ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՌՉԱԿԱԳԻՐ
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախարարները,
նկատի առնելով ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև եղած մոտ հարաբերությունը և ՄԱԳՀ-1947-ի` այդ հարաբերությունը ղեկավարող դրույթները, մասնավորապես ՄԱԳՀ 1947-ի 15-րդ հոդվածը,
ըմբռնելով մասնակիցների ցանկությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ԱՀԿ-ի հարաբերությունը` ԱՀԿ Համաձայնագրի 1Ա Հավելվածի Առևտրի բազմակողմ պարտադիր համաձայնագրերով ընդգրկված բնագավառների մասով հիմնելու այն դրույթների վրա, որոնք ղեկավարել են ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի հարաբերությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ,
սույնով վերահաստատում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ԱՀԿ-ի հարաբերությունը` ԱՀԿ Համաձայնագրի 1Ա Հավելվածի Առևտրի բազմակողմ պարտադիր համաձայնագրերով պարփակված բնագավառների մասով կհիմնվեն այն դրույթների վրա, որոնք ղեկավարել են ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի հարաբերությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, եթե այլ կերպ չի նախատեսված Եզրափակիչ փաստաթղթում:
Որոշում առավել թույլ զարգացած և սննդամթերք զուտ ներմուծող զարգացող երկրների վրա բարեփոխումների ծրագրի հնարավոր բացասական ազդեցություններին վերաբերող միջոցների մասին
1. Նախարարներն ընդունում են, որ Ուրուգվայի փուլի արդյունքների` որպես ամբողջության, առաջընթաց իրականացումը կստեղծի տնտեսական աճի և առևտրի ընդլայնման ավելի ու ավելի մեծ հնարավորություններ հօգուտ բոլոր մասնակիցների:
2. Նախարարներն ընդունում են, որ գյուղատնտեսական առևտրի ազատականացմանը տանող բարեփոխումների ծրագրի ընթացքում առավել թույլ զարգացած երկրները և սննդամթերք զուտ ներմուծող զարգացող երկրները կարող են բացասական ազդեցությունների ենթարկվել` արտաքին աղբյուրներից խելամիտ պայմաններով հիմնական սննդամթերքի բավարար մատակարարումների մատչելիության առումով, ներառյալ` հիմնական սննդամթերքի առևտրային ներմուծումների սովորական մակարդակը դրամավորելու գործում կարճաժամկետ դժվարությունները:
3. Նախարարները համապատասխանաբար համաձայնում են համապատասխան գործկառույցներ ստեղծել` երաշխավորելու, որ գյուղատնտեսական առևտրի մասով Ուրուգվայի փուլի արդյունքների իրականացումը վնասակար ազդեցություն չունենա զարգացող երկրների, հատկապես, առավել թույլ զարգացած երկրների և զուտ սննդամթերք ներմուծող զարգացող երկրների սննդի կարիքները հոգալուն ուղղված աջակցություն տրամադրելու համար բավարար պարենային օգնության մատչելիության վրա: Այս կապակցությամբ նախարարները համաձայնում են.
(1) վերանայել պարենային օգնության մակարդակը, որ պարբերաբար սահմանվում է Պարենային օգնության կոմիտեի կողմից համաձայն 1986 թ. Պարենային օգնության կոնվենցիայի, և համապատասխան հավաքատեղում նախաձեռնել բանակցություններ բարեփոխումների ծրագրի ընթացքում զարգացող երկրների սննդի օրինավոր կարիքները հոգալու համար բավարար պարենային օգնության պարտավորությունների մակարդակը սահմանելու նպատակով,
(2) ընդունել կանոններ ապահովելու համար, որ առավել թույլ զարգացած երկրներին և սննդամթերք զուտ ներմուծող զարգացող երկրներին հիմնական սննդամթերքի ավելի ու ավելի աճող չափաբաժինը ամբողջությամբ տրամադրվի նվիրատվության ձևով և (կամ) համապատասխան զիջումային պայմաններով` համաձայն 1986 թ. Պարենային օգնության կոնվենցիայի 4-րդ հոդվածի,
(3) իրենց օգնության ծրագրերում լիարժեքորեն հաշվի առնել առավել թույլ զարգացած երկրներին և սննդամթերք զուտ ներմուծող զարգացող երկրներին նրանց գյուղատնտեսական արտադրողականության և ենթակառուցվածքների բարելավման համար տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրելու պահանջներին:
4. Նախարարներն այնուհետև համաձայնում են երաշխավորել, որ գյուղատնտեսական արտահանման վարկավորմանն առնչվող ցանկացած համաձայնագրի համապատասխան դրույթներ նախատեսի առավել թույլ զարգացած երկրների և զուտ սննդամթերք ներմուծող զարգացող երկրների նկատմամբ տարբերակված մոտեցման համար:
5. Նախարարներն ըմբռնում են, որ Ուրուգվայի փուլի արդյունքում որոշ զարգացող երկրներ կարող են առևտրային ներմուծումների սովորական մակարդակը ֆինանսավորելու գործում կարճաժամկետ դժվարություններ ունենալ, և որ այդ ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար այդ երկրները կարող են գոյություն ունեցող հնարավորությունների կամ այն հնարավորությունների շրջանակներում, որ կարող են ստեղծվել կարգավորման ծրագրերի ներքո, իրավունք ունենալ օգտվելու միջազգային ֆինանսական հաստատությունների միջոցներից: Այս կապակցությամբ նախարարները նկատի են առնում ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենի` Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար-տնօրենի և Համաշխարհային բանկի նախագահի հետ իր ունեցած խորհրդակցությունների վերաբերյալ զեկուցագրի կետ 37-ը (MTN.GNG14/W/35):
6. Սույն Որոշման դրույթները ենթակա են Նախարարական համաժողովի կողմից պարբերական վերաքննության, և սույն Որոշման հետագա կատարումը, անհրաժեշտության դեպքում, քննարկվում է Գյուղատնտեսության կոմիտեի կողմից:
Մանածագործվածքների և հագուստեղենի մասին համաձայնագրի հոդված 2.6-ով սահմանված առաջին ընդգրկմանը վերաբերող ծանուցման մասին որոշում
Նախարարները,
համաձայնում են, որ այն մասնակիցները, որոնք պահպանում են Մանածագործվածքների և հագուստեղենի մասին համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի տակ ընկնող սահմանափակումները, ոչ ուշ, քան 1994 թ. հոկտեմբերի 1-ը ՄԱԳՀ Քարտուղարությանը ծանուցում են այդ Համաձայնագրի 2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ձեռնարկված գործողությունների վերաբերյալ լրիվ մանրամասների մասին: Տեղեկատվության նպատակով ՄԱԳՀ Քարտուղարությունը այդ ծանուցումները շտապ տրամադրում է մյուս մասնակիցներին: Այդ ծանուցումները Մանածագործվածքների և հագուստեղենի մասին համաձայնագրի 2-րդ հոդվածի 21-րդ կետի նպատակներով մատչելի կդարձվեն Մանածագործվածքների հարցերով քննարկման մարմնի համար, երբ այն կստեղծվի:
ԱՀԿ-ՀՄԿ ստանդարտների տեղեկատվական համակարգի առնչությամբ առաջարկված փոխհամաձայնության մասին որոշում
Նախարարները,
որոշում են առաջարկել, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության Քարտուղարությունը փոխհամաձայնություն ձեռք բերի Ստանդարտացման (ստանդարտացման) միջազգային կազմակերպության (ՍՄԿ) հետ ստեղծելու տեղեկատվական կենտրոն, որի ներքո.
1. ՍՄԿ-ՑԱՆՑԻ-ի (1ՏՕNET) անդամները` ՍՄԿ-ԷՄՀ-ի (1ՏՕ/IEC) Ժնևի Տեղեկատվական կենտրոնին են փոխանցում Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագրի Հավելված 3-ի Ստանդարտների պատրաստման, ընդունման և կիրառման բարեխիղճ գործելակերպի կանոնադրության «Գ» և «Ժ» կետերում նշված ծանուցումները` այնտեղ մատնանշված ձևով,
2. «Ժ» կետում նշված աշխատանքային ծրագրերում գործածվում են հետևյալ (ալֆա) թվային դասակարգման համակարգերը,
ա) ստանդարտների դասակարգման համակարգ, որը ստանդարտացման մարմիններին թույլ կտա աշխատանքային ծրագրում նշված յուրաքանչյուր ստանդարտի համար տրամադրել տվյալ առարկայի (ալֆա) թվային հատկանշում.
բ) փուլային ծածկագրման համակարգ, որը ստանդարտացման մարմիններին թույլ կտա աշխատանքային ծրագրում նշված յուրաքանչյուր ստանդարտի համար տրամադրել տվյալ ստանդարտի մշակման փուլի (ալֆա) թվային հատկանշում: Այս նպատակով պետք է տարբերակվեն առնվազն հինգ մշակման փուլեր. 1) փուլ, որում ստանդարտ մշակելու որոշումը կայացվել է, սակայն տեխնիկական աշխատանք դեռ չի կատարվել, 2) փուլ, որում տեխնիկական աշխատանքը սկսվել է, սակայն դեռ չի սկսվել դիտողությունների ներկայացման ժամկետը, 3) փուլ, որում դիտողությունների ներկայացման ժամկետը սկսվել է, սակայն դեռ չի ավարտվել, 4) փուլ, որում դիտողությունների ներկայացման ժամկետն ավարտվել է, սակայն ստանդարտը դեռ չի ընդունվել, 5) փուլ, որում ստանդարտն ընդունվել է,
գ) բոլոր միջազգային ստանդարտներն ընդգրկող հատկորոշման համակարգ, որը ստանդարտացման մարմիններին թույլ կտա աշխատանքային ծրագրում նշված յուրաքանչյուր ստանդարտի համար տրամադրել որպես հիմք օգտագործված միջազգային ստանդարտի(ների) (ալֆա) թվային հատկանշում:
3. ՍՄԿ-ԷՄՀ-ի Տեղեկատվական կենտրոնը շտապ Քարտուղարությանն է տրամադրում բարեխիղճ գործելակերպի կանոնադրության «Գ» կետում նշված ցանկացած ծանուցման պատճենը:
4. ՍՄԿ-ԷՄՀ-ի Տեղեկատվական կենտրոնը պարբերաբար հրատարակում է բարեխիղճ գործելակերպի կանոնադրության «Գ» և «Ժ» կետերի համաձայն իրեն ներկայացված ծանուցումներում եղած տեղեկությունները. այս հրատարակումը, որի համար կարող է խելամիտ վճար գանձվել, մատչելի է ՍՄԿ-ՑԱՆՑԻ անդամների և, Քարտուղարության միջոցով, ԱՀԿ Անդամների համար:
ՍՄԿ-ԷՄՀ տեղեկատվական կենտրոնի հրատարակման վերանայման մասին որոշում
Նախարարները,
որոշում են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի 1Ա Հավելվածի Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դրա ներքո ստեղծված Առևտրի տեխնիկական խոչընդոտների հարցերով հանձնախումբը, առանց վնաս հասցնելու խորհրդակցությունների և վեճերի կարգավորման վերաբերյալ դրույթներին, առնվազն տարին մեկ անգամ վերանայում է ՍՄԿ-ԷՄՀ տեղեկատվական կենտրոնի տրամադրած Համաձայնագրի 3-րդ Հավելվածի Ստանդարտների պատրաստման, ընդունման և կիրառման բարեխիղճ գործելակերպի կանոնադրությանը համապատասխան ստացված տեղեկությունների վերաբերյալ հրատարակությունը` նպատակ ունենալով Անդամներին հնարավորություն տալ քննարկելու այդ կարգի գործողությանն առնչվող ցանկացած հարց:
Այս քննարկումը խթանելու համար Քարտուղարությունը ըստ Անդամների տրամադրում է ստանդարտացման այն բոլոր մարմինների ցանկը, որոնք ընդունել են կարգը, ինչպես նաև այն ստանդարտացման մարմինների ցանկը, որոնք ընդունել են կարգը կամ հրաժարվել են դրանից նախորդող վերանայումից հետո:
Քարտուղարությունը շտապ Անդամներին է բաժանում նաև այն ծանուցումների պատճենները, որոնք նա ստանում է ՍՄԿ-ԷՄՀ տեղեկատվական կենտրոնից:
Հակախափանման մասին որոշում
Նախարարները,
նկատի առնելով, որ չնայած հակագնագցման միջոցների խափանման (շրջանցման) խնդիրը ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրին նախորդող բանակցությունների մաս էր, բանակցողները չկարողացան համաձայնության գալ որոշակի շարադրանքի շուրջ,
ըմբռնելով այս բնագավառում միասնական կանոնների հնարավորին չափ շուտ կիրառման ցանկալիությունը,
որոշում են այս հարցը ներկայացնել այդ համաձայնագրով ստեղծված Հակագնագցման գործունեության հարցերով հանձնախմբին լուծելու համար:
Մաքսերի և առևտրի 1994 թ. Գլխավոր Համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի հոդված 17.6-ի վերանայման մասին որոշում
Նախարարները որոշում են, որ
ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի 17-րդ հոդվածի 6-րդ կետում ընդգրկված վերաքննության եղանակը վերանայվում է երեք տարի ժամանակահատվածն անցնելուց հետո` նպատակ ունենալով քննարկել այն հարցը, թե պիտանի է արդյոք այն ընդհանուր կիրառելիության համար:
ՄԱՔՍԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ 1994 Թ. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 5-ՐԴ ԳԼԽԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Նախարարները,
ըմբռնում են հակագնագցման և փոխհատուցման միջոցների մասով ծագող վեճերի համաձայնեցված կարգավորման կարիքը` կապված ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի և Լրավճարների ու փոխհատուցման միջոցների մասին համաձայնագրի 5-րդ Գլխի հետ:
Որոշում այն դեպքերի առնչությամբ, երբ մաքսային մարմինները հիմքեր ունեն կասկածելու հայտարարագրված մաքսային արժեքի հավաստիության կամ ճշգրտության առնչությամբ
Նախարարները,
ՄԱԳՀ-1994-ի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրով ստեղծված Մաքսային արժեքի գնահատման հարցերով կոմիտեին կոչ են անում կայացնելու հետևյալ որոշումը.
Մաքսային արժեքի գնահատման կոմիտեն,
վերահաստատելով, որ ՄԱԳՀ-1994-ի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) սահմանված` արժեքի գնահատման առաջնային հիմք է գործարքի արժեքը,
ընդունելով, որ մաքսային մարմնին կարող է անհրաժեշտ լինել առնչվելու այնպիսի դեպքերի հետ, երբ նա հիմքեր ունի կասկածելու առևտրականների հայտարարագրած արժեքի հավաստման համար նրանց կողմից պատրաստված տվյալների կամ փաստաթղթերի հավաստիությանը կամ ճշգրտությանը,
շեշտելով, որ այդ դեպքում մաքսային մարմինը չպետք է վնաս հասցնի առևտրականների օրինական առևտրային շահերին,
հաշվի առնելով Համաձայնագրի 17-րդ հոդվածը, Համաձայնագրի 3-րդ Հավելվածի 6-րդ կետը և Մաքսային արժեքի գնահատման հարցերով կոմիտեի համապատասխան որոշումները,
որոշում է, որ
1. Երբ հայտարարագիր է ներկայացվում, և երբ մաքսային մարմինը հիմքեր ունի կասկածելու հայտարարագրված արժեքի հավաստման համար պատրաստված տվյալների կամ փաստաթղթերի հավաստիությանը կամ ճշգրտությանը, մաքսային մարմինը կարող է ներմուծողից պահանջել հետագա բացատրություններ, ներառյալ փաստաթղթեր կամ այլ ապացույցներ` առ այն, որ հայտարարագրված արժեքը ներկայացնում է ներմուծվող ապրանքների համար` 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ճշգրտված, փաստացի վճարված կամ վճարման ենթակա ընդհանուր գումարը: Եթե հետագա տեղեկություններ ստանալուց հետո կամ պատասխան չլինելու դեպքում մաքսային մարմինը դեռևս հիմնավոր կասկածներ ունի հայտարարագրված արժեքի հավաստիության կամ ճշգրտության վերաբերյալ, ապա հաշվի առնելով 11-րդ հոդվածի դրույթները կարելի է համարել, որ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել 1-ին հոդվածի դրույթներով: Վերջնական որոշում կայացնելուց առաջ, մաքսային մարմինը ներմուծողին հաղորդում է (պահանջ լինելու դեպքում գրավոր կերպով) պատրաստված տվյալների կամ փաստաթղթերի հավաստիությանը կամ ճշգրտությանը իր ունեցած կասկածների հիմքերի մասին, և ներմուծողին պատասխանելու պատշաճ հնարավորություն է տրվում: Վերջնական որոշում կայացնելու դեպքում մաքսային մարմինը ներմուծողին գրավոր կերպով հաղորդում է իր որոշման ու դրա հիմքերի մասին:
2. Համաձայնագիրը կիրառելիս ամբողջությամբ ընդունելի է մեկ Անդամի աջակցությունը մեկ այլ Անդամի` փոխադարձաբար համաձայնեցված պայմաններով:
Բացառիկ գործակալների, բացառիկ բաշխողների և բացառիկ արտոնատերերի կողմից կատարվող ներմուծումներին և նվազագույն արժեքներին առնչվող տեքստերի մասին որոշում
Նախարարները,
որոշում են ՄԱԳՀ-1994-ի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրով ստեղծված Մաքսային արժեքի գնահատման հարցերով կոմիտեին ներկայացնել հետևյալ տեքստերը` ընդունման համար.
1
Եթե զարգացող երկիրը վերապահում է անում 3-րդ Հավելվածի 2-րդ կետի իմաստով պաշտոնապես սահմանված նվազագույն արժեքներ կիրառելու համար, ապա Կոմիտեն աջակցող վերաբերմունք է ցույց տալիս վերապահում անելու պահանջի նկատմամբ:
Եթե վերապահմանը համաձայնություն է տրվում, ապա 3-րդ Հավելվածի 2-րդ կետում նշված պայմաններում պետք է լիարժեքորեն հաշվի առնվեն տվյալ զարգացող երկրի զարգացման, ֆինանսական և առևտրային կարիքները:
2
1. Մի շարք զարգացող երկրներ մտահոգություն ունեն, որ խնդիրներ կարող են լինել բացառիկ գործակալների, բացառիկ բաշխողների և բացառիկ արտոնատերերի կողմից կատարվող ներմուծումների արժեքի գնահատման գործում: Համաձայն 20-րդ հոդվածի 1-ին կետի զարգացող Անդամ երկրները հինգ տարի հետաձգման ժամկետ ունեն մինչև Համաձայնագրի կիրառումը: Այս առումով` սույն դրույթից օգտվող զարգացող Անդամ երկրները կարող են ժամկետն օգտագործել համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և այնպիսի այլ միջոցներ ձեռնարկելու նպատակով, ինչպիսիք անհրաժեշտ են կիրառմանը նպաստելու համար:
2. Հաշվի առնելով այս` կոմիտեն առաջարկում է, որ Մաքսային համագործակցության խորհուրդն աջակցի զարգացող Անդամ երկրներին, համաձայն 2-րդ Հավելվածի դրույթների, հետազոտություններ ձևակերպելու և կատարելու այն բնագավառներում, որոնք նշվում են որպես հնարավոր մտահոգության առարկա հանդիսացող, ներառյալ բացառիկ գործակալների, բացառիկ բաշխողների և բացառիկ արտոնատերերի կողմից կատարվող ներմուծումներին առնչվողները:
Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի մասով սահմանակարգային դրույթների մասին որոշում
Նախարարները,
որոշում են առաջարկել, որ Ծառայությունների առևտրի խորհուրդն իր առաջին ժողովի ժամանակ ընդունի որոշում ներքոշարադրյալ օժանդակ մարմինների մասին:
Ծառայությունների առևտրի խորհուրդը`
գործելով 24-րդ հոդվածին համապատասխան, նպատակ ունենալով դյուրացնելու Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի գործողությունը և նպաստելու նրա նպատակների իրականացմանը,
որոշում է, որ
1. Ցանկացած օժանդակ մարմին, որ կարող է ստեղծվել Խորհրդի կողմից, զեկուցում է Խորհրդին տարին մեկ անգամ կամ, անհրաժեշտության դեպքում, ավելի հաճախ: Յուրաքանչյուր այդպիսի մարմին ստեղծում է իր սեփական ընթացակարգերի կանոնները և, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել իր սեփական օժանդակ մարմինները:
2. Ցանկացած ոլորտի կոմիտե կատարում է խորհրդի կողմից իրեն հանձնարարված պարտականությունները և Անդամներին հնարավորություն է տալիս խորհրդակցելու տվյալ ոլորտի ծառայությունների առևտրի հետ կապված ցանկացած հարցի և ոլորտի այն հավելվածի գործողության վերաբերյալ, որին դա կարող է առնչվել: Այդ պարտականություններն ընդգրկում են.
ա) շարունակական վերաքննության ու հսկողության տակ պահել Համաձայնագրի կիրառելիությունը տվյալ ոլորտի մասով,
բ) Խորհրդի կողմից քննարկման համար մշակել առաջարկություններ և հանձնարարականներ` տվյալ ոլորտի առևտրի հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ,
գ) եթե գոյություն ունի տվյալ ոլորտին առնչվող հավելված, ապա քննարկել այդ ոլորտի հավելվածի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները և համապատասխան հանձնարարականներ ներկայացնել Խորհրդին,
դ) հավաքատեղի ապահովել տեխնիկական բնույթի քննարկումների համար, ուսումնասիրել Անդամների կիրառած միջոցները և քննության առնել տվյալ ոլորտում ծառայությունների առևտրի վրա ազդեցություն ունեցող ցանկացած այլ տեխնիկական հարց,
ե) պարտավորությունների իրականացման և տվյալ ոլորտում ծառայությունների առևտրի վրա ազդեցություն ունեցող այլ հարցերի հետ կապված տեխնիկական աջակցություն տրամադրել զարգացող Անդամ երկրներին և այն զարգացող երկրներին, որոնք Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրին անդամակցելու բանակցություններ են վարում,
զ) համագործակցել` Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրով ստեղծված ցանկացած այլ օժանդակ մարմնի կամ տվյալ ոլորտում գործող ցանկացած միջազգային կազմակերպության հետ:
3. Սույնով ստեղծվում է Ֆինանսական ծառայությունների առևտրի հարցերով հանձնախումբ, որը կունենա կետ 2-ում թվարկված պարտականությունները:
Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի մասով վեճերի կարգավորման որոշ ընթացակարգերի մասին որոշում
Նախարարները,
որոշում են առաջարկել, որ Ծառայությունների առևտրի խորհուրդն իր առաջին ժողովի ժամանակ ընդունի ստորև բերվող որոշումը:
Ծառայությունների առևտրի խորհուրդը,
հաշվի առնելով Համաձայնագրով սահմանված պարտավորությունների և հատուկ պարտավորությունների ու ծառայությունների առևտրի առանձնահատուկ բնույթը, 22-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան վեճերի կարգավորման առնչությամբ,
որոշում է, որ
1. Քննախմբի անդամների ընտրության գործին աջակցելու համար ստեղծվում է քննախմբի անդամների հերթացուցակ:
2. Այս կապակցությամբ, Անդամները կարող են հերթացուցակում ընդգրկելու համար առաջադրել անձանց անուններ, որոնք ունեն 3-րդ կետում նշված որակավորումները, և տրամադրում են նրանց որակավորումներն արտահայտող կենսագրություն` հնարավորության դեպքում նշելով ոլորտում ունեցած փորձը:
3. Քննախմբերը կազմվում են բարձր որակավորում ունեցող պետական պաշտոնյա հանդիսացող և/կամ չհանդիսացող անձանցից, որոնք փորձ ունեն Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի հետ կապված հարցերում և/կամ ծառայությունների առևտրում, ներառյալ դրանց հետ կապված կանոնակարգման հարցերը: Քննախմբի անդամները ծառայություն են կրում իրենց անձնական իրավասության շրջանակներում և ոչ որպես որևէ կառավարության կամ կազմակերպության ներկայացուցիչ:
4. Ոլորտներին առնչվող հարցերի շուրջ եղած վեճերի քննախմբերը պետք է անհրաժեշտ փորձ ունենան վեճի առարկա հանդիսացող ծառայության առանձին ոլորտում:
5. Քարտուղարությունը վարում է հերթացուցակը և մշակում է դրա կատարման ընթացակարգերը` խորհրդակցելով Խորհրդի նախագահի հետ:
Ծառայությունների առևտրի և շրջակա միջավայրի մասին որոշում
Նախարարները,
որոշում են առաջարկել, որ Ծառայությունների առևտրի խորհուրդն իր առաջին ժողովի ժամանակ ընդունի ստորև բերվող որոշումը:
Ծառայությունների առևտրի խորհուրդը`
ընդունելով, որ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցները կարող են հակասության մեջ մտնել Համաձայնագրի հետ, և
նկատի առնելով, այն, որ շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները սովորաբար նպատակ են ունենում պաշտպանել մարդկանց կյանքը կամ առողջությունը, կենդանիներին կամ բույսերը, հստակ չէ, թե կարիք կա նախատեսելու ավելին, քան ընդգրկված է 14-րդ հոդվածի «բ» կետում,
որոշում է.
1. որպեսզի պարզվի, թե այդ միջոցները հաշվի առնելու համար պահանջվում է արդյոք Համաձայնագրի 14-րդ հոդվածի փոփոխություն, Առևտրի և շրջակա միջավայրի հարցերով կոմիտեից պահանջել քննության առնել ծառայությունների առևտրի և շրջակա միջավայրի միջև հարաբերությունը, ներառյալ` կայուն զարգացման հարցը, և զեկուցել այդ մասին, ներկայացնելով առաջարկություններ, եթե այդպիսիք կլինեն: Կոմիտեն քննության է առնում նաև շրջակա միջավայրի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի առնչությունն ու հարաբերությունը համաձայնագրի հետ:
2. Կոմիտեն իր աշխատանքների արդյունքների մասին զեկուցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցող Նախարարական համաժողովի առաջին երկամյա հավաքին:
Ֆիզիկական անձանց տեղաշարժման շուրջ բանակցությունների մասին որոշում
Նախարարները,
նկատի առնելով Ուրուգվայի փուլի` ծառայություններ մատուցելու նպատակով ֆիզիկական անձանց տեղաշարժի շուրջ բանակցությունների արդյունք հանդիսացող պարտավորությունները,
հասկանալով Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի նպատակները, ներառյալ` ծառայությունների առևտրում զարգացող երկրների մասնակցության ընդարձակումը և նրանց ծառայությունների արտահանման ընդլայնումը,
ընդունելով, որ կարևոր է ֆիզիկական անձանց տեղաշարժի մասով առավել բարձր մակարդակի պարտավորությունների հասնել Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրով պայմանավորված օգուտների հավասարակշռությունն ապահովելու համար,
որոշում են, որ.
1. Ծառայություններ մատուցելու նպատակով ֆիզիկական անձանց տեղաշարժն ազատականացնելու շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն Ուրուգվայի փուլի ավարտից հետո էլ, նպատակ ունենալով հասնել մասնակիցների կողմից առավել բարձր մակարդակի պարտավորությունների ստանձնմանը` համաձայն Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի:
2. Բանակցությունները վարելու համար ստեղծվում է ֆիզիկական անձանց տեղաշարժի մասով բանակցային խումբ: Խումբը նախատեսում է իր սեփական ընթացակարգերը և պարբերաբար զեկուցում է Ծառայությունների առևտրի խորհրդին:
3. Բանակցային խումբն իր առաջին նստաշրջանն անցկացնում է ոչ ուշ, քան 1994 թ. մայիսի 16-ը: Նա եզրափակում է այս բանակցությունները և վերջնական զեկուցագիր է պատրաստում ոչ ուշ, քան Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
4. Այս բանակցությունների արդյունք հանդիսացող պարտավորությունները ներառվում են Անդամների հատուկ պարտավորությունների ժամանակացանկերի մեջ:
Ֆինանսական ծառայությունների մասին որոշում
Նախարարները,
նշելով, որ Ուրուգվայի փուլի ավարտի ժամանակ մասնակիցների կողմից ֆինանսական ծառայությունների մասով ժամանակագրերում ներառված պարտավորությունների ԱԱԲ (MNF) հիմքով ուժի մեջ են մտնում Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի (այսուհետ` ԱՀԿ Համաձայնագիր) հետ միաժամանակ,
որոշում են, որ.
1. Անկախ Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի 21-րդ հոդվածի դրույթներից, Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս հետո ավարտվող ժամանակահատվածի վերջում Անդամներն ազատ են բարելավելու, փոփոխելու կամ հանելու այս ոլորտի մասով իրենց պարտավորությունները առանց փոխհատուցում առաջարկելու: Միևնույն ժամանակ Անդամները վերջնականացնում են այս ոլորտում ԱԱԲ բացառություններին վերաբերող իրենց դիրքորոշումները` անկախ 2-րդ հոդվածի մասով բացառությունների վերաբերյալ Հավելվածի դրույթներից: ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած մինչև վերոհիշյալ ժամանակահատվածի ավարտը, չեն կիրառվի 2-րդ հոդվածի մասով բացառությունների վերաբերյալ Հավելվածում թվարկված այն բացառությունները, որոնք պայմանական են` ելնելով այլ մասնակիցների կողմից ստանձնած պարտավորությունների մակարդակից կամ այլ մասնակիցների կողմից արված բացառություններից:
2. Ֆինանսական ծառայությունների առևտրի հարցերով կոմիտեն քննարկում է սույն Որոշման դրույթների համաձայն ձեռնարկված ցանկացած բանակցության առաջընթացը և այդ մասին զեկուցում է Ծառայությունների առևտրի խորհրդին ոչ ուշ, քան ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից չորս ամիս հետո:
Ծովային փոխադրման ծառայությունների շուրջ բանակցությունների մասին որոշում
Նախարարները,
նշելով, որ Ուրուգվայի փուլի եզրափակման ժամանակ մասնակիցների կողմից ծովային փոխադրման ծառայությունների մասով ժամանակացանկերում ներառված պարտավորությունները ԱԱԲ հիմքով ուժի մեջ են մտնում Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի (այսուհետ` ԱՀԿ Համաձայնագիր) հետ միաժամանակ,
որոշում են, որ.
1. Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի շրջանակներում, ծովային փոխադրման ծառայությունների ոլորտի շուրջ բանակցությունները նախաձեռնվում են կամավոր հիմունքով: Բանակցությունների ընդգրկումը համապարփակ է` նպատակ ունենալով հասնելու առաքման, հարակից ծառայությունների և նավահանգիստների մուտքի և օգտագործման մասով պարտավորությունների, որոնք տանում են դեպի սահմանափակումների վերացման` համաձայն ամրագրված ժամանակացույցի:
2. Այս լիազորությունն իրականացնելու համար ստեղծվում է Ծովային փոխադրման ծառայությունների շուրջ վարվող բանակցությունների խումբ (այսուհետ` ԾՓԾԲԽ): ԾՓԾԲԽ-ն պարբերաբար զեկուցում է այս բանակցությունների առաջընթացի մասին:
3. ԾՓԾԲԽ-ի բանակցությունները բաց են բոլոր այն կառավարությունների և Եվրոպական համայնքների համար, որոնք հայտարարում են մասնակցելու իրենց մտադրության մասին: Բանակցություններին մասնակցելու իրենց մտադրության մասին այսօրվա դրությամբ հայտարարել են հետևյալները.
Արգենտինա, Կանադա, Եվրոպական համայնքներ և նրանց անդամ պետություններ, Ֆինլանդիա, Հոնգկոնգ, Իսլանդիա, Ինդոնեզիա, Կորեա, Մալազիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Լեհաստան, Ռումինիա, Սինգապուր, Շվեդիա, Շվեյցարիա, Թաիլանդ, Թուրքիա, Միացյալ Նահանգներ:
Մասնակցելու մտադրության մասին հետագա ծանուցումները հասցեագրվում են ԱՀԿ Համաձայնագրի ավանդապահին:
4. ԾՓԾԲԽ-ն իր առաջին նստաշրջանն անցկացնում է ոչ ուշ, քան 1994 թ. մայիսի 16-ը: Նա եզրափակում է այս բանակցությունները և վերջնական զեկուցագիր է պատրաստում ոչ ուշ, քան 1996 թ. հունիսը: ԾՓԾԲԽ-ի վերջնական զեկուցագիրը պարունակում է այս բանակցությունների արդյունքների իրականացման ժամկետը:
5. Մինչև բանակցությունների ավարտը 2-րդ հոդվածի և 2-րդ հոդվածի մասով բացառությունների վերաբերյալ Հավելվածի 1-ին և 2-րդ կետերի գործողությունը ժամանակավորապես դադարեցվում է այս ոլորտի մասով, և անհրաժեշտություն չկա թվարկելու ԱԱԲ բացառությունները: Անկախ Համաձայնագրի 21-րդ հոդվածի դրույթներից, բանակցությունների ավարտի ժամանակ Անդամներն ազատ են բարելավելու, փոփոխելու կամ հանելու այս ոլորտի մասով Ուրուգվայի փուլի ընթացքում ստանձնած ցանկացած պարտավորություն առանց փոխհատուցում առաջարկելու: Միևնույն ժամանակ, Անդամները վերջնականացնում են այս ոլորտում ԱԱԲ բացառություններին վերաբերող իրենց դիրքորոշումները` անկախ 2-րդ հոդվածի մասով բացառությունների վերաբերյալ Հավելվածի դրույթներից: Բանակցությունների ոչ հաջող ընթացքի դեպքում Ծառայությունների առևտրի խորհուրդը որոշում է շարունակել սույն լիազորության համապատասխան բանակցությունները, թե ոչ:
6. Բանակցությունների արդյունք հանդիսացող պարտավորությունները, ներառյալ` դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները, ընդգրկվում են Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրին կից ժամանակացանկերի մեջ և ենթակա են Համաձայնագրի բոլոր դրույթներին:
7. Հասկանալի է, որ սկզբից ի վեր մինչև 4-րդ կետով սահմանված իրականացման ժամկետը մասնակիցները ծովային տրանսպորտի ծառայությունների առևտրի վրա ազդեցություն ունեցող որևէ միջոց չեն կիրառում, ոչ էլ միջոց են կիրառում այնպիսի ձևով, որն ավելի կբարելավեր իրենց բանակցային դիրքը կամ լծակները` բացառությամբ այլ երկրների կողմից կիրառված միջոցներին ի պատասխան կիրառվողների և ծովային փոխադրման ծառայությունների մատուցման ազատությունը պահպանելու կամ բարելավելու նպատակով կիրառվողների:
8. Կետ 7-ի իրականացումը ենթակա է հսկողության` ԾՓԾԲԽ-ում: Ցանկացած մասնակից կարող է ԾՓԾԲԽ-ի ուշադրությանը ներկայացնել ցանկացած գործողություն կամ բացթողում, որը, նրա կարծիքով, առնչություն ունի կետ 7-ի կատարման հետ: Այդպիսի ծանուցումները համարվում են ներկայացված ԾՓԾԲԽ-ին Քարտուղարության կողմից դրանց ստացման պահին:
Հիմնական հեռահաղորդակցության շուրջ բանակցությունների մասին որոշում
Նախարարները,
որոշում են, որ.
1. Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի շրջանակներում, բանակցությունները նախաձեռնվում են կամավոր հիմքով` որպես նպատակ ունենալով հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերի և ծառայությունների (այսուհետ` հիմնական հեռահաղորդակցություններ) առևտրի աստիճանական ազատականացումը:
2. Առանց իրենց արդյունքներին վնաս հասցնելու, բանակցությունները պետք է ընդգրկմամբ համապարփակ լինեն նախապես չբացառելով հիմնական հեռահաղորդակցությունները:
3. Այս լիազորությունն իրականացնելու համար ստեղծվում է Հիմնական հեռահաղորդակցությունների բանակցային խումբ (այսուհետ` ՀՀԲԽ): ՀՀԲԽ-ն պարբերաբար զեկուցում է այդ բանակցությունների առաջընթացի մասին:
4. ՀՀԲԽ-ի բանակցությունները բաց են բոլոր այն կառավարությունների և Եվրոպական համայնքների համար, որոնք հայտարարում են մասնակցության իրենց մտադրության մասին: Բանակցություններին մասնակցելու իրենց մտադրության մասին այսօրվա դրությամբ հայտարարել են հետևյալները.
Ավստրալիա, Ավստրիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Եվրոպական համայնքներ և նրանց անդամ պետություններ, Ֆինլանդիա, Հոնգկոնգ, Հունգարիա, Ճապոնիա, Կորեա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Սլովակիայի Հանրապետություն, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Միացյալ Նահանգներ:
Մասնակցելու մտադրության մասին հետագա ծանուցումները հասցեագրվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի Ավանդապահին:
5. ՀՀԲԽ-ն իր առաջին նստաշրջանն անց է կացնում ոչ ուշ, քան 1994 թ. մայիսի 16-ը: Նա եզրափակում է այս բանակցությունները և վերջնական զեկուցագիր է պատրաստում ոչ ուշ, քան 1996 թ. ապրիլի 30-ը: ՀՀԲԽ-ի վերջնական զեկուցագիրը պարունակում է այս բանակցությունների արդյունքների իրականացման ժամկետը:
6. Բանակցությունների արդյունք հանդիսացող պարտավորությունները, ներառյալ` դրանք ուժի մեջ մտնելու ժամկետները, ընդգրկվում են Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրին կցված ժամանակացանկերի մեջ և ենթակա են Համաձայնագրի բոլոր դրույթներին:
7. Հասկանալի է, որ սկզբից ի վեր մինչև 5-րդ կետով սահմանված իրականացման ժամկետը մասնակիցները հիմնական հեռահաղորդակցությունների ծառայությունների առևտրի վրա ազդեցություն ունեցող որևէ միջոց չեն կիրառում այնպես, որ ավելի կբարելավեր իրենց բանակցային դիրքը կամ լծակները: Հասկանալի է, որ սույն դրույթը չի կանխարգելում հիմնական հեռահաղորդակցությունների ծառայությունների տրամադրմանը վերաբերող առևտրային և կառավարական համաձայնությունների կատարումը:
8. 7-րդ կետի իրականացումը ենթակա է հսկողության` ՀՀԲԽ-ում: Ցանկացած մասնակից կարող է ՀՀԲԽ-ի ուշադրությանը ներկայացնել ցանկացած գործողություն կամ բացթողում, որը նրա կարծիքով առնչություն ունի 7-րդ կետի կատարման հետ: Այդպիսի ծանուցումները համարվում են ներկայացված ՀՀԲԽ-ին` Քարտուղարության կողմից դրանք ստանալու պահին:
Մասնագիտական ծառայությունների մասին որոշում
Նախարարները,
որոշում են առաջարկել, որ Ծառայությունների առևտրի խորհուրդն իր առաջին ժողովի ժամանակ ընդունի ներքոշարադրյալ որոշումը:
Ծառայությունների առևտրի խորհուրդը,
ըմբռնելով մասնագիտական որակավորումներին առնչվող կանոնակարգող միջոցների, տեխնիկական ստանդարտների և լիցենզավորման ազդեցությունը մասնագիտական ծառայությունների առևտրի վրա,
ցանկանալով ստեղծել բազմակողմ հիմնադրույթներ` նպատակ ունենալով ապահովելու, որ հատուկ պարտավորություններ ստանձնելու դեպքում այդպիսի կանոնակարգող միջոցներն անհիմն խոչընդոտներ չլինեն մասնագիտական ծառայությունների մատուցման համար,
որոշում է, որ.
1. Ներքին կանոնակարգման վերաբերյալ 6-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված աշխատանքային ծրագիրն ուժի մեջ է դրվում անմիջապես: Այդ նպատակով ստեղծվում է Մասնագիտական ծառայությունների աշխատանքային խումբ` քննության առնելու այն հիմնադրույթները, որոնք անհրաժեշտ են ապահովելու, որ մասնագիտական ծառայությունների ոլորտում մասնագիտական որակավորման կանոնակարգումներին ու ընթացակարգերին, տեխնիկական ստանդարտներին և լիցենզավորման պահանջներին առնչվող միջոցներն անհիմն խոչընդոտներ չհանդիսանան առևտրի համար:
2. Որպես առաջնային խնդիր` Աշխատանքային խումբն հանձնարարականներ է տալիս հաշվապահական ոլորտի բազմակողմ հիմնադրույթների մշակման մասով` հատուկ պարտավորությունները գործողության մեջ դնելու համար: Հանձնարարականներ տալիս Աշխատանքային խումբը կենտրոնանում է.
ա) շուկայի մատչելիությանը վերաբերող հիմնադրույթների մշակման վրա` երաշխավորելու, որ ներքին կանոնակարգման միջոցները. i) հիմնված լինեն անաչառ և թափանցիկ չափանիշների վրա, ինչպիսիք են արհեստավարժությունը և ծառայությունը մատուցելու կարողությունը, ii) ավելի բարդ չլինեն, քան անհրաժեշտ է ծառայության որակն ապահովելու համար այդպիսով նպաստելով հաշվապահական ծառայությունների արդյունավետ ազատականացմանը
բ) միջազգային ստանդարտների օգտագործման վրա, և այդ անելուց նա խրախուսում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես սահմանված է 6-րդ հոդվածի 5«բ» կետով` 7-րդ հոդվածի 5-րդ կետը լիարժեքորեն գործողության մեջ դնելու համար
գ) Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետի արդյունավետ կիրառմանը նպաստելու վրա` որակավորումների ճանաչման համար ուղեցույցեր սահմանելով:
Այս հիմնադրույթները մշակելիս Աշխատանքային խումբը հաշվի է առնում մասնագիտական ծառայությունները կանոնակարգող կառավարական և ոչ կառավարական մարմինների կարևորությունը:
Պետական գնումների մասին համաձայնագրին անդամակցության մասին որոշում
1. Նախարարները կոչ են անում Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի Հավելված 4(բ)-ի Պետական գնումների մասին համաձայնագրով ստեղծված Պետական գնումների հարցերով կոմիտեին հստակեցնելու, որ.
ա) Պետական գնումների մասին համաձայնագրի 24-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` անդամակցությամբ շահագրգռված Անդամն իր շահագրգռվածության մասին կհաղորդի ԱՀԿ Գլխավոր տնօրենին, ներկայացնելով համապատասխան տեղեկություններ, ներառյալ` ընդգրկման մասով առաջարկությունը 1-ին Լրացման մեջ ընդգրկելու համար, հաշվի առնելով Համաձայնագրի համապատասխան դրույթները, մասնավորապես 1-ին հոդվածը և, անհրաժեշտության դեպքում, 5-րդ հոդվածը,
բ) հաղորդակցությունը կշրջաբերվի Համաձայնագրի Կողմերին,
գ) անդամակցությամբ շահագրգռված Անդամը խորհրդակցություններ կանցկացնի Կողմերի հետ Համաձայնագրին իր անդամակցության պայմանների շուրջ,
դ) անդամակցությունը դյուրացնելու նպատակով Կոմիտեն կստեղծի աշխատանքային խումբ, եթե այդպես է պահանջում տվյալ Անդամը կամ Համաձայնագրի Կողմերից որևէ մեկը: Աշխատանքային խումբը պետք է քննության առնի.
i) դիմող Անդամի կողմից կատարված ընդգրկման մասով առաջարկությունը և ii) Կողմերի շուկաներում արտահանման հնարավորություններին վերաբերող համապատասխան տեղեկությունները հաշվի առնելով դիմող Անդամի առկա և հնարավոր արտահանման կարողությունները, և Կողմերի համար դիմող Անդամի շուկայում արտահանման հնարավորությունները,
ե) Կոմիտեի կողմից որոշում կայացնելու դեպքում, որով համաձայնեցվում են անդամակցության պայմանները, ներառյալ անդամակցող Անդամի ընդգրկման ցանկերը, անդամակցող Անդամը ԱՀԿ Գլխավոր տնօրենին ի պահ կհանձնի անդամակցության փաստաթուղթը, որում նշված են այդ համաձայնեցված պայմանները: Անդամակցող Անդամի ընդգրկման ցանկերը անգլերենով, ֆրանսերենով և իսպաներենով կկցվեն Համաձայնագրին,
զ) մինչև ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը վերոհիշյալ ընթացակարգերը` դրանցում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, կկիրառվեն անդամակցությամբ շահագրգիռ ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի նկատմամբ, և ԱՀԿ Գլխավոր տնօրենի վրա դրված խնդիրները կկատարվեն ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենի կողմից:
2. Նկատի է առնվում, որ Կոմիտեի որոշումները կայացվում են ընդհանուր համաձայնության հիման վրա: Նկատի է առնվում նաև, որ 24-րդ հոդվածի 11-րդ կետի չկիրառման վերաբերյալ դրույթը մատչելի է ցանկացած Կողմի համար:
Վեճերի կարգավորումը ղեկավարող կանոնների և ընթացակարգերի մասին փոխհամաձայնության կիրառման ու վերանայման մասին որոշում
Նախարարները,
վկայակոչելով 1994 թ. փետրվարի 22-ի Որոշումը, առ այն, որ վեճերի կարգավորման բնագավառում ՄԱԳՀ-1947-ի գոյություն ունեցող կանոններն ու ընթացակարգերը ուժի մեջ են մնում մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը,
կոչ են անում համապատասխան խորհուրդներին և կոմիտեներին որոշելու, որ նրանք շարունակում են գործել` նպատակ ունենալով քննարկելու ցանկացած վեճ, որի համար խորհրդակցություն անցկացնելու պահանջ է ներկայացվել այդ օրվանից առաջ,
կոչ են անում Նախարարական համաժողովին ավարտել Առևտրի համաշխարհային կազմակերպության ներքո եղած վեճերի կարգավորման կանոնների և ընթացակարգերի վերանայումը Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո չորս տարվա ընթացքում, և վերանայման ավարտից հետո իր առաջին ժողովի ժամանակ որոշում կայացնել այդ վեճերի կարգավորման կանոնների և ընթացակարգերի շարունակման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ:
Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի ընդունման և դրան անդամակցելու մասին որոշում
Նախարարները,
նկատի ունենալով, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի (այսուհետ` ԱՀԿ Համաձայնագիր) 11-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսվում է, որ ԱՀԿ Համաձայնագիրը կարող են ընդունել միայն ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահին եղած ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմերը, որոնց համար զիջումների և պարտավորությունների ժամանակացանկերը կցված են ՄԱԳՀ-1994-ին, և որոնց համար հատուկ պարտավորությունների ժամանակացանկերը կցված են Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրին (այսուհետ` ԾԱԳՀ),
այնուհետև, նկատի ունենալով, որ Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլի արդյունքները պարունակող եզրափակիչ փաստաթղթի (այսուհետ` համապատասխանաբար, Ուրուգվայի փուլ և Եզրափակիչ փաստաթուղթ) 5-րդ կետը նախատեսում է, որ այն մասնակիցների ժամանակացանկերը, որոնք Եզրափակիչ փաստաթղթի օրը ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմ չեն եղել, վերջնական չեն և հետագայում պետք է լրացվեն ՄԱԳՀ-1947-ին նրանց անդամակցության և նրանց կողմից ԱՀԿ Համաձայնագրի ընդունման նպատակով,
հաշվի առնելով առավել թույլ զարգացած երկրների օգտին միջոցների մասին որոշման 1-ին կետը, որով նախատեսվում է, որ առավել թույլ զարգացած երկրներին մեկ տարի լրացուցիչ ժամանակ է տրվում` սկսած 1994 թ. ապրիլի 15-ից, ներկայացնելու իրենց ժամանակացանկերը, որոնք պահանջվում են ԱՀԿ Համաձայնագրի 9-րդ հոդվածով,
ընդունելով, որ Ուրուգվայի փուլի որոշ մասնակիցներ, որոնք փաստացի հիմքով դիմել էին ՄԱԳՀ-1947-ին և դարձել պայմանավորվող կողմեր, համաձայն ՄԱԳՀ-1947-ի 26-րդ հոդվածի 5«գ» կետի, ի վիճակի չէին ներկայացնելու ՄԱԳՀ-1994-ի և ԾԱԳՀ-ի ժամանակացանկերը,
այնուհետև, ընդունելով, որ որոշ պետություններ կամ առանձին մաքսային տարածքներ, որոնք Ուրուգվայի փուլի մասնակիցներ չէին, կարող են ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմեր դառնալ մինչև ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը, և որ պետություններին կամ մաքսային տարածքներին հնարավորություն պետք է տրվի բանակցելու ՄԱԳՀ-1994-ի և ԾԱԳՀ-ի ժամանակացանկերի վերաբերյալ, ինչը թույլ կտա նրանց ընդունելու ԱՀԿ Համաձայնագիրը,
հաշվի առնելով, որ որոշ պետություններ կամ առանձին մաքսային տարածքներ, որոնք չեն կարող ԱՀԿ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ ավարտել ՄԱԳՀ-1947-ին անդամակցությունը, կամ որոնք մտադիր չեն դառնալ ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմեր, կարող են սկսել ԱՀԿ-ին իրենց անդամակցության գործընթացը մինչև ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը,
ընդունելով, որ ԱՀԿ Համաձայնագիրը ոչ մի կերպ տարբերություն չի դնում ԱՀԿ այն Անդամների միջև, որոնք ընդունել են այդ Համաձայնագիրը համաձայն դրա 11-րդ և 14-րդ հոդվածների, և որոնք անդամակցել են դրան համաձայն դրա 12-րդ հոդվածի, և ցանկանալով երաշխավորել, որ այն պետությունների և առանձին մաքսային տարածքների անդամակցության ընթացակարգերը, որոնք ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմեր չեն դարձել ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը, այնպիսին լինեն, որ թույլ տան խուսափել այդ պետությունների և առանձին մաքսային տարածքների համար որևէ անհարկի անբարենպաստությունից կամ ձգձգումներից,
որոշում են, որ.
1. ա) Եզրափակիչ փաստաթղթի ցանկացած ստորագրող,
- որի վրա տարածվում է Եզրափակիչ փաստաթղթի 5-րդ կետը, կամ
- որի վրա տարածվում է առավել թույլ զարգացած երկրների օգտին միջոցների մասին որոշման 1-ին կետը, կամ
- որը, համաձայն ՄԱԳՀ-1947-ի 26-րդ հոդվածի 5«գ» կետի, պայմանավորվող կողմ է դարձել նախքան 1994 թ. ապրիլի 15-ը և ի վիճակի չի եղել կազմելու ՄԱԳՀ-1994-ի և ՇԱԳՀ-ի ժամանակացանկերը Եզրափակիչ փաստաթղթի մեջ ներառելու համար, և
ցանկացած պետություն կամ առանձին մաքսային տարածք,
- որը ՄԱԳՀ-1947-ի պայմանագրի կողմ է դառնում 1994 թ. ապրիլի 15-ի և ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա միջև ընկած ժամանակում,
կարող է Նախապատրաստական կոմիտեին ներկայացնել ՄԱԳՀ 1994-ի զիջումների և պարտավորությունների ժամանակացանկը և ԾԱԳՀ-ի հատուկ պարտավորությունների ժամանակացանկը` քննության առնելու և հաստատելու համար:
բ) ԱՀԿ Համաձայնագիրը բաց է ընդունելու համար` համաձայն այդ համաձայնագրի 14-րդ հոդվածի, ԾԱԳՀ-1947-ի այն պայմանավորվող կողմերի համար, որոնց ժամանակացանկերը այդ կերպ ներկայացվել ու հաստատվել են նախքան ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը:
գ) Սույն կետի «ա» և «բ» ենթակետերի դրույթներով չի վնասվում առավել թույլ զարգացած երկրների 1994 թ. ապրիլի 15-ից հետո` մեկ տարվա ընթացքում, իրենց ժամանակացանկերը ներկայացնելու իրավունքը:
2. ա) Ցանկացած պետություն կամ առանձին մաքսային տարածք կարող է նախապատրաստական կոմիտեից պահանջել, որ այն ԱՀԿ նախարարական համաժողովի հաստատմանը առաջադրի ԱՀԿ Համաձայնագրին այդ համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն իր անդամակցության պայմանները: Եթե այդպիսի պահանջ է ներկայացվում պետության կամ առանձին մաքսային տարածքի կողմից, որը ԾԱԳՀ-1947-ին անդամակցության գործընթացում է, ապա նախապատրաստական կոմիտեն, հնարավորության սահմաններում, ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմերի կողմից այդ պետության կամ առանձին մաքսային տարածքի անդամակցությունը քննության առնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հետ համատեղ քննության է առնում պահանջը:
բ) Նախապատրաստական հանձնախումբը Նախարարական համաժողովին է ներկայացնում պահանջը իր կողմից քննության առնելու վերաբերյալ զեկուցագիր: Զեկուցագիրը կարող է ընդգրկել անդամակցության արձանագրությունը, ներառյալ` ՄԱԳՀ-1994-ի զիջումների և պարտավորությունների ժամանակացանկը և ԾԱԳՀ-ի հատուկ պարտավորությունների ժամանակացանկը, Նախարարական համաժողովի կողմից հաստատման համար: Նախապատրաստական հանձնախմբի զեկուցագիրը հաշվի է առնվում Նախարարական համաժողովի կողմից ԱՀԿ Համաձայնագրին անդամակցելու համար տվյալ պետության կամ առանձին մաքսային միության ցանկացած դիմումի քննարկման ժամանակ:
Առևտրի և շրջակա միջավայրի մասին որոշում
Նախարարները,
հանդիպելով Մարաքեշում 1994 թ. ապրիլի 15-ին Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլի արդյունքները պարունակող եզրափակիչ փաստաթղթի ստորագրման կապակցությամբ,
վկայակոչելով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստեղծման համաձայնագրի նախաբանը, որում նշվում է, որ անդամների «առևտրի և տնտեսական գործունեության ոլորտում հարաբերությունները պետք է վարվեն` նպատակ ունենալով բարձրացնել բարեկեցությունը, ապահովել լիարժեք զբաղվածություն, իրական եկամուտների կայուն աճող ծավալ և արդյունավետ պահանջարկ և ընդլայնել ապրանքների ու ծառայությունների արտադրությունն ու առևտուրը, միաժամանակ թույլ տալով կայուն զարգացման նպատակին համապատասխան համաշխարհային պաշարների լավագույնս օգտագործումը, ձգտելով պաշտպանել ու պահպանել միջավայրը և նպաստել այդ գործին ուղղված միջոցներին տնտեսական զարգացման տարբեր մակարդակներում նրանց համապատասխան կարիքներին ու մտահոգություններին համահունչ ձևով»,
նկատի առնելով.
- Շրջակա միջավայրի և զարգացման մասին Ռիոյի հռչակագիրը Օրակարգ 21, և ՄԱԳՀ-ում դրա շարունակությունը, որն արտահայտված է Պայմանավորվող կողմերի Ներկայացուցիչների խորհրդի նախագահի` 1992 թ. դեկտեմբերին կայացած նրանց 48-րդ նստաշրջանի ժամանակ արված հաղորդագրության մեջ, ինչպես նաև Շրջակա միջավայրի միջոցառումների և միջազգային առևտրի հարցերով խմբի, Առևտրի և զարգացման հարցերով կոմիտեի և Ներկայացուցիչների խորհրդի աշխատանքը,
- Ծառայությունների առևտրի և շրջակա միջավայրի մասին որոշման մեջ նախատեսված աշխատանքային ծրագիրը, և
- Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրի համապատասխան դրույթները,
հաշվի առնելով, որ չպետք է և կարիք չկա, որ քաղաքականության հետ կապված որևէ հակասություն լինի մի կողմից ազատ, ոչ խտրական և հավասար բազմակողմ առևտրային համակարգի խրախուսման ու պաշտպանության և, մյուս կողմից, շրջակա միջավայրի պաշտպանությունն ու հարատև զարգացման խթանումն ի կատար ածելու միջև,
ցանկանալով համակարգել առևտրի և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառի քաղաքականությունները, ընդ որում բազմակողմ առևտրային համակարգի իրավասությունները չգերազանցելով, որը սահմանափակված է առևտրային քաղաքականություններով և շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականությունների այն առևտրին առնչվող հարցերով, որոնք կարող են առևտրային նշանակալի ազդեցություններ ունենալ դրա անդամների վրա,
որոշում են.
- ԱՀԿ Գլխավոր խորհրդի առաջին ժողովին պատվիրել ստեղծելու Առևտրի և շրջակա միջավայրի հարցերով կոմիտե, որը բաց է ԱՀԿ բոլոր անդամների համար, և որը պետք է զեկուցի ԱՀԿ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Նախարարական համաժողովի առաջին երկամյա ժողովին, որտեղ կոմիտեի առաջարկությունների լույսի ներքո վերանայվելու են կոմիտեի աշխատանքներն ու գործունեության նկարագիրը,
- որ ԱԲՀ-ի 1993 թ. դեկտեմբերի 15 որոշումը, որը մասամբ կարդացվում է հետևյալ կերպ.
«ա) հատկորոշել առևտրային և շրջակա միջավայրի պաշտպանության միջոցների միջև փոխկապակցվածությունը` կայուն զարգացումը խրախուսելու նպատակով,
բ) համապատասխան առաջարկություններ կատարել առևտրի բազմակողմ համակարգի դրույթներում համակարգի բաց, հավասար և ոչ խտրական բնույթին համահունչ որևէ փոփոխություն կատարելու պահանջի վերաբերյալ, մասնավորապես.
- կապված կայուն զարգացումը խրախուսելու համար առևտրի և շրջակա միջավայրի պաշտպանության միջոցների միջև դրական փոխազդեցության խթանման հետ հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող երկրների, հատկապես նրանց շարքում եղած առավել թույլ զարգացածների ունեցած կարիքների վրա, և`
- կապված հովանավորչական առևտրային միջոցներից խուսափելու և արդյունավետ բազմակողմ հիմնադրույթների պահպանման հետ երաշխավորելու համար բազմակողմ առևտրային համակարգի զգայունությունը Օրակարգ 21-ում և Ռիոյի հռչակագրում նշված շրջակա միջավայրի պաշտպանության նպատակների նկատմամբ, մասնավորապես 12-րդ սկզբունքի, և
- կապված շրջակա միջավայրի պաշտպանության նպատակներով առևտրային միջոցների, առևտրին առնչվող շրջակա միջավայրի պաշտպանության միջոցների, որոնք նշանակալի ազդեցություն ունեն առևտրի վրա, և այդ միջոցները ղեկավարող բազմակողմ հիմնադրույթների արդյունավետ իրականացման հսկողության հետ»,
վերևի նախաբանային շարադրանքի հետ մեկտեղ հանդիսանում է Առևտրի և շրջակա միջավայրի հարցերով հանձնախմբի գործունեության նկարագիրը,
- որ, այդ գործունեության նկարագրի սահմաններում, և միջազգային առևտրի ու շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականությունները փոխադարձ օժանդակող դարձնելու նպատակով, կոմիտեն սկզբնականում կզբաղվի հետևյալ խնդիրներով, որոնց հետ կապված կարող է բարձրացվել դրանց առնչվող ցանկացած հարց.
- առևտրի բազմակողմ համակարգի դրույթների և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակներ ունեցող առևտրային միջոցների, ներառյալ շրջակա միջավայրի պաշտպանության բազմակողմ համաձայնագրերի համապատասխան միջոցների փոխհարաբերությունը.
- առևտրի հետ կապված` շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականությունների և առևտրի վրա նշանակալի ազդեցություններ ունեցող շրջակա միջավայրի պաշտպանության միջոցների և առևտրի բազմակողմ համակարգի դրույթների փոխհարաբերությունը,
- առևտրի բազմակողմ համակարգի դրույթների, և
ա) շրջակա միջավայրի պաշտպանության նպատակներ ունեցող հարկերի և տուրքերի փոխհարաբերությունը,
բ) ապրանքների նկատմամբ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակներ ունեցող պահանջների, ներառյալ` ստանդարտների ու տեխնիկական կանոնակարգերի, փաթեթավորման, պիտակավորման և վերամշակման փոխհարաբերությունը.
- առևտրի բազմակողմ համակարգի դրույթները կապված շրջակա միջավայրի պաշտպանության նպատակներով օգտագործվող առևտրային միջոցների և առևտրի վրա նշանակալի ազդեցություն ունեցող շրջակա միջավայրի պաշտպանության միջոցների ու պահանջների թափանցիկության հետ,
- առևտրի բազմակողմ համակարգում և շրջակա միջավայրի պաշտպանության բազմակողմ համաձայնագրերում եղած վեճերի կարգավորման մեխանիզմների միջև հարաբերությունը. շուկայի մատչելիության վրա շրջակա միջավայրի պաշտպանության միջոցների ազդեցությունը, հատկապես` կապված զարգացող երկրների, մասնավորապես նրանց մեջ եղած առավել առավել թույլ զարգացածների հետ, և առևտրային սահմանափակումների և խաթարումների վերացման տված օգուտները շրջակա միջավայրի պաշտպանության մասով,
- ներքին շուկայում արգելված ապրանքների արտահանման հարցը,
- որ Առևտրի և շրջակա միջավայրի կոմիտեն Ծառայությունների առևտրի և շրջակա միջավայրի մասին որոշման մեջ նախատեսված աշխատանքային ծրագիրը և Առևտրին առնչվող մտավոր սեփականության իրավունքների հարցերի մասին համաձայնագրի համապատասխան դրույթները կդիտարկի որպես իր աշխատանքի բաղկացուցիչ մաս վերոհիշյալ գործունեության նկարագրի սահմաններում,
- որ մինչև ԱՀԿ Գլխավոր խորհրդի առաջին ժողովը Առևտրի և շրջակա միջավայրի կոմիտեի աշխատանքը պետք է կատարվի Առևտրի համաշխարհային կազմակերպության նախապատրաստական կոմիտեի (ԱՀԿՆԿ) ենթակոմիտեի կողմից, որը բաց է ԱՀԿՆԿ բոլոր անդամների համար,
- կոչ անել նախապատրաստական կոմիտեի ենթակոմիտեին և Առևտրի ու շրջակա միջավայրի կոմիտեին, երբ որ այն կստեղծվի, դեր ունենալ համապատասխան մարմիններում կապված ԱՀԿ 5-րդ հոդվածում հիշատակված միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ հարաբերությունների մասով համապատասխան պայմանավորվածությունների հետ:
Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի իրականացումից բխող կազմակերպչական ու ֆինանսական հետևանքների մասին որոշում
Նախարարները,
ընդունելով միջազգային հարաբերություններում Առևտրի համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) ունեցած դերի ու ներդրման կարևորությունը,
ցանկանալով ապահովել ԱՀԿ Քարտուղարության արդյունավետ աշխատանքը,
ընդունելով, որ Ուրուգվայի փուլի արդյունքների իրագործումը կմեծացնի Քարտուղարության պարտականությունների շրջանակն ու բարդությունը, և որ կարիք կա ուսումնասիրելու դրանից բխող հետևանքները միջոցների առումով,
վկայակոչելով ՄԱԳՀ Պայմանավորվող կողմերի և ՄԱԳՀ Խորհրդի նախորդ նախագահների հայտարարությունները, որոնք ուշադրություն էին հրավիրում այն բանի վրա, որ կարիք կա բարելավելու Քարտուղարության մասնագիտական աշխատակազմի ծառայության պայմանները, ներառյալ աշխատավարձերն ու կենսաթոշակները,
հասկանալով, որ ԱՀԿ-ն կարիք ունի մրցունակ լինելու իր մասնագիտական աշխատակազմին առաջարկվելիք պայմանների առումով, այնպես, որ պահանջվող փորձագիտություն ներգրավի,
նկատի առնելով Գլխավոր տնօրենի առաջարկությունն առ այն, որ ԱՀԿ աշխատակազմի ծառայության պայմանները սահմանելիս, ներառյալ` աշխատավարձերն ու կենսաթոշակները, պատշաճ կերպով հաշվի առնվեն Արժույթի միջազգային հիմնադրամում և Համաշխարհային բանկում եղած պայմանները,
նկատի առնելով ԱՀԿ ստեղծման համաձայնագրի 6-րդ հոդվածը, մասնավորապես դրա կետ 3-ը, որով Գլխավոր տնօրենին իրավասություն է տրվում նշանակելու Քարտուղարության աշխատակազմը, սահմանելու նրանց պարտականություններն ու ծառայության պայմանները համաձայն Նախարարական համաժողովի կողմից ընդունված կանոնակարգերի,
վկայակոչելով, որ նախապատրաստական կոմիտեի դերը պահանջում է, որ այն իրականացնի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք կարող են անհրաժեշտ լինել ԱՀԿ գործունեության արդյունավետության ապահովման համար` անմիջապես իր ստեղծման օրվանից սկսած, ներառյալ` ԱՀԿ համապատասխան մարմնի կողմից քննարկման համար առաջարկությունների պատրաստումը կամ, անհրաժեշտության սահմաններում, Քարտուղարության առաջարկների օժանդակությամբ որոշումների կայացումը կամ, նպատակահարմարության դեպքում, ժամանակավոր որոշումների կայացումը` վարչական, բյուջետային կամ ֆինանսական հարցերով,
սույնով համաձայնում են, որ նախապատրաստական կոմիտեն քննարկում է ԱՀԿ ստեղծման և Ուրուգվայի փուլի համաձայնագրերի իրագործման առնչությամբ առաջարկված կազմակերպչական փոփոխությունները, միջոցների մասով պահանջները և աշխատակազմի ծառայության պայմանները և, անհրաժեշտության սահմաններում, պահանջվող կարգավորումների վերաբերյալ պատրաստում է առաջարկություններ և կայացնում է որոշումներ:
Առևտրի համաշխարհային կազմակերպության համար Նախապատրաստական կոմիտեի ստեղծման մասին որոշում
Նախարարները,
հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագիրը (այսուհետ` ԱՀԿ Համաձայնագիր և ԱՀԿ), և
հասկանալով ԱՀԿ-ին կանոնավոր անցումը և ուժի մեջ մտնելու օրվանից ԱՀԿ-ի արդյունավետ գործողությունն ապահովելու ցանկալիությունը,
սույնով համաձայնում են հետևյալի մասին.
