծառայության կապիտանի հատուկ կոչումների համար` 3 տարի.

3) մաքսային ծառայության մայորի, մաքսային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչումների համար` 4 տարի:

Մաքսային ծառայության գնդապետի և դրանից բարձր հատուկ կոչումները կրելու համար ժամկետներ չեն սահմանվում:

Մաքսային մարմիններում համապատասխան պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչումը շնորհվում է նախորդ կոչման ժամկետը լրանալու հաջորդ օրը:

 

Հոդված 21. Հերթական հատուկ կոչումներ շնորհելը հետաձգելը

 

1. Զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչում կրող մաքսային ծառայողին հերթական կոչում շնորհելը հետաձգվում է մինչև նրա պաշտոնի համապատասխան փոփոխելը, կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի հինգերորդ մասի 2-3-րդ կետերին կամ վեցերորդ մասին համապատասխան խրախուսելը:

2. Մաքսային ծառայողին, որն ունի գրավոր կարգապահական տույժ, կամ որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում կամ անցկացվում է ծառայողական քննություն ծառայողական կարգուկանոնը նրա խախտելու փաստի առթիվ, հատուկ կոչման շնորհման ներկայացնելը հետաձգվում է համապատասխանաբար մինչև կարգապահական տույժի կրման ժամկետի ավարտը կամ հարուցված քրեական հետապնդման կարճումը կամ ծառայողական քննության ավարտը` արդարացման հիմքերով:

3. Մաքսային ծառայողի անմիջական ղեկավարը (ղեկավարները) մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում շնորհելուն ներկայացնելն անհիմն հետաձգելու դեպքում կրում է (են) օրենքով նախատեսված պատասխանատվություն:

4. Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում շնորհելուն ներկայացնելն անհիմն հետաձգելու դեպքում մաքսային ծառայողն իրավունք ունի պահանջել սահմանված բավարարումների փոխհատուցում այն չափով, որը նա կարող էր ստանալ, եթե նրան ժամանակին շնորհվեր հասանելիք կոչումը:

5. Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել` ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

(21-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 22. Մաքսային ծառայողի կարգավիճակը

 

Մաքսային ծառայողը գործադիր իշխանության ներկայացուցիչ է, գտնվում է օրենքի և պետության պաշտպանության ներքո:

 

Հոդված 22.1. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման ժամանակ

 

Համապատասխան մարմնի վերակազմակերպումը մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վերակազմակերպումն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ:

(22.1-ին հոդ. լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

 

Հոդված 23. Մաքսային ծառայողի իրավունքները

 

1. Մաքսային ծառայողն իրավունք ունի`

1) ծանոթանալ զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) ծառայողական պարտականությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր.

3) իր լիազորությունների շրջանակներում որոշումներ ընդունել.

4) մաքսային ծառայության գծով առաջխաղացման և վարձատրության չափերի մեծացման` հաշվի առնելով ծառայած տարիները, ծառայության արդյունքները և վերապատրաստման մակարդակը.

5) ծանոթանալ իր անձնական գործին կցվող բոլոր նյութերին, իր ծառայության գնահատականներին և այլ փաստաթղթերի` մինչև դրանք անձնական գործին կցելը, և ներկայացնել բացատրություններ.

6) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պահպանման համար հատկացված միջոցների հաշվին վերապատրաստվել.

7) կենսաթոշակային ապահովման.

i

8) պահանջել Կառավարության սահմանած կարգով ծառայողական քննության անցկացում` իր պատիվը և արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները, իր կարծիքով անհիմն մեղադրանքները հերքելու և վերացնելու նպատակով.

9) օգտագործել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ինչպես նաև հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.

10) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության.

11) սոցիալական և իրավական պաշտպանության ու ապահովության:

2. Մաքսային ծառայողն ունի նաև սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված այլ իրավունքներ:

(23-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 12.12.13 ՀՕ-178-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

i
Հոդված 24. Մաքսային ծառայողի պարտականությունները

 

1. Մաքսային ծառայողը պարտավոր է`

1) իր իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը, ինչպես նաև տիրապետել մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ գիտելիքների.

2) իր իրավասության սահմաններում ապահովել քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պահպանումը.

3) կատարել կոմիտեի ղեկավարի ու պաշտոնատար անձանց` իրենց իրավասության սահմաններում տրված օրինական հրամաններն ու կարգադրությունները.

4) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները և ընթացք տալ դրանց.

5) պահպանել ծառայողական տեղեկությունների հետ աշխատելու կարգը.

6) օրենքով սահմանված դեպքերում սկսել հետաքննության և նախաքննության գործերը.

i

6.1) մաքսանենգության և օրենքով նախատեսված դեպքերում մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով իրականացնել դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Կառավարությունը.

7) մասնակցել կոմիտեի ղեկավարի հաստատած ծրագրով անցկացվող ուսումնավարժական հավաքներին, մրցույթներին և այլ ծառայողական միջոցառումներին.

8) ճշգրիտ, ժամանակին, բարեխղճորեն և անշահախնդրորեն կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ պարտականություններ.

9) պահպանել մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները, որոնք հաստատվում են կոմիտեի ղեկավարի կողմից:

2. Մաքսային ծառայողի պարտականություններն ըստ զբաղեցրած պաշտոնի որոշում է կոմիտեի ղեկավարը:

(24-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 01.03.18 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 24.1. Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

 

1. Մաքսային ծառայողին չեն կարող տրվել բանավոր և (կամ) գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք`

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին.

բ) դուրս են հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորություններից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ ստանալու դեպքում մաքսային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականների օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը) կամ հանձնարարական տվողը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա մաքսային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Մաքսային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը: Եթե հանձնարարականի կատարումը կարող է հանգեցնել քրեական կամ վարչական պատասխանատվության, ապա մաքսային ծառայողը այդ մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել կոմիտեի ղեկավարին:

(24.1-ին հոդ. լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 25. Մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Մաքսային ծառայողն իրավունք չունի`

1) զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) մաքսային մարմիններում հանդես գալ որպես երրորդ անձանց լիազորված անձ.

4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել մաքսային մարմինների նյութատեխնիկական, տեղեկատվական և ֆինանսական միջոցները, պետական այլ գույք, ինչպես նաև ծառայողական տեղեկատվությունը.

5) իր ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

6) իր ծառայողական դիրքն ու միջոցներն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական, ինչպես նաև նրանց օգտին վերաբերմունք քարոզող կազմակերպությունների շահերի համար.

7) խախտել պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող նյութերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում` հրաժարվել անցնելու այդ գաղտնիքների հետ առնչվելու թույլտվության ձևակերպման սահմանված ընթացակարգը.

8) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

9) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Մաքսային մարմիններում արգելվում է կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական կազմակերպությունների ձևավորումը:

3. Մաքսային մարմիններում արգելվում է համատեղ ծառայել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կապված անձանց (ծնողներ, ամուսիններ, եղբայրներ, քույրեր, զավակներ, ինչպես նաև ամուսինների եղբայրներ, քույրեր և նրանց զավակներ), եթե նրանց ծառայությունը կապված է մեկը մյուսի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Մաքսային ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

(25-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 19.03.12 ՀՕ-114-Ն օրենքներ)

 

Հոդված 26. Մաքսային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի օգտագործման դեպքերը և կարգը

 

i

1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, այնուհետև` պարբերաբար, մաքսային ծառայողները, կոմիտեի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն:

2. Սույն օրենքի 27-29-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով` մաքսային ծառայողն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:

3. Մաքսային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային այլ միջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, եթե նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:

4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները մաքսային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:

5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման դեպքում մաքսային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

(26-րդ հոդ. փոփ. 07.04.09 ՀՕ-96-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 27. Ֆիզիկական հարկադրանքի (ուժի) կիրառումը

 

Մաքսային ծառայողները, իրենց պարտականությունների կատարման ընթացքում, իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական հարկադրանք (ուժ)`

1) իրենց կամ այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.

2) մաքսային մարմիններին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար:

 

Հոդված 28. Հատուկ միջոցների կիրառումը

 

1. Մաքսային ծառայողներն իրավունք ունեն կիրառել ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, փականքները բացելու գործիքներ, տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու համար նախատեսված միջոցներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ:

2. Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.

2) մաքսային մարմնին պատկանող կամ նրա հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց.

4) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե դրա վարորդը չի կատարում մաքսային ծառայողի օրինական պահանջները:

3. Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց, անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

 

Հոդված 29. Զենքի գործադրումը

 

1. Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պաշտոններ զբաղեցնող մաքսային ծառայողներին ծառայողական պարտականություններ կատարելիս իրավունք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու, պահելու և օգտագործելու զենք:

2. Զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային ծառայողներն իրավունք ունեն դա գործադրել`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար, կամ եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.

2) զենքի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձը կանխելու համար:

3. Մինչև զենքի գործադրումը մաքսային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի:

4. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և մաքսային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

5. Մաքսային ծառայողներին զենքով ապահովելու կարգը, զենքի ու զինամթերքի ցանկը սահմանում է Կառավարությունը:

(29-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

Հոդված 30. Մաքսային ծառայողների անհատական պաշտպանության միջոցները

 

Անձնական անվտանգության ապահովման համար մաքսային ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

 

i
Հոդված 31. Մաքսային ծառայության ստաժը

 

1. Մաքսային ծառայության ստաժը ներառում է մաքսային ծառայողի մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու և մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը մաքսային մարմիններում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Մաքսային ծառայության ստաժը հաշվարկվում է մաքսային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժի մեջ:

(31-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

 

Հոդված 32. Մաքսային ծառայողի ծառայողական տեղափոխումը և երաշխիքները

 

1. Կոմիտեի ղեկավարի հրամանով մաքսային ծառայողին նույն մաքսային մարմնում, նույն տարածաշրջանի այլ մաքսային մարմնում կամ այլ տարածաշրջանի մաքսային մարմնում այլ պաշտոնի նշանակելը (այսուհետ` ծառայողական տեղափոխում) թույլատրվում է միայն մաքսային ծառայողի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

i

2. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում նշված ծառայողի և նրա հետ բնակվող ընտանիքի անդամների համար ծառայության նոր վայրում Կառավարության սահմանած կարգով տրամադրվում է բնակելի տարածք կամ բնակելի տարածքի վարձակալման համար ամենամսյա դրամական փոխհատուցում:

3. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջան ծառայողական տեղափոխման դեպքում մաքսային ծառայողին Կառավարության սահմանած կարգով տրվում է տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցում:

(32-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 33. Մաքսային ծառայության համար կադրերի վերապատրաստումը

 

Մաքսային ծառայության կրտսեր և առաջատար պաշտոններ զբաղեցնող բոլոր մաքսային ծառայողները պարտադիր, իսկ գլխավոր պաշտոններ զբաղեցնող մաքսային ծառայողները, իրենց ցանկությամբ, ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, մասնակցում են կոմիտեի ուսումնական կենտրոնում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին:

(33-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

Հոդված 34. Մաքսային ծառայողի անձնական գործը

 

