Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1380-Լ

 

ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման հավելվածի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային զեկույցը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային զեկույցի անգլերեն լեզվով թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` զեկույցը ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային զեկույցի փոխանցումը Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարություն:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

Մարդու իրավունքների խորհրդի

16/25 բանաձևի հավելվածի

5-րդ պարբերության համաձայն ներկայացվող

 

ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

I. Ներածություն

 

1. Մարդու իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության հիմնական նպատակներից և առաջնահերթություններից է: ՀՀ Սահմանադրությունում արտացոլված են մարդու իրավունքների և ազատությունների մասին բոլոր հիմնական միջազգային-իրավական նորմերը:

2. Որպես Համընդհանուր պարբերական դիտարկման (այսուհետ` ՀՊԴ) գործընթացին սատարող երկիր Հայաստանի Հանրապետությունը ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանին ՀՊԴ երկրորդ շրջանում տրված առաջարկների իրականացման գործընթացը, այդ թվում ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:

3. 2018 թվականին ՀՀ քաղաքական կյանքում կատարվել են շրջադարձային փոփոխություններ: 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդական թավշյա հեղափոխություն: Լինելով բացառապես ներքին գործընթաց, թավշյա հեղափոխությունը նոր խթան հանդիսացավ երկրում բարեփոխումների, այդ թվում մարդու իրավունքների առաջխաղացման և պաշտպանության համար:

4. 2018 թվականի դեկտեմբերի 9-ին երկրում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորվեց նոր կառավարություն: Կառավարության օրակարգում ներառված խնդիրներից են` իրավունքի գերակայության, ժողովրդավարության հաստատությունների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական զարգացման, այդ թվում մասնավոր ներդրումները խթանելու, աշխատատեղերի ստեղծման, պետական ծախսերի բարելավման և մի շարք այլ կարևոր հարցեր:

 

II. Ազգային զեկույցի նախապատրաստման գործընթաց

 

5. Զեկույցի նախապատրաստման աշխատանքները համակարգվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Զեկույցը պատրաստվել է շահագրգիռ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ: Այն քննարկվել է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ընդ որում, մինչև ՀՊԴ երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի կազմումը, ընթացել են ՄԱԿ-ի տարբեր պայմանագրային մարմիններին ներկայացվելիք պարբերական զեկույցների բաց քննարկումներ: Զուգահեռ ընթացել է ՀԿ-ների կողմից ստվերային զեկույցների պատրաստման և ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին և ՀՊԴ շրջանակներում դրանց ներկայացման գործընթացը:

6. Զեկույցը նախապատրաստվել է Մարդու իրավունքների խորհրդի 16/21 բանաձևի հավելվածի, 17/119 որոշման և ՀՊԴ երրորդ շրջանի համար ազգային զեկույցի նախապատրաստման ուղեցույցի համաձայն:

 

III. Մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլեր

 

Մարդու իրավունքների միջազգային համակարգ

(120.10-120.6; 120.13; 120.14; 120.24)

 

7. Հայաստանը թարմացրել է իր Հիմնարար փաստաթուղթը, ինչպես նաև ընթացիկ ժամանակահատվածում պատրաստել է ICCPR 3-րդ զեկույցը, ICESCR 4-րդ զեկույցը, CRC-OP-SC 5-6-րդ համատեղ զեկույցը: Ներկայումս նախապատրաստվում են CERD 12-14-րդ և CEDAW 7-րդ պարբերական զեկույցները:

8. 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանը ստորագրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի` մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը և «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` անհատական հաղորդումների ընթացակարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը:

i

9. 2018 թ. հունվարին Հայաստանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» կոնվենցիան: ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնել է վերջինիս վավերացման գործընթացը` «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համահունչ: ՀՀ արդարադատության նախարարը 2019 թվ. հուլիսի 26-ին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով` ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո, ՀՀ Կառավարությունը Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դիմելու է Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Այնուհետև, ներպետական գործընթացներն ապահովելուց հետո այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով` վավերացման:

10. ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրին կից կամընտիր արձանագրությունը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը ներկայումս անցնում են վավերացման ներպետական ընթացակարգեր:

11. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը շարունակել է ակտիվ համագործակցությունը ՄԱԿ-ի կառույցների և տարբեր մարմինների, այդ թվում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR)-ի հետ:

12. Հայաստանի կողմից նախաձեռնած 37/26 (2018) բանաձևի համաձայն Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է բարձրաստիճան քննարկում նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70 ամյակին (քննարկման մասին ողջ տեղեկատվությունը հասանելի է https://extranet.ohchr.org/sites/hrc/HRCSessions/RegularSessions/39thSession/Pages/Panels.aspx կայքէջում: Ի կատարումն 37/26 (2018) բանաձևի ներկայացվել է «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով Գլխավոր քարտուղարի զեկույցը (A/HRC/41/24):

13. Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ջանքերի և ՄԱԿ-ի տարբեր մարմինների հետ համագործակցությունն ամրապնդելու հանձնառություններից է ՄԱԿ-ի տարբեր կոմիտեների, ինչպես նաև այլ մոնիթորինգային մարմինների կողմից Հայաստանին տրված առաջարկությունների իրականացումը և դրանց կատարման արդյունավետ վերահսկումը:

14. 2006 թվականի մայիսի 1-ին Հայաստանը բաց հրավեր է ուղղել ՄԱԿ-ի բոլոր թեմատիկ հատուկ զեկուցողներին: Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստան են այցելել Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոն (2015 թվականի մայիսի 12-ից 18-ը), Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասը (2017թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը) և Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեն (2018թ. նոյեմբերի 7-ից 16-ը):

 

Առաջընթաց և դրական փորձ

 

Մարդու իրավունքների պաշտպանի որպես անկախ մարմնի դերն ու նշանակությունը (120.127; 120.28 - 120.30)

 

15. 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո զգալիորեն ամրապնդվեց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) մանդատը: Յուրաքանչյուր ոք իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում ունի ՄԻՊ-ի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված, իսկ «ՄԻՊ-ի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից աջակցություն ստանալու բացարձակ սահմանադրական իրավունք (ՀՀ Սահմանդրության Հոդված 52):

16. Գործող Սահմանադրության մեկ առանձին գլուխ (Գլուխ 10) նվիրված է ՄԻՊ-ի գործառույթներին և լիազորություններին, իրավասության և ընտրության ժամկետներին, ինչպես նաև ՄԻՊ-ի անկախության և գործունեության երաշխիքներին (Սահմանադրական օրենք):

17. 2019 թվականին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից ՄԻՊ-ին կրկին շնորհվել է «A» կարգավիճակ, ինչը հաստատում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք անկախությունը, հուսալիությունն ու արդյունավետ գործունեությունը:

18. ՄԻՊ-ն ունի մշտական ներկայացուցիչներ Սահմանադրական դատարանում և խորհրդարանում, ինչը օգնում է պահպանել ամուր ինստիտուցիոնալ կապերը վերջիններիս հետ: Այս համագործակցության վառ օրինակն է ՄԻՊ-ի Սահմանադրական դատարան ուղղված ամփոփ տեղեկագրերի պատրաստումը և խորհրդարանական լիագումար և հանձնաժողովի լսումներին ակտիվ մասնակցությունը:

19. Սահմանադրական օրենքը ՄԻՊ-ի համար նախատեսում է երեք կոնվենցիոն մանդատ. 1) Կամընտիր արձանագրությամբ նախատեսված Կանխարգելման ազգային մեխանիզմ (ԿԱՄ), (2) ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով նախատեսված անկախ մոնիթորինգային մեխանիզմ և (3) ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով նախատեսված անկախ մոնիթորինգային մեխանիզմ:

20. Մարդու իրավունքների եվրոպական դատարանին երրորդ կողմի միջամտությունների միջոցով օբյեկտիվ և անաչառ տեղեկատվություն տրամադրելը ՄԻՊ-ի տրամադրության տակ գտնվող մեկ այլ գործիք է: Այդ նպատակով, կարևորագույն նշանակություն ունի նաև ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացին նպաստելը և այդ նպատակով ազգային իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելուն միտված ջանքերը:

 

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ազգային ծրագրի կիրարկում (120.31; 120.32; 120.33)

 

21. 2012 թվականին հաստատվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը: 2014 թվականից ի վեր Կառավարության կողմից ընդունվել են Ռազմավարությունից բխող երկու Գործողությունների ծրագրեր` 2014-2016թթ. և 2017-2019թթ. համար: Այս գործընթացը վկայում է այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարությունը ապահովում է միասնական քաղաքականության իրականացման շարունակականությունը:

22. Ներկայումս մշակման փուլում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության և դրանից բխող` 2020-2022թթ. միջոցառումների ծրագիրը: Կառավարությունը հանձն է առնում ռազմավարական փաստաթղթերը մշակել իրավասու մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների ներգրավմամբ և ակտիվ մասնակցությամբ: Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը նախատեսվում է 2019թ. վերջին:

23. Հաշվի առնելով նախորդ` 2014-2016թթ. Գործողությունների ծրագրի իրականացման փորձառությունը` 2017-2019 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում ստեղծվեց համակարգող մարմին` Խորհուրդ, որի հիմնական գործառույթը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելն էր: Համակարգող խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք անց են կացվում առնվազն եռամսյակը մեկ անգամ:

24. Միաժամանակ, Գործողությունների ծրագրի շրջանակներում ներդրվեց նաև «Հանրային քննարկման» ինստիտուտը: Մասնավորապես, յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո համակարգող խորհուրդը կազմակերպում է հանրային քննարկում` ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Համակարգող խորհրդի նախաձեռնությամբ հանրային քննարկմանը մասնակցելու համար կարող են հրավիրվել համակարգող խորհրդի կազմում չընդգրկված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Հանրային իրազեկման և մասնակցության էլեկտրոնային գործիքների ներդնում

 

25. Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակներում 2014-2016թթ. Գործողությունների ծրագրով ՀՀ կառավարությունը ստանձնեց իրավական ակտերի բաց հանրային պորտալի մշակման և ներդրման հանձնառությունը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել ՀՀ կառավարության, ԱԺ-ի, համայնքների կողմից մշակվող իրավական ակտերի քննարկմանը: Արդյունքում` 2017 թվականից սկսած Հայաստանում գործում է իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը, որը լայն հնարավորություն է ստեղծել քաղաքացիների և ոլորտային տարբեր մասնագետների համար ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն ունենալու օրինաստեղծ աշխատանքներին:

Այս կայքի ստեղծումը նոր մշակույթ ձևավորեց Հայաստանում:

26. Կայքի միջոցով ապահովվում է ինչպես պետական մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը` իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին:

27. E-draft.am կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերին, իսկ կայքում գրանցվելու դեպքում` նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Նման հնարավորության ստեղծումը ապահովում է հանրության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին, այդ թվում` հանրային քննարկման մասնակցության միջոցով ունենում է անմիջական ազդեցություն պետության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության ձևավորման հարցում: Կայքը աննախադեպ մասսայականություն է վայելում և գործում է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով:

28. Բացի e-draft հարթակից, վերջին ժամանակաշրջանում Կառավարության կողմից ներդրվել են մի շարք այլ էլեկտրոնային գործիքներ, որոնց նպատակն է հանրային կառավարման ոլորտում ապահովել թափանցիկությունը, ներառականությունը և հանրության ներգրավվածությունը: Այդպիսի էլեկտրոնային գործիքներ են հանդիսանում www.e-request.am հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ դրանց պատասխանը ևս առցանց եղանակով www.e-hotline.am կայքի միջոցով: Գործում է նաև www.azdararir.am էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են անանուն ազդարարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին և այլն:

 

Կայուն զարգացման նպատակների իրականացում և 2030 օրակարգ

 

29. ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ-ների) իրականացումը համարում է Հայաստանում մեկնարկած համընդգրկուն ներքին բարեփոխումների իրականացման կարևորագույն գործիքներից մեկը: 2015 թվականից ի վեր երկիրն ակտիվորեն աշխատել է ԿԶՆ-ների իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ` ԿԶՆ-ների իրականացման ինստիտուցիոնալ և համակարգային մոտեցման շրջանակներում (Կայուն զարգացման ազգային խորհուրդ` ՀՀ վարչապետի ներքո, ԿԶՆ-ների ազգայնացման միջգերատեսչական աշխատանքային խումբ, Հայաստանի ազգային ԿԶՆ նորարարական կենտրոն` մի նորարարական հարթակ, որը կաջակցի երկրում ՄԱԿ-ի ԿԶՆ-ների իրականացմանը: Սա աշխարհում առաջին նման նորարարական մոդելն է, որում պետությունն ու ՄԱԿ-ը համատեղում են ուժերը` ստեղծելու համար համատեղ հարթակ` երկրում ԿԶՆ-ների արագացմանը և իրականացմանն աջակցելու համար: Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման գործընթացում երկիրն ակտիվորեն և հաջողությամբ համագործակցում է մեր միջազգային գործընկերների, առաջին հերթին` ՄԱԿ-ի (MAPS առաքելության, Հայաստանի ազգային ԿԶՆ նորարարական կենտրոն, UN Global Pulse), ինչպես նաև միջազգային զարգացման կազմակերպությունների, աշխարհի առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոնների հետ (Stanford University Changes Lab, Columbia University SIPA և այլն) դրանով իսկ լայն շրջանակ ստեղծելով` ներգրավելու համար լավագույն փորձը և մեթոդաբանությունները, ինչպես նաև ԿԶՆ-ների իրականացման ֆինանսավորման նոր և նորարարական գործիքները:

Միաժամանակ ԿԶՆ գործընթացը ավելի համապարփակ իրականացնելու համար 2017թ. ԿԶՆ քարտուղարության և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից մշակվեց և ներդրվեց ԿԶՆ հաշվետվական պորտալը:

30. 2018թ. հուլիսի 17-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող Հայաստանի առաջին ազգային կամավոր զեկույցը (Voluntary National Review - VNR): Զեկույցում դիտարկվել է ազգային ռազմավարության հայեցակարգը` ներառյալ ոլորտային ռազմավարությունները և քաղաքականությունները, ինչպես նաև դրա կապը ԿԶՆ-ների հետ, մասնավորապես` կայուն զարգացման չորս հարթակների` 1. սոցիալականի, 2. տնտեսականի, 3. էկոլոգիական և 4. ժողովրդավարություն և իրավահավասարություն ընդգրկումը: Մանրամասնորեն վերլուծված են կամավոր ազգային զեկույցի հիմնական եզրահանգումները Հայաստանում ԿԶՆ-ների իրագործման մասով` ներառյալ այն ոլորտները, որոնցում առկա է առաջընթաց, մտահոգիչ ոլորտները, հաջողված փորձի օրինակները, նորարարությունները և լուծումների հնարավորությունները:

31. 1) 2016թ. Փարիզում ԲԿԳ նախաձեռնության մոտ 74 մասնակից երկիր հուշագիր է ստորագրել ՄԱԿ-ի 2030 օրակարգի, մասնավորապես ԿԶՆ գործընթացը իրականացնելու համար: ԲԿԳ թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարարական գլոբալ սկզբունքները ուղղակիորեն ապահովում են բոլոր Նպատակների Ցուցանիշների իրականացումը` հատկապես ԿԶՆ 16-ի:

ՀՀ կառավարության ԲԿԳ գործողությունների 2018-2020թթ. Ծրագրի հանձնառությունները ապահովում է ԿԶՆ 16-ի 10 Թիրախներից 6-ը:

2) ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ մեկնարկել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը, որի ընթացքում նախատեսվում է ինչպես ՄԱԶԾ, այնպես էլ ՀՀ համապատասխան մարմինների, մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ակտիվ ներգրավվածություն ու շարունակական աշխատանք: ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացի ապահովման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակներում որպես նախնական թիրախ ընտրվել է ԿԶՆ 16-ը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձևավորել բարեփոխումների օրակարգի ու առանցքային ազգային ռազմավարական փաթեթի հետ համապատասխանեցման երկխոսության հարթակ, ԿԶՆ 16-ի իրականացման նպատակով մշակել տվյալների հավաքագրման նոր ու արդյունավետ մեթոդներ, տեխնիկական աջակցություն ՄԻՊ գրասենյակին ու ազգային վիճակագրական կոմտեին` ԿԶՆ 16-ի և առավել լայն` ԿԶՆ-ների իրականացման մշտադիտարկման, գնահատման ու հաշվետվողականության գործընթացներում տվյալների հավաքագրման ընթացքում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման կիրառումն ապահովելու նպատակով:

 

Քաղաքացիական և քաղաքական իրավունքներ

Ընտրելու իրավունք (120.126; 120.153 - 120.155)

 

32. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքն ընդունվել է 2016 թվականի մայիսի 25-ին: Օրենսգրքի նախագիծն անցել է միջազգային փորձաքննություն և Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության համաձայն բարեփոխումների արդյունքում ընդունված օրենսգիրքը գնահատվել է դրական: Ընտրական օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումներն ապահովում են աննախադեպ և լիակատար թափանցիկություն և բավարար հաշվետվողականություն գործընթացների բոլոր փուլերի նկատմամբ:

33. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

2020 թվականի ընթացքում նախատեսվում է ռազմավարության նախագծից և դրա կարճաժամկետ` 2019-2020թթ. գործողությունների ծրագրից բխող միջոցառումների իրականացում, այդ թվում` ուղղված ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակմանը: Քննարկման փուլում է գտնվում նաև Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

i

34. 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդավարական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը: Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն առաջացրեց (ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի թիվ 581-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության Ծրագիր): Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ էր անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

35. Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին 2018 թվականի դեկտեմբերի 9-ին` ՀՀ գործող ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան: Չնայած հսկայածավալ աշխատանքին, քանի որ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, հոկտեմբերի 21-ին` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ թվով 49 համայնքներում, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կազմակերպվեցին և անցկացվեցին ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր ժամկետների լիակատար պահպանմամբ և ընտրական գործընթացը կազմակերպող և այդ գործընթացի ժամանակ առանձին գործառույթներ իրականացնող բոլոր մարմինների լիակատար համագործակցությամբ:

36. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցվեց և մասնակցեց 509 միջազգային դիտորդ 8 միջազգային կազմակերպություններից, այդ թվում` ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից, ԵԽԽՎ-ից, Եվրախորհրդարանից, ԱՊՀ Գործադիր կոմիտեից:

37. Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են քաղաքացիական հասարակության լայն մասնակցությամբ, մասնավորապես, դրանց հետևել են շուրջ 18.000 տեղական դիտորդ, որոնք ներկայացրել են 22 հասարակական կազմակերպություն:

38. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը բարձր են գնահատել ինչպես մասնակից քաղաքական ուժերը, այնպես էլ այլ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական և միջազգային դիտորդները:

39. Մասնավորապես, ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը 2019 թվականի վերջնական զեկույցում արձանագրել է, որ ընտրությունները («անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների միջոցով), արձանագրվել է նաև, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր աշխատանքը կատարել է արհեստավարժ կերպով ու թափանցիկության պայմաններում և պահպանել է օրենքով սահմանված բոլոր ժամկետները` չնայած ժամանակի սղությանը: ԿԸՀ-ն և Տարածքային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ) վայելում էին ընտրական շահառուների վստահությունը:1»

______________________________

1 Republic of Armenia, Early Parliamentary elections 9 December 2018, ODIHR Election Observation Mission Final Report

 

40. Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ ընտրության արդյունքները, ի դեպ նաև Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների, ոչ արտադատական և ոչ էլ դատական կարգով որևէ մեկի կողմից չվիճարկվեցին, դրանց նկատմամբ որևէ անվստահություն չներկայացվեց: Ընտրության արդյունքներն ընդունվեցին թե՛ ընտրողների, թե՛ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և թե՛ քաղաքացիական հասարակության կողմից:

 

Խոսքի և հավաքների ազատություն և տեղեկատվության հասանելիություն (120.139; 120.141; 120.142; 120.143; 120.144; 120.146; 120.151; 120.152)

 

i

41. Խաղաղ հավաքների իրավունքը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են «Հավաքների ազատության մասին» օրենքով:

2018 թվականի ժողովրդական թավշյա հեղափոխությունը դարձավ խաղաղ հավաքների իրավունքի իրացման աննախադեպ օրինակ: ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը 2019 թվականի վերջնական զեկույցում արձանագրել է, որ «արտահայտման, միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների ու ազատ տեղաշարժի հիմնարար ազատությունները լիարժեք պահպանված են եղել քարոզարշավի ընթացքում», իսկ «քարոզարշավի կուլմինացիոն կետը դեկտեմբերի 5-ին Հանրային Հ1 հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռարձակված երեք ժամ տևողությամբ բանավեճն էր, որի ընթացքում բոլոր համապետական ցուցակների առաջին համարները փոխադարձ հարգանքի և ընդհանուր համերաշխության մթնոլորտում քննարկեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական իշխանության անկախությունը, անցումային արդարադատությունը և տնտեսական զարգացումը»2:

________________________

2 Republic of Armenia, Early Parliamentary elections 9 December 2018, ODIHR Election Observation Mission Final Report

 

42. Այսպիսով, ժողովրդական թավշյա հեղափոխությունը նպաստել է Հայաստանում խոսքի ազատության ամրապնդմանը, այդ թվում 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում անցկացված բաց քաղաքական բանավեճի և ազատ ընտրարշավի անցկացման միջոցով:

43. 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ցույցերում մասնակցեցին հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներ, որոնք երկրի տարբեր մասերում անցկացրեցին ցույցեր` բարձրացնելով տարբեր պահանջներ` օրենսդրական և դատական բարեփոխումներից սկսած մինչև տնտեսական խնդիրներ և սոցիալական արդարության ապահովման հարցեր: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ցույցերի ակտիվ մասնակիցներ են եղել երիտասարդները և կանայք3:

________________________

3 Antonio Guterres «ArmeniaԺs young people were at the heart of that countryԺs peaceful political transition earlier this year - showing the potential of youth to use their voice to advance democracy. SGԺs address to the General Assembly, 25 September 2018

 

44. 2018 թվականի խաղաղ հավաքների իրականացման գործում մեծ ազդեցություն են ունեցել հաղորդակցության նոր տեխնոլոգիաները, մասնավորապես, սոցիալական հարթակները:

45. 2018թ. նոյեմբերի 7-ից 16-ը Հայաստան այցելեց Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով Հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեն, որն իր այցի ամփոփիչ խոսքում նշեց. «Հայաստանի ժողովուրդը հպարտ է խաղաղ հավաքների իրականացման աննախադեպ օրինակով, ինչը կարող է հանգեցնել երկարաժամկետ փոփոխությունների»4:

___________________________

4 Statement by the United Nations Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association, Clement Nyaletsossi VOULE, at the conclusion of his visit to the Republic of Armenia, 16 November 2018.

 

46. Հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ ուժի կիրառման դեպքերն իրենց պատշաճ արձագանքն են ստացել հատկապես հաշվետու ժամանակաշրջանում: Նշված ժամանակահատվածում պատասխանատվության տարբեր միջոցներ են կիրառվել հավաքների ընթացքում հակաիրավական վարքագիծ դրսևորած ոստիկանության շուրջ 30 ծառայողի նկատմամբ: Հարուցված մի շարք քրեական գործերով արդեն կայացվել են մեղադրական դատավճիռներ, քրեական գործերի մի մասը դեռևս գտնվում են նախաքննության փուլում:

47. 2018 թվականի ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո նոր ընթացք ստացավ մարտի 1-ի գործը, որը վերաբերում է 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների և խաղաղ ցույցերի մասնակիցների հանդեպ իշխանությունների կողմից բռնի ուժի գործադրմանը, ինչի արդյունքում զոհվեց 10 հոգի, մի քանի հարյուր մարդ վիրավորվեցին: Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցվեցին մի շարք քրեական գործեր, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

48. Վերաբացված գործի քննությունը նպատակ ունի բացահայտել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել տուժածներին: Հայաստանի կառավարությունը մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց և մահացածների ընտանիքներին աջակցության տրամադրման նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացրել է 720 մլն դրամ: Կառավարության այս որոշումը պայմանավորված է 2019 թվականի հունիսի 4-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով և դրանից բխող` օգոստոսի 8-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության թիվ 990 որոշման 3-րդ կետով: 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ մահացած անձանց իրավահաջորդներին կհատկացվի 30 մլն դրամ, ծանր մարմնական վնասվածք ստացածներին` 15 մլն դրամ, միջին ծանրության վնասվածք ստացածներին` 5 մլն դրամ: Այսպիսով, աջակցություն կտրվի 10 զոհերի հարազատներին, 10 ծանր վնասվածք ստացած տուժածներին և 54 միջին ծանրության վնասվածք ստացածներին:

 

Դատաիրավական բարեփոխումներ (120.27; 120.126; 120.127; 120.130; 120.132; 120.145)

 

49. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. Ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 2020 թվականի ընթացքում նախատեսվում է ռազմավարության նախագծից և դրա կարճաժամկետ` 2019-2020թթ. Գործողությունների ծրագրից բխող միջոցառումների իրականացում, այդ թվում` ուղղված «Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին» օրենքի մշակմանը, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը սահմանող փաստաթղթի քննարկմանը և ընդունմանը, ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների փաթեթի մշակմանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի ընդունմանը, Նոր քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի ընդունմանը, քաղաքացիական, վարչական դատավարության, սնանկության, առևտրային արբիտրաժի, հաշտարարության, փաստաբանության ոլորտներում օրենսդրության կատարելագործմանը, դատախազության, իրավապահ մարմինների ոլորտների օրենսդրության բարեփոխմանը, էլեկտրոնային արդարադատության համակարգի զարգացմանը: Ներկայումս Նախագիծը դրվել է հանրային քննարկման` e-draft.am կայքում: Դրան զուգահեռ տեղի են ունենում աշխատանքային քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

50. Դատաիրավական ոլորտի ռազմավարական փաստաթղթերը մշակվում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ:

 

51. Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից` հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված` Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում` Սահմանադրական դատարանը: Ի հավելումն, նախագծերի ընդունման արդյունքում կապահովվեն հայտարարագրման ինստիտուտի նպատակների ամբողջական իրացումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անօրինական գործունեության արդյունքում ստացած եկամտի, գույքի նկատմամբ վերահսկողության ամբողջականությունն ու արդյունավետությունը, կսահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար, օրենսգրքով կսահմանվի հանցագործությունների սպառիչ ցանկը:

 

Պայքար կոռուպցիայի դեմ (120.128)

 

52. Կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է ՀՀ նորընտիր կառավարության առաջնահերթություններից մեկը: Կառավարությունը հաստատեց իր վճռական քաղաքական կամքը` օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ` այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ: Արդյունքում կարելի է փաստել, որ երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան: Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից:

53. 2019 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության թիվ 1332-Ն որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը»: Նշված ծրագրով ներդրվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ շրջանակը` կանխարգելման, քննության և հակակոռուպցիոն կրթության ասպեկտներով: Մինչ ընդունվելը Ծրագիրը ներկայացվել է հանրային քննարկման, այդ թվում` ՀՀ մարզերում: Այն ի թիվս այլ հարցերի ներառում է նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի, հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց գույքային դրության ստուգման, հայտարարագրման համակարգի ընդլայնմանն առնչվող հարցերը:

i

54. ՀՀ վարչապետի 2019թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը: Խորհրդի կազմում են վարչապետը (նախագահն է), ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ:

55. 2018-2019թթ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից, կոռուպցիայի դեմ մղվող պայքարի շրջանակներում, հարուցվել և քննվել են հարյուրավոր կոռուպցիոն բնույթի քրեական գործեր: Այդ ժամանակահատվածում քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, բնապահպանության նախարար, ԴԱՀԿ պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

56. 2018թ. ընթացքում էական դրական ցուցանիշ է արձանագրվել բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասի բացահայտման և վերականգնման բնագավառում: Մասնավորապես` 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ: Բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. ընթացքում վերականգնվել է 27.775.221.334 ՀՀ դրամը, իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է` այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:

 

Խոշտանգումների կանխարգելում (120.89; 120.90; 120.91; 120.92; 120.93;)

 

57. 2015 թվականի հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Այդ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) և ՀՀ օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում համապատասխանություն ապահովելու, Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ. և 2014թ. տարեկան զեկույցում բարձրաձայնված խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների (օրինակ` «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի», «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի») կատարման անհրաժեշտությամբ:

58. Օրենսդրական փոփոխություններից և լրացումներից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը շարադրվել է այնպես, որ վերաբերի նաև պաշտոնատար անձ չհանդիսացող անձի, այն է` մասնավոր սուբյեկտի կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու դեպքերին: Բացի այդ, նշված հանցակազմը հանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մասնավոր մեղադրանքի կարգով հետապնդման ենթակա արարքների շրջանակից:

Այսպիսով, քննարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ապահովվել է լիարժեք համապատասխանություն ներպետական օրենսդրության և ՀՀ միջազգային պարտավորությունների միջև և խոշտանգման հանցակազմն ամբողջապես համապատասխանում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի 1-ին և 4-րդ հոդվածներին:

 

Պայքար մարդկանց թրաֆիքինգի դեմ (120.25; 120.58; 120.119; 120.120; 120.121; 120.122; 120.123; 120.124; 120.125)

 

59. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի շրջանակում մշակվել է և 2019 թվականի հունիսին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս փոփոխությամբ թրաֆիքինգի ենթարկված երեխաներին իրավունք է ընձեռնվում մինչև չափահասության տարիքի հասնելը ստանալ ֆինանսական աջակցություն: Եվս մեկ կարգավորում վերաբերվում է թրաֆիքինգի ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության բարելավմանը. ներդրվելու է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհ հանդիսացող երեխաների տեղեկատվության փոխանակման և զոհերի ուղղորդման ընթացակարգ: Փաստաթղթի վերջնական տարբերակը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարություն մինչև 2020թ. ապրիլ ամիսը:

60. Այսպիսով, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ հստակեցվում են փաստաթղթաշրջանառության և տեղեկությունների փոխանցման ժամկետները և վերանում են որոշ անճշտությունները, ինչպես նաև երեխաների ուղղորդման մեխանիզմի մշակման և ներդրման միջոցով հիմք է ստեղծվում ոլորտում բազմամասնագիտական շրջանակի ձևավորման համար, որն անհրաժեշտ է արագ արձագանքման, թրաֆիքինգի կանխման և կանխարգելման համար:

61. Իրականացվում է երկու պետական ծրագիր` «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի, սեռական շահագործման ենթարկված կանանց և աղջիկների սոցիալ-հոգեբանական վերականգնում» և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին միանվագ դրամական փոխհատուցում» պետական ծրագրերը, որոնց շրջանակներում նշված խմբերը ստանում են երկարատև աջակցություն և դրամական օգնություն: Առաջին ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության փաթեթը ներառում է կացարանի տրամադրում, բնաիրային օգնություն, իրավական պաշտպանություն, հնարավորություն է ընձեռում օգտվել պետական առողջապահական, կրթական, այլ սոցիալական ծրագրերից և օգնում է դուրս գալ ճգնաժամային իրավիճակից, վերադառնալ բնականոն կյանքին` խուսափելով կրկնազոհացումից: 2020 թվականին նախատեսվում է ընդլայնել ծրագիրը` այն ամբողջությամբ ֆինանսավորվելով ՀՀ պետական բյուջեից:

62. Մշակվել է ՀՀ 2019-2021թթ. մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ գործողությունների ազգային ծրագիրը:

 

Հատուկ խմբերին պատկանող անձանց իրավունքների ապահովում և խտրականության բացառում

 

Կանանց իրավունքներ

 

(120.24; 120.47; 120.48; 120.49; 120.50; 120.51; 120.52; 120.53; 120.54; 120.55; 120.56; 120.57; 120.58; 120.59; 120.60; 120.61; 120.62; 120.63; 120.64; 120.65; 120.66; 120.67; 120.68; 120.69; 120.70; 120.71; 120.72; 120.73; 120.74; 120.76; 120.100; 120.103; 120.104; 120.105; 120.106; 120.107; 120.108; 120.109; 120.110; 120.111; 120.112; 120.113; 120.115; 120.156; 120.157; 120.158; 120.159)

 

63. Վերջին տարիների ընթացքում Հայաստանում կարևոր քայլեր են իրականացվել գենդերային հավասարության և կանանց հզորացման ոլորտում: 2018 թվականի հեղափոխության օրերին մեծաթիվ կանայք մասնակցեցին բողոքներին` երաշխավորելով այդ բողոքների խաղաղ բնույթը: Կանայք, որպես ցույցերի ակտիվ մասնակիցներ, հեղափոխության շարժիչ ուժն էին:

64. Ակնհայտ է կանանց դերի ավելացումն օրենսդիր մարմնում` 2016թ.-ի մայիսի 25-ին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքում (ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 1-ից) սահմանվել են գենդերային զգայուն քվոտաներ (նախորդի համեմատ քվոտան ավելացել է 10 տոկոսով), որոնք ուղղված են օրենսդիր իշխանությունում կանանց ներկայացվածության ընդլայնմանը: Սահմանվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակներում կանանց ներգրավվածության 25%-ի պահանջ, որը նախատեսվում է դարձնել 30% 2021 թվականից սկսած:

65. ՀՀ Ազգային ժողովի 2018թ.-ի դեկտեմբերի 9-ի ընտրությունների ընդհանուր թվով 1,444 թեկնածուներից 464-ը կամ 32%-ը կանայք էին և արդյունքում ԱԺ-ի 132 պատգամավորներից 32-ը կամ 24%-ը կանայք են: Նախորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կազմում կին պատգամավորները կազմել են 18%:

ԿԸՀ կողմից խորհրդարանական ընտրություններին հավատարմագրված ազգային 18.000 դիտորդներից 10.951-ը կամ 62% կանայք էին, իսկ 1163 լրագրողներից` 696-ը կամ 60%-ը:

66. 2018թ. Երևանի ավագանու ընտրությունների ընդհանուր թվով 948 թեկնածուներից 344-ը կամ 36%-ը կանայք էին և արդյունքում 65 ավագանու անդամներից 19-ը կամ 29%-ը կանայք են: 2018թ. հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններին Էջմիածնի քաղաքապետ ընտրվեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին կին քաղաքապետը: ԿԸՀ կողմից ՏԻՄ ընտրություններին հավատարմագրված ազգային 688 դիտորդներից 346-ը կամ 50%-ը կանայք էին, իսկ 516 լրագրողներից` 296-ը կամ 57%-ը:

i

67. ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի 65-Ա որոշմամբ ընդունված ծրագրի համաձայն «կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:»

68. ՀՀ կողմից կարևորվում է կանանց ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության հարցերում: Հայաստանը կարևորում է հակամարտության ցիկլի բոլոր փուլերում կանանց ակտիվ դերակատարության ապահովումը և հակամարտության ներգործությանն ենթարկված կանանց պաշտպանությունն ու նրանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը:

69. 2019 թվականի փետրվարի 28-ին Հայաստանն ընդունեց ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման վերաբերյալ գործողությունների առաջին ազգային ծրագիրը, որը մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ներկայումս աշխատանքներ են տարվում Ծրագրի դրույթների իրականացման ուղղությամբ` ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

70. Պաշտպանության նախարարությունը շարունակում է վարել զինված ուժերում կանանց ներգրավումը խթանելու քաղաքականություն, ընդհուպ մինչև ՄԱԿ-ի կողմից սահմանված 15% նպատակակետը, և առաջիկայում կին խաղաղապահները կներառվեն նաև ՄԱԿ-ի UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) առաքելությունում հայկական խաղաղապահ զորախմբի կազմում: ՊՆ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակներում` հիմնվելով ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների, և դրանց կիրարկումն ապահովող ՀՀ պաշտպանության նախարարի` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման ուղեցույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 16.02.16թ. N 128 հրամանի, ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում ստեղծվել է կանանց խաղաղապահ դասակ (20 կին խաղաղապահ), որի առաջին խումբն (4 կին խաղաղապահ) արդեն միացել է Կոսովոյում («Կոսովոյի ուժեր») խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին:

71. 2017 թվականին ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը: Օրենքի ընդունմանը հաջորդել են օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման և հաստատման աշխատանքները:

2019 թվականից ի վեր վեց պետական կենտրոններ Երևանում և երեք մարզերում աջակցություն են ցուցաբերում ընտանեկան բռնության ենթարկված անձանց:

72. 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը, որով սահմանվել են հինգ գերակայություններ` կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց և տղամարդկանց լիարժեք և արդյունավետ մասնակցության և հնարավորությունների ընդլայնում կրթության և գիտության ոլորտում, առողջապահության ոլորտում, ինչպես նաև գենդերային խտրականության կանխարգելում:

i

73. 2016թ. լրացում է կատարվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում, որի 10-րդ հոդվածում սահմանվել է սեռով պայմանավորված աբորտների արգելքը, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.12-րդ հոդվածում սահմանվել է վարչական պատասխանատվություն բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելուց առաջ և հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելու համար:

74. ՀՀ առողջապահության նախարարի 2015թ.-ի մայիսի 8-ի N 1129-Ա և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015թ.-ի մայիսի 13-ի N 75-Ա/1 համատեղ հրամանով հաստատվել է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների 2015-2017թթ.-ի կանխարգելման ծրագիրը:

2015-2017թթ. պետական ծրագրի արդյունքում ՀՀ մարզերում և քաղաքային համայնքներում ապահովվել են համապատասխան կարողություններ, բարձրացվել է հասարակական իրազեկվածության մակարդակը: Միջոցառումների և գործողությունների նման հավասարակշռված համադրումը, հարուստ գործիքաշարի ընտրությունն ու դրանց կիրառման հաջորդականությունը դարձել են ծրագրի ձեռքբերումների հիմնական գրավականը:

75. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծումն է, որն իրականացվում է տնտեսության պետական կարգավորման և բնակչության սոցիալական պաշտպանության միջոցով: Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք պետական ծրագրեր, որոնք ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, ինչպես նաև երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ շահառուների շրջանակների զբաղվածության ապահովմանը:

76. Հայաստանի Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առանձնահատկություններից է կանանց բարձր ներգրավվածությունը այս ոլորտում: Ըստ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի հետազոտության և հավաքագրած տվյալների` ՀՀ-ում 2018-2019թթ. ՏՀՏ ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածությունը կազմում է 37%: Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում գտնվում է 4-րդ հորիզոնականում: Ցուցանիշն աստիճանաբար ավելի է մեծանում ոլորտի կազմակերպությունների քաջալերման և ստեղծված պայմանների շնորհիվ, մասնավորապես` աշխատանքի և ընտանիքի համատեղում, վճարվող մայրական խնամք, ընկերություններում մոր և մանկան խնամքի անկյունների ստեղծում: ՏՀՏ ոլորտում առաջնահերթ են մասնագիտական բարձր ունակությունները և հմտությունները: Ոլորտում կանանց մասնագիտական, ձեռնարկատիրական և առաջնորդային հմտությունների զարգացմանը նպաստող պայման և գործոն է նաև բնագիտական, տեխնիկական ԲՈՒՀ-երում և գիտահետազոտական կենտրոններում ուսանող և դասավանդող կանանց ու աղջիկների թիվը:

77. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է և տեղադրվել է e-draft կայքում «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը` հանրային քննարկման համար: Տվյալ Օրենքը հնարավորություն կընձեռի երաշխավորելու օրենքի առջև բոլորի հավասարությունը, կանխելու խտրականության դրսևորումները, ինչպես նաև իրագործելու հավասար իրավունքները: Օրենքի նախագիծը երաշխավորում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից մարմնի ստեղծումը, որին կտրամադրվի խտրականության զոհերին աջակցելու և ենթադրյալ խտրականության գործերով քննություն սկսելու մեխանիզմներ:

 

Երեխայի իրավունքներ (120.34; 120.35; 120.36; 120.37; 120.38; 120.38; 120.39; 120.40; 120.41; 120.42; 120.136; 120.137; 120.138)

 

78. 2017 թվականին Հայաստանը միացավ երկու կարևոր միջազգային նախաձեռնությունների` WE PROTECT գլոբալ գործընկերության ցանցին, որն ուղղված է երեխաների առցանց սեռական շահագործումը վերացնելուն և «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ համագործակցությանը` ստանձնելով պարտավորություն ուժեղացնելու պետական ջանքերն ու իրականացնելու բարեփոխումներ, որոնք տարբեր տեսանկյուններից կլուծեն Հայաստանում երեխաների հանդեպ բռնության խնդիրները:

79. Ձևավորվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից համակարգվող Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհուրդը, որը հանդիսանում է հզոր ազգային հարթակ` ուղղված երեխաների նկատմամբ բռնության խնդիրների լուծմանը և արդարադատության ոլորտում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված ծրագրերի համակարգմանն ու վերահսկմանը:

80. Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվում են օրենսդրական փոփոխություններ և դրանք հիմնականում նպատակաուղղված են` «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի և ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը` ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքի ապահովմանը: Վերանայվել են Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործառույթները և կազմը` ուժեղացնելով վերջինիս դերը մշտադիտարկման հարցում:

Ոլորտի բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատվել են մի շարք իրավական ակտեր` տրվել են համապատասխան իրավակարգավորումներ` խնամատարության, որդեգրել ցանկացող անձանց վերապատրաստման դասընթացների անցկացման գործընթացներում: Իրականացվել են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստումները:

81. Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման քաղաքականությամբ պայմանավորված վերջին տարիներին հաստատություններում խնամվող երեխաների թիվը նվազել է: 2019թ. մայիսի դրությամբ երեխաների խնամքի և պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատություններում խնամվել են 6-ից 18 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 230 երեխա` նախկին 1000-ի փոխարեն: Այս համատեքստում մշակվել է նաև երեխաների խնամքի և պաշտպանության 4 գիշերօթիկ հաստատությունների և 1 մանկատան լուծարման որոշման նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն:

82. 2013թ.-ից առ այսօր սոցիալական ոլորտում երեխաներին առնչվող ծրագրերի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները ավելացվել են` 2019 թ-ին իրականացվելու են թվով 5 ծրագրեր, որոնք ուղղված են շուրջօրյա հաստատություններին այլընտրանք համարվող երեխաների ցերեկային ծառայությունների ընդլայնմանը: Ծրագրերն իրականացվում են մրցույթով հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով:

2020 թվականին նախատեսվում է շարունակել երեխաների համայնքահեն և ներառական ցերեկային ծառայությունների ընդլայնումը` 10 մարզերի 30 խոշոր համայնքներում նման ծառայությունների տրամադրումը հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու միջոցով: 2020 թվականից կգործի նաև երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելող նոր ծրագիր` բոլոր մարզերում և Երևանում:

83. Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման նպատակով` գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ բարելավվում է «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների» տվյալների տեղեկատվական ենթահամակարգը և այդ ուղղությամբ իրականացվում են մի շարք աշխատանքներ: Ներդրվում են համակարգում մշտադիտարկման 21 ցուցանիշները, մշակվել է խնամատարության նոր ենթահամակարգը:

84. Վերը նշված և այլ ռազմավարությունների շրջանակներում վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է մանկական մահացության ցուցանիշի շարունակական կրճատում: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2011թ. այն կազմել է 11,6%, 2015թ.` 8,8%, 2017թ.` 8,2%, իսկ 2018 թ. նախնական տվյալներով այն կազմել է 7.1%: Ըստ ՄԱԿ-ի հաշվարկային ցուցանիշի, 2010թ. հաջորդող տարիներին ցուցանիշների նվազումը շարունակվել է պաշտոնական տվյալների հետ ավելի համահունչ, 2011 թ. կազմելով 15,3%, 2015 թ.` 12,5%, 2017 թ.` 11,4%: Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2017 թ. տարեկան զեկույցի, համադրելի (միջինից ցածր) եկամուտներ ունեցող 52 երկրների շարքում Հայաստանը նորածնային մահացության ցուցանիշով զբաղեցնում է բարենպաստ 4-րդ հորիզոնականը (UNICEF, EVERY CHILD ALIVE, 2017):

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ (120.168; 120.169; 120.170; 120.171)

 

i

85. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ապահովվում են «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայումս մշակվում են հաշմանդամության ոլորտը կարգավորող օրինագծեր` ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ տրված հանձնարարականների համաձայն: Օրինագծերը պետք է ամրագրեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ապահովելու և կյանքի տարբեր ոլորտներում նրանց ներառումը խթանելու համար սկզբունքորեն նոր և հավասար մոտեցումներ:

i

86. 2017թ. հունվարի 12-ի ՀՀ կառավարության N 1 արձանագրային որոշմամբ որոշմամբ հավանության է արժանացել «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագիրը»: Համալիր ծրագրով ամրագրվել են հստակ միջոցառումներ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմաններ ապահովելուն և սոցիալական ներառմանը: Միջոցառումներն ընդգրկում են հասարակական կյանքի բոլոր ոլորտները, ուղղված են տրանսպորտային միջոցների, կրթական հաստատությունների, սոցիալական նշանակության շենք-շինությունների մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձանց կրթական, աշխատանքային, տեղեկատվության իրավունքի իրացմանը, ինչպես նաև զբաղվածության խթանմանը:

i

87. «Կրթության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-297-Ն) 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` «Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով»: Միաժամանակ օրենքում ամրագրված է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում` հատուկ ծրագրերով: Օրենքով ամրագրված այս դրույթների իրականացման նպատակով, 2001 թվականին հանրապետությունում ներդրվեց ներառական կրթության ծրագիրը: Ներառական կրթության համակարգը հանրապետությունում գործում է հատուկ հանրակրթական դպրոցներին զուգահեռ: Սկզբում այն ներդրվեց փորձնական կարգով` հանրապետության 5 հանրակրթական դպրոցներում, այնուհետև հետագա տարիներին այն ընդլայնվեց: 2017-2018 ուսումնական տարում ներառական կրթություն իրականացվել է հանրապետության 201 հանրակրթական դպրոցներում, որոնցում սովորել է շուրջ 6225` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխա: Իսկ 2018-2019 ուսումնական տարում ներառական կրթություն իրականացվել է հանրապետության 136 հանրակրթական դպրոցներում, որոնցում սովորել է շուրջ 3330` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխա:

88. ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթության պետական մեկ ընդհանուր չափորոշիչ բոլոր սովորողների համար: Համաձայն չափորոշչի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով հանրակրթության ծրագրի բովանդակությունը հարմարեցվում է նրանց ընկալման և մտավոր գործունեության կարողություններին:

i

89. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին «ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով հանրակրթության համակարգում անցում է կատարվում համընդհանուր ներառական կրթության` կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում ԿԱՊԿՈՒ երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն են ստանալու 3 մակարդակում` հանրակրթական դպրոցում, ինչպես նաև տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Համընդհանուր ներառական կրթության համակարգին անցումը իրականացվելու է հանրապետության մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպման միջոցով:

Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել ԿԱՊԿՈՒ երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում (հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող ԿԱՊԿՈՒ երեխաները տեղափոխվելու են իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական դպրոց` ապրելով իրենց ընտանիքում):

i

90. ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման համաձայն, ՀՀ-ում գործում են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, նախատեսված` լսողության խանգարում, տեսողության խանգարում, հենաշարժական համակարգի խախտումներ, մտավոր թերզարգացում ունեցող և հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար:

 

Փախստականներ և ապաստան հայցողներ

 

91. Հայաստանը շարունակում է հանդես գալ ՄԱԿ-ի Փախստականների և միգրանտների գլոբալ համաձայնագրի աջակիցների դիրքերից և հաշվի առնել նշված փաստաթղթի դրույթներն իր ներքին քաղաքականությունը մշակելիս: Հայաստանն իր մտահոգությունն է հայտնել ահաբեկչական և ծայրահեղական խմբերի կողմից քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացվող բռնությունների վերաբերյալ, ինչը փախստականների մեծ հոսքերի պատճառ է դառնում և այս համատեքստում կարևորել է վաղ կանխարգելմանն ուղղված ջանքերի գործադրումը:

92. 2015 թվականի ապրիլից Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Գործադիր կոմիտեի անդամ, դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատելով իր պատրաստակամությունը օժանդակելու փախստականներին վերաբերող տարբեր խնդիրների լուծմանը:

93. Հայաստանն ընդունել է առաջին փախստականներին դեռ 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացված հակահայկական ջարդերից հետո, ինչին հետևեցին հայերի կոտորածները Ադրբեջանի այլ բնակավայրերում:

Հայաստանը օրենքով ամրագրեց 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքները: 2018 թվականին աշխարհը նշեց սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի 30 ամյակը:

94. Հայաստանն ունի փախստականներ ընդունելու և տեղակայելու զգալի փորձ, այդ թվում փախստականների ինտեգրման և վերջիններիս ներուժն օգտագործելու հարցում:

Հայաստանն ընդունել է փախստականներ Իրաքից, Ուկրաինայից և 2012 թվականից սկսած փախստականների զգալի հոսքեր նաև Սիրիայից (մոտ 22.000): Ունենալով սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ՀՀ իշխանությունները միշտ ձգտել են փախստականների համար ստեղծել արժանապատիվ կյանքի պայմաններ և ինտեգրել նրանց հասարակության կյանքում` օգտագործելով փախստականների ստեղծարար ներուժը: Այս առումով շատ հետաքրքրական է Սիրիայից Հայաստանում բնակվող փախստականների օրինակը, որոնք ոչ միայն իրենց ուրույն տեղն են գտել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում, այլ նաև նոր մշակույթ են ձևավորել ծառայությունների մատուցման դաշտում, մասնավորապես, սննդի նոր մշակույթ ձևավորելով:

95. Հայաստանը ևս մեկ փորձություն անցավ արդեն 2016 թվականի ապրիլի սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակման արդյունքում թիրախավորվեց քաղաքացիական բնակչությունը: Այս ագրեսիայի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ տեղահանվեցին Թալիշ, Մարտակերտ, Մարտունի և Հադրութ գյուղերից: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով Հայաստանն այդ օրերին ընդունեց 681 ընտանիք կամ 2258 անձ 5:

_____________________________

5 UNHCR/Armenia - www.un.am

 

96. Հաշվի առնելով ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը և

նրանց համար նախատեսված հատուկ կացարանի թողունակությունը (45 մահճակալ), նախատեսվում է կառուցել ապաստան հայցողների համար նոր` միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն ավելի քան 100 անձի համար: Ներկայումս ընթացքի մեջ են կենտրոնի շինարարության նախագծային աշխատանքները, շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2021 թվականին:

97. Հայաստանը շարունակում է փախստականների վերաբերյալ օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված ջանքերը: 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Նախագծի նպատակը ապաստանի բնագավառում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման ապահովումն է, այն է` ՀՀ-ում ապաստան հայցողների և փախստականների իրավունքների վերաբերյալ ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնել միջազգային, մասնավորապես, եվրոպական չափանիշներին` ելնելով միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից:

98. 2016թ. հուլիսի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգ»-ին, իսկ 2017 թ. փետրվարի 23-ին հաստատել է հայեցակարգի իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

Ընդհանուր առմամբ ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան

ստացած անձանց ինտեգրումը ապահովելու համար` վերոնշյալ փաստաթղթերը նախատեսում են 3 հիմնական գործողություն.

1) հայոց լեզվի դասընթացների կազմակերպում,

2) քաղաքացիական կողմնորոշման դասընթացների կազմակերպում,

3) ժամանակավոր կացարանի տրամադրում:

 

Ազգային փոքրամասնություններ (120.75; 120.166; 120.172; 120.173; 120.174; 120.175; 120.176; 120.177; 120.178; 120.179)

 

99. Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, նրանց մշակութային ժառանգության և մշակույթի պահպանումը հանդիսանում է ՀՀ քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:

100. Հայաստանը պետական պաշտպանության ներքո է վերցրել ՀՀ տարածքի բոլոր պատմաճարտարապետական, մշակութային և կրոնական կառույցները` անկախ դրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից: Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող և պատմական հուշարձաններից բացի Հայաստանի տարբեր մարզերում հաշվառված են և պահպանվում են տարբեր ազգերին պատկանող հուշարձաններ:

101. 2019թ. սեպտեմբերի 29-ին Հայաստանում տեղի է ունեցել եզդիական` աշխարհում ամենամեծ տաճարի (Quba heft mere diwane u Tawuse Melek) բացումը, որին մասնակցել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: Սրբավայրի բացման առիթով Հայաստան են ժամանել նաև եզդիական համայնքի ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից:

i

102. Ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը հանրային կյանքում ապահովելու հարցում կարևոր քայլ էր Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դրույթների կիրառման ապահովումը` որոնց համաձայն համապետական ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կազմում են չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր:

103. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով մշակվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը տեղադրվել է e-draft.am հարթակում` հանրային քննարկման համար: Ներկայումս նախատեսվում է անցկացնել օրենքի նախագծի քննարկումների նոր շրջափուլ միջազգային փորձագետների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

104. 2019թ. մայիսի 3-ի ՀՀ վարչապետի որոշմամբ վերակազմավորվեց Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը: Այդ որոշման համաձայն նոր Խորհուրդը գործում է Վարչապետի գլխավոր խորհրդականին առընթեր, իսկ Խորհրդի գործունեության կազմակերպչական տեխնիկական ապահովումն իրականացնում է վարչապետի աշխատակազմը` համապատասխան ստորաբաժանման միջոցով: Խորհրդի անդրանիկ նիստում (17.05.2019թ) հաստատվեց Խորհրդի աշխատակարգն ու պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն. դրամի բաշխման եղանակը:

105. Սկսած 2007 թվականից Համակարգող Խորհրդում ներկայացված կազմակերպությունների առաջադրմամբ և ՀՀ Նախագահի աշխատակազմի միջնորդությամբ յուրաքանչյուր ուսումնական տարում արտամրցութային տեղեր են տրամադրվում եզդիական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներին` Երևանի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետում ուսանելու համար: Իսկ 2010թ.-ից այդ արտոնությունից հնարավորություն ունեն օգտվել նաև մյուս ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչները, որոնց առաջադրում են Համակարգող Խորհրդում համապատասխան համայնքները ներկայացնող կազմակերպությունները և որոնք ցանկություն են հայտնում սովորելու բարձրագույն ուսումնական հաստատությունների մշակույթի և լեզվի հետ առնչվող բաժիններում` ազգային մշակույթն ու լեզուն զարգացնելու նպատակով: Հետագայում Համակարգող Խորհրդի միջնորդությամբ այդ ուսանողների համար ԲՈՒՀ-ը ուսման վարձի ամբողջական կամ մասնակի զեղչեր են կիրառում:

 

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ

 

Տնտեսական զարգացում, սոցիալական արդարություն և կյանքի հավասար պայմանների ապահովում

 

106. 2018 թվականի ՀՀ կառավարության ծրագրում առանցքային նշանակություն է վերապահվել տնտեսության ներառական աճի ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության հաղթահարմանը: Կարևորելով տնտեսական զարգացման սոցիալական ազդեցությունը` Կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկել ներառական տնտեսական մոդելի ներդրման, գործարար նախաձեռնողականության և աշխատանքի խրախուսման, ինչպես նաև հասարակության առանձին խմբերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: 2018թ. արձանագրվել է մշակող արդյունաբերության, մասնավորապես, հագուստի արտադրության ծավալների 40,8% և մանածագործական արտադրատեսակների արտադրության 77,0% աճ: 2018թ. տեքստիլ արտադրանքի արտահանման 65,4%-ի աճ է գրանցվել: Նույն ժամանակահատվածում գրանցվել է ծառայությունների ավելացված արժեքի 9,8% աճ, ինչպես նաև շինարարության ծավալի 4,5% աճ: Նշվածները մեծապես նպաստել են նաև զբաղվածության աճին:

107. Հետհեղափոխական շրջանում հավանության է արժանացել 16 ծրագիր ԱԱՀ-ի հետաձգման և 34 ծրագիր մաքսատուրքի ազատման մասով: Հավանության արժանացած ծրագրերի շրջանակում նախատեսվում է ստեղծել 2763 աշխատատեղ, որոնցից 1604-ն արդեն իսկ ստեղծված են:

108. ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 1-ի N 581-Ա որոշման համաձայն հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 5-րդ (Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի) բաժնի 5.2-րդ (Աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն) կետով ամրագրվել է, որ առաջնային նշանակություն ունի սոցիալական ապահովությունը և կառավարության համար ի թիվս այլ գերակայությունների գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, աշխատավարձերի իրական աճը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը: Իսկ նույն ծրագրի 6-րդ (Տնտեսության շարունակական զարգացում) բաժնի 6.2-րդ (Պայքար ստվերի դեմ, պետական եկամուտների ավելացում) կետով նշվել է, որ տնտեսական իրական զարգացմանը մեծապես խոչընդոտող մեկ այլ գործոն է ստվերային տնտեսվարումը: Նշվել է նաև, որ գործարար միջավայրում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով կառավարությունը խնդիր է դրել էականորեն կրճատել ստվերային տնտեսությունը:

109. Ընդունելով արժանապատիվ աշխատանքի կարևորությունը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և Հայաստանում եռակողմ գործընկերները համատեղ մշակել և 14.05.2019թ. ստորագրել են ՀՀ 2019-2023թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը (ԱԱԾ), որը սահմանում է ԱՄԿ-ի և ՀՀ միջև համագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները և իրականացման ռազմավարությունները 5-ամյա կտրվածքով: ԱԱԾ-ը խթանում է արժանապատիվ աշխատանքը` որպես զարգացման քաղաքականության գլխավոր բաղադրիչ և, միևնույն ժամանակ, որպես կառավարության և սոցիալական գործընկերների ազգային քաղաքականության նպատակ:

110. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ինչպես ազգային ոլորտային ռազմավարական փաստաթղթերը և առաջնահերթությունները, այնպես էլ 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայացած` ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովին աշխարհի երկրների առաջնորդների ընդունած` «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030-ում» ներառված Կայուն զարգացման 17 նպատակները (որոնց թվում են նաև «գենդերային հավասարություն. հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին», «արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ. խթանել շարունակական, համապարփակ ու կայուն տնտեսական աճ, արդյունավետ զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար» նպատակները) և ՄԱԿ-ի զարգացման աջակցության շրջանակը:

111. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրով որպես գերակայություններ են նախատեսվել աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմների կատարելագործումը, զբաղվածության քաղաքականության բարելավումը, կանանց և տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնումը, սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների ամրապնդումը բոլոր մակարդակներում: Արդյունքում ակնկալվում է զարգացնել կառավարության և սոցիալական գործընկերների կարողությունները: ՀՀ կառավարությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել կրճատելու ոչ ֆորմալ տնտեսությունը, մշակելու քաղաքականություն, որը կհեշտացնի անցումը ֆորմալ զբաղվածության` կառուցվածքային փոփոխությունների, կրթական գիտելիքների բարելավման, հարկային դաշտի ընդլայնման և միջազգային նորմերին համապատասխանեցնելու միջոցով:

112. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Տվյալ որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է զբաղվածության խթանման միջոցով աշխատող աղքատների թվաքանակի կրճատում, աշխատանքի վարձատրության համակարգի արդիականացում, աշխատանքային իրավունքի ինստիտուտի հետևողական կայացում` ուղղված աշխատողների պաշտպանվածության վստահելիության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ նախատեսվում է, որ կհաջողվի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը, կապահովվի աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հնարավորինս բարձր մակարդակ, կկրճատվի բնակչության շրջանում գործազրկությունը, կապահովվեն անձի համար արժանապատիվ աշխատանքի երաշխիքներ:

113. Իրականացվել են մի շարք քայլեր սոցիալական աջակցության գործող ծրագրերի միջոցով աշխատանքի խրախուսման, ինչպես նաև ծայրահեղ աղքատության պարագայում հասցեական աջակցության համար: Մասնավորապես, 2019 թվականին ՀՀ կառավարության կողմից որոշում է ընդունվել սեզոնային գյուղատնտեսական աշխատանքի պարագայում ընտանեկան նպաստից չզրկվելու վերաբերյալ: Ծայրահեղ աղքատներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է մշտական բնակության վայր և հաշվառում չունեցող մարդկանց ընտանեկան նպաստի համակարգ ընդգրկելու հնարավորություն տվող որոշումը:

114. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկել է աղքատության փուլային հաղթահարման ծրագրի իրականացումը միջազգային և տեղական գործընկերների աջակցությամբ, որի շրջանակներում 2019 թվականին նախատեսվում է շուրջ 1000 աղքատ անասնապահությամբ զբաղվող ընտանիքների շրջանում իրականացնել անասնապահության միջոցով կայուն եկամտի աղբյուրի ձևավորմանն ուղղված աջակցության աշխատանքներ:

115. 2019 թվականի փետրվարին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է նպաստների համակարգի բարեփոխման և ընտանիքների կայուն եկամտի աղբյուրների ձևավորման ուղղությամբ աշխատանքային խումբ, որը մինչև 2019 թվականի դեկտեմբեր կներկայացնի համակարգի ամբողջական բարեփոխման փաթեթը: Բարեփոխումը իրականացվում է կարիքի գնահատման վրա հիմնված աջակցության ճկուն փաթեթների ձևավորման, աշխատանքի խրախուսման սկզբունքների հիման վրա:

 

Առողջության իրավունք (120.161; 120.162; 120.164; 120.165)

 

116. 2015-2019թթ. ընթացքում իրականացվել է թվով 2 մարզային բժշկական կենտրոնների կառուցում և շուրջ 6 մարզային բժշկական կենտրոնների վերակառուցում ու բժշկական սարքավորումներով հագեցում: 2014-2016թթ. շարունակվել է ՀՀ մարզերի գյուղական համայնքների առողջության առաջնային պահպանման օղակի ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը: Ծրագրում ընդգրկվել են հավելյալ 12 համայնքային ամբուլատորիաներ, իրականացվել են պոլիկլինիկաների վերակառուցման աշխատանքները:

Մարզերում իրականացվող կարևոր ծրագրերից է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Այն իրականացվում է 2010 թվականից ՀՀ կառավարության (ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության) և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից` ՌԴ կառավարության ֆինանսավորմամբ:

i

117. ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 33 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների նախակրթարանների և տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը, նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը: Վերը նշվածը փաստում է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը նպաստում է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակներից 2-րդ (ոչ սովին), 3-րդ (առողջություն և բարեկեցություն) և 4-րդ (որակյալ կրթություն) նպատակների իրականացմանը Հայաստանում: Ծրագիրը կարևոր է նաև դպրոցականների շրջանում թերսնուցման կրկնակի բեռի հաղթահարման համար: Ծրագրի շահառուներն են նախակրթարանների և 1-4-րդ դասարանների աշակերտները, ում ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում, շաբաթը 5 օր տրվում է առողջ, սննդարար, բալանսավորված տաք սնունդ:

Ներկայումս ծրագիրն իրականացվում է 2 ձևաչափով` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության կողմից:

118. Հայաստանի Հանրապետության հեռավոր մարզերում առավել որակյալ շտապ բժշկական օգնության կազմակերպման նպատակով առողջապահության նախարարի 12.03.2019թ. թիվ 611-Ա հրամանով հաստատվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության կողմից պացիենտի ուղղաթիռով տեղափոխման կարգը:

119. Շարունակականորեն իրականացվել է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրումը: Այդ ուղղությամբ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համագործակցությամբ, 2016 թ. ՀՀ-ում իրականացված` Միացյալ արտաքին գնահատման (JEE) արդյունքների հիման վրա, մշակման գործընթացում է բացերի վերացմանը և առաջընթացի ապահովմանն ուղղված «Առողջության անվտանգության ռազմավարական ծրագիրը»:

120. Շարունակականորեն զարգացվել է վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային ախտահարումների համաճարակաբանական հսկողության համակարգը, որը գործադրվել է բոլոր մակարդակներում` համայնքայինից մինչև ազգային: Բոլոր մարզերում ապահովվել է բարձրակարգ լաբորատոր ծառայությունների հասանելիություն` ախտածինների բացահայտման ուղղությամբ: Բոլոր մարզերում ապահովվել են արագ արձագանքման կարողությունները` արագ արձագանքման թիմերի գործունեության շնորհիվ: Ներդրման գործընթացում է «Մեկ առողջություն» մոտեցումը բոլոր մակարդակներում` ապահովելով համայնքից մինչև ազգային մակարդակ կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցության նվազեցման կամ բացառման գործընթացը:

121. 2019թ. հուլիսից ՀՀ կառավարության կողմից հատկացվեցին լրացուցիչ միջոցներ, որի արդյունքում մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումը, ինչպես նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող մի շարք ծառայություններ տրամադրվում են անվճար, ինչը հավասար հնարավորություն է ընձեռել մինչև 18 տարեկան բոլոր երեխաների համար` անկախ նրանց տարիքից, սոցիալական կարգավիճակից և ընտանիքի հնարավորություններից:

122. Շրջանառության մեջ է գտնվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի նախագիծը, ըստ որի ամրագրվել է 16 տարին լրացած երեխաների իրավունքը` տալ կամավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն իրենց առողջության վերաբերյալ, եթե բուժաշխատողի կարծիքով երեխան ի վիճակի է ճշգրիտ գնահատել իր առողջական վիճակը, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը և օրինական ներկայացուցիչները չեն առարկում այդ տեղեկությունները տրամադրելուն, բացառությամբ 16 տարին լրացած երեխաների:

123. Շտապ բժշկական օգնության ծառայության արդյունավետության բարելավման նպատակով նորացնել և ժամանակակից սարքավորումներով է հագեցվել հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության ավտոպարկը:

124. Առողջապահության նախարարության կողմից մշակվում է «Առողջության համապարփակ բժշկական ապահովագրության մասին» հայեցակարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը: Միջոցառումը պայմանավորված է ՀՀ առողջության համապարփակ բժշկական ապահովագրություն ներդնելու ընդունման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` արդիական, բարձր որակի, մատչելի առողջապահական ծառայությունների մատուցման ապահովմանը` առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավման, ինչպես նաև բուժօգնության որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրման միջոցով: Ակնկալվում է, որ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր ապահովագրված քաղաքացի հնարավորություն կունենա օգտվելու առողջապահական ծառայությունների փաթեթից` անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից:

 

III Միջազգային հանրության ուշադրությանն արժանի մարտահրավերներ

 

Ցեղասպանության կանխարգելում (120.87; 120.88)

 

125. Ժամանակակից աշխարհում չի վերացել ցեղասպանության վտանգը, ինչն անհրաժեշտ է դարձնում ոչ միայն այս հանցագործության դեմ պայքարի շարունակականության, այլ նաև համախմբվածության ապահովումը:

Հայաստանի Հանրապետությունը որպես ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտության հարցը հետևողականորեն բարձրացնող երկիր` հաշվետու ժամանակահատվածում շարունակել է ջանքեր գործադրել ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ, այդ թվում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի միջոցով, որի ձևաչափն օգտագործելով անդամ երկրների ուշադրությունն է հրավիրել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիային միանալու անհրաժեշտության վրա:

i

126. Հայաստանը շարունակել է իր աշխատանքները ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևի ներկայացման միջոցով: ՄԻԽ նշված բանաձևերում արտացոլվել են այն բոլոր հիմնական զարգացումները, որոնք տեղի են ունեցել ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանության կանխարգելման համատեքստում, այդ թվում ընդգծվել է նոր մեխանիզմների, մասնավորապես, Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի օգտագործման կարևորությունը, կրթության և, հատկապես մարդու իրավունքների կրթության, ցեղասպանության կանխարգելմանը նպաստող դերը: ՄԻԽ «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևերը ցույց են տալիս հնարավոր վտանգները, այդ թվում պատճառահետևանքային կապը անպատժելիության և ժխտողականության միջև, ինչը դառնալով պետության քաղաքականության մաս կարող է խոչընդոտել ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացը: Այս բանաձևերի ընդունումը ՄԻԽ կողմից ներդրում է նաև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի լուսաբանման և տարածման գործում:

127. Լինելով ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ` Հայաստանը նախաձեռնել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումների կազմակերպումը: Երրորդ գլոբալ ֆորումը կայացել է 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը` Երևանում: Այն նվիրված է եղել կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերին: Ֆորումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ և անց է կացվել Ցեղասպանության դեմ կոնվենցիայի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ:

128. Հայաստանը որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիք, ահազանգում է աշխարհում ոչ միայն ցեղասպանության ժխտողականության, այլ նաև վերջին շրջանում այս հանցագործությունն արդարացնելու փորձերի վտանգի մասին 6:

______________________

6 2019 թվականի պրիլի 24-ի իր ելույթում Էրդողանը Օսմանյան կայսրության բնակչությանն անվանել էր «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ»` նրանց տեղահանումները համարելով այդ ժամանակ «ամենատրամաբանական վարքագիծ»:

 

129. Ողջունելի է Գլխավոր քարտուղարի 2019 թվականի հունիսի 24-ի զեկույցը (A/HRC/41/24) նվիրված ցեղասպանության կանխարգելման հարցերին, որում ուշադրություն է հրավիրվում ցեղասպանությունների և այլ ոճրագործությունների կանխարգելման անհրաժեշտությանը, այս առումով կարողությունների ամրապնդման, տարբեր տարածաշրջանային նախաձեռնությունների քաջալերման, ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման և կանխարգելման համակարգի զարգացման հարցերին:

 

Միակողմանի հարկադիր միջոցների կիրառման բացասական ազդեցությունը մարդու իրավունքների վրա

 

130. Հայաստանի Հանրապետությունն իր նախորդ զեկույցում անդամ երկրների ուշադրությունն էր հրավիրել Հայաստանի հանդեպ 1993 թվականից միակողմանի հարկադիր միջոցների կիրառման, մասնավորապես, երկրի ցամաքային սահմանը միակողմանի փակելու փաստի վրա, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում դեպի Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիայի (Convention on Transit Trade of Land-locked States) խախտում է: Ընթացիկ ժամանակաշրջանում որևէ դրական զարգացում այս առումով տեղի չի ունեցել և այսօր, Հայաստանի ցամաքային սահմանի 82 տոկոսը շարունակում է փակ մնալ, ներառյալ բոլոր ճանապարհները, երկաթուղային գծերը և Թուրքիայից Հայաստան մտնող խողովակաշարերը: Այս ամենը իր բացասական ազդեցությունն է ունենում ոչ միայն տնտեսության, մասնավորապես, Հայաստանի ապրանքների արտահանման աճի և ներկրվող ապրանքների գնագոյացման քաղաքականության վրա, այլ նաև ուղիղ ազդեցություն է ունենում մարդու իրավունքների իրականացման, այդ թվում զարգացման իրավունքի և կայուն զարգացման նպատակների իրականացման արդյունավետության համատեքստում` առավել զգայուն կերպով անդրադառնալով բնակչության խոցելի խմբերի վրա:

 

Հայատյացության տարածում և պատերազմի հրահրում

 

131. Հայաստանն ահազանգող է համարում հայերի հանդեպ Ադրբեջանի կողմից ռասայական ատելության և պատերազմի քարոզչության տարածման պրակտիկան: Մասնավորապես անհանգստացնող է ատելության խոսք և վիրավորանք պարունակող փաստաթղթերի տարածումը, այդ թվում մամուլի և հաղորդակցման այլ միջոցների օգտագործմամբ: Մտահոգիչ է նաև ատելության խոսքի տարածման համար հաղորդակցման նոր միջոցների, այդ թվում սոցիալական հարթակների օգտագործումը:

Հայերի հանդեպ ատելության դրսևորումներն արտահայտելու համար կիրառվում է քաղաքացիական և քաղաքական իրավունքների սահմանափակման պրակտիկան, մասնավորապես, սահմանափակվում է հայերի խոսքի և տեղաշարժի ազատությունը: Այս առումով ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջան մուտք գործող հայերի (անկախ քաղաքացիությունից) իրավունքների կոպտագույն խախտումների վրա:

Մտահոգիչ է նաև «սաֆարովներին» 7 քաջալերելու Ադրբեջանի կառավարության շարունակվող քաղաքականությունը, որը հանգեցնում է նոր հանցագործությունների:

_______________________

7 Ռամիլ Սաֆարով` մարդասպան, որը հերոսացվել է Ադրբեջանի կողմից քնած հային կացնահարելու համար:

 

Այս համատեքստում Հայաստանը կարևոր է համարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2019 թվականի հունիսին հայտարարած Ատելության խոսքի դեմ ուղղված ռազմավարության և գործողությունների ծրագրի մեկնարկը, որի հիմնական սկզբունքներից է հռչակվում պայքարը ատելության խոսքի դեմ, այդ թվում` կառավարությունների կողմից 8:

_________________________

8 Tackling hate speech is the responsibility of all - governments, societies, the private sector, starting with individual women and men. All are responsible, all must act (UN Strategy and Plan of Action on Hate Speech)

 

Մարդու իրավունքների համընդհանրության ապահովում

 

132. Մյուս խնդիրը, որ այսօր մտահոգություն է առաջացնում այն է, որ չի ապահովվում մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկը` համընդհանրությունը:

Հայաստանը սատարում է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի հավասար, առանց որևէ տարբերակման կիրառմանը` հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթների վրա:

«Ոչ ոք չպետք է անտեսվի» կարգախոսը կայուն զարգացման 2030 օրակարգի գործունեության հիմնական սկզբունք է: Որդեգրելով նման մոտեցում, միջազգային հանրությունն իր ուշադրության կենտրոնում պետք է պահի այն ժողովուրդների խնդիրները, որոնք պայքարում են իրենց իրավունքների, առաջին հերթին ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իշխանությունը հանգեցրել էր մարդու իրավունքների զանգվածային խախտումների: Այսօր էլ, հրադադարի ռեժիմի հաստատումից 25 տարի անց, չի երաշխավորվում Լեռնային Ղարաբաղի հայերի ֆիզիկական անվտանգությունը, հետևաբար, չեն երաշխավորվի նաև նրանց քաղաքական և քաղաքացիական իրավունքները:

Հավատարիմ լինելով մարդու իրավունքների հարգման և պաշտպանության սկզբունքներին, Արցախի Հանրապետությունը ոչ միայն միակողմանիորեն միացել է մարդու իրավունքների միջազգային հիմնարար փաստաթղթերին, այլ նաև կամավոր կերպով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ իր սկզբնական զեկույցը (A/HRC/40/G/3 *)9

___________________________

9 https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/G19/088/39/ PDF/G1908839.pdf?O penElement

 

133. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը` 150.000 անհատներ են իրենց իրավունքներով, պարտավորություններով և արժանապատվությամբ: Այսօր, ինչպես շատ տարիներ առաջ վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի և ֆիզիկական գոյատևման իրավունքը: Սա այն դեպքն է, երբ ժողովուրդը ազգերի ինքնորոշման կիրառման պահանջ է ներկայացվում` տեսնելով իր գոյատևման համար լուրջ վտանգներ: Նման վտանգի հիմնավորվածության օրինակ դարձավ 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից հրահրած պատերազմը, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, դպրոցների նպատակային հրետակոծմամբ, ինչի արդյունքում զոհվեցին և վիրավորվեցին երեխաներ, տարեց անձանց խոշտանգումներով, գերեվարված զինծառայողների դիակների խեղմամբ, ընդ որում այդ ամենն արվել էր միջազգային ահաբեկչական խմբավորումներին բնորոշ ձեռագրով (դեպքերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տես Արցախի Օմբուդսմանի զեկույցում, որը որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին (http://undocs.org/A/70/863):

134. Հայաստանը լինելով Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` միջազգայնորեն ճանաչված ձևաչափի սահմաններում` պահպանելով 1994 թվականի մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը:

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2019
N 1380-Լ
Որոշում