Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

Սույնով Անդամները համաձայնում են հետևյալի մասին.

 

Ա. Նպատակներ

 

i) Առևտրային քաղաքականության վերաքննության գործընթացի (ԱՔՎԳ) նպատակն է` Անդամների առևտրային քաղաքականություններում ու գործելակերպերում ավելի մեծ թափանցիկության հասնելու և դրանք ավելի լավ հասկանալու միջոցով նպաստել այն բանին, որ բոլոր Անդամները պահպանեն Առևտրի բազմակողմ պարտադիր համաձայնագրերով և համապատասխան դեպքում` Առևտրի բազմակողմ կամավոր համաձայնագրերով ստանձնած կանոնները, հիմնադրույթներն ու պարտավորությունները, և այդպիսով ավելի սահուն դառնա առևտրի բազմակողմ համակարգի աշխատանքը: Համապատասխանաբար, վերաքննության գործընթացը թույլ է տալիս հավաքական կերպով ըմբռնել ու գնահատել Անդամի առևտրային քաղաքականության միջոցների ու գործելակերպի ամբողջական ծավալն ու դրանց ազդեցությունը առևտրի բազմակողմ համակարգի աշխատանքի վրա: Այնուամենայնիվ, այն նախատեսված չէ հիմք ծառայելու Համաձայնագրերով ստանձնած առանձին պարտավորությունների կիրառման կամ վեճերի կարգավորման ընթացակարգերի համար կամ Անդամների վրա քաղաքականությանն առնչվող նոր պարտավորություններ դնելու համար:

ii) Վերաքննության գործընթացի ներքո իրականացվող գնահատումը կատարվում է, հաշվի առնելով տվյալ Անդամի տնտեսական ու զարգացման կարիքների, քաղաքականության միջոցների և նպատակների համընդգրկուն պատկերը, ինչպես նաև դրա արտաքին միջավայրը: Այնուամենայնիվ, վերաքննության գործընթացի խնդիրն է քննության առնել Անդամի առևտրային քաղաքականության միջոցների ու գործընթացի ազդեցությունը առևտրի բազմակողմ համակարգի վրա:

 

Բ. Ներքին թափանցիկություն

 

Անդամներն ընդունում են առևտրային քաղաքականության հարցերի վերաբերյալ կառավարության որոշումների կայացման ներքին թափանցիկությանը ներհատուկ կարևորությունը և Անդամների տնտեսությունների ու առևտրի բազմակողմ համակարգի համար, և համաձայնում են խրախուսել ու խթանել թափանցիկությունն իրենց սեփական համակարգերի ներսում, ընդունելով, որ ներքին թափանցիկության իրականացումը պետք է կատարվի կամավոր հիմունքով և հաշվի առնի յուրաքանչյուր Անդամի իրավական ու քաղաքական համակարգերը:

 

Գ. Վերաքննության ընթացակարգեր

 

i) Սույնով ստեղծվում է Առևտրային քաղաքականության վերաքննության մարմին (ԱՔՎՄ)` իրականացնելու առևտրային քաղաքականության վերաքննություններ:

ii) Բոլոր Անդամների առևտրային քաղաքականության միջոցներն ու գործելակերպը ենթակա են պարբերաբար վերաքննության: Վերաքննությունների հաճախականությունը որոշելու հարցում վճռորոշ գործոն կլինի առևտրի բազմակողմ համակարգի վրա առանձին Անդամի ունեցած ազդեցությունը, որը սահմանվում է ըստ համաշխարհային առևտրում` վերջին հատկանշական ժամանակահատվածում նրանց ունեցած բաժնեմասի: Այս կերպ որոշված առաջին չորս առևտրային միավորները (Եվրոպական համայնքները հաշվելով որպես մեկ) ենթակա են վերաքննության երկու տարին մեկ անգամ: Հաջորդ 16-ը վերաքննվում են յուրաքանչյուր չորս տարին մեկ: Մյուս Անդամները վերաքննության են ենթարկվում յուրաքանչյուր վեց տարին մեկ, բացառությամբ, որ ավելի երկար ժամանակահատված կարող է սահմանվել առավել թույլ զարգացած Անդամ երկրների համար: Հասկանալի է, որ այն միավորների վերաքննությունը, որոնք ունեն մեկից ավելի Անդամներ, ընդգրկող ընդհանուր արտաքին քաղաքականություն, ընդգրկում է առևտրի վրա ազդող` քաղաքականության բոլոր բաղկացուցիչները, ներառյալ` առանձին Անդամների համապատասխան քաղաքականության միջոցներն ու գործելակերպը: Բացառապես այն դեպքերում, երբ Անդամի առևտրային քաղաքականության միջոցների և գործելակերպի փոփոխությունները կարող են նշանակալի ազդեցություն ունենալ իր առևտրային գործընկերների վրա, ԱՔՎՄ-ն կարող է, խորհրդակցելուց հետո, տվյալ Անդամից պահանջել տեղափոխելու իր հերթական վերաքննությունը ավելի վաղ ժամկետի:

iii) ԱՔՎՄ-ի ժողովներում քննարկումները ղեկավարվում են «Ա» կետում սահմանված նպատակներով: Այդ քննարկումների կենտրոնում պետք է լինեն Անդամի առևտրային քաղաքականության միջոցներն ու գործելակերպերը, որոնք ենթակա են գնահատման վերաքննության գործընթացի ներքո:

iv) ԱՔՎՄ-ն վերաքննությունների անցկացման համար կազմում է հիմնական ծրագիր: Այն կարող է նաև քննարկել Անդամներից ստացված թարմացված զեկուցագրերն ու դրանք ընդունել ի գիտություն: ԱՔՎՄ-ն յուրաքանչյուր տարվա համար վերաքննությունների անցկացման ծրագիր է կազմում` խորհրդակցելով ուղղակիորեն գործին առնչվող Անդամի հետ: Վերաքննության ենթակա Անդամի կամ Անդամների հետ խորհրդակցելով, նախագահը կարող է քննարկումների մասնակիցներ ընտրել, ովքեր` գործելով իրենց անձնական իրավասության սահմաններում, բացում են քննարկումները ԱՔՎՄ-ում:

v) ԱՔՎՄ-ն իր աշխատանքը հիմնում է հետևյալ փաստաթղթերի վրա.

ա) «Դ» կետում հիշատակված ամբողջական զեկուցագրի, որը տրամադրում են վերաքննության ենթակա Անդամը կամ Անդամները,

բ) զեկուցագրի, որը կազմում է Քարտուղարությունն իր սեփական պատասխանատվությամբ` հիմնվելով իրեն մատչելի և տվյալ Անդամի կամ Անդամների տրամադրած տեղեկությունների վրա: Քարտուղարությունը պետք է ձգտի տվյալ Անդամից կամ Անդամներից պարզաբանումներ ձեռք բերել դրանց առևտրային քաղաքականության միջոցների և գործելակերպերի վերաբերյալ:

vi) Վերաքննության մեջ գտնվող Անդամի և Քարտուղարության զեկուցագրերը` ԱՔՎՄ-ի համապատասխան ժողովի արձանագրության հետ միասին շտապ կարգով հրապարակվում են վերաքննությունից հետո:

vii) Այդ փաստաթղթերն ուղարկվում են Նախարարական համաժողով, որը դրանք ընդունում է ի գիտություն:

 

Դ. Հաշվետվությունը

 

Թափանցիկության հնարավորինս մեծ աստիճանի հասնելու համար, յուրաքանչյուր Անդամ պարբերաբար զեկուցում է ԱՔՎՄ-ին: Ամբողջական զեկուցագրերում նկարագրվում են այն առևտրային քաղաքականության միջոցներն ու գործելակերպերը, որոնք իրականացնում են տվյալ Անդամը կամ Անդամները` հիմնվելով այն համաձայնեցված ձևի վրա, որը որոշում է ԱՔՎՄ-ն: Այդ ձևը սկզբնապես հիմնվում է 1989 թ. հուլիսի 19-ի որոշմամբ սահմանված Երկրների զեկուցագրերի ուրվագիր ձևի (BISD 36/S/406-409) վրա` անհրաժեշտության դեպքում փոփոխելով այն, որպեսզի զեկուցագրերն ընդգրկեն առևտրային քաղաքականության միջոցների բոլոր այն հարցերը, որոնք ընկնում են 1-ին Հավելվածի Առևտրի բազմակողմ պարտադիր համաձայնագրերի և, կիրառելիության դեպքում, Առևտրի բազմակողմ կամավոր համաձայնագրերի գործողության տակ: ԱՔՎՄ-ն, ելնելով փորձից, կարող է վերանայել այդ ձևը: Վերաքննությունների միջև ընկած ժամանակահատվածում Անդամները համառոտ զեկուցագրեր են ներկայացնում, եթե որևէ նշանակալի փոփոխություն է կատարվում նրանց առևտրային քաղաքականության մեջ. տարին մեկ անգամ թարմացված վիճակագրական տեղեկությունները կտրամադրվեն համաձայնեցված ձևին համապատասխան: Հաշվի են առնվում հատկապես այն դժվարությունները, որոնց հանդիպում են առավել թույլ զարգացած Անդամ երկրներն իրենց զեկուցագրերը կազմելիս: Պահանջ լինելու դեպքում Քարտուղարությունը տեխնիկական աջակցություն է տրամադրում զարգացող Անդամ երկրներին և հատկապես առավել թույլ զարգացած Անդամ երկրներին: Զեկուցագրերում պարունակվող տեղեկությունները պետք է հնարավորինս համաձայնեցված լինեն ծանուցումների հետ, որոնք կատարվել են համաձայն Առևտրի բազմակողմ պարտադիր համաձայնագրերի և, կիրառելիության դեպքում, Առևտրի բազմակողմ կամավոր համաձայնագրերի դրույթների:

 

Ե. Կապը ՄԱԳՀ-1994-ի և ԾԱԳՀ-ի վճարային հաշվեկշռի վերաբերյալ դրույթների հետ

 

i

Անդամներն ընդունում են, որ կարիք կա նվազագույնի հասցնելու այն կառավարությունների ծանրաբեռնվածությունը, որոնք նաև ենթակա են լրիվ խորհրդակցությունների` համաձայն ՄԱԳՀ-1994-ի կամ ԾԱԳՀ-ի վճարային հաշվեկշռի վերաբերյալ դրույթների: Այս առումով` ԱՔՎՄ-ի նախագահը, խորհրդակցելով տվյալ Անդամի կամ Անդամների հետ, և Վճարային հաշվեկշռի սահմանափակումների հարցերով կոմիտեի նախագահի հետ, վարչական միջոցներ է մշակում, որոնք առևտրային քաղաքականության վերաքննությունների ռիթմը ներդաշնակեցնում են վճարային հաշվեկշռի շուրջ խորհրդակցությունների ժամանակացանկի հետ, սակայն առևտրային քաղաքականության վերաքննությունը չեն հետաձգում ավելի, քան 12 ամսով:

 

Զ. Կառույցի գնահատական

 

ԱՔՎՄ-ն ԱՔՎԳ-ի գործողության գնահատում է անցկացնում ոչ ուշ, քան ԱՀԿ ստեղծման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` հինգ տարի հետո: Գնահատման արդյունքները կներկայացվեն Նախարարական համաժողովին: Դրանից հետո այն կարող է ԱՔՎԳ-ի գնահատումներ անցկացնել` իր որոշած կամ Նախարարական համաժողովի պահանջած պարբերությամբ:

 

Է. Միջազգային առևտրային միջավայրի զարգացումների ընդհանուր պատկեր

 

ԱՔՎՄ-ն տարին մեկ անգամ ձեռնարկում է նաև առևտրի բազմակողմ համակարգի վրա ազդող` միջազգային առևտրային միջավայրի զարգացումների ընդհանուր պատկերման աշխատանքներ: Ընդհանուր պատկերման աշխատանքն օժանդակվում է Գլխավոր տնօրենի տարեկան զեկուցագրով, որտեղ նշվում են ԱՀԿ-ի հիմնական աշխատանքները, և պարզաբանվում են առևտրային համակարգի վրա ազդող քաղաքականության կարևոր հարցերը:

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր