Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ` նաև ՊՄԳ) կարգավորման իրավական շրջանակը, ներառյալ` պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի (այսուհետ` նաև ՊՄԳ ծրագրեր) մշակմանը և իրականացմանն առնչվող կանոնները և ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը, կիրառելի չափանիշները և ՊՄԳ-ներին առնչվող այլ հարցեր:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) արդյունքի վրա հիմնված վճարումներ` մասնավոր գործընկերոջ կողմից վաճառված ապրանքների և մատուցված ծառայությունների դիմաց հաճախորդների և (կամ) հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող վճարումներ.

2) զուտ ներկա արժեք (Net Present Value, NPV)` գնահատվող ծրագրի իրականացման ընթացքում դրամական միջոցների ներհոսքի և արտահոսքի ներկա արժեքների տարբերություն, որի հաշվարկման ընթացքում օգտագործվող դիսկոնտավորման տոկոսադրույքը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգերով.

3) իրավասու մարմին` Կառավարություն, պետական կառավարման համակարգի մարմին, որը պետական կառավարման որոշակի ոլորտում մշակում և իրականացնում է քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմին.

4) լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.

5) հայտատու` մրցույթին մասնակցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձանց կոնսորցիում.

6) հանրային գործընկեր` իրավասու մարմին, որը ՊՄԳ պայմանագիր է կնքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ.

7) հանրային ենթակառուցվածք` հանրային հետաքրքրություն կամ շահ ներկայացնող հիմնական միջոց (այդ թվում` շենքեր, կառուցվածքներ, սարքավորումներ) և (կամ) ոչ նյութական ակտիվ, որն օգտագործվում է հանրային ծառայությունների մատուցման նպատակով (կամ դրա առնչությամբ) և որի շահագործումը և (կամ) կառուցումը և (կամ) բարելավումը և (կամ) տեխնիկական սպասարկումն ապահովում է մասնավոր գործընկերը` ՊՄԳ պայմանագրի համաձայն.

i

8) հանրային ծառայություն` հանրային շահերից բխող գործունեություն, որը սովորաբար իրականացվում է պետական մարմինների կողմից և (կամ) վերջիններիս անունից և (կամ) որի համար հիմնական պատասխանատվությունը կրում է պետական մարմինը, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի ցանկացած ծառայություն կամ գործունեություն.

9) հասանելիության վճարներ` հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող պարբերական վճարումներ, որոնք հիմնված են ՊՄԳ պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշներին (Key Performance Indicators, KPI) համապատասխանող հանրային ենթակառուցվածքի հասանելիության վրա.

10) մասնավոր գործընկեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստեղծված և գործող մասնավոր իրավաբանական անձ, որի հետ հանրային գործընկերը կնքել է ՊՄԳ պայմանագիր, կամ որը սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված կարգով փոխարինում է պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձին.

11) պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանում կամ ՊՄԳ ստորաբաժանում` Կառավարության սահմանած միավոր, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները.

12) ՊՄԳ` պետություն-մասնավոր գործընկերություն.

13) ՊՄԳ ծրագիր` ծրագիր, որը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված չափանիշներին համապատասխանող` ՊՄԳ պայմանագրի վրա հիմնված համագործակցային փոխհարաբերություններ հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև.

14) ՊՄԳ ընթացակարգեր` ՊՄԳ ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգեր և կանոններ, որոնք սահմանվում են Կառավարության որոշմամբ.

15) ՊՄԳ պայմանագիր` ՊՄԳ ծրագրի իրականացման նպատակով հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև` սույն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր, այդ թվում` կոնցեսիայի.

16) ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների` Կառավարության կողմից սահմանվող ընդհանուր առավելագույն սահմանաչափ: Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը սահմանում է Կառավարությունը.

17) կոնսորցիում` հայտատու իրավաբանական անձինք, որոնք մրցույթին մասնակցում են համատեղ գործունեության կարգով.

18) վարկատու` մասնավոր ֆինանսական կազմակերպություն, որը ՊՄԳ պայմանագրի առնչությամբ մասնավոր գործընկերոջը տրամադրում է վարկ.

19) վերջնական սպառողներ` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ներառյալ` օգտագործողներ, գնորդներ, սպառողներ, որոնց մասնավոր գործընկերը, ՊՄԳ պայմանագրի պայմանների համաձայն, մատուցում է հանրային ծառայություններ կամ մատակարարում հասարակական հետաքրքրություն կամ շահ ներկայացնող ապրանքներ.

20) տնտեսական շահութաբերության ներքին դրույք (Economic Internal Rate of Return, EIRR)` տնտեսական պլանավորման համար օգտագործվող չափիչ` պոտենցիալ ներդրումների հասարակության համար զուտ օգուտները գնահատելու համար: Տնտեսական շահութաբերության ներքին դրույքը զեղչման այն դրույքն է, որի դեպքում գնահատվող ծրագրի բոլոր տնտեսական օգուտների և ծախսերի զուտ ներկա արժեքը հավասարվում է զրոյի.

21) ֆինանսական շահութաբերության ներքին դրույք (Financial Internal Rate of Return, FIRR)` կապիտալ բյուջետավորման համար օգտագործվող չափիչ` պոտենցիալ ներդրումների շահութաբերությունը գնահատելու համար: Ֆինանսական շահութաբերության ներքին դրույքը զեղչման այն դրույքն է, որի դեպքում գնահատվող ծրագրի ֆինանսական եկամուտների և ծախսերի զուտ դրամական հոսքերի զուտ ներկա արժեքը հավասարվում է զրոյի.

22) ուղիղ պայմանագիր` հանրային գործընկերոջ, մասնավոր գործընկերոջ և վարկատու(ներ)ի միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են այն պայմանները, որոնց հիման վրա վարկատուները կարող են իրավասու լինել իրականացնելու միջամտության իրավունքները.

23) փողի դիմաց արժեք (value for money) կամ ՓդԱ (VfM)` համանման կամ համեմատելի հանրային ենթակառուցվածք կամ հանրային ծառայություն ապահովող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով իրականացված լավագույն նմանատիպ ծրագրի արժեքի և գնահատվող ծրագրի իրականացման ծախսերի տարբերություն, որի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգերով.

i

24) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգեր` «Գնումների մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրերի նկատմամբ կիրառելի ընթացակարգեր.

25) քաղաքականություն մշակող մարմին` ՊՄԳ քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմին.

26) ֆիսկալ առումով մատչելի (fiscally affordable)` ՊՄԳ ծրագիրը չի հանգեցնում Կառավարության սահմանած ընդհանուր պայմանական պարտավորությունների առավելագույն սահմանաչափի գերազանցմանը` սահմանված լինելու դեպքում:

 

Հոդված 3. ՊՄԳ նպատակները

 

1. ՊՄԳ-ի` որպես հանրային ենթակառուցվածքի և հանրային ծառայության ապահովման և կառավարման նպատակները ներառում են`

1) հանրային ենթակառուցվածքների կենսապարբերաշրջանի ընթացքում անհրաժեշտ ծախսերի կրճատում և դրանց կառուցման, բարելավման, շինարարության, շահագործման և պահպանման որակի բարելավում.

2) ակտիվի շահագործման ժամկետի ընթացքում դրա պատշաճ և ժամանակին պահպանման ապահովում.

3) հանրային ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիության բարձրացում.

4) մասնավոր հատվածի փորձից, ռեսուրսներից, տեխնոլոգիաներից, արդյունավետությունից և նորարարության հետ կապված կարողություններից բխող օգուտների ստացում.

5) հանրային ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների ոլորտում հանրության նկատմամբ հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում.

6) Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ ծրագրերի շրջանակներում ներգրավված հանրային ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի բարելավում.

7) անհրաժեշտության դեպքում նոր հանրային ենթակառուցվածքների համար ներդրումների ներգրավում:

 

Հոդված 4. ՊՄԳ ծրագրի չափանիշները

 

1. ՊՄԳ ծրագիրը պետք է համապատասխանի հետևյալ բոլոր չափանիշներին.

1) ՊՄԳ պայմանագրի համաձայն` ունենա առնվազն հինգ տարվա տևողություն, որն սկսվում է հաշվարկվել ՊՄԳ պայմանագրի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների (conditions precedent) իրականացման օրվանից.

2) միտված լինի հանրային ենթակառուցվածքի կառուցմանը և (կամ) բարելավմանը և (կամ) շահագործմանը և (կամ) տեխնիկական սպասարկմանը.

3) ապահովի հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև ռիսկերի բաշխում` համաձայն ՊՄԳ ընթացակարգերի.

4) ապահովի Հայաստանի Հանրապետության համար տնտեսական շահութաբերություն, այսինքն` ունենա տնտեսական շահութաբերության ներքին դրույք, որը կգերազանցի ՊՄԳ ընթացակարգերով սահմանված բազային դրույքը.

5) համապատասխանի Կառավարության ընդունած հանրային ներդրումների կառավարման քաղաքականությամբ սահմանված գերակայություններին.

6) լինի ֆիսկալ առումով մատչելի.

