29.12.2023 -
ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2019 թվականի N 672-Լ
i
ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. ↩ ↩
(Նախաբանը փոփ. 13.10.23 թիվ 1583-Լ, 28.12.23 թիվ 2317-Լ որոշում)
1. Հաստատել`
1) «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը»` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը»` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 5 Երևան
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 23-ի
N 672-Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ ↩
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից: ↩
(1-ին կետը փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
2. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում ներառված ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի: ↩
(2-րդ փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
2. ՆԱԽԱԲԱՆ
3. Հայաստանի Հանրապետության տնտեսության կառավարման մի շարք ոլորտներ կարգավորող իրավական ակտերով համապատասխան կառավարման մարմինների համար սահմանվել են իրենց ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրների (ռեգիստրների) վարման գործառույթներ, սակայն դրանք հիմնականում չեն իրականացվել կամ իրականացվել են թերի, գործում են միմյանցից անկախ, տվյալները կրկնվում են, երբեմն լինում են իրարամերժ, ինչն էականորեն բարդացնում է կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու գործընթացը, իսկ երբեմն անհնար է դարձնում տարբեր տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության կամ տեղեկատվական համակարգերի օգտագործումը` կառավարման արդյունավետության, արդյունավետ ծրագրերի մշակման կամ պետական նշանակության ծրագրերի արդյունավետ իրագործման նպատակներով:
Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ պլանավորման ու կառավարման համար անհրաժեշտ է ունենալ Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների բնակչության տեղաբաշխման, արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացման վիճակի և բնական ռեսուրսների, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող տարածքների, անշարժ գույքի որակական, քանակական տվյալների, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի և ենթակառուցվածքների այլ տարրերի ու էկոլոգիական վիճակի մասին ամբողջական, հավաստի տեղեկատվություն:
Ոլորտային կադաստրների հաշվառման և գրանցման ենթակա գրեթե բոլոր տվյալները տարածական են կամ տարածական` քարտեզագրական հենք ունեն:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն պետական կառավարման այն լիազորված մարմինն է, որի կանոնադրական գործառույթներն անմիջականորեն ուղղված են պետական նշանակության քարտեզագրական և տեղագրական համակարգերի ստեղծմանը, քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակմանը և իրականացմանը: Առանձնակի գործառույթներ են նաև անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակումն ու ներդրումը:
Անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման նպատակով` ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իրականացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում միասնական կոորդինատային համակարգի մշակման և ներդրման, ինչպես նաև միասնական գեոդեզիական հիմքի ապահովման, համայնքների քարտեզագրման ու թվային քարտեզների ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքի օդալուսանկարահանման և արբանյակային լուսանկարահանման ավալների թվայնացման աշխատանքներ, պարբերաբար իրականացվում են բարձունքային և պլանային հիմքի թարմացման և խտացման, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում սահմանվել է գոտիականություն` ըստ գույքի արժեքի և գտնվելու վայրի: Ավարտված են նաև անշարժ գույքի կադաստրային գործերի թվայնացումը (ստեղծվել է էլեկտրոնային արխիվ), կադաստրային քարտեզների վարման ու անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները և այլն: ↩
ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ հիմք կդրվի առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրին, կստեղծվեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի օդալուսանկարները (օրթոֆոտոհատակագծերի-պիկսելի չափը երկրի մակերևույթի վրա` 20 սմ ճշտությամբ), կճշտվի և ավարտին կհասցվի Հայաստանի Հանրապետության քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքը, կստեղծվի ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգ: Ըստ այդմ` կոմիտեն ի զորու կլինի բոլոր ոլորտների տեղեկատվական շտեմարանները ապահովելու տարածական հիմքով և գրանցվող տվյալների ծածկագրման, պահպանման և օգտագործման տրամադրելու մեթոդաբանական համակարգով: ↩
Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների վարումը անհամեմատ ավելի արդյունավետ կարող է լինել` դրանց ամբողջական, միասնական, մեկտեղված համակարգի մեջ ընդգրկելով. այն փոխկապակցված և փոխհամաձայնեցված կադաստրների և ռեգիստրների համալիր է` ընդհանուր և միասնական մեթոդաբանական սկզբունքներով, տեխնիկական, ծրագրային և տեղեկատվական հիմքով:
(3-րդ կետը փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
3. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծումը և ներդրումը հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղերի կառավարման խնդիրների լուծման ժամանակ կառավարման մարմիններին տրամադրել տարաբնույթ, սակայն համակարգված և հավաստի տարածական տեղեկատվություն, որր թույլ կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն (տե՛ս գծապատկեր 1):
Բազմաբնույթ, հավաստի և հասանելի տեղեկատվությունը զգալի նպաստավոր միջավայր կարող է ստեղծել ազատ մրցակցային տնտեսական գործունեության մասնակիցների համար:
5. Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծումը և ներդրումը կնպաստի`
1) կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը.
2) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը.
3) տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը.
4) տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը.
5) տարածական տվյալների մատչելիության ապահովմանը.
6) հանրության համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը.
7) տվյալների լրիվության, հավաստիության, ճշտության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը.
8) շահատու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի և աշխատատարության կրճատմանը` ինքնաշխատ հասանելիության ապահովման շնորհիվ:
4. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
6. Ինտեգրված կադաստրի ստեղծմանը և ներդրմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերը լայն ընդգրկում ունեն.
1) Հայաստանի Հանրապետության օրենսգրքեր`
ա. Հողային օրենսգիրք,
բ. Անտառային օրենսգիրք,
գ. Ջրային օրենսգիրք,
դ. Ընդերքի մասին օրենսգիրք.
2) Հայաստանի Հանրապետության օրենքներ`
ա. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին»,
բ. «Թափոնների մասին»,
գ. «Բուսական աշխարհի մասին»,
դ. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին»,
ե. «Քաղաքաշինության մասին»,
գ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»,
է. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին»,
ը. «Կենդանական աշխարհի մասին»,
թ. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին».
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ և այլ իրավական ակտեր`
ա. «Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թ. հուլիսի 23-ի N 1060-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 2-ի N 68-Ն որոշում,
բ. «Անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2008 թ. փետրվարի 7-ի N 133-Ն որոշում,
գ. «Ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացումը մրցութային կարգով մասնավոր օպերատորին հանձնելու կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003 թ. հուլիսի 23-ի N 1060-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 5-ի N 571-Ն որոշում,
դ. «Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2008 թ. մարտի 20-ի N 259-Ն որոշում,
ե. «Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով 2005 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 7-ի N 406-Ն որոշում,
զ. «Թափոնների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 18-ի N 144-Ն որոշում,
է. «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի N 140-Ն հրաման,
ը. «ՀՀ բուսական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015 թվականների համալիր ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 13-ի N 33 արձանագրային որոշում,
թ. «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 23-ի N 831-Ն որոշում,
ժ. «Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 14-ի N 1490-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 22-ի N 1571-Ն որոշում,
ժա. «Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2005 թ. հունվարի 20-ի N 197-Ն որոշում,
ժբ. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թ. փետրվարի 5-ի N 104-Ն որոշում,
ժգ. «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1999 թ. դեկտեմբերի 31-ի N 802 որոշում,
ժդ. ՀՀՇՆ 1-2.03-03 «ՀՀ պետական քաղաքաշինական կադաստր» շինարարական նորմերի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թ. հունիսի 5-ի N 38-Ն հրաման,
ժե. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 13-ի N 1441-Ն որոշում,
ժգ. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 23-ի N 832-Ն որոշում,
ժէ. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի 2009 թ. հուլիսի 16-ի N 145-Ն հրաման:
7. Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման ծրագրից ելնելով` ըստ անհրաժեշտության կարող են փոփոխություններ կատարվել վերը շարադրված նորմատիվ իրավական ակտերում:
5. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
8. Տվյալների տարածական հղմամբ, աշխարհագրական հարաչափեր ունեցող ճյուղային կադաստրների և ռեգիստրների միավորմամբ` մեկ ինտեգրված միասնական պետական կադաստրի ստեղծում, որն իրականացվելու է հետևյալ փուլերով`
1) ռազմավարության ծրագրի մշակում. ↩
2) համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների մշակում, ըստ միջազգայնորեն ճանաչված ստանդարտների` մասնավորապես ISO 27000 շարքից.
3) ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքի կազմում, մշակում և ներդրում, հայեցակարգով առաջադրվող պայմաններից բխող օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակում.
4) պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծում և ներդրում. ↩
5) հայեցակարգով նախատեսված կադաստրների ինտեգրված համակարգի ստեղծում:
(8-րդ կետը փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
6. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
9. Ինտեգրված կադաստրի համակարգը ներառում է պետական կառավարման հետևյալ մարմինները`
1) ՀՀ կադաստրի կոմիտե` մշակող և պատասխանատու կատարող. ↩
2) ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ↩
3) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն. ↩
4) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. ↩
5) ՀՀ քաղաքաշինության կոմիտե:
Դրանք համապատասխան իրավական ակտերով իրականացնում են իրենց ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրների վարման գործառույթներ:
Համայնքների կադաստրային գործառույթների իրականացման հարցերի կապակցությամբ որպես լիազորված մարմին ներգրավվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: ↩
(9-րդ կետը փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
10. ՀՀ կադաստրի կոմիտեի` որպես պետական կառավարման լիազորված մարմնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են` ↩
1) գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, գեոդեզիայի և քարտեզագրության մասին տեղեկատվական համակարգերի ստեղծումն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության կառավարումը, տվյալների մատչելիությունը, օբյեկտիվության և անընդհատության ապահովումը.
2) իր իրավասության սահմաններում հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը.
3) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը.
4) անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակումն ու ներդրումը.
5) գեոդեզիայի և քարտեզագրության, աշխարհագրական անվանումների, երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գնահատման, կադաստրային քարտեզագրման ոլորտներում համաշխարհային փորձի ուսումնասիրումն ու ներդրումը.
6) ինտեգրված կադաստրի ստեղծմանն է տրամադրում կոմիտեի տեղեկատվական բազան` ճշգրտված քարտեզագրական հենքով, մշակում և համաձայնեցնում է տվյալների հավաքագրման, դասակարգման և ծածկագրման միասնական կանոնները. կոմիտեն իրականացնում է ինտեգրված կադաստրի բոլոր տվյալների պետական գրանցումը (ռեգիստր) և պահպանումը.
7) ոլորտների պետական կառավարման լիազորված մարմինները ՀՀ կառավարության որոշումներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, միասնական կանոնների համաձայն, իրականացնում են ոլորտային կադաստրների տվյալների հավաքագրումը, մշակումը և գրանցումից հետո դրանց վարումը. տվյալների թարմացումը, լրացումներն ու փոփոխությունները կատարվում են նույն կարգով:
(10-րդ կետը փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
11. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը վերը նշված եղանակով կազմում և վարում է անտառային (2008 թ. N 133-Ն), ջրային ռեսուրսների (2017 թ. N 68-Ն), բնության հատուկ պահպանվող տարածքների (2008 թ. N 259-Ն), թափոնների (2007 թ. N 144-Ն), բուսական աշխարհի (2008 թ. N 1440-Ն), կենդանական աշխարհի (2008 թ. N 1441-Ն) պետական կադաստրները: ↩
(11-րդ կետը փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
12. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների (2012 թ. N 1571-Ն) պետական կադաստրը: ↩
(12-րդ կետը փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
13. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրը (2009 թ. N 104-Ն): ↩
(13-րդ փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
14. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն` պետական քաղաքաշինական կադաստրը (1999 թ. N 802)
14.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` գյուղատնտեսական հողատեսքերի կադաստր (ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 6-ի N 179 որոշում):
(14.1-րդ կետը լրաց. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
15. Անհրաժեշտ է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնակցությունը ինտեգրված կադաստրի ստեղծման ծրագրին հենց առաջին փուլից, չնայած որ բացակայում են որոշակի կադաստրներ (ռեգիստրներ) վարելու նրանց լիազորությունները սահմանող իրավական ակտերը:
Ինչ վերաբերում է ՀՀ վիճակագրական կոմիտեին, վերջինս պատրաստակամություն է հայտնել զուտ մեթոդաբանական օժանդակություն ցուցաբերելու վարչական ռեգիստրների ձևավորման աշխատանքներում` ցանկացած գրավոր հայտի պարագայում:
16. Ինտեգրված կադաստրի համակարգն ունենալու է նախապես ծրագրված հնարավորություն` հետագայում ըստ անհրաժեշտության և իրավական համապատասխան կարգավորմամբ իր մեջ ներառելու նաև տեղեկատվական այլ շտեմարաններ, ինչպես օրինակ` էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, ջրամատակարարման և ջրօգտագործման համակարգերի, ճանապարհային ցանցերի և այլ գույքային կամ ռեսուրսային համակարգերի վերաբերյալ:
17. Ինտեգրված կադաստրի համակարգի ստեղծմամբ և ներդրմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները`
1) ինքնաշխատ ամբողջական տեղեկատվական ռեսուրսի ստեղծում` փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա.
2) տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում.
3) իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունում` կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը.
4) ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն.
5) հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում.
6) առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն:
7. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՆՔԸ
18. Ինտեգրված կադաստրը միասնական գեոդեզիական կոորդինատային հիմքով առանձին քարտեզագրական շերտերի և շերտային խմբերի երկրատեղեկատվական համակարգ (ԵՏՀ) է` տվյալների պահեստավորման, պահպանման, հասանելիության և համակարգի շահագործման կենտրոնացված կառուցվածքով:
19. Քարտեզագրական շերտը որպես միավոր կարող է լինել`
ա. ամբողջական (ռեալ) ընդհանուր կոորդինատային համակարգում առանձնացված տարածական մոդել` սեփական տիպային և ատրիբուտիվ կառուցվածքով, մեկ այլ ամբողջական շերտի նկատմամբ որոշակի կախվածությամբ կամ անկախ, օրինակ` վարչատարածքային սահմանների շերտ կամ տարածագնահատման գոտևորման շերտ,
բ. մասնակի (վիրտուալ), գոյություն ունեցող ամբողջական շերտի շրջանակներում առանձին ատրիբուտիվ մոդել` կառավարման առանձնացված հասանելիությամբ, օրինակ` անշարժ գույքի միավորների շերտին կից քաղաքաշինական անձնագրավորման (շենք, շինություն) կամ շինարարության թույլտվության (հողամաս) առանձին ատրիբուտիվ մոդելներ:
20. Քարտեզագրական շերտերի խմբերը բաժանվում են երկու հիմնական մասի` ըստ տվյալների առաջնահերթության (տե՛ս գծապատկեր 2)` ↩
1) բազային երկրատեղեկատվական համակարգ.
2) ոլորտային (թեմատիկ) շերտեր.
3) (ենթակետն ուժը կորցրել է` համաձայն 17.12.20 թիվ 2124-Լ որոշման)
Բազային երկրատեղեկատվական համակարգը բաղկացած է 3 ենթախմբից` ա) բազմասպեկտրալ օրթոֆոտոհատակագծեր, բ) անշարժ գույքի կադաստրային քարտեզներ (վարչատարածքային միավորներ), զ) տեղագրական քարտեզներ:
Ոլորտային (թեմատիկ) շերտերը ենթադրում են ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրներ, ինչպես նաև տնտեսության արդյունավետ կառավարմանն անհրաժեշտ երկրատեղեկատվական թեմատիկ նյութեր: Ոլորտային շերտերի ցանկը, ի տարբերություն բազայինի, ենթակա է վերադասավորման:
(նախադասությունը հանվել է 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
21. Ինտեգրված կադաստրի մաս են կազմում նաև այն տվյալների ոեգիստրները, որոնք բազային ԵՏՀ-ի ենթախմբերի բաղկացուցիչ մասն են`
1) կադաստրային արխիվ (անշարժ գույքի կադաստրային քարտեզներ).
2) հասցեների ռեգիստր (անշարժ գույքի կադաստրային քարտեզներ).
3) աշխարհագրական անունների և անվանումների ռեգիստր (տեղագրական քարտեզներ):
22. Ինտեգրված կադաստրը պետք է ապահովված լինի բազային ԵՏՀ-ի համար անհրաժեշտ բոլոր արտաքին ռեգիստրների հասանելիությամբ: Ցանկը ենթակա է քննարկման համակարգի ներդրման ամբողջ ընթացքում:
23. Նախատեսվում է մշակել Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք` (ԱՏՏԵ/NSDI) ստանդարտ: Այն նախատեսվում է մշակել գոյություն ունեցող ԵՄ INSPIRE դիրեկտիվների հիման վրա և մասնակիորեն լրացնել արդեն փոխառած կամ տեղայնացված գործող տարածական մետատվյալներից` նախապես խմբագրմամբ և միասնականացմամբ: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը ինտեգրված կադաստրի ներդրման անհրաժեշտ և հիմնարար պայման է:
24. Ինտեգրված կադաստրի հետ համատեղ գործելու է և հասանելի է լինելու նաև ՀՀ հասցեների միասնական ռեգիստրը, որի լիակատար գործարկումը ենթադրում է հասցեների տարածական (աշխարհագրական) հղումը` երկրատեղեկատվական համակարգի հետ փոխկապակցմամբ: Այսպիսով` հասցեների միասնական ոեգիստրը կարող է ունենալ թե՛ տեքստային (ոչ տարածական), թե՛ տարածական (ԵՏՀ տրամաբանությամբ) առանձին հասանելիություն:
Ինտեգրված կադաստրը նաև կարող է հանդիսանալ հարթակ` համայնքների և լիազորված գերատեսչությունների կողմից հասցեների ռեգիստրի տարածական (աշխարհագրական) հղմամբ վարման, նոր հասցեների վարույթների անցկացման և որոշումների կայացման համար:
25. Ինտեգրված կադաստրի ավալների պահոցի հիմքում պետք է լինեն տվյալների ռելացիոն բազաներ և տվյալների բազաների կառավարման ռելացիոն համակարգեր (ՏԲԿՌՀ), որոնք տարածական տվյալների դեպքում պետք է ունենան համապատասխան կիրառման հնարավորություն: Պահոցի հիմքում պետք է ներդրված լինի մուտքագրման պատճենման համակարգ (Copy-on-Write), ինչը թույլ չի տա փոփոխության ենթարկել երբևէ մուտքագրված որևէ տվյալ` թույլատրելով նոր տվյալների մուտքը միայն որպես պատճեն: Պահոցը պետք է ունենա նաև փոփոխությունների ընթացիկ հայելային, ինչպես նաև ամբողջական պահոցի պարբերական, պահուստային պատճենում:
Տվյալ համակարգը մշտապես ակտուալ ինտեգրացիոն իրավիճակ ունենալու, ինչպես նաև համակարգի պատմության ցանկացած կետի ժամանակային առանցքով վերադառնալու հնարավորություն կտա:
26. Նախատեսվում է ոլորտային համապատասխան հանձնաժողովների, ներգերատեսչական և միջգերատեսչական կոլեգիալ որոշումներ պահանջող տարածական և ոչ տարածական տվյալների ստեղծման կամ խմբագրման համար ստեղծել տվյալների տրամադրման հիմնավորումների հավաքագրման և որոշումների կայացման հարթակ` օգտագործելով Ինտեգրված կադաստրի ԵՏՀ միջոցները: Բազմաշերտ քարտեզագրական և ֆոտոհատակագծային արխիվային բազայի մեկ միասնական երկրատեղեկատվական համակարգից օգտվելը կբացառի տվյալների անհամապատասխանության դեպքերը և կնպաստի արագ ու անսխալ որոշումների կայացմանը, ինչպես օրինակ` հողերի նպատակային նշանակության փոփոխությունների դեպքերում:
27. Ինտեգրված կադաստրի հասանելիությունը պետք է կարգավորվի ընդհանուր անվտանգության համակարգով, թույլատրման կամ սահմանափակման խմբերով և տվյալների հասանելիության շրջանակներում հավելվածի ծրագրավորման ինտերֆեյսով (API):
8. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
28. Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման համար օգտագործվում են պետական բյուջեի, դրամաշնորհների և ՀՀ կադաստրի կոմիտեի ֆինանսական միջոցները: ↩
Պահանջվող ֆինանսական միջոցների չափը կճշտվի ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման ծրագրի կազմման ընթացքում:
(28-րդ կետը փոփ. 17.12.20 թիվ 2124-Ն որոշում)
9. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
29. Այսպիսով` ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը կարևոր փաստաթուղթ է ոլորտի հետագա կայուն զարգացման ու միասնականության ապահովման համար: Այն պետք է հիմք հանդիսանա ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակման համար: Ոլորտի արդյունավետ քաղաքականության և ռազմավարության մշակման համար անհրաժեշտ է գործընթացներում ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց հետ համագործակցել, ինչպես նաև մշտապես հետևել միջազգային փորձի լավագույն օրինակներին, պարբերաբար ուսումնասիրել դրանք:
30. Ինտեգրված կադաստրի ներդրումը հնարավորություն կտա համակարգելու Հայաստանի Հանրապետության տարածքում առկա տարածական տվյալները և համակարգի հետագա զարգացման հաշվին դրանում ընդգրկելու հանրապետությունում առկա բոլոր թվային և ոչ թվային տեղեկությունները: Կկրճատվի առանձին ծրագրերի համար առկա տվյալների հավաքագրման ժամանակը, կբարձրանան առկա տվյալների հետ աշխատանքի արդյունավետությունը և ճշտությունը, որի հաշվին հնարավոր կլինի բարձրացնել վերլուծական աշխատանքների արդյունքում ստացված նախնական եզրակացությունների և արդյունքների որակը` հասնելով ծրագրի մշակման ընթացքում և իրականացման մեկնարկից առաջ ստացվող տվյալների առավել բարձր մակարդակի հավաստիության: ինտեգրված կադաստրի ստեղծումն ու ներդրումը կտրուկ կնվազեցնեն մարդկային գործոնի ազդեցությունը ծրագրերի մշակման ելակետային տվյալների վրա, և հնարավոր կլինի նվազեցնել պետական նշանակության ցածր արդյունավետության ծրագրերի մեկնարկի հավանականությունը տվյալների միասնական կառավարման հնարավորությունը կօգնի վեր հանելու այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են մի քանի ոլորտների, և որոնց վերհանման համար առանձին կադաստրների առկայությունը խոչընդոտ էր նախկինում: Կբացառվի տարբեր մարմինների կողմից մեկ խնդրի լուծման ուղղությամբ մի քանի զուգահեռ ծրագրերի իրականացումը, և ամենակարևորը` այդ ծրագրերի տարբեր ելքային արդյունքների ստացումը:
31. Նոր ծրագրերի իրականացման հաշվին կկատարվի տվյալների միասնական թարմացում, որի հաշվին հնարավոր կլինի խուսափել տարբեր մարմինների կողմից վարվող կադաստրներում առկա տվյալների թարմության տարբեր մակարդակներից: Ինտեգրված կադաստրի հիմքի վրա կկարողանանք մշակել նոր թվային գործիքներ ՀՀ տնտեսությունը ավելի թվային դարձնելու և կառավարելիությունը բարձրացնելու համար:
32. Ըստ նախնական հաշվարկների` ինտեգրված կադաստրի ստեղծման և ամբողջական ներդրման համար անհրաժեշտ կլինի հինգ տարի:
Գծապատկեր 1

Գծապատկեր 2 ↩
(գծապատկերը փոփ. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)

(Հավելված N 1-ը փոփ. և լրաց. 17.12.20 թիվ 2124-Լ որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 23-ի
N 672-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ ↩
ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման իրականացմանն ուղղված քայլերը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու
կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը և կանխատեսվող չափը |
1. ՀՀ վարչապետի որոշման նախագիծ` միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և աշխատակարգի հաստատման մասին |
գործընկեր մարմինների շրջանում աշխատանքների համակարգված պլանավորում
և իրականացում |
ՀՀ կադաստրի կոմիտե |
1. ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն
2. ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն
3. ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների
նախարարություն
4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
6. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
7. ՀՀ քաղաքաշինության կոմիտե
8. ՀՀ ոստիկանություն
9. Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
10. Ենթա-կառուցվածքներ տնօրինող
կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2019 թ.
հունիս |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. Առկա իրավական հենքի և իրականացված ծրագրերի գույքագրում, միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա ռազմավարական ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը |
ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիր |
2020 թ.
դեկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. Համակարգի տեղեկատվական
անվտանգության ապահովման միջոցառումների մշակում` ըստ միջազգայնորեն ճանաչված ստանդարտների`
մասնավորապես ISO 27000 շարքից |
|
|
11. ՀՀ ազգային
անվտանգության
ծառայություն |
2019 թ.
օգոստոս |
5 մլն դրամ |
4. Ինտեգրված կադաստրի ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքի կազմում, ծրագրի ձեռքբերում և գործարկում |
ծրագրային ապահովման կադաստրային քարտեզագրական (բազային շերտերի) մոդուլների գործարկում |
|
1. ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն
2. ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն
3. ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն
4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
6. ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարություն
7. ՀՀ քաղաքաշինության կոմիտե
8. ՀՀ ոստիկանություն
9. Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
10. Ենթա-կառուցվածքներ տնօրինող
կազմակերպություններ
(համաձայնությամբ) |
2022 թ. դեկտեմբեր-2024 թ. դեկտեմբեր ↩
|
Ֆինանսավորում չի պահանջվում ↩ |
5. Համակարգի տեխնիկական (սերվերային համակարգ և կառավարման կենտրոն) միջոցների տեխնիկական առաջադրանքի կազմում, ձեռքբերում և տեղադրում |
սերվերային համակարգի տեղադրում և ծրագրային ապահովում, կադաստրային և քարտեզագրական մոդուլի գործարկում, բազային և ոլորտային կադաստրների ռեգիստրների ծրագրային ապահովում, կառավարման կենտրոնի ստեղծում, սերվերային համակարգի տեղադրում և կառավարման
կենտրոնի ստեղծում |
|
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
2024 թ. ↩
դեկտեմբեր |
400 մլն դրամ |
6. Տարածական տվյալների կառավարման (ԵՏՀ/GIS) մասնագետների վերապատրաստում |
որակավորված մասնագետների ներգրավում տարածական տվյալների կառավարման
գործում` ինտեգրված
կադաստրի բազային և
ոլորտային բաղադրիչների
վարումն իրականացնելու
նպատակով |
|
|
2021 թ.
դեկտեմբեր (շարունակական) |
50 մլն դրամ |
7. Կադաստրի բազային շերտերի
մշակման աշխատանքների իրականացում և գործարկում |
ինտեգրված կադաստրի բազային բաղադրիչների հասանելիության ապահովում,
որը հնարավորություն կտա օրենքով վերապահված
լիազորություններ ունեցող մարմիններին պարբերաբար
թարմացմամբ ստանալու
առկա տարածական
տվյալները
|
|
|
2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ ↩
|
Ֆինանսավորում չի
պահանջվում: |
ինտեգրված կադաստրի
բազային բաղադրիչների
հասանելիության ապահովում,
որը հնարավորություն կտա օրենքով վերապահված
լիազորություններ ունեցող
մարմիններին իրական
ժամանակային ռեժիմում
ստանալու առկա տարածական տվյալները |
|
|
2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ ↩
|
Ֆինանսավորում չի պահանջվում ↩ |
8. Պիլոտային ոլորտային կադաստրի
ստեղծում և ներդրում |
ոլորտային կադաստրի
ինտեգրման խնդիրների
վերհանում և անհրաժեշտության դեպքում խմբագրումներ նախորդ քայլերով մշակված իրավական և այլ գործառնական
փաստաթղթերում |
ՀՀ կադաստրի
կոմիտե |
ՀՀ տարածքային
կառավարման և
ենթակառուցվածքների
նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ ↩
|
Ֆինանսավորում չի պահանջվում ↩ |
9. Ինտեգրված կադաստրի ոլորտային բաղադրիչների ստեղծում և համակարգի ամբողջական գործարկում` ըստ ոլորտների պատրաստվածության |
1. տվյալների տարածական հղմամբ, աշխարհագրական հարաչափեր ունեցող ճյուղային կադաստրների և ռեգիստրների միավորմամբ, փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա մեկ միասնական ինքնաշխատ տեղեկատվական ռեսուրսի ստեղծում
2. տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում
3. ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն
4. հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում
5. տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն |
ՀՀ կադաստրի կոմիտե |
1. ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն
2. ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն
3. ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն
4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
6. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
7. ՀՀ քաղաքաշինության կոմիտե
8. ՀՀ ոստիկանություն
9. Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
10. Ենթակառուցվածքներ տնօրինող
կազմակերպություններ
(համաձայնությամբ) |
2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ ↩
|
185 մլն դրամ ↩ |
|
|
|
|
|
Ընդամենը` 640 մլն դրամ ↩ |
(Հավելված N 2-ը խմբ. 17.12.20 թիվ 2124-Լ, 13.10.23 թիվ 1583-Լ, 28.12.23 թիվ 2317-Լ որոշումներ)