Սեղմել Esc փակելու համար:
ՊՍԵՎԴՈՖԱԿԻԿ ՄԱԿՈՒԼՅԱՐ ԿԻՍՏՈԶ ԱՅՏՈՒՑՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊՍԵՎԴՈՖԱԿԻԿ ՄԱԿՈՒԼՅԱՐ ԿԻՍՏՈԶ ԱՅՏՈՒՑՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2019 թվականի N 09-Ն

 

ՊՍԵՎԴՈՖԱԿԻԿ ՄԱԿՈՒԼՅԱՐ ԿԻՍՏՈԶ ԱՅՏՈՒՑՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել` «Պսևդոֆակիկ մակուլյար կիստոզ այտուցով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար

Ա. Թորոսյան

 

 

Հավելված
Առողջապահության նախարարի
4 մարտի 2019 թ.
N 09-Ն հրամանի

 

ՊՍԵՎԴՈՖԱԿԻԿ ՄԱԿՈՒԼՅԱՐ ԿԻՍՏՈԶ ԱՅՏՈՒՑՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Պսևդոֆակիկ մակուլյար կիստոզ այտուցը (ՊՄԿԱ) կատարակտայի վիրահատությունից հետո ամենատարածված բարդությունն է, որը շատ հաճախ հանգեցնում է տեսողության սրության (ՏՍ) նվազեցման: Չնայած ՊՄԿԱ-ի պաթոգենեզը լիովին բացահայտված չէ, սակայն, ընդհանուր առմամբ, մեծ դեր է տրվում բորբոքմանը: Հետևաբար, հակաբորբոքային դեղերը, այդ թվում` ստերոիդները և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, ՊՄԿԱ-ի կանխարգելման և բուժման հիմնական միջոցն են համարվում: Այնուամենայնիվ, ՊՄԿԱ-ն համարվում է ակնաբուժության գլուխկոտրուկներից մեկը, որն ունի բազմաթիվ ռիսկի գործոններ` տարիք, հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, ակնային բորբոքումներ, ցանցենու վասկուլյար (անոթային) հիվանդություններ, դիաբետիկ ռետինոպաթիա և մակուլոպաթիա, դեղորայքի օգտագործում` էպինեֆրինի և համանման դեղերի տեղային օգտագործում, պրոստագլանդինի համանմաններ, նիկոտինաթթու, ապակենման մարմնի վիրահատություններ, լազերային վիրահատություններ, կրիոթերապիա և այլն:

Պսևդոֆակիկ մակուլյար կիստոզ այտուցը (ՊՄԿԱ) կատարակտայի վիրահատությունից հետո ամենատարածված բարդությունն է: Սահմանումների և ախտորոշման չափանիշների բազմազանության պատճառով, ՊՄԿԱ-ի հայտնաբերվածությունը կազմում է 1%-ից մինչև 30%: Չնայած շատ դեպքերում, ՊՄԿԱ-ն ինքնասահմանափակվող խանգարում է, հազվադեպ դեպքերում, դա կարող է հանգեցնել տեսողության երկարատև վատթարացման, որը դժվար է բուժել: Կատարակտայի ինտրակապսուլյար էքստրակցիայի պարագայում կլինիկապես արտահայտված ՊՄԿԱ-ն հանդիպում է 8% դեպքերում, իսկ ֆլյուրեսցենտային անգիոգրաֆիայով (ՖԱԳ)` 36%-60%: Կատարակտայի էքստրակապսուլյար էքստրակցիայի պարագայում կլինիկապես արտահայտված ՊՄԿԱ-ն հանդիպում է 0.8-20% դեպքերում, իսկ ՖԱԳ-ով` 16%-32.2%: Կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիայով էքստրակցիայի պարագայում կլինիկապես արտահայտված ՊՄԿԱ-ն հանդիպում է 0.1%-2.35% դեպքերում, ՖԱԳ-ով` 20%-54.7%, իսկ օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայով (ՕԿՏ)` 3%-41%: Ֆեմտովայրկյանային լազերով համակցված կատարակտայի էքստրակցիայի պարագայում կլինիկապես արտահայտված ՊՄԿԱ-ն հանդիպում է 1.18% դեպքերում, իսկ ՕԿՏ-ով` 1.18%:

Գործելակարգի նպատակն է մշակել և տրամադրել մասնագիտական և կազմակերպչական գործառույթների համալիր` ՊՄԿԱ-ով պացիենտներին վարող բժշկական թիմի համար: Այն չի կարող փոխարինել բժշկի որոշումներ ընդունելու հմտություններն անհատ պացիենտի վարման դեպքում և տվյալ կլինիկական իրավիճակի պայմաններում: Գործելակարգը տրամադրում է արդի միջազգային գիտաբժշկական տեղեկատվության վրա հիմնված բուժական և կազմակերպչական գործառույթների համալիր: Փաստաթղթի նպատակն է բարելավել ՊՄԿԱ-ով տառապող պացիենտների բուժման արդյունքները, ներառյալ` կյանքի որակը:

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագիտացված հիմնարկներում ՊՄԿԱ-ով հիվանդ մեծահասակ պացիենտները (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

ՊՄԿԱ-ով պացիենտի մոդել

 

Մոդելի պարտադիր բաղադրիչ Բաղադրիչի նկարագրությունը
Նոզոլոգիական ձևը ՊՄԱԿ
Տարիքային կարգավիճակը Մեծահասակներ
Հիվանդության աստիճանը Ցանկացած
Հիվանդության փուլը Ցանկացած
Բարդությունները Անկախ բարդություններից
Կոդն ըստ ՀՄԴ-10 H59
Բուժօգնության ցուցաբերման պայմանները Հիվանդանոցային և արտահիվանդանոցային

 

Հապավումներ

ՊՄԿԱ - պսևդոֆակիկ մակուլյար կիստոզ այտուց

ՏՍ - տեսողության սրություն

ՖԱԳ - ֆլյուրեսցենտային անգիոգրաֆիա

ՕԿՏ - ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր

Հակա-ԱԷԱԳ - անոթների էնդոթելային աճի գործոնն ընկճող դեղորայք (anti-VEGF)

 

1. Ախտորոշում

1.1 Անամնեզ

1.1.1 Հիմնական գանգատը

1.1.2 Տարիք, սեռ, ռասայական պատկանելություն, մասնագիտություն

1.1.3 Ընտանեկան անամնեզ

1.1.4 Այլ ակնային հիվանդություններ ներկայումս և անցյալում, վնասվածք

1.1.5 Ալերգիա դեղերի նկատմամբ

1.1.6 Այլ օրգան համակարգերի հիվանդություններ

1.1.7 Համակարգային հիվանդությունների առկայություն

1.1.8 Հղիություն, կրծքով կերակրում

 

1.2 Լաբորատոր-գործիքային հետազոտություններ

1.2.1 Տեսողության սրության ստուգում` օգտագործվում է մոտիկի և հեռվի տեսողությունը գնահատելու համար նախատեսված աղյուսակները, «փինհոլը», հարկ եղած դեպքում, լուսազգացողության ճիշտ գնահատում

1.2.2 Առաջնային հատվածի հետազոտում-բիոմիկրոսկոպ

1.2.3 Ակնահատակի հետազոտում ուղիղ և հակադարձ օֆթալմոսկոպիայի միջոցով, ակնահատակի ֆոտոգրաֆիա

1.2.4 Ֆլյուրեսցենտային անգիոգրաֆիա

1.2.5 Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա (macular analysis)

 

2. Բուժում

2.1 Բուժման առաջին գիծը կորտիկոստորոիդների և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) մոնոթերապիան կամ զուգակցումն է:

2.2 Երբ այս բուժումն արդյունավետ չէ, ցուցված է կորտիկոստերոիդների սուբկոնյուկտիվալ, սուբտենոնյան կամ ինտրավիտրեալ ներարկումները և անոթների էնդոթելային աճի գործոնն ընկճող (հակա-ԱԷԱԳ, anti-VEGF) դեղերի ինտրավիտրեալ ներարկումները (օրինակ, բեվացիզումաբ 1.25մգ/0.05 մլ):

2.3 Այն աչքում, որտեղ առկա է քրոնիկական ՊՄԿԱ` վիտրեոմակուլյար տրակցիայով ցուցված է պար պլանա վիտրէկտոմիա (par plana vitrectomy):

 

3. Կանխարգելում

3.1 Ընտրել կատարակտայի վիրահատության առավել քիչ ինվազիվ մեթոդը

3.2 Հնարավորինս խուսափել ներվիրահատական բարդություններից

3.3 Կրճատել վիրահատության ժամանակը

3.4 Որոշ դեպքերում, նախօրոք օգտագործել հակաբորբոքային դեղորայք

 

4. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

4.1 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Ծածկագիր Անվանում Տրամադրման
հաճախականություն
Միջին քանակ Ստորաբաժանում Մասնագետ Կատարման
ժամկետներ
  Տեսողության սրության ստուգում     1     1 Ակնաբուժական բաժանմունք Բժիշկ ակնաբույժ 1-6
ամիս
  Ճեղքային լամպով հետազոտում 1 2 Ակնաբուժական բաժանմունք Բժիշկ ակնաբույժ 1-6 ամիս
  Օֆթալմոսկոպիա 1 1 Ակնաբուժական բաժանմունք Բժիշկ ակնաբույժ 1-6 ամիս
  Ներակնային ճնշաչափում 1 1 Ակնաբուժական բաժանմունք Բժիշկ ակնաբույժ 1-6 ամիս
  Ակնաբույժի խորհրդատվություն 1 1 Ակնաբուժական բաժանմունք Բժիշկ ակնաբույժ 1-6 ամիս
  ՕԿՏ 1 1 Ակնաբուժական բաժանմունք Բժիշկ ակնաբույժ 1-6 ամիս

 

4.2 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Ծած-
կագիր
Անվանում Տրամադրման
հաճախականություն
Միջին քանակ Ստորա-
բաժանում
Մասնագետ Կատարման ժամկետներ
  ՖԱԳ    0.5    0.5 Ակնաբուժական բաժանմունք Բժիշկ ակնաբույժ 1-7 ամիս

 

 

5. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

5.1 Դեղորայքային բուժման վերաբերյալ պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

ԴԹԽ ԱԹՔԴ ՄՈԱ ԿՈԴ ՀԿԴ Նշանակման
հաճախականություն
Մասնագետ Կատարման
ժամկետներ
ՈՍՀԲԴ M01AB05 դիկլոֆենակ         1     Բժիշկ ակնաբույժ 1-6
ամիս
Կորտիկոստերոիդներ S02BA06 Դեկսամեթազոն, բետամեթազոն     1 Բժիշկ ակնաբույժ 1-6 ամիս
Հակա-ԱԷԱԳ դեղորայք L01XC07 Բեվացիզումաբ, Ռանիբիզումաբ     0.5 Բժիշկ ակնաբույժ 1-6 ամիս

 

6. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

7. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի հետ համատեղ քննարկել ՊՄԿԱ-ի վարման հավանական ելքերը:

 

8. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

 

Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Ելքի անվանում Ելքի զարգացման հաճախականություն Ելքին հասնելու մոտավոր ժամկետ Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի պահպանմամբ 90%   Անցում համապատասխան վերականգնողական Ուղեցույցին/Գործելակարգին
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով 9%   Անցում համապատասխան վերականգնողական Ուղեցույցին/Գործելակարգին
Բժշկահարույց բարդությունների զարգացում 1%   Անցում համապատասխան ախտաբանության բուժման Ուղեցույցին/Գործելակարգին
Մահացու ելք 0%   Ցանկացած փուլում

 

Գործելակարգի մշակման հիմքը

Փաստաթղթի հիմքն են հանդիսացել գրականության հետևյալ աղբյուրները.

- Grzybowski A, Sikorski BL, Ascaso FJ, Huerva V. Pseudophakic cystoid macular edema: update 2016. Clinical Interventions in Aging. 2016; 11:1221-1229. doi:10.2147/CIA.S111761.

- McCafferty S, Harris A, Kew C, Kassm T, Lane L, Levine J, Raven M. BMC Ophthalmol. 2017 Feb 20; 17(1):16. Epub 2017 Feb 20.

- Serra R, Sellam A, Coscas F, Bruyère E, Sieiro A, Coscas GJ, Souied E. Evaluation of pseudophakic cystoid macular edema using optical coherence tomography angiography. Eur J Ophthalmol. 2018 Mar; 28(2):234-240. doi: 10.5301/ejo.5001068. Epub 2017 Jan 11.

- Bellocq D, Pierre-Kahn V, Matonti F, Burillon C, Voirin N, Dot C, Akesbi J, Milazzo S, Baillif S, Soler V, Wolff B, Scemama C, Malcles A, Weber M, Kodjikian L Effectiveness and safety of dexamethasone implants for postsurgical macular oedema including Irvine-Gass syndrome: the EPISODIC-2 study. Br J Ophthalmol. 2017 Mar; 101(3):333-341.

 

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.03.2019
N 09-Ն
Հրաման