7) կիրառելիության դեպքում ունենա ՓդԱ, որը մեծ է զրոյից:

2. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման ու ֆիսկալ կայունության ապահովման խնդիրներից ելնելով` լիազոր մարմինը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացված վերլուծությամբ կարող է տալ բացասական եզրակացություն, եթե հաշվարկելուց հետո պարզվի, որ կնքվելիք պայմանագրի գծով պայմանական պարտավորությունների յուրաքանչյուր տարվա հանրագումարը պայմանագրի իրականացման ժամկետի որևէ տարում կհանգեցնի ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափի գերազանցման:

3. Որոշելու համար` արդյոք ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափը կգերազանցվի, հաշվի է առնվում հետևյալը.

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի համաձայն իրականացվող ՊՄԳ ծրագրերը.

2) ՊՄԳ ծրագրերը, որոնց վերաբերյալ ընդունվել է մրցույթ անցկացնելու մասին որոշում, եթե տվյալ մրցույթն անցկացվելու է ընթացիկ ֆինանսական տարում:

 

Հոդված 5. ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայության ոլորտները

 

1. Կառավարության որոշմամբ սահմանվում են ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները, որոնք պետք է համապատասխանեն Կառավարության ընդունած` հանրային ներդրումների կառավարման քաղաքականությամբ սահմանված գերակայություններին:

 

ԳԼՈՒԽ 2
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 6. Քաղաքականություն մշակող մարմինը

 

1. ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը`

1) իրականացնում է ՊՄԳ քաղաքականության մշակման աշխատանքներ.

2) իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման, տարածման և մասնավոր գործընկերոջ ներգրավման գործառույթներ.

3) ապահովում է ՊՄԳ ընթացակարգերի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մշակումը.

4) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 7. Լիազոր մարմինը

 

1. ՊՄԳ ոլորտում լիազոր մարմինը`

1) իրականացնում է ՊՄԳ պայմանագրով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն.

2) ՊՄԳ ծրագրերը ենթարկում է ընթացիկ մշտադիտարկման` պայմանական պարտավորությունների տեսանկյունից.

3) կատարում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերլուծություն.

4) տրամադրում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը.

5) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 8. ՊՄԳ ստորաբաժանումը

 

1. ՊՄԳ ստորաբաժանումը`

1) ՊՄԳ ծրագրերի պատրաստման և իրականացման ոլորտում հանրային գործընկերներին և իրավասու մարմիններին ցուցաբերում է վարչական, մեթոդաբանական, փորձագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ տեսակի աջակցություն.

2) հանրային գործընկերների և իրավասու մարմինների համար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ և նրանց կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ.

3) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 9. Իրավասու մարմինը

 

1. Իրավասու մարմինը`

1) վերհանում է ՊՄԳ ծրագրերը և պատրաստում ՊՄԳ ծրագրերի նախագծերը.

2) Կառավարություն է ներկայացնում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման, իրականացվող ՊՄԳ ծրագրի փոփոխության, ՊՄԳ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ որոշման նախագիծ.

3) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերին համապատասխան` կազմակերպում է մրցույթ.

4) ՊՄԳ պայմանագիր է կնքում մրցույթում հաղթած մասնակցի հետ.

5) իրականացնում է ՊՄԳ ծրագրի մշտադիտարկումը և վերահսկողությունը:

 

Հոդված 10. ՊՄԳ ծրագրերի պատրաստումը

 

1. ՊՄԳ ծրագրեր կարող է պատրաստել իրավասու մարմինը ՊՄԳ ծրագրի նախագծի ձևաչափով:

2. Իրավասու մարմինը վերհանում է ՊՄԳ ծրագրերը և պատրաստում է ՊՄԳ ծրագրերի նախագծերը` ՊՄԳ ընթացակարգերում նախատեսված չափանիշներին և սկզբունքներին համապատասխան:

3. ՊՄԳ ծրագրերի նախագիծը պետք է պարունակի ՊՄԳ ծրագրի` սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին համապատասխանության հիմնավորումը:

4. ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված դեպքերում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստումը պետք է հաստատվի Կառավարության որոշմամբ:

 

Հոդված 11. ՊՄԳ ծրագրերի նախագծի վերլուծությունը

 

1. ՊՄԳ ծրագրի նախագիծը վերլուծության է ենթարկում լիազոր մարմինը, որից հետո լիազոր մարմինը եզրակացություն է տալիս ՊՄԳ ծրագրի` սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 2-րդ մասով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ:

 

Հոդված 12. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացումը

 

1. ՊՄԳ ծրագրի նախագծի հիման վրա Կառավարությունն ընդունում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշում:

2. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ հաստատվում է ՊՄԳ պայմանագրի նախագիծը` սույն օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն, ինչպես նաև հաստատվում են տվյալ ծրագրի իրականացմանը վերաբերող դրույթներ:

Հոդված 13. ՊՄԳ ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը

 

1. ՊՄԳ ծրագրերի, դրանց պատրաստման և իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է www.procurement.am, ինչպես նաև ՊՄԳ ստորաբաժանման պաշտոնական ինտերնետային կայքերում: Կառավարությունը կարող է սահմանել նման հրապարակման հետ կապված պահանջները:

2. ՊՄԳ ծրագրերի, դրանց պատրաստման և իրականացման վերաբերյալ այն տեղեկատվությունը, որի հրապարակումը սահմանափակվում է օրենքներով, ենթակա չէ հրապարակման:

 

ԳԼՈՒԽ 3
ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 14. Մասնավոր գործընկերոջ ընտրության կարգը

 

1. Իրավասու մարմինը մասնավոր գործընկերոջ ընտրությունը կատարում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերին համապատասխան:

 

Հոդված 15. ՊՄԳ պայմանագրի կնքումը

 

1. Իրավասու մարմինը մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի (կամ նրա հիմնադրած իրավաբանական անձի) հետ կնքում է ՊՄԳ պայմանագիր` հանրային գործընկեր դառնալու նպատակով: Իրավասու մարմինն իրավունք ունի լիազորելու պետական և (կամ) համայնքային կազմակերպություններին և (կամ) այլ իրավաբանական անձանց` կազմակերպելու մրցույթը և հանդես գալու որպես ՊՄԳ պայմանագրի երրորդ կողմ:

2. Եթե ՊՄԳ պայմանագիրը կնքվում է մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի հիմնադրած իրավաբանական անձի հետ, ապա այդպիսի իրավաբանական անձը պետք է բավարարի մրցույթի ընթացակարգերի պայմանները:

3. Եթե հաղթող հայտատուն հանդիսանում է իրավաբանական անձանց կոնսորցիում, ապա հայտում ներառվում է նաև կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը: Այդ կառուցվածքը չի կարող փոխվել ՊՄԳ պայմանագրի ստորագրման պահին: ՊՄԳ պայմանագրի ստորագրումից հետո կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքի յուրաքանչյուր փոփոխություն հաստատում է Կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետությունը կամ յուրաքանչյուր պետական կառավարման համակարգի մարմին չի կարող ունենալ որևէ բաժնեմասնակցություն մասնավոր գործընկեր հանդիսացող կազմակերպությունում:

 

ԳԼՈՒԽ 4
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Հոդված 16. ՊՄԳ պայմանագրերի հիմնական տեղեկությունները և պայմանները

 

1. ՊՄԳ պայմանագիրը պետք է առնվազն ներառի հետևյալ տեղեկություններն ու պայմանները.

1) ՊՄԳ պայմանագրի կողմերը.

2) կողմերի իրավունքները և պարտավորությունները.

3) ՊՄԳ ծրագրի ռիսկերը և այդ ռիսկերի բաշխումը հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև.

4) ՊՄԳ պայմանագրի առարկան, այդ թվում` իրականացվող աշխատանքների շրջանակը, ՊՄԳ ծրագրի բաղադրիչները և բովանդակությունը և հանրային ենթակառուցվածքին ու հանրային ծառայություններին ներկայացվող այլ պահանջներ.

5) ՊՄԳ պայմանագրի համաձայն` փոխանցվող կամ կառուցվող և (կամ) բարելավվող և (կամ) զարգացվող և (կամ) շահագործվող և (կամ) սպասարկվող հանրային ենթակառուցվածքի և այլ գույքի նկարագրությունը, ներառյալ` տեխնիկական և տնտեսական բնութագրերը, դրանց նշանակությունը և օգտագործման ժամկետ(ներ)ը (առկայության դեպքում).

6) համապատասխան ենթակառուցվածքի կամ ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդգրկված այլ գույքի նկատմամբ կողմերի իրավունքների (առկայության դեպքում) բաշխումը, ինչպես նաև դրանց փոխանցման կարգը.

7) ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող հողամասերի (անհրաժեշտության դեպքում) տրամադրման կարգը և պայմանները, ինչպես նաև դրանց վիճակի նկարագրությունը.

8) մասնավոր գործընկերոջ կողմից մատակարարվող ապրանքների, կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների գների (սակագների) սահմանման և փոփոխման կամ դրանց առնչվող պայմանները.

9) ՊՄԳ պայմանագրի գործողության ժամկետը և (կամ) դրա որոշման կարգը.

10) մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը տրամադրվող ապահովվածության տեսակները (առկայության դեպքում) և հիմնական պայմանները.

11) մասնավոր գործընկերոջը կատարվող` արդյունքի վրա հիմնված վճարումների, հասանելիության վճարների և (կամ) այլ վճարների (առկայության դեպքում) բնույթը.

12) ՊՄԳ պայմանագրում փոփոխություններ կատարելու կարգը.

13) մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը կատարվող բոլոր վճարումների (առկայության դեպքում) բնույթը.

14) ՊՄԳ պայմանագրի դադարեցման, այդ թվում` միակողմանի, հիմքերը, ընթացակարգերը և հանգամանքները, ներառյալ` վարկատուի միջամտության իրավունքները և պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմաց փոխհատուցման հաշվարկի կարգը.

15) մասնավոր գործընկերոջ կողմից կատարվող ներդրումների (առկայության դեպքում) նվազագույն ծավալը:

 

Հոդված 17. ՊՄԳ պայմանագրերի պայմանների փոփոխությունը

 

1. ՊՄԳ պայմանագրի պայմանները, այդ թվում` ՊՄԳ պայմանագրի ժամկետը, կարող են փոփոխվել, եթե նման փոփոխություն կատարելու հնարավորությունը հստակ և ուղղակի դրույթով նախատեսված է ՊՄԳ պայմանագրով: Այդ դրույթը սահմանում է հնարավոր փոփոխությունների շրջանակը, բնույթը և կատարման կարգը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում այդ հնարավորությունը կարող է օգտագործվել:

2. ՊՄԳ պայմանագիրը ներառում է սույն հոդվածի 1-ին մասի կիրառման հիմքով Կառավարության որոշմամբ ՊՄԳ պայմանագիրը միակողմանիորեն փոփոխելու, ինչպես նաև տվյալ հանրային ենթակառուցվածքին կամ հանրային ծառայությանն ուղղակիորեն վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության հետևանքով մասնավոր գործընկերոջ կրած վնասների հատուցման կարգը և պայմանները:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փոփոխությունը կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ`

1) լիազոր մարմնի կողմից այդ փոփոխության վերաբերյալ տրված` սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը դրական է.

2) ՊՄԳ ծրագիրը շարունակում է համապատասխանել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին:

 

Հոդված 18. ՊՄԳ ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավված հանրային ենթակառուցվածքը և դրան առնչվող այլ գույքը

 

1. ՊՄԳ պայմանագրի` ենթակառուցվածքի և դրան առնչվող այլ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող կողմերն անհրաժեշտության դեպքում իրավասու են մյուս կողմին փոխանցելու այդ իրավունքները, ներառյալ` հողամասերի և այլ անշարժ և շարժական գույքի նկատմամբ սեփականության և (կամ) օգտագործման իրավունքները, ինչպես նաև այլ գույքային իրավունքներ` ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան ՊՄԳ ծրագիրն իրականացնելու համար:

2. ՊՄԳ պայմանագիրը կարող է նախատեսել մասնավոր գործընկերոջ իրավունքը` գույքի (գույքային իրավունքների) նկատմամբ իրավունքների փոխանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ երրորդ կողմերին փոխանցելու հանրային ենթակառուցվածքի և դրան առնչվող գույքի նկատմամբ իր բոլոր իրավունքները կամ դրանց մի մասն այնպիսի ժամկետով, որը չի գերազանցում ՊՄԳ պայմանագրով սահմանված` մասնավոր գործընկերոջ համապատասխան իրավունքի ժամկետը: Հանրային ենթակառուցվածքի և դրան առնչվող գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման ժամկետը չի կարող երկարաձգվել` անկախ ՊՄԳ պայմանագրի ժամկետի երկարաձգման իրավունքի առկայությունից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքների փոխանցումը վավեր է միայն հանրային գործընկերոջ կողմից հաստատվելուց հետո:

4. Սույն հոդվածով նախատեսված իրավունքների փոխանցումն անվավեր է այդպիսի փոխանցման կատարման պահից, եթե այն հանգեցնում է ՊՄԳ պայմանագրի ժամկետի գերազանցմանը:

 

Հոդված 19. Հողամասերի տրամադրումը

 

1. ՊՄԳ պայմանագրով նախատեսված դեպքերում հանրային գործընկերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապահովի ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող հողամասերի տրամադրումը մասնավոր գործընկերոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հողամասերը մասնավոր գործընկերոջ սեփականության կամ տիրապետման ներքո են:

2. Հողամասերը կարող են տրամադրվել առանց այդ նպատակով լրացուցիչ մրցույթի անցկացման` առք ու վաճառքի, վարձակալության, հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրի, սերվիտուտի կամ ցանկացած այլ գործարքի հիման վրա, որը թույլ կտա մասնավոր գործընկերոջը կատարել ՊՄԳ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները:

3. ՊՄԳ պայմանագիրը նախատեսում է հանրային գործընկերոջ կողմից հողամասերը կամ դրանց նկատմամբ անհրաժեշտ իրավունքները մասնավոր գործընկերոջը` ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով չտրամադրելու հետևանքները:

 

Հոդված 20. ՊՄԳ պայմանագրի կողմերի պատասխանատվությունը

 

1. Կողմերից որևէ մեկի կողմից պարտականությունների (ներառյալ` կատարողականի պահանջների, երաշխիքների և այլ պարտավորությունների) խախտումը կարող է հանգեցնել օրենքով կամ ՊՄԳ պայմանագրով սահմանված պատասխանատվության: ՊՄԳ պայմանագրում կարող է ներառվել պատասխանատվության` օրենքով չարգելված ցանկացած միջոց:

 

Հոդված 21. Միջամտության իրավունքները: ՊՄԳ պայմանագրի կողմերի փոխարինումը

 

1. ՊՄԳ պայմանագրով կարող է սահմանվել, որ որոշակի հատուկ հանգամանքներում և ուղիղ պայմանագրի և (կամ) դրան առնչվող պայմանագրերի պայմանների համաձայն, հանրային գործընկերը կամ վարկատուն (վարկատուները) կարող են իրականացնել իրենց միջամտության իրավունքը: Այդ դեպքում համապատասխան հանրային ենթակառուցվածքի շահագործումը և (կամ) հանրային ծառայությունների մատուցումը` ենթակառուցվածքի արդյունավետ աշխատանքը և (կամ) ծառայությունների արդյունավետ մատուցումը և տվյալ ծրագրի շարունակական գործողությունն ապահովելու նպատակով կարող է(են) ժամանակավորապես ստանձնել հանրային գործընկերը կամ վարկատուի (վարկատուների) նշանակած այլ իրավաբանական անձ (անձինք): Նման միջամտության ծախսերը կրում է ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով սահմանված կողմը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում մասնավոր գործընկերոջը կարող է(են) ժամանակավորապես (ամբողջությամբ կամ մասամբ) փոխարինել հանրային գործընկերը կամ վարկատուի (վարկատուների) կողմից նշանակված իրավաբանական անձը (անձինք)` յուրաքանչյուր դեպքում առաջնորդվելով ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով ավելի հստակ սահմանված կարգով և դրանց համապատասխան պայմանների համաձայն:

3. Եթե ուղիղ պայմանագրի հիման վրա մասնավոր գործընկերը ժամանակավորապես փոխարինվում է հանրային գործընկերոջով, ապա մասնավոր գործընկերոջ պարտքի փոխանցում Կառավարությանը չի կարող իրականացվել:

4. Ցանկացած փոխարինող մասնավոր գործընկեր պետք է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով համապատասխանի իր կողմից իրականացվելիք աշխատանքների և (կամ) մատուցվելիք ծառայությունների հետ կապված որակավորման և այլ էական բոլոր պահանջներին (այդ թվում` ունենա Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիա և (կամ) թույլտվություն), որոնց հիման վրա ՊՄԳ պայմանագիր է կնքվել սկզբնական մասնավոր գործընկերոջ հետ:

5. Մասնավոր գործընկերոջ փոխարինման կարգը և դրա նկատմամբ կիրառելի պայմանները սահմանվում են համապատասխան ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով: Մասնավոր գործընկերոջ մշտական փոխարինման դեպքում հանրային գործընկերը կազմակերպում է նոր մասնավոր գործընկերոջ ընտրության համար լրացուցիչ մրցույթ: Մասնավոր գործընկերոջ ժամանակավոր փոխարինման դեպքում լրացուցիչ մրցույթի անհրաժեշտություն չկա:

 

ԳԼՈՒԽ 5
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 22. Մասնավոր գործընկերոջ իրավունքների երաշխիքները

 

1. Հանրային գործընկերը և մասնավոր գործընկերը ՊՄԳ պայմանագրի հավասար կողմեր են:

2. Եթե մասնավոր գործընկերը վաճառում է ապրանքներ, իրականացնում է աշխատանքներ կամ մատուցում է ծառայություններ կարգավորվող գներով (սակագներով), և այդ գները (սակագները) կարգավորող մարմինները մասնավոր գործընկերոջ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար սահմանում են այնպիսի գներ (սակագներ), որոնք չեն ապահովում ՊՄԳ պայմանագրի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կատարած` տնտեսապես հիմնավորված ներդրումների հատուցումը, ապա հանրային գործընկերը, ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան, կարող է մասնավոր գործընկերոջը փոխհատուցել հատուցման համար չբավարարող գումարը: ՊՄԳ ընթացակարգերով կարող են սահմանվել փոխհատուցման վերաբերյալ մեթոդաբանական հանձնարարականներ, ուղեցույցներ, ինչպես նաև փոխհատուցման չափանիշներ, կանոններ կամ սահմանափակումներ:

3. Հանրային գործընկերը կարող է մասնավոր գործընկերոջը շնորհել ՊՄԳ պայմանագրով սահմանված գործունեությունն իրականացնելու բացառիկ իրավունքներ` ՊՄԳ ծրագրի տեխնիկական և ֆինանսական կենսունակությունն ապահովելու նպատակով, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

Հոդված 23. Երաշխիքներ վարկատուների համար

 

1. Ուղիղ պայմանագրով վարկատուների համար կարող են նախատեսվել այնպիսի իրավունքներ և երաշխիքներ, որոնք պայմանագրի կողմերը նպատակահարմար են գտնում:

2. Ուղիղ պայմանագրով կարող են մանրամասն սահմանվել սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված` մասնավոր գործընկերոջ փոխարինման` վարկատուների իրավունքները, մասնավորապես այն, որ հանրային գործընկերոջ կողմից առաջարկվող մասնավոր գործընկերոջ փոխարինումը չի կարող իրականացվել առանց վարկատուի հաստատման, կամ վարկատուների կողմից առաջարկվող այդպիսի փոխարինումը չի կարող իրականացվել առանց հանրային գործընկերոջ հաստատման:

3. Ուղիղ պայմանագիրը կարող է նախատեսել վարկատուների միջամտության իրավունքները, ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ նրանց տեղեկատվության տրամադրման հետ կապված պայմանագրի կողմերի պարտավորությունները, ՊՄԳ պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում` վարկատուների փոխհատուցման վերաբերյալ դրույթները և կողմերի միջև համաձայնեցված այլ դրույթներ:

4. Ուղիղ պայմանագրով կարող է սահմանվել դրանով նախատեսված որոշակի դեպքերում մասնավոր գործընկերոջ փոխարեն ուղղակիորեն վարկատուներին պայմանագրային վճարումներ կատարելու հանրային գործընկերոջ պարտականությունը:

5. Ուղիղ պայմանագիր կնքելու նպատակով հանրային գործընկերը մրցույթ չի կազմակերպում, եթե այն կնքում է մասնավոր գործընկերոջ և վարկատուի հետ:

6. ՊՄԳ պայմանագիրը կարող է նախատեսել մասնավոր գործընկերոջ պարտավորությունը` վարկատուներին տրամադրել իր պարտավորությունների յուրաքանչյուր տեսակի ապահովում (կապված ՊՄԳ ծրագրում ներգրավված ակտիվների, ՊՄԳ պայմանագրով (և (կամ) դրան առնչվող փաստաթղթերով) նախատեսված իր իրավունքների և ՊՄԳ ծրագրի հետ կապված գործունեության հետ), որը չի արգելվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 6
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 24. ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան

 

1. Կառավարությունը սահմանում է բոլոր ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման և կառավարման կարգը:

2. Հանրային գործընկերը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է իր կնքած յուրաքանչյուր ՊՄԳ պայմանագրի, դրա բոլոր հավելվածների կամ լրացումների պատճենները ՊՄԳ պայմանագիրը կամ դրան համապատասխան լրացումը ստորագրելուց հետո` 20 օրվա ընթացքում:

3. ՊՄԳ ծրագրի տվյալների բազան հրապարակայնորեն հասանելի է, բացառությամբ այն տեղեկատվության, որի հրապարակումը սահմանափակվում է օրենքներով:

 

Հոդված 25. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը

 

1. Հանրային գործընկերը պատրաստում և ՊՄԳ ստորաբաժանում է ներկայացնում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն` մասնավոր գործընկերոջ ներկայացրած եզրակացության հետ:

2. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման ժամկետը սահմանում է Կառավարությունը:

3. ՊՄԳ ստորաբաժանումը կարող է պահանջել լրացուցիչ պարզաբանումներ և բացատրություններ` ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ յուրաքանչյուր հաշվետվության մասով:

4. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ յուրաքանչյուր հաշվետվություն պետք է հրապարակայնորեն հասանելի լինի:

 

ԳԼՈՒԽ 7
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

Հոդված 26. ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տեսակները

 

1. ՊՄԳ ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերներին կարող են տրամադրվել պետական աջակցության հետևյալ տեսակները.

1) դրամաշնորհներ.

2) սուբսիդիաներ.

3) ՊՄԳ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ակտիվների հատկացումներ.

4) ՊՄԳ ծրագրի շրջանակներում նվազագույն հասույթի և (կամ) վերջնական սպառողների կամ գնորդների նվազագույն քանակի երաշխիքներ և (կամ) երաշխիքների և արտոնությունների այլ տեսակներ.

5) երաշխիքներ առ այն, որ հանրային գործընկերն սպառելու կամ օգտագործելու է ՊՄԳ ծրագրի իրականացման ընթացքում արտադրված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների որոշակի ծավալ կամ մասնաբաժին.

6) վարկեր և ֆինանսավորման կամ ներդրումների այլ ձևեր.

7) ՊՄԳ ծրագրի հետ կապված որոշակի տեսակի ծախսերի և ռիսկերի փոխհատուցում (կամ դրանց համար ուղղակի պատասխանատվություն).

8) բյուջետային երաշխիքներ.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ` Կառավարության որոշմամբ:

2. ՊՄԳ ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային արտոնություններից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. ՊՄԳ ընթացակարգերով կարող են սահմանվել ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տարբեր տեսակների վերաբերյալ մեթոդաբանական հանձնարարականներ և նման աջակցություն տրամադրելու վերաբերյալ ուղեցույցներ, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառելի բոլոր չափանիշները, կանոնները կամ սահմանափակումները:

 

Հոդված 27. ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում կատարվող վճարումների տեսակները

 

1. ՊՄԳ պայմանագիրը կարող է ներառել դրույթ, համաձայն որի` հանրային գործընկերը վերջնական սպառողների կողմից կատարվող վճարումներից և (կամ) արդյունքի վրա հիմնված վճարումներից բացի կամ դրանց փոխարեն մասնավոր գործընկերոջը վճարում է հասանելիության վճարներ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ հատուցումներ` պայմանագրով սահմանված պայմաններով:

2. Մասնավոր գործընկերն իրավունք ունի ՊՄԳ պայմանագրի շրջանակներում իր գործունեությունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստանալու շահույթ և տնօրինելու այդ շահույթը:

3. ՊՄԳ պայմանագրով կարող են նախատեսվել մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը կատարվող վճարումներ (մասնավոր գործընկերոջ վճարի կամ այլ ձևով), որոնք կարող են լինել պարբերական հիմունքով հաստատագրված գումարի կամ միանվագ գումարի, կամ մասնավոր գործընկերոջ կողմից, ՊՄԳ պայմանագրի համաձայն, իրականացվող գործունեությունից ստացվելիք ցանկացած հասույթի սահմանված մասնաբաժնի ձևով կամ մասնավոր գործընկերոջը պատկանող գույքը հանրային գործընկերոջը սեփականության իրավունքով փոխանցելու ձևով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով: ՊՄԳ պայմանագրով կարող է նախատեսվել նաև մասնավոր գործընկերոջ վճարի տարբեր ձևերի համադրություն:

4. ՊՄԳ պայմանագրով կարող է նախատեսվել սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված վճարումների ձևերից յուրաքանչյուրի կամ բոլորի համադրությունը:

 

ԳԼՈՒԽ 8
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 28. Վեճերի լուծումը

 

1. ՊՄԳ պայմանագրից, ուղիղ պայմանագրից կամ ՊՄԳ ծրագրի հետ կապված յուրաքանչյուր այլ պայմանագրից ծագող ցանկացած վեճ լուծվում է համապատասխան պայմանագրով և (կամ) Հայաստանի Հանրապետության վավերացրած` ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում կողմերի միջև համաձայնեցված` վեճերի լուծման կարգով:

2. ՊՄԳ պայմանագրի կողմերը կարող են ազատորեն ընտրել վեճերի լուծման մեխանիզմը, ներառյալ` հաշտարարությունը, իրավական պարտադիր ուժ ունեցող կամ չունեցող փորձագիտական գնահատումը կամ եզրակացությունը, ազգային կամ միջազգային առևտրային արբիտրաժը կամ ներդրումային արբիտրաժը, ինչպես նաև նման վեճերի լուծման ընթացակարգային կանոնները:

3. ՊՄԳ պայմանագրից, ուղիղ պայմանագրից կամ ՊՄԳ ծրագրին վերաբերող ցանկացած այլ պայմանագրից ծագող վեճերի մասով հանրային գործընկերը չի կարող ունենալ որևէ պետական կամ ինքնիշխան անձեռնմխելիություն:

 

ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 30. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հանրային և մասնավոր գործընկերների միջև կնքված ՊՄԳ պայմանագրերի և ՊՄԳ ծրագրերի մասով հայտարարված մրցույթների վրա:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 7-րդ կետերով, 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ հոդվածի, 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հուլիսի 16
Երևան
ՀՕ-113-Ն

 

 

pin
ՀՀ 28.06.2019
N ՀՕ-113-Ն օրենք