Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒ ...

 

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ և 10-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Հանձնաժողովի կազմավորման կարգը

 

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են:

2. Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:

3. Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ:

4. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի այն մարմինը, որին վերապահվել է Հանձնաժողովի առաջին կազմի տվյալ անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի:

5. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաև Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո` մեկամսյա ժամկետում:

6. Եթե Կառավարությանը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը կամ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված` Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

7. Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

8. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:

 

Հոդված 10. Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

 

1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

2. Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:

3. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, որն ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված` դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

4. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի անդամ:

5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 11-15-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) վերնագրի «և դադարեցումը» բառերը փոխարինել «, դադարեցումը և կասեցումը» բառերով.

2) 1-ին մասը հանել.

3) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.».

4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ կետերով.

«1.1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.

1.2) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.

1.3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.».

5) 3-րդ մասը հանել.

6) 4-րդ մասի «վաղաժամկետ դադարեցնում է Հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հանձնաժողովի եզրակացության հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով.

«4.1. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

4.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:».

8) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու` միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ` սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջները:»:

 

i

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

 

«Հոդված 18.1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե`

1) նրա` որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են.

2) նա Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել:

2. Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա` որպես Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու համար:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը:».

2) 17-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամները:».

3) 18-րդ մասի «` Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ» բառերը փոխարինել «, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ մասով.

«19. Հանձնաժողովի նախագահը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետի «որոշումները, եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները» բառերը փոխարինել «որոշումները և եզրակացությունները» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:».

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով.

«5) իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգ իրականացնելը և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը.

6) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.

7) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:»:

 

i

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-21-րդ կետերով.

«19) կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագրի (այդ թվում` ոլորտային) կատարման վերաբերյալ մոնիթորինգի զեկույցներ, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ.

20) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական բնույթի եզրակացություններ.

21) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված ուսումնասիրություններ իրականացնելու և դրանց արդյունքներով եզրակացություններ ներկայացնելու կարգը սահմանում է Հանձնաժողովը:»:

 

i

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի առաջին կազմի անդամների ընդհանուր թվի մեծամասնության նշանակման օրվանից, բացառությամբ 9-րդ, 10-րդ հոդվածների, 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 21-րդ կետերի և 1.1-ին մասի, որոնք ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով սահմանված ժամկետներում:».

2) 2-րդ մասի «9-15-րդ» բառերը փոխարինել «9-րդ և 10-րդ» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 21-րդ կետերը և 1.1-ին մասն ուժի մեջ են մտնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո:».

4) 3-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է հետևյալ կերպ` մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի հինգ անդամներին հետևյալ ժամկետներով`

1) Հանձնաժողովի երկու անդամ` 6-ական տարի.

2) Հանձնաժողովի երկու անդամ` 4-ական տարի.

3) Հանձնաժողովի մեկ անդամ` 3 տարի:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված Հանձնաժողովի մեկական անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը և Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը, 2-րդ կետում նշված պաշտոններում` Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը, իսկ 3-րդ կետում նշված պաշտոնում` Բարձրագույն դատական խորհուրդը: Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի կատարումն ապահովում են Կառավարությունը և Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը: Հանձնաժողովի առաջին կազմի բոլոր անդամների նշանակումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ: Մինչև Հանձնաժողովի նախագահի ընտրվելը Հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 8-րդ գլուխը:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հոկտեմբերի 8
Երևան
ՀՕ-180-Ն

 

 

pin
ՀՀ 13.09.2019
N ՀՕ-180-Ն օրենք