1. Սույնով ստեղծվում է նախապատրաստական կոմիտե ԱՀԿ-ի համար (այսուհետ` Կոմիտե): Կոմիտեի նախագահ է նշանակվում պարոն Պ. Դ. Սութերլանդը` իր անձնական իրավասության սահմաններում:
2. Անդամության համար Կոմիտեն բաց է Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլի եզրափակիչ փաստաթուղթը ստորագրած բոլոր կողմերի համար և ցանկացած պայմանավորվող կողմի համար, որը կարող է ԱՀԿ Համաձայնագրի 11-րդ հոդվածի համաձայն դառնալ ԱՀԿ սկզբնական անդամ:
3. Ստեղծվում են նաև բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերով ենթակոմիտե, որը կղեկավարվի ՄԱԳՀ Պայմանավորվող կողմերի նախագահի կողմից, և Ծառայությունների ենթակոմիտե, որը պատասխանատու է ԾԱԳՀ-ի հարցերի մասով նախապատրաստական աշխատանքների համար: Կոմիտեն կարող է անհրաժեշտության դեպքում ստեղծել լրացուցիչ ենթակոմիտեներ: Ենթակոմիտեներին անդամությունը բաց է Կոմիտեի բոլոր անդամների համար: Կոմիտեն սահմանում է իր սեփական ընթացակարգերը և իր ենթակոմիտեների ընթացակարգերը:
4. Կոմիտեն իր որոշումները կկայացնի ընդհանուր համաձայնությամբ:
5. Կոմիտեի որոշումների կայացմանը կարող են մասնակցել միայն Կոմիտեի այն անդամները, որոնք ՄԱԳՀ պայմանավորվող կողմեր են, որոնք կարող են ԱՀԿ Համաձայնագրի 11-րդ և 14-րդ հոդվածների համաձայն դառնալ ԱՀԿ սկզբնական անդամ:
6. Կոմիտեն և իր ենթակոմիտեն կսպասարկվեն ՄԱԳՀ Քարտուղարության կողմից:
7. Կոմիտեն կդադարի գոյություն ունենալ ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից, երբ այն իր գրանցումները և հանձնարարականները կփոխանցի ԱՀԿ-ին:
8. Կոմիտեն իրականացնում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք կարող են անհրաժեշտ լինել ԱՀԿ գործունեության արդյունավետությունն ապահովելու համար անմիջապես իր ստեղծման օրվանից սկսած, ներառյալ` ներքոշարադրյալ գործառույթները.
ա) վարչական, բյուջետային և ֆինանսական հարցեր.
վերոհիշյալ 3-րդ կետում հիշատակված բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերով ենթակոմիտեի նախագահի կողմից ՄԱԳՀ բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերով կոմիտեի նախագահի համագործակցությամբ ներկայացված հանձնարարականների առնչությամբ ԱՀԿ համապատասխան մարմնի կողմից քննարկման համար, Քարտուղարության առաջարկների օժանդակությամբ, պատրաստել առաջարկություններ կամ, անհրաժեշտության սահմաններում, նախքան ԱՀԿ-ի ստեղծումը կայացնել որոշումներ կամ, նպատակահարմարության դեպքում, կայացնել ժամանակավոր որոշումներ հետևյալի վերաբերյալ.
i) ԱՀԿ Համաձայնագրի 8-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված գլխավոր վարչական կենտրոնի մասին համաձայնագրի,
ii) ֆինանսական կանոնակարգումների, ներառյալ ԱՀԿ անդամների բյուջետային հատկացումների գնահատման ուղեցույցերը` համաձայն ԱՀԿ Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված չափանիշների,
iii) ԱՀԿ գործունեության առաջին տարվա բյուջեի գնահատականների,
iv) ԱՄԿՄԿ-ՄԱԳՀ (ICITO/GATT) սեփականությունը, ներառյալ` ֆինանսական միջոցները ԱՀԿ-ին փոխանցելու,
v) ՄԱԳՀ աշխատակազմը ԱՀԿ Քարտուղարություն տեղափոխելու և տեղափոխման պայմանների, և
vi) ԱՀԿ և Առևտրի միջազգային կենտրոնի միջև հարաբերությունների:
բ) Սահմանակարգային, ընթացակարգային և իրավական հարցեր.
i) քննության առնել և հաստատել Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի ընդունման և դրան անդամակցման մասին որոշման համաձայն իրեն ներկայացված ժամանակացանկերը և այդ որոշման 2-րդ կետի համաձայն առաջարկել անդամակցության պայմանները,
ii) հաշվի առնելով ԱՀԿ Համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին կետը առաջարկներ ներկայացնել կապված ԱՀԿ մարմինների, մասնավորապես ԱՀԿ Համաձայնագրի 4-րդ հոդվածով ստեղծվածների գործունեության նկարագիրների և այն ընթացակարգային կանոնների հետ, որ նրանց կոչ էր արվել սահմանել իրենց համար,
iii) ԱՀԿ Գլխավոր խորհրդին հանձնարարականներ տալ` ԱՀԿ Համաձայնագրի 5-րդ հոդվածում հիշատակված այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների վերաբերյալ համապատասխան պայմանավորվածությունների առնչությամբ,
iv) պատրաստել և ԱՀԿ-ին ներկայացնել իր գործունեության մասին զեկուցագիրը,
գ) ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և իր շրջանակների ու գործառույթների սահմաններում ԱՀԿ-ի գործունեության հետ կապված հարցեր.
i) գումարել ու պատրաստել Իրականացման համաժողովը,
ii) սկսել Եզրափակիչ փաստաթղթով սահմանված Ուրուգվայի փուլի արդյունքներից բխող աշխատանքային ծրագրի կատարումը, մասնավորապես վերոհիշյալ 3-րդ կետում հիշատակված ծառայությունների ենթակոմիտեում ծառայությունների առանձին բնագավառների շուրջ վարվող բանակցությունների վերահսկողությունը, ինչպես նաև հանձն առնել Մարաքեշի հանդիպման որոշումներից բխող աշխատանքի կատարումը,
iii) քննարկել ԱՀԿ աշխատանքային ծրագրում լրացուցիչ կետեր ընդգրկելու առաջարկությունները,
iv) առաջարկություններ ներկայացնել Մանածագործվածքների հարցերով քննարկող մարմնի կազմավորման վերաբերյալ` համաձայն Մանածագործվածքների և հագուստեղենի մասին համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված չափանիշների, և
v) գումարել Նախարարական համաժողովի կամ ԱՀԿ Գլխավոր խորհրդի առաջին հանդիպումը` որը որ ավելի շուտ կկայանա, և նախապատրաստել դրա նախնական օրակարգը: