Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. ԱՌԵՎՏՐԻ ՏԵ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԱՌԵՎՏՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Անդամները,

հաշվի առնելով, Առևտրի բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլը,

ցանկանալով նպաստել ՄԱԳՀ-1994-ի նպատակների իրականացմանը,

ընդունելով այն կարևոր ներդրումը, որ այս կապակցությամբ կարող են ունենալ միջազգային ստանդարտներն ու համապատասխանության հավաստման համակարգերը` բարձրացնելով արտադրության արդյունավետությունն ու դյուրինացնելով միջազգային առևտրի ընթացքը,

այնուհանդերձ, ցանկանալով խրախուսել այդպիսի միջազգային ստանդարտների և համապատասխանության հավաստման համակարգերի զարգացումը,

ցանկանալով, այնուամենայնիվ, ապահովել, որ տեխնիկական կանոնակարգերն ու ստանդարտները, ներառյալ` փաթեթավորումը, մակնշման ու պիտակավորման պահանջները, և տեխնիկական կանոնակարգերին ու ստանդարտներին համապատասխանության հավաստման ընթացակարգերը անհիմն խոչընդոտներ չստեղծեն միջազգային առևտրի համար,

ընդունելով, որ ոչ մի երկրի չպետք է արգելվի միջոցներ ձեռնարկել իր արտահանումների որակի ապահովման կամ առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության կամ շփոթեցնող գործելակերպերի վրա, որն այդ երկիրն անհրաժեշտ է համարում, հաշվի առնելով այն պահանջը, որ դրանք չկիրառվեն այնպես, որ կամայական կամ չարդարացված խտրականություն դրվի միևնույն պայմաններում գտնվող երկրների միջև կամ քողարկված կերպով սահմանափակվի միջազգային առևտուրը, և այլ առումներով համապատասխան սույն Համաձայնագրի դրույթներին,

ընդունելով, որ ոչ մի երկրի չպետք է արգելվի միջոցներ ձեռնարկել իր անվտանգության կարևոր շահերի պաշտպանության համար,

ընդունելով այն ներդրումը, որ միջազգային ստանդարտացումը կարող է ունենալ զարգացած երկրներից զարգացող երկրներ տեխնոլոգիաների փոխանցման հարցում,

ընդունելով, որ զարգացող երկրները կարող են առանձնահատուկ դժվարություններ ունենալ տեխնիկական կանոնակարգեր ու ստանդարտներ ու տեխնիկական կանոնակարգերին և ստանդարտներին համապատասխանության հավաստման ընթացակարգեր մշակելիս ու կիրառելիս, և ցանկանալով աջակցել նրանց ջանքերին այս առնչությամբ,

սույնով համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Ստանդարտացման ու համապատասխանության հավաստման ընթացակարգերին վերաբերող հիմնական հասկացությունները պետք է սովորաբար ունենան այն իմաստները, որոնք դրանց տրվել են Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ընդունված սահմանումներով և միջազգային ստանդարտացման մարմինների կողմից հաշվի առնելով դրանց բովանդակությունն ու ելնելով սույն Համաձայնագրի առարկայից և նպատակից:

1.2 Այնուամենայնիվ, սույն Համաձայնագրի նպատակներով կիրառվում են 1-ին Հավելվածում հասկացություններին տրված իմաստները:

1.3 Բոլոր արտադրանքները, ներառյալ արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքները ենթակա են սույն Համաձայնագրի դրույթներին:

1.4 Կառավարական մարմինների մշակած գնումների առանձնահատկությունները կառավարական մարմինների արտադրության ու սպառման նկատմամբ պահանջների համար, ենթակա չեն սույն Համաձայնագրի դրույթներին, այլ կարգավորվում են Պետական գնումների մասին համաձայնագրով դրա ընդգրկմանը համապատասխան:

1.5 Սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին համաձայնագրի և Հավելվածով սահմանված սանիտարական և բուսասանիտարական միջոցների նկատմամբ:

1.6 Համարվում է, որ սույն Համաձայնագրում տեխնիկական կանոնակարգերին, ստանդարտներին ու համապատասխանության հավաստման ընթացակարգերին արված բոլոր հղումները ներառում են դրանց ցանկացած փոփոխություններն ու դրանցով սահմանված կանոնների կամ ընդգրկված արտադրանքների ցանկացած լրացումները, բացառությամբ աննշան բնույթի փոփոխություններն ու լրացումները:

 

Տեխնիկական կանոնակարգեր և ստանդարտներ

 

ՀՈԴՎԱԾ 2
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՈՒ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Իրենց կառավարման կենտրոնական մարմինների հետ կապված

 

2.1 Անդամներն ապահովում են, որ, տեխնիկական կանոնակարգերի հետ կապված` ցանկացած Անդամի տարածքից ներմուծված արտադրանքների նկատմամբ ցուցաբերվի ոչ պակաս բարենպաստ մոտեցում, քան այն, որ ցուցաբերվում է տեղական ծագում ունեցող նման արտադրանքների և ցանկացած այլ երկրում ծագող նման արտադրանքների նկատմամբ:

2.2 Անդամներն ապահովում են, որ տեխնիկական կանոնակարգերը չպատրաստվեն, չընդունվեն կամ չկիրառվեն միջազգային առևտրի համար անհիմն խոչընդոտներ ստեղծելու նպատակով կամ այնպես, որ բերեն դրանց ստեղծմանը: Այդ նպատակով, տեխնիկական կանոնակարգերը չպետք է առևտուրն ավելի խիստ սահմանափակեն, քան դա անհրաժեշտ է օրինական նպատակն իրագործելու համար` հաշվի առնելով այն վտանգները որոնք կարող են ստեղծվել չիրագործման հետևանքով: Այդպիսի օրինական նպատակներ են, այլոց թվում` ազգային անվտանգության պահանջները, շփոթեցնող գործելակերպի կանխարգելումը, մարդու առողջության կամ անվտանգության, կենդանիների կամ բույսերի կյանքի կամ առողջության կամ շրջակա միջավայրի պաշտպանությունը: Այդպիսի վտանգները գնահատելիս քննարկման ենթակա գործին առնչվող տարրեր են, այլոց թվում` առկա գիտական և տեխնիկական տեղեկությունները, գործին առնչվող մշակման տեխնոլոգիաները կամ արտադրանքի նախատեսված վերջնական օգտագործումը:

2.3 Տեխնիկական կանոնակարգերը չեն պահպանվում, եթե դրանց ընդունմանը հանգեցնող հանգամանքները կամ նպատակներն այլևս գոյություն չունեն, կամ եթե փոխված հանգամանքները կամ նպատակները կարելի է կարգավորել առևտուրը պակաս սահմանափակող եղանակով:

2.4 Եթե տեխնիկական կանոնակարգեր են պահանջում ու գոյություն ունեն համապատասխան միջազգային ստանդարտներ, կամ դրանք շուտով պատրաստ կլինեն, ապա Անդամները դրանք կամ դրանց համապատասխան մասերն օգտագործում են որպես հիմք իրենց տեխնիկական կանոնակարգերի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջազգային ստանդարտները կամ համապատասխան մասերն անարդյունավետ և անհամապատասխան միջոց կլինեն հետապնդվող օրինական նպատակների իրականացման համար, օրինակ հիմնական կլիմայական կամ աշխարհագրական գործոնների կամ հիմնական տեխնոլոգիական խնդիրների համար:

2.5 Որևէ Անդամ, որը պատրաստում, ընդունում կամ կիրառում է տեխնիկական կանոնակարգ, որը կարող է այլ Անդամների առևտրի վրա նշանակալի ազդեցություն ունենալ, մեկ այլ Անդամի պահանջով այդ տեխնիկական կանոնակարգի հիմնավորման վերաբերյալ բացատրություն է տալիս 2-ից 4-րդ կետերի դրույթների առումով: Եթե տեխնիկական կանոնակարգը պատրաստվում, ընդունվում կամ կիրառվում է 2-րդ կետում պարզորոշ նշված օրինական նպատակներից մեկի համար և համապատասխանում է համապատասխան միջազգային ստանդարտներին, ապա ենթադրաբար համարվում է, որ այն միջազգային առևտրի համար անհիմն խոչընդոտներ չի ստեղծում:

2.6 Նպատակ ունենալով տեխնիկական կանոնակարգերը ներդաշնակեցնել հնարավորին չափ լայն հիմքի վրա` Անդամներն իրենց ունեցած միջոցների սահմաններում լիարժեքորեն մասնակցում են համապատասխան միջազգային ստանդարտացման մարմինների կողմից այն արտադրանքների համար ստանդարտների պատրաստմանը, որոնց համար նրանք տեխնիկական կանոնակարգեր են ընդունել կամ ակնկալում են ընդունել:

2.7 Անդամները դրականորեն են վերաբերում այլ Անդամների տեխնիկական կանոնակարգերի` որպես համարժեք ընդունմանը, անգամ եթե այդ կանոնակարգերը տարբերվում են իրենց սեփական կանոնակարգերից, պայմանով, որ նրանք համոզվեն, որ այդ կանոնակարգերը բավարար չափով իրականացնում են իրենց սեփական կանոնակարգերի նպատակները:

2.8 Երբ նպատակահարմար է, Անդամները տեխնիկական կանոնակարգերը հատկորոշում են` հիմնվելով արտադրանքի նկատմամբ ավելի շուտ կատարողական, քան ձևավորման կամ նկարագրական բնութագրերի առումով դրվող պահանջների վրա:

2.9 Եթե համապատասխան միջազգային ստանդարտ գոյություն չունի, կամ առաջարկվող տեխնիկական կանոնակարգի տեխնիկական բովանդակությունը համահունչ չէ համապատասխան միջազգային ստանդարտների բովանդակությանը, և եթե տեխնիկական կանոնակարգը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ այլ Անդամների առևտրի վրա, ապա Անդամները.

2.9.1 այն բանի մասին, որ իրենք առաջարկում են առանձին տեխնիկական կանոնակարգ մտցնել, ծանուցում են հրապարակում համապատասխան վաղ փուլում այնպես, որ այլ Անդամ երկրների շահագրգիռ կողմերին հնարավորություն տրվի ծանոթանալ դրա հետ,

2.9.2 Քարտուղարության միջոցով այլ Անդամներին ծանուցում են առաջարկված տեխնիկական կանոնակարգով ընդգրկված արտադրանքների մասին` ամփոփ կերպով մատնանշելով դրա նպատակն ու հիմնավորումը: Այդպիսի ծանուցումները կատարվում են համապատասխան վաղ փուլում, երբ դեռ կարելի է ուղղումներ մտցնել և մեկնաբանություններ հաշվի առնել,

2.9.3 պահանջի դեպքում այլ Անդամներին տրամադրում են առաջարկված տեխնիկական կանոնակարգի տվյալները կամ պատճենները և, երբ հնարավոր է, մատնանշում են այն մասերը, որոնք էականորեն տարբերվում են համապատասխան միջազգային ստանդարտներից,

2.9.4 առանց խտրականության, այլ Անդամներին պատշաճ ժամանակ են տրամադրում գրավոր դիտողություններ անելու համար, պահանջի դեպքում քննարկում են այդ դիտողությունները և հաշվի են առնում այդ գրավոր դիտողություններն ու այդ քննարկումների արդյունքները:

2.10 Պահպանելով 9-րդ կետի ներածական մասի դրույթները, եթե Անդամի համար անվտանգության, առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության կամ ազգային անվտանգության հրատապ խնդիրներ են ծագում, կամ վտանգ կա, որ դրանք կծագեն, ապա այդ Անդամը կարող է բաց թողնել 9-րդ կետում թվարկված քայլերից նրանք, որոնք անհրաժեշտ է համարում` պայմանով, որ տեխնիկական կանոնակարգ ընդունելիս այդ Անդամը`

2.10.1 Քարտուղարության միջոցով այլ Անդամներին անմիջապես ծանուցում է առանձին տեխնիկական կանոնակարգի և ընդգրկված արտադրանքների մասին ամփոփ կերպով մատնանշելով տեխնիկական կանոնակարգի նպատակն ու հիմնավորումը, ներառյալ` հրատապ խնդիրների բնույթը,

2.10.2 պահանջի դեպքում այլ Անդամներին տրամադրում է տեխնիկական կանոնակարգի պատճենները,

2.10.3 առանց խտրականության, այն Անդամներին թույլ է տալիս գրավոր դիտողություններ անել, պահանջի դեպքում քննարկում է այդ դիտողությունները և հաշվի է առնում այդ գրավոր դիտողություններն ու այդ քննարկումների արդյունքները:

2.11 Անդամներն ապահովում են, որ ընդունված բոլոր տեխնիկական կանոնակարգերը արագ կերպով հրապարակվեն կամ այլ կերպ մատչելի դարձվեն այնպես, որ այլ Անդամ երկրների շահագրգիռ կողմերին հնարավորություն տրվի ծանոթանալ դրանց հետ:

2.12 Բացառությամբ 10-րդ կետում նշված հրատապ հանգամանքների, Անդամները պատշաճ ժամանակահատված են թողնում տեխնիկական կանոնակարգերի հրապարակման ու դրանց` ուժի մեջ մտնելու միջև, որպեսզի արտահանող Անդամների և, հատկապես, զարգացող Անդամ երկրների արտադրողներին ժամանակ տան իրենց արտադրանքը կամ արտադրական եղանակները հարմարեցնելու ներմուծող Անդամի պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 3
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՈՒ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Իրենց տարածքներում եղած իրենց տեղական կառավարման և ոչ կառավարական մարմինների առնչությամբ.

 

3.1 Անդամները ձեռնարկում են այնպիսի համապատասխան միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրենց, որպեսզի ապահովվի այդ մարմինների կողմից 2-րդ հոդվածի դրույթների պահպանումը, բացի 2-րդ հոդվածի 9.2 և 10.1 կետերում նշված ծանուցելու պարտականությունից:

3.2 Անդամներն ապահովում են, որ Անդամների կենտրոնական կառավարությունների մակարդակից անմիջապես ցածր մակարդակի տեղական կառավարությունների տեխնիկական կանոնակարգերի մասին ծանուցվի համաձայն 2-րդ հոդվածի 9.2 և 10.1 կետերի դրույթների, ընդ որում ծանուցում չի պահանջվում տեխնիկական այն կանոնակարգերի համար, որոնց տեխնիկական բովանդակությունն ըստ էության նույնն է, ինչ տվյալ Անդամի կենտրոնական կառավարման մարմինների` նախկինում ծանուցված տեխնիկական կանոնակարգերի բովանդակությունը:

3.3 Անդամները կարող են պահանջել, որ այլ Անդամների հետ հաղորդակցությունը, ներառյալ` 2-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետերում հիշատակված ծանուցումները, տեղեկությունների տրամադրումը, դիտողություններն ու քննարկումները կատարվեն կենտրոնական կառավարության միջոցով:

3.4 Անդամները չեն ձեռնարկում այնպիսի միջոցներ, որոնք իրենց տարածքներում գտնվող տեղական կառավարման կամ ոչ կառավարական մարմիններից պահանջում են կամ դրանց խրախուսում են գործել 2-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ձևով:

3.5 Անդամները, սույն Համաձայնագրի համաձայն, ամբողջությամբ պատասխանատու են 2-րդ հոդվածի բոլոր դրույթների պահպանման համար: Անդամները մշակում և իրականացնում են դրական միջոցներ ու գործկառույցներ` կենտրոնական կառավարման մարմիններից բացի այլ մարմինների կողմից 2-րդ հոդվածի դրույթների պահպանմանն աջակցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 4
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ ՈՒ ԿԻՐԱՌՈՒՄ

 

4.1 Անդամներն ապահովում են, որ իրենց կենտրոնական կառավարման ստանդարտացման մարմիններն ընդունեն ու պահպանեն սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածի Ստանդարտների պատրաստման, ընդունման ու կիրառման բարեխիղճ գործելակերպի կանոնադրությունը (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես Բարեխիղճ գործելակերպի կանոնադրություն): Նրանք ձեռնարկում են համապատասխան այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրենց, որպեսզի ապահովեն, որ իրենց տարածքներում գտնվող տեղական կառավարման ու ոչ կառավարական ստանդարտացման մարմինները, ինչպես նաև տարածաշրջանային ստանդարտացման մարմինները, որոնց անդամ են իրենք կամ իրենց տարածքներում գտնվող մեկ կամ ավելի մարմիններ, ընդունեն ու ապահովեն այդ Բարեխիղճ գործելակերպի կանոնադրությունը: Ավելին, Անդամները չեն ձեռնարկում միջոցներ, որոնց հետևանքով այդ ստանդարտացման մարմիններից ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջվի, կամ դրանք խրախուսվեն գործել Բարեխիղճ գործելակերպի կանոնադրությանն անհամապատասխան ձևով: Անդամների պարտականությունները` կապված ստանդարտացման մարմինների կողմից Բարեխիղճ գործելակերպի կանոնադրության դրույթները պահպանելու հետ, գործում են անկախ այն բանից, թե ստանդարտացման մարմինն ընդունել է Բարեխիղճ գործելակերպի կանոնադրությունը, թե ոչ:

4.2 Ստանդարտացման այն մարմիններին, որոնք ընդունել են ու պահպանում են Բարեխիղճ գործելակերպի կանոնադրությունը, Անդամները ճանաչում են որպես սույն Համաձայնագրի սկզբունքները պահպանող:

 

Համապատասխանություն տեխնիկական կանոնակարգերին ու ստանդարտներին

 

ՀՈԴՎԱԾ 5
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

5.1 Անդամներն ապահովում են, որ այն դեպքերում, երբ պահանջվում է տեխնիկական կանոնակարգերին կամ ստանդարտներին համապատասխանության դրական երաշխավորում, նրանց կենտրոնական կառավարման մարմիններն այլ Անդամների տարածքներում ծագող արտադրանքների նկատմամբ կիրառեն հետևյալ դրույթները,

5.1.1 համապատասխանության հավաստման ընթացակարգերը պատրաստվում, ընդունվում և կիրառվում են այնպես, որ համեմատելի հանգամանքներում այլ Անդամների տարածքում ծագող նման արտադրանքների մատակարարների համար մուտքն ապահովվի ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որ շնորհվում են տեղական ծագման կամ ցանկացած այլ երկրում ծագող նման արտադրանքների մատակարարներին. մուտքով մատակարարներին, ընթացակարգի կանոնների համաձայն համապատասխանության հավաստման իրավունք է տրվում, ներառյալ` համապատասխանության հավաստման գործողությունները ձեռնարկության տարածքում կատարելու և համակարգի մակնիշը ստանալու հնարավորությունը, եթե դրանք նախատեսված են այդ ընթացակարգով,

5.1.2 համապատասխանության հավաստման ընթացակարգերը չեն պատրաստվում, ընդունվում և կիրառվում միջազգային առևտրին անհիմն խոչընդոտներ ստեղծելու նպատակով կամ այնպես, որ հանգեցնեն դրանց ստեղծմանը: Սա, այլոց թվում, նշանակում է, որ համապատասխանության հավաստման ընթացակարգերը ավելի խիստ չեն կամ չեն կիրառվում ավելի խիստ, քան անհրաժեշտ է ներմուծող Անդամին բավարար չափով վստահեցնելու, որ արտադրանքները համապատասխանում են կիրառվող տեխնիկական կանոնակարգերին կամ ստանդարտներին` հաշվի առնելով այն վտանգները, որոնք կստեղծվեին անհամապատասխանության հետևանքով:

5.2 1-ին կետի դրույթները կատարելիս Անդամներն ապահովում են, որ.

