Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2019 թվականի N 238-Լ

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետությունում «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու և անցկացնելու նպատակով հաստատել`

1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծախսերի նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման անցկացման ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ կնքել համաձայնագիր` «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման հովանավորներից լրացուցիչ գումարների ներգրավման, դրանց հաշվին ծախսերի իրականացման չափանիշների որոշման, միջոցառման համար ձեռք բերված գույքի հետագա տնօրինման որոշումների ընդունման, լրացուցիչ գումարների հավաքագրման և Հայաստանի Հանրապետության կառավարություն վերադարձման մեխանիզմների սահմանման մասին:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մարտի 14
Երևան

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2019 թ. մարտի 14-ի
N 238-Լ որոշման

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019
World Congress on Information Technology
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

- ԵՐԵՎԱՆ 2019 -

 

Բովանդակություն

 

I.  ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ (ՏՏՀՀ)

II. «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

III. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

IV. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

V.  ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

VI. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

 

I. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ (ՏՏՀՀ)

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (ՏՏՀՀ) հանդիսանում է աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային միջոցառումը ՏՏ-ի ոլորտի առաջատարների շրջանում: Միջոցառումն ընդգրկում է տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնես գործընթացների վրա ազդող իրավական, քաղաքական և տնտեսական միտումների քննարկումներ, նորարարական լուծումներ, B2B հանդիպումներ և այլ շնորհանդեսներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպվում է 1978 թվականից:

2. Հիմնադիր-կազմակերպիչ. Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանս (WITSA):

3. Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսը (WITSA) համաշխարհային տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ասոցիացիաների կոնսորցիում է: Ըստ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի տվյալների` այն ներկայացնում է ՏՀՏ-ի համաշխարհային շուկայի ավելի քան 90 տոկոսը` անդամակցության միջոցով, և նպատակ ունի զարգացնելու ՏՀՏ-ի ոլորտի աճն ու առաջխաղացումը:

4. Իվոն Չու

 

Իվոն Չու

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառում (WORLD INFORMATION TECHNOLOGY AND SERVICES ALLIANCE) Նախագահ www.witsa.org

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի նախագահ Իվոն Չուն հանդիսանում է ՏՀՏ-ի ոլորտի համաշխարհային լիդերներից մեկի` Տայպեյի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միության (CISA) ղեկավարը: Միաժամանակ, տիկին Չուն հանդիսանում է «Elite Information Technology Company» կազմակերպության նախագահ և նրա նախագահության օրոք է, որ կազմակերպությունը «Certiport»-ի կողմից ճանաչվել է որպես ՏՏ-ի լուծումների պլատինե մատակարար: Տիկին Չուն զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ և մի քանի տարի շարունակ հանդիսացել է Տայպեյի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միության վերահսկող մարմնի անդամ ու նվիրել իրեն Տայպեյի ՏՀՏ-ի ոլորտի զարգացմանը:

5. Ջիմ Փոիսան

 

Ջիմ Փոիսան

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառում (WORLD INFORMATION TECHNOLOGY AND SERVICES ALLIANCE) Գլխավոր քարտուղար www.witsa.org

Արդեն 20 տարի է, ինչ պարոն Փոիսանն զբաղեցնում է Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Նրա ղեկավարության ներքո Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը դարձավ համաշխարհային ՏՏ-ի լիդերների կողմից ամենահարգված միջոցառումը և վերափոխվեց յուրաքանչյուր 2 տարին մեկ կազմակերպվող միջոցառումից` տարեկան միջոցառման: Երկար տարիներ զբաղեցնելով Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի գլխավոր քարտուղարի պաշտոնը` պարոն Փոիսանը հսկայական ներդրում է ունեցել համաշխարհային ՏՏ-ի ոլորտի քաղաքականությունների զարգացման մեջ, հատկապես` զարգացող երկրներին աջակցության գործում:

 

II. «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

6. 2014 թվականին Մեքսիկայում կայացած Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի տնօրենների խորհրդի հանդիպման ժամանակ Հայաստանը հավանության է արժանացել որպես «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման հյուրընկալող երկիր: Սպասվում է աշխարհի ավելի քան 80 երկրներից 2000-2500 պատվիրակների մասնակցություն և այցելություն: Պատվիրակների զգալի մասը ոլորտի և տարբեր երկրների առաջնորդներ են:

7. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կայացած հաջողված հանդիպումից հետո 2015 թվականի մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ ստորագրվեց պաշտոնական համաձայնագիր` ՏՏՀՀ 2019 Երևանում անցկացնելու վերաբերյալ: «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը կհանդիսանա 2010 թվականից ի վեր Եվրոպայում կազմակերպվող առաջին համաշխարհային համաժողովը:

 

III. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

 

8. Համաժողովի կարգախոսն է` «The Power of Decentralization» («Ապակենտրոնացման ուժը»):

9. Համացանցի համատարած առկայության, աշխարհի բոլոր կետերի փոխմիացման, նորարար և բարձր տեխնոլոգիաների տարածման պայմաններում այլևս վերանում է որևէ ոլորտի կենտրոնացումը մեկ տեղում գաղափարը, և տեղի է ունենում համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնների վերաիմաստավորում: Երկրագնդի ցանկացած կետ կարող է դառնալ այդպիսի կենտրոն:

10. Համաժողովի ընթացքում ՏՀՏ-ի և տեխնոլոգիաների ոլորտի առաջատարները կներկայացնեն աշխարհի վերջին տեխնոլոգիական զարգացումները և միտումները, ծառացած խնդիրները և լուծման եղանակները, ինչպես նաև բաց սեսիաների ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ աշխարհահռչակ ու ճանաչված մասնագետների և միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

11. 2019 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի է ունենալու Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի վարչության նիստը և, արդեն իսկ ավանդական դարձած, Գոլֆի մրցույթ` պատվավոր հյուրերի մասնակցությամբ: Կառաջարկվի նաև այցելություն պատմամշակութային վայրեր:

12. Բուն համաժողովը տևելու է 3 օր` 2019 թվականի հոկտեմբերի 7-9-ը:

12.1. 2019 թվականի հոկտեմբերի 7-ին բացման արարողության ժամանակ պատվիրակներին իրենց ողջույնի խոսքն են ուղղելու Հայաստանի Հանրապետության վարչապետը և Երևանի քաղաքապետը:

12.2. 2019 թվականի հոկտեմբերի 8-ի օրվա ավարտին նախատեսվում է գալա ընթրիք` մշակութային ծրագրի ներկայացմամբ, ու Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի մրցանակաբաշխություն:

12.3. 2019 թվականի հոկտեմբերի 9-ին համաժողովը կավարտվի փակման արարողությամբ և համաժողովի էստաֆետի փոխանցումով Հայաստանից Մալայզիայի պատվիրակությանը: Այնուհետև հյուրերին կառաջարկվի մասնակցել մշակութային ծրագրին և էքսկուրսիոն տուրերին:

13. Համաժողովի անցկացման օրերին մարզահամերգային համալիրի նախասրահում կկազմակերպվի նաև միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը` հայաստանյան որակապես առավել լավ արտադրություն ունեցող ընկերությունների մասնակցությամբ:

14. Միջոցառման հիմնական թեմաները նվիրված կլինեն հետևյալ խնդիրներին`

1) փոխմիացված աշխարհ և ապակենտրոնացման դարաշրջան (Interconnected World and Era of Decentralization)`

ա. աշխարհի ապակենտրոնացումն ինտերնետի դարում (Decentralized World in Era of Internet),

բ. «Իրերի ինտերնետից» դեպի «Ամեն ինչի ինտերնետ» (From IoT to IoE),

գ. Բլոկչեյն (Blockchain).

2) ժամանակակից կրթական միտումներ (Education Trends)`

ա. տեխնոլոգիան կրթության մեջ (Technology in Education),

բ. կրթության թվայնացում (Learning Digitization),

գ. «Խաղաֆիկացիա» (Gamification),

դ. հարմարեցված ուսուցում (Adaptive Learning).

3) տեղեկատվության կառավարում (Information Management)`

ա. տեղեկատվության գաղտնիություն (Information Privacy),

բ. կիբեռ-անվտանգություն (Cyber Security),

գ. մեծ տվյալների վերլուծություն (Big Data Analysis).

4) կառուցելով ապագան (Reshaping the Future)`

ա. արհեստական բանականություն (Artificial Intelligence),

բ. ընդլայնված և վիրտուալ իրականություն (Augmented & Virtual Reality),

գ. մաքուր էներգիա (Clean Energy):

 

IV. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

 

15. Համաժողովի կազմակերպման օպերատոր է հանդիսանում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):

 

V. ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

 

16. Միջոցառման անցկացման վայր է ընտրվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Վայրի ընտրությունը հավանության են արժանացրել և հաստատել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուն և ալյանսի քարտուղար Ջիմ Փոիսանը:

 

VI. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

 

17. Հաշվի առնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով» միջոցառման նախորդ փորձը` ակնկալվում է, որ միջոցառումն էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական վիճակի վրա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարներում: Մասնավորապես, Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2012» միջոցառման արդյունքում քաղաքի տնտեսությունն ունեցավ լրացուցիչ 5,5 մլն դոլարի շրջանառություն, և միջոցառման մասնակից ներդրողների գումարային կապիտալը գերազանցում էր 2,2 միլիարդ դոլարը, իսկ 2018 թվականին Մալայզիայում անցկացված միջոցառման ժամանակ կնքվեցին 22 պայմանագրեր` ընդհանուր 2,01 մլրդ դոլարի արժողությամբ:

 

 

18. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման արդյունքում ակնկալվում է Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը` հետևյալ գործոնների շնորհիվ`

1) նոր ներդրումների հնարավորություն.

2) աշխարհում Հայաստանի ՏՏ-ի բրենդի առաջխաղացում` որպես մեծ պոտենցիալով ՏՏ-ի երկիր ներկայանալով.

3) Հայաստանը որպես տարածաշրջանային տնտեսական խաչմերուկ և բիզնես հարթակ ներկայացնելը.

4) արդյունավետ նոր բիզնես կապերի հաստատում և Հայաստանի բիզնես միջավայրի ակտիվացում.

5) Հայաստանում զբոսաշրջիկության ակտիվացում.

6) Հայաստանի տնտեսության մեջ դրամային ներհոսք` համաժողովի պատվիրակների ծախսած միջոցների հաշվին:

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. մարտի 14-ի
N 238-Լ որոշման

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ

 

NN
ը/կ
Միջոցառման անվանումը Բովանդակությունը Չափի
միավորը
Քանակը Միավորի
արժեքը (հազ. դրամ)
Գումարը
(հազ. դրամ)
ԸՆԴԱՄԵՆԸ` ՏՏՀՀ 2019-ի ԾԱԽՍԵՐ 1568487
  ՏՏՀՀ 2019-ի երաշխիքային կանխավճարը կազմում է 750 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 362049
  ՀՀ 2015-2018 թթ. պետական բյուջեներից տրամադրված գումար` ընդամենը 313549
  ՀՀ 2019 թ.-ի պետական բյուջեով նախատեսված գումար` 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ 48500
  ԸՆԴԱՄԵՆԸ` 2018-2019 թթ. համաժողովի ծախսերի նախահաշիվը` առանց երաշխիքային վճարների 1206438
  2019 թ.` ընդամենը 1206438
1. Կազմակերպչական ծախսեր   112092
1.1. Համաժողովը կազմակերպող աշխատակազմի վարձատրություն և կամավորների խրախուսում 2019 թ.-ին անհրաժեշտ կլինի 10 ամսով աշխատակազմ ներգրավել 12 աշխատողի, 1 ամսով աշխատակազմ ներգրավել 25 աշխատողի: Անհրաժեշտ է 200 կամավորի ներգրավում: դրամ 1 93670 93670
1.2. Գույք և սարքավորումներ Համակարգիչ 10 հատ, բազմաֆունկցիոնալ սարք 1 հատ, պրոյեկտոր 1 հատ, սեղան 12 հատ, աթոռ 24 հատ, գրասենյակային բազկաթոռ 12 հատ, գրապահարան 1 հատ, հագուստի կախիչ 1 հատ, խորհրդակցությունների սեղան 1 հատ, ցանցային պարահ 1 կոպլ. դրամ 1 6357 6357
1.3. Գործառնական ծախսեր Գրասենյակային տարածքի տրամադրում 50 քառ. մետր, այդ թվում` է/էներգիայի, ջեռուցման, ինտերնետ կապի տրամադրմամբ:
Գրենական պիտույքներ, թուղթ, քարթրիջ, տոներ:
Գործնական հանդիպումների և գործառույթների իրականացման համար տրանսպորտային ծախսերի իրականացում
դրամ 1 9065 9065
1.4. Աուդիտ Համաձայն պայմանագրի` միջոցառման կազմակերպիչը պետք է անցնի անկախ աուդիտ: դրամ 1 3000 3000
2. ՏՀՏ ոլորտի միջազգային միջոցառումներին մասնակցություն Համաժողովի առավել մեծ միջազգային մասնակցություն ապահովելու համար անհրաժեշտ է նաև օգտագործել ՏՏ-ի ոլորտի միջազգային հեղինակավոր միջոցառումների հարթակը և 4 միջոցառման գործուղել 2 անձից բաղկացած հայկական պատվիրակություն, որպեսզի այդ միջոցառումներին տարբեր ձևաչափերով ներկայացվի WCIT 2019 համաժողովը, նրա օրակարգը, տրամադրվեն համապատասխան նյութեր ու մասնակցության հրավեր, ապահովվի հնարավորինս լայն միջազգային պատվիրակների մասնակցություն: միջոց./անձ 8 660 5280
3. Համաժողովի և հարակից ցուցահանդեսի կազմակերպման նախապատրաստում 230870
3.1. Միջոցառումների անցկացման վայրի վարձակալություն Միջոցառման անցկացման վայր է ընտրվել Մարզահամերգային համալիրն իր բոլոր տարածքներով, այդ թվում` համերգային դահլիճներ, կոնֆերանս սրահներ, հատուկ ընդունելությունների սրահներ և այլն: Նշված արժեքը գործում է միայն պետության կողմից իրականացվող միջոցառումների դեպքում: դրամ 1 30000 30000
3.2. Միջոցառման սրահների, արտաքին և ներքին տարածքների ձևավորում Բոլոր տարածքները` արտաքին հատված, համերգային դահլիճ, սպորտային դահլիճ, կոնֆերենս սրահ, մարզական սրահ, 4 աշխատանքային սրահներ, մեծ նախասրահ, գրանցման հատված, պետք է հարմարեցվեն և ձևավորվեն միջոցառման բովանդակությանը համապատասխան: Օրինակ` ընդունելությունների սրահներն անհրաժեշտ է վերածել բիզնես հանդիպումների համար հարմար տարածքների և այլն: դրամ 1 91040 91040
3.3. Բիզնես հանդիպումների տարածքների համար հատուկ սեղանների վարձակալություն Բիզնես հանդիպումների համար նախատեսված տարածքները հարկավոր է կահավորել բազմոցներով և սեղաններով: Բազմոցները տրամադրվում են տարածքի հետ, սակայն համապատասխան սեղաններն անհրաժեշտ է վարձակալել: դրամ 1 7350 7350
3.4. Անհրաժեշտ տեխնիկական միջոցների և ծառայությունների վարձակալություն Համաժողովի տեխնիկական ապահովումը ներառում է ձայնային տեխնիկա, պրոյեկտորներ ներկայացումների համար, լուսային տեխնիկա բեմերի համար, միջոցառումների առցանց հեռարձակման համար անհրաժեշտ սարքավորում, բարձրախոսային համակարգի ներդրում հայտարարությունների համար: Արժեքը ներառում է նաև սպասարկող անձնակազմի վճարը: դրամ 1 90300 90300
3.5. Բարձրակարգ ինտերնետ կապի ապահովում համալիրում և հարակից տարածքներում Համապատասխան սարքավորումների և համակարգերի տեղադրում ավելի քան 2500 օգտատերերի համար դրամ 1 2400 2400
3.6. Թարգմանչական ծառայություններ Քանի որ համաժողովի մասնակիցների մոտավորապես 75% լինելու է միջազգային մասնակցություն, ուստի անհրաժեշտ կլինեն բարձրակարգ թարգմանիչներ, այդ թվում` միաժամանակյա 3 լեզվով 2 սրահում թարգմանություն ապահովելու համար: Արժեքը ներառում է 6 թարգմանչի (3 լեզու x 2 սրահ x 2 անձ x 3 օր) վարձատրություն: օր/անձ 36 150 5400
3.7. Թարգմանչական սարքեր Միաժամանակյա թարգմանության համար նախատեսված սարքերի և 1200 հատ x 3 օր = 3600 ականջակալի վարձակալություն հատ/օր 3600 0.8 2880
3.8. Գոլֆի մրցույթ VIP հյուրերի համար Համաժողովն ունի հստակ սահմանված ավանդական միջոցառումներ: Գոլֆը պարտադիր միջոցառում է, որը նախորդում է համաժողովին: Այն նախատեսված է անցկացնել Վահագնի թաղամասի գոլֆի դաշտերում: մարդ 60 25 1500
4. Հյուրերի տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների վարձակալություն Հարկավոր է կազմակերպել հյուրերի տեղափոխումն օդանավակայանից հյուրանոց, հյուրանոցից միջոցառումների վայրեր և այլն: Տեղափոխումն անհրաժեշտ է իրականացնել բարձրակարգ տրանսպորտային միջոցներով` ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և 5-տեղանոց բարձր դասի ներկայացուցչական 20 ավտոմեքենաների վարձակալություն 4 օրով` օրական 25 000 դրամ`վճարով: Ընդհանուր առմամբ, 30 միկրոավտոբուս x 60 hազ. դրամ (օրական) + 12 ավտոբուսx 80 000 (օրական) + 20 բարձր դասի ավտոմեքենա x 25 հազ. դրամ (օրական) = 2760 դրամ` օրական: օր 4 3260 13040
5. Համաժողովի միջոցառումներ 242375
5.1. Պաշտոնական բացման արարողություն Միջոցառման առաջին օրը տեղի կունենա պաշտոնական բացման արարողությունը, որին կմասնակցեն հյուրընկալող երկրի բարձրաստիճան պետական այրեր և համաժողովի հյուրերը: Բացման արարողության ընթացքում ակնկալվում է հյուրասիրություն ֆուրշետային տարբերակով: մարդ 500 12.5 6250
5.2. «Բարի գալուստ Հայաստան» միջոցառում Համաժողովի երկրորդ օրը երեկոյան անցկացվում է հատուկ մշակութային միջոցառում, որի ընթացքում ներկայացվում են Հայաստանը և մշակույթը: Միջոցառումն իրենից ներկայացնում է մշակութային ներկայացումներ և հայկական հյուրասիրություն` ճաշ: մարդ 2500 28.2 70500
5.3. Պաշտոնական փակման արարողություն, մրցանակաբաշխություն և գալա ընթրիք Միջոցառման վերջին օրն անցկացվում է պաշտոնական փակման արարողություն, որի ընթացքում տեղի է ունենում մրցանակաբաշխություն, ինչպես նաև հյուրընկալող կողմին հանձնվում են հատուկ մրցանակներ: Միջոցառման ավարտին նախատեսվում է գալա ընթրիք: մարդ 2500 23.08 57700
5.4. Մշակութային շրջայց Միջոցառման ավարտին բոլոր հյուրերին ընձեռվում է հնարավորություն մասնակցելու մշակութային շրջայցերի: մարդ 1500 12 18000
5.5. Սուրճի ընդմիջման կազմակերպում Ամբողջ համաժողովի ընթացքում Համալիրի տարածքում տրամադրվելու է օրական 3 անգամ սուրճի ընդմիջում: Ներկայացված է 3 օրվա համար (1 x 1250 անձ + 2 x 2500 անձ) x 3 օր = 18750 մարդ մարդ 18750 1.5 28125
5.6. Սննդի ընդմիջման կազմակերպում Համաժողովի ընթացքում Համալիրի տարածքում 2500 պատվիրակների համար տրվելու է սնունդ: Ներկայացված է 3 օրվա համար x 2500 = 7500 մարդ մարդ 7500 8 60000
5.7. Միջոցառման ընթացքում ջրի մատակարարում Համաժողովի անցկացման ամբողջ ընթացքում կմատուցվի շշալցված ջուր: հատ 12000 0.15 1800
6. Խոսնակների և պատվավոր հյուրերի ծախսեր Միջոցառման հաջողության գրավականներից մեկը բարձր մակարդակի խոսնակների և պատվավոր հյուրերի առկայությունն է: Այդ իսկ պատճառով կազմակերպող կողմը հոգում է նրանց ճանապարհածախսը, կեցության ծախսերն ու օրապահիկի, վարձատրության ծախսերը: Նախատեսվում է 20 խոսնակ և 30 պատվավոր հյուրերի մասնակցություն: 258300
6.1. Խոսնակների և պատվավոր հյուրերի ավիատոմսերի ծախսեր Միջոցառման հաջողության գրավականներից մեկը բարձր մակարդակի խոսնակների և պատվավոր հյուրերի առկայությունն է: Այդ իսկ պատճառով կազմակերպող կողմը հոգում է նրանց ճանապարհածախսը, կեցության ծախսերն ու օրապահիկի, վարձատրության ծախսերը: մարդ 50 1800 90000
6.2. Խոսնակների հոնորար Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում առավել ճանաչում ունեցող խոսնակներին հնարավոր է հրավիրել միայն որոշակի հոնորարով, ուստի, ներկայացված է այն նվազագույն գումարը, որով հնարավոր է իրականություն դարձնել խոսնակների` Հայաստան գալը: մարդ 6 25000 150000
6.3. Խոսնակների և պատվավոր հյուրերի գիշերակացի ծախսեր Հյուրանոցային ծախսեր, 4 օր մարդ/օր 200 75 15000
6.4. Խոսնակների և պատվավոր հյուրերի օրապահիկի ծախսեր 2-անգամյա x 50 անձի ընթրիք մարդ/օր 100 12 1200
6.5. Հատուկ նվերներ միջազգային գործընկերներին Նվերները նախատեսված են առավել կարևոր նշանակություն ունեցող գործընկերների համար, այդ թվում` հովանավորների, միջազգային ալյանսի ներկայացուցիչների և այլ պաշտոնական գործընկերների համար: հատ 50 42 2100
7. Համալիրի ներսում տեղորոշման (նավիգացիոն) համակարգի ներդրում Տեղորոշման համակարգն իրենից ներկայացնում է համալիրի ամբողջ տարածքով տեղադրված "bluetooth" ընդունիչներ և համապատասխան հեռախոսային հավելված, որի միջոցով մասնակիցները տեղեկատվություն կստանան իրենց գտնվելու վայրի մասին և կկարողանան կողմնորոշվել: Արժեքի մեջ ներառված է նաև հավելվածի ստեղծման գինը: դրամ 1 16000 16000
8. ՏՏ-ի ենթակառուցվածքի տեղադրում և սպասարկում Այս արժեքը ներառում է վեբպորտալի, վերջինիս հեռախոսային հավելվածի սպասարկումը և մասնակիցների գրանցման էլ․համակարգ տեղադրումն ու սպասարկումը: օր 3 7300 21900
9. Մարքեթինգային և գովազդային ծախսեր Համաձայն համաժողովի մարքեթինգային և գովազդային ռազմավարության` միջոցառումն ակնկալում է լայնածավալ հանրային իրազեկման արշավ թե՛ տեղական, և թե՛ միջազգային հարթակներում: Բացի դրանից, իրականացվելու են մեծածավալ քանակի տպագրական և առցանց գովազդային նյութերի ձևավորում և տպագրություն: 241381
9.1. Հանրային իրազեկման արշավ 175181
9.1.1. Տեղական հեռուստագովազդ և հեռուստահաղորդումներ Տեղական առնվազն 6 հեռուստաալիքներով շուրջ 460 րոպե հաղորդումներ դրամ 1 14300 14300
9.1.2. Գովազդային արշավներ սոցիալական ցանցերում Միջազգային միջոցառման մարքեթինգի կարևոր մասը կազմում է սոցիալական ցանցերում իրականացվող իրազեկման ռազմավարությունը: Արշավներ կկազմակերպվեն գործարարների կողմից առավել հաճախ կիրառվող ցանցերում` Facebook, LinkedIn, Twitter, Instagram, YouTube: դրամ 1 7731 7731
9.1.3. Գովազդների տեղադրում տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների վեբ կայքերում Միջոցառմանը հնարավորինս շատ և բարձր որակի մասնակիցներ ներգրավելու համար հարկավոր է կազմակերպել գովազդային արշավներ հանրահայտ վեբ կայքերում: դրամ 1 110850 110850
9.1.4. Միջազգային ԶԼՄ-ների շրջայց Համաձայն հանրային իրազեկման ռազմավարության` շրջայցը պետք է ընթանա երեք փուլով: Յուրաքանչյուր փուլ ակնկալում է արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցների և լրագրողների շրջայց Հայաստանում: Նման հեղինակություն վայելող լրագրողների ներկայությունն ապահովելու համար հարկավոր է հոգալ նրանց ճանապարհային և կեցության ծախսերը: անգամ 2 21150 42300
9.2. Տեղեկատվական և գովազդային նյութերի դիզայն Գովազդային վահանակների, պաստառների, հովանավորության փաթեթների, ծրագրի, մասնակիցների համար նախատեսված պայուսակի, խորհրդանիշով ատրիբուտների դիզայն, տպագրությունև տեղադրում դրամ 1 25000 25000
9.3. Տեղեկատվական և գովազդային նյութերի պատրաստում և տարածում Գովազդային վահանակները (3 x 6 մետր) տեղադրվելու են Երևանում և օդանավակայանում և Երևանի մուտքի մոտ, սահմանային կետերում, համաժողովի կատալոգի տպագրություն, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ գրքույկի, հովանավորության փաթեթների, ծրագրի, օրակարգի տպագրություն դրամ 1 41200 41200
10. Մասնակիցների համար նախատեսված պայուսակի, խորհրդանիշով ատրիբուտների ձեռքբերում, դիզայն և տպագրություն Համաժողովի մասնակիցներին բաժանվելու են պայուսակներ, որտեղ տեղադրվելու են գրենական պիտույքներ, գրիչ, նոթատետր, օրացույց, միջոցառման վերաբերյալ այլ նյութեր, ինչպես նաև հովանավորների գովազդային նյութերը: հատ 2500 21.26 53150
11. Տեսանկարահանման և լուսանկարչական ծառայություններ Ամբողջ համաժողովի ընթացքում գործելու են տեսագրության և ֆոտոծառայություններ: Հետագայում համաժողովի մասին համապատասխան ֆիլմի պատրաստում: դրամ 1 4800 4800
12. Միջոցառման ապահովագրության իրականացում, բժշկական շտապօգնության ծառայության, անվտանգության ծառայության, համաժողովի տարածքի սանիտարական մաքրման իրականացում ՏՏ համաշխարհային ալյանսի հետ կնքված համաձայնագրի 2.3-րդ կետի «C» ենթակետի համաձայն կազմակերպիչը պետք է ձեռք բերի ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն և միջոցառման մասնակիցների և նրանցբեռների (այդ թվում` ցուցահանդեսին ներկայացվող գույք-սարքավորումների ապահովագրություն:
Միջոցառման ամբողջ ընթացքում տարածքում պետք է գործի բժշկական շտապօգնության ծառայություն:
Համաժողովի ամբողջ ընթացքում տարածքը վերահսկվելու է անվտանգության աշխատողների կողմից:
դրամ 1 7250 7250

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի
2019 թ. մարտի 14-ի
N 238-Լ որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

NN
ը/կ
Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Պատասխանատուն
1. Միջոցառման ծրագրի, գործողությունների ժամանակացույցի և ծախսերի նախահաշվի` ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո միջոցառման իրականացման վերաբերյալ համապատասխան պայմանագրի կնքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև 2019 թ. մարտ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
2. Միջոցառման 2019 թ.-ով նախատեսված ծրագրի իրականացման աշխատակազմի ձևավորում 2019 թ. մարտ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
3. Միջոցառմամբ նախատեսված ապրանքների ձեռքբերման, ծառայությունների ստացման և աշխատանքների կատարման նպատակով գնումների պլանի կազմում և հաստատում 2019 թ. մարտ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
4. Միջոցառման անցկացման համար ապրանքների ձեռքբերման, ծառայությունների ստացման և աշխատանքների կատարման նպատակով տեխնիկական բնութագրերի, գնումների ժամանակացույցի կազմում 2019 թ. մարտ-հուլիս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
5. Միջոցառման գնումների պլանով նախատեսված ապրանքների ձեռքբերման, ծառայությունների ստացման և աշխատանքների կատարման նպատակով գնումների իրականացում 2019 թ. մարտ-հոկտեմբեր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
6. Համաժողովի նախնական օրակարգի .(ծրագիր, թեմաներ, խոսնակներ) մշակում 2019 թ. 1-ին եռամսյակ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
7. Միջոցառման գործողությունների ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացման մանրամասն ժամանակացույցի ընդունում 2019 թ. մարտ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
8. Համաժողովի անցկացման մարքեթինգային ռազմավարության (խոսնակների, պատվիրակների, ցուցահանդեսի մասնակիցների, միջազգային ԶԼՄ-ների և հովանավորների ներգրավման համար) մշակում և ընդունում 2019 թ. մարտ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
9. Համաժողովի կազմակերպական աշխատանքների պլան-ժամանակացույցի հաստատում 2019 թ. մարտ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
10. Միջազգային և հայկական ԶԼՄ-ների հետ աշխատանքների ծրագրի մշակում և իրականացում 2019 թ.
մարտ-հոկտեմբեր
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
11. Համաժողովի մասնակիցների համար մշակութային և զբոսաշրջային ծրագրի մշակում 2019 թ.
ապրիլ-մայիս
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե
12. Մարքեթինգային ռազմավարության համաձայն աշխատանքների իրականացում 2019 թ.
մարտ-հոկտեմբեր
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
13. Համաժողովի խոսնակների ներգրավման ուղղությամբ աշխատանքների իրականացում 2019 թ.
մարտ-սեպտեմբեր
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
ՀՀ սփյուռքի նախարարություն
14. Համաժողովի պատվիրակների ներգրավման ուղղությամբ աշխատանքների իրականացում 2019 թ.
մարտ-սեպտեմբեր
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
15. Համաժողովին կից ցուցահանդեսի կազմակերպման ծրագրի ընդունում 2019 թ. մարտ-ապրիլ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
16. Համաժողովի խոսնակների, պատվիրակների, անցկացման վայրի հետ կապված` կնքվող պայմանագրերի կնքում 2019 թ.
մարտ-սեպտեմբեր
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
17. Վեբ կայքի պատրաստում, առցանց համակարգի և բջջային հավելվածի մշակում 2019 թ.
մարտ-ապրիլ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
18. Մասնակիցների գրանցման և մոնիթորինգի համակարգի մշակում և ինտեգրում վեբ կայքի հետ 2019 թ. ապրիլ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
19. Միջազգային խորհրդատուների ներգրավում 2019 թ.
մարտ-ապրիլ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
20. Հովանավորչական ծրագրի իրականացում 2019 թ.
մարտ-սեպտեմբեր
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
21. Մասնակցություն ՏՀՏ ոլորտի միջազգային մինչև 4 միջոցառման` համաժողովին պատվիրակների մասնակցությունը խթանելու նպատակով 2019 թ.
մարտ-սեպտեմբեր
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
22. ԱՏՁՄ ֆինանսական անկախ աուդիտի անցկացում 2019 թ. մայիս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
23. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ` վեբ կայքի, գրանցման համակարգի, մշակութային ծրագրի ներկայացում, ծրագրի իրականացման ընթացիկ մոնիթորինգ 2019 թ. մարտ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
24. Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի պաշտոնական պատվիրակության մոնիթորինգային այցի կազմակերպում 2019 թ. մարտ, հուլիս, սեպտեմբեր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
25. Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելություններ Հայաստան 2019 թ. մայիս,
հոկտեմբեր
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
26. Տրանսպորտի և մասնակիցների տեղաշարժի հետ կապված նախապատրաստական աշխատանքներ 2019 թ. մարտ- օգոստոս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունՀՀ ոստիկանություն
27. Կամավորների ներգրավում, ուսուցում, խմբերի բաժանում 2019 թ. հունիս-հուլիս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
28. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ` ծրագրի իրականացման ընթացիկ մոնիթորինգ 2019 թ. մարտ-հոկտեմբեր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
29. Համաժողովի անցկացման վայրում տեղորոշման (նավիգացիոն) համակարգի մշակում և ինտեգրում բջջային հավելվածի հետ 2019 թ. ապրիլ-օգոստոս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
30. Զվարթնոց օդանավակայանում տեղեկատվական կետի ապահովում 2019 թ. սեպտեմբեր, հոկտեմբեր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչություն
31. Համաժողովի վայրում, լուսաձայնային, ուժային, թարգմանչական, մասնակիցների գրանցման, սննդի մատուցման, ինտերնետ հասանելիության, համակարգչային, օժանդակ և այլ տեխնիկական միջոցների և սարքավորումների տեղադրում և կարգաբերում 2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի 4 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
32. Համաժողովի վայրի կահավորման, ձևավորման աշխատանքների իրականացում 2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի 4 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
33. Ցուցահանդեսային տարածքի կառուցապատում, տաղավարների ձևավորում 2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի 4 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
34. Մամլո կենտրոնի, սննդի մատուցման, գրանցման համակարգի, տեղորոշման (նավիգացիա) համակարգի, բուժկետի, անվտանգության ծառայության, հրդեհային անվտանգության, լիագումար նիստերի դահլիճի, աշխատանքային սրահների, բիզնես հանդիպումների վայրերի` աշխատանքային պատրաստության վիճակի բերման աշխատանքներ 2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի 4 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
35. Համաժողովի անվտանգության և հասարակական կարգի ապահովում 2019 թ. հոկտեմբերի 5-9 ՀՀ ոստիկանություն
36. Պատվավոր հյուրերի, խոսնակների դիմավորում 2019 թ. հոկտեմբերի 1-6 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
37. Համաժողովի մասնակիցների գրանցում, Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի վարչության նիստի անցկացում, գոլֆի մրցաշարի կազմակերպում, Եղեռնի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողություն, բացման արարողություն 2019 թ.
հոկտեմբերի 6
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
38. Համաժողովի անցկացում, փակման արարողություն 2019 թ.
հոկտեմբերի 7-9
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
39. Համաժողովի ընթացքի տեսանկարահանման իրականացում 2019 թ.
հոկտեմբերի 7-9
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)
40. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ` ծրագրի իրականացման ամփոփում, անցկացված միջոցառումների գնահատում` նախապես որոշված չափորոշիչներով 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր Միջգերատեսչական հանձնաժողով

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.03.2019
N 238-Լ
Որոշում