Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի նպատակը

 

1. Սույն օրենքը սահմանում է հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) պատրաստելու և ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձանց (ներառյալ` դրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաև օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-16-րդ կետերով սահմանված խմբերի վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում`

1) Կենտրոնական բանկի վրա.

i

2) «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի գործողության ոլորտի կազմակերպությունների վրա.

3) Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների վրա, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը.

4) ներդրումային ֆոնդերի վրա:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հաշվապահական հաշվառում` կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի, ինչպես նաև եկամուտների և ծախսերի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ` գործառնությունների, այլ դեպքերի և իրադարձությունների համընդհանուր և փաստաթղթային հաշվառման միջոցով.

2) ֆինանսական հաշվետվություններ` կազմակերպության ֆինանսական վիճակի և ֆինանսական արդյունքների համակարգված ներկայացում.

3) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (այսուհետ` ամբողջական ՖՀՄՍ-ներ)` Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) հրապարակած և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ (սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմակերպությունների համար` անկախ այդ գործողությունից) դրված ստանդարտները և դրանց մեկնաբանությունները: Ամբողջական ՖՀՄՍ-ները ներառում են`

ա. ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (IFRS),

բ. հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (IAS),

գ. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների մեկնաբանությունների կոմիտեի մեկնաբանությունները (IFRIC),

դ. Մեկնաբանությունների մշտական կոմիտեի մեկնաբանությունները (SIC).

i

4) ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքներ` Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) հրապարակած և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքները (այսուհետ` հայեցակարգային հիմունքներ).

5) փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ` Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) հրապարակած և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (այսուհետ` ՓՄԿ-ների ՖՀՄՍ).

6) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն` կազմակերպություն, որը`

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող է, բացառությամբ արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող հանդիսացող Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, կամ

բ. բանկ է, վարկային կազմակերպություն, վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, կարգավորվող շուկայի օպերատոր, կենտրոնական դեպոզիտարիա, ապահովագրական ընկերություն, վերաապահովագրական ընկերություն, ապահովագրական բրոքերային կազմակերպություն կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ.

7) խոշոր կազմակերպություն` կազմակերպություն, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ գերազանցել է հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը` 10 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ (այսուհետ` ՀՀ դրամ),

բ. գործունեությունից հասույթը` 20 միլիարդ ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված` աշխատողների միջին տարեկան թիվը` 250.

8) միջին կազմակերպություն` կազմակերպություն, որը փոքր կազմակերպություն կամ միկրոկազմակերպություն չէ և հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը` 10 միլիարդ ՀՀ դրամ,

բ. գործունեությունից հասույթը` 20 միլիարդ ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված` աշխատողների միջին տարեկան թիվը` 250.

9) փոքր կազմակերպություն` կազմակերպություն, որը միկրոկազմակերպություն չէ և հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը` 2 միլիարդ ՀՀ դրամ,

բ. գործունեությունից հասույթը` 4 միլիարդ ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված` աշխատողների միջին տարեկան թիվը` 100.

10) միկրոկազմակերպություն` կազմակերպություն, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը` 175 միլիոն ՀՀ դրամ,

բ. գործունեությունից հասույթը` 350 միլիոն ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված` աշխատողների միջին տարեկան թիվը` 10.

11) խումբ` մայր կազմակերպությունը և իր դուստր կազմակերպությունները.

12) մայր կազմակերպություն` կազմակերպություն, որը վերահսկում է մեկ կամ ավելի դուստր կազմակերպությունների.

13) դուստր կազմակերպություն` կազմակերպություն, որը վերահսկվում է մեկ այլ կազմակերպության կողմից.

14) խոշոր խումբ` խումբ, որը մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով գերազանցել է հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը` 10 միլիարդ ՀՀ դրամ,

բ. գործունեությունից հասույթը` 20 միլիարդ ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված` աշխատողների միջին տարեկան թիվը` 250.

15) միջին խումբ` խումբ, որը փոքր խումբ չէ և մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը` 10 միլիարդ ՀՀ դրամ,

բ. գործունեությունից հասույթը` 20 միլիարդ ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված` աշխատողների միջին տարեկան թիվը` 250.

16) փոքր խումբ` խումբ, որը մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը` 2 միլիարդ ՀՀ դրամ,

բ. գործունեությունից հասույթը` 4 միլիարդ ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված` աշխատողների միջին տարեկան թիվը` 100.

17) փորձագետ հաշվապահ` մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձ, որն ունի փորձագետ հաշվապահի որակավորում.

i

18) աուդիտոր` ըստ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սահմանման.

i

19) պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագիրք (այսուհետ` Մասնագիտական էթիկայի կանոնագիրք)` ըստ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սահմանման.

i

20) մասնագիտացված կառույց` ըստ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի սահմանման:

2. Որպես այլընտրանք` սույն հոդվածի 1-ին մասի 14-16-րդ կետերի «ա» և «բ» ենթակետերում նշված ցուցանիշները կարելի է հաշվարկել ոչ թե համախմբման հիմունքով, այլ համապատասխան ցուցանիշների թվաբանական գումարման միջոցով: Այս դեպքում «ա» և «բ» ենթակետերում նշված ցուցանիշների սահմանաչափերը համապատասխանաբար ավելանում են 20 տոկոսով:

 

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը (այսուհետ` քաղաքականություն իրականացնող մարմին) ֆինանսների նախարարությունն է` համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի:

2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների համար հաշվապահական հաշվառման ոլորտում կարգավորման գործառույթներ իրականացնող մարմինը Կենտրոնական բանկն է` քաղաքականություն իրականացնող մարմնի հետ համատեղ:

 

Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը

 

1. Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության և խոշոր կազմակերպության հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

1) սույն օրենքը.

i

2) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքը.

3) ամբողջական ՖՀՄՍ-ները և հայեցակարգային հիմունքները.

4) ամբողջական ՖՀՄՍ-ների հիման վրա մշակված` հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաև ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.

5) հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտեր:

2. Միջին կազմակերպության և փոքր կազմակերպության հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

1) սույն օրենքը.

2) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքը.

3) ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ն.

4) ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի հիման վրա մշակված` փոքր կազմակերպությունների և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաև ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.

5) հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտեր:

3. Միկրոկազմակերպության հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

1) սույն օրենքը.

2) միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը.

3) միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի հիման վրա մշակված` միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը:

4. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար միջին կազմակերպությունը և փոքր կազմակերպությունն իրենց հայեցողությամբ կարող են կիրառել սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավական ակտերը, իսկ 3-րդ մասում նշված իրավական ակտերը չեն կարող կիրառել:

5. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունը և խոշոր կազմակերպությունը չեն կարող կիրառել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված իրավական ակտերը:

6. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար միկրոկազմակերպությունն իր հայեցողությամբ կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված իրավական ակտերը:

7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմակերպություններն ամբողջական ՖՀՄՍ-ները և հայեցակարգային հիմունքները պարտավոր են կիրառել Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) սահմանած ժամկետներում` անկախ վերջիններիս հայերեն թարգմանված լինելու հանգամանքից:

 

Հոդված 6. Հաշվապահական հաշվառման կարգավորումը

 

i

1. «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված Հանրային վերահսկողության խորհուրդը (այսուհետ` Հանրային վերահսկողության խորհուրդ) ապահովում է հետևյալ իրավական ակտերի նախագծերի մշակումը.

1) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը.

2) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.

3) միջին կազմակերպությունների և փոքր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը.

4) միջին կազմակերպությունների և փոքր կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.

5) միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը.

6) միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը.

7) սույն օրենքով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտեր:

2. Հանրային վերահսկողության խորհուրդն ապահովում է ամբողջական ՖՀՄՍ-ների, հայեցակարգային հիմունքների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ինչպես նաև դրանցում տեղի ունեցած փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը:

i

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 7. Հաշվապահական հաշվառման վարումը

 

1. Բոլոր կազմակերպությունները (ներառյալ` անվճարունակության կամ լուծարման գործընթացում գտնվողները) պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:

i

2. Կազմակերպությունը պարտավոր է հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցել է 500 միլիոն ՀՀ դրամը:

i

3. Սույն հոդվածում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները չեն վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, վճարահաշվարկային կազմակերպություններին, կարգավորվող շուկայի օպերատորին, կենտրոնական դեպոզիտարիային, վերաապահովագրական ընկերություններին, ապահովագրական բրոքերային կազմակերպություններին, ներդրումային ֆոնդի կառավարիչներին, ապահովագրական ընկերություններին և ներդրումային ընկերություններին, որոնց համար հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը:

i

5. Կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների պահպանմամբ:

 

Հոդված 8. Կազմակերպության ղեկավարության իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

 

1. Կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար:

2. Սույն օրենքի իմաստով` կազմակերպության ղեկավարություն է համարվում գործադիր մարմնի ղեկավարը, լուծարվող կազմակերպության անվճարունակության կառավարիչը, արտաքին կառավարիչը, անհատ լուծարողը, լուծարային հանձնաժողովի նախագահը (այսուհետ` կազմակերպության ղեկավար), ինչպես նաև կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին իրավական ակտերով կամ այլ իրավական ակտերով նախատեսված այլ մարմիններ և անձինք:

3. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարվում է`

1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով.

2) կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի միջոցով.

3) հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով.

4) կազմակերպության ղեկավարի կողմից` անձամբ:

4. Կազմակերպության ղեկավարը սահմանում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, եթե այդ իրավասությունը օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված չէ կառավարման այլ մարմնի:

 

Հոդված 9. Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները

 

1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այլ անձ (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստելու համար:

3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը, կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:

4. Առանձին տնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի միջև տարաձայնությունների դեպքում գլխավոր հաշվապահը կատարման է ընդունում փաստաթղթերը` կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ), և նման գործառնությունների իրականացման հետևանքների պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

 

Հոդված 10. Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության, խոշոր կազմակերպության և միջին կազմակերպության գլխավոր հաշվապահը

 

1. Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն փորձագետ հաշվապահները և աուդիտորները: Այն դեպքում, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարում է մասնագիտացված կազմակերպությունը, ապա վերջինիս կողմից գլխավոր հաշվապահի գործառույթներն իրականացնող լիազորված անձը ևս պետք է լինի փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր:

2. Փորձագետ հաշվապահը պարտավոր է պահպանել Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջները:

3. Բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերային կազմակերպությունների գլխավոր հաշվապահ աշխատելու համար, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների, Կենտրոնական բանկը կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ:

 

Հոդված 11. Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները

 

1. Հաշվապահական հաշվառումը վարվում է`

1) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա.

2) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև նրա գործունեության դադարեցման գրանցման համար դիմումը պետական ռեգիստր մուտքագրելու օրը:

2. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:

 

Հոդված 12. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը

 

1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը: Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան գործառնությունները, այլ դեպքերը և իրադարձությունները նույնականացնող անհրաժեշտ վավերապայմաններ:

2. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները.

1) փաստաթղթի անվանումը.

2) հերթական համարը.

3) կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

4) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).

5) տնտեսական գործառնության բովանդակությունը.

6) տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական և բնաիրային արտահայտությամբ.

7) պատասխանատու անձանց պաշտոնները և նրանց ստորագրությունները:

Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել Հանրային վերահսկողության խորհուրդը և (կամ) կազմակերպությունը:

3. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:

 4. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, սահմանված կարգով և ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք:

5. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում` ժամանակագրական կարգով:

6. Հանրային վերահսկողության խորհուրդը կարող է սահմանել սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների օրինակելի ձևեր:

 

Հոդված 13. Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում

 

1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է կազմակերպության ղեկավարությունը, ընդ որում, կարող է սահմանվել ստորագրության իրավունքի պաշտոնակարգություն` կախված տվյալ անձի զբաղեցրած պաշտոնից, գործառնության ոլորտից, էությունից և դրամական արժեքի մեծությունից:

 

Հոդված 14. Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը

 

1. Հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ պատրաստող կազմակերպությունը տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու նպատակով պարտադիր անցկացնում է ակտիվների և պարտավորությունների գույքագրում: Պարտադիր գույքագրման անցկացման կարգը սահմանում է Հանրային վերահսկողության խորհուրդը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքից, գույքագրման օբյեկտների կազմը և գույքագրման անցկացման կարգը որոշում է կազմակերպության ղեկավարը:

 

Հոդված 15. Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը

 

1. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում և ներքին օգտագործման համար պատրաստված հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համարվում է առևտրային գաղտնիք, որին կարելի է ծանոթանալ օրենքով կամ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով, ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով:

2. Առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվությանը ծանոթացած անձը և կազմակերպությունը պարտավոր են պահպանել դրա գաղտնիությունը: Առևտրային գաղտնիքն ապօրինի հրապարակելու դեպքում նրանք ենթակա են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

3. Ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը առևտրային գաղտնիք չի համարվում:

 

Հոդված 16. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը

 

1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերում և էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը` սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, կազմակերպությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:

2. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի առգրավումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունն իրավունք ունի առգրավված փաստաթղթերը կրկնօրինակելու և պահելու:

 

ԳԼՈՒԽ 3
ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 17. Փորձագետ հաշվապահի որակավորումը

 

1. Փորձագետ հաշվապահի որակավորումը (այսուհետ` նաև որակավորում) սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող` փորձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի (այսուհետ` դիմող)` սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների բավարարման հավաստումն է:

2. Որակավորումը տալիս է մասնագիտացված կառույցը: Որակավորումը տրվում է այն դիմողին, որը միաժամանակ`

1) հանձնել է որակավորման քննությունները.

2) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.

3) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և (կամ) աուդիտորական գործունեության իրականացման հետ կապված երեք տարվա աշխատանքային փորձ: Աշխատանքային փորձին վերաբերող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

3. Որակավորման քննությունների ծրագիրը (այդ թվում` քննական առարկաների կազմը) և քննությունների անցկացման կարգը հաստատում է մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Որակավորման քննությունները կազմակերպում և անցկացնում է մասնագիտացված կառույցը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը համարվում է բավարարված դիմողի կողմից քննական բոլոր առարկաների գծով քննությունները հանձնելու դեպքում: Մասնագիտացված կառույցի սահմանած և Հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցված որակավորման քննություններից ազատման կարգի համաձայն` դիմողը կարող է ազատվել որոշակի առարկաների գծով քննություններ հանձնելուց:

5. Որակավորում չտալու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ դիմողը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

6. Փորձագետ հաշվապահը պարտավոր է, որակավորում ստանալու տարվան հաջորդող տարվանից սկսած, անցնել շարունակական մասնագիտական զարգացում, որի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Շարունակական մասնագիտական զարգացման տևողությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չպետք է պակաս լինի 20 ժամից, իսկ յուրաքանչյուր երկու հաջորդական տարիների համար` 80 ժամից:

7. Սույն հոդվածի համաձայն որակավորում ստացած դիմողին մասնագիտացված կառույցը տալիս է որակավորման վկայական: Որակավորման վկայականի ձևը և տրման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

 

Հոդված 18. Որակավորման քննությունների կազմակերպումը

 

1. Որակավորման քննություններն անցկացնում է մասնագիտացված կառույցի ստեղծած փորձագետ հաշվապահների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է մասնագիտացված կառույցը: Հանձնաժողովի կանոնադրությունը համաձայնեցվում է Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

2. Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը դիմողից գանձում է վճար: Վճարի չափը սահմանում է մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

 

Հոդված 19. Դիմողին ներկայացվող պահանջները

 

1. Որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այլ անձինք, որոնք ունեն միջնակարգ կրթություն:

2. Որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն անձին, որը`

1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, բացառությամբ եթե դատվածությունը հանված կամ մարված է:

 

Հոդված 20. Որակավորման ժամկետը

 

1. Որակավորումը տրվում է անժամկետ:

 

Հոդված 21. Որակավորման չեղարկման հիմքերը և կարգը

 

1. Որակավորումը չեղարկվում է այն դեպքերում, երբ`

1) որակավորումն ստացվել է սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 19-րդ հոդվածով դիմողին ներկայացված պահանջների խախտմամբ.

2) ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, որը որպես պատիժ նախատեսում է որոշակի ժամկետով ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում.

i

3) չեն պահպանվել սույն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները` կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, որոնք հարգելի են համարվում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված` աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման կարգի համաձայն.

i

4) փորձագետ հաշվապահը խուսափում է, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն, արտաքին գնահատման ենթարկվելուց կամ արտաքին գնահատման արդյունքներով ստացել է «5» գնահատական:

2. Որակավորման չեղարկման որոշումն ընդունում է մասնագիտացված կառույցը:

3. Որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ` չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:

4. Բողոքարկման ընթացքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում փորձագետ հաշվապահի` մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կամ դատարանի կողմից բողոքարկման չբավարարման դեպքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է որակավորման չեղարկումը դադարեցնելու վերաբերյալ որոշում:

5. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմելու մասնագիտացված կառույց դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նախատեսված ժամկետի ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 4
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Հոդված 22. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և կազմը

 

1. Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունը և խոշոր կազմակերպությունը, ամբողջական ՖՀՄՍ-ների պահանջների համաձայն, պարտավոր են պատրաստել ֆինանսական հաշվետվություններ: Ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանվում է ամբողջական ՖՀՄՍ-ներով:

2. Խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է, և խոշոր խումբը, ամբողջական ՖՀՄՍ-ների պահանջների համաձայն, պարտավոր են պատրաստել համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանվում է ամբողջական ՖՀՄՍ-ներով:

3. Միջին կազմակերպությունը և փոքր կազմակերպությունը, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի պահանջների համաձայն, պարտավոր են պատրաստել ֆինանսական հաշվետվություններ: Ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանվում է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ով: Եթե միջին կազմակերպությունը և փոքր կազմակերպությունն իրենց հայեցողությամբ կիրառում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավական ակտերը, ապա ֆինանսական հաշվետվությունները պարտավոր են պատրաստել ամբողջական ՖՀՄՍ-ների պահանջների համաձայն:

4. Միջին խումբը և փոքր խումբը, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի պահանջների համաձայն, պարտավոր են պատրաստել համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանվում է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ով: Եթե միջին խումբը և փոքր խումբն իրենց հայեցողությամբ կիրառում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավական ակտերը, ապա համախմբված ֆինանսական հաշվետվությունները պարտավոր են պատրաստել ամբողջական ՖՀՄՍ-ների պահանջների համաձայն:

5. Միկրոկազմակերպությունը, միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի պահանջների համաձայն, պարտավոր է պատրաստել ֆինանսական հաշվետվություններ: Ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանվում է միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկով: Եթե միկրոկազմակերպությունն իր հայեցողությամբ կիրառում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասում նշված իրավական ակտերը, ապա ֆինանսական հաշվետվությունները պարտավոր են պատրաստել, համապատասխանաբար, ամբողջական ՖՀՄՍ-ների կամ ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի պահանջների համաձայն:

 

Հոդված 23. Ֆինանսական հաշվետվություններ կազմելուն ներկայացվող պահանջները

 

1. Ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ պահանջները սահմանվում են`

1) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության և խոշոր կազմակերպության, ինչպես նաև խմբի, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է, և խոշոր խմբի համար` ամբողջական ՖՀՄՍ-ներում.

2) միջին կազմակերպության և փոքր կազմակերպության, ինչպես նաև միջին խմբի և փոքր խմբի համար` ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ում.

3) միկրոկազմակերպության համար` միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկում:

2. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքում ֆինանսական հաշվետվությունները կարող է ստորագրել միայն կազմակերպության ղեկավարը:

 

Հոդված 24. Հաշվետու ժամանակաշրջանը

 

1. Հաշվետու ժամանակաշրջան են համարվում հաշվետու տարին և միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը:

2. Հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընդգրկող ժամանակահատվածն է: Նոր ստեղծված կազմակերպության համար առաջին հաշվետու տարի է համարվում դրա պետական գրանցման օրվանից ներառյալ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ն ընդգրկող ժամանակահատվածը: Հաշվետու տարվա համար պարտադիր կազմվում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Օրացուցային տարվա ընթացքում գործունեությունն առանց իրավահաջորդության դադարեցրած կազմակերպության համար վերջին հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով դրա վերակազմակերպումը կամ լուծարումը:

3. Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը հաշվետու տարուց փոքր ժամանակաշրջան է: Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի համար միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմվում են օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կամ կազմակերպության հայեցողությամբ:

 

Հոդված 25. Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը

 

1. Կազմակերպությունը և խումբը ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են`

1) մասնակիցներին (բաժնետերերին, փայատերերին)` օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ ներքին կանոնակարգերի համաձայն.

2) օրենքով սահմանված դեպքերում պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.

3) վարկատուներին, փոխատուներին, կազմակերպության մասնակցությամբ տնտեսական գործունեության մյուս կողմերին` կամավորության հիմունքներով:

2. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու օր է համարվում դրանք` ըստ պատկանելության հանձնելու, էլեկտրոնային եղանակով կամ փոստով ուղարկելու օրը:

3. Հաշվետվությունները փոստի միջոցով ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցման հիման վրա հաշվետվության ներկայացման օրը:

 

Հոդված 26. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

 

1. Պարտադիր աուդիտի ենթակա են հետևյալ կազմակերպությունների և խմբերի ֆինանսական հաշվետվությունները.

1) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները և խոշոր կազմակերպությունները.

2) միջին կազմակերպությունները.

3) խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է, և խոշոր խմբերը.

4) միջին խմբերը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում թվարկված կազմակերպություններից և խմբերից, այլ օրենքով ևս կարող են սահմանվել կազմակերպությունների և խմբերի տեսակներ, որոնց ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի:

 

Հոդված 27. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը

 

1. Բոլոր կազմակերպությունները և խմբերը, բացի փոքր կազմակերպություններից և խմբերից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել:

2. Կազմակերպությունը և խումբը, որոնց տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր են դրանք հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պահանջ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո` ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

i

3. Բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողները, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները, վերաապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերի կառավարիչներն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են համապատասխանաբար «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:

4. Սույն օրենքով և այլ օրենքներով աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Սնանկության վարույթում գտնվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները կարող են աուդիտի չենթարկվել:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպությունների և խմբերի ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման աուդիտորական եզրակացության հետ: Առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:

6. Կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները հրապարակում է իր ինտերնետային կայքում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում: Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում: Ֆինանսական հաշվետվությունները հրապարակումից հետո առնվազն հինգ տարի պետք է պահպանվեն այն կայքում, որտեղ դրանք հրապարակվել են:

7. Կազմակերպությունն իր` օրենքով հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակը կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետները լրանալուց հետո տրամադրում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` այդ մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 28. Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար

 

i

1. Կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար պատասխանատվություն են կրում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 29. Անցումային դրույթներ

 

i

1. «Հաշվապահական հաշվառման մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի համաձայն տրված հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանալու դեպքում ֆինանսների նախարարությունը դրանց ժամկետը երկարաձգում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին այդ վկայականները հանդիսանում են գործող:

2. Եթե «Հաշվապահական հաշվառման մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի համաձայն տրված հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո, ապա այդ վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը:

3. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 8-րդ մասերով նախատեսված վկայականները հիմք են մասնագիտացված կառույցին որպես փորձագետ հաշվապահ անդամակցելու համար:

4. «Հաշվապահական հաշվառման մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի համաձայն, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված` հաշվապահի որակավորման վկայական ունեցող հաշվապահն իրավունք ունի մինչև վկայականի գործողության ժամկետը լրանալը մասնագիտացված կառույցի սահմանած պարզեցված կարգով ստանալու սույն օրենքով նախատեսված փորձագետ հաշվապահի որակավորման վկայական:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին, «Աուդիտորական գործունեության մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի համաձայն, Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի անդամը, որն ունի այդ մասնագիտացված կառույցի տված հաշվապահի որակավորման վկայագիր, սույն օրենքով նախատեսված մասնագիտացված կառույցի սահմանած կարգով կարող է այդ վկայագիրը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը փոխարինել սույն օրենքով նախատեսված փորձագետ հաշվապահի որակավորման վկայականով։

6. «Հաշվապահական հաշվառման մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին:

i

7. «Հաշվապահական հաշվառման մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի համաձայն` հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու համար մինչև սույն օրենքով նախատեսված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը ֆինանսների նախարարություն դիմած դիմողների որակավորման քննություններն անցկացվում են Կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգին համապատասխան:

8. Կենտրոնական բանկի տված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող` բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի և ապահովագրական բրոքերային կազմակերպությունների հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը մինչև 2023 թվականի հունվարի 1-ը լրանալու դեպքում Կենտրոնական բանկը դրանց ժամկետը երկարաձգում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: Եթե Կենտրոնական բանկի տված վերոնշյալ` հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո, ապա այդ վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը:

 

Հոդված 30. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

i

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

i

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հաշվապահական հաշվառման մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. դեկտեմբերի 20
Երևան
ՀՕ-282-Ն

 

pin
ՀՀ 04.12.2019
N ՀՕ-282-Ն օրենք