1. Մաքսային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Մաքսային ծառայողի անձնական գործը վարում է կոմիտեի համապատասխան ծառայությունը:

i

2. Մաքսային ծառայողի անձնական գործի վարման կարգը սահմանում է կոմիտեն:

(34-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

i
Հոդված 35. Մաքսային ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը

 

1. Մաքսային ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձևը որոշում է Կառավարությունը, իսկ կրելու կարգը` մաքսային մարմինը: Համազգեստը տրվում է անվճար:

2. Մաքսային ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է կոմիտեն:

(35-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-284-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 36. Մաքսային ծառայողի պահանջների պարտադիր լինելը

 

1. Մաքսային ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, քաղաքացիների և այլ անձանց համար:

2. Մաքսային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Մաքսային ծառայողի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

i
Հոդված 37. Մաքսային ծառայողի պատասխանատվությունը

 

Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) հատուցվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցները վերականգնվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:

Մաքսային ծառայողների օրինական գործողությունների արդյունքում անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն: Մաքսային ծառայողներն իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաև իրենց կայացրած ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել կոմիտեի բողոքարկման հանձնաժողով կամ դատարան:

Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների և անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով կոմիտեում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում դիմում-բողոք բերողի կողմից գրավոր կարգով և հայերենով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`

1) բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները.

3) բողոքարկման առարկան.

4) բողոք բերողի պահանջը.

5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

Սույն հոդվածի 5-րդ մասում նշված` ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում մաքսային մարմինը դիմում-բողոքը ներկայացնողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:

Մաքսային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանում է կոմիտեն:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները մաքսային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում կոմիտեի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե`

1) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում սույն օրենքով սահմանված չափանիշները, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.

2) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.

3) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.

4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.

5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, և դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնողը չի վերացրել սույն հոդվածով սահմանված ժամկետում.

6) դիմում-բողոք բերողը հրաժարվում է բողոքից.

7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.

8) բացակայում է մաքսային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.

9) դիմում-բողոքը ներկայացվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո.

10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո սույն հոդվածով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.

11) դիմում-բողոքը ներկայացնողը նույն պահանջով դիմել է դատարան.

12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումն ընդունում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահպանվում է մաքսային մարմնում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և կազմված արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամների ստորագրած արձանագրությունները պահպանվում են մաքսային մարմնում այն կազմելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում` կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում`

1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.

2) դիմում-բողոքը բավարարելու մասին.

3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.

4) դիմում-բողոքը մերժելու մասին.

5) վերստուգում անցկացնելու մասին:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն յոթ հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: Ընդունված որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահվում է մաքսային մարմնում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:

(37-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 17.12.14 ՀՕ-259-Ն, 21.12.17 ՀՕ-284-Ն, 20.12.17 ՀՕ-24-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 37.1. Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված մաքսային ծառայողի պաշտոնական լիազորությունների կասեցումը

 

Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված մաքսային ծառայողի պաշտոնական լիազորությունները կասեցվում են հիմնական աշխատավարձի պահպանմամբ մինչև մեղադրանքի հանվելը:

Մեղադրանքի հանվելու դեպքում մաքսային ծառայողի պաշտոնական լիազորությունների կասեցումը վերացվում է:

(37.1-ին հոդ. լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 38. Մաքսային ծառայության կարգապահական կանոնադրությունը

(38-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.05.2003 թվականից` 11.04.03 ՀՕ-539-Ն օրենք)

 

Հոդված 39. Մաքսային ծառայողի կողմից հատուկ հանձնարարություններ կատարելը

 

1. Հատուկ պատրաստություն անցած մաքսային ծառայողներին մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու և կանխարգելելու աշխատանքներում ներգրավելու կարգը, ինչպես նաև հատուկ հանձնարարությունների կատարման առանձնահատկությունները հաստատում է կոմիտեն:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողի վերաբերյալ տեղեկություններն օրենքով սահմանված դեպքերում կարող են հրապարակվել միայն այդ ծառայողի գրավոր համաձայնությամբ:

(39-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

Հոդված 40. Մաքսային ծառայողին գործուղելը

 

1. Մաքսային ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու նպատակով կարող են գործուղվել կոմիտեի ղեկավարի, ինչպես նաև մաքսատան պետի կամ մաքսային կետի պետի հրամանով:

2. Մաքսային ծառայողին գործուղելու պայմաններն ու կարգը, ինչպես նաև գործուղման ընթացքում մաքսային ծառայողի ծառայության առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:

(40-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

Հոդված 41. Մաքսային ծառայողի դրամական բավարարումը

(41-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.05.2003 թվականից` 11.04.03 ՀՕ-539-Ն օրենք)

 

i
Հոդված 41.1. Մաքսային ծառայողների վարձատրությունը

 

1. Մաքսային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

1.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մաքսային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

(41.1-ին հոդ. լրաց. և փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.10.08 ՀՕ-175-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 13.11.12 ՀՕ-199-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 12.12.13 ՀՕ-178-Ն օրենքներ)

 

Հոդված 41.2. Մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը

(41.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

(41.2-րդ հոդ. լրաց. և փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն օրենքներ)

 

Հոդված 41.3. Մաքսային ծառայողների դրամական բավարարման վճարման կարգը

(41.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

(41.3-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

 

Հոդված 42. Մաքսային ծառայողի սոցիալական երաշխիքները, նյութական և սոցիալական ապահովությունը

 

1. Մաքսային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում են տրանսպորտային և կապի միջոցներ կամ տրանսպորտային և հեռահաղորդակցման ծախսերի դրամական փոխհատուցում:

2. Մաքսային ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո մաքսային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է մաքսային ծառայողի ծառայողական գործունեության կապակցությամբ ստացված մարմնական վնասվածքների կամ հիվանդության հետևանքով, մահացած մաքսային ծառայողի ընտանիքին և նրա խնամքի ներքո գտնվող անձանց մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին վճարվում է նրա ամսական միջին դրամական վաստակի 12-ապատիկի չափով միանվագ գումար:

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա մասնագիտական ծառայությունը, ծառայողին մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին վճարվում է նրա ամսական միջին դրամական վաստակի 6-ապատիկի չափով միանվագ գումար:

4. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինության, մաքսային ծառայողին մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին վճարվում է միանվագ գումար:

5. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո մաքսային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրա մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով, մաքսային ծառայողի խնամքի ներքո գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվում է փոխհատուցում` մահացածի դրամական վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն ստացած գումարները: Դրամական վաստակի նշված մասը որոշելու համար մահացածի ամսական միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

6. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, ամեն ամիս` պետական բյուջեի միջոցների հաշվին, նրան վճարվում է փոխհատուցում` նրա ամսական միջին դրամական վաստակի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու սույն հոդվածի երրորդ մասի համաձայն ստացած գումարները:

7. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով (ներառյալ` բաց թողնված օգուտը)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

(6-րդ գլխի վերնագիրը փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն օրենք)

 

Հոդված 43. Մաքսային ծառայողների խրախուսումը

 

1. Մաքսային ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ ձևերը.

1) ծառայողական պարտականությունները կատարելիս բարձր ցուցանիշներ ապահովելու համար`

- շնորհակալության հայտարարում,

- դրամական պարգևատրում,

- հուշանվերով պարգևատրում,

- կոմիտեի պատվոգրով պարգևատրում,

- կարգապահական տույժի վաղաժամկետ հանում.

- լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում:

2) գերազանց ծառայության համար`

- հերթական հատուկ կոչման վաղաժամկետ շնորհում,

- զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում.

3) տասը տարուց ավելի բարեխիղճ ծառայության համար`

- «Մաքսային ծառայության առաջավոր», «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշաններով պարգևատրում.

4) մաքսային գործի բնագավառում հատուկ ծառայությունների համար`

- «Մաքսային ծառայության առաջավոր», «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշաններով պարգևատրում:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 26.10.2009 թվականից` 17.09.09 ՀՕ-171-Ն օրենք)

3. Մաքսային ծառայողները վարչապետի կողմից կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և կոչումների:

i

4. «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող», «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշանների, ինչպես նաև կոմիտեի պատվոգրի վերաբերյալ կանոնները և դրանցով պարգևատրման դեպքերը սահմանում է կոմիտեն:

(43-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 17.09.09 ՀՕ-171-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 43.1. Խրախուսման ձևերի կիրառումը և կարգը

 

Սույն օրենքի 43-րդ հոդվածում նշված խրախուսման ձևերը կիրառում է կոմիտեի ղեկավարը մաքսային ծառայողի անմիջական ղեկավարի գրավոր միջնորդագրի հիման վրա, իսկ նույն հոդվածի առաջին մասի 1-ին կետի առաջին, երկրորդ և հինգերորդ թվարկումներում նշված խրախուսման ձևերը կարող է կիրառել նաև մաքսատան պետը: Ընդ որում, «կարգապահական տույժի վաղաժամկետ հանում» խրախուսման ձևը մաքսատան պետի կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կարգապահական տույժը կիրառվել է մաքսատան պետի կողմից:

(43.1-ին հոդ. լրաց. և փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 44. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական կարգապահությունը խախտելու համար մաքսային ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական հետևյալ տույժերը.

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) հատուկ կոչման իջեցում, բայց երկու աստիճանից ոչ ավելի.

5) մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում, բայց մեկ աստիճանից ոչ ավելի.

6) նյութական պատասխանատվության կիրառում.

7) մաքսային ծառայության պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգապահական տույժերը կիրառում է կոմիտեի ղեկավարը, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև մաքսատան պետը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 4-7-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են սահմանված կարգով անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա կոմիտեի ծառայողական քննության հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

(44-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 44.1. Կարգապահական տույժի միջոցի ընտրության և նշանակման կարգը

 

Կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնվեն կատարված խախտման (զանցանքի) ծանրությունը, այն հանգամանքները, որոնց առկայությամբ խախտումը (զանցանքը) կատարվել է մաքսային ծառայողի կողմից:

Մինչև կարգապահական տույժ նշանակելը մաքսային ծառայողից վերցվում է գրավոր բացատրություն: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

Ոչ սթափ վիճակում գտնվող կարգազանցին կարգապահական տույժի ենթարկելը, ինչպես նաև նրանից բացատրություն ստանալը հետաձգվում է մինչև նրա սթափվելը:

Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:

Կարգապահական տույժերը կիրառվում են խախտման (զանցանքի) հայտնաբերման օրվանից` 2 ամսվա ընթացքում, չհաշված մաքսային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և (կամ) արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը:

Կարգապահական տույժերը կիրառվում են խախտման (զանցանքի) կատարման օրվանից վեց ամսվա ընթացքում, իսկ վերստուգման կամ ֆինանսական գործունեության ստուգման արդյունքներով հայտնաբերվելու դեպքում` խախտման (զանցանքի) կատարման օրվանից` երկու տարվա ընթացքում, չհաշված քրեական գործի վարույթի ժամանակահատվածը:

Ծառայողական կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է կիրառվել միայն մեկ կարգապահական տույժ:

Կարգապահական տույժը հայտարարվում է հրամանով և մաքսային ծառայողին հաղորդվում է հրամանը տալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, նրանից ստորագրություն վերցնելով: Ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան ակտ:

Մաքսային ծառայողների նկատմամբ սույն օրենքով նախատեսված «Հատուկ կոչման իջեցում, բայց երկու աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժը կարող է կիրառել կոմիտեի ղեկավարը միայն մեկ անգամ:

«Մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում, բայց մեկ աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժը մաքսային ծառայողների նկատմամբ կարող է կիրառել կոմիտեի ղեկավարը միայն մեկ անգամ:

(44.1-ին հոդ. լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 45. Մաքսային ծառայողի նյութական պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, եթե դրա արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում)` 100.000 դրամ և ավելի չափով, մաքսային ծառայողը (ծառայողները)`

1) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 10 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 100.000-ից մինչև 500.000 դրամ և (կամ) իջեցվում պաշտոնից.

2) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 10-ից մինչև 25 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 500.000-ից մինչև 1000.000 դրամ և (կամ) իջեցվում պաշտոնից.

3) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 25-ից մինչև 50 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 1000.000 դրամից ավելի, և (կամ) իջեցվում պաշտոնից կամ ազատվում մաքսային ծառայությունից:

2. Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելու համար մաքսային ծառայողը (ծառայողները)`

1) առաջին անգամ ստանում է (են) խիստ նկատողություն և (կամ) իջեցվում հատուկ կոչումից.

2) խիստ նկատողություն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում վճարում է (են) տուգանք` ամսական միջին վաստակի մինչև 50 տոկոսի չափով, կամ ազատվում է (են) մաքսային ծառայությունից:

3. Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չկատարելու համար մաքսային ծառայողը (ծառայողները)`

1) առաջին անգամ ստանում է (են) նկատողություն.

2) նկատողություն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու համար վճարում է (են) տուգանք` ամսական միջին վաստակի մինչև 40 տոկոսի չափով, կամ ազատվում է (են) մաքսային ծառայությունից:

4. Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու համար մաքսային ծառայողը (ծառայողները)`

1) ստանում է (են) նկատողություն, եթե խախտումը տեղի է ունեցել մաքսային ծառայողի (ծառայողների) անզգուշությամբ.

2) վճարում է (են) տուգանք ամսական միջին վաստակի մինչև 40 տոկոսի չափով, եթե խախտումը տեղի է ունեցել դիտավորյալ.

3) նկատողությունն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երկու և ավելի անգամ համանման խախտում կատարելու դեպքում իջեցվում կամ զրկվում է (են) հատուկ կոչումից կամ իջեցվում պաշտոնից կամ ազատվում մաքսային ծառայությունից:

4.1. Մաքսային ծառայողը պարտավոր է հատուցել իր պատճառած իրական վնասը: Չստացված օգուտները մաքսային ծառայողից չեն կարող գանձվել:

Իրական վնասը մաքսային մարմնի գույքի առկա կորուստն է, պակասելը կամ այդ գույքի վնասվածքը (այդ թվում` երրորդ անձանց գույքը, որը գտնվում է այդ գույքի պահպանության համար պատասխանատվություն կրող մաքսային մարմիններում):

Մաքսային ծառայողը կրում է նյութական պատասխանատվություն ինչպես մաքսային մարմիններին անմիջական իրական վնաս հասցնելու համար, այնպես էլ այն վնասի համար, որը մաքսային մարմինը հատուցել է այլ անձանց, որոնց վնաս է պատճառվել մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության հետևանքով:

Մաքսային ծառայողը նյութական պատասխանատվության չի ենթարկվում, եթե վնասն առաջացել է անհաղթահարելի ուժի, ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության հետևանքով:

Մաքսային մարմինը, հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, որի ընթացքում պատճառվել է վնասը, իրավունք ունի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) մեղավոր մաքսային ծառայողից վնասը գանձելուց:

Վնաս պատճառելու համար մաքսային ծառայողը կրում է նյութական պատասխանատվություն իր ամսական միջին աշխատավարձի չափով:

Պատճառված վնասի նյութական պատասխանատվությունն ամբողջությամբ դրվում է մաքսային ծառայողի վրա, եթե`

1) նյութական վնասը պատճառվել է նրա աշխատանքային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով, և վնասի հատուցումը նախատեսված է սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով.

2) վնասը պատճառվել է դիտավորությամբ.

3) վնասը պատճառվել է ոչ սթափ վիճակում.

4) վնասը պատճառվել է մաքսային ծառայողի հանցավոր գործողությամբ, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով.

5) վնասը պատճառվել է վարչական զանցանքի պատճառով, ինչը հաստատել է համապատասխան պետական մարմինը.

6) վնասը պատճառվել է օրենքով պաշտպանվող ծառայողական, առևտրային, բանկային կամ այլ գաղտնիքը հրապարակելու կամ երրորդ անձանց տրամադրելու հետևանքով.

7) վնասը պատճառվել է մաքսային ծառայողի կողմից ոչ աշխատանքային պարտականությունները կատարելիս:

5. Սույն հոդվածով նախատեսված տուգանքները վճարվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, իսկ պատասխանատվության միջոցները կիրառվում են կատարված խախտումների փաստերը ծառայողական քննությամբ հաստատվելուց հետո` կոմիտեի ղեկավարի հրամանով:

(45-րդ հոդ. փոփ. 11.4.03 ՀՕ-539-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 12.12.13 ՀՕ-178-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 45.1. Վնասի գանձման կարգը

 

Մաքսային ծառայողի պատճառած վնասի գանձումը, որի չափը չի գերազանցում նրա ամսական միջին աշխատավարձի չափը, կատարվում է կոմիտեի հրամանով:

Եթե պատճառված վնասը գերազանցում է մաքսային ծառայողի ամսական միջին աշխատավարձի չափը, և նա հրաժարվում է կամովին վճարելուց, ապա դա գանձվում է դատական կարգով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով:

(45.1-ին հոդ. լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն, 12.12.13 ՀՕ-178-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 46. Կոմիտեի ծառայողական քննության հանձնաժողովը

 

i

1. Կոմիտեի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովը, կոմիտեի սահմանած կարգով, անցկացնում է ծառայողական քննություններ և դրանց արդյունքների վերաբերյալ կոմիտեի ղեկավարին ներկայացնում է եզրակացություններ:

1.1. Ծառայողական քննությունը սույն օրենքով և կոմիտեի կողմից սահմանված կարգով իրականացվող գործունեություն է, որի խնդիրներն են`

1) բացահայտել կարգապահական իրավախախտում կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտում կատարած մաքսային ծառայողին.

2) ապացուցել նրա մեղավորությունը կարգապահական իրավախախտման կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտման մեջ.

3) հայտնաբերել կարգապահական իրավախախտում կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտում ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

i

2. Կոմիտեի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է կոմիտեի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:

(46-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 46.1. Կոմիտեի ծառայողական քննության հանձնաժողովի իրավասությունները

 

Կոմիտեի ծառայողական քննության հանձնաժողովն իրավունք ունի`

1) բացատրություններ վերցնել կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձից, վկաներից և տուժողներից.

2) պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել փաստաթղթեր և նյութեր, տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել զանցանքի և դրանց առնչվող անձանց մասին.

3) պահանջել կատարելու ստուգողական գործողություններ և վերաստուգումներ.

4) նշանակել փորձաքննություններ.

5) վերցնել գործի համար էական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր.

6) կատարել իրերի և փաստաթղթերի զննում.

7) հրավիրել անձանց` որպես վկա և տուժող.

8) անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես դադարեցնել անձի ծառայողական լիազորությունները` հիմնական աշխատավարձի պահպանմամբ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության օրինական ընթացքին:

1. Կոմիտեի ծառայողական քննության հանձնաժողովը պարտավոր է`

1) կատարել բազմակողմանի, անաչառ և լրիվ քննություն.

2) լուծել միջնորդությունները.

3) բացատրել կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձի, վկայի, տուժողի, փորձագետի իրավունքները և պարտականությունները.

4) անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա տալ եզրակացություն:

(46.1-ին հոդ. լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 46.2. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի իմանալ, թե ինչու է մեղադրվում, ծանոթանալ իր իրավունքներին և պարտականություններին, կարգապահական վարույթի ավարտման պահից ծանոթանալ գործի նյութերին, հարուցել միջնորդություններ, ստանալ իրավական օգնություն:

2. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է ժամանակին ներկայանալ վարույթ իրականացնող մարմնի կանչով, տալ ճշմարտացի բացատրություններ:

(46.2-րդ հոդ. լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն օրենք)

 

Հոդված 47. Մաքսային մարմնի ղեկավարի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը ծառայողական կարգուկանոնի պահպանման գործում

 

Կարգապահության համար պատասխանատու են`

1) կոմիտեում` ղեկավարը, ղեկավարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները.

2) մաքսատներում` մաքսատան պետը, նրա տեղակալը (տեղակալները) և ստորաբաժանումների ղեկավարները.

3) մաքսային կետերում` մաքսակետի պետը, նրա տեղակալը և ստորաբաժանումների ղեկավարները:

Մաքսային մարմնի և նրա ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են`

1) ենթակաների համար ստեղծել ծառայության հանգստի և որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ.

2) ենթակաների մոտ դաստիարակել պատասխանատվության զգացում ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ.

3) ենթակաների ծառայողական գործունեությունը վերադասի մոտ գնահատելիս լինել օբյեկտիվ և ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն.

4) բացառել հովանավորչությունն անձնակազմի հետ աշխատելիս.

5) բացառել մաքսային ծառայողի հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով կամ տվյալ ծառայությունում առկա թերությունների վերաբերյալ արտահայտած քննադատության համար.

6) հետամուտ լինել իրենց ենթակաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

Մաքսային մարմինների ղեկավարները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, սույն օրենքով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերեն ենթակաների կատարած զանցանքների պատճառները, նախազգուշացնեն նրանց, կարգազանցների նկատմամբ դրսևորեն անհանդուրժողական վերաբերմունք:

(47-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 48. Մաքսային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Մաքսային ծառայողի ծառայությունը դադարում է մաքսային ծառայողի ծառայությունից ազատվելու (ազատելու) կամ նրա զոհվելու (մահանալու) դեպքում:

2. Մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված մաքսային ծառայության առավելագույն տարիքի լրանալը.

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 10.02.2005 թվականից` 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

4) հաստիքների կրճատումը կամ մաքսային մարմնի լուծարումը.

5) պետական այլ մարմնում աշխատանքի տեղափոխվելը.

6) Հայաստանի Հանրապետության ընտրովի մարմիններում ընտրվելը.

7) մաքսային ծառայողի առողջական վիճակի կապակցությամբ` մաքսային ծառայության համար պիտանիությունը սահմանափակող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական մարմնի ռազմաբժշկական հանձնաժողովի տված եզրակացությունը.

8) մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.

9) ատեստավորման արդյունքներով կամ ատեստավորման արդյունքում կոմիտեի ղեկավարի կայացրած որոշման համաձայն անցկացված վերապատրաստման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանությունը որոշելը.

9.1) ատեստավորման ենթակա մաքսային ծառայողի կողմից ատեստացիայի նշանակման ժամկետից սկսած վեց ամսվա ընթացքում ատեստավորմանը չներկայանալը.

10) ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները պարբերաբար խախտելը:

Ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնների միանգամյա կոպիտ խախտումներ են`

1) օրենսդրության պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, եթե դրա արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում) 1.000.000 դրամից ավելի.

2) պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, անձնական նպատակներով օգտագործելը, երրորդ անձանց տրամադրելը, եթե դրանց տրամադրումը նախատեսված չէ օրենքով.

3) առանց հարգելի պատճառների գործալքությունը (այդ թվում` աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելը).

4) ոչ սթափ վիճակում, թմրամիջոցներ կամ թունամիջոցներ օգտագործած վիճակում աշխատանքի ներկայանալը.

5) աշխատանքի վայրում գույք հափշտակելը (այդ թվում` մանր), անհիմն ծախսեր կատարելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը հաստատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով.

6) աշխատողի կողմից աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, եթե այդ խախտումն առաջացրել է կամ կարող էր առաջացնել մարդկանց հետ դժբախտ դեպքեր կամ այլ ծանր հետևանքներ.

7) մաքսային ծառայողի կողմից թույլ տրված այնպիսի մեղավոր գործողությունը կամ անգործությունը, որը կոմիտեի ղեկավարի վստահությունը կորցնելու հիմք է տալիս.

8) կոմիտեի տարածաշրջանային մաքսատան ղեկավարի կամ տեղակալի, մաքսային կետի պետի կամ տեղակալի, գլխավոր հաշվապահի կողմից անհիմն որոշում ընդունելը, եթե դա հանգեցրել է մաքսատան կամ մաքսային կետի գույքի անիրավաչափ օգտագործման, գույքի ամբողջականության խախտման կամ այլ վնասի:

Ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնների պարբերաբար խախտող է համարվում ծառայողական կարգապահության խախտման համար կարգապահական տույժ ստացած այն ծառայողը, ով կրկին խախտել է դա:

Եթե մեկ տարվա ընթացքում մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, ապա մաքսային ծառայողն ազատվում է պաշտոնից:

11) ազատազրկման դատապարտվելը.

12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

14) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

16) մաքսային ծառայողի` զինվորական ծառայության զորակոչվելը.

17) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով աշխատանքի չներկայանալն ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր:

18) (18-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 29.11.11 ՀՕ-297-Ն օրենք)

3. Մաքսային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Մաքսային ծառայողն ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու կամ հիվանդության ժամանակահատվածում չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված դեպքի:

5. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 9-րդ կետերում նշված հիմքերով մաքսային ծառայողն ազատվում է ծառայությունից, եթե սահմանված կարգով իրականացված ատեստավորման արդյունքներով որոշվել է նրա անհամապատասխանությունն զբաղեցրած պաշտոնին, կամ վերջին ատեստավորման արդյունքների ցածր մակարդակով նրան հնարավոր չէ տեղափոխել այլ պաշտոնի:

6. Սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված հիմքով մաքսային ծառայողն ազատվում է ծառայությունից, եթե հնարավոր չէ նրան տեղափոխել առողջական վիճակին համապատասխան այլ ազատ պաշտոնի, կամ եթե տվյալ ծառայողը հրաժարվել է տեղափոխվել այդ պաշտոնին:

7. Հաստիքների կրճատման հետևանքով ծառայությունից առաջիկա ազատման վերաբերյալ մաքսային ծառայողը պետք է տեղեկացվի ազատվելուց առնվազն երկու ամիս առաջ:

8. Մաքսային ծառայությունից ազատվելու դեպքում մաքսային ծառայողը կոմիտե է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված կնիքը, զենքը և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:

9. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող մաքսային ծառայողները:

(48-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.10.08 ՀՕ-175-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 29.11.11 ՀՕ-297-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 48.1. Կարգապահական տույժի գործողության ժամկետը

 

Եթե մաքսային ծառայողը կարգապահական տույժի կիրառման օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված, և դրա համար նոր հրաման չի տրվում:

Կարգապահական տույժը մինչև մեկ տարին լրանալը կարող է հանել դա կիրառած պաշտոնատար անձը կամ կոմիտեի ղեկավարը, եթե մաքսային ծառայողը թույլ չի տվել աշխատանքային կարգապահության նոր խախտում և իրեն դրսևորել է որպես լավ և բարեխիղճ ծառայող:

«Հատուկ կոչման իջեցում, բայց 2 աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժ ստացած մաքսային ծառայողի նախկին հատուկ կոչումը վերականգնվում է կոմիտեի ղեկավարի հրամանով, բայց ոչ շուտ, քան կոչումն իջեցնելու օրվանից մեկ տարի հետո, դրական բնութագրման դեպքում:

«Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կարող է հանվել ոչ շուտ, քան պաշտոնի իջեցման օրվանից վեց ամիս անց:

Կարգապահական տույժի գործողության ընթացքում մաքսային ծառայողի նկատմամբ խրախուսանքի ձև չի կիրառվում, բացառությամբ սույն օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի երկրորդ և հինգերորդ պարբերություններով նախատեսված խրախուսանքների:

Ժամկետից շուտ հանված կամ ուժը կորցրած կարգապահական տույժը չի կարող հաշվի առնվել մաքսային ծառայողի ազատման ժամանակ և չի կարող նշվել ծառայողական բնութագրում:

Սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժերը տրվում են հրամանով:

(48.1-ին հոդ. լրաց. և փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 48.2. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը

 

1. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերն են`

1) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքը.

2) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը.

3) սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված պաշտոնից իջեցնելու դեպքերը:

(48.2-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն օրենք)

 

i
Հոդված 49. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքն է:

2. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, մաքսային ծառայողի ցանկությամբ և տվյալ պաշտոնում նշանակում կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ, մաքսային ծառայողը կարող է մինչև հինգ տարի ժամկետով զբաղեցնել մաքսային ծառայության պաշտոն:

(49-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 22.12.10 ՀՕ-251-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 7.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 50. Մաքսային ծառայության վերականգնումը

 

1. Մաքսային ծառայողի ծառայությունից ազատումը կամ ծառայողական տեղափոխումն օրենքով սահմանված կարգով ապօրինի ճանաչվելու կամ զինվորական ծառայությունն ավարտելու և վերադառնալու դեպքում մաքսային ծառայողը ենթակա է վերականգնման այն պաշտոնում, որից նրան ազատել կամ տեղափոխել են:

2. Հերթական հատուկ կոչում շնորհելու մաքսային ծառայողների աշխատավարձի մակարդակի և մաքսային ծառայողի մաքսային ծառայության ստաժի հաշվարկման համար վերականգնված մաքսային ծառայողի ծառայությունից ազատվելու օրվանից մինչև վերականգնվելու օրն ընկած ժամանակահատվածը ներառվում է ծառայության տարիների մեջ:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 10.02.2005 թվականից` 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

4. Մաքսային մարմինների ղեկավարները, որոնք ապօրինի որոշում են կայացրել մաքսային ծառայողի ծառայությունից ազատման կամ ծառայողական տեղափոխման մասին կամ հետաձգում են մաքսային ծառայողին ծառայությունում վերականգնելու մասին որոշման կատարումը, ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(50-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 51. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում հետագայում ծառայությունը շարունակելու նպատակով գրանցվում են`

1) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք` ընտրովի մարմիններում իրենց պաշտոնավարման ավարտից հետո.

3) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 17-րդ կետով նախատեսված հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք.

4) մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:

2. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողների միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը երեք ամիս է:

Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողները գտնվում են մինչև`

1) սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի լրանալը.

2) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ, 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ և 14-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված կարգով մաքսային ծառայության թափուր պաշտոնի նշանակվելը.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարումը.

4) սույն օրենքի 9-րդ և 25-րդ հոդվածների պահանջների խախտման հիմքերի առաջացումը.

5) մաքսային ծառայության կադրերի ռեզերվից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի հիման վրա կոմիտեի ղեկավարի կողմից համապատասխան որոշման ընդունումը:

i

3. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատում է Կառավարությունը:

(51-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 9.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ

 

Հոդված 52. Մաքսային մարմինների ֆինանսավորումը

 

Մաքսային մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 53. Մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը

 

Մաքսային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մաքսային ծառայությունում սահմանվում է մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, որը ձևավորվում է մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով և չափով գանձվող մաքսավճարներից, մաքսային կանոնների խախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների երեսուն տոկոս մասնահանումներից, հետբացթողումային հսկողության իրականացման արդյունքում պետական բյուջե գանձվող լրացուցիչ մաքսային վճարների ու դրանց հետ կապված` օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցների տասը տոկոս մասնահանումներից և սույն օրենքի 45-րդ հոդվածի համաձայն կիրառվող տուգանքներից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով մաքսային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներից:

Մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի տնտեսված միջոցները Կառավարության որոշմամբ կարող են ուղղվել Կառավարության պահուստային ֆոնդ: Մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի օգտագործման կարգը, ինչպես նաև ծախսման ուղղությունները և առաջնահերթությունները սահմանում է Կառավարությունը:

(53-րդ հոդ. փոփ. 23.10.08 ՀՕ-175-Ն, 06.12.17 ՀՕ-228-Ն, 21.12.17 ՀՕ-284-Ն, 20.12.17 ՀՕ-24-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 54. Մաքսային ծառայության տարբերանշանը և կնիքը

 

1. Մաքսային ծառայությունը և դրա տրանսպորտային միջոցներն ունեն տարբերանշան, որի ձևը հաստատում է Կառավարությունը:

2. Մաքսային մարմիններն ունեն կնիք` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով և յուրաքանչյուրն իր անվանմամբ:

3. Մաքսային հայտարարագրի գնահատում, մաքսային զննման ընտրողականություն կամ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային ծառայողներն ունեն անձնական կնիք` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, մաքսային ծառայության անվանմամբ և համարակալմամբ:

(54-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 10.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 55. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտելու համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 56. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:

2. Սույն օրենքով սահմանված կարգով մաքսային ծառայության պաշտոնների նկարագրերը հաստատվելուց հետո մաքսային մարմնի համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են մաքսային ծառայողներ:

3. Սույն օրենքով նախատեսված մաքսային ծառայողի առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

4. Սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 10-րդ կետի հիմքով մաքսային ծառայողին պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:

5. Կոմիտեն պարտավոր է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, ապահովել մաքսային ծառայողների հետ սույն օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պայմանագրերի կնքումը:

6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված մաքսային ծառայության հատուկ և դասային կոչումները պահպանվում են:

i

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողներին հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» թիվ ՆԽ-574-1 որոշումը:

(56-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 23.03.2018 ՀՕ-263-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 30
Երևան
ՀՕ-402-Ն

 

 

pin
ՀՀ 03.07.2002
N ՀՕ-402-Ն օրենք