5.2.1 համապատասխանության հավաստման ընթացակարգերը ձեռնարկվեն և ավարտվեն հնարավորին չափ արագ և այլ Անդամների տարածքներում ծագող արտադրանքների համար ոչ պակաս բարենպաստ կարգով, քան տեղական նման արտադրանքների համար,

5.2.2 համապատասխանության հավաստման յուրաքանչյուր ընթացակարգի կատարման օրինաչափ ժամկետը հրապարակվի, կամ, պահանջի դեպքում, կատարման նախատեսվող ժամկետի մասին հաղորդվի դիմողին. դիմումը ստանալիս իրավասու մարմինն արագ կերպով քննի փաստաթղթերի լրիվությունն, ու ճշգրիտ ու ամբողջական կերպով դիմողին տեղեկացնի բոլոր թերությունների մասին. իրավասու մարմինը հնարավորին չափ շուտ ճշգրիտ և ամբողջական կերպով դիմորդին փոխանցի հավաստման արդյունքները այնպես, որ անհրաժեշտության դեպքում կարելի լինի ուղղումներ կատարել անգամ եթե դիմումը թերություններ ունի, իրավասու մարմինը համապատասխանության հավաստման գործընթացը շարունակի այնքան, որքան հնարավոր է, եթե դիմողն այդպես պահանջի. և դիմողը պահանջի դեպքում տեղեկացվի ընթացակարգի որ փուլում գտնվելու մասին` բացատրություն ստանալով ցանկացած հետաձգման համար,

5.2.3 տեղեկատվական պահանջները սահմանափակվեն այնքանով, ինչքան անհրաժեշտ է համապատասխանության հավաստման ու վճարների որոշման համար,

5.2.4 այլ Անդամների տարածքներում ծագող արտադրանքների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը, որն առաջանում է կամ տրամադրվում է համապատասխանության հավաստման ընթացակարգերի հետ կապված, ստանա նույն վերաբերմունքը, ինչպիսին ցույց է տրվում տեղական արտադրանքների նկատմամբ, և այնպիսի ձևով, որ պաշտպանվեն առևտրային օրինական շահերը,

5.2.5 այլ Անդամների տարածքներում ծագող արտադրանքների համապատասխանության հավաստման համար սահմանված ցանկացած վճար հավասարարժեք լինի տեղական ծագում ունեցող կամ ցանկացած այլ երկրում ծագող նման արտադրանքների համապատասխանության հավաստման համար գանձվող ցանկացած վճարին` հաշվի առնելով դիմողի ձեռնարկության ու համապատասխանության հավաստման մարմնի գտնվելու վայրի միջև եղած տարբերություններից ծագող հաղորդակցության, փոխադրման և այլ ծախքերը,

5.2.6 համապատասխանության հավաստման ընթացակարգերում օգտագործվող ձեռնարկությունների տեղակայումն ու նմուշների ընտրությունը չկատարվեն այնպես, որ անհիմն անհարմարություններ ստեղծեն դիմողների կամ նրանց գործակալների համար,

5.2.7 եթե արտադրանքի հատկանիշները փոխվեն կիրառվող տեխնիկական կանոնակարգերին կամ ստանդարտներին դրա համապատասխանության որոշումից հետո, ապա փոփոխված արտադրանքի համար համապատասխանության հավաստման ընթացակարգը սահմանափակվի այն բանով, ինչն անհրաժեշտ է որոշելու` առկա է արդյոք բավարար վստահություն առ այն, որ արտադրանքը շարունակում է համապատասխանել խնդրո առարկա տեխնիկական կանոնակարգերին կամ ստանդարտներին,

5.2.8 գոյություն ունենա համապատասխանության հավաստման ընթացակարգի գործողության վերաբերյալ բողոքների վերաքննման ու շտկումներ մտցնելու ընթացակարգ, եթե բողոքը հիմնավորված է:

5.3 1-ին և 2-րդ կետերը ոչնչով չեն արգելում Անդամներին իրենց տարածքներում հարկ եղած ստուգումներ կատարել տեղերում:

5.4 Այն դեպքերում, երբ դրական երաշխավորում է պահանջվում առ այն, որ արտադրանքները համապատասխանում են տեխնիկական կանոնակարգերին կամ ստանդարտներին, և գոյություն ունեն միջազգային ստանդարտացման մարմինների կողմից հրապարակված համապատասխան ուղեցույցներ կամ հանձնարարականներ, կամ դրանք շուտով պատրաստ կլինեն, Անդամներն ապահովում են, որ կենտրոնական կառավարման մարմինները դրանք կամ դրանց համապատասխան մասերն օգտագործեն որպես հիմք իրենց համապատասխանության հավաստման ընթացակարգերի համար, բացառությամբ` երբ, ըստ պահանջի տրված պատշաճ բացատրության համաձայն այդ ուղեցույցները կամ հանձնարարականները կամ դրանց համապատասխան մասերը աննպատակահարմար են խնդրո առարկա Անդամների համար, այլոց թվում` այնպիսի պատճառներով, ինչպիսիք են ազգային անվտանգության պահանջները, շփոթեցնող գործելակերպի կանխումը, մարդու առողջության կամ անվտանգության, կենդանիների կամ բույսերի կյանքի կամ առողջության, կամ շրջակա միջավայրի պաշտպանությունը, հիմնական կլիմայական կամ այլ աշխարհագրական գործոնները, հիմնական տեխնոլոգիական կամ ենթակառուցվածքային խնդիրները:

5.5 Համապատասխանության հավաստման ընթացակարգերը հնարավորին չափ ընդարձակ հիմքի վրա ներդաշնակեցնելու նպատակով Անդամներն իրենց հնարավորությունների սահմաններում առավելագույնս մասնակցում են համապատասխան միջազգային ստանդարտացման մարմինների կողմից համապատասխանության հավաստման ընթացակարգերի համար ուղեցույցների և հանձնարարականների պատրաստման գործին:

5.6 Եթե գոյություն չունի միջազգային ստանդարտացման մարմնի կողմից հրապարակված համապատասխան ուղեցույց կամ հանձնարարական, կամ առաջարկվող համապատասխանության հավաստման ընթացակարգի տեխնիկական բովանդակությունը չի համապատասխանում համապատասխան միջազգային ստանդարտացման մարմինների հրապարակած ուղեցույցներին կամ հանձնարարականներին, և եթե համապատասխանության հավաստման ընթացակարգը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ այլ Անդամների առևտրի վրա, ապա Անդամները.

5.6.1 այն բանի մասին, որ իրենք առաջարկում են համապատասխանության հավաստման առանձին ընթացակարգ մտցնել, ծանուցում են հրապարակում համապատասխան վաղ փուլում այնպես, որ այլ Անդամ երկրների շահագրգիռ կողմերին հնարավորություն տրվի ծանոթանալու դրա հետ,

5.6.2 Քարտուղարության միջոցով այլ Անդամների ծանուցում են համապատասխանության հավաստման առաջարկված ընթացակարգով ընդգրկված արտադրանքների մասին ամփոփ կերպով մատնանշելով դրա նպատակն ու հիմնավորումը: Այդպիսի ծանուցումները կատարվում են համապատասխան վաղ փուլում, երբ դեռ կարելի է ուղղումներ մտցնել և մեկնաբանություններ հաշվի առնել,

5.6.3 պահանջի դեպքում այլ Անդամների տրամադրում են առաջարկված ընթացակարգի տվյալները կամ պատճենները և, երբ հնարավոր է, մատնանշում են այն մասերը, որոնք էականորեն տարբերվում են համապատասխան միջազգային ստանդարտացման մարմինների հրապարակած ուղեցույցներից կամ հանձնարարականներից,

5.6.4 առանց խտրականության, այլ Անդամներին պատշաճ ժամանակ են տրամադրում գրավոր դիտողություններ անելու համար, պահանջի դեպքում քննարկում են այդ դիտողություններն ու այդ քննարկումների արդյունքները:

5.7 Պահպանելով 6-րդ կետի ներածական մասի դրույթները, եթե Անդամի համար անվտանգության, առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության կամ ազգային անվտանգության հրատապ խնդիրներ են ծագում, կամ վտանգ կա, որ դրանք կծագեն, ապա այդ Անդամը կարող է բաց թողնել 6-րդ կետում թվարկված քայլերից նրանք, որոնք անհրաժեշտ է համարում պայմանով, որ ընթացակարգ ընդունելիս այդ Անդամը.

5.7.1 Քարտուղարության միջոցով այլ Անդամներին անմիջապես ծանուցում է առանձին ընթացակարգի և ընդգրկված արտադրանքների մասին` ամփոփ կերպով մատնանշելով ընթացակարգի նպատակն ու հիմնավորումը, ներառյալ` հրատապ խնդիրների բնույթը,

5.7.2 պահանջի դեպքում այլ Անդամներին տրամադրում է ընթացակարգի կանոնների պատճենները,

5.7.3 առանց խտրականության, այլ Անդամներին թույլ է տալիս գրավոր դիտողություններ անել, պահանջի դեպքում քննարկում է այդ դիտողությունները և հաշվի է առնում այդ գրավոր դիտողություններն ու այդ քննարկումների արդյունքները:

5.8 Անդամներն ապահովում են, որ համապատասխանության հավաստման ընդունված ընթացակարգերը արագ կերպով հրապարակվեն կամ այլ կերպ մատչելի դարձվեն այնպես, որ այլ Անդամ երկրների շահագրգիռ կողմերին հնարավորություն տրվի ծանոթանալու դրանց հետ:

5.9 Բացառությամբ 7-րդ կետում նշված հրատապ հանգամանքների, Անդամները պատշաճ ժամանակահատված են թողնում համապատասխանության հավաստման ընթացակարգերին վերաբերող պահանջների հրապարակման ու դրանց ուժի մեջ մտնելու միջև, որպեսզի արտահանող Անդամների և, հատկապես, զարգացող Անդամ երկրների արտադրողներին ժամանակ տան իրենց արտադրանքը կամ արտադրական եղանակները հարմարեցնելու ներմուծող Անդամի պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 6
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Իրենց կենտրոնական կառավարման մարմինների հետ կապված`

 

6.1 Առանց վնասելու 3-րդ և 4-րդ կետերի դրույթները, Անդամներն ապահովում են, որ երբ հնարավոր է, այլ Անդամների համապատասխանության հավաստման ընթացակարգերի արդյունքներն ընդունվեն, նույնիսկ երբ այդ ընթացակարգերը տարբերվում են իրենց սեփականներից, եթե իրենք համոզված են, որ այդ ընթացակարգերով իրենց սեփական ընթացակարգերին համարժեք կերպով հավաստվում է համապատասխանությունը կիրառվող տեխնիկական կանոնակարգերին կամ ստանդարտներին: Ընդունվում է, որ կարող է նախնական խորհրդակցությունների անհրաժեշտություն լինել, որպեսզի փոխադարձ գոհացուցիչ փոխհամաձայնություն ձեռք բերվի, մասնավորապես.

6.1.1 արտահանող Անդամ երկրներում համապատասխանության հավաստման համապատասխան մարմինների բավարար ու կայուն տեխնիկական իրազեկության վերաբերյալ, որպեսզի վստահություն լինի նրանց համապատասխանության հավաստման արդյունքների շարունակական հուսալիության մեջ. այս կապակցությամբ, որպես բավարար տեխնիկական իրազեկության ցուցանիշ հաշվի է առնվում միջազգային ստանդարտացման մարմինների կողմից հրապարակած համապատասխան ուղեցույցներին ու հանձնարարականներին համապատասխանության ստուգումը, օրինակ` հավատարմագրման միջոցով,

6.1.2 համապատասխանության հավաստման արդյունքների ընդունումը այն արդյունքներով սահմանափակելու վերաբերյալ, որոնք ստացվել են արտահանող Անդամ երկրում նշանակված մարմինների կողմից:

6.2 Անդամներն ապահովում են, որ իրենց համապատասխանության հավաստման ընթացակարգերով հնարավորինս թույլ տրվի 1-ին կետի դրույթների իրականացումը:

6.3 Անդամները, այլ Անդամներից պահանջ լինելու դեպքում, խրախուսվում են պատրաստակամ լինել բանակցություններ սկսելու միմյանց համապատասխանության հավաստման ընթացակարգերի արդյունքների փոխադարձ ճանաչման համաձայնագրեր կնքելու համար: Անդամները կարող են պահանջել, որ այդ համաձայնագրերը բավարարեն 1-ին կետի չափանիշներին, և փոխադարձ գոհացում տան` կապված խնդրո առարկա արտադրանքների առևտրի նպաստման հարցում իրենց ունեցած ներուժի հետ:

6.4 Անդամները խրախուսվում են թույլ տալու այլ Անդամների տարածքներում տեղակայված համապատասխանության հավաստման մարմինների մասնակցությունն իրենց համապատասխանության հավաստման ընթացակարգերում ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան իրենց տարածքներում կամ ցանկացած այլ երկրի տարածքում տեղակայված մարմիններին տրվող պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 7
ՏԵՂԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

7.1 Անդամները ձեռնարկում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրենց, որպեսզի ապահովվի այդ մարմինների կողմից 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթների պահպանումը, բացի 5-րդ հոդվածի 6.2 և 7.1 կետերում նշված ծանուցելու պարտականությունից:

7.2 Անդամներն ապահովում են, որ Անդամների կենտրոնական կառավարությունների մակարդակից անմիջապես ցածր մակարդակի տեղական կառավարությունների համապատասխանության հավաստման ընթացակարգերի մասին ծանուցվի համաձայն 5-րդ հոդվածի 6.2-ի և 7.1 կետերի դրույթների, ընդ որում` ծանուցում չի պահանջվում համապատասխանության հավաստման այն ընթացակարգերի համար, որոնց տեխնիկական բովանդակությունն ըստ էության նույնն է, ինչ որ տվյալ Անդամի կենտրոնական կառավարման մարմինների նախկինում ծանուցված համապատասխանության հավաստման ընթացակարգերի բովանդակությունը:

7.3 Անդամները կարող են պահանջել, որ այլ Անդամների հետ հաղորդակցությունը, ներառյալ` 5-րդ հոդվածի 6-րդ ու 7-րդ կետերում հիշատակված ծանուցումները, տեղեկությունների տրամադրումը, դիտողություններն ու քննարկումները կատարվեն կենտրոնական կառավարության միջոցով:

7.4 Անդամները չեն ձեռնարկում միջոցներ, որոնք իրենց տարածքներում գտնվող տեղական կառավարման մարմիններից պահանջում են կամ դրանց խրախուսում են գործել 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթներին համապատասխան ձևով:

7.5 Անդամները, սույն Համաձայնագրի համաձայն, ամբողջությամբ պատասխանատու են 5-րդ և 6-րդ հոդվածների բոլոր դրույթների պահպանման համար: Անդամները մշակում և իրականացնում են դրական միջոցներ ու գործկառույցներ` կենտրոնական կառավարման մարմիններից տարբեր մարմինների կողմից 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթների պահպանմանն աջակցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 8
ՈՉ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

8.1 Անդամները ձեռնարկում են այնպիսի համապատասխան միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրենց, որպեսզի ապահովեն, որ իրենց տարածքներում գտնվող ոչ կառավարական այն մարմինները, որոնք համապատասխանության հավաստման ընթացակարգեր են իրականացնում, պահպանեն 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթները, բացի համապատասխանության հավաստման առաջարկվող ընթացակարգերի մասին ծանուցելու պարտականությունից: Ավելին, Անդամները չեն ձեռնարկում որևէ միջոց, որի հետևանքով այդ մարմիններից ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջվի, կամ դրանք խրախուսվեն գործելու 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթներին անհամապատասխան ձևով:

8.2 Անդամները ապահովում են, որ իրենց կենտրոնական կառավարման մարմինները հենվեն համապատասխանության հավաստման ոչ կառավարական մարմինների կիրառած ընթացակարգերի վրա միայն այն դեպքում, երբ այդ ոչ կառավարական մարմինները պահպանում են 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթները, բացի համապատասխանության հավաստման առաջարկվող ընթացակարգերը ծանուցելու պարտականությունից:

 

ՀՈԴՎԱԾ 9
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

9.1 Եթե պահանջվում է տեխնիկական կանոնակարգին կամ ստանդարտին համապատասխանության դրական երաշխավորում, ապա Անդամները հնարավորության դեպքում մշակում և ընդունում են համապատասխանության հավաստման միջազգային համակարգեր և դառնում են դրանց անդամ կամ մասնակցում են դրանց:

9.2 Անդամները ձեռնարկում են այնպիսի համապատասխան միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրենց, որպեսզի ապահովեն, որ համապատասխանության հավաստման միջազգային ու տարածաշրջանային համակարգերը, որոնց անդամ են կամ որոնց մասնակից են իրենց տարածքում գտնվող համապատասխան մարմինները, համապատասխանեն 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթներին: Ավելին, Անդամները չեն ձեռնարկում որևէ միջոց, որի հետևանքով այդ համակարգերից ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջվի, կամ դրանք խրախուսվեն գործել 5-րդ և 6-րդ հոդվածների որևէ դրույթին անհամապատասխան ձևով:

9.3 Անդամներն ապահովում են, որ իրենց կենտրոնական կառավարման մարմինները համապատասխանության հավաստման միջազգային կամ տարածաշրջանային համակարգերի վրա հենվեն միայն այն չափով, որքանով այդ համակարգերը համապատասխանում են 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթներին ըստ կիրառելիության:

 

Տեղեկատվություն և աջակցություն

 

ՀՈԴՎԱԾ 10
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

10.1 Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ գոյություն ունենա մեկ հարցման կետ, որը կարող է պատասխանել այլ Անդամների և այլ Անդամների շահագրգիռ կողմերի բոլոր խելամիտ հարցումներին, ինչպես նաև տրամադրել համապատասխան փաստաթղթեր`

10.1.1 իր տարածքում կենտրոնական կամ տեղական կառավարման մարմինների ոչ կառավարական մարմինների, որոնք տեխնիկական կանոնակարգ կիրարկելու իրավասություն ունեն, կամ տարածաշրջանային ստանդարտացման մարմինների, որոնց անդամ կամ մասնակից են այդ մարմինները, ընդունած կամ առաջարկած տեխնիկական ցանկացած կանոնակարգի վերաբերյալ,

10.1.2 իր տարածքում կենտրոնական կամ տեղական կառավարման մարմինների, կամ տարածաշրջանային ստանդարտացման մարմինների, որոնց անդամ կամ մասնակից են այդ մարմինները, ընդունած կամ առաջարկած ցանկացած ստանդարտի վերաբերյալ,

10.1.3 ցանկացած համապատասխանության հավաստման ընթացակարգի կամ համապատասխանության հավաստման առաջարկված ընթացակարգի վերաբերյալ, որն իր տարածքում գործածում են կենտրոնական կամ տեղական կառավարման մարմինները, ոչ կառավարական մարմինները, որոնք տեխնիկական կանոնակարգ կիրարկելու իրավասություն ունեն, կամ տարածաշրջանային մարմինները, որոնց անդամ կամ մասնակից են այդ մարմինները,

10.1.4 միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման մարմիններում ու համապատասխանության հավաստման համակարգերում, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում երկկողմ ու բազմակողմ համաձայնություններում Անդամի, կամ իր տարածքում գտնվող համապատասխան կենտրոնական կամ տեղական կառավարման մարմինների անդամակցության ու մասնակցության վերաբերյալ. այն նաև պետք է կարողանա պատշաճ տեղեկություններ տրամադրել այդ համակարգերի և համաձայնությունների դրույթների վերաբերյալ,

10.1.5 սույն Համաձայնագրի համաձայն հրապարակված ծանուցումների տեղի կամ այդպիսի տեղեկությունների ձեռքբերման վայրի մասին տեղեկությունների տրամադրման վերաբերյալ, և

10.1.6 3-րդ կետում հիշատակված հարցման կետերի տեղի վերաբերյալ:

10.2 Այնուամենայնիվ, եթե իրավական կամ վարչական պատճառներով Անդամը մեկից ավելի հարցման կետեր է ստեղծում, ապա այդ Անդամը մյուս Անդամներին լիարժեք ու հստակ տեղեկություններ է տրամադրում այդ հարցման կետերից յուրաքանչյուրի պարտականությունների շրջանակների վերաբերյալ: Ավելին, այդ Անդամը ապահովում է, որ ոչ ճիշտ հարցման կետին հասցեագրված յուրաքանչյուր հարցում շտապ կարգով փոխանցի ճիշտ հարցման կետին:

10.3 Յուրաքանչյուր Անդամ ձեռնարկում է այնպիսի համապատասխան միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրեն, որպեսզի ապահովի, որ գոյություն ունենան մեկ կամ ավելի հարցման կետեր, որոնք կարող են պատասխանել այլ Անդամների և այլ Անդամների շահագրգիռ կողմերի բոլոր խելամիտ հարցումներին, ինչպես նաև տրամադրել համապատասխան փաստաթղթեր հետևյալի վերաբերյալ կամ տեղեկություններ, թե որտեղ դրանք կարող են ձեռք բերվել`

10.3.1 իր տարածքում ոչ կառավարական մարմինների, կամ տարածաշրջանային ստանդարտացման մարմինների, որոնց անդամ կամ մասնակից են այդ մարմինները, ընդունած կամ առաջարկած ցանկացած ստանդարտի,

10.3.2 համապատասխանության հավաստման ցանկացած ընթացակարգի, կամ համապատասխանության հավաստման առաջարկված ընթացակարգի վերաբերյալ, որն իր տարածքում գործածում են ոչ կառավարական մարմինները, կամ տարածաշրջանային մարմինները, որոնց անդամ կամ մասնակից են այդ մարմինները,

10.3.3 միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման մարմիններում ու համապատասխանության հավաստման համակարգերում, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում երկկողմ ու բազմակողմ համաձայնություններում իր տարածքում գտնվող համապատասխան ոչ կառավարական մարմինների անդամակցության ու մասնակցության վերաբերյալ. այն նաև պետք է կարողանա պատշաճ տեղեկություններ տրամադրել այդ համակարգերի և համաձայնությունների դրույթների վերաբերյալ:

10.4 Անդամները ձեռնարկում են այնպիսի համապատասխան միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրենց, որպեսզի ապահովեն, որ եթե այլ Անդամները կամ այլ Անդամների շահագրգիռ կողմերը, սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, փաստաթղթերի պատճեններ պահանջեն, ապա դրանք տրամադրվեն արդարացի գնով (եթե որևէ գին գոյություն ունի), որը, չհաշված առաքման փաստացի գինը, նույնն է տվյալ անդամի կամ ցանկացած այլ Անդամի քաղաքացիների27 համար:

_________________________________

27 Հայեցողական իրավասությամբ կիրառվող ԱԱՆՄ-երի դեպքում ծանուցվում է յուրաքանչյուր առանձնահատուկ կիրառման մասին: Կարիք չկա բացահայտելու այն տեղեկությունները, որոնք կարող են վնաս հասցնել առանձին ընկերությունների օրինական առևտրային շահերին:

 

10.5 Զարգացած Անդամ երկրները, եթե այլ Անդամների պահանջում են, տրամադրում են առանձին ծանուցմամբ ընդգրկված փաստաթղթերի անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն թարգմանությունները կամ, ծավալուն փաստաթղթերի դեպքում, այդ փաստաթղթերի ամփոփագրերը:

10.6 Քարտուղարությունը, երբ սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան ծանուցումներ է ստանում, ծանուցումների պատճենները շրջաբերում է բոլոր Անդամներին ու ստանդարտացման ու համապատասխան հավաստման շահագրգիռ մարմիններին և զարգացող Անդամ երկրների ուշադրությունը հրավիրում է նրանց համար առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող արտադրանքներին վերաբերող ցանկացած ծանուցման վրա:

10.7 Եթե Անդամը համաձայնագիր է կնքում այլ երկրի կամ երկրների հետ տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների կամ համապատասխանության հավաստման ընթացակարգերի հետ կապված հարցերի մասին, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ առևտրի վրա, ապա համաձայնագրի կողմ Անդամներից առնվազն մեկը Քարտուղարության միջոցով այլ Անդամներին ծանուցում է համաձայնագրով ընդգրկված արտադրանքների մասին ու կցում է համաձայնագրի ամփոփ նկարագրությունը: Գործին առնչվող Անդամները, պահանջ լինելու դեպքում, խրախուսվում են, խորհրդակցություններ սկսել այլ Անդամների հետ համանման համաձայնագրեր կնքելու կամ այդպիսի համաձայնագրերում իրենց մասնակցության մասին պայմանավորվելու նպատակով:

10.8 Սույն Համաձայնագրի մեջ ոչինչ չի մեկնաբանվում, թե պահանջում է`

10.8.1 տեքստեր հրապարակել Անդամի լեզվից տարբեր լեզվով,

10.8.2 նախագծերի մանրամասներ կամ պատճեններ տրամադրել Անդամի լեզվից տարբեր լեզվով, բացառությամբ 5-րդ կետով սահմանվածի, կամ

10.8.3 որ Անդամները տրամադրեն որևէ տեղեկություն, որի բացահայտումը, ըստ իրենց հակասում է իրենց անվտանգության էական շահերին:

10.9 Քարտուղարությանն ուղղված ծանուցումները կատարվում են անգլերենով, ֆրանսերենով կամ իսպաներենով:

10.10 Անդամները նշանակում են կենտրոնական կառավարման մեկ իրավասու մարմին, որը պատասխանատու է սույն Համաձայնագրով սահմանված ծանուցման ընթացակարգերին վերաբերող դրույթների պետական մակարդակով իրականացման համար, բացառությամբ 3-րդ Հավելվածում ընդգրկվածների:

10.11 Այնուամենայնիվ, եթե ծանուցման պարտականությունները իրավական կամ վարչական պատճառներով բաժանվում է կենտրոնական կառավարման մեկից ավելի իրավասու մարմինների միջև, ապա տվյալ Անդամը մյուս Անդամներին լիարժեք ու հստակ տեղեկություններ է տրամադրում այդ իրավասու մարմիններից յուրաքանչյուրի պարտականությունների շրջանակների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 11
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 

11.1 Պահանջ ներկայացվելու դեպքում Անդամները այլ Անդամներին, հատկապես զարգացող Անդամ երկրներին, խորհրդատվություն են տրամադրում տեխնիկական կանոնակարգերի պատրաստման վերաբերյալ:

11.2 Պահանջ ներկայացվելու դեպքում Անդամները այլ Անդամներին, հատկապես զարգացող Անդամ երկրներին, խորհրդատվություն են տրամադրում և փոխադարձաբար համաձայնեցված պայմաններով տեխնիկական աջակցություն են տրամադրում ստանդարտացման ազգային մարմինների հիմնադրման ու միջազգային ստանդարտացման մարմիններին մասնակից լինելու հարցերում, և նրանց ստանդարտացման մարմիններին խրախուսում են նույնը անել:

11.3 Պահանջ ներկայացվելու դեպքում Անդամները ձեռնարկում են այնպիսի համապատասխան միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրենց, որպեսզի կազմակերպեն, որ իրենց տարածքներում գտնվող կանոնակարգող մարմինները խորհրդատվություն տրամադրեն այլ Անդամներին, հատկապես` զարգացող Անդամ երկրներին, և փոխադարձաբար համաձայնեցված պայմաններով նրանց տեխնիկական աջակցություն են տրամադրում հետևյալ հարցերում`

11.3.1 կանոնակարգող մարմինների կամ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության հավաստման մարմինների ստեղծում, և

11.3.2 եղանակներ, որոնց միջոցով կարող են լավագույնս բավարարել նրանց տեխնիկական կանոնակարգը:

11.4 Պահանջ ներկայացվելու դեպքում Անդամները ձեռնարկում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրենց, որպեսզի կազմակերպեն, որ խորհրդատվություն տրամադրվի այլ Անդամներին, հատկապես` զարգացող Անդամ երկրներին, և փոխադարձաբար համաձայնեցված պայմաններով նրանց տեխնիկական աջակցություն տրամադրվի` կապված պահանջ ներկայացնող Անդամի տարածքում ընդունված ստանդարտներին համապատասխանության հավաստումն իրականացնող մարմինների ստեղծման հետ:

11.5 Պահանջ ներկայացվելու դեպքում Անդամները խորհրդատվություն են տրամադրում այլ Անդամներին, հատկապես` զարգացող Անդամ երկրներին, և փոխադարձաբար համաձայնեցված պայմաններով տեխնիկական աջակցություն են տրամադրում` կապված այն քայլերի հետ, որոնք պետք է ձեռնարկեն նրանց արտադրողները, եթե ցանկանում են մուտք ունենալ դեպի համապատասխանության հավաստման համակարգերը, որոնք կիրարկում են պահանջը ստացող Անդամի տարածքում գտնվող կառավարական ու ոչ կառավարական մարմինները:

11.6 Պահանջ ներկայացվելու դեպքում այն Անդամները, որոնք անդամ կամ մասնակից են համապատասխանության հավաստման միջազգային կամ տարածաշրջանային համակարգերում, խորհրդատվություն են տրամադրում այլ Անդամներին, հատկապես` զարգացող Անդամ երկրներին, և փոխադարձաբար համաձայնեցված պայմաններով տեխնիկական աջակցություն են տրամադրում` կապված այն հաստատությունների և իրավական կառուցվածքի ստեղծման հետ, որոնք նրանց թույլ կտան կատարել այդ համակարգերում անդամակցությունից կամ մասնակցությունից բխող պարտականությունները:

11.7 Պահանջ ներկայացվելու դեպքում Անդամները խրախուսում են իրենց տարածքում գտնվող մարմիններին, որոնք անդամ կամ մասնակից են համապատասխանության հավաստման միջազգային կամ տարածաշրջանային համակարգերին, խորհրդատվություն տրամադրել այլ Անդամներին, հատկապես` զարգացող Անդամ երկրներին, և պետք է հաշվի առնեն տեխնիկական աջակցության համար նրանց ներկայացրած պահանջները` կապված այն հաստատությունների ստեղծման հետ, որոնք նրանց տարածքում գտնվող համապատասխան մարմիններին թույլ կտան կատարել անդամակցությունից կամ մասնակցությունից բխող պարտականությունները:

11.8 Այլ Անդամներին 1-7-րդ կետերի առումով խորհրդատվություն կամ տեխնիկական աջակցություն տրամադրելիս Անդամները առաջնություն են տալիս առավել թույլ զարգացած Անդամ երկրների կարիքներին:

 

ՀՈԴՎԱԾ 12
ՀԱՏՈՒԿ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ

 

12.1 Անդամները սույն Համաձայնագրի զարգացող Անդամ երկրների նկատմամբ տարբերակված և ավելի բարենպաստ մոտեցում են ցուցաբերում հետևյալ դրույթների միջոցով, ինչպես նաև սույն Համաձայնագրի այլ հոդվածների համապատասխան դրույթների միջոցով:

12.2 Անդամները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում սույն Համաձայնագրի` զարգացող Անդամ երկրների իրավունքներին և պարտավորություններին վերաբերող դրույթներին և հաշվի են առնում զարգացող Անդամ երկրների` սույն Համաձայնագիրն իրականացնելիս ունեցած զարգացման, ֆինանսական և առևտրային հատուկ կարիքները և պետական մակարդակով, և` սույն Համաձայնագրի սահմանակարգային դրույթները կատարելիս:

12.3 Տեխնիկական կանոնակարգեր, ստանդարտներ և համապատասխանության հավաստման ընթացակարգեր պատրաստելիս ու կիրառելիս Անդամները հաշվի են առնում զարգացող Անդամ երկրների զարգացման, ֆինանսական և առևտրային հատուկ կարիքները` նպատակ ունենալով ապահովել, որ այդ տեխնիկական կանոնակարգերը, ստանդարտներն ու համապատասխանության հավաստման ընթացակարգերը անհիմն խոչընդոտներ չստեղծեն զարգացող Անդամ երկրներից եկող արտահանումների համար:

12.4 Անդամները գիտակցում են, որ չնայած այն բանին, որ կարող են գոյություն ունենալ միջազգային ստանդարտներ, ուղեցույցներ ու հանձնարարականներ, զարգացող Անդամ երկրները` իրենց առանձնահատուկ տեխնոլոգիական և հասարակական-տնտեսական պայմաններում ընդունում են որոշակի տեխնիկական կանոնակարգեր, ստանդարտներ ու համապատասխանության հավաստման ընթացակարգեր, որոնց նպատակն իրենց զարգացման կարիքների հետ համատեղելի տեղական տեխնոլոգիական և արտադրական եղանակների և գործընթացների պահպանումն է: Հետևաբար, Անդամներն ընդունում են, որ չպետք է ակնկալել, որ զարգացող Անդամ երկրներն իրենց տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների, ներառյալ` քննման եղանակների համար որպես հիմք կօգտագործեն միջազգային այն ստանդարտները, որոնք չեն համապատասխանում իրենց զարգացման, ֆինանսական և առևտրային կարիքներին:

12.5 Անդամները ձեռնարկում են այնպիսի համապատասխան միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրենց, որպեսզի ապահովեն, որ միջազգային ստանդարտացման մարմիններն ու համապատասխանության հավաստման միջազգային համակարգերը կազմակերպվեն ու գործեն այնպիսի ձևով, որը նպաստում է բոլոր Անդամների համապատասխան մարմինների գործուն ու ներկայացուցչական մասնակցությունը` հաշվի առնելով զարգացող անդամ երկրների հատուկ խնդիրները:

12.6 Անդամները ձեռնարկում են այնպիսի համապատասխան միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել, որպեսզի ապահովեն, որ միջազգային ստանդարտացման մարմինները, զարգացող Անդամ երկրներից պահանջ լինելու դեպքում, քննության առնեն զարգացող Անդամ երկրների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող արտադրանքներին վերաբերող միջազգային ստանդարտների պատրաստման հնարավորությունն ու, եթե հնարավոր է, պատրաստեն դրանք:

12.7 Անդամները զարգացող Անդամ երկրներին տեխնիկական աջակցություն են տրամադրում` համաձայն 11-րդ հոդվածի դրույթների, որպեսզի ապահովեն, որ տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների ու համապատասխանության հավաստման ընթացակարգերի պատրաստումն ու կիրառումը անհիմն խոչընդոտներ չստեղծեն զարգացող Անդամ երկրների արտահանումների ընդլայնման և բազմատեսականացման համար: Տեխնիկական աջակցության պայմանները որոշելիս հաշվի են առնվում պահանջող Անդամների և, հատկապես, առավել թույլ զարգացած Անդամ երկրների զարգացման աստիճանը:

12.8 Ընդունվում է, որ զարգացող Անդամ երկրները կարող են հատուկ խնդիրներ ունենալ տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների և համապատասխանության հավաստման ընթացակարգերի պատրաստման ու կիրառման բնագավառում, ներառյալ` հաստատությունների և ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները: Այնուհետև, ընդունվում է, որ զարգացող Անդամ երկրների` զարգացման և առևտրային հատուկ կարիքները, ինչպես նաև նրանց տեխնոլոգիական զարգացման աստիճանը, կարող են թուլացնել նրանց` սույն Համաձայնագրով սահմանված պարտավորությունները լիարժեք կատարելու կարողությունը: Հետևաբար, Անդամները լիարժեքորեն հաշվի են առնում այդ փաստը: Համապատասխանաբար, նպատակ ունենալով ապահովել, որ զարգացող Անդամ երկրները ի վիճակի լինեն կատարել սույն Համաձայնագիրը, 13-րդ հոդվածով նախատեսված Առևտրի տեխնիկական խոչընդոտների հարցերով կոմիտեն (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես «Կոմիտե») իրավասու է, պահանջ լինելու դեպքում, հատկորոշված, սահմանափակ ժամկետով բացառություններ թույլ տալ սույն Համաձայնագրով սահմանված պարտավորություններից ամբողջությամբ կամ մասամբ: Այդպիսի պահանջները դիտարկելիս Կոմիտեն հաշվի է առնում զարգացող Անդամ երկրի տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների և համապատասխանության հավաստման ընթացակարգերի պատրաստման և կիրառման բնագավառում ունեցած հատուկ խնդիրները, և զարգացման և առևտրային հատուկ կարիքները, ինչպես նաև նրա տեխնոլոգիական զարգացման աստիճանը, որոնք կարող են թուլացնել նրա սույն Համաձայնագրով սահմանված պարտավորությունները լիարժեք կատարելու կարողությունը: Կոմիտեն, հատկապես հաշվի է առնում առավել թույլ զարգացած Անդամ երկրների հատուկ խնդիրները:

12.9 Խորհրդակցությունների ընթացքում զարգացած Անդամ երկրները մտապահում են ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության հավաստման ընթացակարգերի ձևակերպման և իրականացման ընթացքում զարգացած Անդամ երկրների ունեցած հատուկ դժվարությունները և, ցանկանալով աջակցել զարգացող Անդամ երկրների այդ ուղղությամբ տարվող ջանքերին, զարգացած Անդամ երկրները հաշվի են առնում առաջինների հատուկ կարիքները` կապված ֆինանսավորման, առևտրի և զարգացման հետ:

12.10 Կոմիտեն պարբերաբար վերաքննում է զարգացող Անդամ երկրների նկատմամբ ազգային և միջազգային մակարդակներով ցուցաբերվող` սույն Համաձայնագրով ձևակերպված հատուկ և տարբերակված մոտեցումը:

 

Հաստատություններ, խորհրդակցություններ ու վեճերի կարգավորում

 

ՀՈԴՎԱԾ 13
ԱՌԵՎՏՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵՆ

 

13.1 Սույնով ստեղծվում է Առևտրի տեխնիկական խոչընդոտների հարցերով կոմիտե, որը կազմվում է Անդամներից յուրաքանչյուրի ներկայացուցիչներից: Կոմիտեն ընտրում է իր նախագահին ու ժողովներ է գումարում ըստ անհրաժեշտության, բայց պակաս քան տարին մեկ անգամ, որպեսզի Անդամներին հնարավորություն տրվի խորհրդակցել սույն Համաձայնագրի գործողությանը կամ դրա նպատակների իրականացմանն առնչվող ցանկացած հարցի շուրջ, և կատարում է այն պարտականությունները, որոնք իր վրա են դրված սույն Համաձայնագրով կամ Անդամների կողմից:

13.2 Հարկ եղած դեպքում Կոմիտեն աշխատանքային խմբեր կամ այլ մարմիններ է ստեղծում, որոնք կատարում են Կոմիտեի կողմից սույն Համաձայնագրի համապատասխան դրույթներով իրենց վրա դրված պարտականությունները:

13.3 Հասկացվում է, որ պետք է խուսափել սույն Համաձայնագրի շրջանակներում տարվող աշխատանքի և այլ տեխնիկական մարմիններում կառավարությունների տարած աշխատանքի անհարկի կրկնողությունից: Կոմիտեն քննության է առնում այդ խնդիրը` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել այդ կրկնողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 14
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

14.1 Սույն Համաձայնագրի գործողության վրա ազդող ցանկացած հարցի վերաբերող խորհրդակցություններն ու վեճերի կարգավորումը տեղի են ունենում Վեճերի կարգավորման մարմնի հովանու ներքո և Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված ու ըստ դրա կիրառվող ՄԱԳՀ-1994-ի 22-րդ և 23-րդ հոդվածների դրույթների համաձայն` դրանցում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:

14.2 Քննախումբը, վեճի կողմի պահանջով կամ իր սեփական նախաձեռնությամբ, կարող է տեխնիկական փորձագետների խումբ ստեղծել, որը կաջակցի տեխնիկական բնույթի այն հարցերում, որոնք մանրակրկիտ փորձագիտական դիտարկում են պահանջում:

14.3 Տեխնիկական փորձագետների խմբերը ղեկավարվում են 2-րդ Հավելվածի ընթացակարգերով:

14.4 Վեճերի կարգավորման վերոշարադրյալ դրույթները կարող են վկայակոչվել, երբ որևէ Անդամ համարում է, որ մեկ այլ Անդամ բավարար արդյունքների չի հասել համաձայն 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների, և իր առևտրային շահերը զգալիորեն տուժել են: Այդ կապակցությամբ, այդպիսի արդյունքները համարժեք են նրանց, որոնք կստացվեին, եթե տվյալ մարմինը լիներ Անդամ:

 

Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 15
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ: ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

 

15.1 Սույն Համաձայնագրի որևէ դրույթի առնչությամբ վերապահումներ չեն կարող արվել առանց մյուս Անդամների համաձայնության:

 

Վերաքննություն

 

15.2 Յուրաքանչյուր Անդամ իր համար ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո շտապ կարգով Կոմիտեին տեղեկացնում է սույն Համաձայնագրի իրականացումն ու գործարկումն ապահովելու համար ձեռնարկված կամ գոյություն ունեցող միջոցների մասին: Այդ միջոցների հետագա ցանկացած փոփոխությունների մասին նույնպես ծանուցվում է Կոմիտեին:

15.3 Կոմիտեն տարին մեկ վերաքննում է սույն Համաձայնագրի իրականացումն ու գործողությունը` հաշվի առնելով դրա նպատակները:

15.4 Ոչ ուշ, քան ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած երրորդ տարվա վերջը, և դրանից հետո յուրաքանչյուր եռամսյա ժամանակահատվածի վերջում Կոմիտեն վերաքննում է սույն Համաձայնագրի, ներառյալ` թափանցիկությանն առնչվող դրույթների գործողությունն ու իրականացումը` նպատակ ունենալով անհրաժեշտության դեպքում սույն Համաձայնագրի իրավունքների և պարտավորությունների շտկման առաջարկություններ կատարել, որպեսզի տնտեսական փոխադարձ նպաստավորություն և իրավունքների ու պարտավորությունների հավասարակշռություն ապահովվի, առանց վնաս պատճառելու 12-րդ հոդվածի դրույթներին: Այլոց թվում հաշվի առնելով սույն Համաձայնագրի իրականացման ժամանակ ձեռք բերված փորձը` Կոմիտեն անհրաժեշտության դեպքում Ապրանքների առևտրի խորհրդին առաջարկություններ է ներկայացնում սույն Համաձայնագրի տեքստում փոփոխություններ կատարելու համար:

 

Հավելվածներ

 

15.5 Սույն Համաձայնագրի հավելվածները նրա անբաժանելի մաս են կազմում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ` ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

ՀՄԿ-ԷՄՀ-ի (ISO/IEC) 2-րդ ՈՒղեցույցի 1991 թ. վեցերորդ հրատարակության մեջ ներկայացված` Ստանդարտացմանն ու դրան առնչվող գործունեություններին վերաբերող հիմնական հասկացություններն ու դրանց սահմանումները սույն Համաձայնագրում օգտագործվելիս ունեն նշված ՈՒղեցույցի սահմանումներով տրված նույն իմաստը` հաշվի առնելով այն, որ ծառայությունները հանված են սույն Համաձայնագրի շրջանակներից:

Այնուամենայնիվ, սույն Համաձայնագրի նպատակներով կիրառվում են հետևյալ սահմանումները.

1. Տեխնիկական կանոնակարգ`

փաստաթուղթ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերը կամ դրանց հետ կապված գործընթացները և արտադրական եղանակները, ներառյալ` կիրառվող վարչական դրույթները, որոնք կատարելը պարտադիր է: Այն կարող է նաև բացառապես արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման կամ պիտակավորման պահանջներ ընդգրկել կամ վերաբերել դրանց:

Բացատրական նշում

ՀՄԿ-ԷՄՀ-ի 2-րդ ՈՒղեցույցի սահմանումներն ինքնապարփակ չեն, այլ հիմնված են այսպես կոչված «կառուցամասային» համակարգի վրա:

2. Ստանդարտ`

ճանաչված մարմնի հաստատած փաստաթուղթ, որով ընդհանուր ու բազմակի օգտագործման համար նախատեսվում են կանոններ, ուղեցույցներ կամ բնութագրեր արտադրանքների կամ դրանց հետ կապված գործընթացների ու արտադրական եղանակների համար, որոնց պահպանումը պարտադիր չէ: Այն կարող է նաև բացառապես արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման կամ պիտակավորման պահանջներ ընդգրկել կամ վերաբերել դրանց:

Բացատրական նշում

ՀՄԿ-ԷՄՀ-ի 2-րդ ՈՒղեցույցով սահմանված հասկացություններն ընդգրկում են արտադրանքները, գործընթացներն ու ծառայությունները: Սույն Համաձայնագիրը վերաբերում է միայն արտադրանքների կամ գործընթացների ու արտադրական եղանակների հետ կապված տեխնիկական կանոնակարգերին, ստանդարտներին ու համապատասխանության հավաստման ընթացակարգերին: ՀՄԿ-ԷՄՀ-ի 2-րդ ՈՒղեցույցով սահմանված ստանդարտները կարող են լինել պարտադիր կամ կամավոր: Սույն Համաձայնագրի նպատակով ստանդարտները սահմանվում են որպես կամավոր, իսկ տեխնիկական կանոնակարգերը` որպես պարտադիր փաստաթղթեր: Միջազգային ստանդարտացման համայնքի կողմից պատրաստված ստանդարտները հիմնված են ընդհանուր համաձայնության վրա: Սույն Համաձայնագիրն ընդգրկում է նաև փաստաթղթեր, որոնք հիմնված չեն ընդհանուր համաձայնության վրա:

3. Համապատասխանության հավաստման ընթացակարգեր`

ցանկացած ընթացակարգ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվում է տեխնիկական կանոնակարգերի կամ ստանդարտների համապատասխան պահանջների կատարված լինելը որոշելու համար:

Բացատրական նշում

Համապատասխանության հավաստման ընթացակարգերը ներառում են, այլոց թվում, նմուշառման, քննման ու հսկման ընթացակարգերը, համապատասխանության գնահատումը, ստուգումն ու երաշխավորումը, գրանցումը, հավատարմագրումն ու հաստատումը, ինչպես նաև դրանց համակցությունները:

4. Միջազգային մարմին կամ համակարգ`

Մարմին կամ համակարգ, որն անդամակցության համար բաց է առնվազն բոլոր Անդամների համապատասխան մարմինների համար:

5. Տարածաշրջանային մարմին կամ համակարգ`

Մարմին կամ համակարգ, որն անդամակցության համար բաց է միայն որոշ Անդամների համապատասխան մարմինների համար:

6. Կառավարման կենտրոնական մարմին`

Կենտրոնական կառավարություն, դրա նախարարություններն ու վարչությունները կամ տվյալ գործունեության կապակցությամբ կենտրոնական կառավարության հսկողության ենթակա ցանկացած մարմին:

Բացատրական նշում

Եվրոպական համայնքների դեպքում կիրառվում են կառավարման կենտրոնական մարմինները ղեկավարող դրույթները: Այնուամենայնիվ, Եվրոպական համայնքների ներսում կարող են ստեղծվել տարածաշրջանային մարմիններ կամ համապատասխանության հավաստման համակարգեր, և այդ դեպքերում դրանք կենթարկվեն սույն Համաձայնագրի տարածաշրջանային մարմինների կամ համապատասխանության հավաստման մարմինների վերաբերյալ դրույթներին:

7. Տեղական կառավարման մարմին`

Կենտրոնական կառավարությունից տարբեր կառավարություն (օրինակ` նահանգներ, գավառներ, երկրամասեր, շրջաններ, քաղաքապետարաններ և այլն), դրա նախարարություններն ու վարչությունները կամ տվյալ գործունեության կապակցությամբ` այդ կառավարության հսկողությանը ենթակա ցանկացած մարմին:

8. Ոչ կառավարական մարմին`

Կենտրոնական կառավարությունից կամ տեղական կառավարությունից տարբեր մարմին, ներառյալ` ոչ կառավարական մարմին, որն ունի տեխնիկական կանոնակարգ կիրարկելու իրավազորություն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԵՐ

 

14-րդ հոդվածի դրույթների համաձայն ստեղծված տեխնիկական փորձագետների խմբերի նկատմամբ կիրառվում են հետևյալ ընթացակարգերը.

1. Տեխնիկական փորձագետների խմբերը քննախմբի ենթակայության տակ են: Դրանց կանոնադրական դրույթները և աշխատանքային մանրամասն ընթացակարգերը որոշվում են քննախմբի կողմից, և դրանք զեկուցվում են քննախմբին:

2. Տեխնիկական փորձագետների խմբերում մասնակցությունը սահմանափակվում է տվյալ բնագավառում մասնագիտական աստիճան ու փորձ ունեցող անձանցով:

3. Վեճի կողմերի քաղաքացիներն առանց վեճի կողմերի միասնական համաձայնության չեն ծառայում տեխնիկական փորձագետների խմբի կազմում, բացառությամբ այն բացառիկ դեպքերի, երբ քննախումբը գտնում է, որ մասնագիտացված գիտական փորձաքննության պահանջն այլ կերպ չի կարող բավարարվել: Վեճի կողմերի պետական պաշտոնյաները չեն ծառայում տեխնիկական փորձագետների խմբի կազմում: Տեխնիկական փորձագետների խմբերի անդամները ծառայում են իրենց սեփական իրավասության շրջանակներում և ոչ որպես կառավարության ներկայացուցիչներ կամ որպես որևէ կազմակերպության ներկայացուցիչներ: Հետևաբար, կառավարությունները կամ կազմակերպությունները նրանց հրահանգներ չեն տալիս տեխնիկական փորձագետների խմբի առջև դրված հարցերի վերաբերյալ:

4. Տեխնիկական փորձագետների խմբերը կարող են խորհրդակցել ցանկացած աղբյուրի հետ ու տեղեկություններ ու տեխնիկական խորհրդատվություն ձեռք բերել ցանկացած աղբյուրից, որն իրենք նպատակահարմար են համարում: Տեխնիկական փորձագետների խումբը որևէ Անդամի իրավասության ներքո գտնվող աղբյուրին այդպիսի տեղեկությունների կամ խորհրդատվության համար դիմելուց առաջ տեղեկացնում է այդ Անդամի կառավարությանը: Ցանկացած Անդամ շտապ և սպառիչ կերպով պատասխանում է տեխնիկական փորձագետների խմբի` այնպիսի տեղեկությունների համար ներկայացված ցանկացած պահանջին, որպիսիք տեխնիկական փորձագետների խումբը անհրաժեշտ ու նպատակահարմար է գտնում:

5. Վեճի կողմերին մատչելի են տեխնիկական փորձագետների խմբին տրամադրած` գործին առնչվող բոլոր տեղեկությունները, եթե դրանք բնույթով գաղտնի չեն: Տեխնիկական փորձագետների խմբին տրամադրած գաղտնի տեղեկությունները դուրս չեն տրվում առանց տեղեկությունները տրամադրող կառավարության, կազմակերպության կամ անձի պաշտոնական թույլտվության: Եթե տեխնիկական փորձագետների խմբից այդպիսի տեղեկություններ են պահանջում, բայց տեխնիկական փորձագետների խումբն այդ տեղեկությունները դուրս տալու թույլտվություն չունի, ապա տեղեկությունները տրամադրող կառավարությունը, կազմակերպությունը կամ անձը կտրամադրեն տեղեկությունների ոչ գաղտնի ամփոփագիրը:

6. Տեխնիկական փորձագետների խումբը զեկուցագրի նախագիծը ներկայացնում է խնդրո առարկա Անդամներին` նրանց դիտողությունները ստանալու և դրանք, եթե հարկ է, վերջնական զեկուցագրում հաշվի առնելու նպատակով, որը նույնպես շրջաբերվում է խնդրո առարկա Անդամներին` այն քննախմբի ներկայացնելուց հետո:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Ընդհանուր դրույթներ

 

Ա. Սույն Կանոնադրության նպատակներով կիրառվում են սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածի սահմանումները:

Բ. Սույն Կանոնադրությունն ընդունման համար բաց է ԱՀԿ-ի Անդամի տարածքում գտնվող ստանդարտացման ցանկացած մարմնի համար` լինի դա կենտրոնական կառավարման մարմին, տեղական կառավարման մարմին կամ ոչ կառավարական մարմին. տարածաշրջանային կառավարական ստանդարտացման ցանկացած մարմնի համար, որի մեկ կամ ավելի անդամներ ԱՀԿ անդամ են, և` տարածաշրջանային ոչ կառավարական ստանդարտացման ցանկացած մարմնի համար, որի մեկ կամ ավելի անդամներ տեղակայված են ԱՀԿ Անդամի տարածքում (սույն Կանոնադրության մեջ համատեղ հիշատակվում են որպես «ստանդարտացման մարմիններ», իսկ առանձին` որպես «ստանդարտացման մարմին»):

Գ. Ստանդարտացման մարմինները, որոնք ընդունում են սույն Կանոնադրությունը կամ դուրս են գալիս դրանից, այդ փաստի մասին ծանուցում են ՀՄԿ-ԷՄՀ-ի Ժնևում Գտնվող Տեղեկատվական կենտրոն: Այդ ծանուցման մեջ ներառվում են խնդրո առարկա մարմնի անվանումն ու հասցեն, և դրա ներկա և ակնկալվող ստանդարտացման գործունեության շրջանակները: Ծանուցումը. ելնելով նպատակահարմարությունից, կարող է ուղարկվել կամ ուղղակիորեն ՀՄԿ-ԷՄՀ Տեղեկատվական կենտրոն, կամ` ՀՄԿ-ԷՄՀ-ի անդամ հանդիսացող ազգային մարմնի միջոցով, կամ` գերադասելի է` ՀՄԿ-ՑԱՆՑԻ (ISONET) համապատասխան ազգային անդամի կամ միջազգային ընկերակցի միջոցով:

 

Էական դրույթներ

 

Դ. Ստանդարտների հետ կապված` ստանդարտացման մարմինը ԱՀԿ ցանկացած այլ Անդամի տարածքում ծագած արտադրանքների նկատմամբ ցուցաբերում է ոչ պակաս բարենպաստ մոտեցում, քան այն, որ ցուցաբերվում է տեղական ծագում ունեցող նման արտադրանքների կամ ցանկացած այլ երկրում ծագող նման արտադրանքների նկատմամբ:

Ե. Ստանդարտացման մարմինն ապահովում է, որ ստանդարտները չպատրաստվեն, չընդունվեն կամ չկիրառվեն միջազգային առևտրի համար անհիմն խոչընդոտներ ստեղծելու նպատակով կամ այնպես, որ բերեն դրանց ստեղծմանը:

Զ. Եթե գոյություն ունեն համապատասխան միջազգային ստանդարտներ, կամ դրանք շուտով պատրաստ կլինեն, ապա ստանդարտացման մարմինը դրանք կամ դրանց համապատասխան մասերն օգտագործում է որպես հիմք իր մշակած ստանդարտների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջազգային ստանդարտները կամ համապատասխան մասերն անարդյունավետ և անհամապատասխան միջոց կլինեն, օրինակ` պաշտպանության անբավարար մակարդակի կամ հիմնական կլիմայական, կամ աշխարհագրական գործոնների, կամ հիմնական տեխնոլոգիական խնդիրների պատճառով:

Է. Նպատակ ունենալով ստանդարտները ներդաշնակեցնել հնարավորին չափ լայն հիմքի վրա` ստանդարտացման մարմինն իր ունեցած միջոցների սահմաններում, համապատասխան ձևով լիարժեքորեն մասնակցում է համապատասխան միջազգային ստանդարտացման մարմինների կողմից այն առարկային վերաբերող միջազգային ստանդարտների պատրաստմանը, որի համար այն ստանդարտների է ընդունել կամ ակնկալում է ընդունել: Հնարավորության դեպքում Անդամի տարածքում գտնվող ստանդարտացման մարմինների մասնակցությունը միջազգային ստանդարտացման որևէ առանձին գործունեության տեղի է ունենում մեկ պատգամավորության միջոցով, որը ներկայացնում է տարածքի ստանդարտացման բոլոր այն մարմինները, որոնք ընդունել են կամ ակնկալում են ընդունել ստանդարտներ այն առարկայի համար, որին վերաբերում է միջազգային ստանդարտացման գործունեությունը:

Ը. Անդամի տարածքում գտնվող ստանդարտացման մարմինը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի խուսափի ազգային տարածքում գտնվող այլ ստանդարտացման մարմինների կամ համապատասխան միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման մարմինների տարած աշխատանքների կրկնողությունից կամ դրանց հետ համընկնումից: Նրանք նաև գործադրում են բոլոր ջանքերը իրենց մշակած ստանդարտների վերաբերյալ ներքին ընդհանուր համաձայնության հասնելու համար: Նմանապես, տարածաշրջանային ստանդարտացման մարմինը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի խուսափի համապատասխան միջազգային կամ ստանդարտացման մարմինների տարած աշխատանքների կրկնողությունից կամ դրանց հետ համընկնումից:

Թ. Հարկ եղած դեպքում ստանդարտացման մարմինը ստանդարտները հատկորոշում է` հիմնվելով արտադրանքի նկատմամբ ավելի շուտ կատարողական, քան ձևավորման կամ նկարագրական բնութագրերի առումով դրվող պահանջների վրա:

Ժ. Ստանդարտացման մարմինը առնվազն վեց ամիսը մեկ անգամ աշխատանքային ծրագիր է հրապարակում, որում պարունակվում են իր անվանումն ու հասցեն, իր կողմից ներկայումս պատրաստվող ստանդարտներն ունեն նախորդ ժամանակաշրջանում իր ընդունած ստանդարտները: Ստանդարտը պատրաստման մեջ է գտնվում ստանդարտը մշակելու մասին որոշում ընդունելու պահից մինչև այդ ստանդարտն ընդունելը: Պահանջ լինելու դեպքում առանձին ստանդարտների նախագծերի անվանումները տրամադրվում են անգլերենով, ֆրանսերենով և իսպաներենով: Աշխատանքային ծրագրի գոյության մասին ծանուցում է հրապարակվում ստանդարտացման գործունեության վերաբերյալ` ազգային կամ, հնարավոր դեպքերում, տարածաշրջանային հրապարակման մեջ:

Աշխատանքային ծրագիրը յուրաքանչյուր ստանդարտի համար մատնանշում է առարկային վերաբերող դասակարգումը` համաձայն ՀՄԿ-ՑԱՆՑ-ի որևէ կանոնի, այն փուլը, որում գտնվում է ստանդարտի մշակումը, և հիշատակվում է որպես հիմք ընդունված ցանկացած միջազգային ստանդարտ: Ստանդարտացման մարմինը ոչ ուշ, քան իր աշխատանքային ծրագրի հրապարակման պահը, ՀՄԿ-ԷՄՀ-ի` Ժնևում գտնվող Տեղեկատվական կենտրոնին ծանուցում է դրա գոյության մասին:

Ծանուցման մեջ պարունակվում են ստանդարտացման մարմնի անվանումն ու հասցեն, այն հրատարակության անվանումն ու թողարկումը, որտեղ հրապարակվել է աշխատանքային ծրագիրը, այն ժամանակահատվածը, որին վերաբերում է աշխատանքային ծրագիրը, դրա գինը (եթե այն գոյություն ունի) և ինչպես ու որտեղից այն կարող է ձեռք բերվել: Ծանուցումը կարող է ուղարկվել ուղղակիորեն ՀՄԿ-ԷՄՀ-ի Տեղեկատվական կենտրոն կամ, գերադասել է, ՀՄԿ-ՑԱՆՑԻ համապատասխան ազգային անդամի կամ միջազգային ընկերակցի միջոցով, ինչպես որ նպատակահարմար կլինի:

ԺԱ. ՀՄԿ-ԷՄՀ-ի ազգային անդամը գործադրում է բոլոր ջանքերը ՀՄԿ-ՑԱՆՑԻ անդամ դառնալու, կամ անդամ դառնալու համար ուրիշ մարմին նշանակելու, ինչպես նաև ՀՄԿ-ՑԱՆՑԻ անդամի համար հնարավոր ամենաառաջավոր անդամակցության տեսակին հասնելու նպատակով: Ստանդարտացման մյուս մարմինները գործադրում են բոլոր ջանքերը` ՀՄԿ-ՑԱՆՑԻ անդամի հետ փոխկապակցվելու համար:

ԺԲ. Նախքան ստանդարտ ընդունելը ստանդարտացման մարմինն առնվազն 60 օր ժամանակ է տալիս, որպեսզի ԱՀԿ Անդամի տարածքում գտնվող շահագրգիռ կողմերը ստանդարտի նախագծի վերաբերյալ դիտողություններ ներկայացնեն: Այս ժամանակահատվածն այնուամենայնիվ կարող է կարճացվել այն դեպքերում, երբ անվտանգության, առողջության կամ շրջակա միջավայրի պաշտպանության հրատապ խնդիրներ են ծագում, կամ վտանգ կա, որ կծագեն: Ոչ ուշ, քան դիտողությունների ժամանակահատվածի սկիզբը, ստանդարտացման մարմինը «Ժ» կետում հիշատակված հրապարակման մեջ հայտարարություն է հրապարակում, որով տեղեկացնում է դիտողությունների ժամանակահատվածի մասին: Այդպիսի ծանուցման մեջ հնարավոր չափով տեղեկացվում է ստանդարտի նախագծի` միջազգային համապատասխան ստանդարտներից շեղվելու մասին:

ԺԳ. ԱՀԿ Անդամի տարածքում գտնվող ցանկացած շահագրգիռ կողմի պահանջով ստանդարտացման մարմինը շտապ կարգով տրամադրում է կամ կարգադրում է տրամադրել ստանդարտի այն նախագծի պատճենը, որն ինքը ներկայացրել է դիտողությունների համար: Այս ծառայության համար գանձվող ցանկացած վճար, չհաշված առաքման իրական արժեքը, նույնն է օտարերկրյա և տեղական կողմերի համար:

ԺԴ. Ստանդարտի հետագա մշակման ընթացքում ստանդարտացման մարմինն հաշվի է առնում դիտողությունների ժամանակահատվածում ստացված դիտողությունները: Սույն Բարեխիղճ գործելակերպի կանոնադրությունն ընդունած ստանդարտացման մարմինների միջոցով ստացված դիտողությունների պատասխանները պահանջ լինելու դեպքում ուղարկվում են հնարավորին չափ շուտ: Պատասխանը ներառում է բացատրություն այն մասին, թե ինչու է անհրաժեշտ շեղվել համապատասխան միջազգային ստանդարտից:

ԺԵ. Ստանդարտն ընդունելուն պես այն արագ կերպով հրապարակվում է:

ԺԶ. ԱՀԿ Անդամի տարածքում գտնվող ցանկացած շահագրգիռ կողմի պահանջով ստանդարտացման մարմինը շտապ կարգով տրամադրում է կամ կարգադրում է տրամադրել իր ամենավերջին աշխատանքային ծրագրի կամ պատրաստած ստանդարտի պատճենը: Այս ծառայության համար գանձվող ցանկացած վճար, չհաշված առաքման իրական արժեքը, նույնն է օտարերկրյա և տեղական կողմերի համար:

ԺԷ. Ստանդարտացման մարմինը բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում և բավարար հնարավորություն է ընձեռում խորհրդակցությունների անցկացնելու սույն Բարեխիղճ գործելակերպի կանոնադրությունն ընդունած ստանդարտացման մարմինների` սույն Կանոնադրության գործողության առնչությամբ ներկայացրած նյութերի շուրջ: Այն անաչառորեն ջանում է լուծել բոլոր բողոքները:

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր